0

Գործիքն ավելի չսիրենք, քան գործը

Արթնացա գիշերվա 3-ին մոտ՝ մահիճում անցկացրել եմ 4 ժամ. այսպիսին եմ ես, գործում եմ 20 ժամ… Որ ասում եմ՝ 24 ժամն ի՞նչ է, որ մարդ հոգնի, չափազանցությունը 4 ժամի չափով է… Պիտի երեկվա-այսօրվա, իմ կյանքի գիրը պատմեմ: Աչքի եմ անցկացնում իմ փոստը,mskh.am-ը… Հետո պիտի պատրաստվեմ. «Հայկական ուրբաթի» այսօր նկարվող քննարկման մասնակից եմ. ծանր թեմա է իմ ու ազգիս հարյուրամյա ցեղասպանության մասին… Ես, գիտեք, եթերում ինձ ազատ եմ զգում, ինչպես ամենուր, բայց չեմ սիրում անպատրաստ, ասել է՝ հեռուստադիտողի նկատմամբ անհարգելի վերաբերմունքով զրից՝ զբաղեցնելու, ձև քշելու, եթերից երևալու համար: Երբեˊք, «լցվել» է պետք. 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագիրը նորից կարդալ՝ նշումներով, Ստրասբուրգյան օրագիրը՝ Միջազգային իրավունքի եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթացող «Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարության գործի նյութերն աչքի անցկացնել… մի չորս-հինգ ժամվա աշխատանք՝ մինչև առավոտվա 7.00-7.30, երբ սկսվում է օրը Դավիթ Բլեյանի հետ… Ծուռ՝ էպոսում, ծուռ՝ իմ կյանքում. Դավիթը, ահա, թփթփալով գալիս է, չի ուզում քնել՝ մայրիկից նեղացել է… Գիշերվա 4-ն է… ի՜նչ լուսին է, ի՜նչ երկինք… մենք սիրում ենք միասին երկինք նայել… Ես պատմում եմ սիրով, իմ կյանքում հազարերորդ անգամ, Պոչատի պատմությունը… Չէˊ, սա քնող չէ… Մուլտիկ է ուզում՝ ինքն ու իրեն զարգացնող խաղերը… Արմինեն էլ միացավ՝ արթուն պահակ է մեր ընտանիքը. քնի՜ր, սիրասուն ազգ, սեբաստացի ու ոչ սեբաստացի…

Անհամբեր սպասում եմ Աիդա Պետրոսյանի՝ 2014-2015 ուստարվա մեծ նախաձեռնությանը՝ 5 տարեկանների ուսուցման ծրագրով սեբաստացի ամենակրտսեր 1-ին դասարանցիների (6 տարեկան են, չէ՞, շրջադարձային՝ պարտեզից դպրոց սահմանների ջնջումն ավելի հեշտ գործ չէ) հունվարյան հավաքին, որ կայանալու է Նոր դպրոցում, վաղը: Ես մասնակցելու եմ, իհարկե: Իսկ մարմնամարզությունը, իմ ամենաընկեր, իմ Տաթև աղջկա անմոռանալի-մշտական ուսուցիչ, տիկնիկ Աիդա, այլընտրանքային պիտի լինի, որ իսկական՝ այսպիսի՜ն լինի՞… Կեցցեˊք, Ինգա, Բուրիկ, առօրյա դարձրեք, ամառ-ձմեռ՝ ձյունառատ, թե գարնան պես արևոտ, ինչպես հիմա… Անցեք մեր նախակրթարանների բակերը՝ իրենց ավազոտ-խճոտ խաղահրապարակով, դրանք միշտ անփոշի ու հարմար են մարմնամարզության, բացօթյա հեծանվաերթի համար…

Հասմիկը Սարգսյանը, ով Ձմեռ պապի ուժով 2015-ին դարձավ 6 տարեկան, ցույց է տալիս, թե սեբաստացիական կրթական ծրագիրն ի՜նչ ուսումնական կարողություններ է ապահովում տանը և նախակրթարանում, և ինչպիսի զարգացում կարելի է ունենալ այդ ուսուցմամբ: Ահա, մասնավորի՝ Արևիկ Ներսիսյան մայրիկի և հայրիկի, Հասմիկ Սարգսյանի տատիկ-պապիկների փորձին որտե՞ղ ծանոթանանք, եթե ոչ «Դպիրում»… Ի՞նչ անուն դնես այս համատարածին՝ ծուլությո՞ւն, թե՞ ռիսկի պակաս…

