0

Կա՞ ամբողջական ներառականությանը այլընտրանք…

Օրագրի քաղաքական պատումը։ Սկիզբը՝ Ուզում եք, կարող եք սա անվանել հասարակության ֆորմատ…
Տեսեք նաև քաղաքական թեմաներով զրույցները ԶԼՄ-ներում

Ուշ էր. պետք էր աչքի անցկացնել օրվա էլեկտրոնային փոստը, հագեցած հայաստանյան օրվա մեդիա արձագանքը… Ամենափնտրվածը իհարկե, Հանրապետության հրապարակի համերգն էր, որ ցավոք, ցնծություն չէր, Սարդարապատում հանդիսավոր հավաքը, Նիկոլ Փաշինյանի ելույթ-ուղերձը իհարկե, որ ծայրից ծայր լսեցի, իհարկե: Բարդ խնդիր է յուրաքանչյուրի, անգամ այնպիսի տաղանդավոր մարդու՝ վարչապետ Նիկոլի համար, իր վճռական կարևորությամբ… Դեռ էնքա՜ն կփորփրեն… Ավագի իրավունքով, սիրով լրացնեմ Նիկոլ Փաշինյանի ելույթը երեկվա Սարդարապատում… Ցանկացած թվարկման մեջ Մեսրոպ Մաշտոցից հետո, եղբայրներ-քույրեր, նրա կողքին պիտի Կոմիտասը դրվի… Լեզու և երաժշտություն. մենք ի՛նչ կլինեինք, ո՛վ ենք առանց Կոմիտասի երաժշտության կնիքի… Սարդարապատի հերոսամարտի հերոսների ցանկացած թվարկման մեջ Գևորգ Ե կաթողիկոսը պիտի նշվի…

1918 թվականին թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը: Երկրում տիրում էր համընդհանուր խուճապ: Շատերն առաջարկում էին նահանջել դեպի Սևանի ավազան ու այնտեղից պաշտպանվել (որտեղ նաև ռազմանավ կար): Հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկովը (Սիլիկյանը), Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին, ուր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը կտրուկ մերժում է. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»: Հայոց հովվապետը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա, ժողովրդի ներկայությամբ աղոթելով, երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր Աթոռը։ Սա բացառիկ իրողություն է հայոց պատմության մեջ:

Հաճույքով կարդացի Վահրամ Թոքմաջյանի, «Իրազեկ քաղաքացիների միավորումի» այս հրապարակումը… Եվ էլի: Սարդարապատը, լինել-չլինելը եղավ, քանզի մինչև այդ անհնար եղավ հայ-թուրքական փոխհամձայնությունը, հաշտությունը… Կարևոր է այսպիսի խրոխտ ելույթում տեղ հատկացնել հաշտության ուղերձին՝ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, որևէ ձևակերպմամբ… Մենք չպիտի ապրենք Սարդարապատից Սարդարապատ… 1990-ի օգոստոսի Անկախության հռչագրից, 1991 սեպտեմբերի 21 անկախության հանրաքվեից և  3-րդ հանրապետության հռչակումից մինչև 2018թ. մայիս՝ թավշյա հակաբռնի հեղափոխության… Սրանք լավ օրից չեն…

«Սարդարապատի ճակատամարտին որպես շարքային մասնակցել է Ակսել Բակունցը»: Հուզվեցի:

Երևանի նահանգի 1 միլիոն 120 հազար ազգաբնակչությունից 661 հազարը հայեր էին, իսկ 374 հազարը` մահմեդականներ: Թուրքիայի գործակալները, հատկապես Արարատյան դաշտավայրում, եռանդ չէին խնայում մահմեդականներին իշխանության դեմ ոտքի հանելու համար: Այստեղ հսկայական դեր է կատարում Հովհաննես Թումանյանը: Ըստ մարշալ Բաղրամյանի հուշերի. «…ճերմակ դրոշը ձեռքին՝ անցնում էր գյուղից գյուղ, չէր վախենում գնդակներից և խաղաղություն ու բարեկամություն էր քարոզում»:

Էլ ավելի սասկացավ հուզումս… «Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետ Հովհաննես Քաջազնունու երեք որդիները… Աշոտը, Ռուբենը, Արամը»… Արցունքոտված աչքերով դժվար է կարդալ… Վահրամի հրապարակումը ինչ տեղին է…

Մնաց, քննարկում-պայմանավորվածությունը Արատեսյան, որ ինձ թվաց որպես մեր օրերին համարժեք՝ ադեկվատ. այսպես շեշտեց ազատաբեր ապրիլ-մայիսին Հրապարակի հերոս Նիկոլը… Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի Հերմոն բնակավայրի պատասխանատու Գայ Օհանյանի հետ մեր լուծումների հիմքում սա էր՝ ոչ թե Նիկոլը, իր կառավարությունը տան, այլ մենք օգտվենք Նիկոլի առաջնորդությամբ պարմանիների հեղափոխությամբ ազատության-արդարության շնչից ու ինքներս դառնանք գործատու-գործաստեղծ… մեր նախաձեռնությամբ, կիսատ թողածի վերսկսումով նաև, վատ արածի վերափոխումով…

Արատեսի դպրոցը իմ պարտքն է, ու խոշորացված Եղեգիս համայնքում կրթության նոր կազմակերպումը 2018-ի մեր ծրագրերում է՝ նախարարության հավանությանն ստացած… Եվ բնական է, որ Հովիկ Օհանյանը կա-մասնակցում է երկուստեք երիտասարդացած կազմով մեր քննարկումներին, որպես այս անօտարելի գործի երաշխավոր:

Ով իր անելիքը ունի, դրա հնարավորությունը կստանա լիուլի: Եկել են այդ ժամանակները՝ գործելու:

29․05

Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը կոռուպցիայի դեմ պայքարի կոչով դիմել է մարզի բնակչությանը. Հարգելի վայոցձորցիներ, հայտնում եմ ձեզ, որ այսուհետ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է մղվելու: Կոչ եմ անում ՝ վերոնշյալ հաստատություններում երբևէ կոռուպցիոն դրսևորումների հանդիպելու դեպքում, դրա մասին անհապաղ տեղեկացնել…

Եվս մի թեժ գիծ. ճանապարհ փակելու նման հեշտ-պարզ… Մի հեռախոսի համար գրում ես, հայտարարությունը պտտում ես, ու պայքարը հանուն հեղափոխության թեժանում է… Կամ մի քանի տասնյակ մարդով հավաքվում եք, վատ էլ գիտեք՝ ինչ եք ուզում, դժգոհ եք, ու վերջ, ձեզ նոր իշխանությունը ուշադրության չի արժանացնում՝ քիչ է, մոտակա հանրապետական նշանակության (ոչ գյուղական) ճանապարհը փակում եք ու վստահ եք, որ մի քանի ժամվա ընթացքում ձեր մասին կիմանան-կգրեն, մի նախարար կայցելի… Մնում է գլխավորը՝ ինչի՛ց եք դժգոհ, ու ինչպե՛ս այն լուծել կյանքում… իհարկե, առանց բողոքավորների մասնակցության, առանց օրինականությանը հարգելու…

08․06

Սիրելի վարչապետ, դու հո մեզ լավ գիտես, արի մինչև հարսանիք էս բոլոր… թեժ գծերը ոչ ևս հայտարարիր… Թող մնան միայն արտակարգ իրավիճակներով որոշվածները՝ որպես sos-կանչ անհապաղ օգնության՝ հրդեհ, շտապ օգնություն, ոստիկանություն… Մենք չենք ուզում, որ Հանրապետության հրապարակում մեր ազատ կամքով, սիրո-համերաշխության միջավայրում ընտրված Նիկոլի՝ հեղափոխական փոփոխությունների առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, արդեն ՀՀ օրենքով վարչապետի իշխանությունը որևէ ձևով օտարվի մեզնից, իր բնույթով փոխվի-դառնա հեղափոխական կոմիտե կամ վթարային ծառայություն… Մենք ունենք դժվար-քայլ առ քայլ-հաստատակամ ինքնակազմակերպվող բաց հասարակություն, ինքնիշխանությունը իրացնող հպարտ ու արժանապատիվ քաղաքացու կարգի համակարգողը դառնա հանրապետության իշխանությունը՝ իր նախարարություններով, հպարտ-արժանապատիվի երաշխավորող անձով՝ Հրապարակի ընտրյալ Նիկոլ Փաշինյանով…

Կարգապահ ու ստեղծագործ աշխատանք։ Խոստացել եմ ու 1400-ով սկսվող գիրը կպատմի այդպիսի անդադրում ու սիրով աշխատանքի ծնունդ «Բլեյան» կրթական բաց ցանցի, նրա ստեղծող հասարակության-համայնքների մասին… որպես իմ հերթական հոբելյանական շրջանի կարևոր ամենօրյա գործ:

09․06

Եվրոնյուսի լուրերում կիրակնօրյա մշակութային հավելվածները ես բաց չեմ թողնում… Կա՞ր, ինչո՞ւ չկա Հայաստանում այդքան գովազդվող «Ավրորա» մրցանակաբաշխությունը, ինչպե՞ս է այն հասնում աշխարհին… Այդպես է, չէ՞, մտածված աշխարհակալ մի նախաձեռնություն որպես, տեսեք, տեսեք՝ մենք որքան համաշխարհային ենք մարդկային ցավի մեր ընկալման մեջ, էն էլ՝ մեր բազում խնդիրներով, մեր անվերջանալի պատերազմով-հակամարտությամբ, մեր տարածաշրջանում շրջափակման մեջ:

Մտքերս էստեղ Թումանյան Հովհաննեսը տարավ… Կարո՞ղ էր այս 30 տարիներին տարածաշրջանի ժողովուրդների՝ հայերի, վրացիների, թուրքերի ու ադրբեջանցիների համատեղ կեցության պայծառ էջերին անդրադարձ լինել, այն անցքերին ու մարդկանց, գործիչներին, մեր համատեղ կյանքի այնպիսի դրսևորումներին, որտեղ մենք մրցանակի արժանի, սերնդներին ներկայանալի վարք ու բարք ենք դրսևորել… Պատկերացրի՞ք, ամեն տարի, մեր հայկական ներկայությունը ճանաչող քաղաքներից-բնակավայրերից մեկում այսպիսի մի թամաշա ներկայացվեր, ինչպես երեկ՝ Օպերայի ու բալետի թատրոնում… իրական, մեր կենսակերպով, մեր պատմության հավաստի էջերով ու մարդկանցով, խնդիրներով… Ի դեպ, մեր զրույցի առանցքը հենց հայկական Թիֆլիսն էր, Ստամբուլը, Երուսաղեմը, Վենետիկը, Վիեննան, Բաքուն… Փարիզը… Լիբանանը… Գյումրին…

«Հայելի» ակումբում Էդվարդ Սանդոյանը ներհայաստանյան հանրային նոր հարթակի մասին էր խոսում, որտեղ գլխավորը օր առաջ աշխատանքով նոր արդյունքի ստեղծումն է, ոչ միայն ու ոչ այնքան եղած արդյունքի արդար վերաբաշխումը, ինչպես է հիմա՝ հետ հեղափոխական, թե շարունակվող հեղափոխության շրջանում… Օրհասական տնտեսական-հանրային խնդիրների ու դրանց լուծման, ցավոտ, բայց անհրաժեշտ փոփոխությունների շուտափույթ սկսման, մեզ անծանոթ, ինչպես թավշյա հակաբռնի հեղափոխությունն էր, տնտեսական-արտադրական հարաբերությունների նոր կազմակերպման՝ առանց շահույթահարկի, գույքահարկի նոր համակարգի ներդրման, հասուն-ընդունակ երիտասարդության մեր արժանի մոտեցումների… Արմենիա TV-ով «Ավրորա» մրցանակաբաշխության ուղիղ հեռարձակումներն ինձ չկտրեցին իմ օրակարգից, և դա լավ է…

Այս մտքերով էի ես, երբ վերջապես ինտերնետ կապը վերականգնվեց ու … Զոհ առաջնագծում, պատերազմի վտանգն իրական է դառնում
– Ա՜յ, Ավրորա՛ ջան,- թռավ,- սա է իրական Հայաստանը՝ իր ո՛ր քաղաքն ու գյուղը, ո՛ր դահլիճն ու արդուզարդը ընտրես, ինչ արմանք-զարմանք թափես… Էս է՝ իր ամենօրյա զոհերով, զրկանքով, սրա վախով…
Ինչպե՞ս հերթական զոհի դեմն առնել ու պատերազմի վտանգը չեզոքացնել, ա՛յ Ավրորա ջան… Էս քո խնդիր չէ՞…

Կիրակիի գիրը առանց ընթերցանության կիսատ է թվում. լավ է, որ կան այսպիսի նյութեր-հրապարակումներ՝ Հեղափոխական Հայաստանի քաղաքացիական վակուումը… որ ինձ ազատում է գիրն իմ հոդվածի վերածելուց: Կարդացեք անպայման, որքան էլ որ հաշվիչն է ցույց տալիս այսպիսի հրապարակումները 10  անգամ ավելի քիչ ընթերցող են ունենում, քան պատերազմի մասին հրապարակումները: Ես սպասում էի և ժամանակ գտա նաև Վահե Հովհաննիսյանի նոր հարցազրույցի համար:

11․06

Լևոն Տեր Պետրոսյանի հետ հանդիպումը, որ անցկացրինք խնամքով մշակած պտղատու այգով ճեմելով, անշտապ-անժամանակ ընթացք ունեցավ: Շնորհակալ եմ, նախագահ, քո հմայքի մարդկային, նրբանկատության համար… Կանգնում էր հանկարծ իր գուրգուրած ծիրանի ծառի մոտ, քաղում ամենածիրանը.
– Չէ, սա՛ կեր… Այս մեկն էլ…
Այդպես հորեղբայր Բալաբեկ Բլեյանն էր խնամում մեզ, երբ սեղանի շուրջ հայտնվում էիր իր կողքին… հետո շարունակում այն զրույցը, որի համար հանդիպել էինք…
Ես, իհարկե, ոչ պարտադրած ծիրաններից էի հրաժարվում, ոչ էլ գունեղ կեռասներից ու նորհաս սալորներից… Անփորձել չեմ անցնի, ու գլխավոր թեմայի դադարներում իմ ինտերվյուն անցկացնում… Նախագահից հետաքրքիր զրուցակի՜ց… Էլ Նիկողայոս Ադոնց ու Աշոտ Հովհաննիսյան, անցումներով մեր օրեր՝ իրադարձություններ ու մարդիկ, էլ «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս», էլ հին ու նոր նախագահ, էլ 1995-1996-ի դրամատիկ քաղաքական շրջան, Նիկոլ ու նրան աջակցության գործիքներ… Ամերիկյան ու պետական համալսարանի կրթության վիճակ… Զրույցներ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իր այգում, այսպես, ինչպես երեկ, հաճույքով կվարեի, հեռարձակումով, վստահ այս շարքի հանրային բարերար ազդեցության վրա… Հայրական ու հիմնադիր նախագահի գուրգուրանքը Հայաստանում առաջին քաղաքական սերնդափոխությամբ իշխանության ողջ պատասխանատվություն ստանձնած սերնդի նկատմամբ, Նիկոլի օրինական-բնական առաջնորդությամբ, այնքա՜ն ցայտուն է, առինքնող, ու յուրաքանչյուր դիտարկում արժեքավոր, պարզեցնող…

