0

Ցավն է հաճախ առաջ մղում…

Մեր թաղում՝ Երևանի Սևանի փողոցի 3-րդ փակուղում, մեր հայաթում, ուր իրար կից-խիտ տներում ապրում էինք հարազատներով, հարս շատ էին բերում, շարունակ՝ խոսակցություն-պատրաստություն, հարսնատես, նշանդրեք, նորահարսի առաջին այցելություն մեր տուն… Ես ամենափոքրն էի, կարևորված, տափուկ էի՝ կախանագլուխ, մերս կասեր՝ բետ-բետ խոսող մեծախոս էի… Այդպես էր ստացվել. կարևոր էր հարսի-հարսնացուի համար իմ իրեն հավանելը, իմ նկատմամբ մեր հարսնացու-նորահարսների վերաբերմունքն առանձնահատուկ էր, նվերներով-անուշով-խոսքով-շոյանքով… Իսկ սա հիշեցի, կենդանացավ, որովհետև իմ մեծ քույր Նեկտարի ու Արտաշես ավագ փեսայիս, իրենց միակ զավակ Մանուկի ու հարս Գայանեի տանը այս օրերին իրադարձություն է երկար խոսված-սպասված, Արտաշես թոռանն ամուսնացրել, տունը Արմինե անունով հարս են բերել, ու այսօր հարսանյաց հանդեսն է՝ եկեղեցով-սրահով, Արմինեի ու Դավթի հետ երեկ օրվա վերջում այցելել ենք, որ Դավիթը Բլեյան տեսնի հարսին մեր նոր կարգավիճակով… Կարևոր է, որ հիմա էլ այս նոր կախանագլուխ-ժառանգո՞րդը հավանի, իրե՞ն է փոխանցված Շամխալ բեկի-Բլեենց տափուկության գավազանը… Արժանի է մեր տղան, իրենց կարգավայել պահեց, հարսի-փեսայի արանքում, ուշադիր զննեց-խոսեցրեց, հյուրասիրվեց: Նոր Արմինե հարս-աղջկան հավանեց, Արմինեն՝ Դավթին, ուշադիր-բնական-խելացի… Գնում ենք հարսանիքի, որքան էլ քույրս, ասում են-ասում է՝ չի մասնակցելու, հավատս չի գալիս: Ասում են՝ Արմինե հարսը արդեն նշանավոր է, որովհետև հարսնություն է անում Բլեյան-Բազեյան մի տան մեջ, որտեղ 88 տարեկան քույրս այսօր ապրող Բլեյանների ամենատարեցն է, իսկ 92 տարեկան Արտաշեսը՝ Բազեյանների։ Երկար կյանք նրանց. Արմինեին ինչ տոկունություն է պետք, որ երկուսն էլ իրենց հարյուրամյակը նշեն. հարսնության նոր նախագիծ է մեկնարկում այսօր՝ ժամը 16։00՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում «տեր եմ-հնազանդ եմ» խոստումներով։

Աշտարակում։
Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի:

Բայց մեքենայում՝ քրոջս տան ճանապարհին, Դավիթը մեզ լա՜վ անհանգստացրեց իր մարտական տրամադրությամբ…
– Հորս-քո՞ւյր… Իմ հոր քույրն է, Նեկտարը քո՛ քույրն է, պա՛պ, իմը չի, ես շատ քույր ունեմ,- թվում է երկար,- նրանցից ում տուն ուզեմ՝ կգնամ, ես գնում եմ իմ քրոջ տուն, խաղամ, ի՜նչ ես ուժով խոսում… Դո՛ւ քո քրոջ տուն գնա…
– Բա հարսին տեսնե՞լը, Դավի՛թ, հավանելը, առանց դրա հարսանիք չի լինում…

Ես մտքերով գնացի-պատմեցի ձեզ, ինչի՞ մնա, իմ գիրը առանց սրա անկենդան կլինի… ազգագրական չի լինի… Որտեղից-որտեղ ինձ այցելած ուժեղ գլխացավը, մինչ այս անհայտ ինձ, անտրամադիր է դարձնում ինձ, գրում եմ մեծ ընդհատումներով, ինձ համոզելով… Բարեխղճությունն անսպա՞ռ պաշար է. կիմացվի…

