0

Բլեյանի դպրոց` հայաստանյան նախագիծ, սովորական հայաստանցու անսովոր դպրոց

Կրթահամալիրի պատմությունը տնօրենի օրագրում

Բլեյանի դպրոց կամ Բլեյանի անվան դպրոց կամ անգամ Բլեյանի անվան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կամ ու կամ, անգամ ու անգամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ասելով՝ հաճախ նույն՝ Երևանի թիվ 183 դպրոցը նկատի ունեն, «Առնո Բաբաջանյանի 25» հասցեի այն շենքը, որում 1984թ. իր գործունեությունն սկսեց Երևանի Շահումյանի շրջանի թ. 183 միջնակարգ դպրոցը:

Ճիշտ այդպես, ինչպես գրքում նկարագրել է ամերիկացի Հեդրիկ Սմիթը, 1985թ. հուլիսյան մի օր ես դուրս եկա Երևանի Չարենցի փողոցից ու ճանապարհ ընկա դեպի Բանգլադեշ… Ճիշտ այդպես, ինչպես նկարագրված է, ես շփոթված մտա փոշու մեջ կորած թաղամասը (այդպիսի փոշի ես տեսել էի, իհարկե, 1975-76 թթ. ուսանողական ջոկատների կազմում՝ Ռուսաստանի ոչ սևահողային գոտում աշխատելիս)…

Այստեղ ինձ սպասում էին իմ համալսարանական հեղափոխական ընկերները, դպրոցի ուսմասվար Աշոտ Դաբաղյանն ու կազմակերպիչ-փոխտնօրեն Աշոտ Մանուչարյանը… Ամեն ինչին գումարած՝ 1985թ. օգոստոսին սա դպրոց էր առանց տնօրենի… Ո՞վ կարող էր աշխատել այսպիսի Աշոտների հետ` մոտ ընկերների, հարազատ մարդկանց, ինտելեկտուալների, որ որոշել էին միասին վերափոխումներ սկսել հայ իրականության մեջ (շարունակել իրենց նախկինում կատարած գործը)՝ հիմնելով նոր դպրոց։ Նորակառույց արվարձանը լավագույն հնարավորությունն էր այդպիսի հանդունգն նախագծի իրականացման համար, իսկ Աշոտների հայտնի քեռին ու հորեղբայրը (Շահումյանի շրջանի 1-ին քարտուղարը Աշոտ Դաբաղյանի քեռին էր, իսկ Երևանի քաղաքային քաղխորհրդի գործկոմի նախագահի 1-ին տեղակալ Յուրա Ջավադյանը՝ Աշոտ Մանուչարյանի հորեղբայրը) ավելի անմեղ-օրինավոր աքսորավայր չէին կարող մտածել… Բանգլադեշի նորակառույց թիվ 183 դպրոցը աքսորավայր էր նախատեսված նաև ինձ համար` քաղաքի կենտրոնում, թիվ 10 դպրոցում հայագիտական դասարաններով, ազգային կրթությամբ կուսակցական-պետական շրջանների համար անհանգիստ վիճակ ստեղծած, համալսարանից հայտնի ու մանկավարժություն արտաքսված փոխտնօրենին… Շնորհակալ եմ երախտահիշատակ Վարդգես Պետրոսյանին՝ այդ շրջանում հայտնի գրողին ու գրողների միության եռանդուն-ազդեցիկ նախագահին, ով ճանաչում-հովանավորում էր իմ կրթական-հայրենագիտական նախաձեռնությունը: Վարդգես Պետրոսյանը կարողացավ համոզել, պարտադրել քաղաքային իշխանությանը՝ ազատվել ինձանից բարձրացնելով իմ պաշտոնը:

Այսպիսով 1985թ. սեպտեմբերի 1-ը ես դիմավորեցի որպես Երևանի Շահումյանի շրջանի թիվ 183 միջնակարգ դպրոցի տնօրեն, դպրոց, որ իր դռները նորակառույց ՀԱԶ Բ-1 թաղամասում բացել էր 1984-ին, անավարտ էր ու անորակ շինարարական աշխատանքներով, ռուսերեն և հայերեն ուսուցմամբ դասարաններով։ Այն ժամանակ Բանգլադեշի Բ-1, Բ-4, Բ-3, Բ-2 թաղամասերում շատ էին զինվորական ընտանիքները ԽՍՀՄ տարբեր ծայրերից, և գտնվել էր ռուսական դպրոց բացելու մի նոր առիթ: Սկսվեց…

Տարիքով 30-ի մոտ երեք Աշոտներին միավորում էին գաղափարները, մտքերը, նորարարությունները, որոնք իրարից տարբեր, բայց մանկավարժական էին…
Արագ ու անորակ կառուցված այս դպրոցը արագ էլ բնակեցվում էր: Դպրոցը «երկլեզվանի» էր, սովորողների մի մասը՝ հայերեն, մյուս մասը ռուսերեն ուսուցմամբ 1-10-րդ դասարաններում էր սովորում։ Սովորողների թիվը 1-2-3 տարում մոտեցավ ու անցավ 2000-ի սահմանը, իսկ շենքը նախատեսված էր 1568 սովորողի համար։ Եվ որպեսզի կարողանայինք ինչ-որ կերպ տեղավորել երեխաներին, ստիպված էինք կտրատել ընդարձակ միջանցքները, դասասենյակների վերափոխել ուսումնա-օժանդակ տարածքները։ Այս գործը արդեն ընթացքի մեջ էր, երբ ես 1985թ. օգոստոսի վերջին նշանակվեցի այս անդիրեկտոր թ. 183 դպրոցի տնօրեն…

Երեք Աշոտներով (Բլեյան, Դաբաղյան, Մանուչարյան) ամբողջությամբ զբաղված էինք մանկավարժությամբ՝ մեր մանկավարժական ծրագրերը, մտքերը իրականացնելու համար լիուլի օգտագործելով Գորբաչովի նախաձեռնած վերակառուցման (перестройка) և հրապարակայնության (гласность) ընձեռած հնարավորությունները:

Թիվ 183 դպրոցը փորձարարական էր, ենթակա Լուսավորության նախարարությանը, բայց շրջանային-քաղաքային կուսակցական և խորհրդային իշխանությունների, շեֆական կազմակերպությունների հետ բազում տնտեսական խնդիրներ ունեինք լուծելու:

Արտաքին հարաբերություններով ու կրտսեր դպրոցով-մանկապարտեզով ամբողջությամբ ես էի զբաղվում, Աշոտ Դաբաղյանը՝ միջին և ավագ դպրոց-վարժարանն էր անմիջական ղեկավարում, նախաձեռնում արշավներ, Աշոտ Մանուչարյանը մեր և՛ հոգեհանն էր, և՛ հոգեբանը: Հոգեհանը՝ ուղիղ իմաստով: Դպրոցում շատ էին ու շատանում էին տղամարդ ուսուցիչները, բոլորն էլ ծխող՝ սկսած Աշոտ Դաբաղյանից, ավարտած Մայիս Նիկողոսյանով, շատերն ուշանում էին դասերից, շատերը ոչ այնպես վարվում սովորողների հետ։ Մանուչարյանին հարգում էին բոլորը, կյանքով գիտեին նրա աննահանջ հետապնդման մասին: Աշոտն օրինակ էր. չէր ասում բաներ, որ ինքը չէր անում: Հոգեբան Աշոտն անհատապես աշխատում էր տասնյակ դժվար խառնվածքով տղաների հետ, յուրաքանչյուր սովորողի շահերի պաշտպանն էր. կոնկրետ գործով, կոնկրետ երեխայի, կարող էր զբաղվել օրեր, շաբաթներ…

