0

Անունացավով չեմ տառապում, վտանգավոր մոտեցում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

– Պարոն Բլեյան, ակտիվորեն քննարկվում է ավագանու «Ելք» դաշինքի՝ Երևանի բոլշևիկների անունները կրող փողոցներն անվանափոխելու առաջարկը։ Օրերս քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հակադարձել է, որ, օրինակ, Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի, որովհետև Երևանը Սանկտ Պետերբուրգի հետ քույր քաղաքներ են։ Ի՞նչ եք մտածում այս ամենի մասին։

– Ես մի փոքր վերապահումով եմ մոտենում այդ նախաձեռնությանը։ Իսկ ո՞վ ասաց, որ հետո էլ այդ անունը չի կարող փոխվել։ Անունների հետևից ենք ընկել, անունացավով երբեք տարված չեմ եղել։ Մեծ հարգանք ունենալով Լեոնիդի նկատմամբ, շատ կուզեի, որ իր անունով կրթաթոշակ լիներ, կենդանի բաներ լինեին, առիթ դառնար, որ մարդիկ կապ պահեին։ Պետք է կենդանի ձևեր գտնել այդ գործոնն ու ներուժն օգտագործելու համար։ Ժամանակին մասնագիտական հանձնաժողով կար՝ մարդու վաստակի գնահատման հետ կապված, շատ բաներ տվյալ ժամանակի հետ է կապված։ 10-15 տարի հետո պարզվում է՝ այդքան էլ այդպես չէ։ Անուններով ծանրացնել պետք չէ, չգիտեմ՝ ինչքանով է անհրաժեշտ։ Հետո Երևանը շատ փոխվեց՝ հին շենքերը վերացան, իր պատմությունը փոխվեց, այդ առումով անունների վրա այդքան էլ չէի կենտրոնանա։

– Օրինակ՝ հարևան Վրաստանում, երբ որոշ փողոցներ անվանափոխվեցին՝ նշում էին, որ դեօկուպացիայի փորձ է։ Եթե այս կոնտեքստում նայենք՝ չարժե՞, կարծում եք։

– Միշտ չէ, այն, ինչ անում են վրացիները՝ լավ են անում։ Լավ է, որ հետևում ենք՝ ինչ են անում Վրաստանում, լավ կլիներ հետևեինք, թե ինչպես են զարգացնում տնտեսությունը, տուրիզմի զարգացման կոնտեքստում հետևենք։ Պետք է նայենք՝ այդ հնարավորությունն ինչպե՞ս են օգտագործում վրացիները։ Լավ է՝ իմանանք այդ ամենի մասին, բայց ինչո՞ւ կրկնենք։ Իրենց իրավիճակում շատ նորմալ է, բայց դա ընդհանուր քաղաքական օրակարգի մաս է կազմում։ Իսկ մեր քաղաքական օրակարգում դա չկա։

– Չպե՞տք է մենք էլ դա դարձնենք քաղաքական օրակարգ։

– Դա այլ հարց է, ես ամբողջական եմ նայում։ Իրենց մոտեցումն այդ առումով ամբողջական է, եթե մեզ մոտ էլ լիներ՝ հարց չէր առաջանա։ Բայց մեզ մոտ անպտուղ քննարկման առարկա է դարձել։ Իրենց հասարակության գիտակցության մեջ այդ պահը հասունացել է, մեզ մոտ՝ ոչ։

– Իսկ դպրոցների հետ կապվա՞ծ։ Կարծես՝ առաջարկներ կան հարցը համալիր դիտարկել և նաև ռուսական որոշ դպրոցներ էլ անվանափոխել։

– Դպրոցների անվանափոխության հետ կապված մեծ վերապահում ունեմ։ Նայեք գյուղերում ինչ է կատարվում՝ անբարեկարգ փողոցներ ու ինչ մեծ անուններ, ցուցանակների վրա ինչքան փող են ծախսում, երբ դա կարող էին այլ տեղ ծախսել։ Օրինակ՝ Հովհաննես Թումանյանի անվան… պաշտպամունք ունեմ Թումանյանի հանդեպ, բայց նայում ես քնձռոտ մի բան, իսկ քեզ ո՞վ է թույլ տվել, դա ի՞նչ էժանացում է։ Անվանափոխության, անունների, կոչումների ի՞նչ քննարկումներ են։

10-20 տարի հետո ամեն ինչին այլ գնահատական է տրվելու, մենք հո՞ չենք անում այսօրվա իշխանության թելադրանքով, շատ վտանգավոր մոտեցում է։ Իսկ մենք նայում ենք՝ իշխանություն եմ կամ ունեմ հնարավորություն, ուրեմն կգնամ այս ճանապարհով։ Իմ վրա շատ ուրիշ, շատ ավելի կենսական բաներ են ազդում։

– Եթե համեմատենք Ձեր իշխանության ժամանակվա իրավիճակի հետ, երբ եղան անվանափոխություններ․ կարծում եք՝ շա՞տ տարբեր ժամանակներ են։

– Համաձայն եմ դիտարկման հետ, բայց շփոթի, հախուռն ժամանակներ էին, ֆիդայականություն, զոհերի քանակ, հերոսականություն, պատմության նոր չբացված, դեռ չուսումնասիրված էջեր..․ Ուրիշ շրջան էր։ Բայց այդ շրջանում կարևոր բաներ կային, հին Երևանի նկատմամբ շատ ավելի հարգանքով էր մեր մոտեցումը, այդ տուն քանդելը չկար։

Երևանի քաղաքապետարանին կից բավականին անկախ ու ազդեցիկ հանձնաժողով կար, քննարկում կար այդ առումով։ Հետո՝ նայեք, առաջին նախագահն անվանակոչումներին դեմ էր։ Տեր-Պետրոսյանն ասում էր՝ շքանշաններով մենք փչացնում, կաշառում ենք մտավորականությանը․ մարդը, արվեստագետը, գործիչը պետք է իշխանությունից անկախ գործի, «դու»-ով խոսի իշխանության հետ։ Ուրիշ բան է, որ խթանենք գիտական գործունեությունը առաջադեմ դպրոցներով։ Բայց այսօր գիտությունների թեկնածուի, դոկտորի աստիճաններ են բաժանվում։ Մարդը կարող է չզբաղվել այդ գործունեությամբ, բայց ունենա կոչում։ Կամ արվեստի վաստակավոր գործիչներ, ժողովրդական գործիչներ..․ ուզում են հինգ տարի ավելի ապրել, որ շքանշան ստանան։ Երևի խթանում է, որ մարդը շատ ապրի, բայց շքանշանի համա՞ր։ Այսինքն՝ պետք է իր գործունեության, ոչ թե շքանշանի խթանում լիներ։ Անլուրջ է թվում, հիմա էլ սեպտեբերի 21 կլինի՝ հերթականը, հետո այդպես շարունակ․ ես դա շատ վտանգավոր եմ համարում։

1in.am

(58) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>