0

Էլեկտրիկ Երևան 

2016թ. պայքարի Խորենացի
2018թ. սիրո և համերաշխության հրապարակ

Պողոտայի շարժումն իմ օրագրում

23.06.2015

Այսօրվա համար էի գրել կարծես երեկվա իմ գիրը. մինչև լույսը չբացվեց, չիմացանք մեր գլխին գիշերհանա եկածը։ Իմ հունիսյան մանկավարժական պատումի անիվն այսօր պտտվեց. ո՛չ կլսվի, ո՛չ էլ դրա պատմողը կա։ Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին, որ իր ֆոտոշարով իմ բլոգում ներկայացնում է կրթահամալիրի ամառային դպրոցի այսօրը։

Բռնության դեմ լավագույն կոչը-քարոզը-պատգամը հայ գրականության մեջ, որ ծանոթ է ինձ, Հրանտ Մաթևոսյանի այս խոսքն է. «Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ` չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավիտեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք` թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք` ձեզ թող զոռով կոտրենմյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»: Ամենաշատը տպավորվել եմ այս կադրերից, տեսանյութից, պատումից… Հարգում եմ համառներին… Ջուր է, էլի, ջրցան մեքենա… Մեր ոստիկաններն են, որ քաշքշում են: Գործողությունները, որ սկսվեցին հունիսի 17-ին, Ազատության հրապարակում, ընդդեմ թալանի, այս անգամ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման միջոցով, որպես «Մենք ենք տերը մեր երկրի» ինքնաբուխ ակցիա, ինձ գերեցին իրենց համառությամբ-հետևողականությամբ… Հանրահավաք, ուրախություն-հանրահավաք, նստացույց-ուրախություն-հանրահավաք, երթ… նստացույց-ուրախություն… Բիրտ ուժ, որին կարծես սպասում էին, ու որն այլևս սարսափելի չէ… Հատուկ միջոցնե՜ր… Ուրիշ ի՞նչ կարող են անել… Խաղաղ, համառ, նստած թե կանգնած, համառ-խաղաղ-հաստատակամ, ինձ ծանոթ-անծանոթ-սիրելի այս Տերերը երկրի: Ոչինչ սարսափելի չէ, առավել ևս, ոստիկանական բռնությունը, հատուկ միջոց ջրցան մեքենաները: Դուք եք տերն այս երկրի: Հալալ է:

Հա՛ կարելի է նայել-հիանալ՝ ոստիկանության ջրցան մեքենայով բռնի-անհատապես ընկերներից տարհանված տղաները ոնց են վերադառնում նստացույցի ընկերների մոտ… Որքա՜ն լույս կա, խաղաղություն, գանդիական հակաբռնության այս նստացույցի մեջ: Ինձ սիրելի է, ու մեզանում, ուզում եմ հավատալ, նոր որակ է հասունացող… Ո՛չ մի պատ սրա դեմը չի առնի… անգամ այս յաբանիները՝ ոչ ոստիկանական շորերով, որ, այո՛, մեր քաղաքացիական հասարակության մասն են: Այս հակաբռնության խաղաղ տիրական ցույցը մեզ այնքան պակասող հասարակական կարգի ձևավորողն է…

Այս ցույցով հո չպրծա՞վ… Երթի են երկրի տերերը…

24.06.2015

Այս օրվա գիրը առավոտվան թողնելու չէ. թարմ-հավեսով պիտի ասվի, իսկ գիշերը օր կփոխի…  Կեսգիշեր է: Քիչ առաջ ես վերադարձա քաղաքն այս օրերին բռնած միտինգավորների բանակումից: Այնքա՜ն կյանք կար Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մինչև Սահմանադրական դատարանի մոտակա տարածքը, այնքան խնդություն-խաղաղություն-հաստատակամություն՝ շատացող, անընդհատ թարմացող երիտասարդությամբ…

Առաջին անգամ վերադարձա երեկոյան ժամը 8-ին  Ազատության հրապարակից:  Զարմացած եմ. մեկ` մարդաշատությունից, երկու՝ ինձ մեծապես անծանոթ երիտասարդական լսարանից (որքան էլ նկատելի շատ են սեբաստացի շրջանավարտները, ուսանողները, պատանիները հրապարակում), երեք՝ թեթևությունից, որ թևածում էր Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայում… Ոչ մի լարում, դժգոհություն, անհանգստություն՝ մեգաֆոնով խոսքը ոչ էլ լսելի է… մարդիկ խոսքի կարիք չունեն… Ասված է. միասնական ու երկար ժամանակով…

