0

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը՝ քաղաքային ծրագիր

Հունիսի 19-ի օրագրի հավելվածը։

Երևանում 20-րդ դարի 70-80-ականներին կառուցված բնակելի արվարձանների սահմանափակ տարածքում՝ թաղամասում, տեղավորել են մի քանի ուսումնական հաստատություններ՝ նախադպրոցական և հանրակրթական: Յուրաքանչյուր հաստատությանը (դպրոց, մանկապարտեզ), շենքից բացի, տրամադրվել է և որոշակի հողակտոր՝ հաստատության շրջակայքը կանաչ գոտի դարձնելու, հաստատության գործունեությունից բխող մարզամշակութային, խաղային գործունեության համար:

Ուսումնական հաստատությունները ցանկապատել են իրենց կցված տարածքները, «կղզիացել» ոչ միայն հարևան ուսումնական հաստատություններից, այլև բնակիչներից, բնակավայրից, թաղամասից՝ դառնալով անհաղորդ: Թաղամասի բնակիչն այդ տարածքներն իրենը չի համարում և որևէ պատասխանատվություն չի զգում դրանց նկատմամբ: Ինչպես նաև ուսումնական հաստատությունները իրենցը չեն համարում իրենց կցված տարածքից դուրս մնացած տարածքները, շրջակա միջավայրը: Արդյունքում հանրային տարածքները՝ բնակելի և ուսումնական, աղճատվում են, ոչ նպատակային օգտագործման են դառնում, անմշակ են մնում համայնքային հողակտորները, միջշենքային, միջթաղամասային անցումները դառնում են ոչ ներառական, ոչ մատչելի բոլորին: Հաստատությունների շենքերի պահպանությունը, հողամասերի խնամքի, ոռոգման, լուսավորության, անցումների խնդիրների մեկուսի լուծումը առաջացնում են նոր խնդիրներ՝ այդպես էլ առայժմ չհաղթահարված։

Ուսումնական հաստատությունների ցանկապատերը շատ տեղերում փակում են մարդկանց ճանապարհը՝ ստիպելով շրջանցել այդ տարածքը: ՀՀ կառավարության 08.02.2019թ. N 65 – Ա որոշմամբ հաստատված՝ կառավարության ծրագրում կարդում ենք. «Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների՝ նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ», մինչդեռ դպրոցները մնում են փակ, «համայնքի սոցիալ-մշակութային կյանքին» անհաղորդ:

Այս խնդիրները, դրանց լուծումները պահանջում են թաղամասում գործող ուսումնական հաստատությունները դիտարկել  միասնական տարածքում՝ կրթական պարտեզում, առանց ցանկապատերի, հարմար անցուղիներով՝ ինչպես հետիոտն, այնպես էլ անվավոր: Ամբողջ տարածքի խնամքը կդառա ինչպես ուսումնական հաստատությունների, այնպես էլ համայնքի յուրաքանչյուր բնակչի խնդիրը: Կրթական պարտեզի ուսումնական հաստատությունը կարող է օգտագործել մյուս հաստատության հնարավորությունները: Ժամանակն է վերանայելու քաղաքաշինության նախարարի 2014թ. 103 հրամանի 41 կետը, որով սահմանվում է, որ «Հանրակրթական հաստատությունների տարածքները (հողամասերը) իրենց ողջ պարագծով պետք է ցանկապատված լինեն»։  Մնում էր ցանկապատի վրա փշալարեր դնեին և  միացնեին բարձր լարման: Անհրաժեշտության դեպքում  հանրակրթական, նախադպրոցական հաստատությունները կարող են միավորվել քաղաքապետարանի ենթակայության տարբեր մակարդակների կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական համալիրների` ինքնուրույն գործող բլոկներով, որոնք կազմավորվում են առանձին միավորներով՝ մոդուլներով։ Ժամանակն է՝ որպես քաղաքային ծրագիր՝ կարևորել, մշակել և իրականացնել որպես մոդել «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարևմտյան Բ-1 թաղամասում գործում են ուսումնական հաստատություններ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 181 հիմնական դպրոցը (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 4), թիվ 95 (հասցեն՝ Զ. Անդրանիկի 124), թիվ 93 (հասցեն՝ Րաֆֆու 69) և թիվ 76 (հասցեն՝ Րաֆֆու 85/5) նախադպրոցական հաստատությունները և ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցը (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25), Արևելյան դպրոց-պարտեզը (հասցեն՝ Ա. Բաբաջանյանի 47/1), Քոլեջը (հասցեն՝ Զ Անդրանիկի 92/1), Հյուսիսային դպրոց-պարտեզը (հասցեն՝ Րաֆֆու 69/1), Մեդիակենտրոնը (հասցեն՝ Րաֆֆու 57)։  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությամբ մշակվել է «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը, որը իր սխեմայով Երևանի քաղաքապետարանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աջակցությամբ  հատվածական իրականացվել է 2015թ.-ից։ Նախագիծը 2015թ. արժանացել է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարի հավանությանը, 2019-ին ներկայացվել է նաև ՀՀ վարչապետին։ Տարբեր ժամանակներում տարբեր պաշտոնատար անձինք ոգևորվել են նախգծով բերվող նոր հանրային միջավայրով՝ ՀՀ նախագահ, ՀՀ նախարարներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան…  Կրթական պարտեզին տեղում ծանոթացել են գործող փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Նախագծով թաղամասի ուսումնական բոլոր հաստատությունները՝ դպրոցները, մանկապարտեզները, անկախ իրենց ենթակայությունից, հայտնվում են ամբողջական ներառական միասնական մի գոտում՝ մանկապարտեզների և դպրոցների տարածքներն ազատելով ցանկապատերից, բացելով և կառուցելով թաղամասի տարբեր մասերը իրար միացնող ճանապարհներ: Կրթահամալիրը  հետևողական ջանքերով բարեկարգել է իր դպրոցական-մերձդպրոցական տարածքները, ամբողջական ազատել դրանք ցանկապատերից, պատնեշներից, խարխլվող հենապատերից, կրթահամալիրի հողամասերում ստեղծել ոռոգման նոր ցանցեր, ստեղծել-խնամում է կանաչ լանջեր, պուրակներ, հեծանվային-հետիոտն անցումներ։ Կրթահամալիրի բացօթյա տարածքները, այդ թվում՝ մարզահրապարակներ-խաղահրապարակներ, ուսումնական ագարակ, շուրջօրյա մատչելի են դարձել թաղամասերի բնակչության համար։ Կրթահամալիրն իր միջազգային կապերն օգտագործում է նմանատիպ առաջադեմ փորձ յուրացնելու համար, թաղամասը էսթետիկական տեսքի բերելու՝ ներգրավելով կրթահամալիրի քոլեջի, ավագ դպրոցի, գեղարվեստի ուսումնական կենտրոնի սովորողներին։

Կրթական պարտեզում հունիս-օգոստոսին գործում են ուսումնական ճամբարներ, արդեն ընթացքի մեջ է քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային փառատոնը։

Ի՞նչն է խանգարում, որ Երևանի քաղաքապետարանն ավարտին հասցնի «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը ՀԱԶ Բ-1 թաղամասում՝ այնտեղ նախատեսելով բարեկարգման շինարարական աշխատանքներ՝ կրթական պարտեզի նախագծի շրջանակում։

Ճարտարապետներ Արտավազդ Թարխանյանի, Արամ Հարությունյանի նախագիծ-առաջարկը։

(68) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>