«Անանիա Շիրակացի» ճեմարան-կրթահամալիրի կրտսեր դպրոցի նախաձեռնությունը՝ մեկ օր անցկացնելու մեր կրտսեր դպրոցում, մասնավորապես Գեղարվեստի, մենք պիտի ողջունեինք այսպիսի սիրով-շնորհքով ընդունելությամբ… Մեր կրթական միջավայրը՝ աստղացուցարանով, ջերմոց-պարտեզ-ցուցասրահով, Գույն TV-ով, ունիվերսալ դրական է անգամ յուրաքանչյուր մասնավոր դեպքում՝ ևˊ առանձնահատուկ ճանաչվածի, ևˊ արտակարգ համարվողի, ևˊ սովորական եղածի… Մենք պիտի սովորենք միասին գործել՝ լինելով մասնավոր-տարբեր հայտնի հանրակրթական օջախներ… Քանի՞սն են դրանք Հայաստանում՝ ձեռքիս մատները կհերիքեն, հաստատ, հաշվելու համար: Եվ լավ է, որ սեբաստացիներն ու ճեմարանականները հետևողական քայլում են ընդառաջ՝ կտրելով Երևանը հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք, արվարձանից արվարաձան՝ միշտ կրթական նախաձեռնությունների կենտրոն լինելով… Կկարողանա՞ն մյուս հայտնիներն էլ իջնել իրենց «բարձունքից»՝ միասին գործելու համար, հանուն Հայաստանի Հանրապետության, համեցեք…

Օրագրի ընթերցողի կասկածամտություն-հանդիմանությունը չնկատելու տամ, որ մասնավոր բնույթի խնդիր մնա, որքան էլ այն տարածված է, անցնեմ բուն հարց-պահանջին՝ Բերձորի հունվարի 31-ի «չմարսվող-կոկորդիս-մնացած» ցուցադրությանը… Երբ ես տեսանյութն 1in.am-ում տեսա, կարծես, ինձ զգացի վերացած-ստորացած (ասես ինձ էին ծեծում, գցում քացու տակ, ստորացնում) իմ հայրենիքում… Այսպես ինձ հետ վարվել էին 1999-ին՝ հուլիսին, երևի, Կլոր բերդում, երբ բերդի ղեկավարությունը որոշեց բոլոր կալանավորներին դաս տալ՝ ցուցադրական ինձ քացու տակ գցելով, երբ ես ծառայական մասում փորձում էի պաշտպանվել քննչական կամայականություններից…
– Այսպես ենք վարվելու յուրաքանչյուրիդ հետ…

Տեսանյութի ձայներից մոտեցել էր Դավիթը՝ ինձ համար աննկատ. և երբ շուռ եկա, սարսափ տեսա տղայի աչքերում…
– Ինչ ե՞ն անում, հայրիկ…
– Բռնանում են մարդկանց վրա…
– Ես կպաշտպանեմ մարդկանց, ես Դավիթն եմ Սասունցի…
– Հա, Դավիթ Բլեյան, ես, մենք չենք կարողանում, տես, ոˊչ ինքնապաշտպանվել, ոˊչ պաշտպանել… Դու Դավիթն ես, աշխարհ ենք քեզ բերել մեր անուժությունից… Որ ուժ տաս, թև տաս մարդկանց…

Հիմնական դպրոցում Դավիթը մասնակցեց 2-֊րդ դասարանի սովորող Նանեի ծննդյան ծեսին

Ես նույն ուշադրությամբ կարդացի-լսեցի մեդիակրթության հայտնի մասնագետ, «Նախախորհրդարանի» ղեկավարներից Գարիկ Չուքասզյանին, հետո ԱԺ-ում խորհրդարանային ելույթները, քաղաքական գործիչների, կուսակցությունների եղած հայտարարությունները: Ահա, հանրապետական խմբակցության անդամ, «Առավոտ» թերթի երկարամյա լրագրող, այժմ ակտիվ գործող պատգամավոր Մարգարիտ Եսայանի տեսաելույթը… 1999-2001-ին Մարգարիտն «Առավոտում» ինձ էր պաշտպանում, երբ ինձ ծեծում էին, բռնում… Հիշում եմ, իմ՝ բերդից դուրս գալու օրը մեր տանն էր՝ ոգևորված… Ինչո՞ւ, Մարգարիտ Եսայան, հիմա քո մանդատի ուժով չես պաշտպանում, երբ ավտոմատով-բռնի, խաղաղ մարդկանց նկատմամբ… իրենց կանանց ու երեխաների աչքի առաջ, օրը ցերեկով, ազատության մեջ… երբ դու իշխանություն ես վերին…

Ես ուզում եմ հասկանալ կատարվածը։ Վրիպում չէ, որ ասես, դե լավ, դեպք է, եղավ.-եղավ: Չեղավ: Մեր կյանքն է, մեր հայրենիքը՝ Հայաստան-Արցախում…

