0

Զրոդրամանոց անգին ծառայություններ…

Մինչև Ազգային ժողովի 132 պատգամավորները արտահերթ, բայց մեր ընտրած, երեկ հանդիսավոր, խոսքերը մեկ արած հայտարարում էին (երդումի պես) իրենց ձայն տված-չտված, ընտրական իրավունքով, չիրավունքով, ընտրություններին մասնակցած և ոչ, մեզանից յուրաքանչյուրին՝ ծառայության մասին (ինչպիսի՞. յուրաքանչյուրը թող ձևակերպի), բայց բարձր վարձատրովի*… ես իմ օրն սկսեցի ու ավարտեցի քիսաչի** հոր անվճար, չէ, ինչպես Դավիթ Բլեյանը հայտարարեց, «զրո դրամով» ծառայությամբ…

– Դավիթ,- լողարանում խաղաղ զրուցում եմ, օճառը քսում,- գիտես, հա՞, էս գործը, որ ես քանի տարի անում եմ, քիսայել է կոչվում, իմ ծառայությունն էլ, որ այսպես անվճար մատուցում եմ, քիսաչու ծառայություն է կոչվում…
Ու  խոսում ենք, իմ իմացածի չափով, էս ծառայության մասին. ես արդեն գիտակից տարիքում մորս ծառայությունից խուսափելու-հրաժարվելու անհաջող ու ցավոտ փորձերը, տեսեք, չեմ մոռացել…
– Դավիթ, բա վճարելո՞ւ ես, ինչպե՞ս, ե՞րբ, որքա՞ն…
Թվում է՝ Դավիթը, զարմանալիորեն լուռ, չի լսում, իր ուզած ջրից-ցնցուղից ընդարմացած, նիրվանայի վիճակում է…

Քիչ հետո վարորդ Հայկի՝ կրթահամալիրի թ. 39 երթուղու առավոտվա ճամփորդական հարցերի մեջ փորձում եմ տեղավորել, զվարճալի-տեղեկատվական դարձնել քիսաչու ծառայությունը… Մեկ էլ, իմ հարցին՝ ո՞րն է քիսայի ամենաթանկ ծառայության արժեքը, Դավիթը, կտրելով հնչող պատասխանները բացականչում է.
– Զրո դրա՛մը… Զրո դրամով ծառայությունը ամենաթանկն է, գին չունի, անգին է…
Իրիկունը արդեն երեքով, Դավթի ու Արմինեի հետ, քիսաչու ծառայություն ենք մատուցում լողարանում Աստղիկին՝ մեր 50 օրական Բլեյանին… Քիսաչի հայրիկի այսպիսի խաղաղ-անգին ծառայություն բոլոր հայրիկներին ու ծառայությունը կամավոր ընտրող զավակներին՝ տղա և աղջիկ…

Քանդակի պարապմունք: Լուսանկարները՝ Արև Բալջյանի:

Դավիթն իր պայուսակի մեջ առավոտվա, նոթբուքի հետ, քիչ է մարզականն ու մանր-մունրը, որ ինքը գիտի, դնում է և Ձմեռ պապի «Ամեն ինչ տիեզերքի մասին» հանրագիտարանը, մեծ ու ծանր… Չի զիջում մայրիկին, իր գիրքը չի թողնի դպրոցում… Դպրոց, որին այնքան կապված է, որ ոչ միայն որևէ օր բաց չի թողնում, որևէ առիթով, պատճառաբանությամբ, մահանայով, այլև պարապմունքի-երկարօրյայի ոչ մի ժամ… Մնում է մինչև ժամը 5-ը, շեն կենա իրեն մատուցվող ամենօրյա տրանսպորտային, մատչելի ու ապահով, իրեն գրավիչ ծառայությունը…
– Չէ՛, պատվաստման կգնամ, որ ասում եք, բայց ժամը 5-ից հետո, մինչև հինգը ես պարապմունքներ ունեմ…
– Հորդ նման ուսումնատենչ ես, ա՛յ աշխատասեր Բլեյան, քո համար պոլիկլինիկան իր ծառայությունը պիտի դարձնի շուրջօրյա՞…
– Շուրջօրյա չեն ուզում՝ պետք չէ, թող շաբաթ օրը աշխատեն, որ մարդկանց, իմ նման, հարմար լինի…
– Իսկը հոր կտորը…- չգիտեմ հիանում, թե հանդիմանում է Արմինեն, բայց հանձնվում է…

Շտապում ենք, ուշանում ենք իրար նման Բլեյաններով, Դավիթը նստած կապում է կոշիկները, մեկ էլ Աստղիկը բարձր ձայնով, Դավթին հասկանալի կանչում է…
– Դավի՜թ…
– Քույրի՛կ ջան, չեմ կարող, ուշանում եմ, դիմացի, մինչև մայրիկը ձայնդ լսի… չգիտեմ որտեղից և ինչով հասնի… Լսեցրո՜ւ, քույրի՜կ… Վազեցի…

Երկրորդ դասարանցիների ընթերցանություն:
Լուսանկարները՝ Սեդա Խաչատրյանի:

«Մարզական դաստիարակներ» վերնագրով այս պարապմունքը՝  մեր սենսեյ Հայկուհու փաթեթով, չգիտեմ որտեղից հայտնվեց իմ էկրանին ու տեղավորվեց… իմ գրում… Նույն շարքից է՝ հումորով, առողջ ծառայություն, ինքն իրեն մատուցվող, զրոդրամանոց… անգին, ան-գին…

Անգին են նաև ուսումնական նախագծերով մեր ուսուցիչների հեղինակային, անհատական  TV ծառայությունները։ Հերթական օրինակը այսպիսի, որ մատուցեց Քնարիկ Ներսիսյանը կրթահամալիրի խաղողի և գինու դպրոցի «Երևանի պատմական Դալմայի այգիների վերականգնում» ուսումնական նախագծով երեկ, երբ մեր խաղողի և գինու դպրոցի ձեզ հայտնի երրորդությունը՝ Դերենիկ Սաֆարյան, Գագիկ Մելյան և նրանց աշակերտ Էդվարդ Հովհաննիսյան, ցերեկով, արդեն 96-ամյա Դերենիկ Սաֆարյանի տանից ու նրա առաջնորդությամբ, իմ խոնարհ ուղեկցությամբ պտույտ արեց Դալմայի այգիներում։

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1549

* ԱԺ պատգամավորները ստանում են ամսական 661 հզր 400 դրամ. դրույքաչափի հաշվարկման գործակիցը 10-ն է (Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենք):

** Քիսա – 1. Քսակ: 2. Կոշտ կտորի ձեռնոց, որ լողանալիս մարմնին են քսում կեղտը հանելու համար։
Քիսաչի – բաղնիքում քիսայով լողացողին մաքրող մարդ:

(72) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>