13․06

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նոր նախագահի նշանակումը և ճանաչված տրոբադար Գոռ Հարությունյանի «Երեք գազելով զրույցը Աստծու հետ», «Գազել 2. Զրույց բախտի»-ն ինձ զբաղեցրին առավոտ շատ, երբ ակամա-անպատեհ, միշտ է այսպես, հայտնվեցի ես ֆեյսբուքում…

Սմբատ Գոգյանին ես հանդիպել եմ մի անգամ, օրեր առաջ, «Արեգնազան» կրթահամալիրում, երեկոյան, կրթության մեջ այլընտրանքի աջակցության նախաձեռնության քննարկմանը… Սմբատը՝ և՛ մասնակից, և՛ ոչ, ոտքի վրա, ներս ու դուրս արեց իր շարժուն 2-3 տարեկան որդու հետ… Տպավորվել է, որ չնյարդայնացավ. ո՜նց չեմ տանում ծնողների այս գործիքը երեխայի հետ հայտնվելիս, անսովոր, ազատ… Տեսեք՝ ի՛նչ փաստեր կան, որոնք ոչ պատահական են, անհատականություն են դարձնում մարդուն… Դե, եթե էսպիսի մարդը, Գոռ Հարությունյանի գազելի շարունակությամբ…

…. կհերքի մեր դեմ դավերը – խոստացածի պես:
Արդեն միամիտ և անկարևոր է մեր զորությունը.
Միշտ Քո կամքով են կարգվում տերերը – խոստացածի պես:

Մխիթար Հայրապետյանի ելույթն էլ ուշադիր եմ լսում… Հետաքրքիր է, կօգնեմ, առանց պարտադրելու-պարտադրվելու… Գլխավորը ինձ համար՝ մարդու, երիտասարդ-նախարար մարդու շուտ սովորելն է… Փորձը կյանքով-ապրելով-սովորելով ձեռք բերվող բան է… Կարևորը գործելով սովորելն է, սովորելով-գործելը… Իհարկե, միլիոնավոր չափը ծիծաղելի, տեղին է հազարավորը… Կարևորը որ Հայաստանը գրավիչ բնակավայր դառնա և՛ այստեղ գտնվողների համար, և՛ դրսում… Նայեցի Մխիթարի ընտանիքի մասին էս հաղորդումն ու հուզվեցի ուրախությունից… Սա արդեն հեղափոխություն է, մնացածը Մխիթարն ու իր ընկերները կանեն…

14․06

«Ալեկոծությունը կարող է երբեմն կարող է անկայունացնել վիճակը, բայց երբեմն էլ կարող է իրավիճակը փոխել։ Արևելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը։ Պետք է մեր գործընկերներին՝ պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների»,- հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան, Պյոտր Սվիտալսկին հունիսի 14-ին Արևելյան գործընկերության թեմայով քննարկման ժամանակ…

Հայտնի է՝ հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին: Հայաստանում նկատվում է այլ միտում. Հեղափոխությունից օգտվողները փորձում են խժռել հեղափոխության առաջնորդին: Հեղափոխությունից ընդամենը մեկ ամիս անց:

Կհամոզի ձեզ այսպիսի վերանագրով՝ «Քրեական հեղաշրջման փորձ Էջմիածնում. Դոն Պիպոյի բանդայի «հեղափոխությունը»» հրապարակումը 1-ին am-ում: Իսկ կարդալ մինչև վերջ պետք է: Նոր Հայաստան, նոր կաթողիկոս… Ավելացրեք ու սկսեք ձեր հեղափոխությունը… Հեռուստալուրերին էլ իրենց օրվա խրոնիկայով այս ամենը կատարյալ են դարձնում, այնպես որ՝ ում ապրելը չի գալիս, ուզում է քնի-չարթնանա, ում քունը չի տանում… որ լույսը բացվի, մայրս կասեր քթքթա…

․․․Սփյուռքի նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանի այցը կրթահամալիր ճանաչողական էր… Լավ է, որ Սփյուռքի կրթական ծրագրերը պիտի համակարգի նման պատրաստություն ունեցող-խանդավառ երիտասարդ կինը, որ հատուկ պատրաստվել էր Բանգլադեշ այցին և երկու ժամ ճամբարային-լողափային միջավայրի տարբեր հարթակներում կրթական փոխանակումների մեր ուսանելի-տարածելի փորձին ծանոթացավ:
Մենք բաց ենք, բոլորինն ենք, հատկապես Հայաստանի հանրային կառավարման այս փուլում, երբ Արցախյան շարժման 30 տարվա գլխավոր ձեռքբերումը՝ քաղաքական սերնդափոխությունը, իրողություն է:

15․06

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր և տնօրեն Աշոտ Բլեյանը, ով 90– ականների կեսերին Հայաստանի կրթության և գիտության նախարարն էր, այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին նայում է չարածի տեսանկյունից, որպեսզի հասկանալի լինի, թե ինչն է պետք փոխել: Եվ եթե նախկինում տարբեր պատճառներով չունեինք այդ հնարավորությունը, ապա սիրո և համերաշխության հեղափոխության օգնությամբ և հասարակական ընդվզման արդյունքում պետք է յուրաքանչյուր քաղաքացի, նախաձեռնող խումբ, հաստատություն գործի մեջ լինի և հարցերին մոտենա իր արածն ու չարածը դիտարկելու տեսանկյունից, որպեսզի փոփոխությունների Հայաստանը չլինի տեսական երևույթ:

«Թե չէ մի տեսակ կարծես թե բազմաքանակ հանդիսատեսը սոցցանցերով «Նիկոլ Փաշինյան և ընկերներ» ֆիլմ է նայում: Քննարկում ենք, ծափահարում ենք, մտահոգություններ ենք արտահայտում: Այսինքն, կարծես կինոդիտում է, մնում է ընտրել՝ գարեջրո՞վ, թե՞ առանց գարեջրի: Ճիշտ այնպես, ինչպես հիմա ֆուտբոլի աշխարհի առաջնությունն են բացօթյա դիտում: Ինչ վերաբերում է փոփոխությանը, իհարկե դա կա, բայց մարդը պետք է իր կյանքի մեջ, իր գործի մեջ, իր արածի մեջ, իր կարգավիճակի մեջ, իր ծրագրերի մեջ տեսնի այդ փոփոխությունները: Այսինքն, ինքը լինի հերոսը և այդ փոփոխությունների կրողը»,– ասաց Ա. Բլեյանը:

Շարունակելով թվարկել հերոսների ցանկը՝ Ա. Բլեյանը նշեց, որ ԶԼՄ–ներն էլ պետք է անցում կատարեն այլ իրականություն, քանի որ իր դիտարկմամբ տպավորություն է ստեղծվում, որ հերոս են նաև Ազգային անվտանգությունը, իրավապահները:

«Եթե երկար ժամանակ ասում են, որ երկրի առաջընթացին խոչընդոտում է կոռուպցիան, բնական է, որ նման ընկալում պետք է լիներ, բայց եթե դրան զուգահեռ ստեղծականությունը չի սկսում դառնալ գլխավորը, ապա կարող է բողոքի շարժում սկսվել: Ես ուզում եմ արդեն տեսնել հասուն մարդկանց, որովհետև մենք ինքնուրույն գործող հասարակության և պետության 30 տարվա կենսափորձ ունենք»,– ասաց Ա. Բլեյանը:

Ի՞նչ է նոր Հայաստանը և ինչպե՞ս պետք է այն վերակերտել հարցը նրա համար հասկանալի չէ, քանի որ պետք է ոչ թե ինչ–որ բան կտրել դեն գցել, այլ ինքնահաղթահարման ճանապարհով գնալ:

«Դրա մեջ անցյալի սխալներն են, կենսափորձն է, պատասխանատվությունը, ակտիվությունը, կորցրած հավեսը: Այսինքն, ես ինչպե՞ս կարող եմ նոր Հայաստան կերտել, այդ դեպքում մինչև հիմա ի՞նչ էի անում: Ուրիշ բան, որ հիմա ես տեսնեմ, որ իմ հնարավորությունները մեծանում են: Այսինքն, գործի մեջ պետք է դա տեսանելի լինի, և, օրինակ, փոփոխությունների ալիքն իր հետ բերի նոր կապեր, ներդրումներ, որոնք ինձ ավելի խիզախ կդարձնեն: Այդ ջանքերի արդյունքում կառուցած Հայաստա՞նն անվանենք նոր Հայաստան: Ինչ վերաբերում է մանվելգրիգորյանական երևույթին, ապա դա էլ է պատմության մի մաս՝ մինչև արցախյան շարժումը, արցախյան շարժման ժամանակ և դրանից հետո: Ու այստեղ էլ, պարզվեց, որ հրացանավոր մարդը ասում է, որ եթե այդքան բան է արել, արյուն է թափել, ուրեմն դրա դիմաց ինչ–որ բաներ պետք է վերցնի: Եվ դա էլ անվանենք թալանչիական շրջանը: Երբ հայրենիքը դիտվում է որպես ավար, ոչ միայն Մանվել Գրիգորյանի կողմից, որի մեջ նաև այն չընտրություններն էին, ձայն գողանալն էր, որովհետև ավար համարվում է նաև մարդու ձայնը, որը կարելի է գողանալ, 10 հազար դարամով վաճառել, վախեցնելով «բիրիքով» վերցնել, դա էլ վաճառել, ունեցվածքը տասնապատկել ու դառնալ հարուստ»,– ասաց Ա. Բլեյանը:

Նրա համար հասկանալի չէ, թե ինչու են խոսում միայն զինվորի օրապահիկից, բայց ընտրություններին ձայն գողանալու մասին լռում են, ինչը նույնպես պակաս քստմնելի արարք չէ:

«Այդ ժամանակաշրջանը ծնեց մանվելներին, որովհետև բոլոր միջոցներով պետք էր սպանել, թալանել: Եվ այդ պայմաններում սովորական մարդը կարող էր վայրենանալ, կորցնել իր դեմքը: Պետք է լավ նայել այդ շրջանը, հակառակ դեպքում մենք կկորցնենք մեր մարդկային դեմքը»,– ասաց Ա. Բլեյանը:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին որպես սեփական հերոսի կորցնելուն, Բլեյանի կարծիքով, այդ դեպքում կարելի է ասել ոչինչ էլ չեն կորցրել: Միևնույն ժամանակ ցավալի է, որ օրվա հերոսը ոչ թե Աշոտ Բլեյանն ու ստեղծարար կյանքով ապրողներն են, այլ՝ մանվելգրիգորյանները:

«Կեղծիքի վրա կառուցված իրականության զգացումով ապրելն ինքնախաբեություն է: Մարդ պետք է ինքն իր մեջ փնտրի հերոսին և ազատվի դրսում հերոս փնտրելու կեղծիքից: Եվ եթե շարունակելու ենք կեղծ ապրել և կեղծիքի վրա ապագա կառուցել, դա նույնպես ինքնախաբեություն է: Եվ ընդհանրապես, այդ կրիմինալ սերիալները շատ վտանգավոր եմ համարում և դրանց մեջ որևէ առողջ բան չեմ տեսնում: Ամեն ինչ պետք է տեղի ունենա բալանսավորված ձևով, որովհետև մեր անցած 30 տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ կան, որոնք արժանի գործեր են արել: Այսինքն, հարկավոր է իրական կյանքի բալանսը պահել, հակառակ դեպքում ամեն ինչ կնմանվի այն սերիալներին, որոնք ցուցադրվում են: Եվ չի բացառվում, որ սոցցանցերի «լայվերն» էլ մի օր նմանվեն սերիալների»,– ասաց Ա. Բլեյանը:

22․06

Ճամփի լավ ընկեր է Սուրեն Պապիկյանը. պաշտոնին համապատասխան դիտողականություն, մարդկային հմայք ունի, մոտ են կրթական, համայնքի զարգացման մասին մեր մոտեցումները։ Հուսալի գործընկեր է։ Ահա ինչու՝ շաբաթ օրը կրթահամալիրի աշխատանքային խումբը կլինի Վայոց ձորում, Եղեգիս համայնքում։

Մոսկվայի Տրետյակովյան նշանավոր թանգարանի դահլիճից Աննա Հակոբյանի ուղերձին Լիլիթ Բլեյանի արձագանքը՝ «լավն էր», հուլիսյան Երևանյան տապից ծնված-լսելի․․․ Ի՜նչ ավելացնես սրան, պիտի փորձես վերապատմե՞լ գրավիչ տեսաուղերձը․ ինչի՞ համար, երբ անհրաժեշտ է կարդալ-լսել-տեսնել ամբողջը․․․ այն դեղձի պես, որ Դավիթը երեկ իրիկուն ինձ կլպել տվեց տանը ու վայելեց․․․ կորիզն էլ՝ կոտրված-կուտի պես, դեղձի անուշի մեջ կորած․․․

Լևոն Տեր-Պետրոսյանը լավ զրուցակից է․․․ Ժիրայր Չոլաքյանին ուղեկցեցի Տեր-Պետրոսյանի առանձնատուն. ծիրանագույնը կորցրած, միայն կանաչի մեջ այգու կենտրոնի սուրճով-ջրով սեղանի շուրջ այնքա՜ն հավեսով զրուցում են, ես՝ ունկնդիր այս համով-հոտով-ապրումով խորհրդին, մտածում էի ուղիղ եթերի մասին․․․  Տեր-Պետրոսյանը համաձայներ, իր հանդիպում-զրույցները այսպիսի, որոնք լցնում են իր օրվա մի մասը, եթեր հաղորդվեին․․․ Կիրթ-կենդանի, անցումներով պատմական, միշտ փաստական, հետաքրքիր դրվագներով, իր հումորով մարդկային․․․

․․․Դադարեի՜ն բոլոր բողոքները՝ եթերում և փողոցներում, ընտրություններն ու դրանց հետ կապված պատրաստությունները, ստուգումներն ու դրանց հետ կապվածը․․․ ժամանակ ստանար մարդը մեր, հնարավորություն․․․ Մարդիկ՝ յուրաքանչյուրը, գյուղում ու քաղաքում, իշխանության մեջ ու դրանից դուրս, տեղավորվեին-անցում կատարեին-նոր վիճակ հաստատեին, որ փոխված վիճակին համարժեք լինեին մեր գործողությունները, փոխհարաբերությունները։

26․07

Այնպես ստացվեց, որ Արման Բաբաջանյանի թեթև ձեռքով Քոչարյան Ռոբերտի օրվա ֆեյսբուքյան որակումներով վենդետա-վախենալու-քաղաքական տեռորի մեկնարկը 1-in.am-ի եթերում ինձանով սկսվեց․․․ Երեկ գիշեր ես ուղիղ եթերում էի․․․ Ես լուսնի պես փախչե՞մ հեռու այս թեմայից, թե՞ երկրին ամենամոտ գտնվող Մարս տեղափոխվեմ ձեզ հետ՝ իմ գրով․․․ Բոլորը, որքան հնարավոր է շատ մարդ, պաշտոն ստանային, ասենք այսպես՝ երանության վայելքի մեջ հայտնվեին… ինչը մեր օրերում կատարվում է․․․ Որքա՜ն հնարավոր է՝ շատ մարդ նստեր․․․ փորձության-փորձանքի միջով անցներ, որ ինքն իրեն գտներ վերջապես։ Ասված է Կտակարանում.

