0

Այն վերի գլխախնձոր… հարցից՝ ո՞վ է նա…

Երևանագետ՝ ճարտարապետ-պատմաբան Սերգո Տոնոյանի հետ «Հարթակում» սկսված սիրելի-լսելի խոսակցությունը մեծ թվով տարատարիք ճամբարական սեբաստացիների հետ Գեղարվեստի «Հարթակում» հո չավարտվե՞ց․․․ շարունակեցինք միասին քայլել Սերգոյի հետ Երևանի կրթահամալիրի Բանգլադեշում․․․ Կարողացանք զարմացնել երևանագետին․․․ ով չէր տեսել մեր գեղեցկուհուն՝ իր այսօրվա արդուզարդի մեջ, անցումներով-լանջերով-պուրակներով-հարթակներով․․․ մինչև Մայր դպրոցի տանիք-պարտեզ, ընթերցարան ու հրապարակներ խաղային-մարզական․․․ Ճշտեցինք հանուն Երևանի-երևանցու մեր 2018-ի համատեղ աշխատանքի եզրերը, հաստատեցինք երկուստեք պատրաստակամությունը․․․ Անեզր՝ 2800 խնդրով Երևանի ամեն խնդիր՝ միասնական նախագիծ, յուրաքանչյուրը սրանից, որևէ ընտրությամբ, կարող է լինել մեր օրվա շարունակությունը։

«Երևան 2800» նախագիծ: Երևանյան բլուրներ: Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Մեր հմայիչ-մաթեմատիկոս-ճանապարհորդ-կենսախինդ Լուսինե Ներսեսյանը, ներկայացնում եմ իմ գրով, Հայաստանի ուսանողական ջոկատների վարչության հետ կրթահամալիրի 2018-ի գործընկերության պատասխանատուն է, համատեղ իրականացվելիք ծրագրերի՝ կրթական ամենատարբեր փոխանակումներ, կամավորական աշխատանք, պատանեկան, մանկավարժական միջազգային ճամբարներ․․․ այլ ճամփորդական միջազգային ու հայաստանյան ճամփորդություններ․․․ Լուսինեն ունի իմ, կրթահամալիրի արհմիութենական կազմակերպության, չէ՞, Հերմինե Անտոոնյան ջան, սեբաստացի ուսուցիչների և սովորողների վստահությունն ու աջակցությունը․․․ ծափեր․․․ Ասենք շնորհավոր ու անցնենք գործի. 2018-ն իր ընթացքի, իրավունքների մեջ է․․․

Հարավային դպրոցի ճամբարականները՝ Աշտարակում:
Լուսանկարները՝ Շուշան Ալեքսանյանի:

Մարալ Կարապետյանին և իր ջոկատին, «2800 խնդրով Երևան» նախագծային խմբի ներկայացուցիչներին, հանդիպեցի Միջին դպրոցի խոհանոց-ակումբում․․․ Մի սրահում իրենք էին հավաքվել, մյուսում՝ Ջավախքի մեր ընկեր-ուսուցիչ-սովորողները ճաշում էին․․․ Որքա՜ն համեղ-պարզ՝ ուտելու սեղան էր, որ լուսանկարեցի։ Լուսանկարեցի և ինտելեկտուալ-գործունյա հավաքն այս․․․ Միայն թե շուտ անցեք կոնկրետ խնդիր-նախագծերի իրագործումներին․ որպես երևանցի. պիտի ձևակերպեք ձեր խնդիրը ու առավելագույն ինքնավար լուծեք, ոչ թե ձեր մեծերի պես հարցը բարձրացնեք կամ ․․․ սոսկ ձեր կյանքը, ձեր «ուզում եմ»-ները, «ինչ լավ կլիներ»-ները, պատմեք-ներկայացրեք։ Ափսոս է ժամանակը, մեր գյոզալ ուսումնական ճամբարը՝ անիսկական կյանքի համար․․․

