Նամակներ կալանատնից

Երևան, «Շաղիկ», 2010թ.

Բաժին առաջին
Ինչո՞ւ Աշոտ Բլեյանը

Ինչքա՜ն է փչացել էս ժողովուրդը, էս ժողովրդի սիրտը…

Առաջաբանի փոխարեն
1999 թ. մարտի 23-ին Երեւան քաղաքի դատախազությունը ինձ ներկայացրեց մեղադրանք: Մարտի 25-ին հայ գրագետը ազդարարեց բոլոր թերթերով ու ինֆորմացիայի էլեկտրոնային միջոցներով, որ ես այլեւս հանցագործ եմ, վտանգավոր ռեցիդիվիստ: 1999թ. մայիսի 15-ին երկու ոստիկան ինձ նստեցրին կալանավորի ճաղավանդակ կեղտոտ բեռնատարը ու բերեցին Նուբարաշենի մեկուսարան: Մինչ այդ մայիսի 14-ին ինձ ձերբակալել էին իմ հիմնադրած կրթօջախի առաջ, օրը ցերեկով:

Հովհաննես Թումանյանը գրողի, քաղաքացու ու հայի իմ իդեալն է: Թումանյանի գրականությունն ու կյանքը դպրոց է. նա իմ Ուսուցիչն է: Ամբողջ հայ գրականությունը ինձ ներկայանում է Թումանյանի ու Չարենցի տեսքով: Թումանյանը ամբողջացնում է, իր հանճարի քուրայով է անցկացնում մեր գեղարվեստը, փակում 19-րդ դարը:
Չարենցով սկսվում է մեր գեղարվեստի 20-րդ դարը: Թումանյանի հետ չեն վիճում, նրան չեն մերժում, Թումանյան իմանում են, ընդունում են: Չարենցը դեպի 21-րդ դար հայ գրագետի «Գիրք ճանապարհինն» է:

Կա վիրավորանք Թումանյանի համար, որ ես ահա 20 տարի, իմ հասուն գիտակից կյանքում, չեմ մոռանում, չեմ մարսում, չեմ հաղթահարում: Թվում է այս «գործի» մասին մենք պիտի իմանայինք ամեն ինչ, ինչո՞ւ դա հնարավոր եղավ, ինչպե՞ս 20-րդ դարի հայ իրականությունը դա հանդուրժեց, ինչո՞ւ մենք ներեցինք «գործ» սարքողներին, ավելին մոռացել ենք, չգիտենք, կարծես մեզ չի վերաբերվում… Ռուսները չներեցին Ալեքսանդր Ցարին Պուշկինի աքսորի համար, չնայած ի՞նչ աքսոր, կարծեմ Մոլդովիայում մի շրջան պիտի ապրեր, զրկված Մոսկվայի ու Պետերբուրգի ազնվական կյանքից:
Թումանյանի բանտարկությունն ու դատը: 1909 թ. Թիֆլիսում պիտի ձերբակալեն այդ Աստված մարդուն, պիտի նստեցնեն կալանավորի ճաղապատ կառք, տանեն Պետերբուրգ, ստորացնեն մեզ, սպանեն մեր արժանապատվությունը: Հետո երկար ձերբակալված կլինի ու որպես շարքային մեղադրյալ իր գործը կդարձնի իրեն պաշտպանելը… Այս բոլորից հետո անկարելի է աշխարհքովը մին չաղաղակել – ինչքա՜ն է փչացել էս ժողովուրդը, էս ժողովրդի սիրտը… Ինչպե՜ս դա հնարավոր եղավ, ինչպե՜ս թույլատրվեց դա…

Ամբողջ ճանապարհին իմ աչքի առաջ Թիֆլիս-Պետերբուրգ փոշոտ ճանապարհն էր, ճաղապատ կառքն ու ճաղերից աշխարհին նայող Թումանյանը…

Պահո, ի՞նչ զուգահեռներ է էս Բլեյանը մտքով անցկացնում: Դու Թումանյանի ոտի փոշին էլ չես… Սրա պատասխանն էլ իմ Ուսուցիչն ունի.
«էնքան նման «Մշակի» Դրամբյանին ու «Հովիտի» Ս.Հ-ին, որ քիչ է մնում կարծեմ, թե ես էլ Պուշկինն եմ: Իհարկե, ներողություն եմ խնդրում իմ սիրելի հայրենակիցներից, որ էս տեսակ համեմատություն անցկացրի մտքովս: Ես լավ գիտեմ, որ նրանք թույլ չեն տա բնավ, որ Թիֆլիսի էսինչ փողոցում, էսինչ տանը մի ուրիշ Պուշկին լինի, էն էլ հայ: Բայց վեճի նմանությունը շատ մեծ է, նրա համար հիշատակեցի»:

18 մայիսի, 1999թ.
013 խուց

Ինչո՞ւ Աշոտ Բլեյանը

1978 թվին, տարիների բուռն համալսարանական գործունեության արդյունքում վտարվեցի Մայր բուհից: Թվում էր անարդարացի:
Հասցրել էի ղեկավարել շինարարական ջոկատներ Ղազախստանում, Կարելիայում, Մարիական Ինքնավար Հանրապետությունում, Հայաստանում, բերել հաղթողի հանրապետական ու համամիութենական դրոշներ, Երեւանում կազմակերպել էի հարյուրավոր ուսանողների անհատույց աշխատանքը Երիտասարդական պալատում, Օղակաձեւ զբոսայգում, Բանասիրության ֆակուլտետի նոր մասնաշենքում, Երիտասարդական թատրոնում, ուսանողական հանրակացարաններում: Հանրապետության տասնյակ դպրոցներում հարյուրավոր ուսանողներ իմ ղեկավարությամբ հետաքրքիր միջոցառումներ էին անցկացնում: Որը թվես: Գտնվեց մեկ մարդ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Յուրի Վարդանյանը, ով փորձեց պաշտպան կանգնել ինձ:

1985 թվականին վտարվեցի Երեւանի N 10 դպրոցից: Ետեւում երիտասարդ ուսմասվարի տարիների անմնացորդ ու նվիրված աշխատանքն էր՝ նոր մասնաշենքի կառուցում, հիմնական մասնաշենքի հիմնավոր նորոգում, հայագիտության ու հայրենագիտության խորացված ուսուցման դասարանների, դպրոցական ծրագրերի ու ձեռնարկների ստեղծում-փորձարկում… Ազգայնամոլի, հակաաթեիստի ու ռազմատենչի պիտակը կպցրին ու վերջ: Չլիներ Վարդգես Պետրոսյանը, երեւի ինձ կաքսորեին:

1985 թվականին որպես հանրապետության ամենաերիտասարդ տնօրեն մտա Բանգլադեշի կիսակառույց ու նորաբաց N 183 դպրոցը: Թվում էր իմ 15-ամյա տնօրինական գործունեությունը չի կարող արժանի չգնահատվել: Ես չէ, որ պիտի ներկայացնեմ Բլեյանի մանկավարժության նյութական մարմնավորումը: Շաբաթներ առաջ, ապրիլի 30-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 15-ամյակի տոնակատարության ժամանակ, պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման անվան տակ, փաստորեն, ազատվեցի աշխատանքից: Ավելի մեծ վիրավորանք ու հարված անհնար էր մտածել: Այս քրեական գործը, ձերբակալումն ու կալանավորումը դրա հետ համեմատելի չէ: Հայաստանյան հասարակությունը դա էլ թույլատրեց: Ինչո՞ւ դա հնարավոր եղավ: 1995-ին ես ստանձնեցի կաթվածահար ու երկարատեւ անգործությունից շփոթ դպրոցական համակարգի ղեկավարումը: Առանց նյութական միջոցների, հասարակական ու պետական անտարբերության պայմաններում հանկարծ կենդանացավ ու սկսեց իր հեռանկարին հավատալ 60 հազարանոց մանկավարժությունը: Այդ թափից այնքան վախեցան, որ 1996-ի հոկտեմբերին ինձ ազատեցին աշխատանքից, այն էլ ինչպես Սոչիում, երբ ստորագրում էի Ռուսաստանի հետ միջպետական կրթական կարեւոր համաձայնագիրը: Լուսավորության համակարգը, որի շահերի պաշտպանությունը վեր դասեցի իմ կարիերայից, թույլատրեց դա: Ինչպե՞ս է դա հնարավոր լինում մեզանում: Բա Բլեյանական դասագրքերը… Ամենամեծ նվերը, որ իմ համախոհների հետ ես պարգեւել եմ Հայաստանի երեխաներին: Բա եղեռնը… Նոր Հայաստանի կայացման համար անհրաժեշտ պայմանը՝ սերունդը պիտի իր գործն անի, պիտի ապրի ու շենացնի երկիրը, պապերի վրեժն ու ատելությունը փոխանցել նոր սերնդին նշանակում է դատապարտել նրան հերթական ողբերգության…

Պետականություն ունեցող ժողովրդի պատմական հասունության գրավականը իր հարեւանների հետ փոխադարձ ընդունելի համակեցության հաստատումն է: Կյանքի սերը՝ ահա իմ մեղքը: Մահ կամ ազատություն, մահ կամ հաղթանակ՝ սա մահի պարտադրումն է, ու ես մահվան թշնամին: Երեկ մեր պապերը, այսօր մեր թոռները… գերեզմանոց տանող նույն լոզունգները… Մեզանում, ճշգրիտ է նկատված, ոչ մի լավ բան անպատիժ չի մնում: Իսկ ինձ սիրելի ու ինձ պաշտպանող քաղաքական գործիչները ինձ պաշտպանում են բարձրաձայն արտահայտելով իրենց անհամաձայնությունը իմ հայացքներին: Կեղծիքը պիտի հաղթահարվի, եղբայրներ, որ իմ թվացյալ պաշտպանությունը դառնա իրական ինքնապաշտպանություն: Որ կյանքը հաղթի: Որ գերեզմանն ու կյանքը ջոկվեն: Թաղել է պետք բոլոր մեռելներին: Եվ սա հին ու սրբազան կռիվ է հայոց համար, որ ես Կոչում եմ Նոր ուղի:

«Օրագիր» 99 թ., գարուն

Երևանի ուղղիչ տնից

… Շնորհակալ եմ խորհրդային իշխանությունից… Ըստեղ սովորեցի կարթալը. շկոլումը… ըստեղ նստում գազեթ եմ կարդում սաղ օրը… Շեն կենան իրանք, ես խորհրդային իշխանությունից գանգատ ունեմ ոչ…
«Երեւանի ուղղիչ տնից» Եղ. Չարենց. 1927թ.

Կեցցե 1998-ի Հայաստանի իշխանափոխությունը, ինձ դատարանի որոշումով, հատուկ մեքենայով, պահակախմբի ուղեկցությամբ (որ չփախչեմ) բերեցին մեկուսարան՝ արձակուրդ հարկադրեցին… Համ էլ ի՜նչ շրջանում. Ազգային ժողովի ընտրություններին: Թե դրսում լինեի, ազատության մեջ սիրտս դիմացողը չէր… Առաջին օրերին «տաք» էի. չէի հասկանում, դիմադրում էի, բողոքում՝ էլ բռնություն ու անօրինականություն էի որակում, հացադուլ անում: Դա էլ էր պետք՝ գաս էստեղ հասնես ու մեկուսացման ողջ հաճույքը չվայելե՞ս…

2 օր «կարցերում» նստեցի. 4 օր չկերա-չխմեցի «բալանդայի» գերող հոտի ու տեսքի մշտական ներկայությամբ, մինչեւ հասկացա, որ բռնի-անօրինական, բայց բարին էս է: Այսպես են որոշել, որ… կատարվի տարվա բախտագուշակս: Համ էլ դրսում-ներսում, ղարաբաղցի-հայաստանցի, իշխանազավթ-իշխանափոխ, քաղաքական-քրեական, նստած-կանգնած բոլորս էլ փակված ենք Հայաստանի Հանրապետություն կոչվող էս «տուպիկում» ու բոլորս էլ չգիտենք վաղը մեր գլխին գալիքը, տանիքով-առանց տանիքի… Հիմա տեսնում եմ՝ «հին ընկերները դավաճանում են ու պուկ փախչում», իսկ նորերը գործում են «անդավաճան» իրենց խոստումներին: Տեր-Պետրոսյանի իշխանությունը կյանքս կերավ, տարիներ քրքրեց ինձ, մե՛կ դաղեց, մե՛կ խնայեց, մե՛կ հալածեց, մե՛կ փաղաքշեց: Վախկոտ իշխանություն էր: Իսկ այս մեկը չէ՜, ուրիշ է, ինձնից լավ գիտի իմ օգուտը ու ոչ մի բանի առաջ կանգնողը չի: Խնդրեմ՝ 2 ամիս է՝ առոք-փառոք նստած եմ… Դեռ հանցագործի չեմ հանդիպել միամիտ-հետաքրքրասեր մարդիկ են, մի գլուխ ուզում են հասկանալ, որ եթե մարդ չեն սպանել ու քանի դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռն էլ չկա՝ ինչի են 6-8-10 ամսով, մեկ տարով նստած… Իմ գալով խաղաղվեցին թե եթե Բլեյանին են բերել, ուրեմն մի բան գիտեն:

Հարազատներս ապահովում են իմ արքայական սնունդը՝ այսքան շատ ու այսքան լավ ես սնված չկայի: (Ասեմ իրենցից են կտրում, ո՞վ կհավատա: Բլեյանը իր գողացած միլիոններն է մեկուսարանում վայելում): Վրես խոսացող չկա, կանչ չկա, քննություն չկա, քննիչները ոչ զանգում են, ոչ երեւում: Կոկիկ, մաքուր, նոր շորերով: Ամեն շաբաթ լողանում եմ, օրը 3-4 անգամ մարզվում, սառը ջրով շփվում՝ ողնաշարիս ցավը բուժեցի: Բա դրսում ի՜նչ ուշադրություն իմ «պերսոնի» նկատմամբ…

Տարիներ շարունակ ինձ հայհոյողը լռել է, լռողը՝ բողոքի ձայն բարձրացրել ի պաշտպանություն ինձ, համակրողը՝ պատրաստ է անձնազոհության: Այ էսպես ձեր հախից գամ՝ խեղճանաք: Քաղաքական գործչի համար կարեւորն էն է, որ ճիշտ ժամանակին «նստի»… Աղջիկներս էլ առանց ինձ յոլա կգնան, կինս էլ կաշխատի, համ իրեն կպահի, հա՛մ սիրելի ամուսնուն: Կրթահամալիրին էլ առանց ինձ երեւի հանգիստ կթողնեն՝ կփրկվի… Դատապաշտպան ունեմ՝ ողջ կալանավայրն է նախանձով նայում, իմ պաշտպանության հասարակական խորհրդին էլ դրսի աշխարհն է ճանաչում, իմ «աղմուկը» միայն Կոսովոն կծածկեր: Դե, քաղաքակիրթ արեւմուտք, հիմա իմ դատին անցիր:

Տեսքս ու ինքնազգացողությունս հոյակապ է: Թե դուք դրսում դիմանաք՝ ես 10-12 տարի անտրտունջ նստող եմ: Ի՜նչ հին ու նոր ուղի, քաղաքական այլընտրանքը կտակել եմ Գեորգիին ու Նիկոլին. իմ ճամփան ուղիղ բերդ կամ գաղութ է տանում, ճամփի կեսից ետ չեն դառնա՝ վատ նշան է… Նստած քաղաքական գործչի նկատմամբ հասարակության վերաբերմունքն էլ է ուրիշ: Հենց էնպես հո՞ չեմ նստել՝ Հայաստանից թե մի բան մնաց, հաջորդ նախագահը ես եմ: Չկարդացածը կարդում եմ, կարդացած-մոռացածը՝ վերընթերցում: Նամակի ու հոդվածի ժանրից անցնում եմ մեմուարներին… Խաղաղված, «թողած դրսում ե՛ւ քեն, ե՛ւ նախանձ, ամենը ինչ որ ճնշում է հոգին», անչար-անանձնական, որպես Աստված (շա՜տ եղավ): Բոլորին ներել եմ, չարից չէ արածը, այլ խեղճությունից: Քննիչ, դատախազ. Սերժ… հանգիստ քնեք:

«Ոչ մի կալանավոր չպիտի անգործ մնա, հասկանո՞ւմ եք. ոչ մի կալանավոր…». այսպես Երեւանի ուղղիչ տան պետն էր մտածում 1927 թվին: Մերն ուրիշ է՝ ամբողջ օրը պարապ-սարապ. կեր-խմի ու մո՜ւշ-մո՜ւշ քնի՝ մենք դրսում շատ ենք չարչարվել… Ինչի՞ էր նման իմ կյանքը ողջ օրը ոտքի վրա. հոգսեր ու հոգսեր: Իմը քիչ էր՝ մի քանի հարյուր ուսուցչի, մի քանի հազար երեխայի ու ծնողի հոգսն էլ վրադիր, դեռ կպել էի էս տանջված ու արդար ժողովրդին՝ նոր ուղի՜, նոր համակեցությո՜ւն… Օրհնվի էն սհաթը, որ ղարաբաղցի Ռոբերտի ոտը Հայաստանի հողին դիպավ: Որ եկած չլիներ, ես էլ էսպես հաստատ ու ապահով նստողը չէի: «Շեն կենան իրանք, ես էս իշխանությունից գանգատ ունեմ ոչ»:

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Լրագրող Աննա Իսրայելյանի անմեղ հարցերին իմ նույնքան անմեղ պատասխաններն անմեղ հետեւանքներ ունեցան: «Առավոտում» տպված այդ հարցազրույցից առաջ ամեն շաբաթկիրակի մեզ էքսկուրսիա էին տանում, խորովածով, դհոլզուռնով՝ մի անգամ Հաղարծին, մյուս անգամ ԳառնիԳեղարդ, շաբաթը մի անգամ էլ Սեւանում լողանալն էր պարտադիր: Հիմա խիստ է:

Մենք էլ մեր կամերի պատին Հայաստանի քարտեզն ենք փակցրել ու անարգել ամեն օր ճամփորդում ենք՝ չնկատելով թե ինչպես ենք կտրում-անցնում Ղարաբաղի հանրապետության սահմանը: Էդ հարցազրույցից հետո մեզ զրկեցին ֆիննական բաղնիքից, ֆիրմա գարեջրից ու գյոզալներից: Մենք էլ կամերում օրը 3-4 անգամ մարզվում ենք ու սառը ջրով լոգանքներ ընդունում: Իսկ աղջիկները… քանի «Արմենիկումը» միջազգային ճանաչում չի ստացել, թող սպասեն:

Իմ կալանքը եւս երկու ամսով երկարացրին նորից առանց ինձ նեղություն տալու: Չէ Բլեյա՛ն. ասում են տղաները, հա՛մ ամոթ ունեն քննիչ-դատավորները՝ ամաչում են աչքերիդ նայեն, հա՛մ էլ վախենում են… ռեյտինգդ բարձրանում է: Իսկ փարիզյան «Լը մոնդի» իմ մասին հրապարակումից հետո այստեղ սկսել են խոսել, որ Բլեյանի կալանավորումն ու քրեական գործը Հայաստանի ԿԳԲ-ի ձեռի գործն է: «Նոր ուղու» գաղափարների քաղաքական ռեաբիլիտացիան է սկսվել…

էս երկու ամիսը իմ սրտով էր՝ գիրքս կիսատ չի մնա. անգլերենի յուրացումն էլ վերջապես ավարտին կհասցնեմ: Աղասին հիմա կասի տեսա՞ք, որ ասում էի կփախչի՜: Ինկվիզիցայի մեր օրերի ներկայացուցիչ Աղասի Արշակյանը ինձ արտասահմանի ճամփեն է ցույց տալիս, երբ ես էս սահմանում հազիվ եմ դիմանում: Չեմ գնացել ու չեմ գնա. Աղասի, «հայրենի փուշն անուշ է. քանց օտար վարդը»: Բետոնե պատերով, ճաղապատ փոքրիկ պատուհանով, մետաղե մեծ դռնով իմ նեղլիկ խուցն այսօր չեմ փոխի անծայրածիր ու ազատ ամերիկաների հետ: Ուրիշ մի զոհի իրավունքների պաշտպանությամբ զբաղվի, Աղասի: Զոհ ասի Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միտս եկավ: Էս 013 խցում ժամանակին ընկեր Արմեն Ռուստամյանն է նստել՝ հսկիչները կարոտով են հիշում: Պարզվում է՝ իրավապահը մինչեւ վերջ չի հասկացել 1998-ի հոկտեմբերի հայտնի միտինգում Վահան Հովհաննիսյանի տված պատվերը: էլ միլիոնների մասին չի խոսում ընկեր Վահանը, այլ գտնում է, որ իմ մեղադրականում պետք է հենց այդպես էլ գրված լինի՝ սերնդին բլեյանական մանկավարժությամբ փչացնելու համար: Բայց դե ինչ անի իրավապահը՝ մեզանում քաղբանտարկյալներ չկան…

Կամերի տղաներն այդպես էլ չհասկացան «էդ ո՞նց է, որ Բլեյանի դպրոցն ու մանկավարժությունը մերժում է համ ազգայնամոլ ընկեր Վահանը, համ էլ վերազգային Աշոտ Մանուչարյանը»: Իսկ իմ դպրոցն այստեղ հարգում են, բերդի պատերի տակ ո՞վ էր էսքան աշակերտ ու ուսուցիչ տեսել, ո՞վ էր բերդում էսքան նամակ ու ծաղիկ ստացել (մի մասն, իհարկե, էդպես էլ ինձ չհասան): Ասում են՝ արժեքավոր գործ ես արել մանկավարժության մեջ, երկրորդ այդպիսի կոլեկտիվ հանրապետությունում չկա:

Տղաների վրա իմ ազդեցությունը բարերար է՝ ավելի լավատես ու ինքնավստահ են դարձել: Վանոն (չշփոթել Սիրադեղյանի հետ՝ 90-ի 4-րդով է գնում ու Դավթյան է) ավարտեց քրեական դատավարության հին ու նոր օրենսգրքի տեքստաբանական համեմատությունը, որը նորի օգտին չէ: Նա փաստարկված պնդում է, որ հնի շարադրանքի մեջ ջուրն ու անորոշությունը քիչ է՝ հակասություններ չկան: Նոր քրեադատավարականը գրված է այնպես, որ «Նաջարյանը ոչինչ չմերժի, բայց եւ չտա»: Վանոն ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու պիտի պատասխան տա «Ռոսվնեշտորգի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավարի՝ սպիտակցի Նորիկ Մուրադյանի ու նրա ստեղծած բլեֆ կազմակերպությունների յուրացրած միլիոնների համար: Թե ինչու պիտի ՀՀ գլխավոր դատախազությունը դառնա 6-րդ վարչության նախկին պետ Լյուդվիգ Սարգսյանի կամակատարը: Կամերի իմ մյուս ընկերը, որը գերադասեց մինչեւ իր դատավճիռը անհայտ մնալ, ավարտեց «Նոր ուղու» քաղաքական ծրագրի ծանոթացումը: Ասում է՝ ես չգիտեի, որ սա է «Նոր ուղին», ինձ ուրիշ բան էին ասել: Մյուս ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի համար լցրած 700 ձայնը իմն են:

Նստած խելք-խելքի ենք տալիս, թե ինչ մեղք վերցնեմ վրաս: Տղաները համոզված են, որ այսքան աղմուկից հետո մի հոդված դատարանով պիտի կպցնեն, թե չէ քանի՜ մարդ պիտի պատասխան տա: Ես կտրականապես դեմ եմ ինձ ներկայացված չորս մեղադրանքներն ընդունելուն, համաձայն եմ ցանկացած ուրիշ հանցանքի խոստովանության: Թե՜ Արծրուն Մարգարյանի գործը վերցնեմ վրաս…

Բայց ոնց-որ թե ուշ է՝ քանի ամիս տասնյակ էքսպերտներ, ասում են. արդեն ապացուցել են, որ ինքնասպանություն է: Խորխոռունու, Հենրիկ Խաչատրյանի ու Արամ Կարապետյանի գործերը շատ են յուղոտ՝ թող մնա այսօրվա իշխանավորներից մեկին՝ վաղվա իշխանափոխությունից հետո մեղադրելու համար… Մնաց բյուջեի այս տարվա 20, թե 40 մլրդ դրամի ճեղքվածքը: Բայց էդ ճեղքվածքը փակելու համար դեռ շատ մարդիկ կգան մեկուսարան: Մավրիկ Ավետիսյանի «գործն» էլ ինձ համար չէ՝ հրես «Բազալտ» գործարանի խորհրդի նախագահը կողքս նստած…

Գուցե հանրապետության ուսուցիչների աշխատավարձի չվճարման գործը վերցնեմ: Ասենք այսպես, ես ու իմ կրթահամալիրը ձեւավորելով մի «Դրո» կամ «Բլե» կառույց ու մի նոր բանդա, այնքան ենք կերել բյուջեն, որ ահա փող չկա՝ ոչ ապրիլ-հունիսն են վճարել, ոչ էլ արձակուրդայինը: Բայց սա էլ, լսել եմ, պահել են նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի համար:

Մնաց մի հաստատ գործ՝ Բաքվի գործը: Հա, ախպեր, խոստովանում եմ՝ 1992-ի նոյեմբերին առաջնորդվելով «Նոր ուղի» կուսակցության կեղծ ու ապօրինի գաղափարախոսությամբ գնացել եմ Բաքու՝ Ղարաբաղը «տենեվոյ» հանձնելու Ադրբեջանին: Ինչ արել եմ՝ մենակ եմ արել, Արմեն Տեր-Սահակյանի բանդան ու ՀՀՇ-ն այս հանցագործության հետ կապ չունեն:

«Առավոտ»
5 օգոստոսի, 1999 թ.

 Ինչպես փակել բյուջեի ճեղքվածքը

եւ ստեղծել եկամտաբեր աշխատատեղեր: Պետական բյուջեի այսօրվա ճեղքվածքով պիտի բոլորն անհանգստանան: 013 կամերի կալանավորներով մտածում ենք՝ ո՞նց շուտափույթ լցնենք ճեղքվածքը: Հո չե՞նք կարող հանգիստ սպասել, թե երբ պիտի Արմեն Դարբինյանի դրած այդ ականի վրա պայթի Վազգեն Սարգսյանի կառավարությունը:

Տեսնենք՝ ի՞նչ ունենք, ինչպիսի՞ պահանջարկ կա ու ինչպե՞ս կարելի է ունեցածդ ապրանքը «քյաշ» փողի վերածել: Ներդրումային ծրագրեր ու տնտեսության աշխուժացում՝ թողեք: Սրա համար տարածաշրջանային խաղաղ գոյակցություն ու իրական ժողովրդավարություն է պետք: Բյուջեի առաջացած ճեղքվածքը մեկ տարում լցնելու եւ այսուհետ ճեղքվածք թույլ չտալու համար հեղափոխության կարիք չկա: Պիտի քաղաքացիների կալանման-ազատման մեթոդը արագ զարգացնել ու ամբողջացնել այնպես, որ այն լրիվ ծառայի պետական բյուջեին, դառնա նոր ծառայություն, ձեռներեցի-պաշտոնյայի կամա-ակամա գործած մեղքերի թողության ձեւ:

Բյուջեի մուտքային մասն ապահովող այս մոտեցումը կդառնա քաղաքացիների հարկադիր կալանման ու երաշխավորված ազատման վճարովի ծառայություն: Համակարգը ներդնելիս առանց միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային միջոցների ու պետբյուջեից կապիտալ միջոցների ներգրավման հազարավոր եկամտաբեր աշխատատեղեր կստեղծվեն:

Առաջարկում ենք բյուջեից հանել պետական կառավարման, դատաիրավական բոլոր մարմինների պահման ծախսերը՝ դրանք դասելով ոչ բյուջետային հիմնարկների շարքում: ՀՀ նախագահի, կառավարության, Աժ-ի, մարզպետարան-թաղապետարանների բոլոր աշխատողներին, դատավոր-դատախազ-քննիչներին ճանաչել որպես ոչ բյուջետային աշխատողներ: Լիցենզավորել ամեն տարի պետական պաշտոնյայի գործունեությունը, մտցնելով դիֆերենցված ամենամյա պետական տուրք: Աշխատասեր ու հնազանդ հայ ժողովուրդը պահել է ու կպահի իր օրգանին ու պաշտոնյային, գումարած ազգային բանակը:

Օրգանն ու պետական պաշտոնյան ոչ միայն պիտի ինքն իրեն պահի, այլեւ ֆինանսավորի իր աշխատանքային ծախսերը, վճարի պետական տուրքեր: Բյուջետային միջոցները պիտի օգտագործվեն բացառապես դպրոցական, գրահրատարակչական ու մշակութային գործունեության վրա, որոնց պահման սովորույթը մեր ժողովրդի մեջ չի ձեւավորվել: Յուրաքանչյուր քաղաքում, նախկին շրջկենտրոններում բացել քննչական մեկուսարաններ (կալանատուն) հատկացնելով կրթադաստիարակչական հաստատությունների հարմարավետ շենքերը: Նոր կալանատները կգործեն որպես բաժնետիրական ընկերություններ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ: Բաց աճուրդով արագ մասնավորեցնել գործող կալանատները: Կալանատան ու կալանավորի պահման ծախսերը հանել բյուջեից՝ ինչի՞ է նման, ուսուցիչը սոված է ու արձակուրդային չի ստանում, իսկ պետությունը ամիսներով կերակրում-պահում է վաղվա դատապարտյալին, աշխատավարձ տալիս կալանատան աշխատողին: Կալանատան գործունեությունը կառավարությունը պիտի արտոնագրի ու հավատարմագրի սահմանելով բարձր պետական տուրքեր: Շնորհիվ կալանատների՝ օրենքով կարգավորված շուկայացման, կալանատների ազատ մրցակցությամբ կզարգանան բոլոր հնարավոր ծառայությունները: Այս ճանապարհով մեր կալանատները գրավիչ կդառնան անգամ այլ պետությունների կալանավորների համար: Միջպետական համագործակցության համար նոր դաշտ կբացվի: ժամանակի ընթացքում կառաջանան սուպերմեկուսարաններ՝ առավել ապահովվածների համար կամ ըստ մասնագիտությունների: Կալանատան գործունեությունը հեշտ կհարկվի՝ մեկ կալանավորի համար հաստատագրված գումարի չափով:

Շուտափույթ պետք է տասնապատկել դատավորների, քննիչների ու դատախազների քանակը այն հաշվով, որ ամեն 1000 մարդուն ընկնի 1 դատավոր, 1 դատախազ, 5 քննիչ: Առանց բյուջեից 1 լումա անգամ ծախսելու կստեղծենք եկամտաբեր մի քանի հազար աշխատատեղ, կբազմապատկվի բյուջեի մուտքային մասը ապահովող պատասխանատուների թիվը: Փաստաբանների ինստիտուտն, իհարկե, պետք է պահել՝ միջազգային աղմուկից հեռու:

Քրեադատավարական օրենսգրքում պետք է փոփոխություններ անել այն հաշվով, որ քրեական գործ հարուցելու պահից յուրաքան­չյուր մեղադրյալ կալանավորվի: Սա ծառայություն է, որի համար կալանավորը պիտի դատարանին վճարի: Իսկ կալանքից ազատվելու համար պետք է մուծի պետական տուրք: Թող մեղադրյալն ընտրելու հնարավորություն ունենա՝ ազատվի մուծելով պետական տուրք կամ գնա կալանատուն եւ վճարի ծառայությունների համար:

Մեր մոտեցմամբ դատավճիռներին փոխարինելու կգան դատա­պարտյալի հետ կնքվող պայմանագրերը: Յուրաքանչյուր հանցանք դրամական փոխհատուցում պիտի ենթադրի, օրենքով որոշված սակագների համաձայն, պայմանագրում նշվող չափով ու ժամկետ­ներում: Նրանք, ովքեր չեն կարող վճարել՝ թող նստեն: Ազատված գաղութներն ու բանտերը կօգտագործվեն որպես կալանատներ: Ամիսը մեկ կարելի է կալանավորել հանրապետության որեւէ հայտնի մեծահարուստի: Նախ, ժողովրդավարության պատրանք կստեղծվի (բոլորը հավասար են օրենքի առաջ), ապա նման մի ակցիայով ամեն անգամ մի անցք կփակվի: Ասենք, կալանավորելով Բուռնաշին, կարելի է լուծել հանրապետական մարզադաշտի շինարարությունն ավարտելու հարցը:

Առաջարկված միջոցառումների արդյունքում ոչ միայն կփակվի բյուջեի ճեղքվածքը, այլեւ կունենանք տարածաշրջանում ամենակազմակերպված պետությունը, կանխատեսելի ու հեշտ կառավարելի, ձեւով իրավական-ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ինքնակազմակերպվող ու կարգապահ: Կունենանք լեգիտիմ կալանատուն-պետություն, կալանավոր-ազգ:

«Առավոտ», 14 օգոստոսի

Բաժին երկրորդ
Ավանսով նստածները

Նորից առաջաբանի փոխարեն

Ժամանակակից հայաստանցու համընդհանուր իրավունքներն ու ազատությունները լիբերալ-դեմոկրատական Հայաստանի էությունը, իմաստն ու պետական կառավարման կոչումը պիտի լինեին: Հայաստանի Երրորդ Հանրապետության իշխանությունները բոլոր մակարդակներում կոչված են, իսկ պետական պաշտոնյաները մի ծառայություն ունեն՝ «կենդանի» մարդու եւ կոնկրետ քաղաքացու Սահմանա»»դրական իրավունքներն ու ազատությունները ապահովել այսօր՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան (հոդվ. 4-րդ):

Չի կարելի վերացական դատողությունների վրա հենված իրավազորության օգնությամբ իշխել այսօրվա Հայաստանում: Հանուն արդարության Կամայականության ավելացումը որպես Հրեշ դատարկում է Հայաստանը: Այս ամենը ծանոթ պիտի լիներ պատմությունից: Ֆրանսիական հեղափոխությունը պարտվեց, որովհետեւ մեծ զրկանքների ու զոհողությունների դիմաց ֆրանսիացուն տվեց ազատություն՝ քաղցից մեռնելու, հավասարություն՝ աղքատության մեջ, եղբայրություն՝ ետնախորշերում եւ բանտերում: ճամփան ու՜ր, ճամփորդն ու՜ր: Հայաստանում այսօր ձեւավորված է պաշտոնյաների մի ընկերակցություն, որը թվում է մի գաղափար ունի՝ կառավարել: Ավա՜ղ: Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները առաջադեմ մարդկության Ավետարանն են, բայց գործողության մեջ:

«Հանուն Հայաստանի կնստեմ որքան պետք է»,-

ասում է Աշոտ Բլեյանը՝ մեկուսարանից գրավոր պատասխանելով «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի հարցերին:

– Ձեզ առաջադրված մեղադրանքների առնչությամբ ի՞նչ հակափաստարկներ ունեք:
– Անհիմն ու անօրինական են ինձ առաջադրված մեղադրանքները՝ ներկայացման պահից առ այսօր: Ոչ թե այն պատճառով, որ դատախազության՝ ինձ մեղսագրած հանցանքները ես այնպես եմ գործել, որ դժվար ապացուցելի են, այլ որովհետեւ դրանք մոգոնած են: Ամենալավը դա գիտի քաղաքի դատախազի օգնական Հովիկ Պետրոսյանի գլխավորած քննչական խումբը: Հասկանալի է այս ծավալվող ահաբեկչությունը իմ կրթահամալիրի, իմ ծանոթ-բարեկամների, իմ ներկա ու նախկին գործընկերների նկատմամբ, իմ «գործի» արտաիրավական ու անօրինական նախաքննությունը, որի պսակն իմ անօրինական կալանավորումն է (եւ դո՛ւ, հրապարակավ երդում տված դատավոր): Իմ գործը իրավական չէ եւ քննության մեթոդներն էլ համապատասխան են: Թվում է՝ վաղուց պիտի այն դատարանում լիներ, բայց քննչական խումբը նոր թափով նոր մեղադրանքներ է որոնում: Ի՞նչ անեն քննիչները՝ կանգնելու հրաման տրված չէ: «Բլեյանի գործը» հյուսվում է արդեն երկու տարի: Քաղաքի դատախազությունը փոխանակ գործեր միայն օրինականության շրջանակներում, ապացուցեր իմ մեղավորությունը, իր չփարատված կասկածների հիման վրա «գործ է սարքում»: Ես էլ իմ անմեղությունն ապացուցելը դարձրել եմ իմ գործը: Երկու կորսված տարի իմ կյանքից (որքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողում): Այ սրա համար պատասխան տվող չկա: Ե՞ս եմ այս հանրապետության հանցագործը, դրամաշորթը, պետական խոշոր միջոցներ յուրացնողը, պաշտոնական դիրքը չարաշահողը: Դեռ երկու տարի առաջ իմ անշահախնդրությունը, նվիրվածությունը կրթությանն ու կրթահամալիրին ինձ համար պաշտպանական զրահ էին քաղաքական մեղադրանքներից: Ի՞նչ պատահեց: Մեծաթիվ, չվերահսկվող, մեծացող ախորժակով իրավապահը մեռած տնտեսական կյանքի, հուսալի իշխանական տանիքով ունեւորների պայմաններում ինչո՞վ պիտի զբաղվեր: Պիտի իրեն նշանակողի կամք-հանձնարարությունը կատարեր մոգոնելով քրեական գործեր, փող աշխատելով սոցիալ-կենցաղային հողի վրա, անպաշտպան տնտեսավարողների վրա գործեր սարքեր՝ քաղաքացիաիրավական դաշտից ուժային ու կամային մեթոդներով դրանք տեղափոխելով իրեն հարազատ քրեական ոլորտ:

– Ձեր տպավորությունները մեկուսարանից: (Նշենք, որ հունիսի 7-ին իր «Երեւանի ուղղիչ տնից» հրապարակման մեջ պրն Բլեյանն այնպես համուհոտով էր ներկայացրել մեկուսարանի իր կենսակերպը, որ լավագույնս գովազդել էր այդ հաստատությունը – Ա.Ի.):
– Մինչդատական հուսալի մեկուսացման համար կա կալանավայրը՝ որպես իրավապահի կողմից քաղաքացու անմեղության կանխավարկածի, սահմանադրական իրավունքների ու ազատությունների անպատիժ ոտնահարման արդյունք: Իրավապահը պիտի պատժվի այդ խախտումների համար: Սա է, որ չի արվում: Մնացյալը արդարադատության պատրանք է: Խնդրեմ՝ ինձ անօրինական ձերբակալել է քաղաքի դատախազի օգնականը, դիմել եմ, ինձ կալանավորման անհիմն որոշում է կայացրել դատավոր Ներսիսյանը: Դիմել եմ: Հետո՞… Հարյուրավոր մարդիկ մինչեւ մեկ տարի ժամանակով փտում են մեկուսարանում, փաստացի նստած են առանց դատի՝ զրկված իրենց խախտված իրավունքները վերականգնելու, իրենց ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու սահմանադրական իրավունքից: Իսկ այդ ընթացքում իրավապահը կալանավորվածի հուսահատ հարազատներին է «կլպում» (գները հո պետական գաղտնիք չե՞ն): Իսկ կալանավորվածի ընտանիքը իր բերանից կտրելով կալանավոր է պահում, ապահովում կալանավայրերի մեծաքանակ աշխատողներին: Տեսեք՝ կալանավայրերի աշխատողների չնչին աշխատավարձն ու թափուր տեղերի իսպառ բացակայությունը:

– Տեղյակ ենք, որ հետեւում եք մամուլին եւ հեռուստատեսությանը: Ձեր կալանավորումից հետո տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները «ոչ այնքան հեռավոր վայրերում» ի՞նչ գնահատականների տեղիք են տալիս:
– Ազգային ժողովի այս ընտրությունները մի ցավալի ապացույց էին, թե ինչ աստիճանի անպատրաստ է այսօր մեր ժողովուրդը պետական կյանքի համար, ինչքան անգետ է ու անփույթ իր քաղաքական իրավունքների օգտագործման հարցում: Սա Հայաստանում քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության պարտությունն է: Այս ձեւով 131 մարդ նստեցնելով Աժ-ում մենք կորցնում ենք մեր ոտքի տակի հողը, դեմոկրատիզմի հիմքը: Արձանագրենք, որ այսօր Հայաստանում երկու հայտնի անհատականություններ իրենց ձեռքն են վերցրել ամբողջ իշխանությունը, սրա հետ նաեւ երկրի ու Ղարաբաղի համար ամբողջ պատասխանատվությունը: Ով իր ապագան կապում է Հայաստանի հետ, պիտի ուզենա, որ այս դաշինքը հաջողի:

Ցանկանում ենք բարյացակամություն եւ գործընկերություն՝ հասկանալի քաղաքական սկզբունքների պահպանմամբ, եթե ունես ու հայտարարել ես դրանք: Ահա երեք նկատառում:

Աժ-ն պիտի դատարկ ձեւ չլինի, առանց պարունակության, որը ժողովրդավարական ձեւերի տակ քողարկի որեւէ խմբի իշխանությունը, երբ պետական հարցերը քննության են առնվում ու լուծվում իշխանական այդ խմբի կողմից դռնփակ ու ապա հայտարարվում ամբիոնից: Դաշինք կազմող ՀՀԿ-ն ու ՀԺԿ-ն ոչ միայն պիտի չմեռնեն տեղափոխվելով Աժ, այլ կայանան որպես կառավարություն ձեւավորող կուսակցություններ: Միայն այս դեպքում խորհրդարան մտած «հեղինակությունները» քաղաքական գործիչ դառնալու եւ իրենց ընդունակություններն ու կենսափորձը քաղաքականի տրանսֆորմացնելու հնարավորություն կունենան:

Երկրորդ. դաշինքը կկայանա որպես կառավարող քաղաքական ուժ ժողովրդավարական-իրավական հասարակարգում, եթե ունենա զորեղ քաղաքական ընդդիմություն, որը միշտ զգաստ կպահի իշխանությանը եւ թույլ չի տա, որ նա դուրս գա օրենքի ու իր իրավասությունների սահմաններից: Այս փուլում քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների կոնկրետ ու առարկայական հարգումը ետ կպահի թիկունքում իր խորհրդարանն ունեցող կառավարությանը՝ ուժեղ վարչապետին շուտափույթ «կարգուկանոն» հաստատելու գայթակղությունից:

Երրորդ. Հայաստանի Երրորդ Հանրապետության իրար հաջորդող կառավարությունները այդպես էլ հանրապետության կառավարման ծրագիր չունեցան: Կառավարման ծրագիր այսօր Հայաստանի համար նշանակում է քաղաքական անհրաժեշտ որոշումների այն ամբողջականությունը, որը լիբերալ-դեմոկրատական Հայաստանի բնականոն զարգացման համար պայմաններ կապահովի: Օրինակը կա՝ Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհ. Քաջազնունու կառավարության ծրագիրը, որի դե յուրե ընդունումը եւ դե ֆակտո արհամարհումը հանրապետության ողբերգության գլխավոր պատճառը դարձավ:

Ինչ վերաբերում է «Նոր ուղուն», ես այստեղ եմ՝ կալանավայրում, որ չխանգարեմ իշխանությունների՝ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու եւ Ղարաբաղի հարցի լուծման հաղթական ծրագրերի իրագործմանը՝ իմ ապազգային ու պարտվողական-քայքայիչ գործունեությամբ: Հանուն Հայաստանի կնստեմ որքան պետք է: Ասում եք՝ պաշտպանենք ու կառուցենք: Համեցեք՝ 15 տարի քարը քարի վրա դնելով, սիրով ու գորովանքով կառուցվել է Բլեյանի դպրոցը: Մնում է պաշտպանելը:

Ումի՞ց…

«Առավոտ» հուլիսի 6, 1999 թ.

Ավանսով նստածները – 1

«Պետությունն ապահովում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության եւ իրավունքների հիման վրա միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 4):

Սա մեր սահմանադրական կարգի 13 սյուներից չորրորդն է, մեր լիբերալ-դեմոկրատական պետության էությունը: Հայաստանի Երրորդ Հանրապետության բոլոր մակարդակի իշխանությունները եւ պետական պաշտոնյաները կոչված են ծառայելու սրան: Կալանավորի ինչ-ինչ իրավունքներ ու ազատություններ (ազատ տեղաշարժի, աշխատանքի ազատ ընտրության, հանգստի) ժամանակավորապես չեն գործում կամ սահմանափակվում են՝ հասկանալի է: Սակայն կալանավորի իրավունքներն ու ազատությունները որոշելիս գերական պետք է անմեղության կանխավարկածը լինի՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այսօր դժվար չէ համոզվել, որ կալանավորված քաղաքացին հայտնվում է մի հակասահմանադրական իրավական դաշտում: Կալանատունը, որի գործունեությունը կարգավորվում է ՍՍՀՍ ներքին գործերի նախարարության 1950-80-ականների փակ-գաղտնի նորմատիվ ակտերով, գործում է ի հեճուկս մարդու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված հանրաճանաչ իրավունքների ու ազատությունների:

Գրել կալանատան մասին, նշանակում է խոսել ավանդաբար փակ ու ինքնաբավ մի աշխարհի մասին: Առայժմ ծանոթ եմ միայն թիվ մեկ քննչական մեկուսարանին եւ ելնում եմ նրանից, որ սա ամենալավ կալանատունն է, իսկ նրա պետը հանրապետության ամենաբարեխիղճ պետն է (ուզում եմ, որ այդպես լինի): Բայց խնդրո առարկան, ընդհանրապես, կալանավորի անազատությունն է ու նրա իրավունքները կալանատանը:

Դրանց մեջ գլխավորը կյանքի իրավունքն է, քաղաքացու անձեռնմխելիությունը: Իսկ քանի որ մեր կյանքը ոչ միայն գերագույն արժեք չէ ու նրա բարելավումը՝ գլխավոր նպատակ, ուստի մարդու անձեռնմխելիությունն էլ իրավական կատեգորիա չէ: Քրեական դատավարության գործող օրենսգրքով քրեական գործի հարուցումը կարող է տեւել մինչեւ 10 օր, «քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում»: Իսկ դատաքննության ժամկետը անսահմանափակ է: Թվում է, թե կալանավորումն էլ որպես խափանման ամենախիստ միջոց, պիտի տեւի երկու ամսից ոչ ավելի: Գործող օրենքով մեղադրյալը կարող է կալանքի մեջ գտնվել մինչեւ մեկ տարի (սրա մեջ չի մտնում դատաքննության ժամանակը): Իմ քրեական գործի հարուցումը տեւեց մեկ տարի, իմ քրեական գործով նախաքննությունը ձգվում է չորս ամիս ու վերջը չի երեւում (փաստերի փնտրտուքը շարունակվում է, իսկ մեղադրանքի հիմնավորվածության աստիճանը չի բարձրանում): Ես այստեղ դեռ չեմ հանդիպել 15-20 օրով, մինչեւ երկու ամսով կալանավորվածների: Արմենը նստած է 4,5 ամիս, Գագիկը՝ 7,5 ամիս, Համլետն ու Վանոն (Դավթյան)՝ 3,5 ամիս ու մի այդքան էլ աչքի առաջ ունեն: Ոչ մեկը մարդասպան չէ, ոչ էլ կազմակերպված բանդայի կամ միջազգային հանցախմբի ներկայացուցիչ: Բոլորին էլ մեղադրանք է ներկայացվել առաջին անգամ: Բոլորն էլ ընտանիք ունեն, խնամքի տակ՝ անչափահաս երեխաներ:

Ողբերգություն է՝ նախաքննության եւ դատաքննության մեջ ժամկետն ավելի է ձգվում, քան դատարանի վճռով ազատազրկման ժամկետն է:
Գագիկը՝ չորս երեխայի հայր, տան միակ աշխատողը, 7,5 ամիս անազատության մեջ էր: Այո, հանցանք էր գործել, ընդունել իր հանցանքը, բայց հանցանքի դատական ձեւակերպման համար երկու ամիսը լիուլի բավական էր: Եվ դատարանը բավարարվեց արդարացիորեն նստած ժամկետով: Ինչո՞ւ ենք մարդուն զրկում ապրելու իրավունքից, եթե անգամ նա հանցանք է գործել:
Կալանելու իրավունքը նոր օրենսդրությամբ տրվեց միայն դատարանին: Թվում է, քայլ է առաջ՝ մարդու անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության առումով: Ավա՜ղ… դատարանն այս հարցում նախաքննության մարմնի (դատախազության) ձեռքի դակիչն է: Քննիչը շահեց՝ կալանելու պատասխանատվությունը փոխանցեց դատարանին, իսկ վճիռը միեւնույն է՝ ինքն է կայացնում:
Արդեն երեք ամիս ես՝ իմ պաշտպանների, պաշտպանության հասարակական խորհրդի ու լայն հասարակական աջակցությամբ չեմ կարողանում օգտվել իմ Սահմանադրական իրավունքից՝ մասնակցել դատարաններում իմ կալանման միջնորդության քննությանը, երբ «որպես կանոն» օրենքով պետք է մասնակցեմ: Այստեղ դեռ չեմ հանդիպել ձերբակալվածի, ով այդ բախտին արժանացել է: Գտեք մեկին, նկարը փակցրեք, ճանաչենք ընտրյալին: Առաջարկում եմ Հայաստանի իրավապաշտպան կազմակերպություններին պարզել, թե 1999-ին Հայաստանի դատարանները կալանման քանի՞ որոշում են կայացրել, նախաքննության մարմնի կալանման քանի՞ միջնորդություն է մերժվել, կալանատանն այսօր գտնվողը, միջին հաշվով, քանի՞ ամիս է նստած…

«Առավոտ», 6 օգոստոսի, 1999 թ.

Ավանսով նստածները-2

Երեւանի թ.1 քննչական մեկուսարանի 013 խցում հիմա քանի աստիճան է, դժվար է ասել: Ջերմաչափը 40 աստիճանից բարձր ցույց կտար: Ես ե՛ւ շոգը, ե՛ւ ցուրտը ոչ միայն հեշտ եմ տանում, այլեւ դառնում եմ ավելի կենսունակ: Բայց խցում երկու սրտային հիվանդ կա ու հեղձուցիչ տոթից ընկերներս վատանում են, եւ օրը 1-2 անգամ ես բուժօգնություն եմ կանչում…

Գագիկը հողի աշխատավորի նման ուժեղ եւ անմիջական է, մշտական «վնուշկեքի» մեջ է: Անկողնում խռովված-անջատված ծխում- ծխում է (այստեղ վտանգավոր շատ են ծխում )… Հանկարծ կտրուկ ցատկ կանի, կգոռա ու վիրավոր առյուծի նման իրեն պատեպատ կզարկի: Դրսում թողած երեք դպրոցահասակ երեխա, զինծառայող որդի, չաշխատող կին, իսկ ինքը յոթ ամիս ընտանիքից ոչ միայն հեռու, այլեւ նրա խնամքին հանձնված, երբ գործած հանցանքը մի պարզունակ պատմություն է, ինքն էլ ազատամարտիկ…

«Վնուշկեն»՝ ահա կալանավորի գլխավոր թշնամին: Ընտանիքն ամիսներով անտեր, դրսում թանկացումներ ու դժվարացող կյանք, իսկ ինքը մեղավոր ու դավաճան, անօգնական ու հանձնված զրկվածների խնամքին: Ամեն եկող «տուլիկ» (ծանրոց) դառնություն է բերում, քո երեխայի բերանից կտրած հացը չի ծամվում: Իսկ դրսում «ահավոր բան կկատարվի մութին մեջ», քննիչը տեսնես ի՞նչ նոր գործ կպցրեց ու գինն էլի բարձրացրեց…

Կալանավայրում չափահաս մարդն իր հիվանդություններով ու կենցաղային սովորույթներով ստիպված է մինչեւ մեկ տարի ու ավելի բնակվել: Թանկ կենցաղի ու շքեղ պայմանների մասին չէ խոսքը: Չգիտեմ, թե սոված թոշակառուի, չֆինանսավորվող դպրոցի, սովից ինքնասպան լինող քաղաքացու առկայությամբ ինչպե՞ս կընկալի ընթերցողը կալանավորի կենցաղի մասին տեղեկությունը: Բայց առանց «օրինական ուժի մեջ մտած դատավճռի» անմեղ համարվող կալանավորը ձեզանից մեկն է, իսկ իմ խոսքը կալանատան սանիտարահիգիենիկ այնպիսի պայմանների ապահովման մասին է, որը չի վնասի կալանավորի առողջությանը եւ չի վիրավորի նրա արժանապատվությունը: Կալանքն այսօր մարդու առողջության պահպանության ու արժանապատվության հարգման Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի դեմ գործող իրողություն է:

Մինչեւ մեկ տարի, 24 ժամ անընդհատ բետոնե խոնավ հատակով ու քերող պատերով, նեղլիկ պատուհանով, 18-20քմ մակերեսով խուց, ուր 2 շարքով դասավորված են 10 երկհարկանի մահճակալ, մի երկար անշարժ սեղան ու բաց զուգարան… Շնորհակալ ենք, որ խցում 4-5 հոգի ենք, կարող էր եւ 10 լինել: Ամբողջ օրը նեղլիկ խցի մեջ, ուր շարժվելու, չնստելու-չպառկելու տարածք չկա, երբ օրվա մեջ կես ժամանոց զբոսանքը բետոնապատ, ճաղապատ երկնքով խորանարդի մեջ, մենք որպես պարգեւ պիտի ընդունենք: Իսկ շաբաթ-կիրակի եւ տոն օրերին այդ էլ չկա… Կալանավորը երկարատեւ անշարժության-անկյալության է դատապարտված իր խցում՝ ծխի, սուրճ խմի շարունակ, պառկի ու«վնուշկեքի» մեջ ընկնի…

Եվ եթե էլեկտրական լույսի տակ ռեժիմով, գիշերը ժամը 11-ին պիտի քնենք ու ռեժիմով արթնանանք, ինչո՞ւ ռեժիմով բացօթյա մարմնամարզություն չպարտադրել կալանավորներին, պայմաններ չստեղծել առողջարարական ֆիզկուլտուրայով զբաղվելու համար: Սակավաշարժության վտանգը կանխելու ու կալանավորների նյարդերը հանգստացնելու համար ինչո՞ւ այնպես չանել, որ կալանավորը շատ զբոսնի, բաց օդում շատ ժամանակ անցկացնի, բացօթյա տիպային-հասարակ «բեսեդկաները» հո մեծ շռայլություն ու նախաքննությանը խոչընդոտող հանգամանքներ չե՞ն: Իսկ այս երկար իշաոտնուկները… Կես ժամ նստելուց հետո մեկ ժամ պայքարում եմ սրա հետեւանքների դեմ: Ինչո՞ւ չի կարելի հարմար, պարզ ու չոր աթոռներ բերել(թեկուզ տնից): Եթե գաղութում էլ նույն իշաոտնուկն է, ցավում եմ, բայց ստիպված պիտի լինեմ հրաժարվել ծրագրավորված ուղեւորությունից…

Ինչո՞ւ պիտի խցի մի մահճակալը ամրացված լինի խցի մյուս մահճակալին այնպես, որ կալանավորները ստիպված լինեն սինխրոն քնել-սինխրոն շարժվել: Խցի մեջ բաց զուգարանը կալանատան հսկիչի համար մեր կենցաղի այս մասն էլ է դարձնում բաց ու վերահսկելի: Իսկ հիգիենա՞ն, արժանապատվությո՞ւնը…

Գուցե բացատրեք ինչո՞ւ պիտի ամուսնացած տղամարդը մինչեւ մեկ տարի զրկված լինի նորմալ սեռական կյանքից, իր կնոջը սիրելու նաեւ մարմնական իրավունքից: Սա հաստատ խորհրդային շրջանից ժառանգած պատժի ձեւ է:

Այդպես էլ չեն կարողանում որոշել ամի՞սը, թե՞ քսան օրը մեկ բաղնիքում պիտի լողանան կալանավորները: Թեկուզ որպես վճարովի ծառայություն, ինչո՞ւ այնպես չանել, որ կալանավորն ինքը որոշի լողանալու պարբերականությունը: Այդպես չի արվում, որովհետեւ կեղտոտ պահելն էլ է պատժի ձեւ:

Արդյունքում՝ Համլետին անհանգստացնում են սիրտն ու ոտքերը, Վանոյին՝ սիրտը, քար առողջությամբ հպարտացող Գագիկը կալանավորման 5-րդ ամսում բողոքում էր մեջքի ցավերից ու ճնշումից, հիշողության կորստից, լավ մարզված Արմենը ձեռքը անընդհատ լյարդին է տանում ու օրերը հաշվում երբ է գաղութ գնալու: Սննդի մասին չեմ գրում, քանի որ դրանց մասին հոգում է կալանավորի ընտանիքը՝ ամեն շաբաթ «տուլիկների» ձեւով: Իսկ «բալանդ» մեր հարկում, որքան գիտեմ, ես եմ մեկ-մեկ ուտում՝ էկզոտիկայի համար:

Ի դեպ, էկզոտիկայի ոլորտից: Քրեադատավարական օրենսգրքով (հոդվ. 140) քրեական վարույթն իրականացնող մարմինը պետական բյուջեի հաշվին պետք է ապահովի կալանավորի անչափահաս երեխայի եւ ընտանիքի անաշխատունակ անձանց գոյատեւումը: Բյուջեի ճեղքվածքը ո՜նց կմեծանար…

Այո, կալանքը այնպես է կազմակերպված, որ կալանատանը քաղաքացին հրաժեշտ տա ոչ միայն հասարակության ու պետության վրա չարացած, ընտանիքից-հարազատներից օտարված, նյութապես սնանկացած, այլեւ մարմնով հիվանդ, խանգարված նյարդերով: Ինչո՞ւ: Չե՞նք կարողանում կալանավոր պահել՝ հարգելով մարդու արժանապատվությունը եւ պահպանելով նրա առողջությունը, հանրապետությունը չվերածելով մի մեծ կալանատան, երբ ամեն քաղաքացի երեկ-այսօր-վաղը կալանավոր է: Սկզբի համար եկեք սահմանափակվենք կալանման ժամկետը մինչեւ երկու ամիս սահմանափակելով: Եթե, իհարկե, սա բիրտ ուժի ցուցադրում չէ: Իսկ ուժի մասին Հովհաննես Թումանյանը կասեր՝

Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…

«Առավոտ», 17 օգոստոսի, 1999 թ.

Ավանսով նստածները-3

Կալանքը որպես խափանման միջոց գերշահույթ ապահովող հուսալի բիզնես է քննիչի, դատախազի ու դատավորի համար: Առ այսօր որեւէ քննիչ, դատախազ ու դատավոր պատժվե՞լ է ակնհայտ ապօրինի ձերբակալման կամ կալանման համար, երբ քրեական օրենսգրքում կա այդպիսի արարքի համար հատուկ հոդված (հոդված 192): Գոնե ուսումնասիրվո՞ւմ է այս պրակտիկան:

Վանո Դավթյանն արդեն օրեր շարունակ ակնհայտ ապօրինի անազատության մեջ է: Իմ ակնհայտ ապօրինի ձերբակալման ու կալանման մասին շատ է գրվել: «Մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր (ՀՀ քրեադատավարական օրենսգիրք, հոդված 18): Ի հեճուկշս քրեադատավարական սկզբունքների մեզանում մեղադրյալի նկատմամբ կիրառվող կալանքը որպես խափանման միջոց կիրառվում եւ ընկալվում է որպես պատիժ: Ես ու Վանոն այդպես չենք ընկալում: Սակայն աջուձախ, կալանավորների թե հսկիչների վերաբերմունքում, վարքում նույն պատն է՝ իսկ դու, կալանավոր, ի՞նչ իրավունքով ես օրենքից խոսում, քեզ պատժել են, ու դու իրավազուրկ ես… Հետո՞ ինչ, որ օրենքով ու Սահմանադրությամբ անմեղ ես համարվում, քանի դեռ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, մանավանդ որ, առայժմ չկա, բայց կլինի…
Ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոցը, որ 2 ամիս կիրառվեց իմ նկատմամբ, հասկանալի էր, օրինական ու «պատժի տարրեր չէր պարունակում»: Բայց պատժել պետք էր, ու ինձ կալանավորեցին:

Պատիժ թիվ 1: Ոչ միայն կալանավոր հոր, այլեւ երեխաների ու կնոջ համար: Մինչեւ 5 տարեկան երեխային կալանավորը կարող է հանդիպել ամիսը մեկ անգամ՝ կալանատան պետի թույլտվությամբ, 1-2 ժամով: Իսկ 5 տարեկանից մեծ երեխային կամ կնոջը կարող է չտեսնել մինչեւ մեկ տարի:

Պատիժ թիվ 2: Ոչ միայն կալանավորի, այլեւ նրա ընտանիքի, հարազատների, աշխատակիցների, ընկերների համար: Շատ բնական եւ մարդկային է թվում «անմեղ համարվող քաղաքացու համար» ընտանիքի, հարազատների, ընկերների, աշխատավայրի հետ հաղորդակցությունը, նրանց մասին մշտական, թարմ տեղեկատվությունը: Սա երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ. «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ» (հոդված 20): Իսկ կալանավորը պատժված եւ զրկված է անգամ իր ընտանիքի հետ հեռախոսային-նամակագրական կապից: Ինչո՞ւ: Հարգելի՛ իրավապահ, պարտավոր ես, ապահովիր քաղաքացու իմ հաղորդակցությունը, իսկ նախաքննության մարմինը թող որպես օպերատիվ հետախուզական միջոցառում միջնորդություն ներկայացնի դատարան՝ կալանավորի հաղորդակցության գաղտնիության իրավունքի սահմանափակման վերաբերյալ: Թե չէ կալանավորին այլ բան չի մնում, քան «քսիֆը»՝ որպես վճարովի ծառայություն…

Պատիժ թիվ 3: Օրենքը թույլատրում է կալանավորի խուզարկություն միայն քննիչի պահանջով, իսկ «շմոն» կալանատանը անում է ով կամենա եւ երբ կամենա:

Պատիժ թիվ 4: Քաղաքացու սահմանադրական իրավունքն է խոսքի ազատությունը, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով (հոդված 24): Իմ դեպքում մեկնաբանություններն ավելորդ են. կալանքը գործում է որպես նոր ուղու խափանման միջոց…

Պատիժ թիվ 5: «Կալանատան վարչակազմը պարտավոր է պաշտպանին եւ օրինական ներկայացուցչին անարգել թույլատրել ներկայանալ կալանքի տակ պահվող անձին, ապահովել նրանց առանձին, կոնֆիդենցիալ տեսակցելու հնարավորությունը» (ՀՀ քր. դատ. օր. հոդվ. 141):

Պարզ ու հասկանալի: Ինչո՞ւ այսօր փաստաբանը առանց քննիչի գրավոր թույլտվության չի կարողանում օգտվել իր այս իրավունքից: Ինչո՞ւ պիտի փաստաբանը ժամերով սպասի, մինչեւ մեկուսարանում տեղ ազատվի իր պաշտպանյալի հետ տեսակցելու համար:

Ոտնահարված արժանապատվությամբ փաստաբանը ինչպե՞ս կարող է պաշտպանել իր պաշտպանյալի խախտված իրավունքները: Միայն տեսնել է պետք, թե ինչպես է որպես մարդ ոչնչացված դատական նիստից կալանատուն վերադառնում կալանավորը: Այդ պարզ տանել- բերելու մեջ անգամ քաղաքացու արժանապատվությունը հարգելու նշույլ չկա: Դատախազական հսկողությունը կալանավորի իրավունքների ու կալանատան գործունեության նկատմամբ ոչ միայն գործուն չէ, այլեւ ձեւական է: Դատախազությանը ձեռնտու է այս օրենքից դուրս վիճակը, երբ օրենքին փոխարինելու է գալիս դատախազի կամքը… եւ իրականություն է դառնում կալանքի իրական նպատակը: Կալանքը որպես խափանման միջոց գործում է խափանելու համար մրցակցությունը քրեական դատավարության ընթացքում մեղադրող եւ պաշտպանող կողմերի համար: Կալանքը այս տեսքով ապահովում է նախաքննության համար արտոնյալ պայմաններ, մեղադրյալին ու իր պաշտպանյալին զրկում իր անմեղությունը օրենքով արգելված բոլոր միջոցներով ապացուցելու հնարավորությունից: Սրան գումարեք կողմնակալ ու կախյալ դատաքննությունը, երբ որպես կանոն այն ընթանում է նախաքննության գծած ճանապարհով… Խորհրդային շրջանում քրեադատավարական օրենսգիրքը ծառայական օգտագործման համար էր հասու միայն դատախազ-դատավորին: Այսօր այդ գիրքը մատչելի է ամեն մի քաղաքացու: Թվում էր՝ հրապարակայնությունը, մամուլով-եթերով լուսաբանվող դատավարությունները պիտի զսպեին հրապարակավ երդում կերած դատավորին, նախագահի հրամանագրով նշանակվող դատավորին ու դատախազին…
Արդարադատությունը նախապատրաստողների ու իրականացնողների այս անամոթությունը ապացույց է, որ սրանք օրենքից են անկախացել ու դարձել իրենց նշանակողների կամակատարը:

«Առավոտ», 19 օգոստոսի, 1999 թ.

