0

Բանգլադեշ-Ֆլորենցիա. նամակագիր՝ Ավետիսով…

Իմ այս գրով Ձեզ ներկայացվող նամակն Իտալիայի Սիենայից է, Մասիմո Լիպիից*՝ քանդակագործ, պոետ, լրագրող, պրոֆեսոր, գրող, ուսուցիչ, չորս երեխայի հայր։ Մասիմո Լիպին  մեր գործընկեր Վիգեն Ավետիսի միջոցով իր համար հայտնաբերել է իր հոգու հայրենիք Հայաստանը, 2013-2014թթ մասնակցել է Շուշիի «Հակոբ Գուրջյանի» սիմպոզիումին, քանդակներ ունի Շուշիում, Ապարանի հուշահամալիրում  և Գյումրիում։ 2016-ին Ապրիլյան պատերազմի ընթացքում եղել է Արցախում։

Դե, Վիգեն Ավետիսին գիտեք. Նոր Հայաստանի լավագույն դեսպանը կլիներ Իտալիայում, իր 25 տարի կայացած հեղինակությամբ կծառայեր, կամրջաշինարար կդառնար ոչ միայն Ֆլորենցիայի և կրթահամալիրի Բանգլադեշի, այլև Իտալիայի և Հայաստանի միջև։

Այս նամակով ինձ մինչ այս անծանոթ արվեստագետի, որ փոխանցեց ինձ Վիգենը, այս արանքում Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի ստեղծումով-ծավալումով կրթահամալիրում, մեր ամենամյա Բանգլադեշյան պլեներում նոր զարգացումներ են նախագծվում։ Մասիմո Լիպիի գործընկերությամբ 2019թ. հունիսին կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը քանդակի միջազգային սիմպոզիում կկազմակերպի կրթահամալիրում՝ Երևանում և Արատեսի դպրական կենտրոնում։ Ականատեսը կդառնանք «Արվարձանի կրթական պարտեզում» քանդակագործի աշխատանքին՝ Վիգեն Ավետիսի սաների մասնակցությամբ, կհավաքենք-հյուսենք միասին ու իտալացիներին, միջազգային նախագծի մեր հյուրերին կներկայացնենք մեր ժողովրդական օպերան «Թումանյան-Կոմիտաս 150»-ի ծրագրերով, հեղինակային մանկավարժական ֆիլմերի մեդիափառատոնի մասնակից-հանդիսատես-գնահատողը կլինենք։

Սա՝ հունիսին։ Իսկ հիմա ծանոթացեք իտալացի արվեստագետի նամակին ու իմ պատասխանին, որ Վիգեն Ավետիսից առաջ մեդիայով կհասնի հասցեատիրոջը։

Մասիմո Լիպիի նամակը Աշոտ Բլեյանին

Ճշմարտագույն պրոֆեսոր տիար Աշոտ Բլեյան,
Ձեր հայ՝ մարգարեական ազգի մարգարե և լուսապայծառ պրոֆեոսոր, իմ եղբայր-ընկեր Վիգենը՝ իրական եղբայրս Հավատում և Արվեստում, ինձ պատմեց Ձեր և Ձեր մեծ անհատականության մասին, ինչպես նաև Ձեր հայրենանվեր գործերի մասին՝ ի շահ Հայաստանի և համայն Մարդկության: Մարդ, որ զոհաբերվում է այս բարձրագույն առաքելության համար, ինչպես անում եք Դուք: Մարդ, որ վստահում է քրիստոնեական սրբություններին և գթասրտությանը, և որի ձայնը լսելու առաջնային կարևորություն և պարտականություն ունեն ապագայի Ազատ և Արդար մարդիկ՝ Ձեր աշակերտները:
Մի բառով՝ Կրթում է մարդուն:

Իրական աշխարհում մի հրեշավոր ծրագիր կա, որի նպատակը մարդկանց և սերունդներին ոչնչացնելն է: Ահարկու մի մենամարտ Լույսի և Խավարի միջև: Լույսի հրեշտակները հենց Ձեզ են ընտրել, քանզի Հայաստանը մի լուսարձակ է աշխարհի համար այս զազրելի խավարում:
Ձեր հրաշալի նախաձեռնությունը նաև իմն է:

Երեխա տարիքից բացատրում էի հասակակիցներիս և մեծահասակներին Արարչի հրաշագործությունների խորհուրդը: Բայց կյանքը ոչնչացրեց այդ մարդկանց, բայց, Աստծո կամոք, ո՛չ ինձ: Իմ վաղեմի երազանքը հիմա տեսնում եմ Ձեր և Ձեր հրաշալի Կյանքի դպրոցի մեջ: Սա Աստծո Օրհնությունն է:

Հայաստանն իմ հոգևոր Հայրենիքն է, որը միշտ կրել եմ սրտիս գաղտնարանում: Բայց մի օր, որն արտաքուստ շատ սովորական էր, նշանավորվեց նրանով, որ Հայաստանից ժամանեց մի Որդի: Այնքան հզոր և հանճարեղ, որ ինձ օգնության հասավ այն պահին, երբ մոլախոտ էի քաղհանում Ֆլորենցիայի սրտում պատսպարված մի լքված այգում՝ Գեղարվեստի փառահեղ ակադեմիայում: Նրա անունն է Վիգեն Ավետիս: Շատ համեստ ասած՝ նա պատմություն կերտեց Ֆլորենցիա քաղաքում և աշխարհում:

Մենք գոյատևում ենք տիեզերական արհավիրքի հորձանուտում: Ինձ թույլ եմ տալիս վստահաբար խոսել Ձեզ հետ: Կանխատեսել էի հարյուրամյա ծառերի տապալումը Երկնքի կամոք, քանի որ մարդկանց մեծամասնության բամբասկոտության պատճառով անլսելի է դառնում Աստծո անաղարտ Զավակների ճիչը:

