0

Ի՞նչ կլինի, եթե…

Հետևելով Ջ. Ռոդարիին` այսպիսի վերնագիր առաջադրեցի. «Ի՞նչ կլինի, եթե մի քանի ժամով ուշանա իմ օրվա գրի թողարկումը»: Տեխնիկական ոչ մի խնդիր. չի՛ք: Տեսեք` ինչ կատարվեց կիրակի օրվա, այդ մի քանի ժամվա ընթացքում: Իջևանի շուկայում առօրյա ապրանքների գները կտրուկ բարձրացան, սիրտ-անոթային հիվանդության շտապ օգնության կանչերը բազմապատկվեցին, իսկ հայ-ադրբեջանական լարվածությունը դարձավ վերահսկելի: Հիմա՝ ժամը 21-22-ի արանքում, Երևանի կենտրոնում որոտ-կայծակ է ու ատամների կրճտոց… Վտանգի հետ խաղալ չի կարելի, ու ես որոշում եմ թողարկել օրվա գիրը:

ժամը 05-ն է Իջևանում, Նիկոլ Փաշինյանի հայրական տանը: Ես իմ քունը վերականգնում եմ. պառկել եմ կեսգիշերին՝  ուղիղ: Ուղիղ 5 ժամ կազդուրիչ քնել եմ: Երկրորդ անգամ:

Շուշան Բլեյանն Իջևանում, Նիկոլենց տանը, որ հիմա բազմամարդ է, լավ է զգում: Նիկոլն ու իր տիկին Աննան, Աշոտ Փաշինյանը, որ սեբաստացի է, Շուշան Փաշինյանը, որ նույնպես սեբաստացի է, վաղուց Շուշանին (Բլեյան) չեն տեսել: Լավ առիթ է Վիեննայից հարց ու փորձ անելու: Մեր մյուս, բոլորիս միավորող սեբաստացին՝ Մարիամ Փաշինյանը, Ֆինլանդիայի Կուուսամո քաղաքում է և սկայպով շարունակ մեզ հետ է. հրճվում է Դավթով, երկու Շուշաններով, 6 տարի իրենց ընտանիքի անբաժան անդամ` բարի ու մեծ Էբի շնով: «Բարի է ու մեծ, ինքը չի կծում, ես իրեն չեմ ծեծի, սիրում եմ …», ու հեծնում է ամեն ինչ անձայն, անգռմռոց, անմռունչ տանող, ամեն ինչ ներող Էբիին:

Հավաքվելու առիթը Նիկոլի ավագ եղբայր Արմենն է,  ում Նիկոլը ձայնով, տեսքով շատ է նման: Իր տղա Դավթի հետ եկել է Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքից, որտեղ ապրում է ընտանիքով 30 և ավելի տարիներ: Ահա հավաքվել են հայրական տանը, իսկ ես Փաշինյանների կարևոր իրադարձություններին մասնակից եմ շուրջ 20 տարի: 1994 թվին, երբ ես նոր-նոր նշանակվել էի ՀՀ լուսավորության նախարար, նախարարության մամուլի քարտուղար Սերգեյ Հարությունյանն իմ խնդրանքով ինձ ներկայացրեց այն ժամանակ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանող, լրագրության մեջ արդեն տեսանելի քայլեր անող Նիկոլին, հետո լրագրող Արմինե Օհանյանին, ով խմբագրեց «Դպրոց» թերթը: Ու չնայած մեր դիրքերի ու տարիքների տարբերությանը՝ հայրեր-որդիներ (2015-ին Նիկոլը կդառնա 40, իսկ ես՝ 60 տարեկան), եղանք անբաժան: Ես միշտ հետևել եմ Նիկոլին, որ իր ուսանող ընկերուհու՝ Աննայի հետ, որպես ընկեր-ամուսիններ, անցնում է բարդ ու տպավորիչ ճանապարհ:

