0

Մանուկն ու ջուրը… Արի՛ ու տես…

Երեկ ծնունդ եղավ Բանգլադեշում․․․ Կրթահամալիրի Բանգլադեշով իմ ամենօրյա շրջայցին Քոլեջի ամառային պարտեզում այս օգոստոսին 2 տարեկան դարձող Վահանը «ապի՜» (Աշոտ պապի) գոչյուն-ողջույնով ինձ դիմավորեց տկլոր, լողավազանում․․․ Նկարաշարերը փոխանցում են և՛ Վահանի, և՛ իր շուրջ հավաքվածների ուրախությունը․․․ Ի՞նչ կարող էր ավելի մարդասիրական, երկու տարեկան մարդուց սկսած՝ յուրաքանչյուրին ուղղված գործողություն լիներ, քան պաղ-զուլալ  ջրում ամենօրյա այսպիսի հանդիպումը Բանգլադեշում, Երևանում, Արարատյան դաշտում, Եղեգիսի կիրճում, Արատեսում։ Թումանյանի այս դիմումը իմ ամենասիրածներից-ընթերցածներից է․․․

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ…

Դավիթ Բլեյանի հետ Բանգլադեշ ենք գալիս,  ես՝ գործի, Դավիթը՝ ճամբար․․․ Իմ ու Դավթի երեկվա զրույցը որոշեց իմ ողջ օրվա կարևոր բովանդակությունը․․․
– Պա՜պ, ո՞վ է վերահսկում ճամբարների լողավազանները․․․
– Ինչո՞ւ է մեծ ավազանի ջուրը տաք, ինչո՞ւ է փոքր ավազանը ավելի պաղ ու զուլալ․․․
– Պա՜պ, դու լավ չես անում քո գործը․․․
Ես ջղայնացա ո՛չ Դավթի, այլ ինձ վրա․․․
Անընդհատ պաղ-զուլալ ջրի ավազաններ, լողափեր մեր հինգ ամառային պարտեզներում․․․ Անընդհատ նոր տկլոր երեխաներ, երկու տարեկանից ջուրը մտնողների՝ մանկան ու ջրի ճիչերով-ուրախություններով․․․ Անընդհատ զար-զընգը մեր հայրենի-մայրենի․․․

Հյուսիսային պարտեզի 2-4 տարեկանների դեպի կրթահամալիրի Ագարակ անցումը՝ դաստիարակ Սոնա Կարապետյանի նոր օբյեկտիվից։

mskh.am-ում երեկ ազդադարվեց մի այլ՝ «Արատեսի դպրական կենտրոն» բլոգի ծնունդը. կեցցե եռանդուն-նախաձեռնող սեբաստացի երիտասարդների խումբը։ Առջևում բլոգի, «Արատեսի դպրական կենտրոն» նախագծի ներկայացումներն են Եղեգնաձորում։ Այո, մենք ո՛չ միայն մեզ չխանգարելու, այլև հոգատարության կարիք ունենք․․․ Ե՛վ ժամանակն է ափսոս՝ անպտուղ հակամարտության վրա ծախսելու, և՛ միջոցներն են սակավ։

Տեսե՜ք, մինչ 1988-ի արցախյան շարժմանն ուղեկցող դեպքերը՝ մարդկանց զանգվածային տեղահանումներ-փոխանակումներ, ադրբեջանաբնակ էին ոչ միայն Արատեսը, որը ինքնուրույն գյուղ էլ չէր, այլ Ղավուշուղ կոչվող խորհրդային տնտեսության տեղամաս, այլև Եղեգիսի կիրճի՝ այսօրվա Եղեգիսի խոշորացված համայնքի Հերմոն՝ նախկին Ղավուշուղ, Վարդահովիտ՝ նախկին Գյուլիդուզ, Եղեգիս՝ նախկին Ալայազ, Գողթանիկ՝ նախկին Ղաբախլու… Ահա ձեզ տխուր վիճակագրություն. այդ բնակավայրերից ամենաբարվոքը Եղեգիս-Ալայազն է, 441 բնակիչ, 43 դպրոցահասակ երեխա, Հերմոն-Ղավաշուղում կա 214 բնակիչ, 22 դպրոցական, Վարդահովիտում՝ 252 բնակիչ, 11 դպրոցական, Գողթանիկ-Ղաբախլուում՝ 200 բնակիչ, 19 դպրոցական…

Արատես դպրական կենտրոնի օգոստոսի ճամբարը հայրենագիտական ուսումնասիրության խմբերով կփորձի ներկայացնել 30 տարում կատարված գործերը-փոփոխությունները այս բնակավայրերում՝ սոցիալական, երկրագործական, բնապահպանական ողջ ասպեկտով․․․ Արժեքավոր կլինի այդպիսի ուսումնասիրությունը Հայաստանով մեկ՝ նախկին ադրբեջանաբնակ բոլոր գյուղերում։ «Արատեսի դպրական կենտրոն» նախագիծը ոչ միայն պիտի զարգանա-հաջողի, այլև խթանի զարգացման այլ ծրագրեր Եղեգիսի համայնքի գյուղերում․․․ Մեզ ուրախացրեց վերջերս Վարդահովիտում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման (FPWC) հայտնի հիմնադրամի «Արևորդի» հայտնի փառատոնի անցկացումը, Վարդահովիտում հիմնադրամի՝ ծրագրեր իրագործելու մտադրությունը։ Եղեգիսի խոշորացված համայնքը լավ գործըկեր կարող է դառնալ՝ հետևելով, որ ծրագրերը չշեղվեն-չդանդաղեն, որ ծրագրերով-նախագծերով նախատեսված ներդրումները, արդյունքները ուղղվեն համայնքի մարդուն, նրա ինքնավստահության, ներգրավվածության աստիճանի բարձրացմանը։

