0

Երեք կարևոր հարցադրում իմ գրում

Առաջինը, իհարկե, բլոգային ուսուցումն է։ Այս օրերին մեր գլխավոր գործերից մեկը պարզապես արձանագրումն է բլոգային ուսուցման բոլոր թերությունների ու անհամապատասխանությունների, աշխատող առ աշխատող, սովորող առ սովորող, առանց բացառության, անլուրջ վերաբերմունքի բոլոր դրսևորումները բլոգների նկատմամբ։ Մանկավարժական աշխատողի, սովորողի ուսումնական բլոգին ներկայացված պահանջներին, սահմանված կարգին չհամապատասխանող, չաշխատող բլոգ չպետք է լինի: Նոր պահանջների մասին չեմ խոսում, խոսքս հրապարակված պահանջների մասին է: Եթե կան անհասկանալի բաներ, ճշգրտելու ենթակա, է՜, ճշգրտե՛ք, աշխատանքային կարգով՝ անմիջական դպրոցի ղեկավարի հետ, որևէ հմուտ ուսուցչի հետ, մանկավարժության կենտրոնի ղեկավարի հետ… Այնպես ենք անելու, որ մեր այս աշխատանքային ճամբարի օրերին՝ այսօր՝ չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակին էլ ձեզ ղուրբան, բլոգները ամբողջությամբ գործուն վիճակի բերվեն։ Երկուշաբթի արդեն հաշվիչը փակ է։  Պահանջներին չհամապատասխանող բլոգը նշանակում է չաշխատող ուսուցիչ, որովհետև հեղինակային կրթական ծրագրի առանցքներից մեկը հենց բլոգային ուսուցումն է: Դա այնքան փաստացի է, այնքան շոշափելի: Պահանջներին չհամապատասխանող բլոգը մարտահրավեր է. այսինքն՝ դուք համաձայն եք, որ չաշխատեք, որովհետև ձեր աշխատանքային պայմանագրում նշված է, որ գործունեությունը կրթահամալիրի ներքին կարգապահական և մնացած կանոններին համապատասխան է լինելու: Եվ եթե խոսքը մի խախտման մասին չէ, այլ պարբերական, եթե մանկավարժական աշխատողի՝ ուսուցչի համար բլոգը ձևական տարածք է մնացել, ուրեմն ինքներդ լուծեք պայմանագիրը, դադարեցրեք աշխատանքը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, և դա արեք սիրով, արեք ձեր նախաձեռնությամբ: Սա ասում եմ ամենայն սիրով։

Իմ ասածը նույնությամբ վերաբերում է նաև սովորողներին: Երրորդ դասարանից սկսած բլոգը պարտադիր ուսուցման գործիք, ուսումնական կազմակերպում է: Նույն պայմաններով անհամապատասխանության դեպքում լուծվում է պայմանագիրը սովորողի հետ՝ էլի ձևականությունից, արհեստականությունից դուրս: Պետք է հասկանանք՝ ինչո՛ւ սովորողի ուսումնական աշխատանքը ուսումնական բլոգում ամբողջական չի երևում: Չէ՞ որ նա ստորագրել է պայմանագիր, եկել է կրթահամալիր դրա համար: Սա անհետևողականություն է: Մեզ զուտ ֆիզիկական պատկանելություն պետք չէ. պետք են կրթական ծրագրով համակված մարդիկ, որոնք գնահատում են, որ այս մանկավարժությունը ունեն ֆիզիկական միջավայրում: Եվ սովորողների քանակի խնդիր չկա… Ընդհակառակը, ավելանում է: Վստահ եմ, որովհետև ամեն մեկը կտեսնի, որ չի ասվում մի բան, որ իրական կյանքում ուրիշ բան է:

Հետո հետևողականություն պահանջում ենք կառավարությունից, իշխանություններից, այլոցից: Ես դրա հետ համաձայն չեմ:

Իսկ եթե կան լուրջ, այլ լուծում պահանջող խնդիրներ, բա էլ ինչի՞ համար է «Դպիր» մանկավարժական պարբերականը, ինչի՞ համար է mskh.am–ը, ինչի՞ համար են մանկավարժական խորհուրդները, մասնախմբերը, ամեն չորեքշաբթի սեմինար-պարապմունքները: Նրա համար են, որպեսզի մանկավարժական աշխատանքին, զարգացման բնականոն ընթացքին վերաբերող խոչընդոտները բերվեն, դառնան քննարկման առարկա, որովհետև ես չեմ որոշում կայացնողը, իրականում որոշումը կայացնում է մանկավարժության հեղինակը՝ իր համաձայնությամբ, իր անհամաձայնությամբ: Նա պետք է ձևակերպի նաև անհամաձայնությունը, չի կարող չձևակերպել: Իսկ կամայականությունը (կան կարգեր, բայց շարժվենք՝ ինչպես ստացվի, տեսնենք) վտանգավոր վիճակի է բերում:

Ինչո՞ւ է այդքան հստակ դրվում այս հարցը: Շատ պարզ պատճառով. որովհետև այն, ինչի մասին այդքան խոսում էին կրթահամալիրի հիմնադիրները 1988-ին, 1999-ին, արդեն դառնում է իրականություն: Իրականություն է 2019 թվականին կրթահամալիրի զարգացման ծրագրով որպես թիվ մեկ հրաշալիք հեղինակային մանկավարժության բանգլադեշյան պարփակման հաղթահարումը և դրա ցանցային տարածումը:

Իհարկե, եթե կրթահամալիրը ձեռքբերումներ չունենար, ի՞նչ ցանցի մասին է խոսքը: Ես դրա համար էլ հատուկ չեմ խոսում ձեռքբերումից: Ցանցը, որի մասին հիմա խոսում ենք, մեր երեսուն տարվա ձեռքբերումն է, բոլորիս, նաև  նրանց, որ տասը տարի, հինգ տարի, մեկ տարի են կրթահամալիրում: Ես սա ասում եմ սիրով. ձերը ձեզ լինի, բայց որպեսզի դրանից կարողանան օգտվել նաև մյուսները, ցանցով պետք է տարածվի էդ ամեն ինչը, չէ՞: Եվ էստեղ գլխավորը սովորողի, մանկավարժական աշխատողի բլոգն է, առանց բացառության, առանց վերապահման… այն, ինչ mskh.am է՝ ձեր դպրոցի կայքը, կրթահամալիրի կայքը, նաև խմբային բլոգները, ինչպես որ Գրական ակումբինն է, Աննա Երիցյանի Հանրակրթական ազգագրությանը

Ես խոսում եմ հիմա կոնկրետ՝ Բյուրականի դպրոցի՝ ցանցային մեր գործընկերոջ մասին… ոչ որպես կայացած փաստ։ Որովհետև ուզում ենք, չէ՞, որ որոշումը լինի անհատական, սեփական որոշում: Խոսքը մանկավարժական աշխատողի գիտակցված ընտրության իրավունքի մասին է։ Ուսուցիչն է որոշում կայացնում միանալու ցանցին: Կա պետական կրթական ծրագիրը, որ ինքը արդեն յուրացրել է, և կա սա՝ հեղինակայինը, որի մասին տարիներ շարունակ խոսվում, գրվում, ասվում է: Խոսքը հակադրության մասին չէ, այլ մարդու ընտրության մասին է: Եվ լավ է, որ Հայաստանով մեկ առաջացել են էդպիսի խմբեր, դասարաններ, նախաձեռնող խմբեր:

Կրթահամալիրի ուսուցչական երգչախմբի միասնական պարապմունք Բյուրականի դպրոցի ուսուցիչների հետ: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Մյուսը մեր նախագծային ուսուցման ստուգատեսային շաբաթն է, որը նախատեսված է 2018-2019 ուսումնական տարվա ուսումնական պլաններով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով, նոր բան չէ, անցյալ տարի էլ է եղել, և այս տարի առավել հստակվել է: Էս շրջանին հիմա ինչպե՞ս ենք պատրաստվում, կարգերի համապատասխա՞ն։ Պահպանվո՞ւմ են նախագծին ներկայացվող ուսումնական պահանջները, համապատախա՞ն է դրա պատրաստության շրջանը, խմբերի ձևավորումը, որովհետև տարատարիք խմբեր կարող են լինել, և այլն: Եվ ապրիլի մեկից հինգը ինչպիսի՞ կազմակերպում է ստացել դպրոցում։ Դպրոցի ղեկավարը և գրասենյակի ղեկավարը պարտավոր են դա գործուն տեսքի բերել, իսկ դա ամենադժվար բանն է երևի։ Ահա թե ինչու՝ մեր հեղինակային մանկավարժությունը վախեցնում է երբեմն. շատ արագ մարդը հասկանում է, որ սա իր համար լուրջ գլխացավանք է, փորձություն, որի մեջ մտնելն իր համար դժվար է: Իսկ ով մտնում է, նրա համար շատ կարևոր է բուն մանկավարժությունը, որովհետև այստեղ կա կազմակերպման խնդիր:

Ահա, մենք ուզում ենք ստուգել մեր ուսուցչի պատրաստությունը, որովհետև բլոգային ուսուցումից ոչ պակաս կարևոր նախագծային ուսուցումն է՝ նախագծերով կրթությունը, կարողությունը ուսումնական նախագծով աշխատելու և իր բլոգում, սովորողի բլոգում դրա ներկայացնելը: Ինչպե՞ս կարգերով անենք, առանց արհեստականության, առանց ձևականության, առանց կեղծիքի:

Ես գիտեմ, հիմա կասեք՝ ինչ նորություն է… Իսկ ինչո՞ւ պիտի նորություն լինի։ Ես ուղղակի կոնկրետ առանձնացրի կրթական ծրագրից սա և ասացի հետևողական՝ ինչի համար է հիմա այս շեշտադրումն արվում։ Մեր դիմաց փոփոխությունների շրջան է. սրանով մեք հստակեցնում ենք՝ ով ենք մենք, մեր մանկավարժությունը, և ասում ենք՝ թող գա նա, որ այս մանկավարժությունն է ընտրում, ճամբարները, նախագծերը, գործը: Ուզում ենք հարգանքով վերաբերվել և՛ մեր տարիների գործին, և՛ մեր հայաստանյան հասարակությանը։ Փոփոխությունների էս փուլում, գուցե ամենակարևոր փուլում ենք, մեր ծրագիրը ուզում ենք մոտեցնել մարդուն, իր բնակավայրին, որքան հնարավոր է։

Հարավի ճամփորդները Հաղպատում։ Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի։

Եվ երրորդ պահը վերաբերում է արդեն ապրիլի 26-27-ին: Տեսեք՝ ես այնքան եմ սա կարևորել, որ երեկ 1in.am–ի հարցազրույցում էլ  (սովորաբար հեռու եմ մնում կրթահամալիրային, ներքին բաները հանրային կյանք բերելուց) մի կարևոր հատվածով անդրադառնում եմ դրան։ Նշանակում է՝ ցանցային կազմակերպմամբ արդեն առկա է մեր մանկավարժությունը, նրա ազդեցությունը. հիշում եք իմ խոսքը՝ եթե քաղաքական համակարգի վրա ազդեցություն չունեմ, ես կթողնեմ աշխատանքը։ Ահա այդ նույն հետևողականությամբ ես ասում եմ՝ ցանցային կազմակերպմամբ մենք արդեն հանրային ենք դառնում։ Սրանից առաջ էլ կայինք որպես փաստ, հետաքրքիր էինք, բայց բանգլադեշյան պարփակման, փաթեթավորման, էդպես ասած, շրջագծի մեջ։ Հիմա՝ չկա ցանցային՝ չկա 2019-ի կրթահամալիրի զարգացման ծրագիր։ Դա նշանակում է՝ կրթահամալիրը պետք է ձևակերպի, թե ինչպես։

Կրթահամալիրը մտնում է իր համար մի շատ կարևոր փուլ, որը արդեն իր մանկավարժության տարածումն է։ Ես պատրաստ եմ ցանցի՛ն իմ ծառայությունները մատուցել, ոչ թե սոսկ հաստատությանը, լսո՞ւմ եք։ «Մխիթար Սեբաստացի» կազմակերպությունը, վստահ եմ, որ նոր ղեկավար կունենա, և դրա կառավարումն էլ պետք է փոխվի ցանցային կազմակերպման հետ։ Իսկ ցանցի սպասարկման մեջ ես, իհարկե, պատասխանատվություն ունեմ և տեսնում եմ հետագայում իմ աշխատանքը. և գուցե իմ ազատությունն էլ մեծանա, պարզ է, թափառումն էլ, բոլոր դեպքերում դա կլինի նոր աշխատանք, նոր կազմակերպման համապատասխան, ոչ թե նոր մանկավարժություն։