Մենք այս 20 տարիներին միշտ հարգել ենք միմյանց ինքնուրույն գործելու իրավունքը և ամենադժվար պահերին անգամ իրար կողքի ենք եղել, հատակապես՝ ամենա-ամենադժվար, որ քիչ չեն եղել երկուսիս կյանքում: Այսպիսի մարդկային հավատարմություն, անտարիք ու անժամկետ, անառևտուր՝ առանց շատի-քչի, առանց… այս տան շան՝ Էբիի նման… Իսկ Մարիամ, Աշոտ, Շուշան Փաշինյանները` ինձ թանկ սաներ-ընկերներ, մշտապես իմ հիացմունքի և ուշադրության կենտրոնում են: Աշոտը ծնվել է 2000-ի փետրվարին, երբ ես Նուբարաշենի Կլոր բանտում էի, ու Նիկոլը` «Օրագիր-Հայկական ժամանակ» թերթի հիմնադիր խմբագիրը,  որպես ինձ զորակցության ձև, անվանել է նրան իմ անունով: Չի մոռացվի… երբ Աշոտի քառասուն օրը լրանալուց հետո Աննայի հետ գտավ հնարավորություն ու Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարանի դահլիճում (ինձ երկար, շա՜տ երկար, շուրջ երկու տարի դատել են) ինձ ներկայացրեց Աշոտ Փաշինյանին: Ու սա անհրաժեշտ հուզականություն է հաղորդում Նիկոլի և իմ, Աշոտ Բլեյանի և Աշոտ Փաշինյանի կապին: Ի դեպ, այս օրերին, Դավիթը Աշոտին, ում Էբիի նման ու Էբիի չափ սիրում էր, անընդհատ փաղաքշում, անվանում էր Գագուլ, Գագուլիկ: Նիկոլը կատակեց, թե Դավիթը սրանով անվանափոխության հարց է բարձրացնում: Ինձ համար սկզբունքային է, որ Նիկոլը միշտ ուշադիր հայրիկ է եղել և մնում. դպրոցին, ուսուցչին, տնօրենին վստահող-բրախողներից չէ: Ու մեր՝  կրթահամալիրի տնօրեն – սովորողների հայր հարաբերությունը լավ է, շատ լավ, որ մեզ չբաժանեց… Շուշանով, Մարիամով, Աշոտով այսօր դժվար է չհիանալ: Օրիորդացող Շուշանը սքանչության առարկան է Մարիամի ու Աշոտի, ով ամբողջ հուլիսը այնքա՜ն օգտակար-սիրով անցկացնում է Իջևանում տատիկ-պապիկի, իջևանցի իր նոր ընկերների հետ: Իր ընկերներին է փոխանցում հեղինակային կրթական ծրագրի իր կարողությունները:

Աշոտի մասին` դրվագներով: Մինչ ես՝ իմ եղբայր Ստեփանի, Դավթի, Արմինեի ու Շուշանի հետ, Իջևանի ճանապարհին էի, անհանգիստ պատմություններ են փոխանցում Իջևանի շուկայում գնումներ կատարող Նիկոլին Տավուշի տարբեր բնակավայրերի բնակիչները (ով չի ճանաչում Նիկոլ Փաշինյանին) այնպես, որ ԱԺ պատգամավորը, հենց շուկայից շարժվում է սահմանամերձ Բերքաբեր, Բաղանիս… Իբր տեսել են տանկեր, սահմանի երկու կողմերում, կատարվում են խաղաղ բնակիչների տեղահանումներ… Եվ պարզվում է` Աշոտը ոչ միայն պարտադրում է ինքն իրեն, այլև ողջ ընթացքում հոր առաջից է քայլում` որպես թիկնապահ ծածկելով հորը: Այս ամենի մասին Նիկոլը պատմում էր տողերի արանքում, բայց հոր անթաքույց հպարտությամբ: Նրա համար կարևոր էր, որ ես իմանայի Աշոտի այսպիսի հասունության մասին: Էլի դետալ (դետա՞լ). Աշոտը, որ կրթահամալիրի վարժարանի 11-րդ դասարանում է սովորում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում անգլերենի ստուգումներից, ի զարմանս հայրիկի ու մայրիկի թոյֆըլ ծրագրով 4 է ստացել, երբ նույն վարժարանի սովորող, անգլերենի իր իմացությամբ հայտնի Մարիամ Փաշինյանը՝ 3: Երկու Աշոտներով երկար զվարճանում ենք այս դրվագով: Մենք միշտ էլ առիթն օգտագործել ենք համատեղ` ստեղծողի մոբիլ դպրոցի առավելությունները հայրիկ-մայրիկին ցուցանելու համար: Եվ երրորդ դետալը, որ Դավթի օրինակով ցցուն ներկայացավ, բայց որը Դավթի ով լինելով չէր պայմանավորված. Աշոտը բոլոր փոքրերի (ծանոթ, անծանոթ) ընկերն է` սկսած իր քույրիկ Շուշանից ու նրա ընկերներից:

Դավթի այս գրավիչ, կարմիր անոթը (գորշոկ) մեր ճամփորդություններին մոբիլություն է հաղորդում: Ահա Դիլիջան-Իջևան ճանապարհին, Աղստևի աջ ափին Դավիթն ուզեց…. քաքիկ անել: Տեսարան է… ու նրա կողքին հանրահայտ Աշոտ Բլեյանը պահակակետ է տեղադրել. «Հեռու մի´ գնա պապա, կանգնի կողքիս, որ ես հանգիստ քաքիկ անեմ, ու դու վերջում մաքես…» Բա չէ՜, մայրիկը. «Չեմ ուզում` մայրիկը մաքի, ուզում եմ դու մաքես…»: Համաձայնեք, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվում սրանով, այնպես, որ ինձ ճանաչեց ու մոտեցավ ճանապարհային ոստիկանության մեքենան: Հարգալից ներկայացան` ինչով օգնեն իրավիճակից դուրս գալու: Ասացին, որ ճանապարհը փակ է, Բերքաբերում` վիճակը լարված, եթե ուզում եմ, կարող են փոխադրել սահման: Մտածեցին, որ ճանաչված գործիչը անհանգստության լուրն առել է ու շտապել է սահման… Իմ անհանգստությունը խտացավ Նիկոլի զանգով. նաև Բերքաբերի ճանապարհին է, շտապում է, մեզ տնեցիները սպասում են Իջևանում: Ժամեր հետո, երբ մեզ միացավ Նիկոլն իր ընկերների հետ, զանգեր ու զանգեր… «Եվրոնյուզի», «Հ1»-ի, «Ազատության» նորություններ, ինտերնետ բազում կայքերի քաղվածքներ, սահմանամերձ գյուղերի գյուղապետերի, զորամասերում ծառայողների, ընտանիքների հետ միացումներ… Ես հաշվեցի, որ Փաշինյանների Իջևանի տան հյուրասենյակի ինտերնետ միջավայրում աշխատում էին չորս նոթբուքեր, մի քանի պլանշետներ. իսկական տեղեկատվական, վերլուծական կենտրոն… այս անապահովության, անորոշության ծավալումը տեսնես ուր կտանի: Մենք հո ջուրն ընկած տաշե՞ղ չենք, որ անկարող, անհաղորդ տրվենք հոսանքի տարուբերումներին, որ մի տեղ մեզ ափ հանի: Սա շատ բաներով ինձ տեղափոխեց 1992-94թթ., զուգահեռներ՝ տեղի-անտեղի… Ես` ԳԽ պատգամավոր, նորաստեղծ «Նոր ուղի» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, «Այլընտրանք» քաղաքական-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Նիկոլ Փաշինյանին պատմում էի ու լսում: Կարևոր է մեր փորձի, անելիքի քննարկումը, փոխանցումը, անհրաժեշտության դեպքում և աշխատանքի բաժանումը: Ես ավագ սերունդն եմ, 1988-ի շարժման մեկնարկում կանգնած գործիչ (կարևոր էլ չէ իմ ազդեցության չափը), Նիկոլը իմ ավագ դուստրերի՝ Լիլիթ և Տաթև Բլեյանների սերունդն է, Նիկոլն ինձ նոր հարց տվեց, ու ես պատասխանելու փոխարեն շուռ եկա դեպի Աշոտ Փաշինյանն ու Շուշան Բլեյանը: Ընկերներ, կա և երրորդ սերունդը, առանց որի մենք ո՛չ կարող ենք լուծել ղարաբաղյան կոչվող թնջուկը, ո՛չ էլ պետք է… Իրե´նց կյանքն է չէ՞: Իսկ մենք լսո՞ւմ ենք նրանց, իսկ մենք լիարժեք մասնակից դարձնո՞ւմ ենք իրենց կյանքի՝ տեսեք, նորից առաջին պլան մղված խնդրին՝ հարևան Ադրբեջանի ժողովրդի ու պետության հետ խորացող… դեպի մութը գնացող… հակամարտության: Լսում ենք ձեզ, Աշոտ Փաշինյան և Շուշան Բլեյան, խոսե՛ք, գործե՛ք, լուծումներ առաջարկեք, քննարկե՛ք, հանրայնացրեք խնդիրը՝ ոչ որպես մեծերին կրկնող անհանգստություն, որ բերում է տափակ լուծումների` ես գնացի, ինձ վրա հույս չդնեք, կամ պատանեկան-երիտասարդական հայհոյանք-հոխորտանքների… Սրա շարունակությունը՝ օգոստոսի 4-ի իմ գրում:

Ինչ էլ լինի, մենք շարունակ արձանագրում ենք Դավթի լեզվական ամեն մի ներկայացում-բեմականացում, չէ՞, ուրիշ էլ ի՞նչ … Չենք էլ հասցնում երկուսով-երեքով գրանցել: Դավիթն ամենահաս է, բայց «Հնեվանք»-ի արշավախմբային ճամբարի ղեկավար Գևորգ Հակոբյանին տված խոստումը պարտավորեցնում է, որ սրանց հետ վարվենք որպես մանկավարժական մասունքների: Ահա:

Հաջողությո՜ւն, ես էլի կգամ, բաբուշկա…

Դավիթը պառկում է գետնին գցած ծածկոցի վրա, իմ կողքին. «Այսպես ինձ հարմար է…» ու սկսում է հարց ու պատասխանի շարանը. «Պապա-հայրիկ, Փաշինյան Աշոտը Փաշինյան Նիկոլի որդին է: Փաշինյան Աշոտը սեբաստացի է: Փաշինյան Նիկոլը սեբաստացի չի՞: Պապա, ո՞վ է Փաշինյան Նիկոլի հայրիկը: Դու ե՞ս Փաշինյան Նիկոլի հայրիկը: Դու պապիկ ե՞ս: Ո՞ւմ պապիկն ես: Փաշինյան Նիկոլի՞…»:

Դավիթը Իջևանի անտառներում զբոսնեց, ցեխերի մեջ թավալվեց, մի քանի անգամ սայթաքեց ու վեր կացավ, նեղ արահետով մեծավարի քայլեց, առվակի մեջ քար գցեց, հետո հայացքը ուղղեց ամպերին, նայեց մայրիկին ու խոստովանեց. «Մայրի՜կ, ես ինձ այստեղ լավ եմ զգում»:

Դավիթն Իջևանում մի պահ սկսեց հազալ: Մայրիկը գիշերանոթին նստեցնելիս անհանգստացած դիմում է որդուն. «Վա՜յ, Դավիթ ջան, մրսել ե՞ս»: Դավիթը թե՝ «Հա, ցավոք սըլտի»:

Ավագ Փաշինյաններին հաջողություն ենք մաղթում ու դուրս գալիս: Դավիթը հանկարծ Երջանիկ տատիկին այսպես է դիմում. «Հաջողությո՜ւն, ես էլի կգամ, բաբուշկա»:

Փաշինյանների աստիճանները երկար են: Դավիթը շատախոսելով աստիճան-աստիճան իջնում է՝ ետ նայելով աստիճանների գլխին կանգնած տատիկին: Շուշանը ձայն է տալիս. «Դավի՜թ, շո՛ւտ արա, առանց քեզ կգնանք»: Դավիթը պատասխանում է. «Սպասեցե՜ք, առանց ինձ մի՛ գնացեք, ես է՛լ եմ գալիս, Էբիին ճանապարհեմ ու գամ»:

Աննա Հակոբյան-Փաշինյանի համար սրանք մի-մի հայտնություններ են, ու Աննայի հիացմունքի ճչոցները հիմա էլ իմ ականջում են:

Դավիթը եղավ Իջևանում. «Սա Իձիվանն է, սրան Իձիվան են ասում…»: Դավիթը սիրեց Իջևանի անտառը, Աղստևի հովիտը, իր մշտական ուշադրությունը եղավ, Դավիթը հերոսացավ Փաշինյանների հավաքում:

Դու, Սասունցի Դավիթ, մեր սիրելի հերոս ու մարդ:

(648) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>