Ավանսով նստածները – 4

Պատժախուց
Ով չի եղել քննչական մեկուսարանի պատժախցում (կարցեր), նա կսխալվի Հայաստանի Հանրապետությունում մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների, դատաիրավական բարեփոխումների, քրեական դատավարության սկզբունքների կիրառման ու կալանատան՝ որպես պատժավայրի, գնահատման հարցում:

Կարցերը կամ կարցերում նստածների ճշգրիտ բնորոշմամբ՝ տանջարանը, վերոհիշյալի հայելին է: Մնացյալը՝ ՀՀ օրենքներ, արդարադատություն՝ դեկորացիաներ են ու լոզունգներ, իբր Եվրախորհուրդ ու արեւմտյան ապրելակերպի ձգտում Հայաստանի համար: Հայ ենք ու ֆռացնում ենք բոլորին…

Առաջին անգամ կարցերում հայտնվեցի կալանատանը գտնվելու երկրորդ օրը, «կարանտինից»: Ինձ թվաց «կարանտինի» խուցը հենց պատժախուց է՝ այլ կերպ ինչպե՞ս կարելի է մարդուն ստիպել մի քանի օր գիշերել գաղջ մթնոլորտում՝ մետաղե մերկ ճաղերի վրա, ապրել անկենցաղ ու անհիգիենա: Ես հացադուլ հայտարարեցի գրավոր ու ընկա կարցեր: Պարզվեց, որ մեկուսարանի «օրենքով» հացադուլն արգելված է ու պատժվում է 3,5,10,15 օրով կարցերային բանտարկությամբ: Հասարակական աղմուկն իմ շուրջ մեծ էր, ինձ շուտ հանեցին կարցերից, ու մեկուկես օրը բավական չեղավ այս ֆենոմենի ընկալման համար:

Կարցեր ինձ պիտի կրկին բերեին: Կալանատան՝ որպես պատժավայրի դեմ իմ իրավապաշտպան գործունեությունը՝ «Առավոտում» տպված «Ավանսով նստածները», «Երեւանի ուղղիչ տնից» հոդվածաշարերը Նոր ուղի էին ու Նոր հայացք կալանքին ու կալանատանը: Կալանատան ղեկավարները եւ կալանատան գործունեությունը հսկողները իհարկե հանկարծակիի եկան: Կալանատունը միշտ էլ իրավապահ-պատժիչ սիստեմի կարեւոր հանգույցն է եղել, ու… արագ գործի դրվեց թշնամուն-օտարին-անհնազանդին չեզոքացնելու-կարգի հրավիրելու պատժի լավ մշակված զինանոցը: Եղան տարբեր մակարդակի ղեկավարների խորհուրդներ ու զգուշացումներ, մանր ու մեծ սահմանափակումներ, ներշնչանք…
Երբ սրանք քիչ եղան, սկսեցին իմ դեմ տրամադրել իմ անմիջական շրջապատին կալանավորներին, հսկիչներին ու կրտսեր-միջին ծառայական անձնակազմին:

Ամենալարված պահին անգամ, երբ մեկ օրում իմ պատճառով (բացահայտ է ասվում) քրքրեցին մեր հարկի բոլոր խցերը, տարան բոլորի հեռուստացույցներն ու ձեռքի ծախսի գումարները, զրկեցին մարդկանց հայելիից, ժամացույցից ու մկրատից՝ որպես շքեղություններ, մտցրին վարքի ու ներքին ռեժիմի սահմանափակումներ՝ կալանավորները դրսեւորեցին համերաշխություն: Իսկ հսկիչների ու կրտսեր-միջին ծառայակազմի վերաբերմունքից երբեք չեմ դժգոհել, այս մարդիկ եւս դժվար են ապրում, ու օրեցօր վատթարացող կյանքն ու այս նիստուկացը զզվեցրել են բոլորին…

Պատժի օղակն իմ շուրջ սեղմվում էր, վճռված էր, իհարկե, պիտի հրապարակավ պատժեին Բլեյանին, որպես դաս մյուսներին, ովքեր այս երեք ամիսների ընթացքում ոգեւորվել են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությամբ… Ինչո՞ւ Բլեյանը, պարզ է՝ նա եւ ըմբոստ է, եւ հեղինակություն, ճիշտ է, բայց անպաշտպան, հակառակ դեպքում այդքան աղմկոտ ու ցուցադրական, այդքան լուրջ մեղադրանքներ չէին ներկայացնի ու չէին բերի այստեղ: Անպաշտպան է, քանի որ այս ընթացքում ղեկավար այրերից ոչ ոք Բլեյանով չի հետաքրքրվել, իսկ դատախազության քննչական խումբը նոր քրեական մեղադրանքներ է կպցնում ու մտադիր չէ խափանման միջոցը փոխել:

Սեւ գործն իր վրա վերցրեց մեկուսարանի պետի դուխով տեղակալը՝ Գերասիմ Գեւորգյանը: Այո, օգոստոսի 18-ին հանկարծակի ու ցուցադրաբար ֆիզիկական հաշվեհարդար տեսավ իմ նկատմամբ: Քաղաքական պատվերն ակնհայտ էր, չէր թաքցնում ինքը՝ Գերասիմ-Արաբը, ով շրջապատված իր թիկնազորով՝ խփում էր ու հայհոյում, «Հալեպն էլ» բարձրաձայն արտասանում իր տարբերակով՝ թուրք, Բաքու, Նոր ուղի, Սահմանադրություն ու մարդու իրավունք իրար խառնած… Ծեծով այստեղ չես զարմացնի՝ դաժան են ծեծում ու բուրաստան: Կարցեր ընկնելու վախը կառավարելի է դարձնում բոլորին: Թող Հայաստանի Սահմանադրությունը արգելի. «Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի» (հոդվ. 19): Կալանատան «օրենքով» փաստացի կա այդ նվաստացումն ու խոշտանգումը որպես պատիժ: Օրենքը… Ախր, այս «օրենքի» մասին էլ կմոռանան, երբ մեկ-երկու ժամով իմ պատճառով կվերացնեն նախարար Վանո Սիրադեղյանի մտցրած «օրենքի փոփոխությունները»՝ հեռուստացույց, թերթ, ռադիո… Դե, սրանք հակասում են կալանատան ոգուն ու կոչումին, զրկում նրան իմաստից:

Իսկ դիմացի կամերից մի երիտասարդ պայթում է՝ «Արա, էս անորոշությունից ութ ամիս գեժռա, երբ պիտի դատս լինի, գնամ գաղութ, պրծնեմ»…

Ավանսով նստածները – 5

«Մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեները ջնջելու: Ջնջելու չեկա, այլ՝ կատարելու»:
Հիսուս Քրիստոս

Չարիքը՝ իմ քրեական հետապնդման վրա շուրջ 2 տարվա կորսված ժամանակն է, երբ ես հալածվող, կասկածյալ թե մեղադրյալ, զբաղված էի ոչ իմ պրոֆեսիոնալ գործունեությամբ, այդ ընթացքում իմ ու իմ հարազատների, ուսուցիչ-գործընկերների ծախսած նյարդերը, մեր արժանապատվության վիրավորանքը, խախտված իրավունքներն ու ազատությունները, մեր կրած բարոյական ու նյութական մեծ վնասը: Իմ քրեական գործով մենք անցնում ենք, իհարկե, ոչ որպես տուժող կողմ, այլ` պաշտպանվող:
Ինչպես բժիշկը նոր դեղն է փորձում իր վրա, ինչպես հետազոտողը հանդգնում է ինքն իրեն ենթարկել վտանգավոր գիտափորձի, այնպես եւ ես իմ այս քրեական գործով, որպես Երրորդ Հանրապետության հիմնադիրներից մեկը, փորձարկեցի մեր արդարադատության այսօրվա վիճակը: Ինչպես է վերաբերվում պետական մեքենան ընդդիմադիր քաղաքական գործչին, ով նաեւ պետական հաստատության տնօրեն է, ինչպես են հարգում մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները քրեադատավարության ողջ ընթացքում, սկսած քաղաքական հետապնդման նախաքրեական շրջանից, քրեական գործի համար նյութեր նախապատրաստելուց, մինչեւ սեպտեմբերի 21-ը: Հայաստանի Հանրապետության 8-րդ տարեդարձի օրը ես դիմավորում եմ կալանատանը, որպես առանց դատարանի որոշման կալանքի տակ գտնվող անձ, իսկ հանրապետության հրապարակում զինվորական շքերթ է: Ուժի այս ի՞նչ ցուցադրություն է եւ ո՞ւմ է ուղղված, երբ պետությունը չի ապահովում գլխավորը՝ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: «Առավոտի» ընթերցողը քաջածանոթ է «իրավական այս գիտափորձի» ընթացքին: Ինձ մնում է հակիրճ ներկայացնել գլխավոր հետեւությունները: Ցավով ու մեծ ափսոսանքով եմ գրում ամեն մի տողը:

Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է (Սահմ. հոդված 92):
Ստեղծումը՝ չգիտեմ, բայց որ դատախազական համակարգը, որպես նախաքննության մարմին, շատ հաճախ դատարանի գործառույթներ է իրականացնում սա փաստ է: Հնարավո՞ր է հաշվել, թե Հայաստանում քանի քաղաքացի է գտնվում անազատության մեջ առանց դատարանի որոշման: Դատարանն այսօր շատ հաճախ դակիչ է դատախազության ձեռքին:
«Հայաստանի Հանրապետության օրենքները եւ մյուս իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Սահմանադրությանը» (հոդված 116):

Սահմանադրությանը, մարդու եւ քաղաքացու հիմանական սահմանադրական իրավունքներին հակասում է այսօրվա կալանքը որպես խափանման միջոց, կալանավայրերի ներքին կարգուկանոնը, ռեժիմը, կալանավորների պահման պայմանները: Հակասում են 1995թ-ի հուլիսի 5-ից ու գործում են առ այսօր:

«Հանրապետության Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն» (հոդված 6): Երբ սահմանադրական նորմերը ամրագրված չեն համապատասխան օրենքով կամ օրենքում ու իրավական ակտում, նորմը այլ տեսք ունի, Սահմանադրությունը չի գործում: Դատաիրավական բարեփոխումների շրջանակում վերջին 2 տարում ընդունված օրենքները լի են հակասություններով, երկիմաստություններով ու բացթողումներով: Ինչո՞վ են զբաղված «Օրինաց երկրի» հայրերը, կալանք, աքսոր ու քաղաքական հալածանք տեսած պրոֆեսիոնալ պատգամավորները: Ինչպե՞ս են այդ թերի օրենքները խուսափել ՀՀ նախագահի վետոյից ու Սահմանադրական դատարանի ֆիլտրից: Դատելով պրակտիկայից՝ ոչ պատահականորեն, հակառակ դեպքում Սահմանադրությունը կյանքում ցույց կտար իր բարձրագույն իրավաբանական ուժը (հոդված 6): Օրենքով չարգելված բոլոր միջոցներով ինչպե՞ս պայքարես քո խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնման համար, երբ փաստաբանիդ հետ անարգել «տեսակցելու համար» պիտի հաղթահարես քննիչիդ արգելքը:
«Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան» (հոդված 91): Մեր դատարանը Սահմանադրության ու օրենքի խախտումով կարող է գործել ու գործում է: Դատարանը օրենքով պաշտպանված չէ եւ անկախ լինել չի կարող: Այս ընթացքում դատարանը երկու անգամ լսել է իմ հարցը՝ դռնփակ նիստով ու առանց իմ մասնակցության: Երեք անգամ ես օրենքով սահմանված կարգով փորձում եմ, ինչպես յուրաքանչյուր ոք, Սահմանադրությամբ եւ օրենքով ամրագրված իմ իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանել՝ անօգուտ: Մի կողմից՝ բոլորը հավասար են օրենքի առաջ ու առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով: Մյուս կողմից՝ բոլորից մեկի՝ իմ դիմումները, դատարանը չի ընդունում ու չի արձագանքում: Կա իշխանություն ու իշխանավոր, ով նշանակում է ու ազատում դատավորին ու դատախազին, դատավոր-դատախազ հնազանդ են իրենց նշանակողի կամքին ու պատվերին: Իրավասու օրենքով, սրանք գործում են քրեական դատավարության սկզբունքներին հակառակ, երբ սրա համար կա վճարողը: «Հետաքննության մարմինը, դատախազը, դատարանը, ինչպես նաեւ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը եւ մյուս օրենքները (ՀՀ քր. դատ. օր. հոդված 7)»: Օրինականության սկզբունքը ոչնչացված է: Քրեական վարույթի ընթացքում ես մոտ երկու տասնյակ բողոք-դիմում-միջնորդություններ եմ ներկայացրել հանրապետության գլխավոր դատախազին, Երեւանի դատախազին, քննիչին: Օրենքով սահմանված կարգով նրանք երեք կամ հինգ օրում պիտի պատճառաբանված որոշում կայացնեն ու ինձ անհապաղ տեղեկացնեն այդ մասին: Ոչ մի պատասխան՝ գրավոր կամ բանավոր, ես չեմ ստացել: Հայտարարված է Հայաստանով մեկ, որ իմ նախաքննությունն ավարտված է, ու իմ քրեական գործերը ներկայացված են ինձ ծանոթացման համար: Ես այդպես էլ այդ քրեական գործերը չեմ ստացել ու բնական է, չեմ սկսել ծանոթացումը, իսկ երրորդ շաբաթն է՝ չեմ հանդիպել քննիչին, պաշտպանին: Դասական աքսոր: Արդարադատության վիճակն այնքան անմխիթար է ու սպառնալի, որ իշխանության երեք մարմինները սկսել են չքմեղանալ՝ շեշտելով տարանջատման սկզբունքը, մոռանալով, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Սա է այն բնականոն գործունեությունը, որ պիտի ապահովի ՀՀ նախագահը ( հոդված 50):

Մնացին՝ լրատվության այն զանգվածային միջոցներն ու քաղաքական կուսակցությունները, որոնք պիտի անդավաճան կանգնեն Երրորդ Հանրապետության էության մարդու եւ քաղաքացիների հանրաճանաչ իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը: Իմ ուՆիկոլ Փաշինյանի ցուցադրական հաշվեհարդարը հենց այս խմբին ահաբեկելու համար էր:

«Առավոտ»
21 սեպտեմբերի, 1999 թ.

Հ.Գ. Դատարանի վճիռը այսպիսի պայմաններում հետաքրքիր չէ՝ իմաստազուրկ:
Արդարացնող վճիռ չի կարող լինել, իսկ ազատազրկումը պատիժ չէ: Ամենամեծ կորուստը մարդու կորուստն է: Քեզ բավարար չափով ճանաչող, իրար հետ քաղաքականություն մտած, իմ գործի երեսին ու աստառին ծանոթ մարդկանց մի մեծ խումբ, ովքեր այսօր ունեն այդքան իշխանություն այս բռնությունը թույլ չտալու համար: Նորից օրինականությունն ու պարկեշտությունը ստորադասվեց քաղաքական նպատակահարմարությանը, իրականում՝ Բլեյանի գործից հեռու մնալը անշառ է: Ես սրտանց հավատում էի ( ուզում էի, որ այդպես լիներ), որ Հայաստանյան իրականությունը այդքան կենսունակ կլիներ, որ 20 տարի մանկավարժական ու 10 տարի քաղաքական հայացքներին չդավաճանած «Նոր ուղու» ղեկավարին ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենին ցուցադրական բռնությունից ու վիրավորված անձի կամայականությունից պաշտպաներ: Իսկ բռնությունը ինձ չի կոտրի ու խոնարհի: Այսպես չի մնա:

Ավանսով նստածները – 6

Անձի անձեռնմխելիության ու անմեղության կանխավարկածի հարգման աստիճանով է որոշվում՝ ինչպիսի հասարակարգում ենք ապրում՝ բռնատիրակա՞ն. թե՞ ազատ: Այս երկու պարամետրով կարելի է որոշել մեր իրավագիտակցության՝ որպես կուլտուրայի բաղկացուցչի տիպը՝ ասիակա՞ն, թե՞ եվրոպական: Այստեղ է իրական ջրբաժանը՝ ժամանակակից քաղաքակրթության ու վայրենության:

Հայաստանի իշխանությունները ընտրությունը կատարել են օրենսդիր, գործադիր թե դատական, բռնատիրություն են հաստատում: Չորրորդ իշխանությունն էլ վկայի դերում է՝ ինչպես կասեք: Եվ հեռու է դեպի քաղաքացիական հասարակություն մեր ճամփան՝ աստղերի պես որքան մոտենում ենք՝ հեռանում են:

Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ օրենքները, որքան էլ առաջադեմ ու արեւմտյան չափանիշներին բավարարող, ապրում են մարդկանցից ու կյանքից մեկուսի: Իսկ մարդկանց մի խումբ իշխում է հասարակության վրա՝ հաստատելով իրավազուրկ, օրենքով չպաշտպանված ու օրենքի առաջ անհավասար մարդկանցից բաղկացած հասարակություն: Այս պայմաններում քրեական դատավարության այդքա՜ն սպասված օրենսգիրքը եւս նվաճում չի դառնում, քանզի այն «Ավետարան չէ գործողության մեջ»: Դեռ 2000 տարի առաջ էր ասված՝ վարվեք մարդկանց հետ այնպես, ինչպես կուզեք, որ նրանք վարվեն ձեզ հետ: «Քրեական դատավարությունն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների եւ ազատությունների այլ սահմանափակման»: Սա քրեադատավարական նոր օրենսգրքի 500 հոդվածներից 2-րդն է: Ավա՜ղ: Մեր իրավապահը՝ քննիչ, դատախազ ու դատավոր, շարունակում է գործել, իր իսկ խոստովանությամբ՝ այնպես, ինչպես չէր ուզենա, բայց…

Լրացավ իմ կալանքի 5 ամիսը: Սեպտեմբերի 14-ից ես արգելանքի տակ եմ ոչ միայն «առանց անհրաժեշտության», այլեւ՝ անօրինական, առանց դրա համար անհրաժեշտ՝ դատարանի որոշման: Թերթում եմ 20 հատորանոց իմ քրեական գործը… Մի քանի հազար քաղաքացի, մի քանի հարյուր ուսուցիչ ու տնօրեն, մի քանի տասնյակ հարգելի ու ճանաչված անհատներ, կազմակերպություններ դիմել են բոլոր հնարավոր «ինստանցիաներին», խնդրելով փոխել իմ խափանման միջոցը, ազատել ինձ կալանքից: Չստացվեց: «Ազատություն Բլեյանին» կոչին միացել են սփյուռքահայեր, միջազգային կազմակերպություններ… շնորհակալ եմ: Բայց այս ազնիվ-սրտացավ մարդկային մղումը մեր քաղաքացիական խեղճության ու հասարակության իրավազրկության արդյունքն է ու ապացույցը: Մարտի 23-ին՝ ինձ մեղադրանք ներկայացնելու օրը, ես ստորագրություն եմ տվել բնակավայրից չհեռանալու մասին: Վերջին 3 տարում ոչ մի օր չեմ բացակայել Հայաստանից ու չեմ բացակայելու իմ հանրապետությունից իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում: Ես Հայաստանը «տարօրինակ սիրով» եմ սիրում: Իսկ մայիսի 15-ին ինձ կալանավորել են ոչ միայն «առանց անհրաժեշտության» (հոդված 2), ոչ միայն որոշման անհրաժեշտությունը առանց պատշաճ իրավական ընթացակարգով հիմնավորելու (հոդված 9), ոչ միայն անօրինական դատական նիստով (նիստին ինձ մասնակից չեն դարձրել), այլեւ խախտելով օրենքն ու կիրառելով կրկնակի հարկադրանք: Չէ՞ որ մարտի 30-ից դադարեցվել է իմ պաշտոնավարումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ զրկելով ինձ «մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու» եւ «հանցավոր գործունեությամբ զբաղվելու» հնարավորությունից (հոդված 152):

Մինչ ես բողոքարկում էի իմ ակնհայտ ապօրինի ձերբակալումն ու կալանքը, ժամանակ անցավ, եւ այսօր կարող ենք արձանագրել, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումը վերաբերում էր մինչեւ սեպտեմբերի 14-ի իմ մեկուսացմանը: Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի (հոդված 138): Դատարանն իրեն նեղություն չի էլ պատճառի Երեւանի դատախազությունից պահանջելու հիմնավորումներ՝ «գործի առանձնակի բարդությունը» ներկայացնող: Այս քրեական գործը, աշխարհը գիտի, որ պարզ գործ է,
իսկ առանձնակի բարդություն «Նոր ուղին» է ներկայացնում:

Բայց զավեշտը սկսվում է սեպտեմբերի 14-ից: Եղածը եղած է, ու ոչինչ հետ չես բերի: Դրա համար էլ Արեւմուտքը անձի ազատությունն ու անձեռնմխելիությունը դիտում է որպես մարդու անօտարելի իրավունքներ…
Պարզվում է՝ 2 տեսակ «նստել» կա, մեկը՝ դատարանի որոշմամբ, մյուսը՝ քո հաշվին, առանց դատարանի որոշման ու անժամկետ, ինչքան սիրտդ կուզի… Ավանսով նստի ու սյուրռեալիստական քրգործիդ ծանոթացի: Մեկ է. նստելու ես: Ի՞նչ տարբերություն, էստեղ ինչո՞վ է վատ: Դատախազությունն էլ վճիռդ կայացրել է: Այսպես են մեզանում հասկանում անմեղության կանխավարկածը… Իսկ աջուձախից ինձ մխիթարում են՝ մենակ դու չես, ու բերում օրինակներ, թե ինձնից ավելի անմեղ մարդիկ բազմապատիկ ավելի են ավանսով նստել, ու թվարկում են: Հա, շնորհակալ եմ, ինձնից ավելի երիտասարդ, ավելի արժանի ու պետության կողմից վաստակը հավերժացրած զինկոմին՝ Արտյուշա Ղազարյանին, ծեծելով ու խոշտանգելով մեկուսարանում սպանեցին: Իսկ ես դեռ գրում եմ, իմ ու այլոց իրավունքների համար պայքարում:

«Առավոտ»
10 հոկտեմբերի, 1999 թ.

Ավանսով նստածները – 7

Ես չեմ դադարում զարմանալուց իրավապահի՝ օրենքն արհամարհելուց, օրենքի չիմացությունից ու անպատժելիությունից ծնված օրենքի ոտնահարման վրա: Իրավապահն էլ անկեղծորեն զարմանում է իմ այս չմեռնող զարմանքի վրա ու… Շվեյկին արժանի հիմնավորում բերում «թող դատախազն ու դատավորը ուղղեն իմ սխալները»: Սա, ընկերներ, փակ շրջան է կոչվում:

Հերթական անգամ քննիչը նեղ վիճակից ելք է փնտրում՝ ի՞նչ անեմ, ձեր շինած երկիրն է: Այս մեղադրանքը նույնքան հիմնավոր է եւ օրինական, որքան ինձ ներկայացված յոթ մեղադրանքներից յուրաքանչյուրը: Նախ՝ մեր նախահոր մեղքը հանած, մեր նախնական մեղքն անհատական է: Որքան էլ որպես զոհ ներկայանա ամեն մի քննիչ, դատախազ ու դատավոր (Երկիրը Երկիր չի, մեր էլ շինած) գործող Օրենքով անձնապես պատասխանատու է իր գործողությունների համար: Ասված է՝ կատարիր Օրենքը: Այլ ճանապարհ՝ ձեր ուզած երկիրը կառուցելու (որն իբր մենք չթողեցինք) չկա: Հետո՝ ճշտենք այն նյութական արժեքը, որ երկիր անվան տակ ինձ պահպանության եք հանձնում: Մեկը երկիր ասելով պատմական հայրենիքն է հասկանում, մյուսը՝ միացյալը, բանաստեղծը՝ հոգեւոր Հայաստանը, կոմունիստը՝ Ռուսաստան-Բելառուս դաշինքի վրա հառնող Նաիրին: Իմը Պետությունն է, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը: Ես Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ ճանաչված, 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով անկախ պետություն հայտարարած ու 95-ի հուլիսի 5-ի հանրաքվեով Սահմանադրական կարգի հիմունքները սահմանած հանրապետության պատասխանատվության կրողն եմ: Թե չէ վաղը գալու եք չափեք իմ հանրապետության տարածքը (30 հազ. ք/կմ) ու ինձ մեղադրեք «շորթման, խաբեության ու վատնումի» միջոցով երկրի տարածքների յուրացման, պաշտոնական դիրքի չարաշահման, անփութության, պաշտոնական կեղծիքի ու չգիտեմ էլ ինչի մեջ: Ես միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա մարդու հանրաճանաչ իրավունքներով ու ազատություններով շեն ու ապահով ապրող Հայաստանն եմ ուզում որպես սեփականություն կտակել իմ երեխաներին:

«Քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Այդ ժամկետը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից եւ ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին կամ գործով վարույթի կարճման մասին որոշման կայացման օրը» (ՀՀ քր. դատ. օր. հոդվ. 197): Մի քանի հոբելյան միաժամանակ ենք նշում մի քանի օրից կլրանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դեմ հարուցված քրեական գործի մեկ տարին, Բլեյանի դեմ սկսված քրեական հետապնդման 2 տարին, ինձ մեղադրանք ներկայացնելու 7 ամիսը, իմ կալանքի 5 ամիսը: Նախաքննությունը անհանգստանալու պատճառ չունի ու որեւէ ժամկետով իր գործողությունները սահմանափակված չեն: Քննիչի «պատճառաբանված» որոշմամբ դատախազը երկարացնում է նախաքննության ժամկետը որքան պետք է: Սա այնքան էլ անմեղ զբաղմունք չէ: Նաեւ այս ճանապարհով նախաքննության մարմինը կառավարելի է դարձնում ցանկացած վկայի, մեղադրյալի ու պաշտպանի՝ քրեական գործի մինչդատական վարույթը զարգացնելով իր մշակված սցենարով: Վկան դատարան է գալիս մայր գործից անջատված մի էպիզոդով, բայց մայր գործով նախաքննությունը ավարտված չէ ու կավարտվի, երբ քննիչն ուզենա: Դե, արի ու անկախ եղիր նախաքննության մարմնից ու մի կատարիր քննիչի մտքում եղածը:

«Արգելվում է կասկածյալից, մեղադրյալից, տուժողից, վկայից ու քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանցից ցուցմունքներ կորզել բռնության, սպառնալիքի, խաբեության, նրանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաեւ այլ անօրինական գործողությունների միջոցով» (հոդվ. 11):

Ի՞նչ արժե այս արգելքը, երբ քրեական դատավարության մեթոդը այսօր բռնությունն է ու իրական իրավազրկությունը այն միջավայրն է, որտեղ գործում են վկան, պաշտպանն ու մեղադրյալը… Ինչպե՞ս ստիպես, որ պահպանեն քո անմեղության կանխավարկածը, Երբ ի ոտնահարումն անմեղության կանխավարկածի (հոդվ. 18) քո նկատմամբ կիրառվում է կալանքը որպես խափանման միջոց, որը տեղով մեկ պատիժ է: Ինչպե՞ս եւ ինչո՞վ վճարես պաշտպանիդ տարի ձգվող աշխատանքի դիմաց, երբ ինքդ որպես մի ծանր հիվանդ յոթ ամիս հանձնված ես նրանց խնամքին, ում դու պիտի նյութապես ապահովեիր որպես հայր ու ամուսին:

Մի ամբողջ դատախազություն 1 -2 տարի թելառթել հյուսել է Բլեյանի քրեական գործը՝ յոթ մեղադրանք, 20 հատոր կազմող նախաքննության նյութեր… Եղեռն ու բլոկադա տեսած չլինեի, վաղուց կասկածել էի ու ինքս ինձ հավատացրել կարող է արել եմ չեմ հիշո՞ւմ. շորթել եմ, խաբել ու յուրացրել, կեղծիքներ եմ գործել ու… չեմ իմացել: Բայց ինչ չի եղել՝ չի եղել: Սա մեղադրանք չէ, այլ մեղքի բարդում, մեղադրական չէ, այլ իսկական իկեբանա կազմված հանցակազմ չպարունակող իմ արարքներից, քննիչի չփարատված կասկածներից ու մոգոնած ենթադրություններից:

Հետգրության փոխարեն: Քննիչին ամեն անգամ դիմավորում եմ զարմանքի, զայրույթի ու ուրախության տարօրինակ խառնուրդով: Զարմանում եմ՝ թե այսքան մեղքի համար Աստված ոնց է անպատիժ թողնում: Ուրախանում եմ, որ ոչինչ չի պատահել («հավերժ դատապարտյալներ»՝ ճիշտ է Նիկոլ Փաշինյանը): Զայրանում եմ՝ լավ, ոնց չի տեսնում, որ սա չէ «Տաճար տանող ճանապարհը»: Իսկ ե՞ս. ես պատրաստ եմ հանուն Հայաստանի նստել…

«Առավոտ»
20 հոկտեմբերի, 1999թ.

