0

Իմ գիրը… ամենօրյա հերթականը, աղոթքի ձև է…

Նորօրյա աղոթքն իմ…

Արթնացել ու պատմում եմ, առանց ճիգի, չեմ էլ ջանում խոսքի մշակման վրա… Առաջ ջանում էի, ու խոսքս էլ որպես մշակույթ երևի ստացվում էր: Սևակն ասում էր՝ լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ: Մինչ այս քնելուց առաջ մտածում էի վաղվա գրի մասին, քնած ժամանակ միտքս աշխատում էր երևի, արթնանալիս ունեի գրի կտորներ առանձին, կառույցներ լեզվական: Հիմա այդպես չէ. արթնանում եմ անգիտության մեջ ու մոտենում գրասեղանին… Ռոդարին այցելեց… ու թռավ զոհասեղանին…
Չէ, մեկ է, այս խաղաղությամբ, որ հիմա ես սկսում եմ իմ օրը, իմ գարունը, իմ կյանքը, աղոթքի է նման իմ գիրը, իմ պատումը՝ ձեզ լսելի:

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Համի ուժը ստեղծագործական խմբի այցելության մասին տեղեկացա մեկ օր առաջ, երբ աղջիկներով (սիրում եմ այսպես, ինձ հասակակից աղջիկներով շրջապատված լինել, ոնց որ Դավիթը Բլեյանն իր խմբում) հեծանվային անցում էինք կատարում… Ինձ բռնացրեց Գոհարը՝ հաղորդման պրոդյուսերը. պարզվում է՝ ամիսներ առաջ, երբ Օպերայի մոտ՝ Մաշտոցի պողոտայի անցումում հանդիպեցի Նազենի աստղ Հովհաննիսյանին իր ստեղծագործական խմբի հետ, լրիվ պատահական, պատմել եմ, չբաժանվեցինք, քայլեցինք մինչև Կասկադ, ես՝ շրջապատված հասակակից սիրելի-հետաքրքիր աղջիկներով, տղաների խումբը միայն նկարում էր, չէր միջամտում, մենք խոսել ենք, պայմանավորվել իրենց կրթահամալիր այցելության մասին… Դե, եկեք, ասում եմ, միշտ պատրաստ, բարով գաք, մերը բաց խոհանոց է, որպես բաց լաբորատորիա… Ու Քնարիկը Ներսիսյան, Տաթև Աթոյանը, գեղարվեստի ուսումնական խոհանոցով-լաբորատորիայով, Նառա Նիկողոսյանի, Գոհար Եղոյանի ու էլի, էլի սեբաստացիների, համերաշխ աջակցությամբ, ինձ զարմացրին-հիացրին Դպրոցը բաց լաբորատորիա միջավայր-նախագծի զորությամբ… Մնացածը եթերում կա, կլինի և հաղորդումը ամբողջական: Շնորհակալ եմ: Այսպես լավ է, ճիշտ է, երբ իմ ներկայությունը զուտ արարողակարգային է, ներկայացուցչական… Վատ արտահայտություն թռավ երեկ՝ կրթահամալիրում իմ աղը լինելու մասին: Հա, բայց ես վաղուց աղ չեմ գործածում ու լավ է:

Քոլեջի 5-6 տարեկանները։ Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի։

Քայլքը ճամփորդական, հեծանվի վրա, մեքենայով որևէ տեսակի, միայն թե ճամփորդություն լինի իսկական, որ հավեսս բացվի-տեղը ընկնի, որ միտքս-հայացքս սրվի ու պատմելս գա: Իմ լավագույն վիճակը ճամփորդականն է, ես ընդունում եմ, հաղորդում եմ… Մեր տանը Դավիթ Բլեյանի սենյակի դուռն էլ հանեցի… անվերադարձ: Որքա՞ն կարելի էր. հետաձգվում է տան նորոգումը, որ սկսեցի՝ ոչ պատ կմնա, ոչ… դուռ: Հենց նստում եմ խորհրդակցական սենյակում որևէ, ուժասպառ եմ լինում, կորցնում իմ ազդեցության ուժը, ո՛չ տալիս եմ, ո՛չ ստանում… ինչպես երեկ, մասնաժողովում… փոխանակում չկա… մի հարցնող լինի էսքան մարդ սիրելի ինչո՛ւ է հավաքվել, ինչ տվեց-վերցրեց, ինչո՞վ գնաց…

