0

Հայացք Երևանից, հայացք Երևանին…

Որպես երևանցի՝ ծնունդով ու մշտական բնակությամբ, երեխաներով, նրանց երեխաներով, աշխատանքով․․․ ամենամեծ կորուստը Երևանն է եղել, ու ամենամեծ ձեռքբերումը, որ ակնկալում էի ունենալ 2018-ի ապրիլի ընդվզումով-իշխանափոխությամբ, Երևանն է, նրա՝ ճակատագրի դատապարտվածության ընթացքի բեկումը, կասեցումը․․․ շեղումը, նոր ընթացքի-հեռանկարի, Դավիթ Բլեյանը գործածում է՝ պլանավորումը․․․ մշակումը, կազմակերպումը, տարածումը հանրապետությունով մեկ, որպես քաղաքաշինություն․․․ Ամենամեծ մտահոգությունը այստեղից՝ իմ ողջունած քաղաքական սերնդափոխությամբ իշխանության եկածների ու իմ տարբեր դիրքերում հայտնվելն է՝ Երևանից, Երևանին մեր հայացքով…  Երաժշտությունն ու քաղաքաշինությունը միասին բացահայտում, հնարավոր են դարձնում համակեցությունը․․․ Սա ասում եմ, որ հասկացվի, քաղաքացի Աշոտ Բլեյանի սրացումը, ամանորյա մոնիտորինգի անցկացման անխուսափելիությունը․․․ բնակավայրը, աշխատանքը, ապրելակերպը փոխելուց առաջ․․․

Հանրային երաժշտական ճաշակի փոփոխությունը, դրա բացակայությունն արձանագրելը ավելի հեշտ է, քիչ աշխատատար․․․ Վերցնում ես ԱԺ ընտրական, նախատոնական, տոնական, նախածննդյան, սուրբծննդյան մեկ ամսվա կտրվածքում ֆեյսբուք-սոցցանցեր-ամբողջությամբ թվայնացված TV-ները․․․ Ամեն ինչ եթերում է, ավա՜ղ, աչք ու ականջ սղոցող, և՛ քայլելիս, և՛ նստելիս, հանրահավաք ու քեֆ՝ որևէ առիթով ուրախություն անելիս, սեղանի շուրջ-դահլիճում հավաքվելիս․․․ Անկում է… մեկ բառով՝ ահավոր է, կարծր ու տգեղ, հակաճաշակ, կասեր Ֆլորենցիայից դեռ չվերադարձած Վիգեն Ավետիս քանդակագործը մեր…

Քաղաքաշինության առումով․․․ «Հին Երևան» կոչվող նախագծի օրինականացումով-նոր քաղաքապետի-ավագանու-կառավարության պաշտպանությունը ստացող 2018-ի դեկտեմբերի 27-ի որոշմամբ սկսվողը, թափ հավաքողը, որքան էլ այդ որակումը 2018-ի ապրիլյան ընդվզումից սկսված՝ տեղին չէ, անխուսափելի-դատապարտված է ներկայանում․․․ Կարդացեք իմ երեկվա գիրը, խնդրում եմ, անցեք բարեխղճությամբ փնտրված-գտնված հղումներով, որոնք իմ գրին հավաստիություն, հիմնավորվածություն են հաղորդում․․․ Երկու հղում նոր՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքն ու Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սահրատ Պետրոսյանի հետ հարցազրույցը՝ «Հին Երևան» նախագծի այլընտրանքով, առանձնացնում եմ հարգանքով և՛ Արթուրի, և՛ Սահրատի նկատմամբ։

