0

Մեր կյանքի ժամերը, մեկ է, հաշված են…

Լսեցեք:
Այս օրերին ես ժպիտով եմ վերաբերվում ինձ պաշտոն տալու մասին աժիոտաժային տրամադրություններին-խոսակցություններին… Այո, ես կարիերիստ եմ, շարունակեմ Գրիգոր Խաչատրյանի նման, բայց կարիերա կարելի է անել և՛ վեր, և՛ խոր… հատկապես իմ կենսագրության, դիրքի տեր մարդը: Կրթության նախարար ես եղել եմ, եղել եմ և Երևանի փոխքաղաքապետ, Գերագույն խորհրդի պատգամավոր և ՀՀ նախագահի թեկնածու… Թեկնածուի իմ շտաբում, որը տեղավորված էր «Հայկական ժամանակ» թերթի (Օրագրի) խմբագրությունում, միշտ սիրով եմ հիշում այդ շրջանը, իմ կողքին էին մերձավոր-հարազատների պես Տիգրան Հայրապետյանը, Նիկոլ Փաշինյանը ու Աննա Հակոբյանը, Վահե Հովհաննիսյանն ու Լիլիթ Բլեյանը… Գեորգի Վանյանն ու Նորայր Այվազյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը… Ես եղել եմ Նոր ուղի, ես կամ Նոր ուղի՝ իմ կրթական-մշակութային, հանրային-քաղաքացիական-քաղաքական գործունեության բոլոր հարթակներում… նաև երբ երկու տարի չորս ամիս կալանավոր էի աշխատում Նուբարաշենի քննչական մեկուսարանում, կլոր բերդում, դրանից հետո, երբ«Տանիք» իրավապաշտպան, «Նոր ուղի» հասարակական կազմակերպության ղեկավարն էի: 2006-ին ես ճամփաբաժնի առաջ էի ու գիտակից, հավասարակշիռ-հեռահար ընտրեցի հեղինակային մանկավարժությունը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Բանգլադեշը՝ որպես կարիերա, անձնական, մարդկային-մասնագիտական զարգացման՝ կյանքի ճանապարհ, անունով-փառքով-փշե պսակով, իհարկե. Բլեյանի դպրոցի հիմնադիր տնօրենի կոչումը-պաշտոնը-աշխատանքը ես 2006-ից սեբաստացիներ կրթական համայնքի հետ կատարում եմ պայմանագրով՝ պատվիրատու ունենալով հայաստանյան քաղաքացիական առաջադիմող բաց հասարակությունը, որպես այս կրթական համայնքի առաջադիմության, Թումանյան Հովհաննեսը կասեր՝ պահապան շունն եմ, ես ավելացրի սրան, որ դառնա իմ հավատամքը որպես երրորդություն՝ հավաքարարը ու պարտիզպանը: Դուք չգիտեք, թե ի՜նչ վայելք է լինել առաջինը քո ամենօրյա-անընդհատ ծառայության մեջ, հեղինակը քո գործի, որ մանկավարժություն է կոչվում: Ինքնադրսևորման-ինքնիրացման խնդի՞ր կա. եթե կա, ես այն շարունակում եմ քաղաքացիական հարթակում, դեպի մարդը, մարդու հետ, նրա փողոցում, հրապարակում, տանը, աշխատավայրում… Հրազդանի կիրճով, աջ ու ձախ անցումներով. Խաչատուր Աբովյանն իմ ժամանակի հերոսն է: Ինձ կաբինետը, կուսակցական-վարչական ենթակայությունը, սահմանափակությունը խորթ են…

Ես հեծանվի վրա եմ, մշտական քայլքի մեջ, ես ճամփորդ եմ: Թումանյանն ունի մի տրամադրություն՝ «Պանդուխտ եմ, քույրիկ», որպես ձեռքի թափահարում. դրանով ավարտեմ… Իմացեք հիմա, թող Վիեննա, Շուշան աղջկաս էլ հասնի, որ այս տարի ես ու Արմինեն նոր ծնունդ ենք ունենալու՝ իմ հինգերորդը, Լիլիթից, Տաթևից, Շուշանից, Դավթից հետո, Արմինեի՝ երկրորդը, Դավթից հետո: Իմացեք, որ ես միշտ ուզեցել եմ ավելի շատ երեխա ունենալ, քան իմ նախագահ հայր Շամխալը, վեցից գոնե մեկով ավելի, ու կատակով, բայց ասել եմ՝ ավելի շատ երեխա ունենամ, քան իմ երեք աղջիկները միասին…

Կուզեի այնքա՜ն օժտված լինել ի վերուստ, որ բանաստեղծ, երաժիշտ կամ ռեժիսոր լինեի… Կուզեի այնքա՜ն խաղաղված, համեստ-օրվա արդար վաստակով ապրել, որպես պարտիզպան… Սրանք բոլորը իրար հետ կան իմ մանկավարժության մեջ: Ժամանակի խնդիր կա, միշտ եղել է, հիմա ես այն սուր եմ զգում, ավելի ու ավելի սուր… Իմ կյանքի ժամերը հաշված են, այստեղից և վերնագիրը գրի, ինձ հաճախ այցելող պանդուխտի-ճամփորդի տրամադրությունը… Այնքա՜ն գործ կա անելու, մամա ջան… Ո՜նց, ասել եմ, տեսնում եմ, իմն են, ու անկատա՞ր են մնալու… իմ Երևանը, իմ Զանգուն Սևանա լճով, իմ դաշտը Արարատյան… դեպի մարդը իր ճամփան, երկրագործ հայն ու լուսավորիչ ուսուցիչը Հայաստանով մեկ, Գյումրիով ու Շուշիով…

Tsov Alizé Ծովինար Բանուչյանը երեկ կրթահամալիրի Գեղարվեստի հարթակում էր. սիրելի բանաստեղծուհու հետ` Քնարիկ Ներսիսյանի այնքան սիրով-խնամքով մատուցած հանդիպման մասնակիցներն էինք Նիկոլի Շուշան Փաշինյանի հետ, ընթերցասեր ուսուցիչների-սովորողների պայծառ խմբով… հաղորդակցության, կամուրջների, հարազատության 60-ից ավելի րոպեները ո՜նց թռան… Ի՞նչ մակագրեց «Երեք քաղաք» իր ժողովածուն նվիրելիս՝ «Բոլոր ժամանակների ամենահավես ուսուցչին, որ ոչ մի սերնդի հանգիստ չի տալիս»: Շնորհակալ եմ… Հուզեցիր, սրանից գտած-փախած ավա՞րտ իմ հերթական-ամենօրյա անընդհատ թվով 1371-րդ գրի, 1980-ականների իմ ղեկավարած հայագիտական դասարանների շրջանավարտ սաներ Արշակ Բանուչյանի ու Քնարիկ Խաչատրյանի տաղանդավոր աղջիկ Ծովինար, քո ծովի Բանգլադեշ հասած ալիքներով…

Այո, ինձ այլևս չեմ տեսնում պետական կառավարման մեջ, ես գործում-գործելու եմ կրթական հոգևոր-մշակութային-բնապահպանական-հանրային-քաղաքացիական հարթակներում, միշտ հեղինակ իմ գործի, միշտ Նոր ուղի, միշտ առաջադիմող, բոլորինը՝ ձերը, ձեր երեխաներինը:

#1371

(4) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>