Տանը նստեցի համակարգչի առաջ, mskh-ով անցնելուց զատ, ունեցա պահանջ իմ երեկվա օրվա «Մենք ենք երկրի տերը» վերնագրածս գիրը կարդալու… Քիչ է լինում, որ ասելիքս այդքան հավանեմ` իր տեղին ու ձևակերպված լինելու հատկանիշներով: Հավանեցի: Հետո 10-11-ի արանքում, նստեցի հեծանիվս ու, հայդե՛ Բաղրամյան… Իսկական հեծանվային օր է, ու բոլորն իրենց տեղում են… Այսպես մենք ապրում էինք 1988-ի շարժման օրերին… Հայաստանում երիտասարդական քաղաքացիական շարժում է սկսվել… որ գնալով ավելի է անկասելի դառնում, ինչպես 1988-ին… Գործի մեջ են մտնում պատանիները ևս… Թեժ, շատ թեժ ամառ ստացվեց… Ա՛յ քեզ շրջադարձ…

Կարելի է հեծանվային ակցիաներ կազմակերպել՝ հարյուրավոր հեծանիվներով երիտասարդներ նոր գույն ու շարժունություն կհաղորդեն շարժմանը… Կարելի է չծխել. շատ են ծխում անաստվածները… Կարելի է ռոք համերգների շարան սկսել… Հանդիպեցի մեր սիրելի բանաստեղծ Արամ Պաչյանին`  իր ընկերուհու հետ… կարելի է ընթերցանության ակցիաներ կազմակերպել հարակից այգիներում… Ծիծաղեցի. ուսումնական ամառը Բանգլադեշից տեղափոխենք Բաղրամյան, Օպերա… Հետաքրքիր ու ուսանելի լինի երիտասարդների համար… Ի՞նչ կա շտապելու… Ամառը հո հունիսով չի՞ ավարտվում… Հունիսով սկսվել է Շարժումը Հայաստանում. վերջապես Հրապարակում սովորող-չսովորող-աշխատող-չաշխատող երիտասարդություն է…

Երկար ենք սպասել սրան, ու նրանք խոսքը պատվով են վերցրել…  Շարժումը պիտի ինքնուրույն լինի, քանզի երիտասարդական է, խիզա՛խ երիտասարդական, ոչ ջրիկ-մակերեսային… Ուզում եմ հավատալ, որ խնդիրը ամենևին էլ էլեկտրաէներգիայի սակագնի 6 դրամը չէ. առիթ էր` եղավ… Առիթ միշտ էլ կառաջանա… Չեմ ուզում` լինի երթուղային տաքսիների սակագնի առիթով «Ոչ թանկացմանը» շարժման նման… Չթանկացավ. ի՞նչ փոխվեց մեր հասարակական տրանսպորտում, մեր հասարակական կյանքում… Հասարակական-անձնական-ընտանեկան-մասնագիտական կյանքն է, որ խոցված է Հայաստանում… Վերապահումով եմ մոտենում երիտասարդներին պաշտպանելու նախկին-ներկա պատգամավորների, իբր հայտնի գործիչների «հանկարծ» և ուշացած «շարժմանը»…
Պաշտպանվածները եկել են անպաշտպաններին պաշտպանելու… Միացե՛ք որպես շարքային, վերջից` լուսանցքում մնալով, ինչպես Գագիկ Գինոսյանը, Նազարեթ Կարոյանը, Գրիգոր Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանը… Սրանք են ինձ համար հայտնիները և տասնյակ ու տասնյակ շարժման մասնակից արվեստագետներ…. հայտնիներ…. Այսպիսի շարժումն է, որ գալիս է մեզ միավորելու, միասնական դարձնելու, պաշտպանելու հայրենյացը, յուրաքանչյուրիս…

25.06.2015

Բարի լույս, Բանգլադե՛շ, բարի օր, Բաղրամյանը բռնած ու այս անգամ Բաղրամյանից սկսվող շարժո՛ւմ, ես վերադարձա, արթուն եմ…

Արմինե Թոփչյանից, Կարինե Բաբուջյանից, Հերմինեից ԱնտոնյանԱնահիտ Բեկյանից, Անահիտ Գևորգյանից, Սոնայից ՓափազյանԱշխենից Թադևոսյան-Բլեյան ու էլի, էլի կրթահամալիրի ուսուցիչներից ստացա կարևոր լիցք. նրանք ներառվում են Բաղրամյանի Շարժման մեջ, որ նրանց կյանք է տալիս, նրանք Շարժման այս տուր և առության յուրահատկության ռեժիմում են սկսել գործել-ապրել: Ամբողջ օրը Բանգլադեշի Մանկավարժական դպրոցի «Ուսումնական ամռան» եռուզեռում, հետո… Բաղրամյան… Երիտասարդությունը հենց այսպես է լինում-դրսևորվում-իրացվում… Վահրամ Թոքմաջյանը հոգնած-լարված էր… Հայաստանին անհրաժեշտ Շարժումը հոդվածի-ակցիայի նման չի կարող լինել. ի՜նչ հոգնել, երբ նոր-նոր է այն ձևավորվում. օրգանիզմ դառնում…

