0

Կրթական ծրագրերի հետ կապված` լուրջ խնդիր կա

Կրթության և գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին չի զարմացնում այն հանգամանքը, որ «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննություններից առավելագույն միավոր է ստացել 48, իսկ անբավարար՝ 200 դիմորդ: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նույն հաջողությամբ կարող ենք խոսել ուսումնական պլանում ներգրավված բոլոր առարկաների մասին:

«Մի բացառություն կանեի՝ անգլերենը, բայց ոչ այն պատճառով, որ դա դպրոցում լավ է ուսուցանվում, այլ որ դպրոցից դուրս արդեն կա անգլերենի ուսուցման ցանց՝ կենտրոններ, մարդիկ շրջագայում են և այլն: Դպրոցներում ուսուցման վիճակը լավ չէ անգլերենի, բայց հասարակությունը կարևորում է: Մնացած բոլոր առարկաները, հատկապես բնագիտական առարկաների ուսուցումը հեռու է նույնիսկ բավարար լինելուց»,- ասաց նա:

Սակայն Բլեյանը խնդիրը նաև այլ տեղ է տեսնում, հատկապես բնագիտական առարկաների հետ կապված: Նրա խոսքով՝ ողբերգությունն այն է, որ բնագիտական առարկաների դասապրոցեսը հիմնված չէ բնագիտական փորձերի վրա: Աշոտ Բլեյանն այս խնդրում նաև կրթական ծրագրի մեղքն է տեսնում:

«Իրականում, երբ նայեք, թե ինչ է ստուգվում, ոնց է ստուգվում, կտեսնեք, որ բնագիտության հետ կապ չունեցող ինչ-որ անգիր է, ինչ-որ բան, որը պետք է մտապահել, բայց դա այդքան էլ հեշտ գործ չէ մտապահելը: Պատմությունն է ստուգվում միայն մտապահելու հիմքով, ինչը ծրագրային խնդիր է, պատմության գնահատականներն էլ բավականին ցածր են: Հայտարարում են, որ կարևոր է բնագիտական ուղղությունը, բայց հարց է՝ եթե կարևոր է, ապա ինչու ուշադրություն չեն դարձնում լաբորատորիաների վրա: Երեխաները կյանքով պետք է կարողանան ձեռք բերել գիտելիքներ, զրույցով, օրինակով, բաց ամբողջը կառուցված է զուտ տեքստերի վրա: Եթե քննությունները դրական ստանային, այլ ոչ թե անբավարար, ի՞նչ օգուտ, ընդհանրապես քննությունից այսօր ի՞նչ օգուտ: Կրթական ծրագրերի հետ կապված՝ լուրջ խնդիր կա»,- շարունակեց Բլեյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի գնահատմամբ՝ քննությունն անբավարար ստացած երեխաներին փաստացի ուղարկում են հեռակա ուսուցման: Նրա դիտարկմամբ՝ հեռակա ուսուցման պարագայում ուսանողները կարողանում են ավելի հեշտ մտնել արտադրական պրոցեսի մեջ:

«Արտադրական ձեռնարկությունները, կենտրոններն ավելի հետաքրքիր ու հագեցած են՝ թե՛ տեխնիկապես, թե՛ նոր բան սովորելու առումով, քան բուհական կրթությունը: Ստացվում է՝ ավելի լավ է կյանքով սովորի մարդ, քան 4-5 տարի սեղանին ու աթոռին նստի: Բուհական կրթության ամբողջ իմաստը մասնագետ պատրաստելն է, իսկ մասնագետն այսօր պետք է կարողանա այդ ծառայությունը մասնագիտական գործունեությամբ իրականացնի, այլ ոչ թե զուտ դիպլոմ ունենա, որտեղ գրված է նրա մասնագիտությունը»,- ընդգծեց Աշոտ Բլեյանը:

Որպես կրթահամալիրի տնօրեն՝ Բլեյանը հայտարարում է, որ այսօր դժվար է գտնել մասնագետ, որը հեղինակային կրթական ծրագիր ունեցող դպրոցում կարող է աշխատել: Նա տեղեկացրեց, որ իրենք նաև մանկավարժների ճամբար ունեն, որտեղ կարելի է նոր հմտություններ սովորել:

«Այո, բարձրագույն կրթությունը պարտադիր է, բայց ոլորտը պահանջում է նաև ստեղծագործական մոտեցում, ինքնուրույնություն, նորը սովորելու կարողություն, գործի նկատմամբ հետաքրքրվածությունը, չէ՞ որ հենց այս որակներն են մասնագետ դարձնում»,- եզրափակեց Աշոտ Բլեյանը:

Անի Օհանյան

(11) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>