Այդպես էլ եղավ: 2014 թ. սեպտեմբերին (եթե ճիշտ եմ հիշում) անսպասելի և հուժկու պտտահողմը արմատախիլ արեց այդ հռչակավոր և հմայիչ ծառերը և գետին տապալեց: Վիգենն այս ամենի հավաստի վկան է:

Ընդունեք ինձ անմնացորդ և եղբայրաբար, ինչպես մի զինվորի, որն ապավինել է Ձեր լուսապայծառ Իմաստությանը: Ձեր ամեն մի խնդրանքը հրաման է ինձ համար՝ մաքրել զուգարանը կամ լվանալ ապակիները, ավլել դասասենյակները, ներկայացումներ բեմադրել… Սա է իմ աղքատիկ հնարավորությունների արվեստը: Եվ այլ գործնական և ոչ գործնական հանձնարարություններ կատարել: Կանեմ այս ամենը, թե Աստված կամենա:

Այսպիսով՝ առաջին քայլն արված է: Ես Վիգենի հետ հրապարակում էի այն օրերին, որոնք թերթերը միտումնավոր «Թավշյա հեղափոխություն» են անվանում: Հեղափոխությունները երբե՛ք թավշյա չեն լինում: Այս բառը ելևէջորեն արտահայտիչ է, բայց… հապճեպ: Այդպես ասողները չեն սիրում իրենց իրական ճակատագիրը և Հայաստանի Սուրբ հողի տեղն արևի տակ: Կարևոր է ո՛չ թե հնի վերակենդանացումը, այլ ճակատագրի իրականացումը:

Ձեզ չեմ կարող ասել, թե ով եմ ես: Ես մի կատարյալ անծանոթ եմ՝ «արևմուտքից», բայց հայի սրտով:

Այսպիսին է Հայաստանի ժամանակը՝ շատ բարդ և ճակատագրական: Եվ ոչ պակաս կարևոր, քան պատմական այլ դրամատիկ պահերը: Հիմա նոր զավթիչները Ձեր դեմ են ելել և ձեր երիտասարդ տղաներին ու աղջիկներին են գողանում: Եվ դա դառնում է մահացու զենքը, որը չի սպանում մարմինը, բայց հոգին է քայքայում: Հայերը թշնամիներ չունեն, որովհետև Ճշմարտությունը թշնամի ու հակառակորդ չի ունենում։

Մահացու վտանգը Հայաստանի համար մոդեռնիզացումն է: Ես դա լավ եմ պատկերացնում, քանի որ լավ եմ ճանաչում իմ սիրելի Իտալիան: Այս նոր բարբարոսները միացել են երեք հիմնական կայսրությունների ձևով և հիմա ցանկանում են ոչնչացնել Արարվածը: Սատանան է դրանց դժոխային առաջնորդը:

Ձեր այսպիսի Կյանքը հաճո է Աստծուն: Դուք Հայաստան-հայրենիքի իսկական հայր եք: Ես երազում եմ մարտի դաշտ դուրս գալ Ձեզ հետ միասին: Բանկերը և Ճշմարտության հանդեպ ատելությունը սպանեցին Եվրոպան: Ճշմարտության (Սբ. Հիսուս Քրիստոս) և Գեղեցիկի (Սբ.Մարիամ Աստվածածին) դեմ դուրս եկածներին է պետք ոչնչացնել: Նրանք երբեք չեն հաղթի։ Դուք դա շատ լավ հասկանում եք։ 

Անհամբերությամբ սպասում եմ մեր գրկախառնությանը:

Ձեզ նվիրյալ՝ Մասիմո Լիպի

Սիենա, Իտալիա
01 հունվարի 2019թ.

Նամակի հետ՝ Մասիմո Լիպիի քանդակ-հուշանվերը Աշոտ Բլեյանին։

Աշոտ Բլեյանի պատասխանը Մասիմո Լիպիին

Սիրելի՛ Մասիմո Լիպի։ Եղբայր։ Ձեր նամակը Ձեր թույլտվությամբ հրապարակում ենք իմ բլոգում, ու սրանով Ձեր, իմ, Վիգեն Ավետիսի հարազատությունն ենք հանրայնացնում։ Նամակ է, որ կարող էինք գրել երեքով։ Վիգենն այնքան բծախնդիր թարգմանեց՝ փոխանցելով մեզ Ձեր պոետական խառնվածքը, այնքան հուզումով, երկար կարդացինք, տող-տող, որ հասցրինք մեր հանդիպման մասին ամեն ինչ խոսել Վիգենի հետ։ Ձեզ կփոխանցի։ 

Սպասում ենք Ձեզ մեր-Ձեր սիրելի Հայաստանում՝ Երևանում, Վայոց ձորի Եղեգիսի, կրթահամալիրի Արատեսում։ Վիգեն Ավետիսի հետ Ձեր նախատեսած քանդակի միջազգային սիմպոզիումը հունիսին, Արատեսի վանական համալիրի վերականգնումը, դպրական կենտրոնում մեր գեղագիտության հաստատումը մեզ միավորող, Աստծուն և մարդկանց հաճո գործեր են, իսկական կյանքի դպրոց այդ նախագծերի մասնակիցների՝ աշխատողների և սովորողների համար։

Վիգեն Ավետիսով, Ձեր նամակով բացահայտված այս կապը երևելի գործի սկիզբ կդառնա։ Անկասկած։ 

Ձեր անձի և գործի նկատմամբ խոր ակնածանքով՝ Աշոտ Բլեյան

Երևան, 2019թ. փետրվարի 9

#1576


(158) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>