0

Կրկնակի հարսնաքույր Շուշանը՝ Վիեննայից, հատուկ ձեզ համար…

Ճոճանա՜կ, ճոճանա՜կ, գնաս ու գաս շարունակ…

Ի՞նչ կհարցնի Դավիթ Բլեյանը գիշերը 3-4-ի արանքում, մեր տան խոհանոցում, մինչև արթուն հայրը հանկարծ արթնացածին իր ուզած ծորակի ջուրն է լցնում-տալիս․․․
– Ինչո՞ւ մեր տանը մեծ, իսկական ճոճանակ կապված չի…
Երբ Դավիթը երկու տարեկան էր դառնում, ճարտարապետ Համլետ Խաչատրյանը պլաստմասե կանաչ ճոճանակ բերեց, այնքա՜ն որակյալ, հուսալի ճոպաններով, որ երեք տարի տարատարիք հարազատներ գործածում էին պատշգամբում մեր ընդարձակ․․․ Թվաց, թե անցել է, շրջան էր…
– Ի՞նչ կլիներ, որ հիմա գիշերով ճոճանակի վրա ճոճվեինք…
Հիմա Դավիթը ջուրը խմում է, ու ես նրա հարցի պատասխանը չգիտեմ։

Շուշան Բլեյանի համար են ասել՝ «С корабля на бал!»։ Օգոստոսի 8-9-ի գիշերը Վիեննայից ինքնաթիռով իջել է Երևան ու երեկ ամբողջ օրն անցկացրել իր ընկերուհի Աննա-Մարիի հարսանյաց արարողությունում՝ որպես հարսնաքույր․․․ Այսօր ուշքի կգա, ես կլինեմ Արատեսում, Եղեգիսի կիրճում, Շուշանն իր մյուս ընկերուհի Քրիստինեի հարսանյաց հանդեսի հարսնաքույրը կլինի օգոստոսի 11-ին․․․

– Ե՞րբ կհանդիպենք ես ու Շուշանը…,- Դավթի մյուս հարցը խոհանոցում, ջրի բաժակը դատարկելուց հետո, հենց այս գլուխկոտրուկի լուծումն էր…
– Թող գա, ինձ տեսնի Շուշանը կիրակի օրը, ես այսօր ճամբարի եմ…
Հետաքրքիր, անհատական կյանքի-վարքի-բարքի մարդիկ են էս Բլեյանները…

Կրթահամալիրի հարավային ճամբարի լողափից
ֆոտոշարը՝ Մարինե Մանուկյանի։ 

Հեծանիվը հիմա ինձ այնքան չի զբաղեցնում, որքան քայլելը… հատկապես, որ փշի տեսակը այնքան է զորացել ու շատացել, որ ամեն օր դողը կպցնելու գործ է բացում…

Իմ պլանների մեջ եղել է, կա Հայաստանի գետերի հուներով-եզերքով անցնելը՝ ակունքից (առաջացումից) մինչև գետաբերան (գետ կամ լիճ թափվելը), սկսելով ասենք՝ Չանախչիի Արածոյից թե Արատեսից… Հասնես-անցնես խմբով, ուղեկցողով, նկարելով, քարտեզագրելով, պատմելով… բոլորի ակունքներում նշաններ կանգնեցնես… Փորձենք նորից վարակել այսպիսի հայրենագիտական գործողությամբ հայաստանյան մեր գործընկերների՝ «Գետը բնակավայրում» նախագծի արկածային-որոնողական հայտնագործական իմաստը շեշտելով… Էլեկտրոնային ուսումնական-նախագծային հանրագիտարան սկսենք կազմել մեր գետերի մասին՝ նախապատրաստելով սովորողների-ուսուցիչների ուսումնական-հայրենագիտական-հանրային աշխատանքով  գետերի-առուների շտկման-մաքրության հաստատումը, որ գետով բնական ջուր հոսի, ու ջուրը հասնի իր նպատակին… Սևանա լիճը ո՞նց չի զգա այսպիսի աջակցությունը, համազգային հոգատարությունը, խնամքը մարդու։

Սևանի «Ժայռ» ճամբարից ֆոտոշարը՝ Գոհար Սմբատյանի։ 

Մեր հեղինակային դպրոց-պարտեզների ու նրանցում երեխաների ուսումնական կյանքի նկատմամբ հասարակության վստահությունից հոգսերի նոր ծավալ առաջացավ՝ նոր առաջին դասարանի, 2-4 տարեկանների նոր խմբի… Սիրով։ Երեկ մենք օպերատիվ-էժան լուծումներ էինք փնտրում ու գտնում։ Համեցե՛ք. ասված է՝ մեր մանկավարժությունն ընտրած ոչ մի ընտանիք դուրս չի մնա…

Երեկ, նույն սիրով, Արատեսի դպրական կենտրոնի նախագծային խումբը մանրակրկիտ ավարտում էր Արատեսի աշխատանքային ջոկատի պատրաստությունը… Պետք էր տեսնել՝ ի՜նչ պիտույքներ, երկրագործության, շինարարի գործիքներ էին տեղավորում մեր կիսաբեռնատար ու մարդատար մեքենաները… Նոր ուսումնական տարվա մեկնարկի պատրաստության օրերը հալվում են քաղաքի ասֆալտից ավելի արագ…

Կրթահամալիրի արևելյան լողափից
ֆոտոշարը՝ Աննա Ստեփանյանի։

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1438

(99) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>