Երեկվա իմ օրվա պատումը ես ավարտեցի առավոտյան ժամը 7-ին… Բայց իմ երեկվա օրը չէր ավարտվել. ընդմիջվել էր իմ մահիճով… Ես չեմ կարող կիսատ ապրել, գործել կիսատ, անավարտ… Նստեցի հեծանիվ. տասը րոպե անց Բաղրամյանի շարժման նստավայրում էի՝ բարի առավոտ իմ ծանոթ-անծանոթ ցուցարարներ, շարժման ընկերներ… Գրկախառնվեցինք Նիկոլ Փաշինյանի, մաեստրոներ Տիգրան Հեքեքյանի, Վարդան Հակոբյանի հետ… հետո՝ խմբերով… Կենտրոնը Երևանի հետաքրքիր դարձավ, ձգող. քաղաքացու կյանք իմաստ մտավ…

26.06.2015

Ափսո՜ս, որ չծխելու որոշումն օրակարգային չի դառնում: Հրճվում եմ գտածովս… Շարժման զբաղեցրած տիրույթում Բաղրամյանը փակ տարածք է դարձել, իսկ փակ տարածքում ՀՀ օրենքով ծխել չի կարելի… Շարժումը որպես հավաքանի երիտասարդական կազմակերպություն, մանկավարժական ճամբար-հավաք է ինձ հիշեցնում… Ինչքա՜ն բան կարելի է սովորել, իրար ասելու, փոխանցելու որքա՜ն մեծ հնարավորություն՝ սկսած կանչերից, երգերից, պարերից, խորհրդանիշներից… միջավայրի էսթետիկայից, որպես բարիկադ գործածվող մեծ աղբամանների պերֆոմանսից*, մտքերից, իրար ճանաչելուց… Ի՞նչ անես, որ ես երգվող այս «երգերի» նկատմամբ մեծ վերապահում ունեմ՝ սկսած խոսքերից, եղանակներից… Չգիտեմ՝ ինքնաբուխ ձևավորվող մեծ զանգվածների երևանցի համապատասխան մասնագետներն անցե՞լ են գործի, սկսե՞լ են ուսումնասիրել՝ ձայնագրել, տեսագրել, հավաքել մասնագիտական ուսումնասիրության համար անհրաժեշտը: Ախր ուղիղ-շուրջօրյա հեռարձակումը, թվային անհատական միջոցների այսօրվա ընտրությունը-մատչելիությունը որքա՜ն մեծացնում-հեշտացնում են հետազոտական աշխատանքի ընդգրկումը, նոր խնդիրների բացահայտումը, առաջադրումը…

1988-ի Շարժման ժամանակ էլ այս խնդիրն առաջացավ… Կա՞ մեզանում այսպիսի գիտական կյանք… այսպիսի կիրք… Թե՞ իրոք, մեզանում սովորելն ու մասնագիտությունը բերում են երկու ձևաչափի՝ բուհ ընդունվելու համար սովորեցնելու, բուհի ավարտման քննություններ հանձնելու համար սովորեցնելու… Երկրից գնալու համար… Գիտական-հետազոտական գործունեությունն էլ երկրի, նրա ժամանակի ու Շարժման հետ չի կապվում… Ինչպե՞ս շրջանառության մեջ դնես 1988-ի Շարժման սոցիալ-հոգեբանական-լեզվական-ազգագրական ուսումնասիրության արդյունքները, որտե՞ղ են դրանք, եթե կան, ո՞վ է հանդիպել… Թվում է՝ և՛ բանավոր հնչող, և՛ գրավոր պաստառով ներկայացվող լոզունգներից սկսած՝ դրանք կարևոր են այսօրվա հավաքական դրսևորումներով մեզ ճանաչել հասկանալու համար…

Աշոտ Բլեյան. «Բաղրամյանի շարժումով, Կենտրոնը իմաստ ստացավ». «Առավոտ»

27.06.2015

Բանգլադեշից հեծանվավարի ամբողջ արդուզարդով քշեցի Բաղրամյանի Շարժման տարածք… Հասա  40 րոպեում… Շուշան Բլեյանի հետ, իմ հեծանիվի շուրջը բռնած՝ Բաղրամյանում ենք, շարժման մի դիրքում, որտեղից փողոց մտնող խմբերը տեսանելի են… Ինձ հետաքրքիր է նայել՝ ինչպես է լցվում-երկարում-ծով տալիս մարդկանց անվերջ-ուրախ-առույգ գետը… Հեշտ չէ ինձ համար. իրար փոխանցելով հերթը՝ մոտենում են լրագրող, ծանոթ-անծանոթ… Ես այստեղ էլ աշխատում եմ՝ հարցազրույցներ, քննարկումներ դիմացինի պարտադրած օրակարգով-թեմայով (ինչ անես), պատգամներ… Շատերն ինձ շարունակում են մոտենալ որպես իշխանության մարդու… Ժպտում եմ. 20 տարի է անցել… Չկան օտարներ, չկան ոչ սիրելիներ. բոլորը Շարժման մարդիկ են, ու Շարժումը ջնջել է օտարության-անհաղորդության բոլոր պատնեշները-պայմանականությունները… Բաղրամյանի Շարժումը մի օրգանիզմ է իր տիեզերական ձգողականությամբ. չկա նրա ազդեցությունից դուրս մնացած մարդ՝ խոստովանի-չխոստովանի, բարիկադի այս կողմում-այն կողմում, ներկա-բացակա… Շարժումը յուրաքանչյուրիս պաշտպանության կարիքն ունի, և դրա ձևը մեկն է՝ մասնակցությունը Շարժմանը: Յուրաքանչյուրիս: Այս անշարժունություն-անհուսություն-անհեռանկարությունը, որ հաստատվել է «յոլայի» աշխարհ դարձած Հայաստանում, առանց կենդանի-հզորացող-մեկ դարձնող Շարժման անհաղթահարելի է: Կարծում եմ՝ Շարժման ուժի գիտակցման շրջանում ենք մենք, որին կհաջորդի գործողությունների պլանը…

