0

Ես չեմ ասում, որ էդ գրքով խնդիրը լուծվում է, մենք պետք է որպես ծնողներ փոխվենք…

Զրուցեց Մհեր Արշակյանը
© factor.am

Վերջերս լույս է տեսել «Իմ մարմինն իմ անձնականն է» գիրքը, որը մեծ աղմուկ հանեց։ Այդ գրքի և կրթական այլ հարցերով Factor TV-ն զրուցում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ։

– Պարոն Բլեյան, Դուք ծանո՞թ եք այդ գրքին, ի՞նչ խնդիր եք տեսնում այնտեղ։
– Գրքին ծանոթ չեմ, չգիտեմ էլ՝ էլեկտրոնային տարբերակը կա՞ գրքի։ Բայց մենք գիրքը փոխանցել ենք դաստիարակներին։ Մենք ունենք 2-ից 6 տարեկան երեխաների մանկավարժների լաբորատորիա։ Հանգիստ կթերթեն, հանգիստ կնայեն։ Ինձ ավելի շատ անհանգստացնում է բանավեճ, քննարկում վարելու էս ցածր մշակույթը՝ հարայ-հրոց, էն որ ասում ա՝ ի՞նչ ա պատահել։ Չես էլ հասկանա։ Մի կողմից վարչապետը կոչ ա անում, կամ պահանջում է, որ ամենադժվար թեման հասարակական քննարկման դրվի, յուրացվի, բացախոսություն լինի, կարողանանք իրար լսել, էդ արտահայտվելու ազատությունը՝ որ թվում ա, թե եթե պաշտպանված չեղավ էդ ազատությունը, ի՞նչ հասարակական կարծիք։ Մեկ էլ աջ ու ձախ տեսնում ես, թե սոցիալական ցանցն ինչի է վերածվում։ Գիրքը ուղղված է ոչ այդքան 3-ից 6 տարեկան երեխաներին, այլ նրանց ծնողներին։ Որովհետև ո՞ւմ միջոցով են ստանալու՝ ծնողների, դաստիարակների, մեծահասակների։ Բայց եթե մեծահասակները, դաստիարակները չեն կասկածում իրենք իրենց, վստահ են, որ ամեն ինչ գիտեն, ուրեմն ոչինչ չի փոխվի։ Անկախ ասելիքից՝ համաձայն ես, համաձայն չես, հլը փուլեր անցեք։ Համաձայն չես՝ կմերժես, բայց էդպես, ուղղակի մարդկանց լռեցնելու համար․․․ Չեմ ճանաչում, ո՛չ հեղինակներին, ո՛չ մյուսներին։

– Ներողություն, 3 տարեկան երեխան ի՞նչ պետք է իմանա այն ամենի մասին, ի՞նչ կա այս գրքում և ինչպե՞ս կարելի է դա նրան հասցնել։
– Շատ դժվար է որոշել, թե ինչ կարելի է ասել երեխային։ Հիմա իմ 4-րդ աղջիկը՝ Աստղիկը 6 ամսական է, տղաս՝ Դավիթ Բլեյանը, 7 տարեկան է։ Բայց Դավիթ Բլեյանն էնքան հասուն է, էնպիսի հարցեր է տալիս, որ դու ի՞նչ պիտի ասես՝ սո՞ւս մնաս։ Մի դասարանում է սովորում, որտեղ 25 հոգի իր նման հետաքրքրված տղաներ ու աղջիկներ են։ Նա ինտերնետ մտնելու հնարավորություն ունի, էնպիսի ինֆորմացիա է ստանում, դու չես փակի, սա պետք է որպես փաստ ընդունես։ Մենք ի՞նչ ենք ասում նրան։ Շատ կարևոր է, որ երեխան չփակվի, շատ կարևոր է, որ երեխան վստահի իր ծնողին, շատ կարևոր է, որ երեխան իմանա՝ ցանկացած հարց, որն ինքը տալիս է, իր հանդեպ ծնողի վերաբերմունքը չի փոխի։

– Կա՞ ունիվերսալ տարիք, որից սկսած երեխան կարող է իմանալ սեռական դաստիարակության մասին։
– Ես անհատի կրթության կողմնակից եմ։ Մի դասարանում նստած են նույն տարիքի 25 երեխա, բայց նրանք բոլորովին տարբեր երեխաներ են, անհատականություններ են, լավի ու վատի հարց չէ։ Որովհետև առաջին կրթիչը ընտանիքն է։ Լև Նիկոլաևիչ Տոլստոյն էր, չէ՞, ասում՝ 5 տարեկան երեխայից ինձ կես քայլ է բաժանում։ Ինտելեկտուալ առումով երեխան կայացած է, զարգացած է, և գումարած էս տեղեկատվական հոսքերը, իրեն գիտե՞ք ինչ են դարձնում՝ մոնստր։ Ահա ինչու ամեն ինչ հարցերով կարելի է որոշել, երեխան հարցը տալիս է, պատասխանն ստանում է, ի՞նչ է եղել։ Ամենավտանգավոր բանը շանտաժի կեղծ միջավայրն է։

