0

Իմ պոստում Տիարի՝ արթուն պահակի. գիր է…

– Ձմեռվա առաջին օրը շնորհավո՜ր…,- ձնագնդիի պես գլո՜ր մահճակալից, հյուրասենյակում ձայնեղ հայտնվեց Դավիթը Բլեյանը՝ առավոտ կանուխ։ Դեկտեմբերի նկատմամբ Դավթի վերաբերմունքը գիտեք. նրա ծննդյան ամիսն է, մեզ բոլորիս հիմա պատրաստում է տարվա ամենօրվա՝ դեկտեմբերի 12-ի դիմավորմանը։ Ժամը ութը հեռու է, ես պատրաստվում եմ սեբաստացի մանկավարժների հետ, Սմբատի առաջնորդությամբ Արատես մեկնելու՝ մեր դպրական կենտրոնի ձմեռային շրջանի բացմանը, մանկավարժական զրույցներին վառարանի շուրջ։ Եղա՜վ․․․

Ես ձեր տոնածառը չեմ, որ զարդարեք։ Է՛լ հարգելի (ինչի տիարի ոչ հարգելին էլ է լինո՞ւմ, ես այլընտրանք եմ, հա՞), է՛լ տիար Բլեյան (ինչի ուրիշ տիար էլ կա՞, ոչ Բլեյան․ տեսել եք, հա՞)… Երեկվա հանդիպման մի ամբողջ վերնագիր՝ անտարիք-սիրահար-մանկավարժ-արվեստագետ․․․ յուրաքանչյուրինը։  Ինչի սրանով սպառեցի՞ք ձեր տիարի շնորհների թվարկումը, տոնածառի խաղալիքների տուփը դատարկվեց, հա՞․․․ Ու յուրաքանչյուրը թող իր տիար-տոնածառին մի զնգլիկ-գունավորիկ կախի․․․ Է՜հ, արեք, դուք ու ձեր տիարը, ձեր մեջ ես վատամարդը հո չե՞մ լինի․․․ Ուրիշ տոնածառ չգիտե՞ք ամանորի դեկտեմբերով։ Ես տիարն եմ, որ քայլում է ինքն իր համար, իր ճանապարհով․․․

Շնորհակալ եմ երեկվա գուրգուրանքի-պայծառության-հավատարմության ծեսի համար․ մայրս կասեր՝ փառավորվեցի․․․ Իմ շուրջ իմ տարատարիք երեխեքը-ընկերները․․․ Ես չգիտեմ՝ ինչ էի խոսում, բայց ուղիղ էի ձեզ հետ․ չէի ծռմռվում․ ես յուրաքանչյուրիդ հետ էի․․․

Կթահամալիրի տնօրենի հետ հանդիպումը՝ «Հարթակ» ակումբում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի

Դավիթ Բլեյանը Գրիգոր Խաչատրյանի տեղը դատարկ չի թողնում․
– Էս 1500 տարեկան ես, հա՞, դառել, տիա՛ր Բլեյան, կարդացի (որտե՞ղ)… ծիծիլիոն տարի էլ կապրես․․․
Իր քույրիկ Աստղիկի հանդեպ Դավթի գուրգուրանքի մասին ո՜նց չխոսես, գիր չբերես․ իրեն-իրեն գալիս է։ Սրանից էլ հուզիչ բա՞ն փնտրես․․․
– Որ Աստղիկն ուտում ա, հավես ա, որ քնում ա, էլի հավես ա։ Միշտ ուզում եմ նայեմ․․․ Որ քնի, գալու եմ արթնացնեմ, որ էլի ուտի…

Իմ ընթերցողը, իր երկու թևով-խավով՝ սովորողների-ուսուցիչների, երեկվա օրով-առիթով՝ 1500-րդ գրի խորհրդի, ի՞նչ փոխանցեց, տեղ հասցրեց, որ ուղիղ առնչվում է օրագրի-բլոգապատման շարունակականությանը-անընդհատությանը… Իմ հանրահայտ-յուրաքանչյուրինը լինելը գործոն է, որ օրագրի միջոցով նաև կարող է էլի ազդեցիկ լինել մեր կրթական համայնքի, սեբաստացիական ուրույն աշխարհի զարգացման-ընդարձակման համար… Ասվեց, որ սովորող-ընթերցողներն այսպիսով, կապի մեջ են իրենց տիարի հետ, նրանից ուզում են իրենց ուսումնական կյանքի բարելավման-փոփոխման մտքեր, հարցադրումներ, նախագծեր, մեկնաբանություններ․․․ Սիրով։  Էլ աշխարհք չե՞մ գալու հո նոր, Իր տվածն եմ տալիս իրեն։

Ամենօրյա իմ խոսքով (հաստատվեց ինձ լսելի-ընդունելի), ես ազդում եմ մանկավարժական ստեղծագործական հավաքանիի որոշակի խմբի անհատական լաբորատորիայի ձևավորման վրա, խթաններ-ճաշակ-լուծումներ-կասկածներ-հաստատումներ եմ փոխանցում։ Ես չեմ կարող օգտակար չլինել սեբաստացի համայնքին, նրա ուսուցիչ-մանկավարժական աշխատողին, չեմ կարող չօգտագործել իրեն սովոր-ընդունելի միջոցը-կապը-կամուրջը, ուզում եք՝ սրան ընթերցարան ասեք, եթե չի առաջացել երկուստեք ավելի ընդունելին… Առաջ չընկնեք, ասված է՝ օրվա հոգսը բավ է օրվա համար․․․

«Իմ թաղարը» նախագիծ. Հյուսիսային դպրոց,  2-4տարեկաններ։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի, Սաթեն Գևորգյանի։