Ինչո՞ւ են «աղմկում» փաստաբանները

Ասուլիսներ տվող ու նախաքննության մարմնին անհնազանդ փաստաբանների ասուլիսների քանակը շատանում է: Այո, լայն հասարակությանը հայտնի փաստաբանների աշխատանքը, այլ կերպ քան սիզիֆյան, չես անվանի: Ի՞նչ անի փաստաբանը, եթե նա դատախազի, դատավորի նման քրեական դատավարության լիիրավ մասնակից չէ, երբ նա քաղաքացու խախտված իրավունքների ու ազատությունների անպաշտպան պաշտպանն է:

Քրեական դատավարության սկզբունքները կյանքում, քրեական դատավարությունն իրականացնելիս չեն գործում, դեկլարատիվ են: Բերենք մի օրինակ:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Ռ. Ներսիսյանը սույն թվի հուլիսի 9-ի դռնփակ դատական նիստում քննության է առնելու Երեւան քաղաքի դատախազի օգնական Հ. Պետրոսյանի միջնորդությունը մեղադրյալ Աշոտ Բլեյանի նկատմամբ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Մեր ձեռքին է ինչպես այդ, այնպես եւ նույն դատավորի սույն թվի մարտի 15-ի որոշումը նույն Աշոտ Բլեյանի մասին նույն Հ. Պետրոսյանի միջնորդությունը խափանման միջոցը փոխելու եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին… Դատավորը պարզեց… որոշեց…

Ձեւական առումով ամեն ինչ օրինական է թվում՝ քննիչը միջնորդել է, դատարանը՝ քննել, պարզել ու որոշել է: Բայց այս որոշումներով ոտնահարվել են քրեական դատավարության կարեւորագույն սկզբունքները՝ օրինականությունը, անձի իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը հարգելը, անձի անձեռնմխելիությունը:

Աշոտ Բլեյանը, ում իրավունքներն ու ազատությունները այս որոշումներով ժամանակավորապես խախտվում են, որպես դատավարության կողմ զրկվել է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից իր խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու հնարավորությունից (ՀՀ Սահմանադրություն հոդ. 39):

Ինչո՞ւ: Երբ անազատության մեջ գտնվող Աշոտ Բլեյանը (քննիչ Հ. Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել է սույն թվի մայիսի 14-ին) «որպես կանոն» պետք է մասնակցի դատական նիստին (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդ. 285, կետ 3): Ինչո՞ւ է Աշոտ Բլեյանը հայտնվել «կանոնից դուրս», երբ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների դաշնագիրը, որը ՀՀ օրենսդրության բաղկացուցիչն է, կատեգորիկ է, «քրեական մեղադրանքով յուրաքանչյուր ձեռբակալված կամ կալանավորված անձ շտապ կարգով հասցվում է դատավորին կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որին օրենքով պատկանում է դատական իշխանության իրականացման իրավունք, եւ որն ունի պատշաճ ժամկետում դատական քննություն վարելու կամ ազատելու իրավունքը» (դաշնագրի 9-րդ հոդ.): Արձանագրենք, առանց գնահատական տալու, որ դատախազի օգնական Հ. Պետրոսյանի սույն թվի մայիսի 14-ին Աշոտ Բլեյանին ձերբակալման որոշումը, իսկ առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանի մայիսի 15-ի եւ հուլիսի 9-ի վերոհիշյալ որոշումները Աշոտ Բլեյանի մասին անօրինական են: Ի՞նչ անի փաստաբան Տիգրան Ջանոյանը, Կարո Կարապետյանը, եթե հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը որ ոչ միայն չեն պահպանում ՀՀ սահմանադրությունը, քրեական դատավարության օրենսգիրքը եւ մյուս օրենքները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդ. 7, կետ 1), այլեւ ցուցադրաբար ոտնահարում են դրանք: Չէ՞ որ Ա. Բլեյանի քրեական գործի նկատմամբ կա չթուլացող հասարակական ուշադրություն: Եթե օրինականությունը խախտի մեղադրյալը, պաշտպանը, անմիջապես ու ամբողջ խստությամբ կգործի Պատժի Օրենքը՝ արդարադատությունը խոչընդոտելու որակումով: Իսկ օրինականությունը խախտող քննիչը, դատախազն ու դատավորը չեն պատվում, երբ Ա. Բլեյանը այդպիսի միջնորդությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին: Ի՞նչ անի այս դեպքում պաշտպանը:

Դառնանք քննիչի, դատախազի, դատարանի որոշումների հիմնավորվածությանը: ՀՀ օրենքի պահանջն է՝ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառվում են միայն այն դեպքում, երբ այդպիսի որոշման անհրաժեշտությունը հիմնավորված է պատշաճ ընթացակարգով (ՀՀ քր. դատ. օր. հոդվ. 9, կետ 2), քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու նպատակով (ՀՀ քր. դատ. օր. հոդվ. 134, կետ 1): Ա. Բլեյանի քրեական մեղադրանք ներկայացնելու մասին որոշման կայացման օրը (սույն թվի մարտի 23-ին) քննիչ Հ. Պետրոսյանը ընտրել է եւ խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին: Փաստ է, որ Ա. Բլեյանը ընտրված խափանման միջոցի պայմանը չի խախտել (ՀՀ քր. դատ. օր. հոդվ. 144): Քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում (ՀՀ քր. դատ. օր. հոդվ. 197, կետ 2): Ա. Բլեյանին կալանավորում են մայիսի 15-ին, երբ նախաքննությունը, որը քննիչ Հ. Պետրոսյանի խոստովանությամբ սկսվել է վաղուց (շուտով կլրանա Բլեյանի քրեական հետապնդման երկու տարին) պիտի ավարտված լիներ: Հիշեցնենք, որ քրեական գործի վարույթով ամիսներ է զբաղվում է քաղաքի դատախազության 4-5 հոգանոց քննչական խումբը, ներգրավելով ներքին գործերի, ֆինանսների, կրթության եւ գիտության նախարարության, քաղաքաշինության նախարարությունների տասնյակ մասնագետներ ու հանձնաժողովներ: Մայրաքաղաքի դատախազ Արամ Թամազյանը, օգտվելով իր իրավասություններից շարունակ երկարացնում է նախաքննության ժամկետները: Մինչեւ ե՞րբ: Զուգահեռ սրան երկու ամսով անհիմն կալանավորում են Ա. Բլեյանին ու կեղծ հիմնավորումներով կալանավորման ժամկետը երկարացնում եւս երկու ամսով: Պնդում ենք, կեղծ հիմնավորումներով, նկատի ունենալով հենց դատարանի որոշումը… անհրաժեշտ է հարցաքննել շուրջ 200 վկաների՝ աշակերտների, ուսուցիչների ու ծնողների… Այս մասին դատարանի որոշումից առաջ «Երկիր» օրաթերթում հայտարարում է քննիչ Հ. Պետրոսյանը: Ի՞նչ է սա, եթե ոչ հանձնարարություն դատարանին ու հասարակության ապակողմնորոշում: Բայց Ա. Բլեյանին սույն թվի մարտի 23-ին ներկայացված 4 էպիզոդով մեղադրանքը առ այսօր անփոփոխ է, նույնը, իսկ հարցաքննությունները, որոնցով հյուսվում է մեղադրանքի 5-րդ, 6-րդ էպիզոդը, գործող մեղադրանքի հետ կապ չունեն: Ակնհայտ է, որ նախաքննության մարմինը միջոցի ընտրության առաջ չի կանգնում Ա. Բլեյանին անազատության մեջ որքան հնարավոր է երկար պահելու համար: Ի՞նչ անի պաշտպանական կողմը, երբ դատավորը մեղադրող ու պաշտպանող կողմերի համար ոչ միայն չի ապահովում հավասար պայմաններ, չի պաշտպանում քաղաքացու անձեռնմխելիության իրավունքը, այլեւ հլու-հնազանդ գնում է նախաքննության մարմնի գծած-որոշած ճանապարհով: Դատավոր Ռ. Ներսիսյանի 9.07.1999թ. որոշման հաջորդ ու վերջին հիմնավորումը նույնպես կեղծ է: Գրված է՝ ազատության մեջ մնալով Ա. Բլեյանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, կատարել քրեական օրենքով արգելված արարք… Բարոյական մասը, որ գործ ունենք հայտնի քաղաքական ու կրթական գործչի հետ, թողնենք: Միայն իրավական հիմնավորում, նույն Հ. Պետրոսյանի որոշմամբ, այս նպատակով սույն թվի մարտի 30-ին ժամանակավորապես դադարեցվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանի պաշտոնավարությունը: Ի դեպ, այս որոշումը, որը հաստատել է քաղաքի դատախազ Արամ Թամազյանը, ժամանակին մեծ դժգոհություն առաջ բերեց կրթահամալիրի հարյուրավոր աշխատողների, սովորողների, ծնողների ու շրջանավարտների շրջանում: Ի՞նչ է սա, եթե ոչ անհիմն ուժի բացահայտ ցուցադրում, երբ օրենքը արգելում է նույն նպատակով կրկնակի հարկադրանքի կիրառումը: Ի՞նչ անի պաշտպանը այս «լեգիտիմ կամայականության դեմ», երբ վերաքննիչ դատարանը չի լսում ու չի տեսնում իր բերած փաստարկներն ու օրինական պահանջները: Չգոռա՞, չաղաղակի, չդիմի՞ լայն հասարակությանը: Իսկ այս կամայականության պատվիրատուն «Հայլուրի» իր խոսափողի միջոցով սաստում է գործող փաստաբաններին՝ ինչո՞ւ են աղմկում… Ցավից, վիրավորանքից ու անզորությունից անօրինականության առաջ որպես երեխա բողոքող ու օգնության կանչող փաստաբանին սաստում են՝ սո՛ւս, թե չէ…

Իսկապես, ինչո՞ւ պիտի աղմկեն փաստաբանները, եթե մեր կյանքում քրեական դատավարության սկզբունքները հաղթանակեն:

Հոկտեմբեր 1999 թ.

Հայտարարություն

Իրավապահ մարմինների կողմից «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրում ձերբակալվեց համալիրի տնօրեն, նախկին լուսնախարար Աշոտ Բլեյանը: 1998-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ նախագահի թեկնածու, «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանի նկատմամբ սկսեցին քաղաքական հետապնդումներ: Մենք դրա պատճառը տեսնում ենք Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախագահ առաջադրվելու եւ ընտրություններին մասնակցելու ապօրինությունների, ապա նախագահի ոչ լեգիտիմության դեմ Ա. Բլեյանի կազմակերպած պայքարի մեջ: Ա. Բլեյանը բացի պայքարի քաղաքական ձեւերից օգտագործեց նաեւ իրավական ձեւերը՝ դիմեց Սահմանադրական, ապա Գերագույն դատարան Ռ. Քոչարյանի, որպես հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելը ապօրինի ճանաչելու պահանջով: Որին ի պատասխան հետեւեցին Ա. Բլեյանի նախընտրական շտաբի նկատմամբ իշխանությունների կիրառած բռնարարքները.

  • 1998 օգոստոս-դեկտեմբեր – Բլեյանի նախընտրական շտաբի պետ Գեորգի Վանյանի նկատմամբ կիրառվեցին ահաբեկումներ եւ հրազենային հարձակում:
  • 1999 մարտ – նախընտրական շտաբի գաղափարախոսական խմբի ղեկավար Տիգրան Հայրապետյանը մինչեւ վերջ չպարզված հանգամանքներում զոհվեց:
  • 1999 մարտ-հունիս – քարոզարշավի ղեկավար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դատականացված հետապնդումներ:
  • 1999 մարտի 23 – Ա. Բլեյանի նկատմամբ Երեւանի դատախազության կողմից ներկայացվեցին ապօրինի մեղադրանքներ:
  • 1999 մայիսի 14 – Ա. Բլեյանի ապօրինի ձերբակալում:
  • 1999 մայիսի 15-ապօրինի կալանավորում:

Հարձակման ենթարկվեց նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Տարբեր պատրվակներով ՆԳ բաժիններ եւ դատախազություն են կանչվում բազմաթիվ ուսուցիչներ, ծնողներ, շրջանավարտներ, որոնց նկատմամբ կիրառվող շանտաժի, սպառնալիքների, հոգեբանական ճնշման պայմաններում իրենց եւ Ա. Բլեյանի դեմ ցուցմունքներ են կորզվում:

Սրանով փորձ է կատարվում կրթահամալիրը որպես քրեականացված միջավայր ներկայացնել: Այս ամենին ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են իշխանությունները: Իր բոլոր ելույթներում գործող նախագահը չի զլանում այս կամ այն կոնտեքստում անդրադառնալ Ա. Բլեյանի անձին, 92-ին Բաքու կատարած այցին, որի ժամանակ վերջինս հարեւանների հետ ուղղակի կապեր հաստատելու, խորացող թշնամությունը կանխելու փորձեր արեց: Ա. Բլեյանի եւ «Նոր ուղու» գաղափարախոսության առանցքային թեզը խաղաղ գոյակցության գաղափարը պետական քարոզամիջոցները փորձում են ներկայացնել որպես պարտվողականություն, իսկ պատերազմը բացառելու մտայնությունը՝ դավաճանություն: Նույն եղանակով նենգափոխվում է նաեւ 95-96թթ. նախարարության կողմից նախաձեռնված կրթության բարեփոխումների ծրագիրը: Փաստորեն կալանավորված է գաղափարը, անհատը, կուսակցության նախագահը, որի նկատմամբ չեն գործել ՀՀ Սահմանադրությամբ, քրեադատավարական օրենսգրքի, մարդու իրավունքի պաշտպանության միջազգային նորմերի երաշխիքները: Ինչը մեզ հնարավորություն է տալիս այս ամենը որակել որպես քաղաքական հետապնդում:

Չսահմանափակվելով Ա. Բլեյանին ապօրինաբար մեկուսացնելով, նրա դեմ քաղաքական հետապնդումները իշխանությունները շարունակում են «Օրագիր» օրաթերթի նկատմամբ բռնի ուժ գործադրելու միջոցով փորձելով լռեցնել ազատ եւ օբյեկտիվ խոսքը:

Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդ
Խորհրդի նախագահ՝ Գեորգի Վանյան
Անդամներ՝ էդվարդ Եգորյան
Շահեն Պետրոսյան
Դավիթ Շահնազարյան
Արմեն էլբակյան
Վիգեն Խաչատրյան
Նիկոլ Փաշինյան
Ալվարդ Բարխուդարյան
Ռուբեն Արեւշատյան
Ալեքսանդր Արզումանյան
ժաննա Ալեքսանյան
Արա Սահակյան
Երվանդ Ղազանչյան
Վահագն Խաչատրյան
Կարապետ Ռուբինյան

Հուլիս 1999 թ.

Աշոտ Բլեյանը խոստովանեց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցների տանիքների դրվագով ինձ ներկայացվող մեղադրանքի շուրջ

Ուղղակի դիտավորությամբ, վատնելով պետական միջոցներ, չարաշահելով ուսանող-կոմերիտականի իմ դիրքը 1973, 74, 75, 76թթ. ամռանը ուսանողական շինարարական ջոկատների կազմում սկզբում որպես մարտիկ, ապա ջոկատի հրամանատար, հետո միացյալ ջոկատի հրամանատար, Ղազախստանում, Մարիի ինքնավար Հանրապետությունում ու Կարելիայում ձեռք եմ բերել շինարարության միջոցով հանցագործ ճանապարհով խարդախությամբ ու պաշտոնատար դիրքի չարաշահմամբ գումար հափշտակելու համար անհրաժեշտ գիտելիքներ:

Այնուհետեւ օգտագործելով իմ կապերը այդ շրջանի հանրապետության եւ քաղաքի ղեկավարության հետ, ի մասնավորի, Գյումրիում զինվորական ծառայության ժամանակ Գյումրիի (Լենինական) քաղաքապետ Մուրադ Մուրադյանի (հետագայում Երեւանի քաղաքապետ, բացի այդ իմ եղբոր Գագիկ Բլեյանի, Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտում Ֆադեյ Սարգսյանի տնօրինության շրջանում աշխատելու հանգամանքը) դրդել եմ նրանց Երեւանի նորակառույց հարավ-արեւմտյան զանգվածում դպրոցական ու նախադպրոցական շենքերը կառուցապատել հարթ տանիքներով: Այնուհետեւ անձնական շահագրգռվածությունից ելնելով «Երեւանշինի» կառավարիչ էդիկ Հակոբյանին պարտադրել եմ հարավ-արեւմտյան զանգվածի դպրոց-մանկապարտեզների տանիքները կառուցել անորակ: Սրանից հետո յուրացնելով Վարդգես Պետրոսյանի բարի կամեցողությունը, նրա միջամտությամբ զավթելեմ N 183 նորակառույց դպրոցի տնօրենի պաշտոնը եւ տնօրենի նամակով ստիպել եմ ՀՀ վարչապետ Մարգարյանցին դպրոցը վերածել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի: Ծավալելով ապազգային գործունեություն ստիպել եմ հարավ-արեւմտյան զանգվածի չափահաս բնակչությանը քիչ երեխաներ ունենալ, որի արդյունքում փակվել են մի շարք մանկապարտեզներ:

Օգտագործելով իմ անձնական կապերը Շահումյանի շրջգործկոմի նախագահ Վահան Զատիկյանի, իմ ընկեր՝ Երեւանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի, կրթահամալիրի հոգաբարձու, քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ զավթել եմ դատարկված մանկապարտեզների շենքերը (թվով 5 շենք), զրկելով հարյուրավոր մարդկանց այդ շենքերը թալանելու հնարավորությունից՝ առաջացնելով ծանր հետեւանքներ: Այնուհետեւ ազատված շենքերին տալով կեղծ անուններ՝ լուսավորչական դպրոց, գեղարվեստի վարժարան, նախակրթարան՝ հազարավոր երեխաների զրկել եմ փողոցից, բազմաթիվ չարաշահումներով ու խաբեություններով նրանց դարձրել սովորողներ:

Հանցանքը կոծկելու նպատակով, փոշիացնելով ու վատնելով, հայ օգնության ֆոնդի, սոցիալական ներդրումների հիմնադրամի, կրթահամալիրի արտաբյուջետային միջոցների եւ ուսուցիչների ներդրումների օգտագործմամբ ուղղակի դիտավորությամբ 93-98թթ. Հայաստանի համար բախտորոշ շրջանում, չարաշահելով մարդկանց աշխատասիրությունը, գործելով հակառակ տարրական ազգային տրամաբանության, հասել եմ իմ հանցավոր նպատակին՝ կառուցել 10 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թեք, ալյումինապատ ու որակյալ տանիքներ:

Այսպիսով կատարել եմ հանցանք, որը ճիշտ է, չի նախատեսվում ՀՀ քրեական օրենսգրքով, բայց անհրաժեշտության դեպքում պատժվում է նույն օրենսգրքի 89 (4-րդ), 90 (4-րդ), 182 (2-րդ), 187, 184, 185, 86 հոդվածներով:

«Հայկական ժամանակ» 4 մարտի, 2000 թ.

Այսպես խոսեց Բլեյանը

Երեկ ամփոփելով տանիքի դրվագը Աշոտ Բլեյանը ցուցմունք տվեց:
Ներկայացնում ենք այդ ցուցմունքի էական մասը:

Արդարադատության այս ատյանը տանիքի դրվագով գործի հանգամանքների բազմակողմանի հետազոտման հնարավորություն ընձեռեց կողմերին: Ինչպես նախաքննության ողջ ընթացքում, սկզբում որպես վկա, հետո մեղադրյալ, ազատության թե անազատության մեջ, ես գործել եմ օրենքով թույլատրված բոլոր միջոցներով հետապնդելով արդարադատության շահը՝ հանուն Հայաստանի Հանրապետության:

Տանիքի դրվագով եւս որպես պաշտոնատար անձ՝ ես կատարել եմ միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված եմ եղել օրենսդրությամբ: Ինչպես թղթի, այնպես էլ այս դրվագով ես որեւէ անօրինական գործողություն չեմ կատարել: Ցույց տվեք իմ հաստատած անօրինական որեւէ հրաման, նամակ կամ պաշտոնական փաստաթուղթ: Այս դրվագով եւս ես գործել եմ պետական կրթական հաստատության տնօրենի իմ ծառայական շահի հստակ գիտակցմամբ, իմ բոլոր գործողություններով ունենալով ուղղակի դիտավորություն ու անձնական շահագրգռվածություն այս դեպքում անհատի (երեխա եւ աշխատող) առողջության պահպանումը, սանիտարահիգիենիկ չափորոշիչների ապահովումը: Իմ կրթահամալիրում 92-98թթ. յուրաքանչյուր տարի որակյալ, հուսալի, միջին հանրապետական ցուցանիշներից էժան 1400քառ.մ թեք թիթեղապատ տանիք է արվել, ընդամենը 10 հազար քառ.մ: Սրա համար սահմանված կարգով օգտագործվել են հանրապետությունում թույլատրելի ֆինանսական աղբյուրները՝ բյուջետային, կրթահամալիրի արտաբյուջետային միջոցներ, ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամի, ՀՕՖ-ի, ծնողական եւ ուսուցչական աջակցության միջոցները, նաեւ բյուջետային պարտքի ապրանքային մարումը հաշվանցումով: Այսպիսի արդյունքը բացառում է նաեւ պաշտոնական անգործության հնարավոր մեղադրանքը: Շինարարությունը կատարվել է ինչպես տնտեսական, այնպես էլ կապալային եղանակով: ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկիչ – վերստուգիչ վարչությունը 96-ի գարնանը համալիր ստուգման է ենթարկել կրթահամալիրի 94-95թթ. շինարարական գործունեությունը, բայց քրեական գործում բացակայում է այդ ակտը: Համեցեք, ոչ մի խախտում: 96-98թթ. կրթահամալիրում նույն կարգով կատարվել են 45-50 միլիոն դրամի շինարարական- վերանորոգման աշխատանքներ:

Մի կողմում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական հաստատություն, որտեղ երեխավայել պայմանների ստեղծման նպատակով 96, 97, 98թթ. կատարվել են 45-50 միլիոն դրամի շին-նորոգման աշխատանքներ՝ քրեական գործում առկա կատարողականներով, Երեւան քաղաքի դատախազության մասնագիտական ստուգիչ չափումներով հաստատված: Այն դեպքում, երբ բյուջեով այդ նպատակի համար գումար հատկացվել է միայն 96-ին, այն էլ 500 հազար դրամ, որը կազմում է ծախսերի 1%-ը: Երբ կրթահամալիրը որեւէ կազմակերպության պարտք չէ, երբ որեւէ կազմակերպություն կամ անհատ բողոք ու քաղհայց չի ներկայացրել ընդդեմ կրթահամալիրի, երբ բյուջեն 97-ի շինարարության հատվածով կրթահամալիրին պարտք է 4,2 մլն դրամ, իսկ 96թ. 10,3 մլն դրամ պարտքից միայն 9,8 միլիոն դրամն է 98-ին փոխանցել «Կոբրա» ՍՊԸ-ի՝ որպես պարտավորվածության ապրանքային մարում (հաշվանցում), երբ «Կոբրա» ՍՊԸ-ն 98-ից պարտք է կրթահամալիրին 9,8 մլն դրամ, գումարած տույժն ու տուգանքը, իսկ «Արարատ» պետական ձեռնարկությունը՝ 7 մլն դրամ: Երբ կրթահամալիրի տնօրենի ու գործադիր տնօրենի աշխատասենյակները 92-ից այս կողմ չեն նորոգվել: Մյուս կողմից՝ ունենք մեղադրական եզրակացություն Աշոտ Բլեյանի նկատմամբ կրթահամալիրի «ծով շինարարությունից» առանձնացված «տանիքների դրվագով»: Երբ Երեւանի դատախազությունը իր ողջ պոտենցիալով, ծախսելով հսկայական պետական միջոցներ, գործելով ՆԳ եւ ԱԱ նախարարության հետ ձեռք-ձեռքի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հովսեփյանի կարգադրությամբ, առանց քրեական գործ հարուցելու 97-ի հոկտեմբերից ծավալում է աննախադեպ, իսկ վարույթի կարգով անօրինական նախաքննություն, այսօր ահա դատարանում իր 3 մեղադրող-դատախազով, ամսից ավելի ձգվող դատաքննությամբ շարունակում է ահաբեկչությունը՝ ի սկզբանե ակնհայտ ապօրինի մեղադրանք «կպցնելը» ի սկզբանե ակնհայտ անմեղ, որեւէ անօրինական գործողություն չկատարած տնօրենին: Առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակման պատժաչափ (6- 12 տարի անձնական գույքի բռնագանձմամբ), երբ 1 լումա անգամ չի հափշտակվել կամ վատնվել: Իշխանության ի չար գործադրմամբ ծանր հետեւանքների առաջացման համար պատիժ (2-8 տարի եւ տուգանք): Պաշտոնական կեղծիքի մեղադրանք (մինչեւ 2 տարի), երբ այդ պաշտոնը միայն բարիք է գործել ու պաշտոնատար անձը որեւէ անօրինականություն թույլ չի տվել: Երբ Երեւանի դատախազությունը ոչ միայն որեւէ քայլ չի կատարել «Կոբրայի» կամ պետբյուջեի պարտքի վերադարձման համար, այլեւ «Կոբրայի» տնօրենին պաշտպանել է օրենքով պատասխան տալուց, իսկ կրթահամալիրին հասցրել է բարոյական ու նյութական էական վնաս:
Քրեական գործով ապացուցված է, որ ես չունեմ անձնական ունեցվածք, թիկնապահ, առանձնատուն, անձնական օգտագործման մեքենա, սեփական բիզնես: Բայց ահա 3-րդ տարին է ունեմ անձնական օգտագործման նախաքննության մարմին՝ Երեւան քաղաքի դատախազություն, վտանգ կա, որ կունենամ անձնական օգտագործման դատարան: Ունեմ մեծ պահակախումբ ու բրոնեվիլիս, սեփական կամեր ու վանդակ: Իմ քրեական գործը, ինչպես թղթի, այնպես եւ տանիքների դրվագով, քաղաքի դատախազության ավելորդության ու իր գործառույթներին անհամապատասխանության հավաստի ու բավարար անհրաժեշտություն կազմող ապացույցների ամբողջականություն է: Երեւան քաղաքի դատախազը ՀՀ արդարադատության խորհրդի անդամ է, գլխավոր դատախազության կոլեգիայի անդամ ու շարունակում է օգտագործել իր դիրքը հիմա էլ դատարանի նկատմամբ կողմնակի ազդեցություն գործելով: Մեղադրող կողմը փոխանակ դատաքննության ընթացքում արդեն բազմակողմանի հետազոտված երկու դրվագով հրաժարվի մեղադրանքից որպես չհաստատված մեղադրանք, փորձում է կամայականորեն փոխել դատավարության իրականացման կարգը ու ձգձգել այն:

«Հայկական ժամանակ»
8 մարտի, 2000 թ.

Իմ գործով բոլոր անպատասխանատու դիտորդներին

Հայտարարություն դատարանում

Ինձ ներկայացված մեղադրանքի՝ դասագրքերի տպագրության ու իմ կրթահամալիրի դպրոցների տանիքների շինարարության դրվագներով երկամսյա, ամենօրյա դատաքննությամբ հրապարակված են ու թերթ առ թերթ հետազոտված գործում առկա բոլոր նյութերը: Իբր ամենաապացուցված ու Բլեյանի համար ամենածանր պատիժներ նախատեսող, հասարակությանը ամենահայտնի երկու դրվագներով Երեւան քաղաքի դատախազության երեք դատախազները՝ իմ գործով մեղադրողները սպառել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: Ով աչք ունի՝ տեսնում է, ականջ ունի՝ լսում է, իսկ առողջ դատողությամբ փաստում է՝ թե՛ դասագրքերի տպագրության, թե՛ տանիքների շինարարության դրվագով հանցագործության դեպք չկա. երկու դրվագով էլ Լուսավորության նախարար Աշոտ Բլեյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կատարել է միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է եղել օրենսդրությամբ: Իր օրինական գործողությունների արդյունքում պետությանը նյութական ու ոչ նյութական վնաս չի պատճառել, պետական, հասարակական թե անհատ անձի մեկ լուման անգամ չի հափշտակել, վատնել կամ յուրացրել: Ավելին, գործելով պաշտոնատար անձի օրենքով որոշված ծառայական շահի հստակ գիտակցմամբ, Ա. Բլեյանի նպատակամղված, եռանդուն ու օրինական գործողությունների շնորհիվ, պետական հատկացումների բացակայության պայմաններում, 1995 թվականին տպագրվել են 60 անուն, 2,5 մլն դոլարի դպրոցական դասագրքեր եւ ուսումնական գրականություն, իսկ 1996 թվականին՝ որակյալ, արագ ու էժան տանիքապատվել են կրթահամալիրի պետական դպրոցների շենքերի տանիքներ, 1996-98թթ.՝ արտաբյուջետային միջոցների խելամիտ օգտագործմամբ մոտ 50 մլն դրամ է ծախսվել սովորողների եւ ուսուցիչների համար մարդավայել պայմաններ ստեղծելուն: Սրանք իրողություններ են, որ ստիպված է ընդունել ցանկացած դատավոր, ինչպիսի անթույլատրելի կողմնակի ճնշում էլ գործադրվի: Ես հայտարարել ու հայտարարում եմ, որ իմ հաստատակամությունը բավարար է արդարադատության որեւէ ատյանում (առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ թե միջազգային դատարան) որպես անմեղ անձ արդարացվելու համար: Նախաքննության մարմինը, Երեւան քաղաքի դատախազությունը ինձ հասցրել են բարոյական, նյութական եւ հոգեկան էական վնաս, որի հատուցումը ես դատական կարգով կհետապնդեմ: Սակայն ինչո՞ւ եմ ես արդեն 10 ամիս մեկուսացված հասարակությունից, ավանսով նստած, ինչո՞ւ են ինձ առանց անհրաժեշտության ենթարկել դատավարական հարկադրանքի այս միջոցին՝ կալանման, ոտնահարելով իմ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, վատնելով դրա համար էական բյուջետային միջոցներ, ինչի՞ վրա է ծախսվում իմ ուժը, եռանդը, շնորհքն ու խելքը, ինչո՞ւ եմ ես ճաղերի ետեւից որպես դիտորդ հանդես գալիս հանրապետության համար որոշիչ մի շրջանում: Հանրապետության պաշտոնատար անձինք (դատավոր՝ Իսկուհի Վարդանյան, ՀՀ գլխավոր դատախազ, Ագգային ժողովի պատգամավորներ, ՀՀ վարչապետ), Հայաստանի քաղաքական էլիտան, պարզապես հայաստանցիները իմ այս քաղաքական հաշվեհարդարի առաջ ընդունել են անպատասխանատու դիտորդի կարգավիճակ: Թույլ տվեք հիշեցնել, որ սա Ձեր կողմից պաշտոնական անգործություն է, իսկ դատարանը, Երեւան քաղաքի դատախազությունը, ՀՀ Արդարադատության ու ներքին գործոց նախարարները գործում են հակառակ իրենց ծառայողական շահի: Ինչո՞ւ: Ո՞վ է պատվիրատուն: ժամանակը դաժան, բայց տեսանելի դարձրեց իմ քաղաքական, կրթական, հասարակական հայացքների ճշմարտացիությունը: ճշմարիտ էի ես, որպես նոր մանկավարժության ու հայոց նոր քաղաքական ուղու հետեւորդ: Որպես կրթահամալիրի տնօրեն ու լուսավորության նախարար, ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ, «Նոր ուղի» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու եւ հանրապետության քաղաքացի, հավատարիմ եմ եղել իմ հայտարարած սկզբունքներին, հետեւողական ու օրինական եմ եղել իմ քաղաքական, կրթական բանաձեւերը իրագործելիս: Համաձայն չե՞ք – ստեղծեք գաղափարների, պայքարի ու տարակարծության լուծման համար պատշաճ պայմաններ: Իր վերջը չունեցող դատաքննությունը ու իմ ազատազրկումը անընդունելի ու անհավասար պայմաններ են: Դատարանը քաղաքական վեճի ատյան չէ, ոչ էլ ազատազրկումը՝ մուռ հանելու միջոց: Արդարադատությունը բոլորիս համար թանկ ու կարեւոր է, քաղաքական հաշվեհարդարի ճանապարհին զոհելու համար չէ:

9 մարտի, 2000 թ.

Բլեյանի գործը շինծու է

Հայտարարություն

Փետրվարի 15-ին լրացավ քաղբանտարկյալ, «Նոր ուղի» կուսակցության նախագահ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գլխավոր տնօրեն, 1990-95 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1994-95 թթ. ՀՀ լուսավորության նախարար Աշոտ Բլեյանի կալանավորման 9 ամիսը:

2000թ. հունվարի 10-ին սկսված դատաքննության յուրաքանչյուր օրը ապացուցում է, որ շինծու քրեական մեղադրանքով իշխանությունները Բլեյանի նկատմամբ իրականացնում են անթաքույց քաղաքական հետապնդում: Քաղաքական գործչի եւ մանկավարժի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը չունի իրավական եւ բարոյական որեւէ արդարացում, չի բխում բազմակողմանի եւ անաչառ դատաքննության շահերից, այլ նպատակ ունի ի ցույց վարչախմբի բոլոր ընդդիմախոսների մեկուսացնել նրանցից մեկին:

2 տարվա ընթացքում Երեւանի դատախազության, ՆԳ եւ ԱԱ նախարարության 6-րդ վարչության քննիչներից ու օպերատիվ աշխատողներից կազմված քննչական երկու խմբի կողմից թխվել է 10 հազար թերթից կազմված 20 հատորանոց «գործ», որն ընդգրկում է 7 դրվագ:

«Թղթի դրվագով» առաջադրված է պետությանը առանձնապես խոշոր չափի վնաս հասցնելու մեղադրանք: Մինչդեռ դատարանին է ներկայացվել ֆինանսների նախարարի գրությունը, որ «1995-1996 ուստարվա դասագրքերի տպագրության համար պետական հատկացումներ չեն նախատեսվել եւ չեն կատարվել», ինչպես նաեւ տեղեկանք, որ դասագրքերի տպագրությունը կատարվել է բաժանորդագրության միջոցներով եւ բաժանորդների առջեւ պարտավորություններ չեն մնացել:

Մրցութային հիմունքներով ստեղծված դասագրքերը բաշխվել են բաժանորդներին (բաժանորդագրմամբ հավաքագրվել է 800 մլն դրամ): Այսօր նախկին նախարարին բանտ են նետել երկու ինքնուրույն իրավաբանական անձանց («Նոր դպրոց» հրատարակչության եւ «Պրիզմա» ռուսաստանյան ընկերության) միջեւ առաջացած քաղաքացիական վեճի համար, երբ պետությունը եւ բաժանորդները վնաս չեն կրել, իսկ նախարարը որեւէ անօրինական գործողություն չի կատարել:
Նույն գործով ամբաստանյալներ Պողոսյանը (կրթահամալիրի գլխ. հաշվապահ) եւ Ավակովան (կրթահամալիրի գանձապահ) հանդես են եկել միջնորդությամբ, որում ասված է, որ իրենց «ձերբակալման հենց սկզբից քննիչ Պետրոսյանը պայման է առաջադրել ցուցմունքներ տալ Բլեյանի դեմ, իբր հանցավոր արարքները կատարվել են Բլեյանի հանձնարարությամբ՝ խոստանալով փոխել խափանման միջոցը: Մեզ հասկանալի դարձավ, թե ինչու են 60-ն անց կանանց շուրջ 1 տարի պահել կալանքի տակ: Մենք չենք կարող մեղանչել ճշմարտության դեմ եւ սուտ ցուցմունք տալ վարկաբեկելով Բլեյանին»: Գտնելով, որ Բլեյանը որեւէ կերպ մասնակից չէ իրենց վերագրվող մեղադրանքին, նրանք պահանջել են իրենց ներկայացված մեղադրանքը առանձնացնել «Բլեյանի գործից», որպեսզի անաչառ դատաքննությամբ հնարավորություն ստանան հերքել իրենց առաջադրվող շինծու մեղադրանքը:

Բոլոր տուժողները դատարանում բողոք են ներկայացրել նախաքննության մարմնի կատարած անօրինականությունների դեմ, որը գործել է Բլեյանի դեմ ցուցմունք կորզելու ուղղությամբ եւ դիմել խաբեության, սպառնալիքի ու շանտաժի: Մեզ ժամերով փորձել են համոզել, որ Բլեյանը հանցագործ է, միեւնույն է դատվելու է, եւ եթե չենք ուզում գլխացավանքի մեջ ընկնել, ճիշտը նրա դեմ վկայություն տալն է: Շանտաժն ու ահաբեկումը այսօր էլ շարունակվում են: Կրթահամալիրից առգրավված փաստաթղթերը չեն վերադարձվում»:

Այս հայտարարության հիման վրա դատարանը պարտավոր է դիմել գլխավոր դատախազին՝ քննիչ Հովիկ Պետրոսյանի նկատմամբ քր. դատ. օր. 184 հոդվածով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, որը չի արվել:
«Տանիքի նորոգման դրվագով» Բլեյանին մեղադրանք է առաջադրված քր. օր-ի 4 հոդվածով, մինչդեռ նա անձնական որեւէ շահագրգռություն չի ունեցել այդ գործարքում: Իրականությունն այն է, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 10 մանկավարժ գործադիր տնօրեն Գալստյանի հետ օրինական կարգով կնքված պայմանագրերի հիման վրա փոխարինաբար միջոցներ են տրամադրել դպրոցների տանիքները նորոգելու նպատակով: Ընդ որում այդ գումարները վերադարձվելու էին, երբ պետությունը կիրականացներ ֆինանսավորումը:

Կատարվել են դատավարական նորմերի բազմաթիվ աղաղակող խախտումներ: Երեւանի դատախազությունը (դատախազ՝ Արամ Թամազյան) «մանկավարժներից խաբեությամբ գումար կորզելու եւ յուրացնելու» մեղադրանքը ձեւակերպել է 1998-ի աշնանը, իսկ մանկավարժները որպես տուժող հարցաքննվել են 1 տարի անց 1999-ի օգոստոսին: Այսինքն, «տանիքի նորոգման դրվագով» Բլեյանին մեղադրանք է առաջադրվել ավանսով՝ ըստ պատվերի, հետագայում հիմնավորելու միտումով:
Ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարվել վկաների եւ տուժողների նկատմամբ: Մասնավորապես, քննիչները հարցաքննել են վկաների, որոնք չեն առնչվում գործին եւ որպես սկզբնաղբյուր նշել են այլ անձանց անուններ, իսկ վերջիններս անհայտ պատճառներով չեն հարցաքննվել: Կամ, նախաքննության եւ դատաքննության ժամանակ դատապարտյալ վկա Բաղդասարյանը հարցաքննվել է իր նկատմամբ կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքների շրջանակից դուրս, որով խախտվել են քր. դատ. օր- ի պահանջները: Քննիչները չեն կատարել օրենքով պարտադիր առերեսումներ, վկաներին ստիպել են իրենց մերկացնող ցուցմունքներ տալ, սպառնացել ձերբակալմամբ, մինչեւ ուշ գիշեր պահել դատախազության շենքում, չեն զգուշացրել, թե ինչ գործով են վկաները ցուցմունք տալիս, ամիսներով իրենց մոտ են պահել նրանց անձնական փաստաթղթերը, առանց թույլտվության ստուգումներ կատարել աշխատասենյակներում եւ այլն: Փաստորեն, նախաքննության վարույթի օրինական կարգը փոխարինվել է նախաքննությունը իրականացնողների կամայականությամբ:

Մեղադրանքի 5 դրվագներում Բլեյանը ճանաչվում է հանցակից՝ դրդիչ, սակայն մեղադրականում եւ քր. գործում բացակայում են հանցագործություն կատարողները: Այս ամենը վկայում է, որ կա՛մ քր. գործով բացակայում են հանցագործության դեպքերը, կա՛մ Բլեյանի գործողություններում բացակայում է հանցակազմը:

Թեեւ Բլեյանին առաջադրվել է պաշտոնական պարտականությունների մեջ թերացման մեղադրանք, սակայն ո՛չ նախաքննության մարմինը, ո՛չ դատարանը փորձ չի արել ճշտել նրա պաշտոնական պարտականությունների շրջանակը, որը տարբեր դրվագներով կանոնակարգված է լուսավորության նախարարության կանոնադրությամբ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կանոնադրությամբ, պետական պատվերի կարգը սահմանող կառավարության որոշմամբ, Կենտրոնական բանկի հրահանգ նամակով: Քր. գործում բացակայում են «Նոր դպրոցում», դասագրքերի բազայում, կրթահամալիրում ֆինանսների նախարարության եւ հարկային տեսչության բազմաթիվ ստուգումների ակտերը, ըստ որոնց հաստատվել է, որ օրինախախտումներ չեն կատարվել:

Ձեր ուշադրությանը ներկայացնելով քաղբանտարկյալ Աշոտ Բլեյանի գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, կրկին դիմում ենք Ձեր աջակցությանը եւ հույս հայտնում, որ համատեղ ջանքերով կհաջողվի խափանել իշխանությունների կազմակերպած այս հերթական ամոթալի հաշվեհարդարը:

Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդ
23 փետրվարի 2000 թ.