Զի որ կամիցի զանձն իւր կեցուցանել, կորուսցէ զնա. զի ամենայն որ բարձրացուցանէ զանձն, խոնարհեսցի. եւ որ խոնարհեցուցանէ զանձն, բարձրասցի: 

27.07

Աշխատանքային այցը՝ Վայոց ձոր, ինչպես միշտ, Հայաստանով մեկ՝ Շիրակ-Գյումրի, թե Աշտարակ-Արագածոտն․․․ աշխատանքային խմբով էր՝ ուսուցիչ-սովորողներ, կամավորներ՝ կրթահամալիր մուտքի ճամբարով աշխատանքի համար դիմածներ, ճամփորդական հարմարավետ միկրոավտոբուսով, հայրենագիտական-ճանաչողական շրջայցով այս անգամ Վայոց ձորի Եղեգիսի կիրճով, վերադարձը՝ Երևան Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքով, Մարտունի-Սևանով․․․ արկածով-փորձաքարով Շատին գյուղում․ մեր օրերի Հայաստանում ենք, չես փախչի․․․  Չենք եկել դրա համար։

Մի խումբ մարդիկ Շատինի դիրքն օգտագործում են ամիսներ, ամեն անգամ տարբեր առիթներով փակում են կամ դեպի Մարտունի հանրապետական կամ դեպի Եղեգիս միջգյուղական ճանապարհը․․․ Ուղիղ եթեր, 1988-ի Շարժման 30 տարվա հեղինակային վերաշարադրում, դատավճիռներ հրապարակային․․․ միտինգ հե՛նց ճանապարհի վրա։ Մարդկանց այս խումբը Նիկոլի առաջնորդությամբ սկսած 2018-ի ապրիլյան շարժումից այս մի գործիքն է յուրացրել՝  բովանդակությանը, սկզբունքներին, սիրո և համերաշխության էությանն օտար, 2018-ի Շարժման հաստատած իշխանության օրինական գործելակերպից կտրված։

2017-ին ձևավորված Եղեգիս խոշորացված նոր համայնքը՝ իր ընտրած ղեկավարով, ավագանիով, Վայոց ձորի մարզպետարանը՝ իր նոր ղեկավար կազմով՝ մարզպետ ու երեք տեղակալներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ, մարզի ոստիկանությունը տևական շրջան չեն գտնում ՀՀ օրենքով տասներկու գյուղից ձևավորված համայնքի (անունը՝ Եղեգիս, կենտրոնը՝ Շատին) առաջացած-առաջացող, հորինված-հիմնավորված հարցերի այնպիսի ներկայացում-քննարկում-լուծում, որը կապահովի համայնքի բնականոն գործունեությունը, կբացառի հակաօրինական գործունեություն-քայլ, ինչպիսին ճանապարհների փակումն է, մարդկանց հրապարակային անվանարկումը, ստորացումը, բռնությունը․․․ Այսպես ոչ միայն ջուրը չի զուլալվի, այլ կպղտորվի շարունակ, պղտոր ջրում ձուկ բռնողների ուզածով․․․Շատինը Ամուլսար չէ, նրա խնդիրը համահայկական չէ, անգամ մարզային չէ․․․ համայնքային է։ Հենց դրա համար են ստեղծված խոշորացված համայնքները, հենց այստեղ է գյուղի խնդիրը մարզի մի ամբողջական տարածքում՝ համայնքում լուծումներ գտնելու-փորձարկելու բանալին։ Եղեգիս համայնքի 12 գյուղերից յուրաքանչյուրն ունի նմանատիպ այլ խնդիրներ։ Մարդկանց խումբը, անհատը, հարգանքով նրանց իրավունքների-ազատությունների նկատմամբ, ինչպե՞ս են հանդես գալիս Եղեգիս խոշորացված համայնքի անունից, երբ ՀՀ օրենքով որոշված համայնքի կենտրոնը Շատինում չի գործում, երբ համայնքի ղեկավարը-ավագանին օտարված են Շատինից ու օրենքով իրենց որոշված լիազորություններից․․․ Ո՞ւմ պիտի նախ և առաջ դիմի գյուղի բնակիչը՝ հողագործը, ֆերմերը, երկրագործության թե կրթական-բնապահպանական, այլ հանրային խնդիրներով, եթե ոչ համայնքին, նրա ղեկավարին կամ ավագանուն, որտե՞ղ պիտի քննարկվեն-ստուգվեն, որպես լուծում առաջադրվեն դրանք, եթե ոչ նախ և առաջ համայնքում, հրապարակային, ավագանու բաց նիստում, համայնքի ղեկավարի մասնակցությամբ։ Սրա շրջանցումը անիշխանության հաստատումն է, համայնքը, մարզը մի խմբի կողմից ցնցումի մեջ պահելը։

Մենք ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով հեղինակային մանկավարժության մշակման, կազմակերպման, տարածման 2018-ի աշխատանքների շրջանակում, ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարի, մարզպետարանի աջակցությամբ, մեր շաբաթօրյա այցով-հանդիպում-ներկայացմամբ սկսեցինք կրթությունը համայնքային խնդիրներին ծառայեցնելու՝ համայնքային խնդիրները որպես ուսումնական նախագծեր-ուսումնական աշխատանք ձևակերպման ու լուծման մեր փորձի փոխանցումը։ Դժվարությամբ, բայց սկսեցինք․․․ Տարին կիսվում է, և արձակուրդային օգոստոսը մեր այսպիսի հեղինակային-հրատապ գործի պատրաստության վերջին ամիսն է։ Ցավոք, մենք արդեն ամիսներ կորցրեցինք այս շփոթի-հակամարտության, չպարզվող անորոշության արդյունքում։ Մարզկենտրոն Եղեգնաձորում ունեցանք շատ ավելի անմիջական հանրային-անձնային աջակցություն, քան կարելի էր ենթադրել։ Ե՛վ մարզկենտրոնի դահլիճում, և՛ մարզի Երիտասարդական կետրոնի բացօթյայում, և՛ ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հայրական տան բակում մենք յուրայիններ էինք մեր բերած աշխատանքով խանդավառների հետ՝ փոխմարզպետ Նանե Ասատրյան-Բագրատունուց սկսած։ Մեզ այստեղ ամենուր ճանաչում են, խանդավառ են, ընդառաջող։ Մենք՝ հավատարիմ մեր ստեղծարար-համախմբող-հանրային համերաշխություն հաստատող հավատամքին, քայլ առ քայլ, հետևողական իրենց կյանքի-խնդիրների հեղինակ-պատասխանատուներ կդարձնենք համայնքի 12 գյուղերի, մարզի այլ համայնքների, գյուղերի, քաղաքների յուրաքանչյուր, ուսուցչի, սովորողի, բնակչի։ Մենք մարզին, համայնքին չենք պարտադրում մեր ծրագրերը, չենք բերում մեր լուծումները։ Իմ ասածը վերաբերում է նաև Արատեսի բնության գրկում դպրոցին, անավարտ դպրական կենտրոնին։ Մենք վճռական ենք միասին ստեղծելու կառուցման նախագիծը, որպեսզի նորացված-վերաստեղծվող ճամբարը-կենտրոնը բաց լինի բոլոր փուլերում, ասել է՝ թե համայնքային մասնակցությամբ։ Ահա ինչու՝ եկել էինք երիտասարդ, եռանդուն մի խմբով, որը չնայած լարված-աշխատատար օրվան, վերադարձավ իր անելիքը ճշտած, օր առաջ Վայոց ձոր վերադառնալու որոշումով։ Հուզիչ էր սեբաստացիական տոկուն խմբից Արմինե Թոփչյանի արձագանքը. «Դուք այսօր այնքա՜ն նման էիք Ձեր ուսուցչին՝ Հիսուս Քրիստոսին․ սիրո ուժի աներևակայելի դրսևորում-ցուցադրություն… այդ ի՞նչ էր, լինո՞ւմ է էդպես․․․ Ողջ ընթացքում Ուսուցչի մարմնացումն էիք, գրքում չէ, ոչ էլ կինոյում, իրական․ փոխանցվեց, հուզեց, ցնցեց ինձ, շնորհակալ եմ։ Այնքան, որ չնայած իմ շատ սիրելի, շատ հարազատ մարդու նկատմամբ անհեթեթ հերյուրանքների տարափի, լարվածության, ես չալեկոծվեցի, ու որ ամենակարևորն է, բացահայտում է, չարություն չունեցա. ալեկոծվեցի մի բանից՝ չարացվածության դեմ սիրով դեմառդեմից, մարդու նկատմամբ Ձեր ունեցած սիրուց, դրա ուժից։ Շնորհակալ եմ իմ կյանքում այսօրվա համար, անկախ ամեն ինչից, ուրիշ ուժ տեսա, ստացա»։

Այստեղից և իմ գրի վերնագիրը՝ եկանք, տեսանք… Շարունակում ենք։

29․07

Հայտնի կին քաղաքական գործիչը Հայ ազգային կոնգրեսից հուսահատեցրեց իր այս խոստովանությամբ-ներեցեք-ով․․․ Մի՞թե այստեղ ենք հասել, ու սա է, հարգելի Զոյա, քո ճանապարհը սիրո և համերաշխության այս շրջանում, Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ի հրավիրած Հրապարակին ընդառաջ․․․ երբ հայտնի քննադատ հասարակագետ Վարդան Ջալոյանը միաժամանակ գրում է. «ես մտածում եմ, որ հեղափոխությունը դեռ չի սկսել, բաց մարդիկ արդեն պայքարում են հեղափոխության դեմ…»։ Վարդանը՝ Նիկոլին այնքա՜ն հարազատ, որի Բանգլադեշի համեստ մեկսենյականոցը 2008-ին Նիկոլի հուսալի թաքստոցներից մեկն էր․․․ Օգոստոսի 17-ին պիտի հավաքվենք մենք ո՛չ որպես Նիկոլի վկաներ, այլ որպես Հրապարակում ծնված-հայտարարված, Հրապարակով ստեղծված հանրապետական նոր իշխանություն՝ վարչապետ՝ իր որոշած, կառավարություն կազմած հեղափոխության մասնակիցներով, հեղափոխությունը մերը՝ անհատականը դարձնելու, հեղափոխությունը սկսելու, սրանով և հեղափոխությունը պաշտպանելու վճռականությամբ։

Հատուկ քննչական ծառայության պետ Ս․ Խաչատրյանի այս հարցուպատասխանը ինձ գոհացրեց․ լավ է, որ առաջին պլանում է  որոշումներ կայացնողը՝ սկսած Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց, կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց, և մեղադրանքի լրիվ քննության բոլոր փուլերում հասարակությանը անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնողը, որ ողջ վարույթը մնա իրավական։ Իսկ Հրապարակը, այո՛, պիտի գիտակցի, որ ինքն է իր զուլալ համերաշխությամբ Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգության երաշխավորը, ազատ ու ինքնիշխան հանրապետության պաշտպանը։ Վտանգն այն է, որ հրապարակում՝ ֆիզիկական, թե ֆեյսբուքյան, ժողովուրդը ամբոխ չդառնա․․․ Հնարավո՞ր է սրա դեմն առնել, թե՞ Հրապարակի, բոլոր նմանատիպների բնույթն է սա՝ իր ժողովրդին ամբոխ դարձնելը, հասարակությանը չեզոքացնելը, ազատության պայմաններում հասարակությանը որպես գործոն մեջտեղից հանելը։ Ա՜յ, սա չի կարելի թույլ տալ․․․ Ու մենք պիտի ոչ միայն իմանանք՝ ինչպես, այլև գործենք այդպես․․․

Ռոբերտ Քոչարյանը, մարտի 1-ի գործով դատավարության բոլոր մասնակիցները՝ հայտնի, հայտնի դարձող, թող հրապարակային դատաքննությամբ մասնակցեն հրապարակը-հասարակությունը ամբոխից պաշտպանելու գործին, արդարադատության, ոչ թե վրեժի պահանջ առաջացելու իրենց գործելակերպով․․․ Ես իրավունք ունեմ այս մասին խոսելու իմ օրինակով. 1999-2001-ին կարողացա նույն Քոչարյանի վրեժի դեմն առնել, շարունակ ուժ ստանալով գիտակցումից, որ  արդարադատության մասնակից եմ, որ գործում եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ուրիշ ինչպե՞ս անմեղսունակ ամբոխի վրեժի դեմն առնես, եթե ոչ հրապարակային արդարադատությամբ․․․ Սա և ներումի ճանապարհն է, մեր վաղը, Հրապարակը չկորցնելու-ազդեցիկ պահելու միջոցը։

«Համագործակցության առաջնահերթություններ» փաստաթղթում, որ վավերացված է Եվրոպական միության և Ադրբեջանի միջև, Ադրբեջանին մեծ աջակցություն է ցուցադրվել տարածքային ամբողջականության, անկախության, Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության կապակցությամբ։ Դա մեր հերթական դիվանագիտական հաղթանակն է»,- ասել է Ալիևը։

Մի՛ շեղվեք գլխավորից. Ադրբեջանը, որպես էներգակիրների այլընտրանքային, Ռուսաստանը շրջանցող, փոխադրման-հաղորդակցության ձևավորված ուղի, Եվրոպական միության մաս է․ Եվրոպայի այսօրվա շահերի մեջ է չկորցնել այս ուղին․․․ Սա ակնհայտ է․ մենք ինչո՞վ ենք այսօր Եվրոպայի մաս․․․ Ինչպե՞ս կարող ենք դառնալ, ինչպես ենք դառնում…