Փողոցի քաղաքականացումը փաստ է, ու Շարժման օրակարգում պիտի ձևակերպվեն քաղաքական խնդիրներ… Հայաստանն իր այսօրով քաղաքական լուծումների կարիք ունի, ու սրանից չես փախչի… Շարժումը քամի չի կարող անել, չի կարելի թույլ տալ, որ որևէ մեխանիզմով ջրեն Շարժումը… Ահա ձեզ և իմ զրույցների բովանդակությունը:

Գիտես, որ մենք հաղթելու ենք, ժողովուրդ ջան, գիտես դրա ճանապարհը՝ անընդհատ կրկնում ես այդ՝ տարբեր ելույթներով համակցված, զբաղեցնում ներկա ժողովրդին այնքան, որ հավաքվի ողջ ժողովուրդը, այնքան, որ… Այդքան (որքա՞ն) չի հավաքվում, իսկ հաղթել պե՞տք է, թե՞ ոչ… ի՞նչ անես. իշխանությունը, ում պահանջներ ես ներկայացրել, անպատասխան է թողնում. որոշումը կայացվել է, իսկ դու համառում ես, այդ համառումն է (խաղաղ, անզեն, իհարկե) քո ուժը, մինչև… Հետո հանդիպում եսպատին՝ ֆիզիկական ուժին (օրինական-ոստիկանական)… Դու չես նահանջում, կարող էիր նահանջել, քեզ այդ տեղն առաջարկում են՝ Ազատության հրապարակ… Բայց դու այնտեղից ես եկել… Գալիս է հանգուցալուծումը՝ բիրտ ուժի ձևով… Բացվում է առավոտը… Ինչ լավ է, որ բացվում է այդ առավոտը: Թվում էր՝ դու հենց իրեն ես սպասել… Ա՜խ, այս կյանքի, գործի, պայքարի անընդհատությունը… ի՜նչ դժվար է մեզանում վարք ու կարգ, որոշում… Մեծ հաշվով որոշողը գիշերը չէր, այն հայտնի էր՝ մթնում-մութ, բայց հայտնի էր: Անհայտը կարևոր այսօրն է, որ լուսով կերևա: Ի՞նչ կանես, ինչպիսի՞ն կլինես… ի՞նչ կգործես, կխոսես-կփոխանցես… Կշարունակե՞ս քո պայքարը, որպես ապրելու այլ՝ հարստացած-ուժեղացած կենսափորձով… Հո այդ 6.93 դրամի անարդարությունը և դրան հասկանալի ուղեկցող գրպանահատությունը չավարտվե՞ց գիշերով. այդպիսի խոստում անգամ ոչ ոք չի տվել, որ տար է՜լ… Հաստատակամ, սեփական պայքարի կենսափորձով հարստացած մեծ թվով մինչ այս ինձ-մեզ անծանոթ քաղաքացիների կյանքի-պայքարի քաղաքականցումն է գլխավոր ձեռքբերումը, որ առավոտով կարող է երևալ: Այս նոր, այնքան թանկ գնով ձեռք բերվողն է, որ ունեցավ հասարակությունը: Ունեցա՞վ, հարցնում եմ: Առավոտը ցույց կտա:

Բարի առավոտ: Ես, իհարկե, ինձ ծանոթ-անծանոթ ժողովրդի հետ եմ, ֆիզիկապես-մտքերով իմ տղաների-աղջիկների միջոցով… Ես  չեմ կարող-չեմ ուզում-չեմ թողնի, որ քեզ ղեկավարեն: Իսկ ես պատին դեմ առնողների մեջ չեմ՝ կենսափորձով, տեսակով, իմ կյանքի գործի անընդհատությամբ… Ես իմ օրն ապրում եմ, որպես ծրագիր, իսկ այդ ծրագրի մեջ այլոց հետ լինելը կա այն չափով, որ չափով իմ կյանքի գործի անընդհատությունը պահվի… Ես իմ օրը սկսում եմ առտու հինգին… Հիմա հանդիպեցի՞նք՝ պատի որ կողմում եմ ես, ու ես հրաշալի տեսնում եմ քեզ, ինչպես և պատը՝ այսօր քո առաջ չընկրկող, քեզ չենթարկվող, քո դեմն առնող: Ինձ համար շատ դժվար է: Բայց ես պիտի սկսեմ ու սկսում եմ գրով՝ 369-րդ անգամ, մեր նոր՝ իմ բլոգի ժամանակի թվագրությունից (2014-ի հունիսի 17) այս կողմ… Հետո ես Դավթին պիտի լողացնեմ-հագցնեմ-ուժ տամ… Գիտե՞ս՝ ի՜նչ անսովոր է ինձ համար… Ես տեսնում էի՝ ինչպես են վարվում քեզ հետ առտու ժամը 5-անց 20-ից: Չեմ ասում՝ գիտեի, քանզի մի օր, մտածում եմ, կապրես այնքան-այնպես, որ էլ չեն կարողանա պատ դեմ տալ…

