0

Գրոց-բրոց կամ իմ փոստի, սոցցանցի սնդուկից

Էլ ի՞նչ նոր բան գրեմ, եթե իմ փոստը mskh-ում, սոցցանցը լիքն են մեկը մյուսից հետաքրքիր պատմություններով։

Ստամբուլի Ազգային կեդրոնական վարժարանի խմբի հունիսյան այցը դեռ զրնգում է… 1886 թ. Պոլսի Ներսես պատրիարք Վարժապետյանի հիմնադրած վարժարանի տնօրենի երեկվա նամակին ծանոթացեք. «Տասնօրեայ տօնական արձակուրդէ մը վերջ այս առաւօտ մեր առաջին հանդիպումը ունեցանք ուսանող, ուսուցիչ ամէնքով: Մեր 226 աշակերտներու միջեւ իրենց խանդավառութեամբ ուշագրաւ էին այն 21 աշակերտները, որոնք դեռ մի քանի օր առաջ վերադարձեր էին Երեւանէն, վայելելով ջերմ մթնոլորտը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ աշակերտ, ուսուցիչ եւ ծնողաց…»։ 

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի ամենամյա փառատոնի մասնակից Ջավախքի նախագծային խմբին, իհարկե, հատուկ ենք մոտենում։ Մեր Արման Երանոսյան «կապավորը» հիշեցնում է, որ «խումբը, որ կազմված է Ջավախքի տարբեր բնակավայրերի նկարիչ պատանիներից և երիտասարդներից, իր նախագծի հարթակ է ընտրել Սևանի «Ժայռ» ռազմամարզական-արշավային ճամբարը»։ Պարզ է, որ «Ժայռում» նրանց ընդունողը Մացակյան Կարինեն, Ալիս Գևորգյանն ու նրանց  ընկեր նկարիչ-տեխնոլոգ պատանիներն են, Թերլեմեզյանի անվան քոլեջի՝  փառատոնի մասնակից քանդակագործ ուսանողների հետ։ Նրանք հունիսի 13-ից ստեղծագործելու են Սևանի ափին, ստեղծագործությունները ներկայացնեն  «Ժայռ» ճամբարի առափնյա հատվածում հունիսի 16-ին: Վայելք քառօրյա…

Թերլեմեզյանի անվան քոլեջի՝  փառատոնի մասնակից քանդակագործ ուսանողներն աշխատում են կրթահամալիրի սովորողների հետ: Լուսանկարները՝ Ալիսա Գևորգյանի:

Հունիսի 7-ի՝ աղմուկ հանած ինքնաբուխ հավաքին կրթահամալիրի ծնողների, ծանոթ ու անծանոթ մարդկանց արձագանքները սոցցանցում՝ որպես «քոմենթ»-ներ տարբեր էջերում կամ առանձին գրառումներ, հուզեցին։ Տեսեք՝ ինչն է կարևորում՝ Հյուսիսային դպրոցի Հրանտի, Միջինի Էմիլիայի մայրիկ Հայկուհի Աբրահամյանն իր գրառումով՝ դպրոցի մուտքի մոտ աղբի տեսակավորման տարաները… 6 տարեկան Արեգի մայրիկ Աշխեն Քեշիշյանն էլ իր  խոսքին որպես լրացում բերում է Դիանա Գևորգյանի «Գույներ և ազդեցություններ» տեսանյութը։ Ֆեյսբուքը «նվաճել» է լրագրող Մարինա Բաղդագյուլյանի  «Ոտաբոբիկ խճերի վրա` ընդդեմ տագնապի թելադրանքի» հրապարակումը։ Էստեղ են ասել՝ դուք որ էդ ցույցը չանեիք, մենք էսքանը իմացողը չէինք… Զառա Գրիգորյանն էլ՝ իմ նոր ընկերը սոցցանցում, անհամբեր սպասում է կրթահամալիր այցելելուն։ Ես էլ, Զառա ջան, համեցեք, մեզ մոտ հունիս-հուլիսը փառատոնային-ճամբարային են, Երևանում որ չհանդիպենք, Սևանի «Ժայռում» ու Արատեսում հաստատ կհանդիպենք։

