0

Խիզախեցիր՝ քո տարին է, հայրենագետ-ճամփորդ, սիրելի Մարթա․․․

Դավիթը ամենաշատը սիրում է․․․
– Դավի՛թ, ո՞ւմ ես ամենաշատը սիրում,- ուղիղ հարցնում է մայրիկը՝ Արմինեն․․․
Առաջին-երկրորդ տեղերում՝ հայրիկ-մայրիկն են, հետո գալիս են երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղերը՝ Շուշանը, Մելինեն, Սոնան․․․ Հետո անունների տեղերը փոխում է, ծիծաղում․․․ հետո՝ մնացածը․․․ անուններ։
– Դավի՜թ, բա Նիկոլ Փաշինյա՞նը․․․,- հարցնում եմ այս խաղը կրկնելով, երեկվա իր քաղաքական ելույթը խթանելով, խաղի մեջ մտնելով…
– Պա՜հ, Նիկոլ Փաշինյանին թող ժողովուրդը սիրի…
– Ի՞նչ է, դու ժողովուրդ չե՞ս…
– Չէ՛, ես ճամբարական Դավիթ Բլեյանն եմ, չգիտեի՞ր…
Իր սիրելիների հնգյակից երեկ Մելինեին բերման է ենթարկել… Ո՜նց են խաղում, խոսում, ապրում, անբաժան, ոնց որ հասակակիցներ…

Ահա այս ճամբարականին երեկ մոտենում ենք Փարիզի «Մկնիկ» մեկօրյա դպրոցի ծնողների-սովորողների հետ․․․ Դավթին ճանաչում են․․․
– Դավի՜թ,- կանչում եմ,- վեր կաց, արի դիմավորի, Փարիզից մարդիկ են եկել քեզ տեսնելու…
– Ինձ մի՛ խանգարեք, արևի հետ եմ,- լողափին արտիստիկ պառկած՝ ձայնում է հերոսը։ Աղջիկների հետ արևային լոգանք է ընդունում լողից հետո։ Այդպես էլ չմոտեցավ…

Փարիզից ժամանած հյուրերը մասնակցում են ճամբարին։ Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս կառավարությունում արած հայտարարությունը, զգուշացումը, որ Սևանը ջրի տարա չէ, ոռոգման խնդրի լուծման ուրիշ միջոցներ պիտի փնտրենք՝ առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու… ո՞նց անենք, որ ազդեցիկ կոչ-հանձնարարություն դառնա յուրաքանչյուրիս… Ուշադիր հետևում եմ առաջացած նոր հանրային շարժման գործողություններին։

Օրեր առաջ Չանախչի-Զանգակատնում, պատմել եմ, եռանդուն եռյակի՝ մեր նոր գործընկերների, թանգարանի տնօրեն-մայրենիի ուսուցիչ Լիլիթ Մեսրոպյանի, գիտաշխատող Ավետիք Գրիգորյանի, դպրոցի եռանդուն հայրենագետ Թամար Գաբրիելյանի հետ թանգարանին մոտենալիս անցանք գյուղի Արածո գետի կամրջակի վրայով․․․ Չանցնեի՜նք… Այնքա՜ն լավ բաների մասին էինք խոսում՝ 2018-2019 ուստարվա օրացույց մտած «Երգ երգոց» նախագծի, որ նախատեսվում է Սևակի ձեռքով տնկած այգում-պուրակում ներկայացնել, հայրենագիտական երթուղու տեսաներկայացման, որ կանցնենք որպես սևակյան ուխտի վայրեր… Ու մեկ էլ՝ աղբի մեջ կորած գետակը…

Չանախչի-Զանգակատանը լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Այդպես է հանրապետությունով մեկ. ձորերի-գետերի ցանց է Հայաստանս, ու Սևանի հետ նրանց բոլորի որպիսությունը ուղիղ կապ ունի, ոչ միայն Հրազդանի, իր ջրանցքներն ու առուները․․․ որ աղբանոցներ են բացահայտ․․․ Սևանը Հայաստանն է. «Գետը բնակավայրում» նախագիծը չի կարող քնել, միջոցառում դառնալ, Քնարիկ, Հայկուհի, Մարթա, Էմմանուել, սեբաաստացիներ բոլոր կարգերի-տարիքների, որտեղ էլ լինեք՝  և՛ որպես արձակուրդ, և՛ որպես գործուղում, և՛ որպես հանգիստ․․․ Հայաստանում և մինչև Չինումաչին, թե Շրի Լանկա, արշավախմբով-վրանով-ոտքով-հեծանվով և այսպես՝ Մարթայի զբոսաշրջային խմբի նման ինքնաթիռով։ Խիզախեցիր, Մարթա, քո տարին է, կեցցես։

Ճամբարականների թռիչքներ արևելքում։ Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի։

Երեկ մենք զբաղված էինք կրթահամալիրի հայրենագիտական կայանով, նրա գույքով, վիճակով․․․ Հասմիկ Պողոսյանը իր ճամբարով խնդացրեց Սևանի մեր «Ժայռը»․․․ Քնարիկ Ներսիսյանը էսթետիկա փոխանցեց Արտանիշում․․․ Արշավախմբային շրջանը լավագույնն է սեպտեմբերին-հոկտեմբերին և՛ Սևան-Արտանիշում, և՛ Վարդենիսով-Մարտունիով որ շարունակեք, Եղեգիսի կիրճում, Արատեսի դպրական կենտրոնում․․․ Սմբատը Պետրոսյան, Անուշիկ Համբարյանը իրենց ընկերների հետ հավաքում են արշավախմբային կայանը։ Օգոստոսյան տապի ծուլությունը հաղթահարելի է․ մենք նոր ուսումնական տարի ենք սկսում և՛ Սևանի «Ժայռ»-ում, և՛ նրա հետ կապված Արատեսում․․․ որպես դպրոցներ բնության գրկում։

Արատեսյան բնապատկերներ Էդուարդ Բագրատունու ֆոտոօբյեկտիվից։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1436

(70) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>