Երեկվա հերոսն իմ Ստեփան եղբոր տղան էր՝ Առնոլդ Բլեյանը… Ով հաղթահարեց հայրական-մայրական կարդոնն ու Նորքի զանգվածից իջավ, ամենա… ժամանակ եղավ Բաղրամյանի Շարժման հետ: Հայրեր և որդիներ… Որդինե՛ր, առաջ:

28.06.2015

Կիրակին` Դավթի, Արմինեի, Շուշանի ու Ստեփան Բլեյանի հետ Օհանավանում ենք անցկացնելու` կեռաս հավաքելով… Միրգը շատ է, ամոթ է ծուլանալը: Որքան էլ հիմա դավաճանություն է համարվում  Երևանը՝ իր Բաղրամյանով առանց քեզ թողնելը… Կարեն Խաչատրյանը՝ Կայը նշանավոր, ով երեկ կրթահամալիրի ուսումնական բազմօրյա նախագծով հասել է Բաթումի՝ հանդիմանությանը մեղավոր արդարացել է՝. «Խոստացել են մինչև վերադառնալը պահել Բաղրամյանը»… Շաբաթ երեկոյան, որպեսզի Դավթի հետ լինեմ իր պահանջած միտինգին, թողեցի հեծանիվս մեր շենքի կայանատեղիում, որքա՜ն հարցեր առաջացան… Ազգս ինձ հեծանվով է այլևս ընկալում-ընդունում-ողջունում… Դավիթն էլ՝ ուզում է օր առաջ, միասին, երկա՜ր ճամփորդություն հեծանիվներով…

Տեսանյութ https://youtu.be/L27fDyTRLNQ

29.06.2015

Երեկոյան կարող էի ու եղա Բաղրամյանում իմ հեծանվով… Շփոթի, Բաղրամյանի և Օպերայի արանքում կամուկացի ժողովուրդ էր… Ես օպերայի հրապարակ չմտա՝ հավատարիմ մնալով Բաղրամյանի շարժմանը…  Ինձ նման հիմա հարյուրավորներ են այստեղ, որպես շանթարգել. ես կարող եմ իմ փայ Շարժումը պաշտպանել այսպես՝ ներկայությամբ… Վերադարձա: Ես չքնել կարող եմ մինչև կեսգիշերը… Մինչ այդ իմ հարկադիր աշխատանքը Բաղրամյանում ինձ քարուքանդ է անում այնպես ու այնչափ, որ ես վերականգնվում եմ միայն քնի միջոցով… Լավ է, որ օրվա իմ քաղաքական խոսքը, իմ օրագիրը քաղաքական, մի քիչ գլուխ գովեմ, ասել եմհունիսի 27-ին… Չուզեցի մոռացվեր իմ՝ «դարեր տեսած» տեսած մարդու խոսքը, մնար իմ փոստում… Այն, ինչ արդեն ասել-գրել եմ, ինձ չի պատկանում՝ հրապարակված է, թե ոչ։ Իմ բլոգը ոչ միայն օրագրի համար է, իմ չհապարակածը, թղթային արխիվը կլանում է. ինչ չի վերցնում, հանձնում եմ մակուլատուրա։ Այսօր առտու կարդացի հունիսի 27-ի սևագիր էջեր, երբ դասավորում էի գրասեղանս, հերթական օրն իմ գրով սկսելու համար… Կարդացի, հավանեցի, հրապարակում եմ՝ որպես օրվա գիր:

30.06.2015

Բաղրամյանի Շարժման՝ քաղաքացիական շարժման մասին, նրա կարևորության, դերի, անհրաժեշտության մասին վերջին անգամ հանդես եմ եկել «Հայկական ուրբաթում»… Մեր քաղաքական-քաղաքացիական կյանքում հաստատված «յոլա»-ն պիտի հաղթահարվի. առանց խիզախման, առանց յուրաքանչյուրիս ներդրման այս գոյատևման (տեսնենք՝ ինչ է լինելու վաղը) իներցիան չի հաղթահարվի… Շարժումն է քաղաքացիական այդպիսի կուտակման ձևաչափը… Հայաստանում ցածր գներ լինում են միայն կարճ, սեզոնային… ասենք՝ մեկ-երկու ամսով՝ ծիրանն այս տարի, խաղողը, միրգը… Իսկ էլեկտրական էներգիան ունի բարձր, շատ բարձր գին… Էլ ո՞ւր…

