0

Յոթ հրաշալիք՝ միավորող աշխատանք, որ դպրոցը համայնք ստեղծող բաց կենտրոն կդարձնեն…

  • Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արեք նրանց…
  • Մի՛ վարվեք մարդկանց հետ այնպես, ինչպես չեք ուզենա, որ մարդիկ վարվեն ձեզ հետ…
  • Մի՛ թողեք՝ մարդկանց հետ վարվեն այնպես, ինչպես մարդիկ վարվել են ձեզ հետ…

Սրանցից մեկը Նոր Կտակարանից՝ Ուսուցիչ Հիսուսն է ասել, մյուսը՝ 20-րդ հայտնի մաթեմատիկա-մեթոդիստ, ամենաշատ կարդացվող գրքերի հեղինակ Ջեյմս Փոյան, մյուսը, կներեք, ես… Քունս չէր տանում, որտեղից որտեղ եկավ սա… Ասացի գրեմ՝ գրեցի, դասավորեմ իրար տակ՝ դասավորեցի. բայց էլի քունս չտարավ… Հիմա ունեմ րոպեներ մինչև տանից դուրս գալը, շարունակեմ գրածս, որ պատում դառնա, գիր՝ հերթականին արժանի, որ իմ խմբագիր ընկերներ Սուսոն ու Թոփչիկը եթեր բաց թողնեն…

– Երազել եք աղջիկ ունենալ, ունեցել եք՝ պահե՛ք… Ես չեմ երազել…
Էս հաստատ շփոթելու բան չէ, և ոչ նրա համար, որ մի միտք է… Դավիթ Բլեյանը՝ էքստրիմի վարպետ-սիրահարը, Աստղիկի հետ սայլակով չտեսնեք՝ ինչեր է անում… Տեսնելու բան չէ… Արմինեն սուր արձագանքում է, ու ես հայտնվում եմ, ոնց որ Ամբերդ գետը, երկու ափի արանքում…

Աստղափայլ Աստղիկը:
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

 

Քարտեզը՝ Էմանուել Ագջոյանի։

Բյուրականի աղբյուրներից ծնվող Ամբերդի զուլալ ջրերը մինչև Արաքս քանի՜ գյուղի-մարդու է ջուր հասցնում, քանի՜ հեկտարի կյանք տալիս… Ու գյուղից գյուղ ավելի հիմար վիճակում է հայտնվում, ինչպես Ոսկեհատում կամ հենց Էջմիածնի Ամբերդում… աղբանոց դառնում…
– Ո՞նց ենք մենք էս աղբաջրի ելակը ուտում,- ողջ ճանապարհին իր զարմանքը քանի անգամ կրկնում է ամենատես-քնքուշ մեր Նունե Խաչիկօղլյանը

Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ…
ՀՀ կառավարության ծրագրի նախագիծ

Ծրագիրը՝ առանց «ինչպես»-ի, առանց կազմակերպման, չի դառնում ուղեցույց՝ համայնքի, ուսուցչի, սովորողի համար, շրջանցում է մարդուն։ Յոթ հրաշալիք՝ միավորող աշխատանք, որ դպրոցը համայնք ստեղծող բաց կենտրոն կդարձնեն. սրանով՝ իմ առաջարկած այս կազմակերպմամբ, փորձեմ մասնակցել կառավարության ծրագրի ուղեցույցի ստեղծմանը կամ վերաձևակերպմանը։

Գյուղական (միջգյուղական. խոշորացված համայնքների դեպքում՝ համայնքային) հանրակրթական ծրագրի յոթ կետերից մեկը՝ մաքուր գետն է՝ ակունքից-առաջացումից մինչև ջրաթափ-գետաբերան, ողջ ընթացքում մաքուր հոսելը՝ հանրակրթությամբ ապահովվող-ձեռք բերվող շարունակական արդյունք։ Թումանյան ջան, քո «Գետակ»-ի ու «Մանուկն ու ջուրը»-ի համար ուշքս գնում է… ու չեմ հանդիպում, թեև Հայաստանը ոտի տակ եմ տալիս սեբաստացիների հետ՝ սովորող, թե ուսուցիչ… Գետը՝ գյուղի-համայնքի յոթ հրաշալիքներից մեկը։ Գետից սկսենք հանրակրթության մեր փոփոխությունները, նրա ավազանի-հունի մաքրությունից։ Ամբերդը շուրջ տարի աղբանոց պահող բոլոր գյուղերի ուսուցիչներն ու դպրոցականները մի շղթայով միավորվեն այսպիսի աշխարհացունց-հեղափոխական հռչակագրի շուրջ, ասենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով, եթե իմը քիչ է…