– Մենք ծրագրում ենք մեր ապագան ու անցյալը, իսկ ներկան, որպես անթամբ ձի, փախչում է մեր տակից․․․
Այս խոսքը Հրանտ Մաթևոսյանի, չգիտեմ էլ բառացի գրողականը*, թռավ հեծանվորդ տիարի բերանից Բ-4 թաղամասի գլխին, Բաբաջանյանի հարակից այս տարածքից․․․ Երեկ, իսկ այսօր, հիմա, Սոնա Փափազյանի ու մի նախագծային խմբի հետ սովորողները քայլելով եկան, ու Երևանի Բագլադեշի կոնկրետ օրվա խնդրի առաջ կանգնեցինք։ Մաքրության համար չենք պայքարում, լսեք, վերցնում ենք ավելն ու ավլում, ինչպես դա այնքան հուզիչ-կոնկրետ անում են շարունակ-անընդհատ քոլեջոում մեր տնտեսուհի Էլյան ու պարտիզպան Վահեն․․․ Կռասավեց, պռոստո պրելեստ։

Մաքրության համար պետք է պայքարենք: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Ջրծաղիկ դարձած, Աբովյան քաղաք-պետությունում որպես վարակի բուն մեկուսացված Տաթև Աթոյանին ո՜նց եմ կարոտել․․․ Տաթո ջան, արի, բոլորին, Երևանով մեկ, մինչև Վիեննա՝ Շուշան Բլեյանին վարակի․․․ Ա՛յ, վարակը ջրծաղիկի ձևով լինի, թե չէ՝ ես ամեն օր Շուշանի համար անհանգիստ եմ․․․ Ամենավախով կարդում եմ իմ էլ․ փոստին «Արտակարգ պատահար» վերնագրով կրթահամալիրի դպրոցների գրասենյակների հաղորդումները․․․ Սահմանված կարգով կրթահամալիրի տնօրենին տեղեկացնում են մեծ ու փոքր՝ արտակարգ համարվող պատահարների մասին․․․ Ու սրանց մեջ՝ հենց կարդում եմ ջրծաղիկի մասին, ուրախությունից ծաղկում եմ․․․ ջա՜ն, ջա՜ն․․․ Լինում են և այսպիսի հաղորդումներ.

Սիրելի սովորողներ, դասավանդողներ, կորցրել եմ UNICOMP ֆիրմա կապույտ գույնի նեթբուքս: Թողել եմ մայրենիի սենյակում…. 
Սիրով՝ Լիայի մայրիկ Ինգա Անտոնյան

Իսկ դրա պատասխանը չի ուշանում, լսեք դպրոցի ղեկավարի հաղորդումը.

Սեբաստացիական բաց համակարգում կոցնելն անզգուշություն է, բայց գտնելը՝ անխուսափելի: Լիա Հարությունյանի համակարգիչը գտնվել է ընթերցասրահում: Շնորհակալություն արագ արձագանքի համար։
Նաիրա Նիկողոսյան

Ա՛յ, 2018-ի Ձմեռ պապին որ այսօր ճանապարհենք շուքով-ճամբարներով, ողջ-տոնով-ամանորյա ցուցադրությամբ-համերգով մարմարյա սրահից մեր (Ձմեռ պապ 2018-ի մրցանակներն է թողնում մեր Պապը նշանավոր. շնորհակալ ենք առատաձեռն ուշադրության համար), ծաղիկներով թող ջրի աշխարհը մեր Պապը, նվեր-«պատահարներ» շարունակի պարգևել մեզ ու չմոռանա, որ ձմեռը Երևանում-Բանգլադեշում ձյունով ուրիշ հմայքի տեր է․․․ Այ, Ձմեռ պապ, ինչքա՜ն խնդրենք․․․

Այս օրերին մեր հարսանքավոր սեբաստացիներին սազող ամենաբնորոշ պարերգով ավարտենք.

Այն վերի գլխախնձոր, մեր թագավորն է…

Հնագիտության արտագնա դաս-պարապմունքը Երկրաբանական թանգարանում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1267

*Հրանտ Մաթևոսյան «Իրենց անցյալն ու ապագան նրանք ծրագրում են, այնինչ մեր վարքը օտար ձիու պես մեր տակից փախչում է»։

(115) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>