Ահա և մեր Արևմտյան դպրոց-պարտեզի ղեկավարման հոգսը մի նամակով թոթափած, Լուսինե Բուշի՝ Միջին դպրոցում կազմակերպիչ աշխատելու արագ արձագանք-հրավերն ստացած մեր Ռիմա Երեմյանի շնորհակալությունը: Ռիմա ջան, արագ ստանձնիր միջին դպրոցում 2019-2020 ուստարվա 6-րդ դասարանցիների կազմակերպչի պարտականությունները։ Մարալ Կարապետյանն իր 8-րդցիների հետ արդեն Ավագ դպրոցում է. Լուսինեն հիմա Ռիմա կազմակերպչի աջակցության կարիքն ունի, 6-րդ դասարանցիների համար կարևոր որակներով՝ մեղմ ու հոգատար մարդու. Հյուսիսը թող սպասի դեռ… Ինչքան հեշտ են մեր միջավայրում անցումները նաև աշխատանքից աշխատանք՝ առանց ցնցումների, տեսարանների, առանց կառչելու… Առանցքում մանկավարժությունն է հեղինակային։

Բարի լույսի թռիչքներ Սևանի «Ժայռ»-ից: Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Գոհար Բալջյանն էլ հիմնավորելով իր խոսքը հղումով՝ խնդրում է. «Հարավային դպրոցը պադոններ է նվեր ստացել, որոնցով ուզում ենք նստարաններ և սեղաններ պատրաստել…»։
Մերժել կլինի՞. համաձայն եմ, Գոհար ջան, հետևողական եղեք, վարպետ Պետոն կգա։ Բերեք շա՜տ պադոններ։ Աստղիկ Բլեյանի լեզվով ասեմ՝ աշխարհի չափ պադոններ, օգտագործված փայտ՝ մեր նախկին նկուղները օր առաջ հյուս-հարավ-արևելք-արևմուտքում օգտագործելի դարձնելու համար, մեր արհեստանոցներում, մեր նախագծումներով…

Գևորգ Հակոբյանին անհանգստացրել են Թամար Հարությունյանի մշակումները ցանկապապատի։ Մենք, իհարկե, անընդհատ բացվող միջավայրի հեղինակ ենք մեր կրթական ծրագրով, «ցանկապատերի դեմ ենք պայքարում», բայց մեր Արևելյան դպրոց-պարտեզի արևմտյան հենապատը՝ 181 դպրոցին հարող, վտանգավոր շատ է բարձր։ Այդտեղ ցանկապատ դնելը գործ է, որ ուշացրել ենք։ Ընտրել ենք Թամարի առաջարկած տարբերակներից մեկը. մետաղական մասը Յուրի Ագջոյանը կանի, իսկ ճյուղերն արդեն Մայր դպրոցում կան։ Մի կտոր կանեն, կտեսնենք… Արևելքում նաև տեխնոլոգիական նոր սրահի ներքին հարդարման առաջարկին եմ սպասում։

Չեմ կարող չբերել նաև «Սեբաստացի» TV-ի Անի Սարգսյանի շնորհակալությունը։ Անիից  ամեն օր հո այսպիսի նամակներ չե՜մ ստանում. «Տիար ջան, ուզում եմ տեղեկացնել, որ ֆոտոխցիկը, օբյեկտիվը ու հիշողության քարտը այսօր ձեռք բերեցինք: Վաղվան ու հաջորդ օրերին՝ զինված պատրաստ ենք: Շնորհակալ եմ»:
Բա այսօրվա Արևելքի ազգային օպերա՞ն Մայր դպրոցում, Անի Սարգսյան։

Հյուսիսի նախագծային խումբը՝ Թումանյանի աշխարհում: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի: 

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1685

(143) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>