Հայաստանում հաշվառված է 461 հազ․68 կենսաթոշակառու։ Մեր փոքր հանրապետության աշխատող բնակչության խնամքին հանձնված այսպիսի մեծաքանակ հարազատների պայմաններում ներքին ու արտաքին կոմունիկացիան՝ ուղղված և՛ եվրոպական միությանը, և՛ մեր հարևան ժողովուրդներին, խաղաղարարության և ստեղծարարության ճանապարհով, հաշտության, համաձայնության հաստատումն է, տարածումը․․․ Հրապարակ ես գալիս եմ այսպիսի պահանջով․․․ Սրա այլընտրանքը ո՞րն է, հարգելի Զոյայի «ափսոսանքը և ցա՞վը»…

1988-ի Արցախյան շարժման մասնակիցներիս՝ բազմաթիվ ծանոթ-անծանոթների, Արատեսի դպրական կենտրոնի կառուցումը որպես ստեղծական աշխատանք միավորեց… Մենք տեսանք, թե այդ ստեղծական աշխատանքի ընդհատումը որքա՛ն կորուստների բերեց։ 2018-ի շարժման սերունդը՝ Արցախյան շարժման զավակները, նույն հավեսով վերսկսում-շարունակում են ընդհատված աշխատանքը։ Ու ես իմ ընկերների հետ կամուրջ եմ դառնում ժամանակների. ոչ թե միավորվում ենք, որ գործ անենք, այլ գործն է իր բնույթով միավորում մեզ։

03.08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս կառավարությունում արած հայտարարությունը, զգուշացումը, որ Սևանը ջրի տարա չէ, ոռոգման խնդրի լուծման ուրիշ միջոցներ պիտի փնտրենք՝ առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու… ո՞նց անենք, որ ազդեցիկ կոչ-հանձնարարություն դառնա յուրաքանչյուրիս… Ուշադիր հետևում եմ առաջացած նոր հանրային շարժման գործողություններին։

Օրեր առաջ Չանախչի-Զանգակատնում, պատմել եմ, եռանդուն եռյակի՝ մեր նոր գործընկերների, թանգարանի տնօրեն-մայրենիի ուսուցիչ Լիլիթ Մեսրոպյանի, գիտաշխատող Ավետիք Գրիգորյանի, դպրոցի եռանդուն հայրենագետ Թամար Գաբրիելյանի հետ թանգարանին մոտենալիս անցանք գյուղի Արածո գետի կամրջակի վրայով․․․ Չանցնեի՜նք… Այնքա՜ն լավ բաների մասին էինք խոսում՝ 2018-2019 ուստարվա օրացույց մտած «Երգ երգոց» նախագծի, որ նախատեսվում է Սևակի ձեռքով տնկած այգում-պուրակում ներկայացնել, հայրենագիտական երթուղու տեսաներկայացման, որ կանցնենք որպես սևակյան ուխտի վայրեր… Ու մեկ էլ՝ աղբի մեջ կորած գետակը…

Այդպես է հանրապետությունով մեկ. ձորերի-գետերի ցանց է Հայաստանս, ու Սևանի հետ նրանց բոլորի որպիսությունը ուղիղ կապ ունի, ոչ միայն Հրազդանի, իր ջրանցքներն ու առուները․․․ որ աղբանոցներ են բացահայտ․․․ Սևանը Հայաստանն է. «Գետը բնակավայրում» նախագիծը չի կարող քնել, միջոցառում դառնալ, Քնարիկ, Հայկուհի, Մարթա, Էմմանուել, սեբաաստացիներ բոլոր կարգերի-տարիքների, որտեղ էլ լինեք՝  և՛ որպես արձակուրդ, և՛ որպես գործուղում, և՛ որպես հանգիստ․․․ Հայաստանում և մինչև Չինումաչին, թե Շրի Լանկա, արշավախմբով-վրանով-ոտքով-հեծանվով և այսպես՝ Մարթայի զբոսաշրջային խմբի նման ինքնաթիռով։ Խիզախեցիր, Մարթա, քո տարին է, կեցցես։

08.08

․․․Իսկ կիրակին անցավ հանդիպումների, հին ու նոր կապերով քննարկումների մեջ՝ Նիկոլի կառավարության 100 օրվա հանրահավաքի, ետհանրահավաքային իրականության, Երևանի քաղաքային իշխանության սեպտեմբերի 23-ի ընտրությունների հետ… Էս ո՜նց ենք հասցնելու, ա՛յ միլիոնանոց  քաղաք, քո 2800-ի տոնակատարության, 2800 խնդիրների,  ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովի պատրաստության խժդժում տեղավորել նոր քաղաքային ավագանու առանձնացումը, որոշումը, քաղաքապետի ընտրությունը…

Ապրում ենք մի անսովոր՝ հոսուն-հեղհեղուկ շրջանում, երբ հանրապետության, նրա ամեն մի ոլորտի, տարածքի, համայնքի, կազմակերպության խնդիրները կարծես կա՛մ չեն քննարկվում, չեն լուծվում, կա՛մ քնարկվում-լուծվում են հընթացս…

Կիրակին հետաքրքիր էր․ես հանդիպեցի երկար ընդմիջումից հետո Վիգեն Խաչատրյանի, Գագիկ Աբրահամյանի հետ, ծանոթացա Մալիշկայի՝ անուն հանած գյուղապետ Մհեր Մովսիսյանին։

․․․Շնորհակալ եմ, անձրև՛, իմ պահանջով-կարոտով եկար… Ջրի պակասը հագեցնելը երեկ՝ իրիկնային քայլքով թաց Երևանում, երեկ չէ մեկէլ օրը՝ Արատեսում, նրա մեկտեղանոց մի գյոլում, իմ ջրահեղձով, ինձ ազատեց ճամփի-Երևանի փոշուց… Փոշի… փոշի… փոշի՝ մազերումս, մաշկիս վրա, աչքերիս մեջ… անտանելի է… Ես անապատում ո՞նց կապրեի․․․

Ծով գործի, գործի ծովի մեջ որքան էլ ինձ մեկուսացնեմ, կենտրոնանալով կրթահամալիրի, նրա հազար ու մի անելիքներով, ես Բլեյան Աշոտն եմ. պաշտոն է՝ հազար ու մի կապերով, ո՞վ կթողնի…

Իսկ ես կանչից օգնության, իմ պատասխանատվությունից, որ ես հաստատ կրում եմ, փախչողը չեմ… Ահա ինչու՝ երեկ, օրվա մեջ հաշտության-համերաշխության-ներառականության հաստատումն էր Հայաստանով մեկ՝ Նիկոլի կառավարման, մայրաքաղաքի վիճակի, կրթահամալիրի մեծ ու պստիկի… Եղեգիսի-Շատինի յուրաքանչյուր մարդու, նրա առաջադրած խնդիրների հետ… Մեղավոր ես-մեղավոր չես, ժառանգություն է, թե այս օրերում առաջացած՝ կռվով չես լուծի․․․ փնտրել-գտնել հաշտություն հաստատելու ուղիները… Իմը եղել է ու կա ստեղծական-ծավալվող-անխտիր աշխատանքը, այնպիսին, որ քամի քեզ, համախմբի, որ սկսվես նորից… Նոր սեպտեմբեր է գալիս ընդառաջ՝ վարգով ու բարով։ Արի՛։

«Նոյյան Տապան»-ի Գայանե Առաքելյանին, մեր զրույցի-հաղորդման ընթացքում, վերջում խոստացա՝ Արատեսի, Շատինի վեճը լուծել կողմերի՝ իրար լսելու ճանապարհով…

20․08

Հարգելի Հայկ Գրիգորյանի նման, համարյա միաժամանակ, մութուլուսին, իմ օրը քանի՜ տարի այսպես է սկսվում, ես էլ չէի անդրադառնա Քոչարյանի թեմային, եթե չծանոթանայի Հայկի այս հրապարակմանը․․․

․․․Իսկ պատրա՞ստ է հասարակությունը քաղաքական սերնդափոխությամբ, սիրո ու համերաշխության հայտարարած այս շրջանում, այսպիսի նախագծումի և իրագործման, իսկ համար մեկ պատրաստության վիճակի բերվա՞ծ է գիտելիքաստեղծը հանրապետությունով մեկ․․․ Օգտագործե՛ք այս ժամանակը՝ մինչև սեպտեմբերի 1-ը պատրաստվելու. տոնին եղեք ձեր երեխաների հետ ընտանեկան նախագծերով, գրոհեք ստեղծումի ֆիզիկական բարձունքներ, իսկ սեպտեմբերի 3-ից սկսած՝ կրթահամալիրի Բանգլադեշում, ձեր ընտրությամբ․․․ Իմ երեկվա սուրհանդակը հո չե՞մ վերապատմի․․․ Սուրհանդակը կարդալու համար է։

Այսօր, ժամը 12։00-ին, ես Անժելա Թովմասյանի, հայտնի «Հայելի» ակումբի հրավերն ունեմ, և իմ գիրը սրան պատրաստվելու բնական ընթացք պիտի ունենար և ունի. «Հայելի»-ն էլ լավ հարթակ է հանրության տեղեկացման․․․ որ ինձ համար իմ աշխատանքից անօտարելի է։

29․08

Վաղուց քաղաքական տեքստ չեմ գրել-ասել. իմ միտքը չի զորել սրան, չի սնվել այսքան…

Ես հավատում եմ փաստաբան Վահե Գրիգորյանի հավաստմանը. մարտի 1-ի գործով բեկումնային զարգացումներ են սպասվում… 2008թ․մարտի 1-ի գործով վճռաբեկ դատարանում քննությունը «…միայն երկրորդ նախագահի կալանքի գործը չէ, մենք հասել ենք բեկումնային կետի, որտեղ Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը պետք է տա հետևյալ հարցի պատասխանը՝ արդյո՞ք ՀՀ-ն կարող է հանդուրժել սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունը՝ անձեռնմխելիությամբ պաշտպանելով ոտնձգության մեջ մեղադրվողին, թե՞, այնուամենայնիվ, սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձը չի կարող պաշտպանություն ունենալ անձեռնմխելիությամբ: Սա վճռական հարց է»:

Ես համաձայն եմ Սարգիս Արծրունու այս վերլուծականի հետ, թույլ եմ տալիս վերաձևակերպել, Նիկոլ Փաշինյանի ընտրական ելույթները թույլ են տալիս, որպեսզի Հայաստանի քաղաքական համակարգում ձևավորվեն հակահեղափոխության հետ առնչություն չունեցող ընդդիմադիր ուժեր․․․ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացած ժամանակում կձևավորվի նոր ընդդիմությունը, որը թույլ չի տա, որ Աժ ընտրությունները տեղի ունենան «սևերի» ու «սպիտակների» հակադրության ռեժիմում։

Համաձայն չլինելով իմ առաջադրած-պաշտպանած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կաբինետի շատ քայլերի-գործողությունների-մտքերի հետ՝ շարունակում եմ լինել-գործել որպես թիվ մեկ պատասխանատու անձ հեղափոխության, Նիկոլի ու իր առաջնորդած պարմանիների ստեղծած 2018-ի  ապրիլ-մայիսի քաղաքական հրապարակի արտահայտիչը։ Ահա այս քաղաքական հրապարակով, մեր Նիկոլով ու նրա  կաբինետով կկարողանա՞նք 2018-ի հոկտեմբեր-նոյեմբերին իրավական նորմ-անխախտելի համաձայնություն դարձնել ՀՀ կառավարության գործունեության ծրագրում ամրագրված, ՀՀ Ազգային ժողովի հաստատումը 62 ձայնով ստացած դրույթը՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստումը․ մեջ եմ բերում «2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ դարձավ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։
….Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»
։

Ասել է թե՝ մինչև 2019թ. հունիս ամիսը մենք պիտի ունենանք նոր, ընտրված Ազգային ժողով և նրա ձևավորած կառավարություն, և ոչինչ չի կարող մեզ շեղել դրանից՝ ո՛չ կոռումպցիայի դեմ պայքարը, ո՛չ Քոչարյանի դատավարությունը, ո՛չ ինչ-ինչ արտակարգ իրավիճակներ, քաղաքական ինտրիգներ, հեղափոխականության ոգևորություններ։ ՀՀ Ազգային ժողովի որոշված արտահերթ ընտրությամբ պիտի իրական-գործող դառնա ՀՀ Սահմանադրական քաղաքական համակարգը․․․ Սահմանադրության փոփոխություններով կարելի է զբաղվել միայն այսպիսի քաղաքական համակարգ հաստատելուց հետո։

15.09

Արատեսյան ընդմիջումներով ես հետևում եմ քաղաքական անցուդարձին, որ Երևանի ավագանու ընտրություններով քաղաքային անցուդարձ է… Ընտրություններով, թե առանց դրա՝ հայաստանյան կյանքը տեղավորվել է իր մայրաքաղաքի մեջ, թվում է, ամբողջությամբ: Ցավով եմ սա ասում ապրիլյան պարմանիական ընդվզումից և մայիսյան քաղաքական սերնդափոխությունից հետո… Ի՜նչ հրաշալի ամառ անցավ բոլորիս աչքի առաջ, ինչպիսի՞  փոփոխություններով… Ով ինչպես մասնակցեց մեզանից դրան, ու ինչ է փոխվել իրենում ու իր շուրջ:

Սիրիա հայկական զորախումբ ուղարկելը վտանգավոր է. ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հրապարակումները բաց չեմ թողնում:

Շարունակում են հետաքրքիր լինել 1in.am-ում Սարգիս Արծրունու անունով վերլուծականները. Քարոզարշավ օր առաջին, Նիկոլ Փաշինյանի երևանյան բարիկադները՝ դրանցից ամենաթարմը:

Հայտնի է եվրոպական որ երկրում է ինքնասպանությունների ցուցանիշը ամենաբարձրը… Չգիտեի, որ 15-29 տարեկանների մահվան երկրորդ ամենատարածված պատճառը ինքնասպանությունն է…

Իսկ մեր բնակարանի՝ դեպի արևելք-հարավ-արևմուտք միշտ բաց դուռ-պատուհաններից այլանդակ աղմուկը, որ երաժշտություն է կոչվում, շուրջ գիշեր չի դադարում ներխուժելուց… Կա՞ հեղափոխություն-անձ-իշխանություն, որ անճաշակության այս բացահայտ բռնությունից կարող է ինձ-մեզ պաշտպանել…

