0

Երբեք չեմ ապրել ուրիշի ժամանակով և կամ ուրիշի թելադրանքով

Հովհաննես Թումանյանի «Ոսկե քաղաքը» հեքիաթում Գոհար թագուհին ասում է, որ իրենց քաղաքում ապրում են մարդիկ, ովքեր աշխատում են ուղիղ ճանապարհի վրա և գոհ են ունեցածից: Ես հաճախ եմ հիշում Գոհար թագուհու այս բանաձևը: Այն, ինչ իմ ձեռքում է, կարող եմ լավ անել: Մնացած բոլորը, որ քեզնից դուրս է, չպիտի ազդի քո ճանապարհի վրա, այլապես կստացվի, թե երջանիկ լինելը կախված չէ քեզնից: Չգիտեմ՝ արդյո՞ք դա կարևոր է: Հիսուսն ունի՞ այդպիսի պատվիրան՝ Եղի’ր երջանիկ: Բայց եթե շարժվենք ուղիղ ճանապարհով և ունեցածով գոհ լինելու բանաձևով, ամեն ինչ, կարծես, տեղն է ընկնում: Ուրիշ բան հարազատի կորուստը, երբ աշխարհ է փլվում, և քո ձեռքում ոչինչ չկա: Բայց դա էլ աստծո ձեռքերում է, և կյանքն է այդպիսին՝ ծնունդ-մահ, մահ-ծնունդ: Հեռացած հարազատիդ կարող ես տեղափոխել քո մեջ և ապրեցնել նրան քեզանով: Լավ է մտածել Արարիչը: Հետաքրքիր է մտածել:

Անձնական երջանկություն.

Հենց հիմա Ձեզ հետ խոսելիս երջանիկ եմ: Առավոտից այնպիսի գոհացած կյանք եմ ապրել, որ մի քանի մարդու կհերիքի այդ երջանկությունը: Կարծում եմ՝ ունեցածը կարևորելու խնդիր է: Սևակի ասած՝ «Դառնաս գոհանաս քո ունեցածով»: Իսկ ինչու՞ գոհ չես քո ունեցածով, այդ ի՞նչ ագահություն է քո մեջ: Ես խաղաղ եմ և երջանիկ: Որքան հիշում եմ՝ իմ ողջ գիտակցական կյանքում ես Աստծո տված ի՛մ կյանքն եմ ապրում: Բոլորը իմ որոշումներն են՝ սովորելու, ապրելու, ամուսնանալու, երեխաներ ունենալու, աշխատանքը փոխելու և այլն: Երբեք չեմ ապրել ուրիշի ժամանակով և կամ ուրիշի թելադրանքով: Ուրեմն, ինչի՞ց դժգոհեմ, եթե ինքս եմ ստեղծել իմ կյանքն ու ժամանակը:

Մասնագիտական երջանկություն.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ու իմ ամեն օրը իմ ինքնաարտահայտումն են: Երբեք չեմ անջատել իմ աշխատանքն իմ անձնականից: Երբեք փախուստ չի եղել աշխատանքից անձնական կամ հակառակը: Ինձ համար այդպիսի սահմաններ չեն եղել: Ես ապրել եմ և ապրում եմ առանց սահմանների: Աշխատանքի մեջ ներդրվում եմ ամբողջովին և որքան էլ լեգենդներ կան այն մասին, թե ես չեմ հոգնում, այնուամենայնիվ, աշխատանքի մեջ պարպվում եմ լիովին: Այո, ես չեմ հոգնում, ես պարպվում եմ, որովհետև չկա բռնություն ու թելադրանք իմ որոշումներում և իմ անելիքներում: Պարզապես օրվա վերջում երեխայի պես հանգում եմ: Չկա գերություն, չկա անհավեսություն իմ աշխատանքում, այլապես կնշանակի, թե սպառել եմ ինձ: Իհարկե, կարևոր է գիտելիքը, բայց ինձ համար ավելի կարևոր բան կա՝ երևակայությունը: Ես մտքով ստեղծում եմ աշխարհներ՝ ինչպես արվեստագետը ստեղծագործելիս: Ես, փաստորեն, արվեստագետի կյանքով եմ ապրում, և յուրաքանչյուր մանկավարժ պիտի ապրի ստեղծագործողի կյանքով: Ամեն ինչ երևակայում եմ, հետո իմ ջանքերն եմ դնում պատկերացումներս կյանքի կոչելու համար: Ինչո՞ւ եմ կարևորում հեղինակային մանկավարժությունը, որովհետև այն հնարավորություն է տալիս, որպեսզի ամեն ուսուցիչ լինի իր գործի՝ իր մանկավարժության, իր ապրումի, երեխայի հետ շփման վայելքի հեղինակը: Իհարկե, այստեղ էլ կարող են պատահել անհաջողություններ, բայց դրանց շտկումն էլ փորձով է լինում և որ ամենակարևորն է՝ հեղինակի ձեռքերում է:

Հանրային երջանկություն.

Վառ ցնծության պահեր եմ ապրել, որոնք երբեք չեն ջնջվի: 1991 թվականի սեպտեմբեր. Անկախության հանրաքվե. սա իմ քաղաքական հասուն կյանքի գագաթն էր, որին հասնելը երբեք չէի մտածի, թե այդքան արագ կլիներ, և ես դրա մասնակիցն ու ստեղծագործողներից կլինեմ՝ որպես ԳԽ պատգամավոր, որպես ՀՀՇ վարչության անդամ: Անկախության հանրաքվեի «Այո» շարասյան ագիտպրոպագանդան և խոսափողն էի Զանգեզուրից մինչև Երևան, Երևանից մինչև Զանգեզուր: Ինձ հետաքրքիր էր լինել Արարատում, Արտաշատում, Վայքում, Եղեգնաձորում, Սիսիանում, Գորիսում, Ղափանում, Մեղրիում և ամեն քաղաք, ամեն գյուղ տանել ազատության, ինքնիշխանության, հավաքական նոր Հայաստան ստեղծելու գաղափարը: Ուրիշ լիցքեր էին, ուրիշ մասշտաբ: Ես երբեք դա չեմ մոռանա: Երբեք:

Դրանից հետո մեզ 30 տարի ժամանակ էր տրված մեր երազանքներն ու գաղափարներն իրագործելու համար: Հիմա իմաստ չունի ասել, թե ես ու այսինչը լավն էինք, մյուսները՝ վատը: Ես խոսում եմ հավաքական ընդգրկումով՝ հասարակությունն ու իմ ժամանակը, ինձ էլ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն: Շատ բաներ լավ չարվեցին, և սա չի կարող բավարարել ստեղծագործողին, որովհետև այն երկիրը՝ Հայաստանը, որ դու տեսնում էիր երևակայությամբ, իրագործելիս բոլորովին ուրիշ Հայաստանի Հանրապետություն ստացվեց՝ ավեր եղավ, թալան եղավ, մահ եղավ, գաղթ եղավ: Կիսատ-պռատ, չարված գործեր կային, որ կուտակվել էին, հոգնության ու թերարժեքության զգացում առաջացրել: Եվ ահա, եղավ 2018-ի ապրիլյան ընդվզումն ու քաղաքական սերնդափոխությունը: Դե, հիմա մեծերս չկարողացանք կամ այսքանը կարողացանք: Հրապարակը զբաղեցրին մեր երեխաները, մեր կրտսեր եղբայրները: Սա միայն ուրախություն կարող էր բերել: Եվ ես այդ քաղաքական սերնդափոխությանն ասացի՝ Բարով, բարի: Եվ այդ փոփոխությունը նորից հնարավորություն է, որպեսզի ով չի սկսել՝ սկսի, ով վատ է արել՝ նորից փորձի, ով լավ է արել՝ ավելի լավ անի, հանկարծ շեղում չլինի, հանկարծ ափսոսանք չլինի: Ես ոչ միայն ոգևորված էի, այլև իմ սաների, իմ քույրերի և եղբայրների հետ էի, իհարկե, արդեն երկրորդ պլանում, որովհետև առաջինում իրենք էին: Եվ ես ձեռքիցս եկածը կանեմ, որպեսզի նրանք անպայման հաջողեն, այլապես բոլորիս համար վատ կլինի:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Կա այդպիսի հանրային որակ՝ համերաշխություն, որը շատ վատ ենք օգտագործում: Առանց համերաշխության չի գոյանա հասարակություն: Երկրորդը՝ կեղծիքը հաղթահարելն ու բաց ապրելն է, «տանը քահանա, դուրսը սատանա» խաղի բացառումը, ընդհանրապես, բաց համակարգերի ստեղծումը: Երրորդը՝ ստեղծականությունը: Չորրորդը՝ պատասխանատվության լիարժեք ստանձնումը: Սարսափելի չեմ սիրում մահանան: Մեր մանկավարժությունն էլ առանց մահանայի է:

Բաց, համերաշխ, որքան հնարավոր է համերաշխ՝ ձեռ գցել, օգնել, ուրիշի ցավը քոնը դարձնել, արձագանքել, թույլ չտալ մութ անկյունների առաջացումը, որովհետև դրանք հետո վտանգավոր խոցեր են դառնալու և արդար, հալալ քրտինքով բարիք ստեղծել, քո ողջ ներուժը մաքսիմալ արտահայտել և վաստակել. ահա, եթե այս պայմաններն ու պահանջները լինեն, հնարավոր կլինի նաև երջանիկ երկիրը: Ժողովուրդ կոչվածն ինձ համար իր ստեղծած կյանքն է: Մնացածը արդարացումներ են: Շատ կուզեի, որ նոր քաղաքական սերունդը որևէ արդարացում չարտահայտի: Եվ այդ անհանգստությունից հաճախ ասում եմ՝ «Էս ո՞նց եք աշխատում, էս ի՞նչ ծուլություն է, ու՞ր է ձեր 24 ժամյա աշխատանքը: Շպրտեք էդ փողկապներն ու կոստյումները, ի՞նչ եք ձեզ կաշկանդել: Մեքենաներն էլ շպրտեք, թողեք մի կողմ: Ուրիշ կազմակերպում գտեք, որովհետև այդ ճանապարհով արդեն գնացել են»: Այսպիսի մտայնություն կա՝ վատ էր, որովհետև մենք չենք եղել, հիմա մենք եկել ենք և արդեն լավ է. սա կործնարար է: Պիտի չկորցնես սերունդների համերաշխության կապը, եթե կուզեք՝ հայրեր-որդիներ հարազատությունը. չէ՞ որ ձեր հայրերն էլ էին փորձում, բայց ինչու՞ չստացվեց կամ վատ ստացվեց: Ես անընդհատ հարցնում եմ՝ դուք իմ իշխանությունն եք, բայց ինչու՞ եք օտարվում: Մենք՝ որպես երրորդ հանրապետության իշխանություն՝ շատ անփույթ էինք ժամանակի նկատմամբ: Շատ: Մեզ թվում էր՝ գիտե՞ք ինչքան ժամանակ է մեզ տրված: Դե, կանենք, էլի: Եվ այդ անփութությունը, գումարած՝ արտիստիզմը, խանգարում էր: Արտիստիզմը լավ որակ է, բայց աշխատանքը դրանով չի չափվում: Եվ այդ «թատրոնը» շատ արագ զզվեցնելու է հասարակությանը: Պարզվելու է՝ ոչ էլ արտիստիկ ես, ոչ էլ ուզում է սֆաթդ տեսնել: Հասարակությունն ուզում է տեսնել խնդիրների լուծում: Եվ դու՝ որպես իշխանություն, այնքան «մանկավարժ» պիտի լինես, որ հասարակությանը ներքաշես իր խնդիրների լուծման գործի մեջ: Այդ խնդիրները, այո, շատ են ու բարդ են, և հասարակությունն իշխանության հետ պիտի լուծի դրանք: Ասածներս կարող եք համարել մանկավարժի դաս կամ էլ 30 տարվա կենսափորձի փոխանցման փորձ, բայց դրանք արագ պիտի իրացվեն:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Հայկական ժամանակ, հուլիսի 24

(68) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>