Դպրոցն այն ժամանակ ամենաերիտասարդն էր ուսուցչական կազմով, անընդհատ համալրվում էր նոր ռումբ-երիտասարդ կադրերով։ 1-2 տարում նա մեր ու Շահումյանի ժողկրթբաժնի, քաղժողկրթբաժնի շարունակական հակամարտության պատճառով դարձավ, մայրս կասեր, քաղաքի ասելիքը… Իսկ երեխաների հոսքը սրանից մեծանում էր, ու շենքային տարածքները ավելի ու ավելի չէին հերիքում։ Մանուչարյան Աշոտը՝ թ. 183 դպրոցի փոխտնօրեն, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, առաջինը նախաձեռնեց սովորողների և ուսուցիչների ջանքերով շենքի հողա-քարալից նկուղները ուսումնականի վերածելու գործը…

Ամեն նոր ընդունվող երիտասարդ տղամարդ ուսուցիչ տեսնում էր, թե ինչպես համերաշխ պատանիների և տղամարդ ուսուցիչների խմբերը, զինված պատգարակներով, լինգերով, քլունգներով օրնիբուն մետր առ մետր նվաճում են նկուղը… Այսօրվա մեր ուսուցիչների նման չէին աշխատում, ներեցեք, ձեռի հետ, հաճախ` ցուցադրելու համար… Տիգրան Աղաբեկյանը, Ալեքսանդր Մարտիրոսյանը (մեր սիրելի Գոգը) բանվորական արտահագուստով, ուսումնական պարապմունքներից հետո, շաբաթ կիրակի օրերին ու արձակուրդներին, սովորողների հետ հավասար… Իմ՝ շինարարական ջոկատների հայտնի կազմակերպչի մուտքը նոր թափ ու կազմակերպում հաղորդեց այս աշխատանքին։

Հիմա դժվար է հավատալ, որ Մայր դպրոցում գործող խեցեգործության, փայտամշակման արհեստանոցների, նախկին ու ներկա հրաձգարանի, «հացի փուռ» կոչված տարածքի, մետաղագործության արհեստանոցի, պահեստների` ընդհանուր հաշվով մոտ 2500 քառակուսի մետր տարածքը նախկինում համարյա ծայրից ծայր լցված էր շինարարական լիցքով՝ հողով-քարով… Ու այդ ամենը քանդել, բարձել, տեղափոխել են թիվ 183 դպրոցի սովորողներն ու ուսուցիչները 1984-89թթ ընթացքում։ Ես այսօր էլ զարմացած եմ հաստատակամության-նվիրվածության, աշխատասիրության այդ նախագծով։ Սրան էլ գումարեք թ. 183 անորակ շենքի, քանդվող բետոնե հատակների վերափոխման աշխատանքերին սովորողների և ուսուցիչների մասնակցությունը: Մեծ աղմուկով-թափով սկսեցին գործել սովորողների առաջին ակումբը, բրուտանոցը, «Մանչուկ» անվանումով ուսումնա-արտադրական արհեստանոց-արվեստանոցները, որոնք դարձան մեր գեղարվեստի և արհեստագործական դպրոցների նախատիպերը… 

Սրան զուգահեռ, երեխայախեղդ չլինելու, մանկավարժական մեր հայացքներից բխող դպրոց-համալիրը կազմակերպելու համար ես սկսեցի տենդագին որոնել մեր մոտակա շրջապատի այլ՝ չօգտագործվող-վատ օգտագործվող տարածքները, շինությունները։ 10-ամյա դպրոցում ինքնուրույն երկամյա վարժարան-ավագ դպրոց՝ 8-րդ դասարանն ավարտած ուսումնատենչ սովորողների համար…