Հայ-վրացական հարաբերություններին պակասո՞ւմ են նախաձեռնողականությունը, ամբիցիոզ ծրագրերը, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդես է եկել հավակնոտ (ամբիցիոզ) ծրագրով՝ առաջիկա տարիներին ապրանքաշրջանառությունը հասցնելու 1 մլրդ դոլարի մակարդակի… Ի՞նչը նկատի ունի՝ Վրաստանի, որպես տրանզիտ երկրի փոխադրումների ծավալի ու մեր տուրիստական հանգստի մեկնողներին վրացական ծառայությունների ու ապրանքների ծավալների կտրուկ մեծացո՞ւմը… Ի՞նչ ենք մենք արտահանում հենց Վրաստան… Քանի՞ վրացի պատանի-երիտասարդ է 2017-ին, 2018-ին մտել Հայաստան, ի՞նչ նախաձեռնություններով-ծրագրերով… Ի՞նչ համատեղ կյանք-բիզնես է առաջարկվում այսօր Հայաստանում Վրաստանի մարդու համար…

Արատեսի դպրական կենտրոնը մինչև «Ամառ 2019» կներկայանա Ստամբուլի, Փարիզի, Թբիլիսիի մեր գործընկերներին՝ մանկավարժներին, պատանիներին, բնության գրկի մեր դպրոց կանչող գրավիչ ծրագրերով… Մենք քոլեջի մեր նոր կացարանով կդառնանք ավելի գրավիչ-շարունակական հեղինակային կրթական ծրագրերի միջազգայնացման հավակնոտ նախագծերով… նախ և առաջ՝ Վրաստանի գործընկերների համար…

«Ի վերջո, հնարավո՞ր է Հայաստանի արդիականացման և կառավարման խորքային ժողովրդավարացում՝ մնալով ռուսական ազդեցության կամ պատասխանատվության գոտում». Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Մոսկվա, Պուտին-Փաշինյան հանդիպման առանցքային հարցի մասին Արամ Ամատունու այսպիսի հրապարակումը իմ ինտերնետային ժամանակի ետարատեսյան ընթերցանության իմաստն է կազմում…

11․09

Երևանն այսպիսի խնդիրներով չի կարող համայնք համարվել՝ այն մարզ է։ Armdaily.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

«Մարդիկ հնարավորություն չունեն ճանաչել թեկնածուներին։ Հիմա զարմանում եմ՝ ինչ է նշանակում այդպիսի քաղաքի քաղաքապետ»,-նշեց նա։ Բլեյանի կարծիքով՝ հաշվի առնելով ուժերի այսպիսի բազմազանությունը, հնարավոր չէ ստեղծել հարաբերություն ընտրող բնակչի ու ղեկավարի միջև։ «Այն ինչ հիմա արվում է նորից ամբոխավարություն է, քանի որ այն թեկնածուն, ով չի ճանաչում իր ընտրողին ու հակառակը, չպետք է այդ համայնքը ղեկավարի։ Ես իմ կրթահամալիրի ուսուցչին, այստեղ սովորող աշակերտին անհատապես եմ ճանաչում, գիտեմ նրա կարիքներն ու լուծվելիք խնդիրները, և նշանակություն չունի՝ դա կրթական համայնք է, թե այլ»,-ասաց նա։

Տնօրենի խոսքով՝ եթե փողը մի տեղ է հավաքվում, ապա այն մարդկանց չի հասնի։ «Դրանք ինչպես միշտ կօգտագործվեն պլպլան բաների վրա, իսկ մարդկանց հուզող խնդիրնը կմնան չլուծված»,- ընդգծեց նա։ Բլեյանը համոզված է՝ եթե հնարավություն լիներ նոր ձևավորվող ավագանին համարեր, որ գործելու համար մեկ տարվա մանդատ ունի, և այդ ընթացում անցներ համայնքային կազմակերպմանը, ապա դա կարելի էր համարել հաջողություն։ Հակառակ դեպքում խնդիրները շատ բարդ են մեկ համայնքում լուծելու համար։ Բլեյանը կարծում է՝ ճիշտ կլիներ Երևանը բաղկացած լիներ համայնքներից, ինչպես 1995 թվականից մինչև 2005-ը, երբ դրանք 12-ն էին։ «Եթե այդպես լիներ, կընտրեինք 12 համայնքների քաղաքապետեր։ Դա հնարավորություն կտար, որ մարդիկ ճանաչեին ղեկավարին, իսկ Երևանը կմնար մարզ, որը կունենար ընդհանուր խնդիրներ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ցավոք այդ ճանապարհով չեն գնում։

Տնօրենն ասաց, որ 13 քաղաքական ուժ կա և կարծում էր՝ կգտնվեր մեկն, ով իր առջև խնդիր կդներ համոզել իրեն՝ դառնալ ավագանու թեկնածու։ «Այդպիսիք չգտնվեցին, իսկ ես այդքան ժամանակ չունեմ այդ ուժը ստեղծելու համար։ Դա կնշանակեր, որ ես պետք է թողնեմ իմ գործը, իսկ իմ նպատակն օգտակար լինելն է՝ իմ ջանքերի արդյունքը տեսնելը։ Այդ երկուսը հնարավոր չէ համատեղել. արդյունքում ոչ կրթահամալիրն օգուտ կունենար, ոչ էլ Երևանը»,-ընդգծեց նա։ Հարցին՝ ու՞մ է տեսնում քաղաքապետի պաշտոնում, ասաց՝ Աշոտ Բլեյանին։

17․09

Տեղ հասցնող երկու ճանապարհային քարտեզ…

․․․Հիմա անդրադառնանք իմ գրի վերնագրին… Տեղ հասցնող մի ուղի ես գիտեմ՝ սիրո և համերաշխության, երկու ճանապարհային քարտեզով՝ հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Փաշինյանի կառավարություն ու «Քաղաքացիական պայմանագիր», հայաստանյան հարգելի հասարակություն, դիմադիր ու ընդդիմադիր… Մինը՝ մուսուլման հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտության-համակեցության տանող ճանապարհն է, մյուսը՝ հայաստանյան քաղաքական համակարգի կառուցման… Այսպիսի ստեղծական-համախմբող աշխատանքը իմ կյանքն է…

20․09

Առանց բազմակուսակցական համակարգի չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին

«Բոլորի ջանքերն ուղղված են ԱԺ ընտրություններին: Առանց բազմակուսակցական համակարգի մենք չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին. դա օրակարգային խնդիր է»,- այս մասին «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: «Ես խոսում եմ քաղաքական ուժերի մասին։ Քաղաքական ուժը տարբերվում է նրանով, որ քաղաքական խնդրին ուրույն մոտեցում է ունենում, առանձնահատկություն, որ Ազգային ժողովի ընտրություններին հասարակությունը կարողանա ընտրել»….

«Երևանի ավագանիում ընտրված մարդիկ գիտե՞ն Երևանը, ի՞նչ հայացք ունեն, կարող է սերունդ է փոխվում, բայց նրանց հայացքը չի փոխվում,- նշեց Ա. Բլեյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ հավելելով՝ արդյո՞ք նոր սերունդը Երևանը Հյուսիսային պողոտայով ու Օպերայի տարածքով կտեսնի, թե՞ Երևանի միջով անցնող Զանգուն կտեսնի, որ վերածվել է աղբատարի, և կուզենա այն մաքրել աղբից:

«Նոր քաղաքական ուժերը կարողանալո՞ւ են Երևանի կառավարման նոր մոդել ստեղծել»,- նշեց Բլեյանը՝ հավելելով, որ Երևանը պետք է դիտել որպես մեծ տարածք՝ կազմված ինքնուրույն համայնքներից, ոչ թե որպես պետություն՝ պետության մեջ:

Ա. Բլեյանի դիտարկմամբ՝ հասարակությունը պետք է փոխվի, և 81 տոկոս հավաքած քաղաքական ուժը պետք է կարողանա խնդիրները լուծել բակ առ բակ շրջելով ու բնակիչներին ներգրավելով:

Զրուցավար՝ Լուսինե Բադալյան
Աղբյուրը՝ 1in.am։
30․09

Հակամարտության փուլը անցել ենք…

Չեմ սպասում հրաժարականին․ Փաշինյանի կառավարությունն ու ԱԺ-ն հենց հիմա պիտի համաձայնություն հաստատեն…

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող հրաժարականին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հանրային գործիչ Աշոտ Բլեյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ չի համարում, որ «հրաժարականի ինստիտուտն է ամենալավը» և չի սպասում Փաշինյանի հրաժարականին:

«Արդեն կա հասարակության որոշումը, որը չի կարող չպարտադրի նաև հանրային համաձայնություն արդեն ԱԺ-ում։ Հակամարտության փուլն անցել ենք, ես վստահ եմ։ Վստահ եմ, որ այսօր ԱԺ-ում ներկայացված ուժերը այս կամ այն չափով հասարակություն են ներկայացնում։ Նրանք չեն կարող հասարակություն չներկայացնել, հակառակ դեպքում, ԱԺ-ն ո՞վ է, ի՞նչ է»,- ասաց Բլեյանը։

Ըստ նրա՝ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու ԱԺ-ում ներկայացված ուժերը պետք է կարողանան իրավական դաշտում, լրիվ բաց, տեսանելի, հասկանալի համաձայնության հասնել։ «Պիտի էդ համաձայնությունը հենց հիմա հաստատվի, որովհետև մենք ամեն ինչ անում ենք նոր որակի ԱԺ-ի ձևավորման համար»,- շեշտեց Բլեյանը։

Անգամ քիչ ժամանակի պարագայում, ըստ Բլեյանի, քաղաքական ու հասարակական ուժերը այսօր պետք է կոնսոլիդացվեն ու պատրաստվեն հանրային քննարկումների, նոր քաղաքական դաշտի ու Հայաստանի նոր կառավարման ձևավորմանը։ «Սկզբունքային չէ՝ երբ կլինի ԱԺ-ն։ Սկզբունքային է էն համատեղ աշխատանքը, որ որպես նոր հասարակություն մենք մեր բոլոր ինստիտուտներով, անհատներով, բոլորս միասին պիտի անենք, բոլորը պիտի մասնակցեն, որովհետև մենք ուզում ենք այլ որակի պետական կառավարում»,- ասաց Բլեյանը։

Ըստ Բլեյանի՝ Երևանի ավագանու ընտրությունը լավ փորձ է արդեն. «Էդքան էլ գոհ չեմ, ունենալով էդ փորձը, մենք չպիտի նույնը կրկնենք։ Դրա համար տրված ժամանակով պետք է գործենք, և էն մարդիկ, որոնք մտածում էին՝ առանց իրենց էդ խնդիրը հնարավոր է լուծվի, իրենք ակտիվանան, մտնեն նոր քաղաքական ուժեր, նոր նախաձեռնություններ, առավելագույնը պետք է անեն»։

Աշոտ Բլեյանը շեշտում է, որ փնթփնթալու ժամանակ այսօր ուղղակի չունենք։ «Երկու բան կա՝ կոլեկտիվ խորհրդատվություն կամ կոլեկտիվ անեծք, որով շատերը զբաղված են։ Ինչ-որ խմբեր կամ Նիկոլին սովորեցնում են՝ ինչ անել կամ անիծում-փնովում են։ Երկուսն էլ անտեղի են, որովհետև շատ ավելի կարևոր է, որ քո գործողությունները, քո խոսքը ավելի հասցեական լինեն, դառնան կոնկրետ գործողություն, տեղից ինչ-որ բան շարժեն»,- ասաց Բլեյանը՝ հավելելով․ «Հո սրանով չավարտվե՞ց, վերջին ընտրությո՞ւնն է, իհարկե կարևոր է, բայց որ ամեն ինչ սրանից է կախված, ես դրան, կներեք, չեմ հավատում»։

Ինչ վերաբերում է նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի այսօրվա նշանակմանը Սյունիքի մարզպետի պաշտոնում, Բլեյանն ասաց․ «Ինչո՞ւ ոչ»՝ հավելելով, որ մենք չենք կարող պետական համակարգի շնորհիվ տարիներով պրոֆեսիոնալ դարձած կադրերին չօգտագործել։

Հարցազրույցը՝ Մարինե Խառատյանի
Աղբյուրը՝ factor.am
15․10

․․․Աղջիկների մի խմբի հետ երեկոյան «Բաղրամյան 19» հասցեում ենք, ԱԺ-ի բաց այգում․․․ Գիտեք, հոկտեմբերի 23-ին՝ երեկոյան, Արևելյան դպրոցի նախաձեռնած «Հե՜յ, ջան Երևան» նախագծի ամփոփիչ համերգ-տոնը նախատեսում ենք երևանցիներին հեղափոխության պարգև այգում անցկացնել․․․ Սրանից հարմար վա՞յր․․․ Ջա՜ն, հեղափոխություն ջան․․․

19․10

․․․Պարբերաբար ես վերադառնում եմ մտքին, որ հայոց հանրային անճաշակությունը շտկելու-հաղթահարելու ուղին երաժշտությունից վերածնվելն է․․․ Այստեղից և չթուլացող, խտացող ակնածանքը երաժիշտների ու նրանց գործի՝ երաժշտության նկատմամբ, երաժշտական հանրակրթության կարևորությունը սեբաստացիների կյանքում՝ երկու տարեկանից սկսած, երաժշտության ուսուցիչների դիրքը կրթահամալիրում․․․ Այստեղից և այն շփոթը, ցավը, որ պատել է ինձ, Արթուր Շահնազարյանի ցասումը որևէ կերպ մեղմելու անզորությունը…  Արթուրը, որ Կոմիտասի-Թումանյանի 150 ամյակը հանրային ճաշակի ձևավորման առիթ-շրջան դարձնելու, հանրային անճաշակության հաղթահարման հարցում բեկում առաջացնելու համար պիտի մեր օրերում ավելի ու ավելի կարևորված-բազմազբաղ լիներ, ամենակենտրոնում․․․ ի՞նչ անել։

Ամիսներ առաջ, երբ մշակույթի նախարար՝ Լիլիթ Մակունցը նոր էր, անծանոթ, Արթուր Շահնազարյանը մի խումբ հայտնի երաժիշտների հետ ցասում-առաջարկով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կարծեմ կարելի է հիմա էլ անդրադառնալ դրան… Ես չեմ կարող Արթուրի կողքին չլինել։ Հետո, երբ Արթուրը իրեն սազող-բնորոշ ուղղամտությամբ այսպիսի խնդրանքով դիմել էր ՀՀ վարչապետին, ես էլի երկընտրանքի առաջ էի՝ ինչպե՞ս դիտորդից մասնակից դառնալ․․․ ու այսպիսի երկտող ավելացրի հարգելի նախարարին․․․ մեջբերում եմ ամբողջությամբ․․․