Ուսուցիչը գնում է վաստակած արձակուրդի՝ 42 օր: Լավ է, որ այս տարի կրթահամալիրի ուսուցիչն արձակուրդայինն ստանում է միանգամից՝ արձակուրդից առաջ… Բայց ի՞նչ պիտի կարողանան անել կրթահամալիրի երիտասարդ, միջին տարիքի մանկավարժները, որ տնտեսապես ինքնուրույն չեն այս հասուն տարիքում, երբ ունեն ազատ ընտրած աշխատանք… Ումից ե՞ն կախված, ի՞նչ ունեն կուտակած իրենց աշխատանքով… Ուսուցչի համար բանկերը միայն քարտերով աշխատավարձ ստանալու համար են, ոչ դրամական ավանդներ պահելու-կուտակելու… Մեզանում տարիներով, նորագույն պատմության՝ անկախ հանրապետության հաշվիչով որ չափենք՝ 25 տարի, կուտակվել-ամբարվել են չլուծված, մեկը մյուսից կախված, մեկը մյուսը հարուցած, իրար վրա լցված հարցեր… Մարդու կյանքի չլուծված խնդիրների ավազան-ամբար դարձած Հայաստանս… Ասում են այսպիսի ավազանի հիմնավորումն իրենց գործը դարձրածները սիրում են ասել՝ միանգամից չի լուծվի… Իսկ ինչպե՞ս… Քաղաքացիական Շարժումով պիտի դրսևորվի նաև այդ ավազանը դատարկելու մեր կարողությունը։
01.07.2015

Տեսանյութ` Ընտրող չէինք, հիմա էլ սպառող չենք. Աշոտ Բլեյան1in.am

02.07.2015

Ինձ սպասում են Բաղրամյանում լրագրողները, կրթահամալիրի շրջանավարտները, ովքեր ուրախանում-հպարտանում են իրենց ընկերների մոտ՝ ինձ պողոտայում հանդիպելով այսպիսի արդուզարդով… սեբաստացի ուսուցիչներ, հին ու նոր ծանոթներ, որ հատուկ հարցեր ունեն ինձ հետ կապված… Հենց միայն Սոնա Աբգարյանին հանդիպելու համար արժեր այսօր լինել պողոտայում… Այնքան վաղուց չէի տեսել միշտ սիրելի, միշտ հմայիչ ու միշտ սպասելի մեր Սոնային…

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը, ով որպես մասնավոր անձ էր Բաղրամյանում, ափսոսաց, որ ձայնագրիչը հետը չէ. ուզում էր, որ ես անդրադարձ կատարեի «Բաղրամյանը երեխաների տեղը չէ» ոստիկանության պաշտոնյա կնոջ երեկ արված հայտարարությանը… Այդ ընթացքում երիտասարդ-հմայիչ զույգի հետ պողոտայով անցնում էին 3-4 խանդավառ 6-10 տարեկաններ՝ «Հայաստա՜ն» վանկարկելով, գունեղ… Աˊյ քեզ պատասխան. ես խոսելու տեղ չունեմ՝ Դավիթ եմ պողոտայում… Ընտանիքն է ազատ Հայաստանի սերնդի առաջին կրթիչը։

Epress-ի լրագրողներն ուսումնասիրում են Բաղրամյանի շարժման ինքնակարգավորման-ինքնակազմակերպման ֆենոմենը… Մեզ՝ սեբաստացիներիս հարազատ դարձած Շարժման կարևոր բանալիներն են սրանք, մանկավարժության գործիքները՝ ինքնակարգավորումը և ինքնակազմակերպումը… ազատ սեբաստացիական կրթական աշխարհի (շարժման) կարգավորիչներն ու կառավարիչները… Ինձ լրիվ բավարարում է այսպիսի տարածքում շարքային լինելը… Անջատեք այս Շարժումը, և կունենաք անլույս Երևան, որ կթաղվի երևանյան հուլիսյան տաղտուկի մեջ… Կմնա Բանգլադեշս… որտեղ մենք ապրում ենք՝ արթնացումից մինչև Բաղրամյանի պողոտա…

Իսկ երեկ ես հանդիսավոր էի նաև, որ խոստումս կատարեմ: Կատարեցի… Շարժման նշանավոր «ինքնակարգավորիչ-ինքնակազմակերպիչ» Կարեն Խաչատրյանին՝ մեր Կային, հանձնեցի Բաղրամյանի պողոտան՝ իր Շարժումով… Խոստացել էի մինչև ուսումնականարտագնա հավաք-ճամփորդությունից վերադառնալը պահել-պահպանել… Ավել-պակաս՝ այս է, ապրող է, կենդանի է Շարժումը…