Ամենաշատը ինձ զբաղեցնում են երաժշտության կրթության հարցերը հիմա, ոչ մասնագիտական, այլ հանրակրթական, երաժշտական ճաշակի: Երաժշտությունը-ոչ երաժշտությունից առանձնացումը մեր հեղինակային մանկավարժությամբ հանգեցրել է երաժշտական փոխանցովի նոր ավանդույթի՝ ծեսի, երաժշտական խաղերի… ինչպես Հյուսիսային դպրոցում Հասմիկ Մաթևոսյանի և ընկերների այս «Բարեկենդանի հարսանիքը». որին ներկա չլինելս մի արդարացում ունի, որ մի այլ ծեսի-խաղի պատրաստության մեկնարկն էի տալիս Աշտարակում՝ մեր քոլեջի այս տարվա շրջանավարտների «Համայնքային ծես» ավարտական թեզով։ Հասմիկ և ընկերներ, խաղը նրանով է լավ, որ մի ներկայացումով չի վերջանում, լսո՞ւմ եք, փոխեք-լավացրեք-զարգացրեք-կրկնեք մեկ էլ փետրվարի 23-ին՝ ուրբաթ օրը, փետրվարի 19-ից կրթահամալիրում վերապատրաստվող դաստիարակների համար ու նրանց մասնակցությամբ, վերապատրաստման ամփոփման ժամանակ, թե մեդիաուրբաթին՝ դուք որոշեք։

«Աշտարակում Համայնքային ծես»:
Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի:

Ծեսը ինձ համար շարժումով երաժշտությունն է, երաժշտության շարժումը, այստեղից է և մեր կյանքի ծիսականացումը, երաժշտությունը կանոնի բերելը բոլոր միջոցներով, այդ թվում՝ և մասնագիտական ուսուցման դիպլոմային նախագծով, ընտրության  բացառումը սեբաստացի սովորողի ուսումնական կյանքում… Ինչի՞ է սա բերում, ի՞նչ է տալիս… Խորքային ի՞նչ է կատարվում մեր սեբաստացի սովորողի-մանկավարժական աշխատողի մոտ, երբ ինքն է, ու իր ֆեյսբուք-յութուբը՝ իր ազատ ընտրությամբ…

«Երաժշտության պարապմունքներ կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ խմբերի համար» ուսումնամեթոդական ձեռնարկին՝ թողարկված ՀՀ ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից, Երևան 2015թ., ես հանդիպեցի Արագածոտնի կրթության վարչության պետի սենյակում… Իմ ձեռքին է, իմ գրասեղանին այս օրերին, ու ես թերթում եմ օրվա մեջ մեկ-երկու անգամ… Չեմ դադարում զարմանալուց, չհաշտվելուց… Անսովոր գլխացավս երևի այստեղից է… Տեսեք՝ ո՜ւր են նորից հասել, մանկապարտեզ համայնքային, Հայաստանով մեկ, Արցախով… ոչ մեկին չեն խնայի… Նրանք կգան, կավերեն, – չի մնա էլ ոչինչ (Չարենց)…

Աշտարակում։ Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

Իրենցն են մանկապարտեզն ու դպրոցը, երթուղային միկրոավտոբուսն ու տաքսին, փողոցը, հարսանիքը, քեֆերը ռեստորանային… ընտրարշավները… տոնական-հոբելյանական հավաքները… Եթերը… նաև պաշտոնական-պետական TV-ի… Նոր, ձայնային-գործիքային-ֆոնոգրամային ավանդույթ բերեցին, արցախյան շարժման երեսուն տարում վերահաստատեցին մեզանում, ու թվային բոլոր միջոցներով, պետական-անհատական մակարդակում հասնում են յուրաքանչյուրիս, մի բան, որին ես մեկ է՝ երաժշտություն չեմ անվանի, մխտառ-մունդառ մի բան… Ու թվում է՝ գլխից կազատվես, բայց այս գլխացավից՝ երբեք…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1299

(132) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>