03․01․2019․ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից։

Սահրատ Պետրոսյանի խոսքից.
Հին Երևանի ջատագովներից մեկը մենք ենք եղել։ Էն ժամանակ, երբ Երևանի կենտրոնում այլանդակ կերպով կառուցապատում էր գնում, Հյուսիսային պողոտան նոր էր ավարտվել և տեղափոխման ենթակա հուշարձանների նոնսենս և հակամշակութային-հակապետական ցուցակը ստեղծվեց, այդ ժամանակ եկանք համաձայնության, որ պետք է ստեղծվի նման թաղամաս, բայց այն ժամանակ, որ խոսք էր գնում նման բան անելու մասին, խոսքը գնում էր, որ պետք է դադարեցվի շինարարությունը և ստեղծվի պատմական թաղամաս։
Այդ գաղափարը տրանսֆորմացվեց․ այդ «Հին Երևան» տարածքի շուրջը սարքել են 18 հարկանի շենքեր, հիմա պատկերացրեք՝ երկու կողմից ունես 18 հարկանի շենքեր, մի հատ խեղճ ու կրակ թաղամաս, որի մեջ կա 7-8 հուշարձան շենք, մի 4-5-ն էլ նոր թափով հիմա քանդելու են, որոնցից մեկը էսօր վտանգված է՝ Աֆրիկյանը, քանդելու են, բերեն էդտեղ հավաքեն, ստեղծեն պսևդո Երևան, և ամենակարևորը նախագծողները հենց էդ նույն մարդիկ են, ովքեր նախագծել են Երևանում նախկինում․ ի՞նչ է փոխվելու։ Արդյո՞ք դա Հյուսիսային պողոտայից ավելի լավ միջավայր է լինելու։ Ես պատրաստ եմ գրազ գալ, որ ոչ։ Ճիշտ դրա համար մենք անցյալ տարի առաջ բերեցինք՝ եղբայր, դադարեցրե՛ք Երևանի կենտրոնում շինարարությունը, փոքր կենտրոնը հայտարարե՛ք հատուկ պահպանման գոտի և մոտ մի՛ եկեք դրան։
Բնականաբար ինչպես հին Երևանի իդեան տրանսֆորմացվեց և օգտագործվեց ինչպես իրենց պետք է, էստեղ էլ՝ քսան չինովնիկով հավաքվեցին, հիմա որոշում են, թե Երևանի ճակատագիրը ինչ պետք է լինի։ Բոլորը իմ գործընկերներն են, իմ լավ բարեկամներն են, իմ ուսուցիչներն են, բայց մենք ճարտարապետներով, որպես հանրություն, ի վիճակի չենք էս խնդիրները լուծելու…

Քաղաքական կառավարման նոր՝ չպատկերված, բայց պատկերացված համակարգը՝ և՛ հանրապետությունում, և՛ նրա որպիսությունը որոշող Երևանում, չի կայանա առանց պաշտոնյայի անձնային պատասխանտվության գործուն ինստիտուտի․․․ Երևանի ավագանին, քաղաքապետի ներկայացմամբ-մասնակցությամբ քննարկե՞լ է կառավարության դեկտեմբերի 27-ի որոշմամբ հաստատվածը․․․ հանրայի՞ն են եղել քննարկումները, որտե՞ղ և ինչպե՞ս, անձամբ Արթուրն ու Սահրատը համաձա՞յն են որոշման հետ, ինչի՞ հետ համաձայն չեն, և համաձայությունը անհամատեղելի չէ՞ հետագա պաշտոնավարման հետ․․․

Երեկ, քառասունքը տոնող Աստղիկ Բլեյանի կանչով, հարազատների-սիրելիների՝ պարզ-հոգևոր զրույցներով-քննարկումներով, այդպես էլ չվերջացող ընդունելությունների ավարտից հետո՝ իրիկունը 8-ից 10-ը, քայլեցի վերից-վար, ուղղահայաց, Աբովյանի, Բուզանդի, Արամի, Կողբացու հարակից Հյուսիսայինով ու ֆիրդուսնոցով, իմ ամենօրյա ոտքի-հեծանվի ճամփաներով մտա տուն։

Աստղիկ Բլեյանի լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։

Մեր, Ֆիրդուսնոցի աշտարակի դիրք ունեցող Չայկովսկի 30-ի չորրորդ հարկի աշխարհի իմ անկյունից, հայացքով դեպի հին-նոր Երևան, Մոցարտի հայտնի սիմֆոնիայի ներքո քնած Դավթի ու երաժշտությունը կաթով մայրական յուրացնող Աստղիկի հովվերգությամբ պատմում եմ իմ հին ու նոր տարին․․․ Այս տարածքի՝ տեսանելի, առօրյա, ոտքի ճամփայի մասին չէ՞ հին Երևան կոչվողը՝ ձգվող դեպի իրեն սահմանակից Մաշտոցի պողոտայով-Սարյանով բաժանվող Կոնդ ու Հրազդանի կիրճ․․․ Եկեք քայլենք միասին, հարգելի Սահրատ Պետրոսյան ու Արթուր Մեսչյան, ցույց տվեք, որ ձեր պատասխանատվությամբ 2019-ին թափ առնող քաղաքաշինությունը հասկանալի-ընդունելի դառնա նաև ինձ, որ բարիկադների տարբեր կողմերում չդիրքավորվենք․․․

– Հայրի՜կ, ինձ շտապ պետք է Փարիզում լինել․․․
– Ինչո՞ւ հանկարծ, ի՞նչ ես մոռացել Էյֆելյան աշտարակում, Դավիթ Բլեյան․․․
– Չէ՛, ես պլանավորել եմ Հաղթական կամարը բարձրանալ․․․ Անցած տարի չհասցրի։ Ես գիտեի ինքը փոքր մուտք ա, բայց պարզվեց հսկա կամար ա՝ իր ճարտարապետությամբ, Փարիզի սիրտը․․․

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1543

(172) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>