Հարցազրույց 1in.am-ում։

03.07.2015

Օրերս իր կանոնավոր գործունեությունը կսկսի կրթահամալիրի աստղացուցարանը… Նոր տեսքով կներկայանա Մեդիակենտրոնի պատշգամբը… Այո, այո, մենք ավելի ու ավելի սպասումով ենք մոտենում մեր կարևոր մի օրվա… իրադարձության… Այս մասին՝ իմ կիրակնօրյա գրում… Հուլիսյան գիրը հարկ է, որ թեթև լինի, որքան էլ մեր օրը, իմ օրը հագեցած է, լեցուն գործերով, պատումը չի կարող չլինել թեթև… զով… մրգային… Ինչպես Սյուզին էր երեկ Պողոտայում, ինչպես սեբաստացիները, որ իրենց քաղաքական շարժմանը շարան-շարան սիրելի երգեր-պարեր-ծափեր շռայլեցին ուրախ, թեթև… մրգային… Կեցցե՛ք: Պողոտան համակեցության, իրար դիմելու նոր մշակույթ պիտի բերի՝ քաղաքային: Ինչո՞ւ գոռալ. չի կարելի գոռալ պողոտայում, լարվել ու լարել… Ինչո՞ւ չխնդրել, չասել՝ «խնդրում եմ՝ արեք այսինչը կամ չանեք այնինչը»,  կամ «պայմանավորվենք», ասենք, որ Պողոտայում լինեն միայն Հայաստանի Հանրապետության դրոշներ… Համակեցության մասին. ես հիշեցի «Շողակն» պատանեկան բլոգի կանոնները: Լավ օրինակ է… բերում եմ ամբողջությամբ.

  1. Արգելվում է բլոգում կարծիքները գրել լատինատառ:
  2. Արգելվում է բլոգում ոչ կոռեկտ արտահայտություններ օգտագործել:
  3.  Բլոգի նյութերը պատճենելիս անպայման տեղադրել բլոգի հղումը:

Ինչպես ես ասացի Պողոտային՝ շնորհակալություն Դավիթ Գյուրջինյանին հանդիպելու և իմ հարյուր տարվա բարեկամի հետ զրուցելու համար… Ինչքա՜ն կարևոր բան իմացա ես Դավթի՝ սիրելի-հայտնի հայագետի դասախոսական ու գիտական կյանքից… Պողոտան, այո՛, այսպիսի հանդիպումների-զրույցների, փոքր խմբերով ինքնակազմակերպվող-ինքնակարգավորվող կանոնների պողոտա պիտի դառնա, դառնում է… նաև նրա կանոնները պիտի սրան մղեն յուրաքանչյուրիս… Բոլորս ենք հավասար, բոլորս՝ շարքային քաղաքացի, անգամ… ես՝ իմ Հայաստանի բրենդ դարձող հեծանվով…

Կարճ, երրորդ պլանից քննարկման մասնակցեցի Պողոտայում… Ա՜յ քեզ մշակված-կայացած ուսումնական պարապմունքի ձև (քննարկում) Պողոտայում. առաջին պլանում, նստած գետնին, շրջանով, քննարկման մասնակիցներն են… կանգնած, էլի շրջանով, քննարկման այն մասնակիցներն են, ում հարմար չէ գետնին նստելը… երրորդ  պլանում՝ ես… Կուզեմ դառնալ այսպիսի քննարկման-շրջանի մասնակից. չեմ կարծում՝ որևէ խոչընդոտ լինի… Իսկ քննարկումը հմուտ վարում էր, վստահ եմ, լրիվ քաղաքացիական, ինձ անծանոթ ընկերը՝ մեգաֆոնով… Իմ հայացքում պատկերացան այսպիսի տասնյակ շրջաններ Պողոտայում… Ու հարյուրավոր երևանցիներ կարող են օրակարգ ձևավորել Պողոտայի, այսպես, օրակարգում հայտնված Պողոտայի հարցերը լուծել: Սա առաջացել է որպես քաղաքացիական Շարժում, ու կա այդպիսին: Պողոտան յուրաքանչյուրիս հարգանքն է պահանջում:

Հուլիսի 2-ը, տեսեք, mskh-ի եթերում, գլխավոր էջում… Չէ, չէ, բացե՛ք, իմ ծանոթ-անծանոթ ընթերցող, ու տեսեք՝ այսպիսի Պողոտա եմ ուզում

Տեսանյութ epress.am-ում՝ Հույսը ինքնակազմակերպումն է․ երբ Երևանի կենտրոնն իմաստ է ստանում