Թռչնատառերի պատրաստում: Հարավային դպրոցի երրորդ դասարանցիներ: Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի:

Մյուսը՝ երկրորդ հրաշալիքը, ժողովրդական տունն է՝ իր մառանով՝ չորանոցով, չրանոցով, հնձանով, հացատնով… գոմով… փայտանոցով, խորդանոցով… հյուրասենյակով, մատչելի սանհանգույցով… Հա՛, ժողովրդական տների ամբողջական նախագծերի պատկերումը, առանձնացումը, գյուղի, դպրոցի ցուցասրահում գծագիր-լուսանկարներով ցուցադրելը, ուսումնասիրելը, սիրել-գուրգուրելը, խնամել-մշակելը-ամբողջացնելը, վերականգնման-տեխնոլոգիայի արհեստանոցը… պակասող դետալների պատրաստումը-լրացումը գյուղի վարպետների ջանքերով…
Մտնես գյուղ, ապրելդ, գիշերելդ, հյուրասիրվելդ գա. այդպիսի հրաշալիք գյուղի՝ գյուղի պանդոկ՝ որպես ժողովրդական-ազգագրական տուն…

Հաջորդը, իհարկե, գյուղական դպրոցը՝ իր բակով, հողամասով, շրջակա միջավայրի նկատմամբ խնամքով-գուրգուրանքով-ճաշակով, տնկարանով, ծաղկանոցով, այգիներով պտղատու, մարզահրապարակով, լուսավոր… գեղջկական-պարզ… որպես երրորդ հրաշալիք…

Հետո՝ ծիսական կենտրոնը՝ եկեղեցին, մատուռը, սուրբը… գերեզմանոցը… Ծեսի երաժշտությունը՝ իր գյուղական երգչախմբով, ծիսական պարերգով, խոսքը, խոհանոցը, սովորությունները…

Հինգերորդ հրաշալիքը՝ բնությունը, բնության հուշարձանը.  Ոսկեհատում, ասենք՝ քարափը, գյուղի եզրով ձգվող, զարմանալի տարողունակ։

Մարդու ստեղծած զարդ՝ ձգող, բաց մարզադաշտը շուրջտարյա պարապմունքների համար, կարող է լինել վեցերորդ հրաշալիքը Ոսկեհատ գյուղի…

Յոթերորդը, իհարկե, էս վեցը իրար կապող մաքուր-չոր կածանը,  ցանկապատներից-պատնեշներից, աղճատող-այլանդակող բոլոր տեսակի պարիսպներից ազատված գյուղի բնությունը… Գյուղի մաքրությունը։

Յոթ հրաշալիք՝ գյուղական հանրաքվեով քննարկված, ընդունված, մարդու գիտակցության ու առաջնահերթությունների մեջ նստած, ու որպես առաջնային՝ հանրային շահով պաշտպանված, համայնքային միավորող աշխատանքի ուղեցույց՝ զարգացման ծրագիր…

Ահա. կառավարությունը կընդունի, թե չէ, ես իմ խոստումը Ոսկեհատի ուսուցիչներին կատարեցի. դուք կարող եք օգտվել ազատ իմ այս բաց նախագծից։ Յուրաքանչյուր հրաշալիքի նախագծման-ստեղծման փուլում ունեք մեր աջակցությունը։ Դա էլ կառավարության ծրագրով կարևորվող շնորհք է՝ գործի համար գտնել բիզնես-ընկերներ՝ գյուղից դուրս եկածների, գյուղ եկողների, այդ հրաշալիքներ այցելողների մեջ։

Թումանյանական կերպարների պատրաստում: Հյուսիսային դպրոց, 2-4 տարեկաններ: Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1578

(263) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>