0

Երջանիկ երեխան բացարձակ արժեք է

Մեր հեղինակած մանկավարժության պատվիրատուն է ասում։

Արմենիա TV-ի «Սուր անկյուն»-ի Սոնա Դանիելյան լրագրողը, «Լրատվական ռադիոյի» Հեղինե Ասրյան լրագրողը «Թարմ ուղեղով» զրույցից առաջ, հետո… ընթացքում, այս օրերի աղմուկի առիթով կրթահամալիրի՝ Բլեյանի դպրոցի 30-ամյա գործունեությունն անդրադառնալով՝ նույն հարցը, զարմանքը, բողոքը, առաջարկը… կասկածը հետևողական առաջ են բերում. ինչո՞ւ մեր մանկավարժությունը՝ որպես հայաստանյան 1988-ի վերածննդի ձեռքբերում, Հայաստանում ծնված-առաջացած, չի տարածվում Հայաստանով մեկ… եթե իրավիճակ է փոխվել…
– Կարո՞ղ է, տիա՛ր, տարածման առումով ինչ-որ բան այնպես չեք անում…

Կարող է: Մեր մանկավարժության ձեռքբերումները թող գան իմ գիր՝ որպես ինքնուրույն հավելված նաև… Զառա Գրիգորյանի այս գրառումն ինձ հուշեց մանկավարժության ձեռքբերման հավելվածներն սկսել դպրոց-պարտեզով մեր…

Հարգելի պարոն Բլեյան, քանզի մեր հնացած կրթական համակարգը այնքան է սպառել ինքն իրեն, ես համարյա կայացրել էի որոշում home schooling ի օգտին, հայտնաբերեցի Ձեր հրաշալի կրթահամալիրը, որպես օազիս ներկա բոլոր կրթօջախների մեջ…
Ես մայրիկ եմ, ով վաղ տարիքից երեխայի խնամքը և ուսուցումը կազմակերպում է Մոնթեսսորի սիստեմի համաձայն, իմ համար կարևորագույն պայմանն է երեխայի հանդեպ հարգանքը և այն բարյացակամ մթնոլորտը, որտեղ երեխան կարող է բացահայտել ինքն իրեն, լինել ինքնավստահ, և հավատացած եմ, որ միայն հանգիստ հոգեվիճակում կարելի բացահայտել սեփական նախասիրությունները, սովորել, կասկածել, վերլուծել, լինել իրապես խելացի և բանիմաց։ 
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ 😊, քանզի երջանիկ երեխան բացարձակ արժեք է։

Այսքան խիտ օր, որ չի տեղավորվում մանկավարժության կենտրոնի կազմած օրացույցում հունիսի 13-ի ու Լիլիթ Ազիզխանյանի հուշաթերթում՝ իմ օրվա գործերի առաջնահերթություններում… Արևմուտքի համերգայինում «Ժողովրդական օպերա» փառատոնային նախագծով Սեդա Թևանյանի Անբան Հուռին էինք երգում-խաղում-դիտում, և իմ աչքը չէի կտրում պատուհաններից այն կողմ տարածվող Ուսումնական ագարակի նոր-մեծ լողավազանից… Խնդրեմ, իսկական երկամարտ-հնգամարտ-բազմամարտ՝ լող և ձիավարություն, պարտիզապուրակային գործունեություն, կենդանիների-թռչունների խնամք… վազքը, քայլը, հեծանիվը փոխադրամիջոց են առօրյա, իսկ սուսերամարտը, հրաձգություն, նետաձգությունն էլ՝ ընտրությամբ մարզաձև։

Ներկայացում-երգ-խաղ, լրացուցիչ կրթության համերգ կրթահամալիրի արևմուտքում:

Իսկ օրվա երկրորդ կեսին արդեն Սյուզի Սարգսյանի մեքենայով պետք էր հասնել Ապարանի նշանավոր հուշահամալիրի փեշերին, հենց Ապարան-Սպիտակ մայրուղու եզերքին երկրորդ տարին ընթացող-ծավալվող Ապարանի քանդակագործության փառատոնին, ծանոթանալ-հասկանալ-ոգևորել… Շնորհակալ եմ Մենուային, Սյուզիին ուղեկցության համար, փառատոնի համակարգող Քնարիկին… Վիգեն Ավետիսի՝ ապարանյան փառատոնին չմասնակցելու և մեզ չմիանալու հանգամանքները հարգելի են, թե չէ՝ դեռ կպարզենք…

Ապարան ճամփորդական լուսանկարները՝ Սյուզաննա Սարգսյանի:
Տեսանյութերը՝ Քնարիկ Ներսիսյանի։

Սյուզիի մեքենայում Ապարանի սարահարթի աջ ու ձախ ձգվող երիցուկի ճերմակ ծփանքի մեջ գունեղ դաշտային ծաղիկների ներկայությունն էր… լայնածավալ կտավներ մի-մի, խոսում էինք Սյուզիի՝ իմ հավանած մեդիանախագծի հերթական թողարկման մասին՝ զրույց մաեստրո Հարություն Թոփիկյանի հետ, իսկ իմ աչքերում-ականջներում հայտնվում-հեռանում էին «Սեբաստացիներ» երգչախմբի պարապմունքի տեսարանն ու իրար փոխարինող ձայները՝ Հայաստանի հիմնի ու Վրաստանի հիմնի… Հունիսի 21-ին տպավորիչ կհնչեն «Մարիոտ»-ում, պաշտոնական ընդունելության ժամանակ…

ՀՀ օրհներգ. երգչախմբի պարապմունքից: Տեսագրումը՝ Նելլի Արղությանի:

Դավիթ Բլեյանը՝ մեր մանկավարժության գլխավոր հերոսը, երջանիկ երեխան, շարունակում է.
– Մա՛մ, Աստղիկը քեզ շատ սազում է… Քո ծիծիկները՝ մեծ, ինքն էլ՝ շատակեր… Որ փոքր լինեին, ո՞նց էր կշտանալու…
– Մա՛մ, ռաբիզը որն ա… ես չեմ ճանաչում… Որ չեմ լսել ռաբիզ երաժշտություն, ո՞նց տարբերեմ… Չէ՜, մի՛ ծիծաղի, ճիշտ եմ ասում…
– Հայրի՛կ, գուշակեցի՞… դու այսօր լավ քնել ես… Հեռուստացույցի ալիքը երեկվա իմ միացրածն է… Չես փոխել…
Այսպիսին է մեր ինքնավստահ-ամառվա մրգի պես արագ աճողը, ում հետ մենք օրը սկսեցինք՝ ես հեծանվով անցնելով Խանջյան-Ծովակալ Իսակով-Մայր դպրոց ճանապարհը, պիտի ճանապարհեի Սևանի «Ժայռ» մեկնող, Սևանում իրենց սպասող Ջավախքից նախագծային խմբին, Դավիթ Բլեյանը անհատական փոխադրամիջոցով՝ Արևմուտքի իր ճամբար, որտեղ ճամբարականների թիվը կտրուկ աճել է, ինչպես կրթահամալիրի Արևելքի, Հյուսիսի, Հարավի ճամբարներում լողափնյա… Ամենամարդասիրական իրական տարածքները ամառային Երևանի…

Աստղիկ-Դավիթը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից:

Արմինեն Դավթի հետ նախատեսում է նոր նախագիծ սկսել՝ «Լսում ենք ռաբիզ», որ Դավիթ Բլեյանը ճանաչի… գնահատի իր ունեցածը… Մեր սովորողներին էլ չէր խանգարի կրթահամալիրը մի կարճ ժամանակամիջոցով փոխարինել այլ՝ պետական դպրոցով… պատահական ընտրությամբ… որ ունեցածը գնահատեն, որ մեր մանկավարժությամբ կրթահամալիրում ստեղծված հնարավորությունները, միջավայրը իրենց անհատականության աճին լիարժեք ծառայեցնենք։

#1688

(209) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>