«Անկախ մայլում»՝ այն ժամանակ ատոմակայանի աշխատողների համար կառուցված էներգետիկների նորակառույց թաղամասում Երևանի այն ժամանակվա ամենախոշոր Գունավոր տպարան-կոմբինատը (հիմա այն մեծ լքյալ տարածք է հիշեցնում), իր աշխատողների համար մանկապարտեզի շենք էր կառուցել։ Ինչո՞ւ էր կառուցել՝ կոմբինատի ղեկավարությունը վատ գիտեր, բայց մենք նկատեցինք այն, համոզեցինք և՛ կոմբինատի ղեկավարությանը, և՛ Շահումյանի շրջխորհրդին, և՛ Երևանի քաղաքային խորհրդի ղեկավարությանը՝ այն մեզ հանձնել մեր վարժարանը այնտեղ տեղափոխելու, թիվ 183 դպրոցի շենքը բեռնաթափելու համար… Պետք էր տեսնել, թե ինչ ժրաջանությամբ-արագ 1-2 ամսում 12 խմբանի մանկապարտեզի տիպային շենքը վերածվեց քաղաքի անդրանիկ վարժարանի (գիմնազիայի)… Հետո այն դարձավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում «Լուսավորական» կոչվող դպրոցը, հիմա մեր Հիմնական դպրոցն է, որը որպես կրթական միջավայր` հեռավոր առնչություն ունի 1986թ. մեզ հանձնված այն շենքի հետ…

1987-ին մեզ հաջողվել էր Բաբաջանյանի պողոտայի երկայնքով ձգվող ԽՄԿԿ չգիտեմ որ համագումարի անվան նախկին սովխոզի տարածքից շինարարության համար մեծ հողակտոր վերցնել «Սուրբ Մարիամ Աստվածածին» ծննդատան հարևանությամբ, մոտավորապես այն տեղում, որտեղ կառուցվեց (ավարտվե՞ց) Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրը… Նախագիծն էլ ունեցանք նոր ուսումնական հաստատության… Բայց… Բանգլադեշի դուզի վրա որոշում կայացվեց կառուցել կրթահամալիրի ծածկած լողավազանը… Էլի բուն կառուցմանը գործը չհասավ… Կրթահամալիրը զարգացավ համայնքային լքված-չօգտագործվող մանկապերտեզային շենքերի վերափոխման ճանապարհով, ի՛նձ համար նախ և առաջ դժվար ուղիով…

Ես շատ էի ուզում մեր մանկապարտեզը՝ մեր պարտեզն ունենալ։ Մեր սերտ աշխատանքը ՀՍՍՀ լուսավորության այն ժամանակվա մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի, նախարար Սեմյոն Հախումյանի հետ ունեցավ իր արդյունքը, որը շատ բանով որոշեց կրթահամալիրի ապագան. դպրոցին հանձնվեց Շահումյանի շրջանի թ. 119՝ Բ-4 թաղամասի տիպային մսուր-մանկապարտեզը։ Մեր թ. 183 դպրոցը իրավաբանական անուն ունեցավ՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական ուսումնա-դաստիարակչական հիմնարկ. մենք դարձանք փորձարարական (հեղինակային), կտրվեցինք շրջանային-քաղաքային ենթակայությունից, «անաստված» Աշոտները իրենց մանկավարժությամբ հայտնվեցին երկնքում… Ճախրի՜ր…

 

Կրթական միջավայր ուսումնական տարածքը, որին Գեղարվեստ են անվանում, Րաֆֆու 69/1 հասցեում է (Հարավարևմտյան զանգված, Բ-1 թաղամաս, շատ մոտ կրթահամալիրի Մեդիակենտրոնին)՝ տիպային 14 խմբանի նախկին մանկապարտեզի շենք՝ իր 6970 քառակուսի մետր հողատարածքով։ Այստեղ է գործում կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցը՝ 2-4 տարեկանների զարգացման և խնամքի, 5 տարեկանների նախապատրաստական ուսուցման խմբեր, 1-5-րդ հանրակրթական դասարաններ։ Շենքի տարածքի մյուս մասում Գեղարվեստի ավագ դպրոցն է՝ իր 10-12-րդ դասարաններով, նկարչությունը, քանդակը, նախագծումը (ճարտարապետությունը), դիզայնը, կինո-ֆոտոգործը, դերասանական վարպետություն-ռեժիսուրան, արվեստագիտություն-լրագրությունը որպես հնարավոր մասնագիտական կրթություն ընտրած սովորողներով, որ քաղաքի հիմնական դպրոցներից են եկել այստեղ։