Հիմա, հենց հիմա Դավիթն ուզում է լողանալ. առավոտ է՝ ժամը 6.00.
– Հենց հիմա լողանամ:

– Հայրիկ ջան, շնորհակալություն, որ մազերդ կտրել ես,- դիմավորում է խանդավառ Դավիթ Բլեյանը, երբ իրիկունը՝ 7.00, տիար Գևորգին, մեր ապաքինված-տրուդոգոլիկ Սուսանին, տիկին Աիդային թողել եմ Մեդիայում՝ ծով գործերի հետ, ու մտնում եմ տուն: Մոռացել էի, որ մազերս իմ մշտական վարսավիրը կտրել է… Արմինե Թոփչյանին շնորհակալ եմ, միշտ հուսալի ընկեր է, քույր իսկական, մեկ-մեկ շատ սիրելուց կռվում ենք, իհարկե… Հա՛մ հագուստի ոճաբան աշխատեց, նոր կոշիկ, վերնաշապիկ ունեցա, հա՛մ, կիրակի օրով, ընկեր եղավ Դավթին, լավ խաղացին, հա՛մ էլ վերահսկեց, որ ես, վերջապես, հայտնվեմ վարսավիրանոցում… Ի՜նչ վարսավիր, անունն էլ Իսրայել, լավագույնը՝ ոչ միայն տարածաշրջանում. լսեք՝ Իսրայելը 2014-ին երկու տղա է ունեցել, 10 ամսվա տարբերությամբ, եղբայրը 6-ն ունի… պիտի հասնի-անցնի… Հալալ է քեզ, ախպեր ջան…

– Այդպես չի, սխալ ես պատմում, դու ճիշտն ասա,- սիրում է նեղսրտել մեր հերոսը, երբ Արմինե մայրիկն անցնում է Դավթի գիշերային քնին ուղցեկցող հեքիաթապատումին… Ուզում է կարճ կապել…

Դավթի համար հեքիաթը մայրիկին իր մոտ ավելի երկար պահելու միջոց է, ինքը բերանացի գիտի ողջն ու թույլ չի տալիս կամայական անցումներ…

– Ընկեր Կարինեն ինձ այսպես ծեծում է…,- փորձում է բացատրել մեր հերոսը զավեշտով, թե ինչու այսօր էլ չի գնացել իր խումբ, այլ, ինչպես երեկվա պատումի նկարներից տեսաք, Հիմնական է գնացել…
– Դու ի՞նչ ես անում, որ ծեծում է,- որ զավեշտը կատարյալ լինի… հարցնում եմ՝ լուրջ-լուրջ:
– Նայում եմ իրեն, տխրում եմ…
Ու միասին, ընտանիքով ծիծաղում ենք. մենք լա՜վ գիտենք մեր դաստիարակչական քառյակին՝ Կարինե, Մելինե, Գոհար, Նոնա… պաչիկներ, «ծեծեք», որ մարդ մնա այս Սասունցի-Սեբաստացի-Բլեյանների Դավիթը:

Յուրան ու Ռուզանն են եկել՝ իմ մեծ եղբոր թոռները, իմ եղբայր Պետրոսի զավակները: Յուրան փայլուն սովորում է Սլավոնական համալսարանի ֆիզիկայի-էլեկտրոնիկայի ֆակուլտետում, Ռուզանն ավագ դպրոցական է։ Համբերատար-սիրով երկար խաղացին… Դրել հավաքում են «երկարագուլպայի» երեկ բերած մեքենան… Լավ, փափուկ կոնստրուկտոր է գտել գուլպան կախարդական. առանց Նառա Նիկողոսյանի նրա կախարդանքի ուժը բավարար չէր լինի հաստատ… Ա՛յ նվեր խաղ և նվեր մեքենա… Դավիթն իհարկե տարված է իր խաղով, ավագ եղբայր-քույրիկով, այնքան տպավորված վերաբերմունքից, որ առավոտ կանուխ պահանջեց, որ զանգեմ՝ նորից գան։ Եվ կգան, առանց զանգի…

Ինչպես հունվարյան ստուգատեսների մասնակիցները՝ սեբաստացի, ոչ սեբաստացի, որտեղ էլ, որ լինեն: Կգան, համեցեք, ուրբաթ օրը, փետրվարի 6-ին` ժամը 15.15 Մեդիաուրբաթ-համերգին՝ դպրոցական համույթների պարատուն Մարմարյա սրահում: Իսկ շաբաթ օրը սեբաստացիական «Համեղ-դդմեղ ղափամա» ծեսն է մեզ միավորելու:

 

(134) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>