Կրթահամալիրի դասվար Մարինե Մխիթարյանի և ընկերների կամավորական ճամբարն իրենց Ոսկեհատ գյուղում։

1989-ին Արցախյան շարժման, Անկախ Հայաստանի վերածննդի ստեղծման ակտիվ մասնակից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ այն ժամանակ նորաստեղծ, բայց հանրապետությունում հայտնի, Հայաստանի ժողկրթության նախարարության փորձարարական-հետազոտական միավորում «Մխիթար Սեբաստացի» կրթօջախի նախաձեռնող խումբը Եղեգնաձորում, Վայքում առկա խնդիրներից, որպես առաջնային կրթական-սոցիալական, կարևորեց-առանձնացրեց-կենտրոնացավ նախկին ադրբեջանական-դատարկված գյուղերի նկատմամբ նոր մոտեցումներ-լուծումներ որդեգրելու վրա։ Իմ հայտնի հրապարակումները, որ կարող եք գտնել նաև Արատեսի դպրական կենտրոնի բլոգում, ոչ միայն պատմական անցած նշանակություն ունեն։ Մեջբերում եմ․

…. Մեծ հաշվով հանցավոր ձևով անպատրաստ էինք բռնագաղթի հետևանքով մարդկային մեծ զանգվածների այսպիսի արագ տեղահանման: Չունենք մեր կորսված շեների վերահայացման ազգային ծրագիր: Չունենք այսօր ճակատագրով մեզ պարտադրված տասնյակ գյուղերի վերաբնակեցման սոցիալական-տնտեսական խելամիտ, հեռահար քաղաքականություն: …. 100 տոկոսով նոր բնակեցված, բայց հող չմշակող ու անասուն չպահող, բարիք չստեղծող և քաղաքի հաշվին ապրող գյուղ ունենք, օրինակ, Եղեգիսի կիրճում:…. Զբաղեցրած տների որոշակի քանակը դեռ ապրող ու զարգացող, բարիք ստեղծող գյուղ չէ: Կենսունակ գյուղը սոցիալ-մշակութային առողջ միջավայր է: Զորացող գյուղը գյուղացուն իր քրտինքով հարստացնող տնտեսություն է:
Հայոց աշխարհի սահման-գյուղերը՝ անառիկ բերդեր 

Մեր ընտրությունը կանգնեց Արատես-Կզլգյուլի վրա․․․ Եվ այս՝ մարդուց ազատված տարածքը Արատեսի դպրական կենտրոնի վերածման նախագիծը, որի հեղինակը լինելու պատիվը ունեմ ես, իհարկե, խմբային նախագիծ-առաջարկ է, որի իրագործումը 1990-ական թվականներին իր շուրջ հավաքեց-միավորեց ծնունդով-աշխատանքով-կապերով Եղեգնաձորի-Վայքի բազում անհատների․․․

Եղեգիսի կիրճի Արատես գյուղը կարճ ժամանակում վերածել գյուղ-դպրոցի, մեր օրերի Գլաձորի: Արատեսում հավաքագրելով-կենտրոնացնելով կրթական արժեքներ ստեղծելու ունակ ուսուցչին ու մտավորականին, կարճ ժամանակում ստեղծել դպիր-համախոհների միաբանություն, գյուղը վերածել դպրական կենտրոնի:
Արատեսը՝ կենդանի Գլաձոր

Կրթահամալիրի արևելքի ճամբարում. լուսանկարները՝ ճամբարի պետ Ջուլի Սիմոնյանի։

Շնորհակալ եմ 1989-ին ՀՀ կառավարության նախագահի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանին, Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահ Մելանյա Դովլաթյանին, որոնք հաշված շաբաթների ընթացքում իրավակազմակերպական լուծումներով հնարավոր դարձրին նախագծի մեկնարկը։ Իմ գիրը, իհարկե, պատում է անընդհատ-ամենօրյա, ու․․․ այսօր՝ այսքանը, հատկապես, որ նորաբաց «Արատեսի դպրական կենտրոն» բլոգը ինքնուրույն, բնագրով, դպրական կենտրոնի բոլոր շրջաններին-կողմերին անդրադառնալու հնարավորություն է տալիս։ Ինձ ամենաշատը ոգևորում է սա՝ 2018-ի ապրիլյան շարժմամբ «Արատեսի դպրական կենտրոն»- նախագծային նոր խմբի առաջացումը, նրա թափը, գործողությունների թեթևությունն ու հետևողականությունը․․․ Հուլիսի 28-ին եկանք, տեսանք-խոստացանք, այսօր օգոստոսի մեկն է, և բլոգը օգտատերեր ունի, mskh-ում է, մատչելի յուրաքանչյուրին, երիտասարդ սեբաստացի ուսուցիչների խումբը, կապի մեջ Եղեգնաձորի-Վայոց ձորի հետ, երեկ նախապատրաստում էր բլոգի՝ խոստացված ներկայացումը օգոստոսի 3-ին, Եղեգնաձորում, Արատեսի դպրական կենտրոն 2018-ի անելիքների քնարկումը նախագծով նոր շահառուների հետ…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1431

(109) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>