Հարկադիր, բայց հանրօգուտ աշխատանք

Անկախ իմ ու ձեր ցանկությունից, մեզնից յուրաքանչյուրը պատկանում է այս ժողովրդին: Ես ուրախ եմ, որ նաեւ այս կարգավիճակում, հասարակությունից բռնի մեկուսացման 10-րդ ամսում առաջնորդվում եմ հասարակությանը օգտակար լինելու ձգտումով:

2000թ. հունվարի 10-ից ես դուրս եմ գալիս իմ նոր բնակավայրից՝
Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարանի թիվ 38 խցից եւ բռնում Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի ճամփան: Թե՛ տնից դպրոց ուղևորվելիս, թե՛ այստեղ ես չեմ կարող չհաշվել՝ որքա՞ն է նստում իմ տեղափոխումը, ո՞վ պիտի վճարի ճանապարհածախսը: Որպես կրթահամալիրի տնօրեն՝ ես ճիշտ լուծումը գտա՝ պարտավոր եմ վճարել ես, իսկ իմ միջոցները բավարար են միայն երթուղային տաքսիով աշխատանքի գնալու, աշխատանքից վերադառնալու համար: Որպես ամբաստանյալ՝ ես առայժմ անհաղթահարելի արգելք ունեմ՝ ինձ ոչ միայն ամեն անգամ տեղափոխում են բենզամեծածախս մեքենայով, այն էլ պահակային (թիկնապահ) ծառայության ուղեկցությամբ: Ես երբեք թիկնապահ չեմ ունեցել, եւ այս անհարմարությունը անանց է՝ կլորիկ ծախսեր պետական բյուջեից (բենզին, մեքենայի ու ուղեկցող ոստիկանների պահման ծախսեր): Ինչի՞ համար է այս շռայլ «հոգատարությունը» ամբաստանյալիս նկատմամբ, երբ ես պատրաստ եմ ամեն օր իմ «խոդով», դատավորի որոշած ժամին լինել դատարանում: Ես հաշվեցի, որ մեկ ամսում ինձ տանել-բերելու (Գարաժ-Սովետաշեն-Աբովյան-Դատարան) վրա բյուջեն ծախսում է 400-500 դոլար: Լավ է՝ դեռ ես անվճար եմ աշխատում: Աշխատում եմ (դատաքննությունը տեւում է) ամենաշատը 4 ժամ: Ամեն օր մինչեւ երկու ժամ սպանում եմ կալանատան առավոտյան «նարյադում», 1-1,5 ժամ անցկացնում եմ մեքենայում, մինչեւ 1 ժամ դատարանի դահլիճում սպասում եմ դատական նիստը սկսելուն: Այս երկու ամսվա ընթացքում չեմ հիշում, որ դատական նիստը սկսվի ժամը 13-ից շուտ: Դատաքննության 2 ամսում կատարել ենք ամբողջ աշխատանքի (20 հատորանոց, 10 հազար թերթանոց, 201 վկայով, 20 «տուժողով» քրեական գործ) 10-15%-ը: Այս ընթացքով դատաքննությունը (առաջին ատյանի դատարանում) կտեւի 1 տարի: Սրանք անսովոր ծույլ, ձանձրալի աշխատանքային պայմաններ են ինձ համար, ես սովոր եմ 12-14 ժամանոց ինտենսիվ աշխատանքային ռիթմի: Ինձ մխիթարում են աջ ու ձախ, 100-ից ավելի դատական նիստով ու 1 տարուց ավելի ձգվող դատաքննությամբ ամբաստանյալները: Ուսումնասիրո՞ւմ է այս հանցագործ պրակտիկան արդարադատության նախարարությունը, չէ՞ որ ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի, նա պարտավոր է դատական պրակտիկան իր բոլոր դրսեւորումներով ուսումնասիրել:
Իմ քր. գործով մեղադրական եզրակացությունը Երեւան քաղաքի Դատախազը ուղարկել է ըստ ընդդատության՝ Մալաթիա- Սեբաստիա համայնքի դատարան 1999թ. դեկտեմբերի 1-ին: Դատարան մուտք եղած քրեական գործը դատավորները սահմանված կարգով իրենց վարույթ են ընդունում: Իմ դեպքում սա տեւեց 15 օր, իմ բախտն ասում են՝ բերել է… Քրեական գործն իր վարույթն ընդունելու պահից 3 օրվա ընթացքում դատավոր Իսկուհի Վարդանյանից (շնորհակալ եմ՝ չուշացավ) ստացա սահմանված ձեւի հուշաթերթիկը, իսկ վարույթն ընդունելու պահից 15 օրվա ընթացքում դատավորը հետազոտում է քր. գործում եղած նյութերը: Դատական քննությունը պետք է (ու նշանակվեց) դատական քննություն նշանակելու մասին որոշում կայացնելու պահից 10 օրվա ընթացքում: Ուղիղ 45 օր ես խուլ մեկուսացման մեջ ապրում էի իմ սովորական-անբան-պարազիտիկ կյանքով: Դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատավոր Իսկուհի Վարդանյանն ընդունեց առանց ինձ ու իմ փաստաբանի, ինձ մոռացան ուղարկել այդ որոշման պատճենն անգամ: Ես գիտեմ, որ դատաքննությունը տեւելու է այնքան, որքան նախաքննությունը, գիտեմ, որ բոլոր միջոցներով ձգձգելու են իմ գործով քննությունը, մինչեւ դատավորը համոզված լինի, որ վտանգ այլեւս չկա. Որ կարելի է կարճել գործը՝ կույրին էլ, խուլին էլ տեսանելի է, որ մի քանի դրվագներով քրեական դեպք որպես այդպիսին չկա, իսկ մեկ-երկու դրվագով այդ դեպքերը, եթե կան, ինձ չեն վերաբերում, իմ արարքներում հանցակազմ չկա: Անկողմնակալ ու դրսի միջամտությունից զերծ դատավորի մասին հեքիաթին ես չեմ հավատում:

«Առավոտ»
7 մարտի, 2000 թ.

Մեր կյանքի ժամերը հաշվված են

Իմ նման «Տեր Վռազը» հիմա էլ պիտի նստի դատարանի դահլիճում, երբ կյանքի ժամերը հաշվված են ու այնքան գործ կա անելու, Աստված իմ, կիսատ թողած, կիսատ-պռատ արված որքան գործ… Գիտի՞ այդ մասին դատավոր Իսկուհի Վարդանյանը, երբ նա ընտրել է իմ գործի քննության իր համար ամենաանմեղ, ամենաանվտանգ (շառից-փորձանքից հեռու) ձեւը՝ իբր օբյեկտիվ, իբր բազմակողմանի, թերթառթերթ, վկաառվկա քննությունը… Դատավորը ուներ հնարավորություն պարզելու, որ այս քր. գործը մի իսկական քրեական ֆոլկլոր է, որի 19 հատորից 18-ը կարող ես թափ տալ՝ թուղթ է, ինձ չի վերաբերում կամ ապացուցողական նշանակություն չունի… Այդ 18 հատորը գուցե եւ ինչ-որ արժեք ներկայացնում է, բայց սոցիոլոգի, բանահավաքի, ոճաբան-լեզվաբանի ու հոգեբանի համար: Իրականում այս քր. գործով կարելի է որակավորել Երեւան քաղաքի դատախազությանը, նրա քննչական խմբի անդամներին. ահա քեզ դատախազի, քննիչի որակավորման (ատեստացիայի) լավագույն (թերեւս միակ) ձեւը: Ապացուցված կարելի է համարել, որ Երեւան քաղաքի դատախազությունը անբավարար մասնագիտական մակարդակով ավելորդ օղակ է, եթե երկու տարվա իր նպատակամղված գործունեության արդյունքն այս է: Իրավապահի անպատիժ-անպատկառ-անպատասխանատու գործունեությունը դատաիրավական համակարգի աքիլլեսյան գարշապարն է, արդարադատության թիվ մեկ վնասատուն: Միայն օրենսգրքի կատարելագործումով սրա դեմը չես առնի: Օրինականությունը խախտող, օրենքը չպահպանող քննիչն ու դատախազը պիտի պատժվեն յուրաքանչյուր քր. գործի դատաքննության ընթացքում տվյալ դատավորի կողմից: Դատավոր Իսկուհի Վարդանյանը սրա համար ունի անհրաժեշտ հիմք ու առիթ, համակարգված ու փաստարկված շարադրված իմ տասնյակ հայտարարություններում, իմ փորձառու փաստաբանի միջնորդություններում: Դատավորը ոչ միայն իրավունքի կողմը չէ ու օրենքի երաշխավորը, այլեւ համառորեն սահմանազատվում է մինչդատական վարույթում նախաքննության մարմնի անօրինականություններից ու էական խախտումներից: Օրինախախտ, իրեն նշանակող գործադիրի կամքը կատարող, անօրինականությամբ փող աշխատող, նաեւ իր նախաքննական մարմինների սարքած գործերը մեղադրող- դատախազներով պաշտպանող դատախազական համակարգը մարտնչող է, իր սրբազան կռվից չի հրաժարվի, թույլ չի տա որ կայանա արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, միայն օրենքից կախված արդարադատության ատյանը՝ դատարանը:

Տեսեք՝ ինչ է ստացվում. երկու տարի առաջ օրգանը (Երեւան քաղաքի դատախազությունը) քրեական գործ անունով մի շառ է կպցնում քեզ, երկու տարի քո կյանքի գործն ես դարձնում այդ շառից ազատվելը: Ապարդյուն: Ունենում ես բարոյական, նյութական ու հոգեկան կորուստներ, ութ ամիս ավանսով նստում ես կալանատանը, մտածում, որ գոնե դատարանում, քո գործի հրապարակային քննությամբ օր առաջ կազատվես այս շառից, բայց՝ խնդրեմ, այդ շառը ժառանգում է դատարանը, օրինականացնում նախաքննության մարմնի
անպատիժ, մարտնչող ու օրինախախտ գոյությունը:

Դատավոր Իսկուհի Վարդանյանն ունի անհրաժեշտ փորձառություն ու մասնագիտական պատրաստություն, կարդալով, թերթելով քրեական գործը՝ արձանագրելու համար, որ ինձ ներկայացված մեղադրական եզրակացությունը արտաիրավական փաստաթուղթ է, մի առեղծված, որի լուծումը չի կարելի իմ ազատության ու առողջության հաշվին անել… Մեղադրողների (Երեւան քաղաքի դատախազի տեղակալ ու եւս երկու դատախազ, այս ի՞նչ շռայլություն է պետական սուղ միջոցների հաշվին) ու նրանց հետեւում կանգնած իմ գործի պատվիրատուների հաշվարկի ու վստահության հիմքում վախն է, իմ ու իմ պաշտպանի, վկաների, վախով ու խաբեությամբ տուժող ճանաչվածների ահաբեկման շարունակումը դատարանում:

Իմ քրեական գործը իր մինչդատական ու դատական վարույթով մի ահաբեկչական ակտ է: Ինձ չես վախեցնի: Երբ ինձ վախեցնում են՝ ես ուժեղանում եմ, մոբիլիզացնում իմ կամքը, գիտակցությունն ու ուժերը, ես ու իմ պաշտպանը կօգնենք, որ դատարանի դահլիճում հաստատվի այս աբսուրդին պատշաճ մթնոլորտ, որ վկան, դատավորը, լրագրողն ու հասարակական կարծիքը ազատագրվեն ու ենթարկվեն միայն արդարադատությանը: Ինչպես իմ պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը ճշգրիտ ձեւակերպեց, ոչ միայն դատավորը, բոլորս ենք իրավունքի կողմը: Դատավորն իր վճիռը, արդարադատությունը իրականացնում է հանուն Հայաստանի Հանրապետության: Նույնը եւ ես, ինչպես խոստացել էի դեռ 1999թ. հունիսին «Առավոտի» ընթերցողներին, կնստեմ հանուն Հայաստանի Հանրապետության այնքան, որքան անհրաժեշտ է: Նստել եմ ութ ամիս, անհիմն ու ապօրինի, կալանատան խցում, կնստեմ որպես ամբաստանյալ դատարանի այս թշվառ ճաղավանդակում այնքան, որքան անհրաժեշտ է արդարադատության այս ատյանում արդարացվելու որպես «յուրաքանչյուր ոք, ով հանցանք չի գործել»:

«Առավոտ»
14 մարտի, 2000 թ.

Սիրիր մերձավորիդ

Մոտ մեկ տարի ապրելով ինձ համար լրիվ նոր աշխարհում ես ոչ միայն սիրեցի իմ կալանավոր եղբայրներին, այլեւ նրանց հոգսը դարձավ իմը: Մանկական շատ բան կա այս հանցագործ համարվող, իրականում անպաշտպան ու ձախողակ մարդկանց վարքագծում: Նրանք ինձ վստահեցին, չգիտեմ՝ որպես այս կալանատան ամենաբարձրաստիճան երբեմնի պաշտոնյայի, թե հավատացին իրենց օգնելու իմ անկեղծությանը: Ես նրանց միջոցով նորովի բացահայտեցի ոչ միայն արդարադատություն կոչվածը, այլեւ Հայաստանը մերկ ու իրական տեսա: Մեր հանցագործ համարվողների աշխարհը օր օրի ավելի բազմաբանակ է դառնում՝ օր օրի ավելի նմանվում սոցիալական ապահովության հաստատության: Հայտնվում են մարդիկ, ովքեր այդտեղ՝ ձեր աշխարհում, չեն կարողանում իրենց ու իրենց խնամքին հանձնված ընտանիքի օրվա հացը վաստակել: Գողանում են փորահացի չափով, բռնվում, ամիսներ շարունակ հանձնվում պետության խնամքին՝ լավ-վատ, բայց երաշխավորված ու կայուն: Ուժեղացող չարացվածությամբ՝ ձեր աշխարհի նկատմամբ, եւ կործանարար օտարությամբ՝ ընտանիքից, հարազատներից ու ընկերներից: Չի կարելի թույլ տալ, որ այս դժվար շրջանում նրանք խույս տան պատասխանատվությունից: Կալանավորների մեծ մասին հարկավոր է վերադարձնել իրենց ընտանիքներին: Չարացվածության աղբյուրները մի քանիսն են: Նախ՝ այստեղ վստահ են, որ իրական հանցագործները դրսում են, ձեր աշխարհում, ազատության մեջ: Ապա, որ դուք մեկուսացրել եք հանցագործ համարվողներին, որ հեշտ ու ապահով ապրեք ձեր մեղսաշատ կյանքով: Եվ վերջապես, կալանվածների մեծ մասը զոհի, անհաջողակի զգացումը չի հաղթահարում: Հեռուստացույցով, թերթով լսում ենք, որ ազատության մեջ գտնվողներն էլ մի լավ օրի չեն: Վկան՝ պակասող մարդիկ: Մի մասին բերում են այստեղ, մի մասը թողնում է Հայաստանը: Մեկուսանալ կալանվածների հոգսերից, չտեսնելու տալ նրանց աշխարհը՝ ձեզ չի հաջողվի: Հաշտության կամուրջներ են պետք ազատության ու անազատության երկու աշխարհների միջեւ, մեծ գթասրտությամբ է միայն հնարավոր հաղթահարել մեր աշխարհների միջև ընկած օտարության ու չարացվածության այս վիհը: Թվում է, ես լիազորված եմ բոլորի կողմից նշելու այն քայլերը, որոնք կողջունեն այս աշխարհի բոլոր բնակիչները.

  • Շուտափույթ ընդունեք հանրապետության նոր քրեական օրենսգիրքը: Մարդիկ այստեղ վստահ են, որ նոր օրենսգրքում արարքն ու դրա համար նախատեսված պատիժը իրար կհամապատասխանեն, պատիժը կդառնա արդարադատ ու տանելի, քաղաքացիական-տնտեսական վեճերը չեն որակվի որպես քրեական հանցագործություններ:
  • Այստեղ քնում եւ արթնանում են համաներման (ամնիստիա) մասին խոսակցություններով: Վերջին համաներումը եղել է 1997-ի ապրիլին: Նոր հազարամյակը, քրիստոնեական քաղաքակրթության հիմնադրի նշանակալից տարեդարձը թվում է պարտադրում են Հայաստանի բարձր իշխանություններին ազատազրկվածներին ընդառաջ գնալ, մի բացառիկ հնարավորություն ընձեռել շատ-շատերին զղջալու, մեղքերը քավելու համար: Անհասկանալի է՝ ինչու իշխանությունները չեն օգտվում իրենց ցածր վարկանիշը բարձրացնելու այս եզակի հնարավորությունից:
  • ՀՀ Ազգային ժողովը շուտափույթ պիտի շտկումներ կատարի նոր, բայց ակնհայտորեն թերի քրեական դատավարության օրենսգրքում: Չի կարելի այսքան հեշտ ու անխտիր կալանավորել բոլորին, բոլոր արարքների դեպքում: Չի կարելի պրակտիկա դարձնել ձգվող դատավարությունները, մինչդատական վարույթներն ու կալանքները: Օրենքով սահմանված նախաքննության 2 ամիսը պիտի նորմա լինի, իսկ ժամկետի երկարացման ամեն մի դեպք՝ բացառություն, որը պատշաճ հիմնավորում պիտի ունենա: Առանց դատավճռի ազատազրկումը (նախնական կալանք) դատարանում փաստաբանի ու մեղադրողի ներկայությամբ անհրաժեշտ հիմնավորում պիտի ստանա:

Հուսով եմ, որ հազարավոր կալանվածների այս խնդրանքներն ու առաջարկները կդառնան հասարակության ու իշխանությունների օրակարգի հարց:

«Հայկական ժամանակ»
21 մարտի, 2000 թ.

Ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

Վերնագիրը հուշեց 103 տարեկան դարձած Չարենցը, ու Բակունցի Տիգրանուհու օրագիրը ընթերցելու պահանջ ունեցա… Մի այդպիսի օրագիր թե կազմեմ Երեւանի թիվ 1՝ հանրապետության ամենախոշոր քննչական մեկուսարանի համար, հանրապետության ու հայաստանցու այսօրվա վիճակի հավաստի ու ամբողջական պատկերը կունենանք, մի իսկական վիճակագրական հաշվետվություն:Մեկուսարան մտնող «տուլիկների» (հարազատից կալանավորին բերվող ծանրոց) քանակը 1998-ի համեմատ 3 անգամ կրճատվել է, էապես աղքատացել ու պակասել է «տուլիկի» բովանդակությունը: Մեկուսարանի բուժմասը զբաղեցված է մահճակալների 1/3-ի չափով, երբ ժամանակին բուժմաս ընկնում էին ընտրյալները: Բժիշկները երազում հիվանդներ են տեսնում: Մեկուսարանի ամենածանր տնտեսական հանցագործը շարունակում եմ մնալ ես… Թշվառ երկիր Հայաստանս…

Վերջին մեկ ամսում կալանավորների թիվը 100-ով ավելացել է, ընդհուպ մոտենալով 1000-ի սահմանագծին: Նոր կենվորները կենցաղային գետնի վրա ծեծկռտուքի, օրվա հացը «գողոն» դարձրած, անկոշիկ, անշոր-անթրաշ, կարիքից մարդկային դեմքը կորցրածներ են: Մի բան հաստատ է՝ նորեկներից շատերի վրա պետական բյուջեից ավելի մեծ գումար է ծախսվում մեկ ամիս նրանց մեկուսարանում պահելու համար, քան նրանց «գողոնի» արժեքն է… Ո՞վ է պահում այս մարդկանց ընտանիքը հիմա, ինչպե՞ս ընտանիքը իր հոգսերին ավելացնի կալանավորի պահման ծանրությունը: Եթե ընտանիքը ի վիճակի լիներ այդպիսի շռայլության, էլ ինչո՞ւ էր ընտանիքի անդամը դիմում հաճախ հուսահատ, իր ձեւով պրիմիտիվ քրեական արարքի:

Քանի՞ տուն է քանդում ամեն մի քննիչ մեկ տարվա ընթացքում, քանի՞ երեխա ու կին, խնամքի կարոտ ծնող թողնում առանց միակ կերակրողի: Քանի՞ տնաքանդ քննիչներ են աշխատում դատախազական համակարգում, զինվորական դատախազությունում, ՆԳ նախարա­րության, ռազմական ոստիկանության, պետանվտանգության, հարկային տեսչության, քննչական վարչություններում ու բաժիններում: Սրան ավելացրեք համարյա քննիչներին՝ ՀՀ նախագահի ու ՀՀ կառավարության վերահսկիչ ծառայությունների, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի վերահսկիչ վարչության ստուգողներին: Բռնողների այս անհագ ու անթիվ օրգանին չի դիմանա որեւէ տնտեսական օրգանիզմ, որեւէ տնտեսվարող սուբյեկտ: Օրգանի այս «բեսպրեդելը», հանրապետության ու հայաստանցու թիվ 1 թշնամին է: Ահա տնտեսության անկենդան մարմինը, ու մեկ է, օրգանը չի հանգստանում, հիմա էլ մեռածի լերդացած արյունն է ուզում…

Հիմա պատկերացրեք այս արյունռուշտ, անկուշտ, հազվադեպ յուղոտ պատառի հանդիպող, ամեն ինչ ուտող ու մարսող (բկին չի կանգնում) օրգանը ինչպես է վարվում վաղուց կուշտ փորով հաց չկերած հարյուրավոր անպաշտպան կալանավորների հետ… Ինչպե՞ս սրանց պաշտպանես, ո՞վ պաշտպանի… Օրգանը ու օրգանին ենթակա արդարադատություն կոչված համակարգը դատարկում է Հայաստանը:

Ամեն օր Երեւանի ոստիկանության քաղաքային վարչության ուղեկցող վաշտի եւ ՆԳ նախարարության ուղեկցող գնդի «նարյադները» Հայաստանի դատարաններ՝ դատական նիստի են տեղափոխում տասնյակ կալանավոր զոհերի: Ամեն օր, առանց իրենց իրավունքների տարրական իմացության, առանց պաշտպանի, առանց իրենց քրեական գործը թերթած անգամ լինելու, առանց թուղթ ու գրիչի, քրեական օրենսգիրք ու քրեական դատավարության օրենսգիրք չբացած ահեղ դատարանի ու անօրեն մեղադրողի առաջ են կանգնում կյանքից մերժված տասնյակ մարդիկ: Այդպես էլ գնում են ձեռքերը թափ տալով…

Որակյալ պաշտպանը թանկ, անհաս հաճույք է սրանց համար: Նախաքննության նշանակած պետական (անվճար) պաշտպանը հաճախ քննիչի գործակալն է: Բոլորը սա գիտեն, ու շատերը խուսափում են ձրի իրավաբանական օգնությունից… Արդարադատության նախա­րարությունը ունի՞ տարեկան վիճակագրությունը, քանի՞ դատական գործ է լսվում ու նախաքննություն կատարվում առանց պաշտպանի, քանիսը՝ պետության վճարած պաշտպանով… Քանի՞ կամերում կա քրեական ու քաղաքացիական դատավարության, քրեական ու քաղաքացիական օրենսգիրք: Բոլոր կամերներում կան կտակարաններ ու աղոթագրքեր, ինչո՞ւ հնարավոր չէ բազում իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով բոլոր խցերն ապահովել անհրաժեշտ օրենսգրքերով եւ իրավական ակտերով…

Ինչո՞ւ մեկուսարանում իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով չի  գործում տանելի ու յուրաքանչյուրին մատչելի իրավաբանական-խորհրդատվական ծառայություն: Ո՞րն է մեկուսարանի գրադարանի ու գրադարանավարի ֆունկցիան: Մեղադրյալների մեծ մասը չգիտի ու չի օգտվում իր սահմանադրական իրավունքից՝ մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների դեմ, կարող է հրաժարվել ցուցմունք տալուց, չգիտի, որ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը արգելվում է Սահմանադրությամբ… Օրգանը (քննիչը, դատախազը, հետաքննության մարմինը) օրինապահ չի դառնում ու չի դառնա, ավելին՝ իր ունեցած միջոցներով պայքարում է քաղաքացու իրավագիտակցության դեմ, զրկում է նրան օրենքով պաշտպանվելու տարրական հնարավորություններից: Դեպքի առիթով ձերբակալում է որքան հնարավոր է շատ մարդ, հարուցում կամ չի հարուցում քրեական գործ, մեղադրանք առաջադրում (հիմնավոր կամ անհիմն, ապացույցների կամ առանց բավարար ապացույցների), դատարանի միջոցով կալանում մեղադրյալին (անհրաժեշտությամբ կամ առանց դրա), կալանատանը բյուջեի հաշվին լրիվ մեկուսացնում մարդուն՝ որքան քեֆը տա: Ինչպե՞ս մարդը օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանի իր իրավունքը, իր անմեղությունը, երբ զրկված է դրա համար անհրաժեշտ հնարավորությունից՝  նամակագրության, փոստային հաղորդումների գաղտնիության իրավունքից, հեռախոսային կապի հնարավորությունից, անգամ իր մերձավորների հետ անձնական շփումից: Պաշտպան չունես՝ քեզ ներկայացված մեղադրանքի, քեզ  անծանոթ քր. գործի հետ կհանդիպես դատարանում, մեն-մենակ ու անպաշտպան… ի՞նչ է տալիս դատարանը, ինչպե՞ս օգտագործի մարդը դատարանը  արդարադատություն իրականացնելու համար, երբ նախօրոք դատավորի հետ իր գործը խոսացված չէ: Օրեր, ամիսներ շարունակ անգետ իր գլխին գալիքին ու իր անելիքին, ուղեկցող ոստիկանական նարյադը տեղափոխում է ամբաստանյալին մեկու­սարանից դատարան ու ետ, մինչեւ դատավորը կկարդա դատավճիռը: Որքա՞ն՝ իր հոդվածով 3-ից 8 տարի, իսկ կոնկրետ որքա՞ն, երե՞ք, թե՞ ութ տարի, մարդը կարող է միայն գուշակել…

Իսկական դատավարական մի նոր լոտո՝ շատ հաճախ իր ու հասարակության համար ողբերգական հետեւանքներով: Քննիչը, դատախազը, դատարանը, չարացած հասարակությունը, բոլորը մեղադրող են ու պատիժ իրագործող: Իսկ ազատազրկվողը, կրկնակի պատժվողը հասարակության ու իրավական «բեսպրեդելի» զոհն է՝ կարոտ կարեկցանքի ու պաշտպանության, երբ անգլուխ է մնացել իր ընտանիքը…

«Առավոտ»
25 մարտի, 2000 թ.

Բաժին երրորդ
Քաղաքական նամակներ

Պատերազմում հաղթել են նրանք, ովքեր վերստին ստանձնել են առաջադիմության գործը եւ հավատն առաջադիմության հանդեպ

Առաջաբանի փոխարեն

1948 թ, 7 մայիսի, Հաագա: Եվրոպայի ժողովի ութ հարյուր պատգամավորները հիացմունքի բացականչություններով ընդունեցին պատգամ եվրոպացիներին.

  1. Մենք ցանկանում ենք մեկ միասնական՝ մարդկանց գաղա­փարների եւ բարիքների համար իր ամբողջ տարածքում ազատ շրջանառություն ապահովող Եվրոպա:
  2. Մենք ցանկանում ենք մարդու իրավունքների մեկ խարտիա, որը երաշխավորում է մտքի, ժողովների եւ արտահայտման ազատությունը, ինչպես եւ քաղաքական ընդդիմության ազատ գործունեությունը:
  3. Մենք ցանկանում ենք Արդարադատության մի ատյան՝ ընդունակ անհրաժեշտ պատժամիջոցներ կիրառելու, որպեսզի խարտիան հարգվի:
  4. Մենց ցանկանում ենք Եվրոպական մի ժողով, որտեղ ներկա­յացված լինեն բոլոր մեր ազգերի կենդանի ուժերը:
  5. Եվ մենք անկեղծորեն պարտավորվում ենք մեր բոլոր ջանքերը ներդնել մեր օջախներում եւ հասարակության մեջ, մեր կուսակ­ցություններում, մեր եկեղեցիներում, մեր մասնագիտական եւ արհեստակցական միջավայրերում, հասարակական փրկության այս գործն իրականացնող մարդԻկ եւ կառավարությունները գլուխ բերեն խաղաղության գերագույն հնարավորությունը եւ մեծ ապագայի գրավականը այս եւ հաջորդ սերունդների համար:

Ստամբուլում 1999 թ. նոյեմբերին Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խարտիայի ընդունումը 54 պետությունների Եվրոպական ժողովում, Եվրամիության ընդարձակումը, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, որպես թեկնածու պետություն, եվրամիությսւն բանակի հիմնումը վկայում են, որ եվրոպացիներին ուղղված պատգամը եղավ այն հրահանգը, որով ձեւավորվեց այսօր եվրոպան որպես քաղաքակրթության՝ առաջադիմության ընդհանուր գաղափարով միավորված պետությունների համադաշնություն: Ահա այս առաջադիմության համադաշնության մեջ ապրելու՝ ժողովրդի վճռականությունը, ում էական նկարագիրն է դառնում հավասարակշռությունը կամքի եւ ոգու միջեւ, դարձավ անհրաժեշտ ու բավարար հատկանիշ Եվրոպայի օրգանական մասը կազմելու համար: Հեռու չգնանք, եվրոպական քաղաքակիրթ համադաշնության համար նեղ թվացին ե՛ւ Պոլ Վալերիի, ե՛ւ Էրնեստ Ռենանի, ե՛ւ Կարլ Յասպերսի «Ի՞նչ է Եվրոպան», «Դեպի Եվրոպա ճանապարհին» բանաձեւերը: Ո՛չ կրոնական (պապական-քրիստոնեական), ո՛չ աշխարհագրական (Հռոմի կայսրության) սահմանափակումները այլեւս չկան, կա մի պայման ու մի հատկանիշ՝ ժողովրդի վճռականությունը, նրա հավասարակշռությունը կամքի եւ ոգու միջեւ, պետության եւ նրա ժողովրդի վճռականությունը եվրոպական համադաշնության լիիրավ անդամ լինելու համար: Եվրոպան հավատարիմ է իր առաքելությանը՝ սարքելով աշխարհը՝ կատարում է իր սեփական կոչումը:

Ձեւական առումով Հայաստանն իր ընտրությունը կատարել է՝ ընդունել է Անվտանգության ու համագործակցության Եվրոպայի խարտիան: Մնում է Հայաստանի բնակչության ու իշխանությունների հավատարմությունը խարտիայի հրահանգներով առաջնորդվելու ու այդ ճանապարհին հասարակական կամքի ու ոգու միջեւ հավասարակշռությունը ապահովելու համար: ժամացույցը միացված է, ու վաղուց ժամանակը մեր օգտին չի աշխատում: Թվում է՝ ոչ թե ուղուց ենք շեղվել, այլ ուղին ենք շփոթել, ոչ թե 21-րդ դար ենք մտնում, այլ 19-րդ դար ենք մղվում:

Յուրաքանչյուրի համար կարեւոր է իմանալ ոչ թե այն, թե ինչ կանի աշխարհը իր համար, այլ այն, թե ինչ է անելու ինքը:

Իմ դիրքը բացառիկ է – ամեն ինչ այստեղից, թիվ 1 կալանատան խցից երեւում է, ոնց որ իմ ափի մեջ: Ինչի՞ կարիք ունենք մենք այս պահին.