 

Երկու հարցի դժվար է պատասխանել՝ ի՞նչ կլիներ այս տարածքը, եթե 1991-ին Շահումյանի շրջխորհրդի գործկոմի նախաձեռնությամբ (միշտ շնորհակալ ենք ձեզ, Վահան Զատիկյան ու Սամվել Հարթինյան) այս նյութական միջավայրը չհանձնվեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, և ինչպիսի՞ն կլինի այս տարածքն ընդամենը 2-3 տարի հետո, քանզի ամենադինամիկ փոփոխությունների է ենթարկվում, ամենախիզախ լուծումներն են առաջարկվում այստեղ:

1989թ. ՀԽՍՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց-ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը. ուսումնա-դաստիարակչական փորձարարական հիմնարկը վերածվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ Հայաստանի ժողկրթության նախարարության փորձարարական-հետազոտական միավորման։

Շուտով, 1991թ. Շահումյանի շրջխորհրդի նոր գործադիր կոմիտեն մեզ հանձնեց նախկին թիվ 295 մանկապարտեզի շենքը՝ որպես Գեղարվեստի դպրոց գործելու պայմանով։ Դեմոգրաֆիական կտրուկ փոփոխությունների արդյունքում ազատվեցին Շահումյանի շրջանի թ. 11, հետո նաև թ. 309 մանկապարտեզների շենքերը, որոնք, եթե չլինեին մեր մանկավարժական հայացքները, հարգանքի արժանի նպատակասլացությունն ու աշխատանքը, ինչի՞ կվերածվեին… Հռետորական հարց է։ Այսօր դժվար է հավատալ, բայց ամենասեղմ ժամկետում ու նյութական միջոցներով մենք Բ-1 թաղամասում ունեցանք մեր կրտսեր դպրոց-պարտեզը, որ այսօր հայտնի է Նոր դպրոց անունով, Քոլեջ-արհեստագործական ավագ դպրոցը…

1988թ. դեկտեմբերին մեր Դպրոց-պարտեզի շենքը (նախկինում՝ Բ-4 թաղամասի թ. 119 մանկապարտեզ) երկար ժամանակ ապաստան էինք դարձրել երկրաշարժից տուժածների, Արցախյան շարժման ընթացքում բռնի տեղահանվածների համար. մեր նախաձեռնությամբ, մեր ուժերով ու ծախսերով տասնյակ ընտանիքներ ժամանակավորապես պաշտպանված են եղել հայրենի Բանգլադեշում:

Մեր դպրոցի վարչական մասնաշենքն էլ, որ հիմա կոչում ենք «Սեբաստիա» մարզամշակութային կենտրոն (Մայր դպրոցի երեք թևերից կենտրոնականը) լուրջ վնասվել էր երկրաշարժից… Հետո, շաբաթներ, թե ամիսներ հետո, մեզ առաջարկվում էր ազատել շենքը՝ մի թանկարժեք նախագծով ուժեղացման-վերակառուցման համար: Ես չհամաձայնեցի և կեցցե՛մ ես: Հայտնի չէր, որ գնայինք այդ անմիտ ճանապարհով, կլինե՞ր այսօրվա կրթահամալիրն արդյոք… Գտնվեց մի ինժեներ-կոնստրուկտոր, խելացի ու լուրջ մասնագետ, որն ինձ առաջարկեց պարզ-հուսալի-արագ լուծում՝ շենքը ուժեղացնել ընդամենը 1989-ի ամռան արձակուրդի մեկ-երկու ամսում, ամենահամեստ միջոցներով… 1989-ի սեպտեմբերի 1-ին դպրոցի շենքի կենտրոնի 1-ին, 2-րդ հարկերում մեզ դիմավորեցին այսօր արդեն սովորական դարձած կամարները: Այսօր քչերը գիտեն, որ դրանք հիմքից մետաղաբետոնյա կարկասներ են… Ինձ հարցնում են՝ ի՞նչը չես քանդելու, ի՞նչն է կանգուն մնալու կրթահամալիրում: Ահա այս ու միայն այս կամարները հաստատուն են, մեր կրթահամալիրի հիմքում են, ինչպես մեր մանկավարժության սկզբունքները՝ ստեղծական, մոբիլ ու անընդհատ…