Ավելի ու ավելի դժվար եմ տեքստեր կարդում՝ չափածո, արձակ-գեղարվեստական-նամակ… որևէ տեքստ: Ինչքա՛ն ասեք՝ կարող եմ լռել ու մենակ մնալ:

Թոփիկյան Հարությունի  նկատմամբ հարգանքը-ուշադրությունը ինձ երեկ մասնակիցը դարձրեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համերգին… Ամեն ինչ լավ էր, համերգը, մարդիկ… Գիտեք՝ ինչի մասին եմ ուզում պատմել… Քայլքի… Որ Արմինեի հետ Խանջյան-Չայկովսկու մեր անկյունից ճամփորդական քայլքով անցանք մինչև Մոսկովյանի պուրակը Կամերայինի ու վերադարձանք…

Ծառերը, որ երեկ Արմինեի մեքենայում դպրոցից տուն ճանապարհին, Ծովակալ Իսակովի ողջ երկարությամբ, ես ու Մելինե Մարտիրոսյանը տեսանք աջ ու ձախ, ուղեկցող կաղնիները… վերապրած, կրկնակի կյանքով այս ծառերից յուրաքանչյուրը…  1991-1993-ին կտրված ու ոնց որ հողի մեջ խրված գերաններ+քոթուկների հիմքերը… վերապրեցին… Հալալ է: Տպավորված եմ: Սրանից յուրաքանչյուրի մոտ կանգնել եմ քանի՜ անգամ, ոտից գլուխ, մինչև երկինք չափել, օրվա բոլոր ժամերին ոտքով-հեծանվով-մեքենայով իմ ճամփորդության ուղեկիցներ են: Ու ես ձեզ ամենաշատն եմ պարտական, ծառեր, ու նախագիծը խոստացած ձեր մասին, ոչ թե շարք որպես, ամեն մեկի մասին: Մելինեն իմ աչքի առաջ, մեր տանը, Դավթի հետ ընկերությամբ, զարմանալի հասունություն ապրող-ապրեցնող սեբաստացի, իմ ընկեր-քույրիկ-աղջիկ Մելինեն ամենալավը կանի այս նախագիծը, որ քանի անգամ սկսելու փորձ եմ արել, չեմ զորել: Ես չեմ կարող հիմա ինչ-որ բան վատ անել, հենց սիրելուց սկսած: Կթողնեմ: Մելինեն կանի մորաքրոջ փոխանցած պլանշետով, մթնշաղով-վաղորդայնով, լույսով պայծառ… աջից-ձախից հարթակներով… Ու այս ծառերի մասին նախագիծը մեր կյանքի պատմության շրջանի մասին ամենամարդկային ապրեցնող պատումը կլինի:

Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանների ֆոտոպլեները։ Լուսանկարները՝ Կարեն Բիչախչյանի։

Ու ես ավարտեցի իմ օրապատումը 30-40 րոպեում… Գիտեք, ես այս օրերին ինձ պարտադրում եմ քուն կեսգիշերին մոտ, արթնացումով 5-ի 6-ի արանքում, իսկական առավոտի հետ: Ստացվո՞ւմ է: Չի կարող չստացվել: Ես չեմ կարող առանց ճամփորդին բնորոշ կենսունակության-ուժի-թարմության: Ա՜խ, գարուն է, գարուն է, ու ես ծեսի շրջան եմ մտնում, Ծառզարդարով, Սուրբ Հարության տոնով… Համբարձումով, ջանգյուլումով հունիսյան ազգագրական-հարսանեկան… փառատոնային…

Էնպիսի՜ մի հարսանիք սարքեմ բոլորիս գլխին. խոստացել եմ: Ու ես սկսում եմ, իհարկե, Ծառզարդարի պատրաստությամբ: Ջա՜ն, գարուն է:

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1314

(190) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>