Քիչ առաջ ասացիք, որ «Իմ մարմինն իմ անձնականն է» գիրքը փոխանցել եք ձեր մանկավարժական լաբորատորիա, որպեսզի ուսումնասիրեն․․․
– Այո, բոլոր դաստիարակները․․․

– Այսինքն, ձեր դպրոցում կա՞ սեռական դաստիարակություն։
– Մենք ունենք մի սկզբունք՝ խոսքը երեխայի, դաստիարակի, դասվարի մասին է։ Էս առարկայական ուսուցումը դպրոցի տունը քանդում է, հատկապես կրտսեր դպրոցի, հատկապես մանկապարտեզի, կտոր-կտոր, բաժին-բաժին։ Ջանի Ռոդարին ասում է՝ ժամային ուղղիչ տուն, ուր կարելի է չափաբաժիններով լցնել երեխայի բերանը և ինքը կլինի էն, ինչ դու ուզում ես։ Սա, ցավոք սրտի, համառորեն չի հաղթահարվում։ Որովհետև կա էդպիսի մի շփման մշակույթ, որտեղ չկան առարկաներ, կան մեծահասակներ, որոնք ունեն մի փոքր այլ կենսափորձ և կրտսերներ, փոքրեր, որոնք ունեն այլ կենսափորձ։ Նրանք իրար հետ ազատ շփվելով իրար փորձ են փոխանցում, իրար հայացք են փոխանցում և շատ կարևոր է որևէ ստորադասություն չդրվի երաժշտության ու մաթեմատիկայի ու ֆիզիոլոգիայի միջև։ Մենք կողմ ենք, որ ինչ ուզում ես ուսուցչի միջոցով արա և փոխանցիր ուսուցչին։ Էդ ուսուցչի միջոցով կգա շախմատը, կգա մաթեմատիկան, կգա ֆիզիոլոգիան։ Ուսուցչի մասնագիտությունը ինչ-որ առարկայի տիրապետելը չէ, «մանկավարժությունն ինչպես»-ն է։

– Հայաստանում մեկ տարի է, ինչ հեղափոխություն է եղել։ Այդ իմաստով կրթական ծրագրերում, մանկավարժական մոտեցումներում որևէ փոփոխություն տեսնու՞մ եք կամ պե՞տք է լինի։
– Ես պնդում եմ՝ «մանկավարժությունն ինչպես»-ն է, ինչպես կարևոր է ինչ-որ բան փոխանցել մարդուն։ Եթե կա պարտադիր ուսուցում, որ երեխան 12 տարի պետք է սովորի, իսկ դրանից առաջ էլ մանկապարտեզ․․․ Պետությունը վերցնում ա նաև ընտանիքի լիազորությունները, ընտանիքի փոխարեն որոշելու լիազորությունները․․․ Ի՞նչ վատ բան էր արել նախաձեռնողը այդ գրքի քննարկման հրավիրել էր 3-ից 6 տարեկան երեխաներ ունեցող ծնողների մի կլոր սեղանի շուրջ։ Բա ո՞ւմ հրավիրեր։ Կարևոր չէ ինչի մասին տվյալ դեպքում կխոսեն։ Պարտադի՞ր էր էդպիսի աղմուկը։ Ինչո՞ւ։ Մարդը կարող է կաղապարներ ունենալ, բայց ես երբեք չեմ հասկացել շանտաժի լեզուն։ Ես էլ արտահայտել եմ մտքեր, որոնց հետ հասարակությունը համաձայն չէ։ Բայց դա ինձ հետաքրքի՞ր է, կներեք։ Իմ արտահայտվելու ազատությունն եմ ես իրացնում և իմ պատասխանատվությունը։ Մտքեր ու գաղափարներ, որ ես ուզում եմ փոխանցել։ Հասարակություն, փակիր ականջդ, հիմնավոր ցույց տուր, որ իմ մտքերը լսարան չունեն, բայց հանել մարդուն թշնամի, դուրս բերել երեխայի դեմ… Էդ շանտաժն է ինձ սարսափեցնում։ Ինձ սարսափեցնում է վերջնագրային լեզուն։ Դա բացառում է որևէ փոխանցում։

– Մենք անհանդուրժո՞ղ հասարակություն ենք։
– Հայերի մոտ էդքան էլ գաղափարի հետ կապված չէ։ Այ, որ ուշադիր լինես, փորձեցին հարցադրումներ բերել, գուցե ազատ հասարակությունի՞ց է, ինտերնետն է, ֆեյսբուքն է։ Առաջ փակ էր ամեն ինչ։ Բայց էդ երևույթները երեխայի հետ կապված, որ ամեն ինչ կարելի է հասկանալ, դու էդ չես հասկանում, էնքան ահագնացող են, որ պետք է հասարակությունը լուծումներ առաջարկի։ Ես չեմ ասում, որ էդ գրքով խնդիրը լուծվում է, մենք պետք է որպես ծնողներ փոխվենք։ Մանրամասները՝ տեսանյութում:

Զրուցեց Մհեր Արշակյանը

© factor.am

(8) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>