0

Խաչվող-չխաչվող ճամփաներով. հետ-առաջ չկա…

Նվերն այսպիսի է լինում ծննդյան. «Հարգելի՛ տիար, Աստղիկի բլոգը պատրաստ է»,- մատուցում է ինձ Դավիթ Բլեյանի ուսուցիչ Լուսինե Փաշայանը…

Հիմա, երբ Դավիթն իր սենյակում քնի մեջ է, Աստղիկը (Արմինեն հենց նոր ասաց՝ ոնց որ սամուրայ լինի, քեզ, տիար գնալով ավելի շատ է նման, աչքերն էլ՝ կապույտ) կպել է կրծքին մայրիկի, Աստծու ստեղծած նվեր ծծակ… Ես գրասեղանի առաջ, իմ գրով-պատումով սկսում եմ օրը…

«Տիար, խոսել եմ Չանախչիի դպրոցի պատմության ուսուցչուհու՝ Թամարի հետ: Սովորողների հետ կպայմանավորվի, վաղը կասի՝ երբ կգան և ինչ խմբով:  Խոսեցինք նաև հնարավոր միասնական նախագծերի մասին, Թամարն ասաց, որ սկսել են Չանախչիի  տարածքում հայտնաբերված խաչքարերի, հուշակոթողների մասին տեղեկությունների հավաքման էլեկտրոնային աշխատանքը, նաև կուզենային քննարկել Չանախչիում Ձեզ հետ պայմանավորված վրանային ճամբարի նախնական աշխատանքները, որի մասին չեն մոռացել: Իսկ աղբակույտերի մասին ասաց, որ իրենց խմբով ձեռնարկում են քայլեր, աշխատանքներն ընթացքի մեջ են: Վերջնական պայմանավորվելուց հետո կգրեմ ավելի մանրամասն, կպատրաստեմ ընդունելության  ծրագիր»,- տեղեկացնում է իմ էլփոստով Տաթև Աբրահամյան հայրենագետ-մայրենին՝ արձագանքելով անմիջական ժամեր առաջ իմ արած դիտողության-հիշեցմանը… Պատմել եմ մեր Գրական ակումբի հետ Զանգակատուն մեր այցի, հին Չանախչիում անմոռանալի քայլքի մասին… Պարույր Սևակի ծննդավայր գյուղի պատանիների մի խմբի ու նրանց հայրենագետ-խանդավառ ուսուցչի հետ քայլքով իրար ու աշխարհ հայրենի հայտնաբերած պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին… Այսպիսի կապերի զարգացումով է «Բլեյան» կրթական ցանցը իրական դառնում, միս ու արյուն ստանում…

Հարավի նախակրթարանում:
Լուսանկարները՝ Գայանե Թորոսյանի:

Հետո ես մեր դպրոցների կայքերի-ուսուցիչ-սովորողների բլոգներով-կենդանի կատարումներով անցնում եմ Ուսումնական ժամերգության,Հարսանեկան ուրախության,  ուրբաթ համերգ- Հյուսիսի «Դյուցազնապատում» ընդհանուր պարապմունքների կենդանի կատարումներով: Իմ հա՜լ ու մեր մանկավարժության հավես…

Լավ է, բաց պատուհանիցս անձրևն է ձայնում՝ տիա՜ր, երեկվա, քո մինչ այս ապրածի բոլոր անշնորհքությունների հետքերը մաքրված են…
Նոր օր, նոր տիար, նորամանուկ, նոր գիր՝ Անտարիք-սիրահար-մանկավարժ-արվեստագետ յուրաքանչյուրինը՝ «Հյուսիսափայլի» և «Հարթակ Գեղարվեստում» ակումբի այսպիսի խորագրով հանդիպմանն ընդառաջ, որպես ողջույնի խոսք…

Կար, որ իրիկունից-մթնից վախենում էի ու հեծանիվ չէի նստում: Ան-ցավ: Հիմա, ինչպես երեկ, ես սպասում եմ մութն ընկնելուն։ Եկավ ու ես ճամփա ընկա՝ որպես… ուրու հալածական, որպես փախստական, Թումանյանի գրողական աշխարհի մի պանդուխտ էլի, փողոցներով, տիարի կյանքն է՝ զրույցով-ցավով-կարոտով-հիշողությամբ…

Արևելքի կարմիր բալենիները:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Առավոտ կանուխի հեծանվային ճամփան էլ եմ սիրում, ու այս անձրևը ոչ միայն արգելք չէ, տոնուս է, ինչպես տասն օրական Աստղիկը… Օտար մարդիկ չեք, իմ գրով-պատումով հարազատացածներ, ու բլոգը՝ իմ ինտիմը, ումից, ինչ թաքցնես, ինչպես և ինչու. իմ կյանքն այսուհետ փախուստ է ամեն օր ձեզանից, հեռու-մոտիկ ընկերներ, ու իմ գրերը հետքերն են, որ թողնում եմ ես, ձեզանից հեռացող տիարի, որպես կտրած կապեր… Հետ ու առաջ ընկնել չկա, կան պարզապես խաչվող ու չխաչվող ճանապարհներ…

Իմ ճանապարհին օրվա, գործի, քայլքի, հեծանվի… կան խաղողի թփեր, թառմա խաղողի անկյուններ, մոռացված-վայրի, քիչ ու միչ խնամված, ինչպես վայրի-փողոցային-բարձիթողի կամ խնամված… շներ… Ու վազերից-արմատներից յուրաքանչյուրը իմ օբյեկտիվում է, իմ դադարի առիթը… Ի՜նչ նախագիծ է անծայր-ուսումնական… սրանք բոլորը բերել մեր մանկավարժություն, օրացույց՝ իր խնամողով, որպես սովորեցնող… մեր գեղեցիկ դպրության այցեքարտեր դառնան առողջ-սնուցված թփերից յուրաքանչյուրը…

Իմ գիրը՝ ընթերցարա՞ն, ես՝ մանկավա՞րժ, հասանելի յուրաքանչյուրի՞դ… Չխոստացա… Պանդուխտ եմ, քույրիկ, ինձ մի հավատա: Թումանյանի նման այս տողով ավարտեմ իմ ողջույնը: Շնորհակալ եմ, որ կաք, ու ձեր հավաքն այս, ձեր ուշադրությունը, յուրաքանչյուրինդ, ինձ այնպես հուզում է:

Բակային աշխատանքները Հարավում:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1510

(106) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>