0

Մեզ կարգի բերելու ժամանակը

Ընտրական կոշտացող հռետորաբանությունը, որ ագրեսիայի է հասնում, նախընտրական քարոզարշավին հանձնված TV-ներով, սոցցանցերով, ուղիղ եթերով քեզ մեկ է՝ մի տեղ, մի ձևով բռնում է… խոշտանգում… Սրան հետևել, որպես ընտրող՝ չի լինում, առանց լուծումների-համաձայնությունների, մնում է փախուստը-ամփոփվելն  աշխատանքում, անելիքով պարփակումը, ինքդ քեզանով զբաղվելը… Այստեղից և վերնագիրը՝ մեզ կարգի բերելու ժամանակն է:

Ոչ էլ կարգին ուրախացաք Բլեյան 5-րդով՝ Աստղիկի հայտնությամբ, յոթ որդով սեղան նստելու բանաձևով… Ո՛չ կարգին նախանձեցիք, ո՛չ շնորհավորեցիք… Ես էլ որոշեցի խումբ-խումբ մեյդան բերեմ, պարտադրեմ… Սկսեցի սիրելի-հեռավոր Մոնակո-Փարիզից՝ Տիգրան Ջերջյանից ու Ժիրայր Չոլաքյանից… Ժիրայրից արձագանքը-մեղայականը չուշացավ… Իր նման զուլալ է, մեջ եմ բերում ամբողջությամբ…

Սիրելի Աշոտ,
Իրաւունք ունիս, ես ալ չհասկցայ ինչո՞ւ չեմ զանգած ու շնորհաւորած քեզի։
Պէտք էր նախազգայի, որ շատ կարեւոր բան մը պատահած է Երեւան քաղաքի մէջ։ Պէտք էր լուսաւոր աստղը տեսած ըլլայի եւ մոգերու նման վայրը փնտռէի ու Արմինէին, Դաւիթին ու քեզի տեսնէի…
Շնորհաւո՜ր ըլլայ… Ճակատագիրը տնօրինեց, որ բացառիկ բնականոն ծնունդ տեղի ունենայ։ Յուսամ նոյնպէս ալ կը տնօրինէ, որ աւելի բարեյաջող ըլլայ իր կեանքին ճանապարհը։ Բարով վայելեցէք ձեր եւ մեր նորածին երախային ներկայութիւնը, ճիչերը, ժպիտը, լացը, երգերը, … մինչեւ որ Երեւան գամ եւ ես ալ նոյնպէս տեսնեմ ու վայելեմ։
Մասնաւոր ջերմագին բարեւներ Արմինէին՝ իր արգանդին մէջ երախային պահպանողին։
Սիրով՝ Չոլաքեան ընտանիք։
Աստղիկաշարը՝ Արմինե Աբրահամյանի:

Այսօր աշխատանքային այցով գնում եմ Արատես, որին ինձ մղեց հայտնի քանդակագործ-արվեստագետ Վիգեն Ավետիսը, իր բուռն հետաքրքրությամբ, ոգևորող ծրագրերով: Հնարավորություն է՝ նաև ստուգելու Վայոց ձորի ընկերների-հետևողների արձագանքը ծնունդներով-ծրագրերով լեցուն տիարի քայլին, որքան է զգայուն մնացել մարդկայինն այստեղ… Կգամ, կպատմեմ…

Վիգեն Ավետիսի, նրանից անբաժան գինեգործ Գրիգոր Ղուկասյանի, գործարար Հովհաննես Շահինյանի հետ բարձրանում ենք Սարալանջով Հյուսիս՝ աշխատանքային-ընկերական այս խմբի անցած այցից հետո մշակած ծրագրերը կրթահամալիրի գեղարվեստում քննարկելու, Մայր դպրոցում մեր մանկավարժության բաց-թափանցիկ-անմիջական ցուցադրության ազդեցություններով…  Շատ աշխարհներ-նախագծեր տեսած, իրականացմանը մասնակցած փորձառու մասնագետներին մեր ձևափոխվող Սարալանջը շանթեց…
Երկար կանգնեցին, զմայլվեցին, ու ոտքի վրա, իրար լրացնելով՝ Սարալանջի ամբողջական կանաչապատման նախագիծը հառնեց… Ողջը՝ խաղող տեսակ-տեսակ, թմբային-շարքային-թառմային լուծումներով, մի իսկական ցուցադրական ուսումնական հավաքածու՝ Գովք խաղողի, որպես բնակելի դարձած արվարձանում նախկին՝ խորհրդային շրջանի խաղողի այգիների հիշողություն-վերադարձ-վերականգնում, Կրթական պարտեզի այցեքարտ… Գոհացա, տեսա, որ բարի Է:

Կրթահամալիրի Մայր դպրոցի բրուտանոցում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Երևանում, Հայաստանում ընտրություններ են Ազգային ժողովի, իսկ մենք՝ ես, կրթահամալիրը, խորացել ենք խաղողագործության-գինեգործության մեջ: Այո, ես գովքն եմ անում խաղողի, գինու և գեղեցիկ դպրության… Ինձ ապրեցնողը՝ Աստղիկի ծնունդով, յոթ երեխայով սեղան նստելու հեռանկարով, սա է, այս երրորդության՝ աշխատանքով փառաբանումը: Խաղողից, գինուց, գեղեցիկ դպրությունից այն կողմ հիմա ես ի՞նչ եմ տեսնում… կրթահամալիրի Բանգլադեշում, Երևանում, Արարատյան դաշտով մեկ, Վայոց ձորում: Սրա հետ կապված՝ կարասագործությամբ, տակառագործությամբ, «Խաղողագործություն ու գինեգործություն» հանրակրթական դասընթացի կազմակերպամբ, համտեսի-խնջույքի մշակույթով՝ իր խոհանոցով-մառանով, այս ամենի միջով անցած մարդով՝ ստեղծվող ծեսի մատուցմամբ… տարված եմ ես, իմ հայտնի ագահությամբ, ստեղծումի կրքով, անհագությամբ: Ե՞րբ ենք Սարալանջի դիզայնը՝ զուտ խաղողով, մասնագիտական նախագծումով անցկացնելու, ե՞րբ ենք Իտալիայից բերելու ավտոկմախքներից բրիկետներ սարքող հոսքագիծը  ու օր առաջ սկսելու կրթահամալիրի Ագարակից մինչև Հարավի դպրոց-Անկախ մայլա, երկաթգծի ողջ երկայնքով խաղողի նախկին այգիներում առաջացած ավտոմեքենաների գերեզմանոցի մաքրումը…

Իմ պտույտի-հղացումի շրջանը սրանով չի ավարտվում, ձգվում է Մոնթե Մելքոնյան փողոցի երկարությամբ, Ծովակալ Իսակովի, Լենինգրադյան, Սեբաստիայի փողոցների միջև պարփակված, ոտի տակ գնացող-վերացող Դալմայի այգիներ… «Սեբաստիա» նախկին մանկապարտեզի լքված շենքը՝ ընդարձակ տարածքով, նշանավոր Վերոնիկա վարիչի անունով, դառնում է խաղողի, գինու և գեղեցիկ դպրության ուսումնական կենտրոն երկրագործության… Քանի՜ աշխատատեղ ստեղծվեց… Ա՛յ, Նիկոլ ջան, երկար անցումներդ հանրապետությունով մեկ, բազմամարդ-աղմկաստեղծ, ձեր-մեր-իմ-քո քայլի կարգախոսով հռչակած «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» ճանապարհին կհասնե՞ն, ինչպե՞ս…

Ու մարդիկ՝ քեզանով ոգևորված, եղբայր պատվական, քո խոսքով ասեմ, չեն հավատա իրենց ուժերին, չեն կարողանա ճեղքել հուսահատությունն ու խեղճությունը, կմնան այդ ամենի հետ, հենց ոտդ քաշեցիր…

Իմ գրերում ես այդպիսի կազմակերպման մասին եմ պատմում, աշխատողին կարգի բերելու գործերի…

Դիմապատում կրթահամալիրի Հարավից:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1507

(188) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>