0

Ձյունաթաթախ-առանձնահատուկ…

Հոգատարությունն այսպես է լինում՝ կոնկրետ։ Ու անկախությունն այսպես է լինում, որպես հոգատարություն․․․ Արհմիութենական կազմակերպությունը կրթահամալիրի 50000-ական դրամով պարգևատրել է կրթահամալիրի աշխատողներին, որոնց որդիներն այսօր ծառայում են հայոց բանակում․․․ Առիթի այսպիսի դրսևորում՝ Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին․․․ Սրանով մեր տղաների ծառայությունը ավելի բարիացավ․․․

Անակնկալի եկա, երբ Սուրբ Ծննդյան շաբաթ օրվա իրիկունը Արատեսում մտա դպրական կենտրոնի՝ տղամարդկանց համար որոշված ննջասենյակը․․․ Վառարանը՝ տաք, անծուխ, վեց մահճակալ. մոտեցա միակ ազատ մահճակալին ու պատի տակ տեսա Դավիթ Բլեյանին, ծածկոցի տակ, մուշ-մուշ քնած․․․ Դավիթը չի ուզեցել 5-րդ դասարանցիների՝ սեբաստացի Սոնայի ու Յանայի հետ ուսուցչուհիների համար առանձնացված հյուսիսային բնակարանում լինել, իջել է ներքև․․․ Հուզվեցի․․․ Արատեսյան երկու օրը ձմեռային Դավթի համար տղամարդկային որակների, ինքնուրույնության, խիզախության, ներառականության, բնականության-ազարտի դրսևորման միջավայր, այսպիսի ձյուն-ձմեռ, Ձմեռ պապի իսկական պարգև ձմեռային ճամբար եղավ․․․ Դե, խելքն ու հումորի զգացումն էլ Դավթի, ձյունոտ սարերի պես, պսպղում էին․․․ Դավթի և իր ընկերների հոգատարությունը Արատեսի Չալո ու Սևո անուններով սև ու սպիտակ շների նկատմամբ, նրանց վարժեցնելու փորձերը, Դավթի ինքնամոռաց ապրումը իր հասակակից Տիգրանի հետ, Սմբատ-Միքայելի հետ սահքը, սրընթաց վայրէջքը, սահնակային դարձած կենտրոնական ճանապարհով՝ հյուսիսից հարավ, Տաթևի, Կարինեի, Քնարիկի, Սեդայի ուսուցչական օպերատիվ արձագանքը, շարունակ ձների մեջ թրջվող շորերը փոխել-չորացնելը… Հուզվելու աստիճանի․․․ շնորհակալ եմ։  Իսկ Արատեսը՝ իր դպրական կենտրոնով, ներկայացավ արժանի, որպես ձյունապատ-ձմեռային շրջանին պատրաստ կենտրոն՝ համեստ-հարմար-մատչելի յուրաքանչյուր սովորողի, թե ուսուցչի․․․

Դավիթն Արատեսում։

Իսկ դրա նախորդ օրը մեր տուն Աստղիկին տեսության էին եկել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Մարիամ, Շուշան, Արփի աղջիկների լրիվ կազմով։ Մինչ Նիկոլ Փաշինյանի ժամանումը աղջիկները գզգզել-կերել էին քառասունքը լրացրածի իրավունքով-կարողությունների լրիվ ուժով ներկայացած Աստղիկ Բլեյանին։ Երկրորդ պլանում հայտնվածի վիճակը մերժող Դավիթ Բլեյանը մարմնամարզական հնարքների ցուցադրությամբ փորձում էր ուշադրություն գրավել, բայց Աստղիկից կշտանալ կլինի՞… Ու իրադարձությունների կենտրոնը հյուրասենյակից տեղափոխվեց Աստղիկի ննջարան։ Օրորոցը, ծածկոցը, խաղալիքներն առաջին, շորիկները… ամեն ինչ հիացմունք էին պատճառում, անմիջական բուռն արձագանքի արժանանում… Հատկապես անսպասելի էր օգոստոսին 4 տարեկան դարձող Արփիի մոտեցումը՝ միշտ ամենամոտը, զննող-կոնկրետ, ուշադիր…

Նիկոլի այցին ամենաշատը Դավիթն էր սպասում… Այս բնակարանում Նիկոլն անցկացրել է 2008թ. մարտի մեկի գիշերվանից հետո առաջին օրերը…Անցանք մեր բնակարանի այդ շրջանի հետքերով. շատ բան ես բաց եմ թողել, Նիկոլը հիշում է… Կարևոր էր աշխարհի իմ անկյունից՝ Նիկոլի երբեմնի թաքստոցից, նայել Ֆիրդուսնոցին, Երևանի իրացված, իրացվող, իրացվելիք տարածքին, խաչադրել «Հին Երևանի» կառավարական ծրագիրը և իմ առաջարկած նոր մոտեցումը՝ Ֆիրդուսնոցը, Կոնդը «Հին Երևան» կոչվող տարածքի հետ դիտարկել որպես ամբողջական… չշտապել, որքան էլ դա դժվար է թվում, հակառակ դեպքում ամբողջ կենտրոնը կվերածենք մի նոր Բանգլադեշի…

Ուռա՜, Նիկոլ վարչապետը հետաքրքրված է կրթահամալիրի խաղողի և գինու դպրոցի գործունեությամբ, սովորողների-ուսուցիչների՝ մասնագիտական ու հանրակրթական իրական խաղողագործությամբ, գինու ուսումնական արտադրության մեր սկսած գործով, Բանգլադեշի անմշակն ուսումնական երկագործությամբ կրթական պարտեզի վերածելու նախագծով, Արատեսի դպրական կենտրոնի զարգացումներով… Սա նոր կառավարություն է՝ մեր կառավարությունը…

Այսպիսի հանդիպումների ժամանակ պակաս կարևոր չեն սովորական մարդկային շփման դետալները՝ Մարիամի պատմությունը իր՝ կորցրած կարևոր ինֆորմացիայով նոթբուքի հայտնաբերման-ստացման հարցում Շուշան Բլեյանի գործուն ջանքերի մասին, Շուշանի-Դավթի, Դավթի-Արփիի ճանաչողական-սեբաստացիական երկխոսությունները… Փաշինյան ընտանիքի խանդավառ արձագանքը Աստղիկի՝ սպասվող հրապարակային մկրտությանը, մեր տան երեք տոնի ծառերով ընտանեկան պտույտը… մեր հայտնի դարձող գինով, խաղողի հյութով բաժակ բարձրացնելը… Կարևոր է, որ մեր՝ պատմության փորձությանը դիմացած Բլեյան-Փաշինյան հարազատությունը փոխանցվի մեր երեխաներին… Առանց այդպիսի ցանցի սիրո և համերաշխության պահանջը կազմակերպում չի դառնա…

Ամանորի-սուրբծննդյան արձակուրդի օրերը մնացին ետևում…

Արատեսում իմ արթուն գիշերին Սմբատ Պետրոսյանի ուսումնական ինտերնետով ես ուշադիր հետևում էի Արամ Ա կաթողիկոսի ընդարձակ հարացազրույցին։ Երեկ արդեն տանը՝ Երևանում, ծանոթանում էի Կարագանդայի իրադարձություններին. դրանց փոխանցած անհանգստությունը… տեսեք, հաղթահարել չի հաջողվում…

Ձմեռային Արատեսը։

Լուսանակարները՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1545

(303) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>