0

Զգացմունքների վավերագրություն գիր է…

Քաղաքը «դուխ» է, և կարող է պատկանել բացառապես «դուխով» մարդկանց, քաղաքը տեղով մեկ մի մեծ հանդգնություն է․․․

Վարդ Սիմոնյանի մարտի 3-ի հրապարակումը՝ հատված իր «Զգացմունքների վավերագրություն»-ից ներկայացնում եմ իմ օրագրի ընթերցողներին․․․ Վարդին հրավիրենք կրթահամալիրի Բանգլադեշ՝ հյուսիս-արևելքով-արևմուտք անցնելու,  Ագարակում տիտիկով։ Երեկ խմբավար-մենակատար Վահե Բեգոյանի հետ անցա Հյուսիս-Արևելքով Մայր դպրոց-խառնարան ուղով, տիտիկով Գեղարվեստի Հարթակում, որի մասին Մարիետ Սիմոնյանի, Քնարիկ Ներսիսյանի, Արմինե Թոփչյանի արձագանքը չի ուշանա։

Իսկ դրանից առաջ երկարօրյա ուսուցման կազմակերպիչների հետ քայլքով անցա Մայր դպրոցից արևմուտք ուղով, դադարներով, տիտիկով Ագարակում․․․ Ագարակում էլ կարծես երկարօրյա ուսուցման մասին առաջին անգամ գործածեցի «որպես կրթության ձև» հասկացությունը․․․ Կա առկա ուսուցում,  կա հեռավար (հեռակա, առցանց) ուսուցում, տնային կրթություն էլ կա․․․ Երկարօրյան հետևողական շրջանցվել է, ու հիմա ես գործածում եմ այն, որպես կրթական ծրագրի կազմակերպման ինքնուրույն ձև․․․ ոչ որպես առկա ուսուցում բոլորի հետ՝ գումարած․․․ ինչ-որ մի ծառայությո՞ւն, որի պատվիրատուն չգիտես ով է՝ ընտանի՞քը, աշխատող ծնո՞ղը, թե՞ երեխան․․․ Իրականում մեր կրթահամալիրում այս պահի դրությամբ 380 1-7-րդ դասարանցի ընդգրկված է ուսուցման այս ձևում․․․ 2017-2018 ուսումնական տարում կրթահամալիրի հեղինակային ծրագրում ուսուցման այս ձևի կազմակերպումը փոխվեց վերջապես՝ այն դարձնելով տարատարիք սովորողների ուսումնական շուրջտարյա ճամբար․․․ Սրան՝ այս շոշափելի-էական անցմանը նպաստեց, պնդում եմ, երկարօրյա ուսուցման մեր կազմակերպիչների 18 հոգիանոց ջոկատը, ամենշաբաթյա՝ չորեքշաբթի ժամը 12։00-ի սեմինար-պարապմունքով․․․ Ահա, այս սիրելի մարդկանց հետ էր Արմինե Թոփչյան համհարզի նախաձեռնած երեկվա մեր քայլք-անցումը․․․ Կարո՞ղ էր այն հեծանվային լինել․․․ Ի՞նչ ստացավ երկարօրյայի մեր կազմակերպիչը՝ ինձ հետ մեկ ժամ տևած պատումով քայլքից․․․ Քսան բլոգ թերթել կլինի՞, կգրեն-կպատմե՞ն, ի՞նչ ֆիքսած կլինեն իրենց օբյեկտիվում-ձայնագրիչում, թե՞ ամենը թողել են Թոփչիկին․․․ Դե, թող Արմինեն էլ գլուխ հանի, ի մի բերի․․․

Հանդիպում «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի ղեկավար, խմբավար Վահե Բեգոյանի հետ։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի

Աշխույժ էր մեր ճանապարհին․․․ Խառատյան Կարինեին ու իր սաներին հանդիպեցինք մանկական այգում, լողից վերադառնալիս. ստուգեցի՝ Կարինեի մազերը դեռ խոնավ էին։ Իսկ Գևորգ Հազարումյան մարզիչը լողավազանում սեբաստացի սովորողների նոր խմբի հետ էր։ Քրիստինե Հարությունյան ուսուցչի օգնականը Տաթև Ավետիսյանի ու իր սաների հետ հեծանվաուղու վրա էր․․․ Մարտի յոթի մի խճանկար թե հավաքես իմ երեկվա քայլքից․․․ կստացվի՞․․․ Ինքնավստահ-արձագանքող-աղջկական՝ կազմակերպիչների մի ջոկատ, որ ունակ է ուսուցման նոր ձևը-եղանակը ներկայացնել լայն, կրթության-ապրելու հարգը իմացող հասարակությանը․․․ Անուշ Թորոսյան ուսանող-տնտեսուհուն տեսանք Հյուսիսի դպրոց-պարտեզի հեծանվաուղու վրա՝ ետևից 3-րդ դասարանցի սովորողների հեծանվային մի խումբ, կիրթ-ունակ-կյանքով․․․

Իսկ Արևիկ Բալջյանի, Տաթևիկ Աթոյանի ցուցասրահում Հյուսիսի 9 տարեկան Սոնա Սարգսյանի ու Հարավի 7 տարեկան Նարե Սուքիասյանի անհատական ցուցադրությունները սեբաստացի երիտասարդ մայրիկներին-կանանց-աղջիկներին պաչիկ-բացիկներ են․․․

Գևորգ Հազարումյանի, Էդմոնդի Փաշինյանի, Արման Երանոսյանի երեկվա պահվածքում էլ հանդուգն, արական մարդու ուժ կա. 2018-ն այս ուժի ժայթքման պահանջ ունի, ինչպիսին թափվում էր երաժիշտ Վահե Բեգոյանից․․․ Մեր աղջիկներին նվեր չէ՞ կենսաստեղծ այսպիսի ուժը…

Մայրիկատոն Հյուսիսի 2-4 տարեկանների խմբում։
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի, Սոնա Կարապետյանի:

Իմ երեկվա անցումը երեկոյան՝ տունդարձին, հեծանվով էր։ Մեկ էլ շուռ տվեցի գլուխը ձիու-ընկերոջս-ուղեկցիս Սեբաստիա փողոցից, որտեղ Փարոսի բլուրն ավարտվում է։ Ունեի ընտրություն։ Աջ՝ բլուրն ի վեր․․․ ի՜նչ նոր հայտնագործություններ եմ արել «Երևան 2800» նախագծին արժանի, բացառապես «դուխով» մարդկանց համար… Ու․․․ ոչ, ընկերս ձախ մտավ՝ Արարատյան զանգված, Մալաթիա բնակավայրի սահմանով դեպի բաղերը, անհայտություն․․․ Տեսնո՞ւմ եք, կենդանի եմ, քիչ է, գրում եմ․․․ Սա էլ մեր քաղաքն է, ուր ամեն ինչ կա, նենգ մի լռություն, լքված աղբանոցի-անտերության տարածքներ, վտանգներով, իհարկե, անուրջի-ձախողումների-փրկության, անձնական-ընտանեկան ողբերգությունների մի հայրենիք, հողատարածք ընդարձակ, ուր (ամեն րոպե սպասում եմ, իմ մահը կլինի…) հռնդյունով կմտնեն, ու վերջ․․․ քարաստանը կավելանա․․․

Պարտիզապուրակային նոր հմտությունների ձեռքբերում Հյուսիսում:

Հիմա ես նորից Վահան Տերյանի հետ եմ, նրա մեջ եմ մտել, թվում է՝ կաշիս էլ փոխված է․․․ Վահանի հայտնությունը մեր հայ կյանքի առեղծներից է, որը ինձ չի լքի, կձգի շարունակ․․․ Վա՜յ,- կասեմ ես, ինչպես այս օրերին, կարծես նոր, առաջին անգամ նրա «Մթնշաղի անուրջները» մտած, իր պատկերներով-բացահայտումներով խոսքին-ապրումին հանդիպած մարդ․․․ Էս ո՞նց,- կասեմ-կհարցնեմ ես, հայտնի զարմանքով-հիացումով․․․

Իմ սիրտը միշտ
Մի անանուն
Ցավ է տանջում,
Անանց մի վիշտ
Խորը թաքուն
Եվ անհնչյուն։
Կա մի մորմոք,
Մի վիշտ անհուն,
Որ չի ննջում,
Կա անամոք
Մի տխրություն
Ամեն ինչում…

Ոչի՞նչ, որ սա ես համարում եմ ամենագարնանային շնորհավորանքը։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1322

(116) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>