Հարգելի նախարար.
Որքան էլ վատ եմ ճանաչում Ձեզ, Ձեր տեսակով-կյանքով սիրելի եք ինձ։ Դիմում եմ ուղիղ, շիտակ, քանզի վերաբերում է Արթուր Շահնազարյանին, ում ես հաստատ իմ կյանքով-անձով եմ ճանաչում, կյանքիս գործով եմ ճանաչում. ես իր քավորն եմ անբաժան, ընկերը, ումից ես ակնածում եմ։ Կարճեմ խոսքս։ Քանի որ կա Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Արթուր Շահնազարյանը չի կարող չլինել այդ հաստատության որպիսության, նպատակի-իմաստի թիվ մեկ պատասխանատուն։ Ես այսպես եմ մտածում։ Հիմնավորումը նրա կյանքն է, որ իրեն բնորոշ արտահայտված է իր այս նամակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վատ չի ճանաչում Արթուրին. ահա ինչու է Արթուրը նամակը հասցեագրել նրան։ Բայց դիմումի առաջին հասցեատերը, իրավասուն Դուք եք։ Խնդրում եմ քննարկման առարկա դարձնել այն. հավելյալ անհրաժեշտը Ձեր պահանջով կներկայացվի։

Չեմ սպասում, որ անարձագանք կմնամ։

22․10

Ուրցաձորում իշխանության զավթում է. համատարած ՔՊ-ացումը վտանգավոր է

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց և պահանջում էին համայնքապետի հրաժարականը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գնահատմամբ՝ Ուրցաձորում իշխանության զավթում է տեղի ունեցել: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նա ընդգծեց. «Հրահրում են՝ պղտոր ջրում ձուկ բռնելու համար… Դժգոհողների մեջ տեսա իրական, պարկեշտ, մտահոգ մարդկանց, ովքեր մասնակից են եղել և վստահել են հեղափոխությանը, սխալվելու իրավունք են տվել, բայց հանկարծ տեսել են, որ իրենց խաբում են, և նորից հայտնվել են իրադարձությունների կենտրոնում: Եթե սխալվել են, խաբել են նրանց, ուրեմն պետք է ուղղեն սխալը: Հեղափոխության անվան տակ սրիկաներ կարող են դիրքավորվել»:

Աշոտ Բլեյանի դիտարկմամբ՝ վտանգավոր վիճակ է ստեղծել. նրա խոսքով՝ համատարած ՔՊ-ացումը վտանգավոր է. «Եվ սա միայն ընտրություններին չի վերաբերում, այլ նաև նշանակումներին, ինչո՞ւ պետք է միայն ՔՊ-ականները պաշտոններ ստանան»:

«Շատ զգույշ պետք է լինել. սրիկան, ճարպիկը, դատարկը հասկանում են, որ պետք է շատ արագ գտնել ձև ՔՊ անդամ դառնալու, որովհետև նրանց թվում է, որ իրենց շանսերը դրանով մեծանում են՝ Նիկոլն եկավ ու նրա ուժը փոխանցվեց իրենց: Բայց Նիկոլի ուժն անձնավորված է, չի կարելի շահագործել այն»:

Աղբյուրը՝ 1in.am։
25․10

Հաջողությո՜ւն, հայրապե՛տ․․․
Վայրի բնության ու մշակութային արժեքների հիմնադրամ
ի նախագահ Ռուբեն Խաչատրյանը միջազգային փորձի իմացումով շարունակում է առաջին նախագահին իմ պատմածը։ Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին պատմել եմ հանրակրթություն երկրագործության, մեր կրթական ծրագրով ձեռքբերումների, նախագծերի, լուծումների մասին․․․ Ռուբենը իրեն բնորոշ խելքով-ոճով շարունակում է․
– Շվեյցարիայում 300 հազար գյուղացի-ֆերմեր շեն պահում են 10 մլն մարդու, քառապատիկ արտահանում են․․․ Հողը սեփականություն է, բայց որպես ազգային  հարստություն է ընկալվում։ Մասնագետ չես՝ հողը մշակելու իրավունք չունես․․․ Երկրագործությունը ուսուցանվում է յուրաքանչյուրին․․․
Ու այսպես, շուրջ մեկ ժամ՝ երկրագործության՝ որպես հանրակրթություն-մասնագիտություն, շվեյցարական փորձի մասին․․․

Կրթահամալիրը մեր Արարատյան դաշտում է, Արատեսը՝ Եղեգիսի կիրճում, մենք երկրագործության ուսուցման կենտրոն ենք, մեր սովորողների հայրենիքը Հայաստանն է․․․ Մենք՝ Միքայել Նալբանդյանի ուղեցույցով՝ երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ…
Հայաստանով մեկ, ամենատարբեր նախագծերի-ծրագրերի իրագործումը մեզ ո՛չ միայն հետաքրքիր զրուցընկեր, այլև գործընկեր է դարձնում հայտնի հիմնադրամին… Այնքա՜ն գործ կա անելու, որ պարտադրում է միասին հանդես գալ Հայաստանում, երկրագործության, բնության նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությունների, նոր արժեհամակարգի այս փուլում․․․ Մենք քննարկում ենք նաև շվեյցարական փորձը ուսումնասիրելու, հողի նկատմամբ նրանց վերաբերմունքը Հայաստան բերելու հնարավորությունը․․․

26․10

Նոր գծանշումներ Երևանում՝ խցանումները բացառելու համար…Լավ վերնագիր է… Ուսումնասիրել ենք, տեսել ենք, որ… եթե… ապա քաղաքում ոչ մի խցանում չի լինի… Հրաշքը այսքան պարզունա՞կ է լինում… Ես գալիս եմ Դավթի հետ Մոսկովյան-Տերյան խաչմերուկ… Այսպիսի քաղաքը՝ մեքենաների այսպիսի զանգվածով, անհեռանկար բազմացող, ինձ օրինակ՝ իր բնակչին, չի պահի… Կներեք, կրթահամալիրի Բանգլադեշ, տիարի կարգավիճակ, ես Հայաստանում այլ անկյուն-աշխարհ եմ փնտրում, կգտնեմ… Թող Աստղիկը գա, դառնա 40 օրական, հինգ որդով (դե, լրացրեք), չորս թոռով, երկու փեսայով կհավաքվենք, պատշաճ կտեղեկացնեմ… Այս քաղաքը՝ այսպիսի երթևեկությամբ, հանրային կյանքի այսպիսի կազմակերպմամբ, վանում է շարունակ…

Ես, որպես առողջապահության նախարար չունեմ ո՛չ ընկեր, ո՛չ հարազատ, և իմ ամբողջ կենսագրությունը դրա ապացույցն է… Չանդրադառնամ ողջ տեսանյութին, այս խոսքի երկու կտորների հակասությանը. ականջ ծակող այսպիսի կրեդո՝ հավատամք, ես առաջին անգամ լսել եմ Հիսուս Քրիստոսից, իմ Ուսուցչից… «Եւ իբրեւ ասացին ցնա՝ ահաւասիկ մայր քո եւ եղբարք քո՝ կա՜ն արտաքոյ եւ խնդրեն զքեզ: Պատասխանի ետ նոցա եւ ասէ. Ո՞վ է իմ մայր կամ եղբարք: Հայեցաւ շուրջ զիւրեւ զաշակերտսն զի նստէին, եւ ասէ. Ահաւասիկ մայր իմ եւ եղբարք իմ: Զի որ առնէ զկամս Աստուծոյ, նա է իմ եղբայր եւ քոյր եւ մայր»*:  Սա՝ որպես մեսսիա հասկանալի է. կընդունես, թե չես ընդունի։ Ախր, մենք մահկանացուներ ենք… Երրորդ Հանրապետության պատմության մեջ էլ նման մի բան ասել է Վազգեն Սարգսյանը․․․ Աղուհացը քաղաքական կատեգորիա չէ․․․ Չի մոռացվի՝ ինչ ավարտ-շարունակություն ունեցավ Վազգենի առաքելությունը… Ափսո՜ս, հազար ափսոս… Վազգենը, Վազգենի ընտանիքը աղուհացով մարդիկ են…

Ես ուշադիր հետևում եմ Արա Մինասյանի կյանքի քրեականացման դրամային, դրա զարգացմանը-հանգուցալուծմանը. ով-ով՝ ես գիտեմ, թե ինչ անիծված բան է խոշոր-հայտնի պետական կազմակերպության ղեկավարումը, իր դեպքում՝ բուժկենտրոնի, իմ դեպքում՝ կրթական կենտրոնի, մեր ծնած-պահած, հարափոփոխ հանրապետության երեսուն տարվա ժամանակում, իր վայրիվերումներով, բեկումներով, թռիչքներով, գահավիժումներով, դավաճանություններով, սրբերի-աստվածների տեղափոխումներով․․․ Ուշադիր հետևում եմ Արայի կյանքի դրամային ու նրան հաստատակամություն եմ ցանկանում․․․ Էսպես չի մնա, չի կարող էսպես մնալ․․․ Թումանյան Հովհաննեսի իմաստությունը չի լքի մեզ․․․ Ես սարսափել եմ միշտ անաստվածների, անաղուհացների, դասընկեր ու գործընկեր, հարազատներ չունեցողների կուսակցականացումից պետական իշխանության մեջ․․․ Ես գիտեմ՝ մարդուն կյանքով են ճանաչում… Արայի հետ մի կյանք եմ ապրել՝ իր շրջաններով, կոմսոմոլի՝ միակ երիտասարդական կազմակերպության, 1972-1977 թթ, ուսանողական շինարարական ջոկատներում, ես՝ պետական համալսարանից, ինքը՝ բժշկական ինստիտուտից, 1990-1991 թթ Երևանի քաղաքապետարանում աշխատանքով՝ որպես առողջապահության և կրթական ոլորտների ղեկավար-գործընկերներ, հետո բուժկենտրոն-կրթական կենտրոնի ղեկավարներ, հանուն հիվանդ մարդուն բժշկելու՝ մարմինն ու հոգին․․․ Մինչև հայտնի միջազգայնագետ-հրապարակախոս՝ Տիգրան Հայրապետյանի միայնակ-հաշմանդամ մորը խնամելը հիվանդանոցում… Տիգրանի մայրիկի աղոթքն եմ փոխանցում, հիվանդանոցում գտնվելու այդ օրերի նրա արցունքները, նրա հուզված պատումն այն մասին, թե ինչպես է ամբողջ հսկա կազմակերպությունը՝ շփոթված, արցունքախառը, հետևում իրեն… Հերթական կոռուպցիան, հա՞, և իմ՝ հանրային գործչի պարտադրած, բազում օգնության կարոտ, անպաշտպան ուսուցիչների, այո՛, հարազատների, ծանոթների․․․ առանց որևէ շահի, ի՞նչ շահ, բացի հանրային-մարդկայինը։ Մարդուն կյանքով են ճանաչում և աղուհացով, որ համատեղ ապրած կյանքն է՝ իր կապերով սիրո, և համերաշխության արարողը։ Գումարած օրինականությունը․․․ որ ճանապարհ է, լսո՞ւմ եք, կատարելության, որպես քրիստոնյա մարդ, հավատով Հիսուսի, թե հանրային կյանքի ավանդույթով փոխանցած բարոյականության՝ մեղքերի շարունակական քավումով․․․ Հո մենակ դատարանը չէ՞, խորհրդային շրջանում ամենաշատը փչացած իրավապահ անվանվող համակարգը՝ իր ոստիկանով, ամեն տեսակի դատախազով, դատապաշտպանով, դատարանով, քննիչով․․․ Հայրս «օրգան» էր ասում.
– Օրգանի հետ գործ չունես, շա՛ն տղա։ Թշնամությունը փոխանցվող ա, հասկացեք իրար, ներել կարողացիր… Մոռացիր, որ լավություն ես արել, արա, գցի ջուրը․ ձուկը որ չիմանա, ջուրը հո կիմանա․․․
Օրգանը այդքան շուտ փոխվե՞ց, հա։ Ո՞նց կփոխվի։ Ավելին՝ ամենավերջում կփոխվի, ողջ հասարակակության ազդեցությամբ, վերահսկողությամբ։ Ինչպես հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանն է ասում՝ պետք կլինի պաշտպանել դատավորներին, բայց դրան հասարակությունը պիտի գա… Թե չէ էնպիսի գործ կփչեն, որ վատնումը, անփութությունը (եթե կան), կդառնան հափշտակում-յուրացում։

Մինչև ո՞ւր ենք գնալու՝ արմատախիլ անելով կոռուպցիան, մինչև 1990 թի՞վը։ Որտե՞ղ ենք կանգնելու։ Կոռուպցիոն կյանքը մեր ո՞վ է տվել՝ Տեր-Պետրոսյա՞նը, Սե՞րժը Սարգսյան, Ռոբե՞րտը Քոչարյան․․․ Ինձ համար 2018-ի ապրիլյան քայլքը՝ «Քայլ արա և միացիր»-ը, կատարելության ուղին անդավաճան բռնածների երթ է՝ սիրով և համերաշխությամբ, միասին, կյանքը նորոգելու-ապրելու ուխտի 1990-ից… Մեր երկրի ամենադրամատիկ մի շրջանում այդպիսի մի բանավոր ուխտ-հարազատության հաստատվեց Երրորդ Հանրապետության քաղաքացիների հետ… Դիմացա՞վ այդ ուխտը-պայմանագիրը ժամանակի փորձությանը։

Վտանգի տակ է սերունդների համերաշխությունը, և հիմա իրար հետ ապրող երեք սերունդների միջև կապի-համակեցության հաստատումն է խնդիրը՝ որպես նորոգված հանրային կյանք։ Այս օտարումը միմյանցից ո՞ւր է տանում։

Սիրելի՛ «Քաղաքացիական պայմանագիր», վարչապետ Փաշինյան ու բազում կրտսեր բարեկամներ, որ համատեղ կյանքը, աղուհացը, հարազատի նկատմամբ պատասխանատվությունը հանենք, դժվարությունները, որ միասին ապրել ենք, ճանապարհ անցել… ի՞նչ կմնա… Սարոյան եղբայրների դրամա… Սա եմ ես անվանում անաստվածություն, որից միշտ վախեցել եմ…

Բոլորս փոխվելու խնդիր ունենք և իրար օգնելու մարդկային-հանրային-քաղաքացիական-քրիստոնեական մի պայմանագիր․․․ Ընդունակներն ու առաջնորդները գնում են առջևից՝ դառնալով այսպիսի պայմանավորվածության երաշխավորը․․․ Հանրային կյանքի բարելավումով պիտի զբաղվենք, տնտեսական կյանքի աշխուժությամբ, որ տասնյակ ու տասնյակ հազարավոր ուսուցիչների ու բժիշկների համար շոշափելի լինի…