Տեսե՜ք, գիշերը, 3-4-ի արանքում ես արթուն եմ, պատմում եմ իմ պոստում։ Ես իմ մոր փորում եմ․ թեյը՝ առաջիս, Հյուսիսում ինձ համար հատուկ պատրաստված փախլավայի ճաշակումով։ Իսկ երեկը թող դեռ իր նստվածքը տա․․․ Ուրբաթը՝ իր օրացույցով սեբաստացիական կրթական համայնքի, խելամիտ է որոշված․ ուսումնական ժամերգությունը, ուրբաթ համերգ Մարմարյա սրահում, նախագծերի լուծումները, ուսումնական ժամանակ-շաբաթի իմաստային փոխադրիչներ են մի-մի․․․ Սրան ավելացնենք նաև հարսանեկան ուրախության փոխանցման միասնական ցույց-պարապմունքը ընդհանուր, ու կարող ենք հավակնոտ լինել, հիմքերը ստեղծված էին, հասարակությունը իր նախընտրական կենտրոնացվածության մեջ անգամ լսելի ուղերձներ ստացավ մեր կրթական համայնքից․․․

Այո, սա քաղաքական ազդեցություն է մեր հանրակրթական համակարգի միջոցով բաց հասարակության ու հանրային ճաշակի ձևավորման նպատակով…

Տեսեք․ նախընտրական այս կարճ շրջանում հանրակրթական, սրա հոմանիշը՝ հանրային կամ, որ ես սիրում եմ, լուսավորչական  դիսկուրսը* որտե՞ղ է կայանում, սոցցանցերում, մեդիա-ԶԼՄ-ներում՝ լավ, մի քանի հանդիպումներում-քննարկումներում-ակումբներում՝ էլի լավ, բայց ինչո՞ւ մանկավարժական հավաքանիները՝ ուսումնական հարյուրավոր հաստատություններ՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր, արտադպրոցականներ, յուրաքանչյուրը ու հանրապետությունով մեկ, այս շրջանում չեն գործում որպես բանավեճերի, կլոր սեղանների, քննարկումների-հանդիպումների բաց ակումբներ, հասկանալի է՝ ԱԺ ընտրություններին մասնակցող թեկնածուների լիարժեք ներգրավմամբ… Ինչո՞ւ ուսուցիչը, դասախոսը, դասավանդողը, մասնագետը,  պատանիները, հասարակությունն իր ծնողական խմբերով չեն մասնակցում լուսավորչական (մշակութային) կրթական օրակարգին… Ինչո՞ւ է այս ապաքաղաքականացումը, որ վստահ եմ, քաղաքացիական հասարակության խարխլիչն է, որպես նվաճում ներկայացվում․․․ Քննարկումները փոխարինված են միտինգներով, ճառերով, կառավարելի-տաղտուկ, մարդուց կտրված գյալաջիներով․․․

Ձյան ուրախությամբ ավետում ենք ձմռան եկը։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Ավելի լավ ավա՞րտ, ընթերցարա՞ն իմ օրվա գրում, քան սա, որ կգտնեք իմ «Պահին ասված ճշմարիտ խոսքը գործողություն է դառնում» խմբագրականում…

Ճշմարիտը փնտրելու համար պիտի միշտ պատրաստ լինել հաղորդակցությանը և այդպիսի պատրաստակամություն սպասել ուրիշից։ Նրա հետ, ով իրապես ձգտում է ճշմարիտին, հետևաբար հաղորդակցությանը, կարելի է լրիվ բացահայտ խոսել ամեն ինչի մասին (ինքը նույնպես կարող է խոսել ամեն ինչի մասին), բայց այնպես, որ չվիրավորես և միևնույն ժամանակ չխնայես նրան, ով իրականում ուզում է լսել։ Ազատության պայմաններում ճշմարիտի համար պայքարր պայքար է սիրո համար։
Կարլ Յասպերս

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1511

* Դիսկուրս – խոսույթ՝ իրադրական խոսք, որը դիտվում է իր իրացման պայմանների ամբողջության մեջ (աղբյուրը

Դիսկուրս բառն առաջացել է լատիներեն discursus բառից, նշանակել է այս և այն կողմ թափառել, արագ տեղաշարժում, թարթում, նաև խոսք և քննարկում, հետագայում ֆրանսերենի միջոցով է տարածում գտել՝ ֆրանսերենով նշանակելով հանրային որևէ խոսք որոշակի նպատակի հասնելու համար կամ զրույց, խոսք: Փիլիսոփայական մտքի մեջ՝ սկսած Արիստոտելից, Պլատոնից մինչև լուսավորիչների դարաշրջան դիսկուրսային է համարվել դատողականը, ռացիոնալը՝ հակադրվելով իռացիոնալին և զգացմունքայինին:
Աբստրակտ մակարդակում խոսույթն իրենից ներկայացնում է սոցիալ-պատմական մի կոնտեքստ, որի մեջ ձևավորվում է մարդկանց կողմից երևույթների մեկնաբանումը և ընկալումը: Այսինքն, երբ մենք ասում ենք գիտական խոսույթ, նշանակում է, որ դա այն բոլոր տեքստերն են, որոնք մեր մեջ ձևավորում են գիտության հանդեպ վերաբերմունքը, ընկալումն ու մեկնաբանությունը: Օր.՝ երբ մենք ասում ենք ժողովրդավարության խոսույթ, կրկին նկատի ունենք բոլոր այն տեքստերը, մոտեցումները, որոնք մեր մեջ ձևավորում են ժողովրդավարության երևույթի ընկալումը, դրա հանդեպ վերաբերմունքը, և թե մենք ինչպես ենք կիրառելու դա ընդհանրապես…. (աղբյուրը)

(116) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>