04.07.2015

Հարցազրույց` Ես «քուչի տղա» չեմ, ես քաղաքացի եմ. past.am

06.07.2015

Ոչ թե հաղթանակը մերն է… ավանսային խոստումներով, այլ Պողոտայի, Շարժման արդյունքը ինքը՝ Պողոտայի, Շարժման մարդն է… Եթե փոփոխություններ են առաջացել իմ մեջ, հաղթանակը, ահա, ես եմ: Իսկ ես, Շարժման նախաձեռնող խմբի ոչ անդամս, ոչ անմիջական բարիկադի ետևում կանգնածս, ոչ Պողոտայում լուսացրածս, ոչ Շարժման հերոսս, միով բանիվ՝ շարքային, բայց անպայման մասնակցիս գնահատմամբ, հաղթել եմ, ունեմ առաջընթաց, ձեռքբերումներ… Ես վերականգնեցի կապը Երևանի, նրա կենտրոնի հետ, սկսեցի զբոսնել Դավթի, Շուշանի, սեբաստացի իմ ընկերների հետ, դարձա ավելի ներառական, շատ ավելի հանդուրժող այլոց գաղափարների, խմբային-անհատական գործողությունների նկատմամբ։ Ես սկսեցի ճանաչել երիտասարդ քաղաքացի երևանցուն, գնահատել նրա ներուժը։ Ինձ համար հետաքրքիր էր Պողոտայում, ես չեմ ափսոսացել իմ ջանքերի համար… Ոչ մի կորուստ… ո՞ւր էր, թե Հայաստանի էներգետիկ համակարգի արատը այս յոթ դրամ սակագինը լիներ և դրա բարձրացումով լուծվեր… կամ, թեկուզ ամենաբարդ, բայց հայաստանյան միակ խնդիրը լիներ: Ցավոք: Եվ ասել եմ՝ «չլուծված խնդիրների ավազան Հայաստանիս» հասարակությունը պիտի ընդունակություն դրսևորի իր խնդիրները ճանաչելու, քննարկելու, լուծումներ առաջարկելու-պարտադրելու, լուծումներին մասնակցելու համար… Եվ այս ամենը՝ որպես կյանք, առանց անիծելու, հուսահատվելու, անընդհատ և ուրախ… թեթև… Շարժումը քաղաքացիական մեզանում չի կարող ավարտվել. այն ընդամենը սկսվեց, այն շարունակվում է ցանկացած միջանկյալ լուծման դեպքում…

Օրեր առաջ Պողոտայում՝ մի խումբ երևանցիների, երկու օր առաջ Գեղարվեստում՝ Գևորգ Հակոբյանի հետ, փորձում էի ձևակերպել հայաստանյան անհետաձգելի խնդիրների թոփ եռյակը… Ոնց էլ չարչարվես, միևնույն է, ամենաքիչը վեց է դառնում… Սևանա լճի, ավազանի, այս մեր գեղեցկուհու մեր կողմից շարունակվող բռնաբարման խնդիրը՝ 1, Հրազդանի կիրճի օտարման-այլանդակման խնդիրը՝ 2… Ասել եմ՝ սրանցից յուրաքանչյուրին պատրաստ եմ իմ կյանքի մնացած 60 տարին նվիրել… Երևանի վթարային շենքերի և հազարով հաշվվող մահացու վերելակների խնդիրը… Հայաստանի անապատացման խնդիրը… Հայաստանի գյուղերի շարունակվող դատարկման խնդիրը… Հայաստանի՝ աղբանոց դառնալու խնդիրը… Հանքարդյունաբերությունը՝ Հայաստանը ֆիզիկապես ուտող և բնապահպանական աղետներ հասունացնող… Ատոմակայանի անվտանգության խնդիրը… Էլ չեմ ասում որևէ լուծման հեռանկար չառաջարկող հայ-ադրբեջանական հակամարտությանխնդիրը… Սրանցից յուրաքանչյուրը Շարժում կծնի-կպարտադրի խնդիրն օրակարգում պահելու, խնդիրը որպես հանրային լուծելու համար…

07.07.2015

Սա Երևանն է՝ միլիոնանոց քաղաք… իր ամեն տարի սարսափելի հուլիսով, որտեղ մարդիկ չեն լողում… չի կարելի… Երևանը չունի իր հանրային ծովը, ավազանը, ջրամբարը, գյոլը, ուր մարդիկ պարզապես ամեն օր կամ ամեն անգամ, երբ կարիք է առաջանում, ինքնաբուխ լողում են՝ խմբերով, զույգերով, ընտանիքներով… Ու մի մեծ ծառայություն, օրվա իշխանություն, զբաղված է սրանով՝ այս ինքնաբուխության, այս բնական իրավունքի սպասարկմամբ… Ի՞նչ է Երևանյան լիճը, հարցնում եմ, Հրազդանի կիրճն իր՝ Սևանից սկիզբ առնող Հրազդան-Զանգուով, Սևանա լիճն ինչի՞ համար են… ինչպես հրապարակը, պողոտան, այգին… ո՞չ ինքնաբուխ կյանքի… Ես ակնապիշ նայում էի Օպերայում հայտնված քաղաքացիական շարժման և շարժումը պատնեշած ոստիկանության գործողություններին… Պողոտայում չի կարելի, երթ չի կարելի, Ազատության հրապարակում հինգշաբթի հավաքվել չի կարելի… Կարելի է, բայց ու միայն օրինական, թույլատրված տեղերում ու ժամանակ… Ինչպես լողալը…

(106) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>