Շնորհակալ եմ։ Բլեյան կրթական բաց ցանցի լաբորատորիայում ոչ այնքան կրթահամալիրն ենք ներկայացնում, այլ այն որպես ցանցի հանգույց՝ գլխավոր հանգույցը, որը ստանձնել է պատասխանատվություն։ Բլեյան կրթական ցանցի բաց լաբորատորիայում ամեն մարդ արդեն ցանցային կազմակերպման մեջ իր աշխատանքն ունի՝ իր դպրոցն է ղեկավարում, որպես հանգույց, իր ակումբը, իր դասընթացը, իր բլոգը, որը արդեն բաց ցանցի բլոգ է… Տեսեք՝ հանրակրթական ազգագրությունը, շշմելու, Բյուրականով, Սասունիկով, մյուսով, դառնում է լրիվ ուրիշ մի բան. իրական ազգագրություն, որովհետև առանց սահմանների է դառնում…

Ապրիլի 26-27-ի՝ ցանցի բաց լաբորատորիայի մասին արդեն նախարարի հետ պայմանավորված ենք։ Ձեզ խնդրում ենք այս երկու-երեք օրվա մեջ, մինչև ապրիլ ձեր առաջարկներով լրացնել, շտկումներ անել (էնտեղ տեղ կա շտկման, երևում է), պետք է պատրաստել բլոգները, հնարավոր բոլոր ռեսուրսները։ Մինչև էդ ծառզարդարի հարթակն է, զատկական հարթակը, իսկ ապրիլի 26-27-ը հեղինակային կրթական ծրագրով և մեր զարգացման ծրագրով առաջին հրաշալիի՝ առաջին հանրային ներկայացումն է, շնորհանդեսն է, մեր ցանցի 2019-ի աշխատանքների, փաստի, իրողության հանրայնացման, հանրությանը ներկայացնելու հարթակ է։

Վերապատրաստումները ամենամսյա, որ արվում են հեղինակային կրթական ծրագրին ծանոթանալու նպատակով, վճարովի ծառայություններ են, յուրաքանչյուրը դրանով կարող է ցույց տալ, որ ունի պահանջարկ։ Համեցեք, սիրով, խոսքը և՛ դաստիարակներին է վերաբերում, և՛ բլոգային ուսուցմանը, մայրենիին, և այլ ցանկացած վերապատրաստման, որպես լրացուցիչ կրթություն, որ դուք նախաձեռնում եք։ Խնդրեմ, մանկավարժության կենտրոնը, կրթահամալիրի տնօրենի աշխատակազմը կսպասարկեն ձեզ. դրանում ոչ մի խոսք: Դա չի վերաբերում այն վերապատրաստմանը, որ հենց ապրիլի 26-27-ին է ուղղված, որը արդեն ցանցային լաբորատորիա եք բերում։ Սա մի նախագիծ է, որ սկսում եք կրթական փոխանակումներով, առանձնացնում եք օղակ, խումբ:

Ցանցը ուսուցչի համար է, նախաձեռնող խմբի, դասարանի: Եվ մեր ցանկացած ուսուցչի է տրվում հնարավորություն, որ ցանց բերի ուսուցչին։ Մեր ցանցն էդպիսին է, ոչ միայն հաստատություններ ընդգրկող։ Մենք մոբիլություն ենք ձեռք բերում, շարժունակություն, տարածվելու կարողություն, հնարավորություն նաև ոչ թե գետին, այլ առվակին, աղբյուրին մոտենալու, որ անհատն է՝ ուսուցիչը։ Դուք ստեղծեք ձեր աշխատանքային խմբերը:

Իսկ ինչ վերաբերում է հաստատություններին, լավ կլինի՝ մեր ամեն դպրոց հավակնի, ինչպես Արևելյան դպրոցն է հավակնում, որ փորձում է միացնել Բյուրականի դպրոցը՝ կրթահամալիրի իրավասություններն ունենալով։ Նա իհարկե, կստանա ամբողջական աջակցություն։ Նառան չի կարող չհաջողել իր ընկերների հետ, էսպիսի բան մտքներովս չի անցնի. բայց բոլոր դեպքերում, դա ծանր գործ է։ Եվ լավ է, որ Արևելքում է սկսվում էդ գործը:

Ռոբերտ Ռավալիի հետ Արևմուտքում։
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1613

 

(398) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>