  • Ունիվերսալ հաբերի: Որ բերանի այս դառնաշունչ տտիպից ազատի, սիրտ մաքրի ու մեր մտքին ոգեղենություն հաղորդի: Միտքն է, որ չնայած մարդկային կրքերի բազմազանությանը՝ քաղաքա­կրթության իշխանությունն է հաստատում: Այսօր Հայաստանի կարեւորությունը ավելի քան երբեւէ կարող է հիմնվել մեր մտավորական ոգեղենության վրա: Սա միակ բանն է, որ մնում է եզակի ու կարող է աներեւակայորեն զարգանալ: Սա է Եվրոպայի մեր բանալին: Սրա շնորհիվ է այդքան հիմնովին կառուցվում Եվրոպան, որպես մի հսկայական քաղաք:
  • Այս մեծ քաղաքի գունավոր քարտեզը ունենանք յուրաքանչյուրս: Ու մենք պիտի Հայաստանը դարձնենք այդ «քաղաքի» թաղամասերից մեկը: Փոքրիկ ու անկրկնելի: Սա է մեր սերնդի աշխատանքը, ու սրանից ոչ մի տեղ չենք փախչի:
    Ինչո՞ւ փախչել-կորչել, մերժված ու զայրացած, Եվրոպայի մի անկյունում մեկուսացված անհաջողակի կյանքով ապրել: Եվրոպան շատ փոքր է, կարելի է կարճ ժամանակում ծայրից ծայր անցնել, գնալ սովորելու կամ գործնական խնդիրներ լուծելու, հանգստանալու: Ոչ թե Եվրոպայում փախստականի կյանքով պիտի ապրենք, այլ Հայաստա­նում մեզ զգանք ինչպես Եվրոպայում:
  • Կողմնացույց ունենանք ամեն մեկս՝ ժամանակի մեջ դեպի եվրոպական արժեքներ կողմնորոշվելու համար: Հնությունը ժառանգենք ոչ միայն այնքանով, որ ընդհանրություն ունենք, այլեւ այնքանով, որ ընդդիմանում ենք նրան ու հայտնաբերում Եվրոպան: Իսկ Եվրոպան քաղաքակրթության ընդհանուր գաղափարով պետությունների համադաշնությունն է՝ իր սահմանադրությամբ, որ պարզ է, ընդունելի լինելու չափ պարզ: Միայն միասնական-ընդհանուր կազմակերպում պիտի ունենա այն ամենը, ինչ առնչվում է տեխնիկային, արդյունա­բերությանը, տնտեսությանը, հաղորդակցությանն ու առեւտրին, չափերին ու կշիռներին, պաշտպանությանը: Ազատությունը՝ ընդհա­կառակը, պետք է իշխի այնտեղ, որտեղ ստեղծագործության ամենախոր օրգանական կյանքը կա, այն ամենի մեջ, որ տարբերակում է ժողովուրդներին ու մարդկանց, նրանց պատմությունն ու լեզուն, նրանց մշակույթն ու կրոնը՝ իր զանազանության մեջ:
  • Զարթուցիչ ունենանք, որ չքնենք-անջատվենք, որ լսենք բախումը Եվրոպայի: Եվրոպան վաղուց բախում է մեր դուռը, իսկ մենք չենք լսում, թաղված ենք ինչով ասես կամ պարապ ենք պարզապես: Պատերազմն անվերջ կլինի, եթե չընդունենք անցյալում կատարած բռնությունների վաղեմությունը: Մեռածների իրավունքի կողքին ընդունենք ապրողների իրավունքը: Տարածաշրջանում շահերի միասնությունը ուղի է բացում դեպի քաղաքական միասնություն: Պետք չէ հոգնել այս պարզ ճշմարտությունից: Այսպես բաժանված մեր հարեւաններից գնում ենք դեպի նոր պատերազմ ու թշվառության խորացում: Միացյալ՝ բոլորիս Եվրոպան, խաղաղության ու բարգավաճման երաշխավորն է: Իսկ ինչո՞վ ենք մենք այսօր զբաղված, եղբայրներ՝ իշխանավոր թե շարքային…

Դեկտեմբեր 1999 թ.

Ո՞վ է մեղավոր

Մտածում ենք, ինչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չեն հասկանում, թե էդ չգիտենալով ինչքան բան չգիտենք: Չէ՞ երկիրն իր «առանձնահատկություններով», որ պայմանավորում է ու բացատրում և՛ պատմություն, և՛ գրականություն, և՛ գեղարվեստ, և՛ տնտեսական վիճակ, և՛ մարդկային հայտնի տիպ ու հոգի:
Հ. Թումանյան

Հայաստանը պիտի դառնա տնտեսական ու ֆինանսական խաչմերուկ՝ վստահ ասում էին ՀՀՇ-ն ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ 1990-ին, նույն հաստատությամբ ասում են այսօր՝ նախկին ու ներկա վարչապետները, Հրանտ Բագրատյանը, բոլորը, ովքեր խոսում են Հայաստանի ապագայի մասին: Անհնար ու անիմաստ է վիճել: Իսկ դարձե՞լ է Հայաստանը տնտեսական ու ֆինանսական խաչմերուկ այսօր, մեր անկախ պետականության 10-րդ տարում:

Հայաստանը՝ տնտեսական խաչմերուկ: Համեցեք՝ սա՝ տարածաշրջանում Հայաստանի քարտեզը: 800մլն բնակչությամբ սպառման շուկա նվաճող, էժան ռեսուրսների բնական-կենսական պահանջներով Եվրոպան: Սա՝ ընդերքով հարուստ, մեծաքանակ բնակչությամբ, թերզարգացած Պարսից ծոցի երկրները ու Միջին Ասիան, ու սրանց միջև խաչմերուկ դառնալու հավակնությամբ Հայաստանը: Ինչպիսի՞ իրական հնարավորություններ ուներ և ունի Հայաստանը:

Եվրոպան կարիք ունի Ռուսաստանը շրջանցող, էժան, հուսալի ճանապարհների (նախ և առաջ՝ երկաթուղային), Պարսից ծոցի, Միջին Ասիայի նորանկախ երկրները (Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան)՝ դեպի Եվրոպա և Ռուսաստան ձգվող էժան և հուսալի գազամուղի, նավթամուղի ու երկաթգծի:

Հայաստանի ամենամեծ նյութական հարստությունը Ցարական Ռուսաստանից ու Խորհրդային Միությունից ժառանգություն ստացած երկու երկաթուղիներն են. Կարս-Գյումրի-Իջևան-Ղազախ-Գյանջա-Բաքու, Կարս-Գյումրի-Երասխ-Նախիջևան-Օրդուբադ-Հորադիզ:

Չէր կարելի այս ճանապարհները մշտապես բանուկ չպահել, այս երթուղիները պիտի նորացվեին-արդիականացվեին մշտապես գործելով:

Չէր կարելի պարտադրել Թուրքիային շրջանցելու Հայաստանը՝ սկսելով  տնտեսապես ոչ ձեռնտու Կարս-Ախալքալաք-Թիֆլիս երկաթուղու շինարարությունը, որը արդեն մեծ թափով կառուցվում է: Սա լուրջ պարտություն է: Բաքու-Սուփսա՝ Հայաստանը շրջանցող ու Վրաստանով անցնող նավթամուղի գործարկումը մեր երկրորդ լուրջ պարտությունն է: Այս տարի կսկսվի Բաքու-Ջեյհան նավթամուղի շինարարությունը, նորից  Վրաստանով անցնող ու Հայաստանը շրջանցող նավթամուղը մեր երրորդ պարտությունն է: Տրանսկասպյան Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքինա գազամուղի շինարարությունը մեր չորրորդ պարտությունն է: Ադրբեջանը ու Վրաստանը սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա բարձր լարման հաղորդման նոր գծի կառուցման վերաբերյալ, իսկ Թուրքիան եւ Վրաստանը համատեղ սկսել են Ճորոխ գետի վրա հզոր ամբարտակի ու հիդրոկայանի շինարարությունը: Սա գրանցենք որպես մեր հինգերորդ պարտություն:

Հայաստանի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ վախը ոչ միայն իրատեսական չէ, այլեւ այդ վախը տնտեսապես մեկուսացրեց մեր ստրատեգիական գործընկերներից: Փոխանակ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական համագործակցության բնական առավելությունները օգտագործելու, Վրաստան-Հայաստան նույնպես բնական մրցակցությունում  հաղթելու, Եվրոպա-Կասպյան ավազան տնտեսական խաչմերուկի համար դաժան ու սկզբունքային պայքարում մեր արժանի տեղը նվաճելու, մենք չոր հաշվով ու կարճ ժամկետում տանուլ տվեցինք, այո՛, վրացիներին: Ինչո՞վ էինք զբաղված այս տասը տարում, ի՞նչ  հաղթանակների մասին ենք շարունակ թմբկահարում:

Ի՞նչ տնտեսական խաչմերուկի մասին են չթուլացող ձայնով գոռում…

Ղարաբաղյան շարժման տրամաբանական վախճանն է այսօրվա տնտեսական փակուղին, փակուղի, որը գնալով խորանում է, խուլ մեկուսացնում Հայաստանին իր հարեւաններից: Մենք թույլատրեցինք, պարտադրեցինք, որ Հայաստանը դուրս մղեն զարգացման մայրուղուց, որովհետև խանգարում էինք տարածաշրջանի բնական զարգացում­ներին, զարգացումներ, որոնք, այո, թելադրում է Արեւմուտքը: Ձախողված-պարտված տնտեսական ճակատում, մենք փոքր-մոլորեցնող-ոգևորող ռազմական ձեռքբերումներով մղվում ենք վերջին վճռական կռվին: Սա է մեր ողբերգությունը, եւ մենք ընդառաջ ենք գնում նրան:

«Օրագիր»
3 հուլիսի, 1999 թ.

«Տուն-տունիկ», որ քանդում է մեր տունը

1992թ. նոյեմբերին պատրաստվում էի Բաքվի՝ իմ այդքան աղմուկ հանած այցին: Ամեն ինչի պատրաստ էի, բայց իմ գործընկերների՝ ԳԽ պատգամավորների կողմից դավաճանության՝ երբեք: Նրանք ստորագրել էին Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին ուղղված մի անմեղ նամակի տակ, ու երբ ես գտնվում էի Բաքվում, հերթով հրաժարվում էին իրենց ստորագրություններից: Երեւան վերադառնալիս չէի սպասում այդպիսի միջազգային աղմուկի, այդպիսի անգիտակից ու համերաշխ վայնասունի հանդիպել: Մտածում էի՝ կա՛մ ֆիզիկական հաշվեհարդար կտեսնեն, կա՛մ իմ բացած ճանապարհը՝ հայ-ադրբեջանական միջպետական երկխոսությունը, վերջապես կկայանա: Մերոնք ընտրեցին մի երրորդ ճանապարհ…

Թուրքահայաստանի ազատագրում՝ այսպիսի ծրագրային նպա­տակ է հետապնդում 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին հայ հեղափոխական դաշնակցության ղեկավարած պայքարը: Իսկական գլուխկոտրուկ, հայոց անկախ պետականության հռչակո՞ւմ Արեւմտյան Հայաստանի տարածքներում: Ոչ: Ինքնավարությո՞ւն, թուր­քահպատակ, ոչ թուրք ազգաբնակչության կյանքի բարելավո՞ւմ, իրա­վահավասարությո՞ւն, Թուրքիայում սահմանադրական հանրապետության հաստատո՞ւմ: Ոչ: Ցարական Ռուսաստանի միջոցով (ոչ թե աջակցությամբ՝ հայ ֆիդայիները ու կամավորականները պիտի աջակցեին) Թուրքահայաստանի ազատագրում, ազատել Արեւմտյան Հայաստանը թուրքերից, քրդերից, մյուս ժողովուրդներից, միացնել Ցարական Ռուսաստանին ու նվիրել հայերին հանուն պատմական արդարության՝ «ազատ ապրեք»: Դարավերջի մեր ազգային հերթական զարթոնքը՝ դարաբաղյան շարժումը, նույնատիպ գլուխկոտրուկ առաջադրեց՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրում: Շարժումը ի սկզբանե անկախական չէր: Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական բարենորոգումների Վոլսկու իրագործելիք ծրագիրը Ղարաբաղն ու Հայաստանը հպարտ մերժեցին: Մնաց երրորդ ճանապարհը, որն այլ կերպ, քան անկախության «տուն-տունիկ», չես անվանի: Մի քանի տասնյակ հազար ադրբե­ջանցիներից Լեռնային Ղարաբաղն ազատագրվեց: Հաշվի չառան, որ Ղարաբաղը կիսով չափ կհայաթափվի, որ ամբողջությամբ կկորցնենք 300.000-անոց Բաքվի հայ գաղութը, անվերադարձ հրաժեշտ կտանք Դաշտային Արցախին՝ իր բնիկ ժողովրդով, տնավեր կլինի հայաստանցին, կվտանգվի վիրահայության հեռանկարը: Կարեւորը, որ Շուշիում ադրբե­ջանցիներ չապրեն: Մեր ազատագրական պայքարը ընդդեմ մարդու ապրե­լու իրավունքի է եղել դարասկզբում, դարավերջում: Սա է հայոց հարատեւ կռվի լեյտմոտիվը: Այո, «Նոր ուղին» քաղաքական ասպարեզ է մտել նոր խնդրով՝ հանուն մարդու՝ իր հողում ապրելու իրավունքի, հայաստանցին Հայաստանում, ղարաբաղցին իր պապենական հողում: Այո, «Նոր ուղին» դեմ է եղել 1989թ. դեկտեմբերի 1-ի՝ միացյալ Հայաստանի մասին փակուղային ու ձեւական որոշմանը: Հայոց համազգային շարժման հիմնադիր վարչությունը այլ որոշում է կայացրել, որը Ղարաբաղ կոմիտեն նենգափոխեց հանուն ամբոխի հրճվանքի: Այո, «Նոր ուղին» դեմ է եղել 1990թ-ն Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրություններին ղարաբաղցիների մասնակցությանը, ինչպես դեմ ենք եղել ԳԽ օգոստոսի 23-ի անկախության հռչակագրում միացյալ Հայաստանի մասին որոշման-հաստատագրմանը: Իսկ 1991-ի սեպտեմբերին ոչ Հայաստանում, ոչ էլ Ղարաբաղում չհնչեց, թվում է, պարտադրված հարցը՝ իսկ ինչո՞ւ հանրաքվեին չեն մասնակցում ղարաբաղցիները: Կեղծ, հակասական ու եռամիտ՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրման ծրագիրը, որը 1988-91 թթ. հասկացվում էր որպես միացում, այժմ առաջադրվեց Լեռնային Ղարաբաղի անկախության տեսքով: Այո, «Նոր ուղին» դեմ էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը, նրա իշխանության մարմինների (Ազգային ժողով, հանրապետության նախագահ) ձեւավորմանը: Անկախության «տուն-տունիկին» խորքում ոչ ոք չէր հավատում՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ղարաբաղում: Հայերը գնում էին ինքնազոհության մի նոր ֆորմայի, մի նոր ֆետիշի, մի նոր խորհրդանիշի՝ երկրորդ հայկական պետության համար: Այո, «Նոր ուղին» Լեռնային Ղարաբաղի խնդիրը երբեք մեկուսի չի դիտել, չի վերադասել ու չի ստորադասել Հայաստանի Հանրապետության շահերին: «Նոր ուղին» մերժել է ռազմական հակամարտության ճանապարհը ապացուցելով, որ խնդրի քաղաքական կարգավորմանը այլընտրանք չկա: Միայն Հայաստան-Ադրբեջան միջպետական  հարաբերությունների, տարածաշրջանային լիարժեք համագործակցության, Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության ծնունդ կարող է այսօր լինել կարգավորման փոխընդունելի կերպը:

«Օրագիր»
4 օգոստոսի, 1999 թ.

Ինչո՞ւ այսպես եղավ

Խորհրդային Միությունը, մեր մեծ հայրենիքը քանդվեց: Արձա­նագրենք, որ ոչ միանգամից, ոչ անսպասելի: Ուղղակի Խորհրդային Հայաստանի քաղաքական-կուսակցական-մտավորական էլիտան անպատրաստ էր: Շարքային հայաստանցիների նման նա էլ Հայաստանը չէր պատկերացնում անկախ պետության տեսքով, առանց ռուսական մեծ եղբոր: Ինչո՞ւ:

Այսպես էլ այս հարցադրումը լուրջ վերաբերմունքի չարժանացավ մեզանում: Ճշմարտությունը պահանջում է, որ մի մեծ մեղքից զերծ լինենք՝ Խորհրդային Միությունը հայ ժողովուրդը չի քանդել: Այս մեղքը այնքան խորն է նստած մեր ժողովրդի մեջ, որ այդպես էլ այդ անցյալից չկտրվեցինք՝ մենք ենք քանդել, մենք էլ կվերականգնենք: Այդտեղից էլ այս կոմունիստական-սոցիալիստական բումը տարբեր առաջնորդների եւ անվանումների տեսքով: Ինքնուրույն, անկախ ապրելը մեր ժողովրդին վերարժեքավորում էր պարտադրում, նոր ուղի, նորագույն պատմության կամ ժառանգած գնահատականների վերանայում, հարեւանների հետ նոր համակեցություն… Իսկ սա աշխատանք է, լուրջ աշխատանք, որը հայելի է՝ ցույց է տալիս ով ենք իրականում մենք եւ ինչի ենք ընդունակ, որը պահանջում է հոգեւոր եւ մտավոր կարողությունների աննախադեպ կազմակերպում…

Տասնյակ տարիներ բարեպաշտ խորհրդահպատակ ժողովուրդը մեկ եւ երկու տարվա ղարաբաղյան շարժման խաղաղ ցույցերով այդպիսի հզոր կայսրությունը չէր կարողանա քանդել: Ոչ էլ հայ ժողովուրդը երազում էր խորհրդային կայսրության փլուզման մասին: Ղարաբաղյան շարժումն անկախական, հակախորհրդային ու հակառուսական շարժում չէր: Իսկ անկախության հանրաքվեն մենք անցկացրինք ամենավերջինը՝ 91 թվի աշնանը, երբ Խորհրդային Միությունը չկար ե՛ւ «դե յուրե», ե՛ւ «դե ֆակտո»: Անկախ, ինքնուրույն պետական կյանքի պատրաստ ժողովուրդը 1988-ին ղարաբաղյան շարժում չէր ծնի: Այդ շարժումը ռազմական հակամարտության վերածվել թույլ չէր տա: Շարժում, որն ուղղված էր Հայաստանի անկախության դեմ: Կա՛մ մեկը պիտի լիներ, կա՛մ մյուսը: Անհասկանալի չէ՞, թե ինչպես 1988-ի փետրվարի 26-ին Թատերական հրապարակի ծով ժողովուրդը լսեց իր մոսկովյան բանագնացներին՝ Սիլվա Կապուտիկյանին ու Զորի Բալայանին:

1990 թվի մարտին Ռիգայում Մերձբալթյան երկրների ժողովրդա­կան ճակատների նախաձեռնությամբ կայացավ Հայոց Համազգային շարժման եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջին ուղղակի շփումը: Պետական անկախության նոր ճարտարապետները (Լանդսբերգիս, Սարվիսաար, Ռյուտել) հայ-ադրբեջանական կոնֆլիկտի օրինակով ցույց էին տալիս Լիտվայի, Լատվիայի, էստոնիայի ժողովուրդներին, թե ազգամիջյան բախումները ինչպիսի անդունդ են դառնում ժողովուրդների նոր ապագայի ճանապարհին: Մենք՝ հայերս ու ադրբեջանցիներս, անընդունակ եղանք մերձբալթյան մեր գործընկերների երկու ելակետային պայմանը յուրացնել.

  1. Հարեւան երկրները միառժամանակ, մինչեւ միջպետական քաղաքակիրթ հարաբերությունների ձեւավորումը եւ քաղաքական կարգավորման ինստիտուտների ստեղծումը պիտի հետաձգեն տարածքային վեճերը, պատմական անարդարությունների արծար­ծումը (մերձբալթյան հանրապետություններն էլ կիսելու, պարզելու շատ հարցեր ունեն միմյանց հետ):
  2. Անկախության համար պայքարի հենց սկզբում նրանք ստեղծել էին փոխադարձ շահերի ու հետաքրքրությունների համաձայնեցման մեխանիզմներ՝ հարաբերվելով առանց միջնորդների, քննարկելով ու կարգավորելով միմյանց շահեր շոշափող գործողություններ:

Մերձբալթյան երեք ժողովուրդները ոչ թե իրար դեմ էին աշխատում, այլ հուսալի գործընկերներ էին 1988-ին, 1999-ին, այսօր: «Նոր ուղու» բոլոր ջանքերը այս քաղաքական աքսիոմները մեր տարածաշրջանի համար որպես համակեցության նորմ պարտադրելու ուղղությամբ ոչ միայն չհասկացվեցին, այլեւ հայաստանյան քաղաքական ուժերի կողմից բացառվեցին՝ ի չիք դարձնելով 90-ին Ռիգայի, 92-ին Բաքվի, 93-ին Թիֆլիսի մեր պայմանավորվածությունները:

«Առավոտ»
18 հունիսի, 1999 թ.

Հայոց այսօրվա թիվ 1 խնդիրը

Քանի՞ օր «ազգովին» զբաղված ենք հանրապետության գործադիր եւ օրենսդիր իշխանությունների խաթարված բնական գործունեության վերականգնմամբ: Իսկ այդ բնական գործունեության ապահովողը Սահմանադրությամբ հանրապետության նախագահն է, ում գլխավոր խնդիրը դարձել է Ազգային անվտանգության նախարարի ու դատախազի հրաժարականի ձգձգումը…

Արտահերթ ընտրությունը, պետական պաշտոնատար անձանց հրաժարականները այդ «բնական գործունեության» ապահովման քաղաքակիրթ միջոցներ են, որոնք հաճախ շանթարգելի դեր են կատարում: Մինչ գրում եմ այս տողերը, Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել, դառնալով շանթարգել իր կուսակցության համար: Իսկ պետական ինստիտուտը Ֆրանսիայում դրսեւորում է իր գործունեության ինքնակարգավորման բարձր մակարդակը: Մեր դեպքում հասարակական այսպիսի մտասեւեռումը երեք պաշտոնատար անձի հրաժարականի շուրջ ասում է, որ մոտեցումը հրաժարականին «տղայական է», ոչ թե ինքնակարգավորվող միջոց, այլ հարկադրանք – ով՝ ում:

Վարչապետի նշանակումով եւ Ազգային ժողովի ղեկավարների ընտրությամբ կապահովվի՞ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների «բնական գործունեությունը»:

Պետական իշխանությունը, իհարկե, «կգործի», նիստեր կանի, կընդունի որոշումներ, կհրապարակի ծրագրեր, «կաղմկի», բայց ինչպես անցորեն ջրաղաց՝ ալյուր չի տա… «մեր թշնամու ջրաղացին ջուրը չի պակասի»…

Կառավարության ձեւավորումը այսօր դարձել է համազգային հարց, հայոց թիվ 1 խնդիրը: Երբ ոչ միայն չկա խորհրդարանական ճգնաժամ, այլեւ «Միասնություն» դաշինքը խորհրդարանում ունի բացահայտ մե­ծամասնություն: «Միասնության» կառավարություն ձեւավորելու իրավունքը չեն վիճարկում ՀՀ նախագահն ու խորհրդարանական մյուս խմբակցությունները: Իսկ կառավարությունը, ըստ գործող Սահ­մանադրության, կազմված է վարչապետից ու նախարարներից: Ինչո՞ւ, ուրեմն, կառավարության ձեւավորումը դառնում է գործընթաց ու բոլորի զբաղմունքը, այլ ոչ թե ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքի իրավունքը: Իրավունք, առանց որի քաղաքական ինստիտուտը Հայաստանում կմնա որպես բուտաֆորիա, իսկ կառավարությունը՝ անպատասխանատու:

Նոյեմբեր, 1999 թ.

Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելության նկատմամբ սովորույթը

Հայաստանի Երրորդ Հանրապետությունում ժողովրդավարության պայքարի խորհրդանիշ դարձած Էդիկ Եգորյանին ու հայոց ռազմական հաղթանակի, նրա բանակի խորհրդանիշը ընկալվող Վազգեն Սարգսյանին՝ ինձ սիրելի ու թանկ մարդկանց, ես ճանապարհեցի երեւանյան կալանատնից, ցավի ու ամոթի արցունքներով հայացքս Կամերային երաժշտության տանն ու օպերային շենքին, ականջս՝ մետաղե դռան ձայնին, թե ուր որ է դուռը կբացվի, ու ես կկարողանամ վերջին հրաժեշտը տալ ընկերներիս։ Երկու ճամփորդ… որ հեռացան … ու չեն դառնա կրկին տուն…

Ափսո՜ս, հազար ափսոս
Էն թլոր Դավթին, Ձենով Օհանին…

Հանգամանքների թելադրանքով «Գարունի» հաջողակ լրագրողի գրիչը զենքով փոխարինած, Երասխավանը Սարդարապատ հայտարարած նորօրյա Սպարապետի, մահապարտ մարտիկից մինչեւ մահապարտ վարչապետի ճանապարհը հաղթահարած Վազգենի հայոց ժողովրդական ընկալումը չէր կարող առասպելական չլինել։ Խորացող անելանելիությունը հերոսի պահանջ ուներ, ու Վազգենը ուներ դրա համար անհրաժեշտը։
Խորհրդային արտադրության հմուտ կազմակերպչից պետական գործիչ դարձած, հայ ժողովրդի բարեկեցիկ-խաղաղ, երկարատեւ շրջան թագավորած Կարեն-շինարարը մերժումի ու լռության տեւական շրջանից հետո իսկական փրկիչ էր։

Հերոսի ու փրկչի միասնության մեջ էր ժողովրդի հույսը։ Նշանառուն հոկտեմբերի 27-ին հանգցրեց հույսը, եւ սա ոչ մի կոչով, ոչ մի կայունությամբ չես փոխարինի։ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը մահկանացու էին, բայց այսպիսի՞ մահ… Առասպելը գնդակահարվեց օրը ցերեկով ու իշխանական հրապարակում։ Հիմա բոլորը փորձում են նոր կյանք հաղորդել առասպելին։ Նշանառուն դավադիր էր, միջազգային Նեռ, յոթ գլխանի հրեշ… Հայ գրագետի կայունության ու միաբանության կոչերի շրջանը շուտով կավարտվի։ Հետո, շարունակելով ճշմարտությունը փնտրել նիհիլիզմի մեջ, հայ գրագետը նորից հասարակությանը կդիմի թշնամու նկատմամբ անզիջում լինելու կոչերով։ Այն դեպքում, երբ փակուղում գտնվող ժողովուրդը մխիթարանքի եւ հույսի կենսական ծարավ ունի։ Ու մարդկանց աչքերը նորից հառնում են Ագռավաքարին. ցորենի հատիկը դարձել է ընկույզի չափ, Փոքր Մհեր, դուրս արի տեսնենք ինչեր ես բերում։

«Ո՞վ էր հոկտեմբերի 27-ի նշանառուն» հարցի պատասխանին պիտի նախորդի «ինչո՞ւ այսպես եղավ» վերլուծությունը։ Սա քաղաքական քննադատական, իր նշանակությամբ գիտական աշխատանք է, որը պիտի հաստատվի մեզանում որպես կեցության ձեւ։ Առանց որի չի երեւում վաղվա անելիքը։

Ո՞վ կպատկերացներ, որ Վազգեն Սարգսյանն այսպես անպաշտպան է։ Երբ գործարար, պաշտոնյա թե քաղաքական գործիչ, 95-ից սկսած, իր պաշտպանությունը տեսնում էր Վազգենի «մարդը» դառնալու մեջ, երբ Վազգենը ե՛ւ դատում էր, ե՛ւ ներում, ե՛ւ արեւի տակ տեղ շնորհում։ Երբ բոլորը, անկախ Վազգենի նկատմամբ ունեցած զգացմունքից (սեր, հարգանք, պաշտամունք թե ատելություն), նախեւառաջ Վազգենից վախենում էին։

Արծվաշենի կորստից հետո մահ փնտրող, մահապարտ Սպարապետը միայն Աստծո նախախնամությամբ, միայն հրաշքով կենդանի մնաց 92-94-ին։ Աստված պահապան եղավ։ 94-ի հրադադարից սկսած Վազգենը մեզ ներկայանում է որպես տանկիստ, որը տանկով կանցնի իր ճամփան՝ պարտադրելով հասարակությանը մի մոդել, որը Քոչարյանը կանվանի «կազմակերպված պետություն»։ Հասարակական-պետական կյանքի բանակային կազմակերպման իր մոդելին Վազգենը այնքան էր հավատում, որ այդ մոդելով էր իր ժողովրդին հաղթական տանելու 21-րդ դար, որ պատրաստ էր այդ ճանապարհին տանկի թրթուրների տակ թողնելու ամեն ինչ՝ ընկերներին, աղուհացը, սոցիալական բողոքը։ Որ Վազգենը ընդունակ էր դեմ դուրս գալու եւ նպաստելու Տեր-Պետրոսյանի պաշտոնաթողությանը… Ահա այսպես, տանկով նա անցավ 95-96-ի ընտրությունների, հասարակական կարծիքի ու սոցիալական պահանջի վրայով։ 97-ին տանկի ձայնով խլացրեց իր նախագահի լրջանալու կոչը, իսկ 98-ին եկավ իշխանության՝ չխնայելով անգամ Կարեն Դեմիրճյանի արժանապատվությունը։

Նկատեցի՞ք՝ ինչպես 99-ի սեպտեմբերի 21-ի զինվորական շքերթից հետո այդպես տանկով նա մտավ Վաշինգտոն ու այնտեղից մի ուրիշ թափով ու մոլուցքով վերադարձավ Երեւան։ Մահապարտ վարչապետ։ Բոլորը, ովքեր կարող էին պաշտպանել Վազգենին, ոչ միայն Վազգենի կողքին չէին, այլեւ իրենք Վազգենից պաշտպանվելու կամ նրա պաշտպանության կարիքն ունեին։ Ովքեր Վազգենի կողքին էին, հրաշալի տեսնում էին նրա վախճանը ու կամա-ակամա մղում նրան այդ վախճանին։ Սա իր տեսակի մեջ գլադիատորի վախճան էր։ Մեր տարերքի, ատելության ու վրեժի ծնունդ էր Վազգենը։ Իսկ ատելության նկատմամբ տարիների սովորույթը վերջնականապես փչացրել էր ժողովրդին։ Նշանառու կգտնվեր։

11 նոյեմբերի 1999 թ.

Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր

Սիրելի Վազգենին

Մորս լռությունից ավելի էինք սարսափում, քան նրա ճիպոտող խոսքից։ Խոսիր, այ կնիկ – համոզում էր շեն ու մեծ Տունը։ Մայրս «ասռել էր», խոսելը չէր գալիս։

Երկար լռել էի։ Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո խոսելս չէր գալիս։ Ա1+–ի հեռուստադիտողի պահանջը ստիպեց, որ խախտեմ լռությունը ու ամբողջացնեմ Վազգեն Սարգսյանի հետ ողջ հոկտեմբեր ամիս ձգվող ներսումս եղած վեճը, որ սկսվել էր Եգորյան Էդիկի մահվան բոթով։ Վազգենը Եգորի հարգը լավ գիտեր։ Համոզված եմ. որ անկեղծ էին ե՛ւ նրա մահախոսականը, ե՛ւ նրա նախաձեռնած «գնա մեռի, արի սիրեմ» պաշտոնական, Էդիկին պատշաճ հուղարկա­վորությունը… Սա է, որ կբորբոքի, կթարմացնի իմ վեճը։ Նույն Վազգենը ընդամենը երեք ամիս առաջ իր «Միասնություն» դաշինքից դուրս կթողնի Եգորյան Էդիկի «ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, իսկ իր աչքի առաջ իր զինվոր ծաղիկ Ռուբոն Ազգային ժողովից դուրս թողեց Եգոր պատգամավորական թեկնածուին։ Եգորին, ով տասը տարի ապացուցել էր երեսփոխանի իր իրավունքն ու կոչումը։

«Ոչ մի ծրագիր չի կարող իրականություն դառնալ, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, ևայդ մարդը ինքն է», կհրապարակի իր սեպտեմբերյան հեռուստաուղերձում վարչապետ Վազգեն Սարգսյանը՝ համառորեն չտեսնելու տալով, որ այս երկրի ճակատագրի համար իրենց պատասխանատու ևունակ մարդկանց մի զարմանալի խումբ՝Դավիթ Շահնազարյան, Կարապետ Ռուբինյան, Ալիկ Արզումանյան, Վիգեն Խաչատրյան, Վահագն Խաչատրյան (դժվար չէ թվարկելը) իրենց օրը սպանում են սեմինար-սեմինար խաղալով։ Իսկ ինչպե՞ս անել այս դեպքում, որ մեզանից յուրաքանչյուրը ոչ միայն սկսի մտածել, այլեւ գործի, համոզված, որ այս երկրի ճակատագիրը հենց իրենից է կախված,- կհարցնեմ ես կալանատան խցից ու կմնամ անպատասխան։

Ասում եմ՝ շարունակելով Եգորի մահվամբ սկսված մի վեճ՝ Եգորի ու Վազգենի՝ քաղաքական գործչի ու ռազմական գերատեսչության ղեկավարի 1995 թվից սկսած վեճը, երբ զորացող բանակը չի թաքցնում քաղաքական իշխանությունը տարածելու իր հավակնություններն արդեն 1995 թվից, Ազգային ժողովի ընտրություններից սկսած։

Ինքը Վազգենը, պիտի տանկի թրթուրներով անցներ ժողովրդա­վարական եւ Երրորդ Հանրապետության Սահմանադրական կարգի հիմքերի վրայով ու պարզվեր, որ քաղաքական, պետական գործչի նորանոր որակներ դրսևորող-բացահայտող Վազգենը այսքան անպաշտպան է։ Վանոյի գույժը՝ կամուֆլյաժը կմնա…

Կարծես այդպես էլ իրեն ՀՀՇ չհամարեց, օտարությունը ՀՀՇ-ի նկատմամբ ոչ միայն չհաղթահարեց, այլեւ 1995-ին դա վերածվեց չարության, հակամարտության։ Ինքը, թվում էր, Տեր-Պետրոսյանի պաշտամունք ունի ու անընդունակ է դեմ դուրս գալու իր նախագահին։ Դեմ ելավ։ Ինքը ամենաշատը ու անկեղծ կուրախանա բլեյանական դասագրքերով, Անվտանգության խորհրդում կպաշտպանի դրանք, կշնորհավորի, կնպաստի դրանց հրատարակմանը,ու վճռական պահին ոտի տակ կտա դրանք, «կանցնի Բլեյանի մանկավարժության ու Բլեյանի հեղինակության վրայով»…

Հիմա ամենաշատը ես մտածում եմ բանակի մասին։ Ես անհան­գիստ եմ բանակի համար։ Այդքան զրկանքներով ստեղծվածը ինչպե՞ս պահպանել, ինչպե՞ս ծառայեցնել իր կոչմանը, Հայաստանի հզորացմանն ու անվտանգությանը, որ սա էլ Եգորի ժողովրդա­վարության աշտարակի պես չփլուզվի հանկարծ ու տակով չանի Վազգենի փայփայած Արարատյան Հանրապետությունը։

Մենք բոլորս, որ, հոգնաբեկ չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին։

10 նոյեմբերի 1999 թ.

Սահմանադրական հայաստանասիրություն

Սահմանադրության անկատարության ու այն շուտափույթ փոխելու, նոր Սահմանադրություն ստեղծելու մասին հիմա բոլորն են խոսում: 1990թ. սկսած նույն անհամբերությամբ հայ քաղաքական գործիչն ու պաշտոնյան պահանջում էր անկախ պետականության հիմնական օրենքի շուտափույթ ընդունում, քաղաքացիների դժվարություններն ու դժբախտությունները բա­ցատրում Սահմանադրության բացակայությամբ: Դժվարությամբ ու ոչ առանց աղմուկի, բայց օրենքով որոշված կարգով (Սահմանադրական հանձնաժողով, Գերագույն խորհուրդ, հանրաքվե) Երրորդ Հանրա­պետությունը 95թ. հուլիսի 5-ին ունեցավ իր պետական կարգն ու քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները որոշող Հիմնական օրենքը… Հետոն ցույց տվեց, որ Սահմանադրությունը եղած-չեղած, պետական պաշտոնյայի համար կարեւորը չգրված օրենքն է, վերադասի ցուցումը: Իսկ 1998թ. կամայականությունը ցուցադրական հաղթանակ տարավ Սահմանադրական կարգի նկատմամբ:

Մեզանում Սահմանադրությունը «եփած հաց է՝ թեւի տակ դրած»:

Սոված ժամանակ օգտվում են, երբ կուշտ են՝ խանգարում է: Մեզանում սահմանադրությանը մոտենում են ինչպես կտարակարանին՝ պիտի լինի, բայց ինչպես ֆետիշ, ձեւի համար: Սահմանադրությունը չի գործում (չի բարդացվում, չի յուրացվում), պաշտոնյայի ու քաղաքացու վարք չի թելադրում: Սահմանադրության մասին խոսում են, հիշում ու մեջբերումներ անում: Նրա անունով կամ նրա վրա երդվում են՝ կյանքում բռնաբարելով այն: Սահմանադրական հանրապետության 4-րդ տարում գերակա է ոչ թե Օրենքը (պատվիրանը), այլ Կամքը (անաստվա­ծությունը):

Մեր կյանքը տնօրինում ու մեր վարքը շարունակում է կարգավորել չգրված օրենքը՝ խմբի, անհատի կամայականությունը: Ավելի վատ օրենքի համար, եթե Սահմանն ու Օրենքը «դե յուրե» հակասում կամ խանգարում են անհատի, խմբի շահին՝ Օրենքը «դե ֆակտո» ոտնահարվում է: Արդարացում միշտ կգտնվի՝ ազգային շահի գերակայության առաջ բոլորն են լռում: Գրված է Սահմանադրության մեջ կարճ ու հասկանալի. «Պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ»:

Արդարության սուր զգացում ունեցող հայաստանցուն ինչպե՞ս համոզես, որ «Բոլորն հավասար են օրենքի առաջ», երբ օրը ցերեկով պետության առաջին դեմքերը, պետական պաշտոնյան ու արդարա­դատությունը անպատիժ ոտնահարում են օրենքը չնայած ընդդիմության հետեւողական բողոք-ահազանգին: Օրենքի հետ գործարքի, պետական պաշտոնյայի հետ առեւտրի հակված հայաստանցին պիտի առօրյայում հանդիպի օրինապահ պետական պաշտոնատար անձի: Միայն հանրապետության առաջին դեմքերի բացառիկ օրինապաշտությունը կարող է կողմնորոշել պաշտոնյային օրինապահ ծառայության: Նրանց օրինակը ավելին է, քան իրավական բարեփոխումների տասնյակ ծրագիր:

Սահմանադրության նորմը, օրենքը պաշտպանված չէ: Դատական պաշտպանությունը չի տարածվում ոչ միայն Սահմանադրության որոշ հոդվածների վրա, այլեւ իմ օրինակով գիտեմ, հաճախ ոտնահարվում են քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Բացահայտ ոտնահարվում են ու մի տեսակ ցուցադրաբար ատյանները չտեսնելու-չլսելու են տալիս: Ի՞նչ անի Սահմանադրությունը, երբ դե յուրե «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա», իսկ դե ֆակտո դատական իշխանությունը գործադիրի կամակատարն է: Երբ դե յուրե «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն», իսկ դե ֆակտո… Ի դեպ հենց նկատի ունենալով նաեւ անցումային շրջանում օրենքների անկատարությունը, հակասականությունն ու ոչ լրիվությունը, հանրապետության Սահմանը մշակող հանձնաժողովը խնդիր էր դրել ունենալ քաղաքացուն մատչելի, համառոտ ու պարզ շարադրանք, մարդու հանրաճանաչ իրավունքների ու ազատությունների ընդգրկու­մով: Մեր Սահմանադրությունն այս արժանիքներն ունի:

Ինչպե՞ս ապահովել կյանքում Սահմանադրության նորմի գերակայու­թյունը Կամայականության նկատմամբ, որ նրա նորմերը գործեն անմիջականորեն, առանց դատարանի, առանց հրահանգի: Չէ՞ որ քաղաքացու խնդիրը չէ Սահմանադրությանը հակասող օրենքները եւ իրավական ակտերը «ճանաչել տալը», դատական կարգով զրկելով դրանք իրավաբանական ուժից: Քաղաքացու սահմանադրական իրավունքի ու ազատության ուղղակի չգործող նորմի ամեն մի դեպք պիտի որակել որպես Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված քայլ: Այսօր Սահմանադրությունը դե ֆակտո չունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրությունից հետո ընդունված քրեական դատավարության ու քրեական օրենսգրքի շատ հոդվածներ բացահայտ հակասում են Սահմանադրությանը, նրա այս կամ այն նորմին, բայց գործում են: Ինչպե՞ս ընդունել այս օրենքները, ինչո՞ւ ՀՀ նախագահը չի կիրառել վետոյի իր իրավունքը, ինչո՞ւ չի միջամտել Սահմանադրական դատարանը: Սա այն դեպքում, երբ մեր իրավապահը, ներքին գործերի 6-րդ վարչության աշխատակից ու դատախազության քննիչ, մեղմ ասած, չի օգտվում Սահմանադրությունից: Նրա համար գոյություն ունի այս կամ այն օրենքը, եթե անգամ այդ օրենքը հակասում է Սահմանադրությանը: Այն հեղափոխականությունը, որով Սահմա­նադրությունը այդպես էլ չբացած ու կյանքի օրենքներին սովոր Կամայականության ասպետները մոտենում են Սահմանադրական փոփոխություններին մերժելի է ու վտանգավոր: Հարգենք գործող Սահմանադրությունը՝ բացենք այն, վերջապես կարդանք ու մեր վարքով դե ֆակտո ապացուցենք նրա օրինականությունը: Միայն սրանից հետո

օրինական կլինի Սահմանադրությունը կատարելագործելու մեր որոշումը: Օրինական ու օգտակար:

Հուլիս, 1999 թ.

Տասը տարի անց

Էդուարդ Եգորյանի պայծառ հիշատակին

1989թ. նոյեմբերին Երևանում կայացավ Հայոց համազգային շարժում քաղաքական կազմակերպության հիմնադիր համագումարը: Համագումարն ընդունեց ՀՀՇ գաղափարական սկզբունքներն ու գործելակերպը:

Կան լուրջ հանգամանքներ, որոնք ստիպում են ինձ տասը տարի անց անդրադառնալ այս փաստին, անարձագանք չթողնել ՀՀՇ 10-ամյա տարեդարձը: Չնայած այն բանին, որ 1992թ. նոյեմբերին «խաղաղ» դուրս եմ եկել ՀՀՇ-ից ու Կտրիճ Սարդարյանի հետ հիմնադրել «Նոր ուղի» կուսակցությունը: Բայց այնուամենայնիվ…

Ես քաղաքական գործչի մկրտությունը ստացել եմ ՀՀՇ-ում, նրա հիմնադիր համագումարում ընտրվել եմ վարչության անդամ ու կազմակերպության ղեկավար մարմնում աշխատել մինչև 1992թ-ի նոյեմբերը:

Անդրանիկ հանրագումարում ընդունված ՀՀՇ քաղաքական ծրագիրը դարձավ հայոց անկախ պետականության ատաղձը: ՀՀՇ գաղափարախոսության ծնունդ է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը: ՀՀՇ-ն ստանձնեց Երրորդ Հանրապետության ոչ միայն հռչակման, այլև Երրորդ Հանրապետության կայացման պատասխանատվությունը: ՀՀՇ-ն դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի իրավահաջորդը, գործելով որպես ազգային նպատակի՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրման թիվ 1 պատասխանատու: Ահա թե ինչու «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր 11 անդամները հայտնվեցին ՀՀՇ վարչության կազմում:

Հիմա ինձ հարազատ է արձանագրության լեզուն, ու թույլ տվեք որպես իրողություն արձանագրել՝ Հայաստանի Հանրապետության բոլոր հանրաճանաչ ձեռքբերումները, անկախ դրանց հասարակական արժևորումից ու այդ ձեռքբերումների նկատմամբ անհատական-կուսակցական խմբային վերաբերմունքից, ՀՀՇ իշխանության օրոք են եղել. Խաղաղ անցում խորհրդային պետական կարգից-կուսակցական հանրապետականի, ժողովրդավարական, օրինական և խաղաղ 1990-91թթ. իշխանափոխությունը, Հայաստանի անկախ պետականության խաղաղ-օրինական հռչակումը, Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» անկախության ապահովումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատրիբուտների ստեղծումը, Հայաստանի պետական կարգի՝ լիբերալ-դեմոկրատական արժեքների ամրագրումը հանրաքվեով ընդունած Սահմանադրության մեջ, սոցիալ-տնտեսական նոր հարաբերությունների արմատավորումը…

Այս բոլորը 1989-90թթ. ՀՀՇ «ակտիվի»  ժամանակակիցն է ու կատարվել է ՀՀՇ հայտնի գործիչների ղեկավարմամբ: Այդ քաղաքական «ակտիվը» տարբեր անվանումներով (ՀՀՇ, ԱԺՄ, «Նոր ուղի», Ժողովրդավարական հայրենիք, Լիբերալ-դեմոկրատական, «21-րդ դար» և «Ազատություն» կուսակցություններ, «Արմատ» հասարակական կազմակերպություն) այսօր էլ քաղաքականության մեջ է: Ինչո՞ւ այդ ակտիվից ես, օրինակ, կամ Դավիթ Շահնազարյանը այսօր էլ որպես ՀՀՇ ենք ընկալվում, իսկ, օրինակ, Արշակ Սադոյանը կամ Վազգեն Սարգսյանը՝ հակահհշական: Ձևակերպենք այս որպես հռետորական հարց ու… արձանագրենք. վերը թվարկած ձեռքբերումները արագ օտարվեցին ՀՀՇ-ից, ազգայնացվեցին կամ յուրացվեցին առանձին խմբերի ու անհատների կողմից, իսկ այս ընթացքում մարդկանց կորցրածն ու ձեռք չբերածը, բոլոր ձախողումները «մեղսագրվեցին» ՀՀՇ-ի 90 թվականի արխիվից առանձնացված մի խմբին: Այսօր էլ ՀՀՇ այդ խումբը՝ «ավերումի ու թալանի հերոսները» (բոլորը) ոչ միայն հանրապետությունում են, ոչ միայն չեն հեռացել Հայաստանից…, այլև չեն էլ պատրաստվում հեռանալ ու անպաշտոն ու անպաշտպան, չնայած իրենց շուրջ բորբոքվող ատելության ու վրեժխնդրության մթնոլորտին, քրեական հաշվեհարդարի վտանգին՝ քաղաքականության մեջ են: Եթե սրանց նպատակը իրենց իշխանության տարիներին քանդելն էր ու թալանելը, նրանք վաղուց աշխարհի տաքուկ անկյուններում պիտի վայելեին իրենց կուտակածը: Բայց փաստ է, որ ՀՀՇ իշխանավորները շատ ավելի համեստ էին իրենց անձնական  ու պաշտոնական կենցաղում, քան նորերը: Դը Գոլը պահանջում էր կա՛մ իրեն ամբողջությամբ վերցնել, կա՛մ հանգիստ թողնել: Այսպիսի իրավունք ունի և ՀՀՇ-ն, իր գործունեության ամբողջական-քննական գնահատում:

Հատկապես, որ, հայտնի իշխանափոխությունից հետո երկու տարի է չի երևում, թե իշխանությունը գրաված խմբերն ու անհատները, ձերբազատված ՀՀՇ-ից ու նրա քաղաքական ծրագրից, ի՞նչ տեսանելի-ընդունելի այլընտրանք են առաջարկում հայաստանցիներին: Ի՞նչ է, ապացուցեցի՞ն, որ այս երկու տարում ժամանակը ի օգուտ հայաստանցու և ղարաբաղցու աշխատեց, որ ունենք ոչ կոսմետիկ ձեռքբերումներ…
Պատասխանատվությունը Երրորդ Հանրապետության, լիբերալ-դեմոկրատական՝ ժամանակակից Հայաստանի համար Երրորդ Հանրապետության բոլոր  պատասխանատուներին կամա թե ակամա դարձնում է անբաժան, պահանջում հրաժարվել «առաջինի» ամբիցիայից, ու իրար մեղադրողի, «պուպուշ երևալու» ու չքմեղանալու գործելակերպից: Պատասխանատվությունը կայացած քաղաքական գործչի համար նախևառաջ անհատական է, ինքն իր առաջ, իր հայտարարած-քարոզած գաղափարներին, արժեքներին և կենտրոնական սկզբունքներին: Սրանից չես փախչի:

Արձանագրեմ: Ռևանշը մեր ճանապարհը չէ: Պիտի գանք համաձայնության գլխավոր հարցում, որ հաստատենք անխախտ ու նորոգ միություն՝ Գլխավորում:

Պիտի սկսենք այնտեղից, որտեղ կանգնեց ՀՀՇ առաջնորդն ու Երրորդ Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Լրջանալու պահը» հոդվածի դրույթներից:

Տասը տարվա քաղաքական կյանքը Երրորդ Հանրապետության պատասխանատուների համար դպրոց էր, ուր մենք նաև սխալների վրա ձեռք բերեցինք ժամանակակից պետական գործչին անհրաժեշտ որակները: Սրանք, իհարկե, պիտի դրսևորվեն գործով ու գործում: Իսկ գործը, բոլորիս կյանքի գործը, որ իմաստավորում է մեր կյանքը, ապահով ու բարեկեցիկ Հայաստանն է, որպես ժամանակակից մարդու և հանրաճանաչ իրավունքներով հայաստանցու արժանապատիվ կյանքի մշտական բնակատեղ, գրավիչ նաև Սփյուռքի մեր հայրենակիցների համար:

18 հոկտեմբերի, 1999

Լեգիտիմիզմը՝ կայունության հիմնական երաշխիք

Գիզոն իր «Անգլիական հեղափոխության պատմությունը» հայտնի աշխատության մեջ գրում է. «Կրոմվելը մեռավ վատնելով իր հանճարն ու ուժը փորձերում՝ վերականգնել այն, ինչ կործանել էր ինքը՝ պառլամենտն ու թագավորին»: Վազգեն Սարգսյանը վախճանվեց վերջին տարիներին իր տաղանդը վատնելով Ազգային ժողովի ու նախագահի օրինական իշխանության հաստատման վրա:

Անհրաժեշտ եղան Կրոմվելի հաջորդ հռչակված, նրա որդի Ռիչարդի եւ Կրոմվելի բանակի հրամանատար Մոնկեի առողջ տրամաբանությունն ու վճռականությունը, նրանց խոր ատելությունն անորոշության ու կամայականության նկատմամբ, որպեսզի առանց կաթիլ արյուն թափելու ու արագ, որպես բնական եւ միակ հնարավոր լուծում, Անգլիայում իշխանության օրինականությունը վերականգնվի:

Դեսպոտիկ իշխանության հաստատումը ուժեղ ժողովրդի մենաշնորհ է, որ դիմում է դրան անելանելիության կամ հոգնածության հոգեւարքի պահին:

Դեսպոտիզմը կարող է գոյատեւել միայն Կարգի ու Մեծության պայմաններում:

Դեսպոտիզմի կապկումը, նրա կարիկատուրան, նրա նեոհայկական տարբերակը իր վերջին շնչում է, որը գոյատեւում է Հայաստանում՝ ծառա ունենալով ընդդիմադրին ու ընդունակին ահի մեջ պահող «իր արդարադատությունը»: Բայց սա փոխում է արդարադատության բնույթը: Սա վերջն է Նոր Սկզբի:

1990թ. Հայաստանում իշխում էր հեղափոխության ոգին, դրան հաջորդեց ռեակցիայի ոգու հաստատումը, իսկ հեղափոխության ոգին ու ռեակցիայի ոգին, հայտնի բան է, ահավոր թշնամիներ են: Մեր իրականությունը այդ պայքարի արդյունքն է: Քաղաքակրթության գաղափարի հիմնական հասկացությունն, առաջադիմությունն է: Քաղաքակրթությունը մի տեսակ օվկիանի է նման, որով կապվում են աշխարհի բոլոր ժողովուրդները իրենց արժանիքներով: 1990-ի հեղափոխությունը, Երրորդ Հանրապետության հաստատումը ահա այդ հնարավորությունն էր քաղաքակրթության օվկիանին կապվելու, նրա լիիրավ մասը դառնալու: Ամեն հեղափոխություն քաղաքական կյանքում երկու ամենապոպուլյար խնդիր պիտի լուծեր: Մի կողմից հռչակեր ու ապահովեր «հասարակ մարդկանց» (հանրապետության քաղաքացիների) անհատական ու համընդհանուր իրավունքները, մյուս կողմից ժողովրդի գործուն ու վճռական մասնակցությունը «իր իշխանության մեջ»: Ահա այստեղ է, իհարկե, դեմոկրատիայի պահպանման համար անհրաժեշտը, եւ ժողովուրդը ահա այս իրավունքն է, որ պիտի իր ձեռքից բաց չթողնի: Երրորդ Հանրապետության դեմոկրատիան այս գերակայությանը (իմպերատիվին) հասու չեղավ, ուստի չհասկացավ իր գլխավոր հետաքրքրությունները, չկարողացավ ոչ իր կառավարումը հաստատել, ու էլ ինքն իրեն պաշտպանել: Ինչո՞ւ:

Մեր աքիլեսյան գարշապարը եւս լեգիտիմիզմի արհամարհումն էր: Բացարձակ միապետականության ու հեղափոխության բախումը Եվրոպայում 17,18,19-րդ դարերում շնորհիվ լեգիտիմության սկզբունքին ժողովրդի ու արիստոկրատիայի հավատարմությանը ավարտվեց (սահմանափակվենք Անգլիայի ու Ֆրանսիայի օրինակներով) ազգային պետության կառավարման նոր ձեւի Սահմանադրական միապետության հաստատմամբ: Սա էր, որ մի կողմից փրկեց Անգլիան ու Ֆրանսիան իրենց մեծ հեղափոխությունների բերած քաոսից ու անորոշությունից, մյուս կողմից պաշտպանեց ու ժողովուրդների սեփականությունը դարձրեց հեղափոխությամբ ճամփա հարթած նոր եվրոպական քաղաքականությունը: Բոնապարտի հանճարը, բոնապարտիզմի ոչ լեգիտիմ հզորությունը անզոր եղավ խոչընդոտել թուլացած, բայց լեգիտիմ Բուրբոնական թագավորական դինաստիայի վերադարձին Ֆրանսիայում նոր՝ Սահմանադրական միապետների տեսքով: Հանճարեղ, բայց ոչ լեգիտիմ, Կարլ 1-ին թագավորին «էշաֆոտին թողած» դիկտատոր Կրոմվելի մահից անմիջապես հետո ազնվական ճանապարհով վերականգնվեց Ստյուարտների լեգիտիմ թագավորությունը, սրա շնորհիվ եւ պառլամենտարիզմը Անգլիայում: Ավելին, հեղափոխության (1788թ.) բերած արժեքների պահպանումը ավելի ուշ հնարավոր եղավ օտար պետության՝ Հոլանդիայի Վիլհելմ III թագավորին Անգլիայի գահին ժամանակավոր «նստեցնելու» շնորհիվ: Ինչ է թե թագուհին՝ Վիլհելմի կինը, Ստյուարտների դինաստիայից էր: Լեգիտիմիզմի գերակայությունը, հավատարմությունը իշխանության (ցանկացած տեսքով) օրինականությանը ապահովեց հեղափոխության ծնունդ դեմոկրատիայի հաղթանակը, պահպանեց ու զարգացրեց քաղաքակրթությունը:

ՀՀՇ-ն, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլորիս թողտվու­թյամբ մեղանչեց լեգիտիմիզմի դեմ 1995-ին, 1996-ին: Եթե Տեր-Պետրոսյանը հեռանար ոչ հայտնի ուժի պահանջով ու հրաժեշտի ոչ այդ խոսքով, նույնքան արժանապատիվ ու խաղաղ, բայց հանուն լեգիտիմիզմի սկզբունքի վերականգնման, իսկ ՀՀՇ-ն իշխանության կուսակցությունը եւ նրա ընդդիմությունը ապահովեին օրինական իշխանության հաստատումը… Ինչո՞ւ դա չարվեց, սա է գլխավոր հարցը… Ինչո՞վ ենք զբաղված այսօր… Այո´, պիտի խորհրդարանի ու գործադիր մարմնի կառավարման հարմոնիան գտնվի, իհարկե, բայց նախ եւ առաջ պիտի հաստատվի իշխանության օրինականությունը: Սա գերակա է մնացյալին:

Հայաստանի արիստոկրատիան քաղաքական կուսակցություններ, հայտնի գործիչներ, լրագրողն ու… ակտիվը, իհարկե, պիտի հասարակական համաձայնության գան, բայց իշխանության օրինականության շուտափույթ հաստատման ձեւի շուրջ առանց կաթիլ արյան ու ժամանակի կորստի, որպես բնական եւ միակ հնարավոր լուծում, որպես անհրաժեշտ նախապայման հասարակական առաջադիմության:

«Հայկական ժամանակ»
21
հունվարի, 2000 թ.

Հրապարակում մենք ենք՝ մեր բնավորությամբ

Ժողովրդի ճակատագիրը (բախտը) ղեկավարում է (տնօրինում է) նրա բնավորությունը, ոչ թե նրա հաստատությունները։
Գ. Լեբոն

Ժամանակակից պայմաններում հասարակությունների զարգացումն ընթանում է քաղաքական, տնտեսական եւ հոգեբանական գործոնների ազդեցությամբ: Մշտապես առկա այս գործոնների փոխազդեցությունը փոփոխվել է ժողովուրդների տարիքից կախված: Քաղաքական գործոնները – օրենքներն են ու հաստատությունները: Կուսակցական տեսաբանները ավանդաբար սրանց մեծ նշանակություն են տալիս: Կա մոլորություն, որ ժողովրդի երջանկությունը ուղղակի ու մեծապես կախված է օրենքներից ու քաղաքական հաստատություններից: Բավական է դրանք փոխվեն, դառնան ավելի լավը, եւ կփոխվի ժողովրդի ճակատագիրը: Տնտեսական գործոնները զարգացող, առաջադիմության ուղին բռնած ժողովուրդների մոտ այսօր ունեն մեծագույն նշանակություն:

Հոգեբանական գործոնները – ցեղի, բնավորության, հավա­տալիքների, մտքի կերտվածք, սովորույթներ – չեն կորցրել իրենց նշանակությունը: Նույն քաղաքական ինստիտուտների դեպքում տարբեր ժողովուրդներ դրսեւորում են զգալի տարբեր արդյունքներ: Եթե համաձայնվենք Գուստավ Լեբոնի այս պնդումների հետ, պիտի արձանագրենք, որ…

Երրորդ Հանրապետության մեկնարկի անհաջողությունները բացատրեցինք նախագահական համակարգի բացակայությամբ: Ունեցանք ե՛ւ ազգընտիր նախագահ, ե՛ւ դրան համապատասխան կառավարման համակարգ, բայց հասարակության վիճակը դրանից չլավացավ… Օրենքների կիսատ-պռատությունն ու հիմնական օրենքի բացակայությունը, հայտարարվեց անհրաժեշտ գործոնը: 1995-ին ունեցանք լիբերալ-դեմոկրատական հասարակության Սահմա­նադրություն, իսկ 1997-ին ունեինք առաջնահերթ բոլոր օրենքները եւ Սահմանադրությունից բխող հանրապետության կառավարման հաստատությունները… Վիճակն անընդհատ վատանում է: Այսօր էլ ահա հասարակությանը նույն դեղատոմսն է առաջարկվում՝ նոր օրենքների ու նոր Սահմանադրության տեսքով, կառավարման նախագահական համակարգից խորհրդարանայինի անցումը դարձնելով իշխող քաղաքական ուժի միակ գործը:

1995-ին, թվում է, հասարակության զարգացման գլխավոր գործոններ հայտարարվեցին վերջապես տնտեսական ու հոգեբանական գործոնները (այստեղ ե՛ւ նոր կրթություն, ե՛ւ բնավորություն, ե՛ւ նոր հայացք ժողովրդի պատմությանը), բայց 1998-ին այս «շեղումը» մեր ազգային մենթալիթետից հաղթահարվեց ու՝ «դարձ ի շրջանս յուր»…

Վերհիշենք ե՛ւ 1998 թվի նախագահական, ե՛ւ Ազգային ժողովի 1999 թվի լոզունգներն ու քաղաքական կազմակերպությունների ծրագրերը՝ օրենսդրական դաշտի կատարելագործում, նախկին կառավարիչներին պատասխանատվության ենթարկում, նոր կառավարիչների ու նոր քաղաքական հաստատությունների անհրաժեշտություն… Ուրիշ ի՞նչ էր առաջարկվում:

Ինչո՞վ են զբաղված նոր իշխանություններն այսօր՝ նախկինների ու բոլոր մեղավորների չվերջացող, սերիալ դարձող հեռուստադատավարությամբ, իշխանության վերաբաշխմամբ, օրենքների փոփոխություններով…

Սոցիալական զարգացման երեք շարժիչները (օրենքներ ու հաստատություններ, տնտեսություն ու տեխնիկա, ժողովրդի բնավորություն) գործում են որպես բնության օրենքներ, ճշմարիտ աշխատող մեխանիզմի կորությամբ: Սրանց չիմացումը կամ չընդունումը անբավարար են դրանց ազդեցության դեմն առնելու:

Ո՞ւր էր թե օրենքների ընդունման ու քաղաքական հաստատությունների հաստատման գործում մենք լինեինք հաստատակամ ու ազնիվ: Ինչո՞ւ 1991-ին անցանք կառավարման նախագահական համակարգի: Որովհետեւ Լեւոն-Վազգեն (Մանուկյան) հակասության պատճառներին հասու չեղանք կամ չդարձրինք ժողովրդինը, որովհետեւ քաղաքական հաստատության ներսում այս հակասության լուծման ընդունակությունը չունեցանք: Հիմա էլ Քոչարյան Ռոբերտից ազատվելու համար պատրաստ ենք Սահմանադրության փոփոխությունների: Ինչո՞ւ Կարեն Դեմիրճյանին ու իր առաքելության մասին չհիշեցինք (ինքն էլ իրեն չպարտադրեց) մինչև 1995 թիվը, կամ 1995-ի խորհրդարանային ու 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ ինչպե՞ս եղավ, որ 1998 թվին, Դեմիրճյանը չդարձավ ՀՀ նախագահ, երբ հասարակության գիտակցության մեջ նա փրկիչի դերն ուներ: Ինչպե՞ս ինքն էլ, ժողովուրդն էլ հաշտվեցին այդպիսի բռնության թե թուլության հետ: Միշտ մեղավոր կգտնվի: Ես հակված եմ մեղքը տեսնելու մեր ժողովրդի բնավորության մեջ: Չէ՞ որ Ադրբեջանում ու Վրաստանում ժամանակին ու արժանապատիվ, հասարակական պահանջով, Ալիևն ու Շիվարդնաձեն ունեցան պահանջված իշխանությունը:

Այդ ինչպե՞ս 1995թ. Անիծված-մերժված-արհամարհված Սահամանադրությունը այսօր դարձել է կյանքի ամենապոպուլյար հերոսը…

«Դուք կարող եք աշխարհի բոլոր ազգերը աներկբա բաժանել երկու խմբի. Կենսունակ ու մեռնող… Ամեն 10 տարին մեկ մեռնող ազգերը դառնում են ավելի թույլ ու աղքատ, զրկված ինչպես մարդկանցից, ովքեր կարող են իրենց ղեկավարել, այնպես նաև վստահություն ներշնչող հաստատություններից»:

Այդպիսի պետությունները բոլոր հատկանիշներով արագ մոտենում են ճակատագրական վերջին, որքան էլ զարմանալի համառությամբ կառչում են մնացած կյանքից…»: Սա Անգլիայի առաջին նախարար լորդ Սոլսբերիի՝ դարասկզբին այնքան աղմուկ հանած ճառից մի հատված է: Որքան էլ հայերս մեզ կենսունակ ենք անվանում, որպես պետական ազգ 20-րդ դարում ունեցանք մարդկային-տարածքային, հզորության նկատելի կորուստներ… 1918-20 թթ. Ինքնուրույն պետական-ազգային կյանքում չկարողացանք դրսևորել կենսունակ ազգին բնորոշ որակներ: Խորհրդային կայսրության կազմում 70-ամյա ապաքինումից հետո թվում էր, թե 1988 թվի ազգային զարթոնքը լավագույն ազդակն էր ցույց տալու, որ որպես ժողովուրդ ուղղել ենք բնավորության շատ արատներ, ձեռք բերել հոգեբանական անհրաժեշտ պատրաստություն միջազգային մրցակցության պայմաններում հասարակական զարգացումն ապահովելու… 1991-ից մենք նորից աշխարհի ժողովուրդների ընտանիքում ենք, հրապարակում՝ մեր հավաքական ընդունակությամբ ու ինքնադրսևորվելու պարտադրանքով… Այս 10 տարում դարձանք ավելի թույլ ու աղքատ, կորցրած վստահությունը ղեկավարների ու հաստատությունների նկատմամբ… Ընկրկել, ձեռքը թափ տալ չի կարելի: Անհրաժեշտությունը հզոր ուժ է, որը կարող է շատ բան փոխել: Այսքան դժբախտություն տեսած ժողովուրդը՝ փորձով իմաստնացած և իր ներսի թշնամուն ճանաչած, կլծվի դժվարին խնդրին-ժամանակակից կյանքում աշխարհի ժողովուրդների նոր ընկերակցության պայմաններում իր հաջողությունների, իր առաջընթացի համար անհրաժեշտ որակների մշակմանը: Ոս համոզված եմ, որ մենք, որպես պետական ժողովուրդ, այսօր մեր ձեռքի տակ միմիջոց ունենք՝ կատարելապես փոխել դաստիարակության դործող համակարգը, մեր բնավորությունը: Այո, անհրաժեշտ կլինեն մեծ-ցավոտ ջանքեր, ինքնահաղթահարում՝ նախապաշարումների գործող թելադրանքից ազատվելու համար: Ահա նախապաշարումների թելադրանքն է, որ պահում է հասարակական դաստիարակության գործող համակարգը: Դժվար է հավատալ, իհարկե, այս հնարավորությանը: Բայց այստեղ է ահա, որ պիտի լինենք եթե ոչ լավատես, ապա գոնե չլինենք անհուսալի վատատես: Ախր, երբեք աշխարհը, ժամանակն այդքան նպաստավոր չեն եղել մեզ՝ հայերիս համար:

16 դեկտեմբերի, 1999թ.