07․11

Իմ տեսադաշտում, ողջ աշխարհը չասեմ, Հայաստանն է․․․ Այս գրով՝ եթերում է Երևանը, իր Պլանի գլխից դեպի Նորքի զանգվածներ ձգվող Մյասնիկյանի պողոտայի՝ ես ասում եմ գետնի տակ անցած Գետառի ձորով․․․ կենդանաբանական այգին հարող կենսական տարածքով․․․ Հենց Հերացի փողոցով, կամրջով վեր, իմ դիմաց աջ ու ձախ լանջերով ճառագայթով ծավալվում են դարավանդները խաղողի պատմական, որ Հռենոսի վտակների հովիտներում 1995-ին այս շրջանում իմ տեսածի արտացոլանքն է․․․ Ի՜նչ խաղող, ի՜նչ գույներ․․․ Մինչև Ջրաշխարհ-Բուսաբանական այգի ձգվող մի կենսաբազմազանություն, որ այսօր անխնա-բարձիթողի է… Ի՜նչ հանրային-համաքաղաքային-համազգային նախագիծ է․․․ Տասնյակ տարիներ բաց թողնված , այնքան, որ թվում է՝ նախնադարյան ժամանակներից եկող, դարավանդներին վերջապես բազմատեսակ խաղողը հասնի՜, կենդանաբանականն ու բուսաբանականը հավաքեն իրենց շուրջ եղած անխնամն ու ամբողջական՝ Նոր ու Հին Նորքը կապող կանաչ-կենդանի աշխա՜րհ կազմեն, մի հանրակրթական միջավայր, որի միջով կանցնի ոչ միայն Երևանը․․․

Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադրի՝ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի վերջին շրջանի՝ 2012-ից սկսած, գործունեության, իրագործումների, նրա այսօրվա հայացքի-հեռանկարի մեջ սրա և՛ ծրագրային մշակումներ եմ տեսել, և՛ լուծումներ գործնական․․․ Թվում էր, թե այս հինգ-վեց ամսվա՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության, քաղաքային նոր իշխանության, այս նախընտրական շրջանի հանրային ուժը հենց այսպիսի, մեկ-երկու, տարիներով պատրաստվածի, անձի-խմբի-կազմակերպության հայտ դարձածի, ծրագրի-գործի-կյանքի-անելիքի հանրայնացման շրջանն է… Ինչե՞ր եմ լսում քաղաքապետարանի հաղորդագրության մեջ… լայնամասշտաբ ստուգումնե՞ր՝ խորհրդային շրջանից ծանոթ․ գործն ու գործի մարդուն իր առաքելությունից զրկո՞ղ… Թույլ տալ չի կարելի, չէ՞ որ նոր, այնքան դժվարությամբ, ծախսերով, ջանքերով փոխված Կենդանաբանական այգին, որպես հանրային տարածք, բոլորիս աչքի առաջ է…

19․11

Գևորգ Հակոբյանը՝ ուսուցիչ ընկերն իմ-ձեր, իրեն բնորոշ դիպուկությամբ օրեր առաջ նկատեց.
– Ինչո՞ւ են բոլոր գրություններում նշում՝ «ԿԳ նախարարության ենթակայության հանրակրթական հաստատություններին»…
Ինչո՞ւ ենթակա, ինչ ասել է՝ ենթակա, երբ նախարարությունը, ըստ սահմանման, կրթության պետական կառավարման լիազորված մարմին է՝ իր կոնկրետ գործառույթներով, որոնցով օժտել է պետական կազմակերպության հիմնադիր կառավարությունը… Կազմակերպությունը, ինչպես կրթահամալիրը մեր, ստեղծվել է-գործում է իր կանոնադրությամբ… Սա է մոմենտը չարենցյան՝ ենթակայության հաղթահարումը՝ քաղաքացու, ընտրողի, աշխատողի… մարդու… Այո, մարդու ազատագրումը: Այո, կարգապահությո՛ւն անհատի ու ազատության մեջ, որպես անհատի-խմբի-հավաքանու գործունեություն-ստեղծական աշխատանքի կազմակերպիչ ու երաշխավոր… Հայաստանը՝ չգիտեմ, պիտի օգնենք. կրթահամալիրը սեբաստացիական ենթակայության այսպիսի հեղափոխական հաղթահարման առաջ է՝ իր տիար-տնօրենով, որ մանկավարժական աշխատողը՝ որևէ կարգավիճակով՝ դաստիարակ-ուսուցիչ-կազմակերպիչ-դպրոցի, ուսումնական կենտրոնի, ծառայության ղեկավար, գաղափարի՝ մանկավարժության հեղինակի ենթակայությամբ… ծառայություն մատուցի…

Երբ լսում եմ մարդուն, ինչպես երեկ ԷՕՆ ակումբում՝ ճարտարապետ բանախոս Արմեն Հակոբյանին, հարգանքով հարցեր եմ տալիս, հնչեցնում, ինչ-որ բան պարզելու համար չեմ անում, դա ինքնուրույն ու երկարատև աշխատանք է, ես մարդուն տեղում օգնելու համար եմ անում… Համատեղելի՞ են, օրինակ, ավտոմեքենան ու հետիոտնը Երևանի Հրազդանի կիրճում, չէ՞ որ հենց մեքենան մարդուն քշեց կիրճից… Առանց հողի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հնարավո՞ր է Հայաստանի անապատացման-քարապատման դեմն առնել… Առանց երևակայության խրախճանքի ինչպե՞ս Երևանը դարձնես մի բնակելի հանրային տարածք, ինչպե՞ս վխտացող-բազմացող ավտոտրանսպորտի դեմն առնես, որ սպառնում է իրական անշարժությամբ ու… կալանքով յուրաքանչյուրիս՝ ավտոմեքենայի մեջ, գրասենյակում, թե բնակարանում… Սա թափառումի քաղաք չէ, ու ես, իհարկե, իմ իրերն եմ հավաքում… Ավելի շատ են այսպիսի, բարձր չասվող հարցերը… Հարցե՞ր են սրանք, թե՞ հաստատումներ, փորձառություն… ինչպես երեկ ակումբում… Զրույցը, ախր, այսպիսի գյոզալ միջավայրում հարազատական, գրագետ մեդիայի առկայությամբ, այլ կազմակերպում է ենթադրում…

23․11

․․․Աննա Հակոբյանի կոշտ պատասխանին ավելացնեմ։ Երևի ես իմ ֆեյսբուքյան գոյության շրջանի առաջին քոմենթն եմ անում…  2018-ի նոյեմբերի 14-ի՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան օրվա երեկոյի հավաքի մասնակիցն եմ եղել Դավիթ Բլեյանի հետ… Իմ օրագրում՝ բլոգապատման մեջ, դրա արձագանքը կա։ Ներկաները Նիկոլ-Աննայի 20 տարվա ուրախության-հավաքների-առիթների մասնակիցներն էին, Երևանում, թե Իջևանում. դրանով հենց հավաքը սիրելի-պարզ էր… Կենտրոնում Մարիամն էր, ով ուզենար։ Նիկոլը շրջում էր սեղանից-սեղան… Ափսո՜ս, որ երաժշտությունն էր տեղ-տեղ բարձր։ Չլիներ որևէ երաժշտություն, ինչպես որ էր այս տարի մարտի 11-ին, Աշոտ Փաշինյանի 18-ամյակին, ավելի լավ կզրուցեինք, հարազատներով տարատարիք իրար կլսեինք…

25․11

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» ուսումնական նախագիծը շարունակական է, իր պատմությունն ունի: Նոյեմբերի 23-ին քայլքով կարողացանք այն պատշաճ-անմիջական ներկայացնել Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի նոր ղեկավար Դավիթ Կարապետյանին, իր տեղակալներ Դավիթ Թումանյանին ու Կարեն Հակոբյանին: Մեր առաջին հանդիպումն էր, ու կարևոր էր արձանագրել մանկավարժական հայացքների ընդհանրությունը, կրթական պարտեզի կարևորումը՝ վարչական շրջանի, քաղաքի բնակիչ-բնակավայր-տեղական ինքնակառավարում հարաբերություններում, առանց օտարող-հակամարտ դարձնող սահմանների… Մեր կողմից հետևողականորեն ներկայացվող նախագիծը՝ որպես շոշափելի գոյություն, առաջարկվող-ստեղծվող արվարձան-բնակավայրը՝ որպես հանրային տարածք, հանրային կյանքի կազմակերպում, փարձաքար է, պոլիգոն «Իմ քայլը» նախընտրական դաշինքը ներկայացնող քաղաքապետի, վարչական շրջանի ղեկավարի համար… «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» նախընտրական կարգախոսն առանց այսպիսի պոլիգոնների, հանրային կյանքի կազմակերպման նոր լուծումների-ամբողջական փոփոխությունների կարգախոս էլ կմնա… Չի օգնի նաև նախընտրական դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ կարգախոսի բացումը… «Հոգատար հանրություն ասելիս մենք նկատի ունենք անհատական ջանքի ու աշխատանքի խրախուսումը: Մենք մարդկանց մասին հոգ տանելը հասկանում ենք նրանց օգնելը, աջակցելը, որ նրանք հավատան իրենց ուժերին, կարողանան ճեղքել իրենց հուսահատությունն ու խեղճությունը»… Կրթական պարտեզը մեր այսպիսի զօրությամբ է օժտված… Մեր Նիկոլի սրտով է. կգա, ինքը կասի շարունակությունը:

Բոլորս՝ ընտրող, թե ընտրվող-թեկնածու, անհատներով-կազմակերպություններով անելիք ունենք, որ մեր նախընտրական շրջանը քաղաքական կյանքի պարապ չանցնի, որ իրական հաղորդակցություն հաստատենք ընտրող-ընտրվողով… քաղաքական հարաբերություններ հաստատենք… Այստեղից և կարևորությունը Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի ղեկավարության հետ մեր առաջին հանդիպման, որ կողմերի կարծիքով լավ սկիզբ էր. ճանաչեցինք իրար ավելի լավ, ընդհանուր մի գործի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք… Հաջորդ քայլը մեր քայլը քաղաքային ավագանու, քաղաքապետի, նրա աշխատակազմի այցն է մեր կրթական պարտեզ, 2019-ի քաղաքային ծրագրերում առաջարկվող, մեր համոզմամբ՝ համաքաղաքային համարում ունեցող նախագծի արտացոլումն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության նախապատրաստումը…

26․11

Ընտրական կոշտացող հռետորաբանությունը, որ ագրեսիայի է հասնում, նախընտրական քարոզարշավին հանձնված TV-ներով, սոցցանցերով, ուղիղ եթերով քեզ մեկ է՝ մի տեղ, մի ձևով բռնում է… խոշտանգում… Սրան հետևել, որպես ընտրող՝ չի լինում, առանց լուծումների-համաձայնությունների, մնում է փախուստը-ամփոփվելն  աշխատանքում, անելիքով պարփակումը, ինքդ քեզանով զբաղվելը… Այստեղից և վերնագիրը՝ մեզ կարգի բերելու ժամանակն է:

27․11

Իմ հանդիպումների շարքը՝ ուրբաթ 12-րդ դասարանի մեր շրջանավարտների, այսօր՝ 9-րդցիների, այս շաբաթ, չորեքշաբթի մանկավարժական սեմինար-պարապմունքով… շարունակություն ունի… Միասնական քննությունները վախի գործիք չեն կարող դառնալ, էն էլ՝ մայրենիից… Ինչի՞ համար է մատղաշ 14-15 տարեկան իներորդցիների համար, հաշվել են 31.500-ի չափ, այսպիսի սթրեսը. ԳԹԿ-ից, կրթության տեսչությունից հանրակրթական «ԱԱԾ»-վախեցնելու գործիք սարքելն այդքան անմեղ զբաղմունք չէ, որ նախընտրական քարոզարշավի քողի տակ ստեղծվի-գործի-փաստ դառնա… Թույլատրելու բան չէ: Առայժմ կարդացեք, այո, որպես հանրակրթության՝ իմ գրի ընթերցարան երկու բան՝ Գևորգ Հակոբյանի այս հրապարակումը. «Հայաստանյան հանրակրթական հաստատություններում իրականացվող պետական կրթական մյուս ծրագրի համար նախատեսված գործիքները՝ առարկայական ավարտական, պետական ավարտական քննությունները կիրառելի չեն հեղինակային կրթական ծրագրի դեպքում, քանի որ չեն արտացոլում հեղինակային կրթական ծրագրի սովորողի ուսումնական գործունեությունն ամբողջությամբ», և մանկավարժության կենտրոնի առաջարկը՝ շեղելու հայացքը քննությունից, հեղինակային կրթական ծրագրի սովորողի ատեստավորման կազմակերպման այլ նախագիծ քննարկելու։

Եվ քանի որ կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով, իսկ պատանիներից-ուսուցիչներից յուրաքանչյուրը մեդիայում է-սոցցանցերում, կարդալով-գրելով իր նյութով-ասելիքով, իր ընտրած ընկերոջով-խմբով, կարևոր է, որ հայատառ գրենք։ Այս պայմանավորվածությամբ սեբաստացիական մենք ուղորդվել ենք տարիներ, հենց ինտերնետը-պլանշետը դարձավ ուսումնական, ես պահանջում եմ ստուգատես անցկացնել՝ համոզվելու համար, որ այն գործում է առանց պայմանականության: Մենք կարող ենք իրար բարյացակամ օգնելով ուղղել մեր հրապարակային խոսքի վրիպումները, սխալները: Միշտ շնորհակալությամբ միմյանց նկատմամբ, միշտ անհատական ակնածանքով մայրենի նկատմամբ: Ես կարևոր եմ համարում դեկտեմբերին՝ մեր ուսումնական առաջին շրջանի ավարտին, կազմակերպել սեբաստացիական ուսումնական բոլոր՝ ուսուցիչների-սովորողների անհատական, խմբային-դասարանական բլոգների ստուգատես… Որքա՞ն են դրանք կենդանի, ամենօրյա գործածվող…

03․12

Ի՞նչ էր ուզում տեսնել, ի՞նչ էր փնտրում կրթահամալիրում աղա Սեյեդ Մոհամադ Ռեզա Հեյդարին՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի ղեկավարը,որի այցը երկու ամիս շարունակ հետաձգվում էր: Եկավ վերջապես… ու խոսքով-շարժուձևով դիվանագետ, զուսպ, իրանցի պաշտոնյան չէր ուզում հեռանալ. ընդունելության ծրագրով նախատեսվածից հետո սկսեց շրջել կրթահամալիրի մայր դպրոցով, մտավ դասարաններ, մասնակցեց Նունե Մովսիսյանի մայրենիի պարապմունքին՝ մեր մեդիակրթությանը, բնագիտության լաբորատոր պարապմունքների, սննդի կազմակերպմանը, ծանոթացավ իմ ու սովորողների շփմանը, մարզական պարապմունքների պայմաններին… Ես, մի խումբ ինձ ընթացքում-վերջում գրկած սովորողներով-հեծանվով, նրան տնավարի ճանապարհեցի…

