0

Բաց գրագրություն

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը՝ քաղաքային ծրագիր. կրթահամալիրի տնօրենի հունիսի 19-ի օրագրի (1692-րդ համարի) հավելվածը։

Կրթահամալիրի տնօրենի նամակից. 0605.2019թ.

Դիմում ենք կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարությանը, Ձեզ, հարգելի վարչապետ, կրթահամալիրի 2019, 2020-2022 թթ զարգացման ծրագրով որոշված հրաշալիների իրագործման մասնակցության հարցով։

    1. Կրթական պարտեզ բնակելի արվարձանում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՀԱԶ Բ-1 թաղամասում գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 4 հաստատությունները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 181 հիմնական դպրոցը, երեք նախադպրոցական հաստատությունները 2015թ.-ից Երևանի քաղաքապետարանի հավանությամբ, մեր նախաձեռնությամբ, ջանքերով ու նյութական միջոցներով սկսել են գործել որպես մեկ միասնական կրթական տարածք՝ կրթական ամբողջական ներառական գոտի, առանց բնակիչներին, սովորողներին և սաներին արհեստականորեն բաժանող, անհարմար ու խոչընդոտող բաժանարար գծերի։ Հողը ունի մեկ սեփականատեր՝ Երևան համայնքը, կրթական օբյեկտների սեփականատերը ՀՀ կառավարությունն է, իսկ ուսումնական հաստատությունների հիմնադիրը կա՛մ կառավարությունն է, կա՛մ Երևան համայնքը։

Բնակելի արվարձանում կրթական պարտեզը, այսօրվա անավարտ վիճակով անգամ, ակնհայտ հարմար է սոցիալական նոր միջավայրի ձևավորմանը, խնամված-կանաչ՝ որպես ամբողջական ներառական բնակելի արվարձանի հանրակրթական միջավայր։

Կրթական պարտեզի զարգացումը կրթական պարտեզի մյուս ուսումնական հաստատությունների ցանկապատերի-պարիսպների վերացումը, միջդպրոցական-ներթաղային անցումների-հեծանվուղիների ստեղծումն է, բարեկարգումը, հարակից տարածքների բարեկարգումը-ոռոգումը, որ կարող են իրականացվել Երևանի քաղաքապետարանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աջակցությամբ։ Այսպիսով կրթական պարտեզը, ՀՀ օրենքի պահանջով, ամբողջական ներառական կդառնա, առանձին հաստատություններում արվող ներդրումները, անկախ ենթակայությունից և միջոցների աղբյուրից, բնակիչը կստեղծի իր համար առավել բարենպաստ սոցիալական նոր միջավայր։ Երևանի քաղաքապետին, ԿԳ նախարարին առաջարկել ենք վարչական շրջանին ենթակա թիվ 95, 93, 76 մանկապարտեզների՝ այսօր կիսով չափ զբաղեցված շենքերը վերանորոգել և վերակազմակերպել որպես քաղաքապետարանի ենթակայության դպրոց-պարտեզներ, իսկ թիվ 181 դպրոցը դարձնել միջին դպրոց, որը հնարավորություն կտա նաև բեռնաթափելու թիվ 181 հիմնական դպրոցը։ Նպատակահարմարության դեպքում այս չորս հաստատություններով կարող է ձևավորվել քաղաքապետարանին ենթակա հանրակրթական համալիր։ Մենք ԿԳ նախարար պարոն Հարությունյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար աշխատողների, Երևանի ճարտարապետի հետ քննարկել ենք կրթական պարտեզի նախագծի սխեմայով այս զարգացումները, Երևանի քաղաքապետ պարոն Մարությանին հրավիրել ենք տեղում ծանոթանալու ու որոշումներ կայացնելու կրթական պարտեզի նախագծի սխեմայով։

Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի արձագանքը առաջարկին (մայիսի 29)

Երևանի քաղաքապետի՝  հունիսի 20-ի նամակը ԿԳՄՍ նախարարին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ հունիսի 21-ի նամակը կրթահամալիրի տնօրենին 

Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի՝ հունիսի 25-ի նամակը Երևանի քաղաքապետին

Կրթահամալիրի տնօրենի պատասխանը (հունիսի 27)

Ցավում եմ, որ Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանը տարբերություն են դնում երևանցի երեխաների միջև՝ «հոգածության» տակ առնելով, «պաշտպանելով» համայնքային ենթակայության թ. 93 մանկապարտեզի (հասցեն՝ Րաֆֆու 69) սաների անազատությունը, ոչ երեխավայել  միջավայրը՝ ավերված շենք, անապատացող տարածքով համայնքային սեփականություն հող, հարևան կրթական հաստատության՝ «իրեն ոչ ենթակա» դպրոց-պարտեզի սաների, ուսուցիչների «ոտնձգությունից»։ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ Հյուսիսային դպրոց-պարտեզում (հասցեն՝ Րաֆֆու 69/1) էլ են երևանցիներ՝ 2 տարեկանից սկսած, որ իրենց հատկացված պետական շենքում և համայնքային հողատարածքում, կրթահամալիրի, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ որոշված գործունեությամբ են զբաղվում։ Հյուսիսային դպրոցի մյուս հարևանի՝ թ. 76 մանկապարտեզի (հասցեն՝ Րաֆֆու 85/5) անհանգստությունը կրթահամալիրի մանկավարժությունից այն աստիճանի հասավ, որ իրենց խաղողի թառմանները մշտական աղբից, չորանալուց փրկող սեբաստացի սովորողների նախաձեռնությունը քրեականացրեց. հեղինակային կրթական ծրագրի, քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային փառատոնի շրջանակում նախագիծ իրականացնող սովորողները հրապարակային «արժանանում» են վարչակազմի, ոստիկանության միջամտությանը։ Հարավարևմտյան Բ-1 թաղամասի՝ էլի քաղաքապետարանի ենթակայության թ.95 մանկապարտեզը (հասցեն՝ Զ. Անդրանիկի 124), որ գործում է կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 47/1) և քոլեջի (հասցեն՝ Զ. Անդրանիկի 92/1) հարևանությամբ, իր մասով օգտվում է մեր ստեղծված երեխայավայել պայմաններից, և որևէ անհանգստություն, միջադեպ չեն եղել։ Դժվար չէ տեղում համոզվելը՝ ինչը ինչոց է։

Կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզը՝ իր ղեկավարով, ուսուցիչներով, սովորողներով, ծնողներով, որպես կրթական ինքնավար համայնք, իր գործունեության համար պիտի ինքը պատասխաներ, և պատասխանում է։

Այնուհանդերձ.  քաղաքապետի՝ ՀՀ ԿԳՄՍՆ ուղղված նամակին հակիրճ պատասխանեմ։ Եթե իսկապես տեսնեք գործոններ, որոնք խանգարում են այլ կրթական հաստատության սաների անդորրը, ապա դրանք շատ արագ կվերացվեն։ Այսօրվա Հայաստանում այլ լուծում չի կարող լինել, և իմ կողմից  այլ լուծում հնարավոր չէ պատկերացնել, քանզի իմ ողջ գիտակցական կյանքը Հայաստանի բոլոր երեխաների կրթության, ազատ քաղաքացի մեծանալու համար է։

Լավ կլիներ, եթե խնդիրը սահմանափակվեր միայն բարձր երաժշտության, ֆուտբոլ խաղալու դրվագով, կամ խոսքը հանրային (բաց) տարածքի և կադաստրային (փակ) սահմանի շփոթի մասին լիներ։ Խնդիրը շատ խորն է, արմատներն անցյալից են գալիս. վերջին մեկ տարում քաղաքապետարանի կողմից ի՞նչ է արվել՝ դրանք հասկանալու, դասակարգելու, մեր կողմից տարիներով մշակված-փորձարկված հստակ լուծումների ճանապարհով գնալով համար։ Իմ բոլոր հրավերներին՝ գալ տեղում քննարկելու հարցերը, սկսելու դրանց ոչ բարդ լուծումների իրականացումը, անտեսվել են։ Այն դեպքում, երբ բոլոր նրանք՝ հարյուրներով մարդիկ, որ տեղում ծանոթանում են, կրթահամալիրից գնում են գոհունակ՝ արածը տարածելուն աջակցելու խոստումով։ Սա է մեծ խնդիրը։

Նշված հասցեներով քայլելիս պարզ նկատվում է աշխատածի և չաշխատածի սահմանը, ձեռքերը ծալած նստելու և բարիք ստեղծելու սահմանը, բողոք-նամակի և ստեղծագործ աշխատանքի սահմանը։ Սա կարելի է տեսնել սեփական  անզեն աչքով, ու լուծումները հետևաբար կլինեն նույնքան պարզ։

Ինչպե՞ս կարող էր հեղափոխված Հայաստանի մայրաքաղաք Երևանի քաղաքապետարանում այսպիսի տեքստ ծնվել։ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծին, որ ի դեպ, իրականացվում է 2015թ.-ից Երևանի քաղաքապետարանի գիտությամբ, Հարավարևմտյան Բ-1-ում գործող թ. 181 հիմնական դպրոցի, թթ 95, 93, 76 մանկապարտեզների՝ իրենց խնամքին հանձնված հողատարածքներում և շրջակա միջավայրում անհանդուրժելի վիճակի համար պատասխանատուների արձագանքը (չեմ գնահատում), ցավոք, խրախուսվո՞ւմ է ազգընտիր քաղաքապետի կողմից։ Մեր ստացած այս տեքստը չենք կարող դիտել որպես պատասխան՝ կրթահամալիրի զարգացման ծրագրով պաշտոնապես ՀՀ վարչապետին, ՀՀ ԿԳՄՍՆ, Երևանի քաղաքապետին ներկայացված նախագծի. խոսակցության թեման կարող էր լինել, պիտի լինի ծրագրի շարունակումը։

Հարգելի քաղաքապետ, այս օրերին կրթական պարտեզում «Ուսումնական ամառ» նախագիծը, քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնը տարերքի մեջ են՝որպես հանրապետությունում փոփոխությունների, զարգացման հարթակներ։ Հունիսի 28-ին՝ ուրբաթ օրը, ժամը 9։00-ից սկսած համեցեք՝ գնահատելու։ Իսկ արդյունքները կարող ենք ամփոփել ժամը 12։00-ի «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում. 2019, 2020-2022-ի աշխատանքներ» կլոր սեղանով։ Համեցեք ցանկացած այլ օր, բացի շաբաթ-կիրակիից. ինչ որ արել ենք, ինչ որ կա՝ բաց է, ակնհայտ։

(25) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>