Էլի մեկ զոհ

Ցնցված եմ: Մենք ավելին էինք, քան քաղաքական գործընկերները: Եգորն իմ եղբայրն էր: Ընդունակ, եռանդուն, անդադրում ու աննահանջ Եգորը Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակմանն ու կայացմանն իրեն նվիրաբերեց անմնացորդ: Հարգանքի է արժանի այն լրջությունը, այն նվիրումը ու պատրաստությունը, որով Էդիկ Եգորյանը մոտեցավ Հայաստանի նոր սահմանադրության ստեղծմանը: Վերջին երկու-երեք տարիները Եգորյանի կյանքի ամենադժվար փուլն էր, կորուստների ու հիվանդագին վերարժեքավորումների շրջան: Չգնահատված էր, իր կարողությունները չօգտագործած, չպահանջված ու իհարկե, վիրավորված: Կորուստը զգալի է, ես չեմ հաշտվում, մխիթարանքի խոսքեր չեմ գտնում: Սգում եմ:

1995թ.-ի Ազգային ժողովի ընտրությունները «սպիսատ» կանեն Եգորյանի վրա (և՛ ՀՀՇ, և՛ ընդդիմություն), և ոչինչ Եգորյանին այլևս չի փրկի: Ոչ 1990-94 թվականների նրա օրենսդրական գերակտիվ գործունեությունը: Եթե հաշվարկ լիներ Ազգային ժողովի ընդունած որոշում-օրենքների, ապա կպարզվեր, որ ամենաարդյունավետը աշխատել էր Եգորյանը ու իր պետիրավական հանձնաժողովը: 1995թ.ի Սահամանադրությունը առանց Եգորյանի չէր ստեղծվի և չէր ընդունվի: Սա էլ չի փրկի նրան, այլ հակառակը-կհայտնվի Եգորյանի մեղքերի շարքում:

1996 թվականին կսկսվի Եգորյանի դուրս մղումը առաջին շարքերից. Եգորյանն իրենն արեց: Он больше нам не нужен. Եգորյանը պիտի հեռանա: 1996 թվի նախագահական ընտրություններին Եգորյանը որևէ ձևով չերևաց: Բախումները նախագահի, Ազգային ժողովի, ՀՀՇ «վերխուշկայի» հետ անհետևանք չանցան: Եգորյանը կմեկուսանա իր հանձնաժողովում և բուռն կաշխատի դատաիրավական բարեփոխումների վրա: Սրա ակունքում Եգորյանն է: Հետո, իհարկե, Եգորին կմեկուսացնեն այս գործից: Արթուր Բաղդասարյանը ու Գագիկ Հարությունյանը կայլասերեն այնքան սիրով ու պատասխանատվությամբ, մասնագետների մի մեծ խմբի հետ արվող այս կարևորագույն ռեֆորմը: 1997-ին Վանո-Եգոր անհեթեթ, անժամանակ տղայական վեճը դուրս կմղի ՀՀՇ-ից Եգորին ու համախոհներին: Ես գրեցի այն ժամանակ՝ սա ՀՀՇ-ի վերջն է: Կործանումը: Եգորին պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատեցին: Չգիտեմ, ավելի մեծ վիրավորանք հասցվե՞լ է Եգորին: Ինչո՞ւ սա արվեց: Ինչպե՞ս սա հնարավոր եղավ:

Պիտի գրվի: Եգորին քշել էին անկյուն, ու նա չէր կարող չսխալվել, չէր կարող ճիգեր չանել՝ քաղաքականությունից չհեռանալու համար: Էներգետիկայի սակագների ու «Արմենտել»-ի վրա թափած ողջ «սիզիֆյան» աշխատանքը Եգորի դժբախտությունն էր, մեր ողբերգությունը: Դա Եգորի կալանավորումն էր: Հետո եղավ Եգորի դատը, ընտրությունները Ազգային ժողովի: Դատավճիռը ձեզ հայտնի է՝ մահ: Այն սկսվեց 1998 թվականի հոկտեմբերի 30-ի ՀՅԴ հայտնի միտինգով՝ Եգորը կաշառակեր ու ազգային ունեցվածքի գռփող: Ռ. Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը՝ Ալիկ Հարությունյանը Քոչարյանի անունից տվեց «դաբրոն»-Եգորը «մոսկվա» է ու անելիք չունի Հայաստանում: Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը հանձնեցին Եգորին ընտրություններին на истерзание: Եգորի խմբին տեղ չգտնվեց այդ դաշինքի մեջ: Գուցե դա բացատրություն ունենար, եթե Վազգեն Սարգսյանը Եգորի մահվան առիթով այդպիսի լուրջ ու դրական գնահատական չտար.
«Եգորյանը կայացած, լուրջ ստեղծագործական մտքի տեր, սկզբունքային քաղաքական գործիչ էր։ Հայ ազգը ծանր կորուստ կրեց»։ Իսկ այդ կորուստը կանխորոշված էր։ Անգամ մեկ տեղ չգտնվեց Եգորի համար։ Նրա դեմ «Միասնություն-Երկրապահը» դրեց Ծաղիկ Ռուբոյին… Ես պնդում եմ, որ սա ծրագրված (մեր տեսակով), կանխորոշված (մեր նեղ մտքով-չարությամբ) սպանություն էր։ Ինչո՞վ էր զբաղված Եգորը հուլիս-օգոստոս ամիսներին, ի՞նչ պիտի աներ հետո։ Եգորին զրկել էին իր անելիքից։ Նա ավելորդ էր։ Իսկ նա գնալու տեղ չուներ։ Այս Երրորդ հանրապետությունը նաև իր ծնունդն էր, որի առողջության ու որպիսության համար ինքը անձնական պատասխանատվություն էր զգում։

Եգորը…

14.08.1999թ.
Երևանի N1 կալանատուն

Միություն՝ գլխավորում, Ազատություն՝ մնացյալում, սեր՝ ամենուր

… «Մեզի ըսողներ եղան, որ ժողովուրդը այնքան կարևոր չէ, այլ թերիթորին է (տարածք) կարևոր: Մեզի ուրիշ բաներ էլ ըսին»:
«Հայաստան», լրագիր, 1917թ.

«Հայաստանի ժողովուրդը չպիտի թույլ տա այլևս, որ իրեն խաղալիք ծառայեցնեն իրենցից իրենցից կտրված հեռավոր հայ գաղութները և նրանց միջոցով գործող օտար պետությունները»:
«Ազատ Հայաստան», լրագիր, 1921թ.

Սկյուռի նման (վախի՞ց), ունենալով ազատություն, կրկնում ենք ճանապարհը նույնությամբ, մոռանալով դրա արդեն եղած հետևանքները: Տեսա՞ք, ոնց Հայ դատն ու ցեղասպանությունը նորից բռնեցին հանրապետության եթեր ու մամուլ, «փողոցից» մտան բուհական դասագիրք, դարձան հանրակրթական դպրոցի էքսպերիմենտալ դասընթաց, հիմնավոր տեղավորվեցին որպես մեր նոր իշխանության պետական քաղաքականության անկյունաքարեր… Այսպես ջնջվում են աշխարհասփյուռ հայի ու հայաստանցու, բնակչի ու քաղաքացու միջև եղած բնական-կարգավիճակային տարբերությունները, ու մենք ետ ենք շպտրվում մինչև մեր ոչ պետական գոյության շրջան…

Հայաստանցիների համար Հայ դատն այսօր Հայաստանի անկախ պետության կայացումն է: Սա Լևոն Տեր-Պետրոսյանի ճշգրիտ ձևակերպումն է, որից նահանջել չի կարելի: Ես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիս ու լիբերալ-դեմոկրատական Հայաստանի պատասխանատուս, անկարող եմ ու իրավունք չունեմ բազմաշերտ ու տարաբնույթ Սփյուռքի համար ու իրենց փոխարեն իրենց խնդիրներն ու անելիքները ձևակերպել: Իմ անելիքը բխում է Հայաստան պետության պատասխանատվությունից, իմ ու պետության հնարավորություններից: Խնդրեմ. «Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, աջակցում հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը»: Հնարավորի պարզ ու իրական ձևակերպում: Սահմանադրության 11-րդ հոդվածը: Հերիք է ինքնահաստատվենք գաղափարազուրկ մեր օրերում «Լիբերալ-դեմոկրատական Հայաստանը այլընտրանք չունի» տիպի «կուրծք-ծեծումներով»: Պարապությունից է, անելիք չունեն լիբերալ-դեմոկրատները ու «կրակում են»: Իմ բախտը բերել է, ես գոնե զբաղված եմ «մեղադրյալի» ծանր ու վտանգավոր աշխատանքով: Մեզ արժանի գործը հիմա լիբերալ-դեմոկրատների միավորման բանաձևի ճշտումն է՝ ի պաշտպանություն Երրորդ Հանրապետության: Հայաստանի Երրորդ Հանրապետությունը այսօր Խորհրդային Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, պետական կարգի հիմունքները որոշված են նրա գործող Սահմանադրության առաջին գլխի հոդվածներով: Իսկ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ Սահմանադրության երկրորդ գլխի հոդվածներով: Սահմանադրությունը իր հակիրճությամբ պրոֆեսիոնալ օրինաստեղծ գործունեության պատվիրատու է: Հայաստանասիրությունը այսօր գործող Սահմանադրության «անձեռնմխելիության» հարգումն է, մարդու, քաղաքացու և պաշտոնյայի համար անմիջականորեն սահմանադրական նորմերով գործելը: Սա առաջին հերթին վերաբերում է Հայաստանի արտաքին գերատեսչությանը, որը պիտի անմիջականորեն գործի Սահմանադրության իններորդ հոդվածի նորմերով. «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»: Սահմանափակ նյութական ռեսուրսներով, գրագետ, արտադրական տեխնոլոգիական ռեժիմը յուրացրած մեծաքանակ բնակչությամբ Երրորդ Հանրապետության գլխավոր ռեսուրսը, իհարկե, մարդն է: Ահա այս մարդը թողնում է Հայաստանը, բռնագաղթում է, քանի որ Երրորդ Հանրապետությունը այս մարդու պոտենցիալի դրսևորման սահմանադրական երաշխիքները չի ապահովել. «Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը և հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը»: Ինչպե՞ս դա անել: Տեր-Պետրոսյանի հայտնի շարադրանքում տնտեսության կենդանացման (ոչ «կոսմետիկ» փոփոխությունների) բանաձևը կա: Նոր իշխանությունների երկամյա փորձարարությունը այդ բանաձևի այլընտրանքն էր, որը պիտի բերեր ու բերեց «կոսմետիկ» փոփոխությունների:

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Լրջանալու պահը» հոդվածը ղարաբաղյան շարժման նպատակի նվաճման Հայաստանի Երրորդ Հանրապետության ալգորիթմն էր՝ Հայաստանում լիբերալ-դեմոկրատիայի զարգացման, լիբերալ արժեքների պահպանման ժամանակակից ապահովիչների գործարկումով, ազգային տարածաշրջանային, համաշխարհային իրողություններին համահունչ Հայաստանյան հասարակության զարգացման առանձնահատուկ պայմանների հաշվառմամբ: Սա Երրորդ Հանրապետության փորձի հաջողված իմաստավորումն էր, որով արդարացվում են մեր զրկանքներն ու կորուստները: Արձանագրենք, որ ՀՀՇ-ն, ՀՀՇ-ից պոկված լիբերալ-դեմոկրատները այսպիսի լրջացմանը անպատրաստ եղան, ու «պահ»-ի տերը լիարժեք դարձան երկրապահա-դաշնակցական ուժերը: Ճիշտ էր ընտրել Տեր-Պետրոսյանը նոր խոսքի պահն ու ձևը, պատրա՞ստ էր ասածը գործողություն դարձնելու, եթե… Սրանք այսօր ժամանակավրեպ հարցեր են: Յուրացրե՞լ են այս երկու տարում լիբերալ-դեմոկրատները Երրորդ Հանրապետության դասերը՝ ահա օրակարգային հարցը, որին ուղիղ ու հաստատ չպատասխանելը նշանակում է, ինչպես Լևոնը կասեր, շարունակել զբաղվել «բնազանցական ֆրազապաշտությամբ», «մխիթարություն պատճառող համակրական ժխոր» ստեղծել կամ մեծ ու փոքր ցույցեր կազմակերպել՝ ի պատիվ «նահատակվող Հայաստանի»:

Երրորդ Հանրապետության պատասխանատուների, լիբերալ-դեմոկրատների միավորման «Նոր ուղու» բանաձևը թարմացնեմ:

  • Հայ դատը հայաստանցիների համար այսօր Հայաստանի անկախ պետության կայացումն է, որպես գրավիչ մշտական բնակավայր:
  • Լիբերալ-դեմոկրատիան Հայաստանում այլընտրանք չունի, իրավական ու ժողովրդավարական պետությունը չի կարելի զոհաբերել ազգային կամ համազգային նպատակահարմարությանը:
  • Հայաստանասիրությունը այսօր գործող Սահամանադրության հարգումն է ու առաջիկայում նրա անձեռնմխելիության պահպանումը, մարդու, քաղաքացու, պաշտոնյայի օրինապահ գործունեությունը:
  • Հայաստանի գլխավոր ռեսուրսի՝ արտադրող մարդու ստեղծական պոտենցիալի լիարժեք դրսևորումը անհնար է առանց միջազգային ընկերակցությանը Հայաստանի լիիրավ ու ամբողջական ինտեգրացման: Սրա բացակայությունը դատարկում է Հայաստանը ազգային անվտանգությանը սպառնացող չափերով ու արագությամբ:
  • Միջազգային այսպիսի ինտեգրացիան հնարավոր է միայն Հայաստանի տարածաշրջանային լիարժեք ու համակողմանի ինտեգրացիայի միջոցով:
  • Տարածաշրջանային այսպիսի ինտեգրացիան անհնար է առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարիդրացիության ու «թափանցիկ» սահմանների, բոլոր ճանապարհների՝ հատկապես Ատրպատականի ու Ղազախի երկաթգծերի բանուկության, անշրջելի խաղաղության հաստատման:
  • Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության հաստատումը հնարավոր է միայն Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջոցով:
  • Ժամանակը աշխատում է ի վնաս Հայաստանի ու Ղարաբաղի: Ղարաբաղի խաղաղ կարգավորման ձգձգումը ցանկացած հիմնավորումներով ռեալ քաղաքականության սկզբունքի (պահանջներիդ սահմանը սեփական ուժիդ չափն է) ոտնահարում է: Իսկ սա, ի վերջո, անդառնալի կորուստներ է բերել ու բերում է այսօր: Վկան՝ մեր աչքի առաջ ցամաքող Սևանը:

Ես քաղաքականություն եմ մտել տասը տարի առաջ այս հայացքով: Դարձել եմ ՀՀՇ անդամ, որովհետև այս հայացքը ամփոփված եմ տեսել նրա գաղափարախոսության մեջ: Դուրս եմ եկել ՀՀՇ-ից, քանզի կազմակերպության գործելակերպը ի վերջո հակադիր է եղել նրա գաղափարախոսությանը: Որպեսզի լիբերալ-դեմոկրատների նոր միավորումը նեոՀՀՇ չծնի, ճշտենք գլխավորը ու որդեգրենք դրան անդավաճան գործելակերպ:

16.10.1999թ.
Երևանի N1 կալանատուն

Զորավարի կյանքի դրաման

Իմ սերնդի համար Անդրանիկ զորավարը լեգենդ է եղել՝ փոխանցվող լեգենդ։ Զորավարը լեգենդ էր նաեւ իր ժամանակակիցների համար, իր կենդանության օրոք։ Զորավարը 20-րդ դարում ուղիդ մեկ դար ապրեց միֆական կյանքով։ Թվում է, որ 21-րդ դարը սկսում է զորավարի իրական կյանքի կենսագրությունը ստեղծել։ Այսօր, ահա, խորթ է հնչում՝ Անդրանիկ Օզանյան։ Մի՞թե նա անուն-ազգանունով սովորական մարդ է…

Միֆական մտածողությունը փոխում է երեւույթի եւ երեւույթի արտահայտման տեղերը։ Մեր ժողովուրդը իր օրհասական ժամանակում կարիքն ուներ Անդրանիկի միֆի, ու հարկ եղավ հորինել Զորավարին։ Հետագա սերունդները վախենում էին դատարկու­թյունից, ու արժանահավատ տվյալների բացակայության պայմաններում անհրաժեշտ էր պահպանել լեգենդը Զորավարի մասին։ Ի՞նչ գիտի իմ ուսյալ սերունդը Զորավարի մասին այսօր, որը տարբեր է «Զորավարի մարմինը թշնամու գյուլլա չի առնում» կարգի պատումներից… Յուրաքանչյուրդ ձեր շրջապատում մինի-սոցիոլոգիական հարցում արեք համոզվելու համար, որ Զորավարը այսօր էլ կա բացառապես որպես լեգենդ։ Զորավարի մասին լեգենդի եւ Զորավարի կյանքի մասին մեր գիտելիքների միջեւ ընդհանուր շատ քիչ բան կա։ Մենք՝ Զորավարին դրսից նայողներս, շարունակում ենք կույր ու խուլ լինել Զորավարի կյանքի դրամայի առջեւ։ Իսկ կյանքն այն է, ինչ է՛ ապրողի համար, ոչ երբեք դրսից նայողի համար։ Դրսից կարելի է 70 տարի նայել ու չտեսնել կենդանի ու իրական մարդու կյանքի դրաման, չնկատել, ասենք, Զորավարի կյանքի մայրամուտը Ֆրեզնո քաղաքում, կոշկակարություն անող լեգենդար մարդուն, ինչպես չենք տեսնում հոգեբուժարանում պատսպարված (ումի՞ց) ու ժողովուրդ ստեղծած Կոմիտասին։ Կենսագրական փաստերն այն չեն, ինչ արձանագրվում են, այլ այն, ինչ կատարվում է կոնկրետ մեկի հետ։ Այն, ինչ կատարվում էր Զորավարի հետ, երբ նա հանձնում էր իր հարատեւ կռվի զենքերը հայոց կաթողիկոսին, երբ նա ստիպված էր թողնել Հայաստանը իր պատմության ամենավճռական պահին, երբ նա անելիք չուներ անգամ Կիլիկիայում, երբ Հայոց հողի համար ծանր դարձավ Զորավարի մարմինը, ու երբ օտար Ֆրեզնոն դարձավ մի նոր Ագռավաքար։ Այս ամենի մասին որտե՞ղ է գրված, ումի՞ց իմանաս։ Եթե մեզ հասկանալի չէ՝ ով է Անդրանիկը ու ինչպիսին է նա, նրա կյանքի արձանագրված փաստը անհնար է հասկանալ։

Զորավարի կյանքը, ինչպես յուրաքանչյուր կյանք, դրամա է, ունի իր սյուժեն, իր զարգացումը։ Ինչ-որ բան նրանում պայքարել է՝ ձգտելով մարմնավորման, իսկ ահա իրեն խանգարել են։ Հաղթե՞ց Զորավարը, թե՞ շրջապատը կործանեց Զորավարին։ Թույլ տվեք հարցնել՝ երջանի՞կ էր Զորավարը։ Երջանկությունը Ես-ի համընկնումն է հանգամանքների հետ։ Ես-ը մարդու կոչումն է, որ մեկ շատ, մեկ քիչ է համընկնում մարդու զբաղմունքի, նրա մասնագիտության հետ։ Ի՞նչ գիտենք մենք այսօր Զորա­վարի Ես-ի մասին, ո՞րն էր Զորավարի կոչումը։ Որքա՞ն մենք պիտի Զորա­վարի կոչումը փոխարինենք նրա զբաղմունքի մանրամասներով, շփոթենք այս կամ այն կռվում տարած հաղթանակների կամ սխրանքների հետ։

Դժվար է դատողություններ անել Զորավարի մասին ու չբացել երկու հաշիվ, քանի որ սխալները, պակասություններն ու մեղքերը պակաս կարեւոր չեն ստեղծագործ էության համար, քան իր մեծագույն արարքները։ Ինքը Զորավարը, մեր ազգային զարթոնքի մեծագույն հերոսն էր, հայոց ազատամարտի խորհրդանիշ-ստեղծագործությունը։ Այո, այսպես է, ցավոք, որքան էլ ես հիացած եմ մնում Զորավարով։ Հակասության մեջ է ամբողջ պրոբլեմը, եւ պետք է այն ուսումնասիրել։ Ինչ-որ մեկը պարտավոր էր դեռ խորհրդահայ շրջանում մանրամասն ուսումնասիրել ու հասու դարձնել մեզ, թե ինչպես է ծնվել լեգենդը Զորավարի մասին։ Աա օգտակար կլիներ։ Կպարզեր մեզ Զորավար – միֆի էությունը մեր կյանքում։ Կխանգարեր, որ այդ միֆը շարունակեր ուղղակի ազդել մեզ վրա, շեղել մեզ մեր անելիք­ներից։ Թույլ չէր տա մեզ անպատրաստ ու անժամանակ վերսկսել մեր օրերում Զորավարի կռիվը, փոխարինելով Զորավարի երազած ու Զորավա­րին պար-տադրված սրով։ Կօգներ ետադարձ հասկանալ-գնահատել Զորա­վարի կյանքի, գործի արդյունավետությունը, չշփոթելով այն հերոսականու­թյան հետ։ Բայց մենք մեզ նեղություն չենք տվել հասկանալու համար գոնե այնպիսի փաստեր, ինչպիսին Զորավարի ու ամենայն հայոց բանաստեղծի մարդկային կապն է։ Բարեպաշտ Զորավարը ի՞նչ կարծիք ուներ վերաթաղման մասին, ենթադրո՞ւմ էր. որ իր բնական ցանկությունը՝ թաղվել հայրենի հողում, իրագործվելու է տասնյակ տարիներ անց, վերաթաղման միջոցով։ Աա էլ չգիտենք, չուզեցինք իմանալ։ Թողնենք այս. փա՞ստ է Զորավարի վերադարձը։ Եթե այո, չի կարելի շարունակել ներկայացնել Զորավարի կյանքը որպես հերոսական, մեզ փոխանցվող պատահարների շարան։ Զորավարի կյանքը կենդանի, գերլարված, նպատակամղված մի դրամա է՝ իր ողբերգական ֆինալով։

25.02.2000թ.
Երեւանի N1 կալանատուն

Ազատության կարիք ծնում է պատմությունը

Գաղափարն ու իշխանությունը պատմության մեջ բաժանել չի կարելի. Գաղափարն առանց իշխանության պղպջակ է, իշխանությունն առանց գաղափարի հանցավոր է:
Բիսմարկ

Ազգի, հասարակության առաջադիմություն, ամեն մի քաղաքակրթություն բխում է ոչ մեծաթիվ, հազվադեպ նորացվող հիմնական գաղափարներից: Հիմնական գաղափարը գետի ջրի դանդաղահոս ընթացքն է, իսկ անցողիկ գաղափարները ջրի հայելին կոտրտող փոքրիկ ալիքներ են, որոնք գետի ընթացքը չեն փոխում, բայց աչքի զարնվում են ավելի քան բուն ընթացքը: Որո՞նք են հայ ժողովրդի ընթացքը պայմանավորած հիմնական գաղափարները, որոնք են անցողիկները: Քննության առարկա դարձնելով մեր նորագույն պատմության (XIX-XX) շրջանը համարձակվում եմ որպես հիմնական գաղափար առանձնացնել գոյապահպանությունը: Միշտ ժամանակավրեպ միկրոմակարդակում մենք այդպես էլ անհաղորդ մնացինք անգլիական-ֆրանսիական հեղափոխության պարգևած ազատության, հավասարության, եղբայրության արժեքներին, միկրոմակարդակում այդպես էլ հասու չեղանք ազգային պետականությանը: Գոյապահպանությունը դրսևորվեց պարբերական գաղթով ու քաղաքակիրթ-հզոր տանիքի ներքո պատսպարվելով՝ հավերժ Ռուսաստանի հետ: Մեր չբարարված ամբիցիայի հնարած պատմական միսիան ընդունեց անպատասխանատու արդարության պահանջատիրության (Հայ Դատի) ձևը: Այդպես էր 20-րդ դարի սկզբին, այդպես է հիմա:

Որպեսզի համագոյատևես Աստծո հետ, պիտի դադարել իմաստակելուց:
Պասկալ

Ամբոխին (ժողովրդին) հանգիստ թողնենք: Քաղաքակրթությունը ստեղծում և պահպանում են ոչ թե ամբոխները, այլ ինտելեկտուալ ազնվականության փունջը: Հայոց համազգային շարժման ինտելեկտուալների, նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բանաձևը (Հայ Դատն այսօր հայոց անկախ լիբերալ-դեմոկրատական պետականության հաստատումն է) մեր քննական ընդունակությունը չմեկնաբանեց ու չյուրացրեց: Քաղաքական ինտելեկտուալիզմի տերպետրոսյանական կարճատև շրջանում քննականությունը (մտահայեցողություն) ու գործունեությունը տարանջատվեցին. այլ բան դարձավ գաղափարախոսությունը, մի այլ բան՝ գործելակերպը: Հետո, 1997-ից սկսած, արագ հաստատվեց վոլյունտարիզմի շրջանը, որ վճռական դեն նետեց մտահայեցողությունը և աստվածացրեց գործունեությունը որպես այդպիսին: Սա եղել է, սա կա: Պահին ասված խոսքը մեզանում նորից գործողություն չդարձավ: Իսկ պրիմիտիվիստները տոնեցին իրենց հաղթանակը՝ որոշակի փորձառությամբ ինտելեկտուալներից մաքրելով Ազգային ժողովն ու գործադիր իշխանությունը:

Սա ամենամեծ հանցնանք է, որ ցցուն մատնանշեց հակառեակցիայի գաղափարազրկությունը:

Դուք այնքան անմեղ եք, որ կարող եք ասել կատարելապես սարսափելի բաներ:
Եվգենի Շվարց

Ամենասարսափելին, իհարկե, տգիտությունն է, ծով ու ծով…

Ղարաբաղ կոմիտեի, ՀՀՇ-ի վարչության տղաները այնքան մտավորական էին, որ սարսափում էին եղբայրասպանությունից, հայրենակիցների անմեղ արյուն թափելու հնարավորությունից: Ամենախառը, պայթյունավտանգ պահերին անգամ այս «մտավորական սարսափը անմեղի արյան համար» ապահովում էր արժանապատիվ, եղբայրասպանությունը բացառող ելքեր… Հիմա, խնդրեմ, մամուլով- եթերով ինչքան հեշտ-համոզված մեղսագրում են արյունոտ ոճիրներ…

Ես, երևի հայտնի էի ու բացառիկ իմ համեստ կենցաղի, անձնական գույքի-ինչքի նկատմամբ անտարբեր-անփույթ վերաբերմունքով, իմ օրինապահությամբ: Ցոփ ու շվայտ կյանքով ապրող, թալան արած վարչախումբը ինձ մեղսագրում է տնտեսական հանցանքներ, պետական ու հանրային ունեցվածքի հափշտակման սարսափելի մեղադրանքներ: Նիկոլ Փաշինյանը, ով բացառիկ է հասարակությանը լիարժեք ու հավաստի տեղեկություններով ապահովելու իր կոչման ու ծառայության մեջ, դատապարտվում է զրպարտության համար: Օրակարգում փաստաբան Կրոմվել Գրիգորյանի դատաքննությունն է, ով աչքի ընկավ իր հավատարիմ աշխատանքով… ԿԳԲ-ի մեկուսարանում երեք-չորս ամիս աշխարհիկ կյանքից լրիվ կտրված 60-ամյա Մերուժանը, ով ոչ միայն որևէ տեղեկություն չուներ իր թոռների ու երեխաների մասին, այլև չգիտեր, որ Ելցինը հրաժարական է տվել, ով զարմացավ ու… կարմրեց ինձ «կամերում» տեսնելով, ընդամենը երկու օր հետո բացականչեց. «Աշխարհը հրաշք է, ինչո՞ւ ենք զրկում մեզ կյանքից»: Աշխարհը անելիք չունի. հրաշք է ու վերջ: Այս հրաշալի աշխարհը վերջապես բաց է նաև հայերիս համար , այնքա՜ն մոտ: Յուրաքանչյուրիս համար կարևոր է իմանալ ոչ թե այն, թե ինչ պիտի անի աշխարհը, այլ այն, թե ինչ է անելու ինքը: Ահա և մեզ գործելու արդիական բանաձև:

Անցյալը հաստատված է, ներկան չքանում է, եղեք գալիքում:
Լևիս (ֆրանս. գրող)

Անխուսափելին մեզ համար քաղաքակրթության ընդհանուր գաղափարով միավորված պետությունների համադաշնության՝ Եվրոպայի մաս կազմելն է: Գլոբալիզմով պետք չէ վախեցնել ու մոլորեցնել, միաձև, միասնական կազմակերպումը պիտի ունենա այն ամենը, ինչ առնչվում է տեխնիկային, գիտությանը, արդյունաբերությանը, տնտեսությանն ու հաղորդակցությանը, չափերին ու կշիռներին, անվտանգությանը: Ո՛վ, եթե ոչ Հայաստանն ու հայ ժողովուրդը, պիտի ոչ միայն չվախենա այս միաձևությունից ու միասնականությունից, այլև ակտիվ մասնակցի սրա հաստատմանը մեր տարածաշրջանում՝ չստեղծելով խոչընդոտներ սրա ճանապարհին: Ինչո՞ւ ենք վախենում այն ազատությունից, որ պիտի իշխի բաց աշխարհում, ազատ, առանց սահման ժողովուրդների մեջ, նրանց բարքերի, լեզուների, մշակույթի և կրոնի զարգացման համար: Իսկ այս գաղափարը կա ու գալիս է իշխանության:

27.02.2000թ.
Երևանի
N1 կալանատուն

pdf

(0) դիտում