Երեք օտար լեզվի իմացության մասին տարբեր առիթներով, նախընտրական շրջանի հարթակներից անգամ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խոսում է, այլև իր օրինակով, ազատ վարվելով պաշտոնական արարողակարգերի հետ, անգլերեն-ֆրանսերեն-ռուսերեն ելույթներ ունենում, հարցազրույցներ տալիս… Ենթադրում եմ, խոսքը պարտադիր ռուսերենի-անգլերենի, որ նախատեսում են սկսել առաջին դասարանից, ինչպես կրթահամալիրի մեր դպրոցներում, և մի երրորդ օտար լեզվի մասին է… Սրա մասին չի՞ խոսվում, թե՞ ինձ չի հանդիպել, ԿԳ նախարարության, նախարարության մաս կազմող մարմինների կայքերը համառորեն աղքատ են նաև այսպիսի, թվում է, հանրային հետաքրքրություն ներկայացնող բովանդակությունից. նախարարության կայքում «Հանրային քննարկումներ» բաժնում բովանդակային նախագծեր ենք փնտրում…

Դժվար է ենթադրել, թե երրորդ օտար լեզուն ինչպես են մտածում ներմուծել՝ ինչ կարգով, որ օտար լեզուն, ում ընտրությամբ, որ դասարանից, ինչ ժամանակով… Աղա Սեյեդի այցը մի հնարավորություն էր ինձ համար՝ նայելու մեր արածին՝ այս անգամ պարսկերենի օրինակով, արևելագետ-հասարակագետ-պարսկերենի մասնագետ երիտասարդ-արևոտ Դիանա Նազարյանի՝ մեկ տարին բոլորող գործունեությանը նայել կողքից, օտարի հետ, օտարի հայացքով, որպես անաչառ փորձագետ կրթության… Ստացվեց երևի, այնպես, որ ուզում եմ պատմել…

Մեր սովորողին մենք երրորդ օտար լեզուն չենք պարտադրել-չենք պարտադրում, ինչի՞ համար։ Երկու օտար լեզվով պարտադիր հանրակրթության, մեր հեղինակած մանկավարժական կազմակերպման փորձը, որքան էլ մենք, ես չպակասող վերապահումներ, անհամաձայնություններ ունենք ռուսերենի, անգլերենի ուսուցիչների հետ՝ պայմանավորված հասարարակական-պետական պահանջների-վերաբերմունքի, մանկավարժության անտեսման իներցիայով, ուրույն է, եզակի, տարիներով ամբարված, սովորական ուսուցիչների ու սովորողների ամբողջական ներառականության (հանրակրթություն) բաղկացուցիչ, արժանի ոչ թռուցիկ, առանձի՛ն անդրադարձի… Գիր է-կյանք է, եթե շարունակություն ունի, սպասեք, չի ուշանա…

Երրորդ օտար լեզուն կրթահամալիրում ոչ միայն պարտադիր չէ, այլև սովորողը ազատ ընտրում է կամ չի ընտրում, փոխում է, ոչ միայն մեր առաջարկած փնջից՝ վրացերեն, թուրքերեն, պարսկերեն (հարևան ժողովուրդների լեզու որպես), ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն (ամենատարածված եվրոպական լեզուներ որպես), այլև աննկատ, որպես նախաձեռնություն այս տարի առաջացավ իտալերենը, ինչպես եղել են հունարենի, ճապոներենի, չինարենի, արաբերենի փորձեր, որ ընդատվել են…

Պարսկերենն էլ ունեցել է ընդհատումներ, բայց ուրախությամբ արձանագրում եմ, շնորհիվ Դիանայի, մեր հետևողականության, երրորդ օտար լեզվի ուսուցման-ներմուծման հեղինակային սկզբունքներին հավատարիմ մանկավարժության, կայացավ-զարգանում է: Այդ մասին գիտեր արդեն Իրանի մշակութային կենտրոնը, ու պատշաճ կազմով-ժամանակով եկել են համոզվելու-հասկանալու: Ահա սրա մասին հանկարծ իմ խոսելը եկավ…

Կրթահամալիրի 6-12-րդ դասարանցի շուրջ երեսուն սովորողները պարսկերեն սովորում են ակումբային, տարատարիք խմբերով, ընթերցարանային-անկաշկանդ միջավայրում, երբ ուսուցիչն ունի սովորողի հետաքրքրությունը մշտապես վառ պահելու թելադրանքով պայմանվորված մանկավարժական ազատություն։ Դիանան մասնագետ ուսուցիչ է, միակը, վարչարարությունը չի փրկի, եթե չի սպասարկում մասնագետին, որ պիտի իմանա-որոշի-կարողանա կապը ակումբային զորացնել, նոր կապեր հաստատել, միջավայրը ուսուցման ընդարձակել-հարստացնել, սովորողի հետաքրքրությունը պահել… Ցուցանիշը հենց պարսկերենն ընտրածների աճն է ամսեամիս…

05․12

Երբ մոռանալու միակ ձևը ամբողջական ներառումն է…

Ես եղել եմ նոր ուղի, ես կամ նոր ուղի, և իմ կյանքը, գործը նոր ուղու արժեքների ցանցային տարածումն է։ 1988-ին, Արցախի շարժման թոհ ու բոհով հասարակական ալեկոծումներին, հասարակարգային փլուզումներին-բեկումներին ես հայտնվել, գործել եմ՝ մանկավարժության մեջ, հանրային քաղաքական, անձնային կյանքում որպես նոր ուղի… չվախենալով ո՛չ մենակ լինելուց, ո՛չ մեկուսանալուց, ո՛չ մեկուսարանից… երբ դու ինքդ քո ներքին խոհով ես շարունակ, քո անձնային պատասխանատվությամբ, քո անհատական ընտրությամբ, ամբոխից վեր, ծափերի-սուլոցի թելանդրանքին չտրվող: Կարևորը գործիդ մնալն է՝ լեցուն գաղափարով-ստեղծումներով… համեստ կյանքդ իմաստավորելը…

Գործչի-լիդերի իմ հավատամքում գլխավոր արժեքը միջավայրն է. ուզում եք՝ հենց հանրակրթական միջավայր անվանեք սիրո և համերաշխության հասարակությունը, զարգացող-արժեքներ ցանցայնացնող համայնքը, ուզում եք՝ դինամիկ գործող բաց ստեղծական հավաքանին… հասարակ մարդկանց ընկերակցությունը, որի գլխավոր ցուցիչը ամբողջական ներառականությունն է…

Ի՞նչ ստացվեց 2018-ի ապրիլի ընդվզման-քաղաքական սերնդափոխության, ինչպես հաճախ են ասում, վերջնական կապիտալիզացիայի (նյութականացմա՞ն)՝ արտահերթով նոր Ազգային ժողովի ձևավորման արդյունքում… Փոքրատառով գրեմ, որպես երևույթ հանրային, որպես երրորդ հանրապետության մռայլ երրորդության, որ Նիկոլի ձևակերպումը եղավ 2007 թվի («Իմպիչմենթ» դաշինքի նախընտրական հանրահավաքների ժամանակ), այնպես ուզում եմ, որ ոչ ոք չնեղանա, անձնային-վիրավորանքի նշույլ անգամ չփոխանցեմ, ներեցեք, «ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ դոդացմանը» կարգախոսը, 2018-ին դարձավ երեքը՝ մեկո՞ւմ «մերժիր Սերժին»…

Իսկ  մենք փոխվեցի՞նք այս ընթացքում, որպես հասարակություն, որպես այն ձևավորող քաղաքացի-անհատ, դրա պատասխանատուն… Մոռացած պիտի լինեինք այս ընթացքում հհկ-ին, քոչարյանին, որ ես գրում եմ փոքրատառ, որպես երևույթի՝ մերժելի-հաղթահարելի յուրաքանչյուրիս համար, աշխատանք, որպես պայման ու մեթոդ սիրո և համերաշխության միջավայրում, ամբողջական ներառակության… Տեսեք՝ արդեն գրում եմ մեծատառով, ՀՀԿ-ն փողոցում է այսօր, այսպիսի հավատամքով՝ «Անկախ միջկուսակցական պայքարում բոլոր տարաձայնություններից` Հանրապետականը հանձնառու է մնում մաս լինելու մեր ժողովրդի խնդիրների լուծմանը», Քոչարյանը բերդում է՝ իր այսօրվա գործի այսպիսի հավատամքով՝ «Այսօր ընդդիմադիր դաշտում տեսնում եմ լուրջ վակուում և կարծում եմ, որ այն պետք է լրացնել՝ ելնելով երկրի շահերից», փողոցում ունենալով իր աջակիցների միությունը…

Իսկ Ազգային ժողովում այսօր՝ 2018-ի ապրիլյան ընդվզումի՝ ամբողջական ներառման հասարակության քաղաքական ընտրա՞նքն է… Իմ հավատարմությունը 1988-ի 2018-ի պարմանիների, նրա ղեկավար Նիկոլի, նրա հրապարակի ընդվզմանը, կարող եք նորից ստուգել, հենց հիմա, իմ ամենօրյա գրով…

Հրապարակում մենք ենք՝ մեր ընդունակությամբ, սիրով-համերաշխությամբ-ստեղծական-ցանցային գործելու կարողությամբ, սովորելով. պահուստային միջոցներ ունի՞  հասարակությանը, որ առճակատման վրա մսխի… Կա՞ ամբողջական ներառականությանը այլընտրանք… Հարցնում եմ՝ որպես միշտ նոր ուղի…

11․12

․․․Մնում է, որ առատ անձրևն օգնի, մաքրվի քաղաքը օր իր առաջ ալենդելոնական զգեստներից, որ հայտնվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հայտնի-անհայտ թեկնածուների մեծ ու փոքր նկարներով՝ մեր շուրջ, մեր ճանապարհին… Լավ, հեռուստաեթերն ու սոցիալական ցանցերը, ձեզնով արած ֆեյսբուքը քի՞չ էր… բա տեղեկատվական թերթիկները… պատերին-ճանապարհներին ինչների՞դ էր պետք նկարները ձեր, որ հիմա թրջված-պատառոտված մնացել են… Այս պատկերապաշտությունը, որ խորթ է նաև հայ առաքելական եկեղեցուն, ի՞նչ ճանապարհով, ինչպե՞ս հասավ «Իմ քայլը» դաշինքին… Ասեք, որ վրիպել ենք… Մեծամասնությամբ՝ Ազգային ժողովում կամ քաղաքային ավագանիում, խոստացեք, որ որոշումով առաջիկա կճանաչեք այս ձևը ժամանակավրեպ…

13.12

1in.am-ի իմ ելույթին բացասական արձագանքներից իմ ընկերների՝ հոգատարությունից ծնված մտահոգությունը, որ բացասականը գերազանցել է հավանություններին, հարգանքը ընթերցողի նկատմամբ ինձ պարտավորեցրին իմ սկսած քաղաքական տեքստը անհատական մոնիտորինգի ենթարկել. գրիչով անցա տեսաելույթի վրայով։ Մի վրիպում շտկենք՝ Առաջին հանրապետությունը Երրորդ պիտի լինի. սա երևի ՀՀ նախագահների՝ ռոդարիական նշանակության ազդեցությունից էր…  Հետո «Հանրային հայացք՝ փակ աշխարհին» հավաքի իմ ելույթը դիտեցի-լսեցի, նորից գրիչով անցա… կարճ, թեթև, ազդեցիկ… Ինքնագոհության վիճակ ունեցա… Ուզեցի իմ խոսքը որպես տեքստ ունենալ իմ բլոգում. տիար եմ, չէ՞…

Բացասական արձագանքն էլ նորածնունդ չէ. Հովհաննես Թումանյանը սա անվանում էր անգիտություն…  Խուլերի խոսակցության ես չեմ մասնակցելու… Ես շարունակելու եմ իմ Նոր ուղու քաղաքական այս շարքը իմ բլոգում։ Ով հետևելու է պարմանիների, երիտասարդների հեղափոխությունն անողներից, աջակցողներից ու համակիրներից, լավ կլինի, որ տեսանյութը, հոդվածը կարդալուց-դիտելուց առաջ և հետո, որևէ ձևով դեմքի արտահայտությունը փոխելուց առաջ և հետո, կարդա 14.08.1999-ի «Էլի մեկ զոհ» իմ հոդվածը։ Մի մեջբերում ընդամենը.

Եգորի խմբին տեղ չգտնվեց այդ դաշինքին մեջ։ Գուցե դա բացատրություն ունենար, եթե Վազգեն Սարգսյանը Եգորի մահվան առիթով այսպիսի լուրջ ու դրամատիկ գնահատական չտար. «Եգորյանը կայացած, լուրջ ստեղծագործական մտքի տեր, սկզբունքային քաղաքական գործիչ էր։ Հայ ազգը ծանր կորուստ կրեց»։ Իսկ այդ կորուստը կանխորոշված էր։ Անգամ մեկ տեղ չգտնվեց Եգորի համար։ Նրա դեմ «Միասնություն-Երկրապահը» դրեց Ծաղիկ Ռուբոյին… Ես պնդում եմ, որ սա ծրագրված (մեր տեսակով), կանխորոշված (մեր նեղ մտքով-չարությամբ) սպանություն էր։ Ինչո՞վ էր զբաղված Եգորը հուլիս-օգոստոս ամիսներին, ի՞նչ պիտի աներ հետո։ Եգորին զրկել էին իր անելիքից։ Նա ավելորդ էր։ Իսկ նա գնալու տեղ չուներ։ Այս Երրորդ հանրապետությունը նաև իր ծնունդն էր, որի առողջության ու որպիսության համար ինքը անձնական պատասխանատվություն էր զգում։ Եգորը…

Կարդացեք՝ տգիտության աստիճանի մեզ անհաղորդ դարձնող գոնե հարյուրամյա փակ շրջանը հաղթահարելու, լիարժեք հաղորդակցություն հաստատելու, իրար ճանաչելու համար։ Կարդացեք նաև «10 տարի անց։ Էդուարդ Եգորյանի պայծառ հիշատակին»՝ 1999-ի հոկտեմբերի 18-ի իմ խոսքը, «Նամակներ կալանատնից» այս գրքույկը։ Սրանով պատրաստված ունկնդիր կլինեք Նոր ուղու.  հեշտ-օգտակար կլինի իմ քաղաքական ոչ մանկավարժական տեքստերը լսել-կարդալը…

Դրանից հետո դուք գիտեք ու կարծիք ունենալու ձեր անօտարելի, իմ կողմից մինչև մերջ հարգված իրավունքը։

15.12

Քաղաքական թեմաներով զրույցները ԶԼՄ-ներում (2018թ. մայիս-դեկտեմբեր)

(21) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>