Ամենաշատը հիմա ինձ զբաղեցնում են մեր կրթական օբյեկտների բակերը, անխնամ դաշտերը… Մայր դպրոցի «Սեբաստիա» կառուցվող խաղադաշտը (կրկին շնորհակալ եմ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին շարունակվող գործուն աջակցության համար) լավ օրինակ է ու խթան՝ Դպրոց-պարտեզում, Հիմնական դպրոցում, Գեղարվեստում, Քոլեջում 2-4 տարեկանների, 1-3-րդ դասարանցիների համար հարմարավետ ավազե հիմքով հարմարավետ խաղադաշտեր և հեծանվուղիներ կառուցելու, բարելավելու Բանգլադեշի նշանավոր մեր բացօթյա լողափերը, պարտեզների կանաչը զմրուխտի բերել-մշակել (ոռոգման ջուր ունենք ու ոռոգման նոր ցանցեր ամենուր), նախշուն դարձնել մեր շենքերի էքստերիերները սովորողների ձևավորման նախագծերով… Պարտիզպան-սեբաստացի, հավաքարար-սեբաստացի, պահապան-սեբաստացի, հայրենագետ-սեբաստացի, ստեղծագործ ու մոբիլ անհատականությամբ՝ ահա իմ մանկավարժական կրեդոն:

 

 

1985-ից, 1989-ից սկսած՝ անընդհատ, մենք եղել և մնում ենք որպես հայաստանյան նախագիծ, սովորական հայաստանցու անսովոր դպրոց, անսովոր՝ մարդուն ուղղված հնարավորություններով, անսովոր՝ ուսուցման այս իրականությանն անծանոթ կազմակերպմամբ: Մենք հարուստի համար չենք եղել ու չենք, քննելով-ստուգումներով չենք ջոկում մեր սաներին (կարող էինք ու կարող ենք, չէ՞)։ Ավելին. մենք համոզված ենք, որ հասարակ մարդկանց միությունն է (հասարակությունը քաղաքացիական), որ չի կայանում մեզանում, և դա է հայոց նոր ողբերգությունն ու հայաստանյան հանրակրթական դպրոցի խնդիրը:

Այո, մենք մանկավարժության, մեթոդի դպրոց ենք. ինչպե՞ս ուսուցանել՝ կրթել սովորական մարդուն՝ իր նմանի հետ, իր նման մարդկանց մեջ ապրելու հեռանկարով ու ներկայով:

Մենք չենք ընտրում, մեզ են ընտրում, մենք եղել ենք ու կմնանք հավատարիմ ընտանիքին, անհատին, պատանուն՝ իր այդ ընտրության համար, և մեր հավատարամության ձևը մատչելիությունն է: Մենք մատչելի ենք, միշտ բաց, հրապարակային (ինչպես զարմացած ասում է Պիետրոն. «Դուք ամենահրապարակային կրթությունն եք իրականացնում ամբողջ աշխարհում):

Ահա ինչու մեզ համեմատել չի կարելի բոլոր այն դպրոցների (անգամ հայտնի) հետ, որոնք մեկ տեղ են հավաքում հարուստ, ապահով ընտանիքների երեխաներին կամ իրենց առաջին դպրոցներում կրթական նկատելի հաջողություններ դրսևորածներին… Խոսովանենք, որ այդպես հեշտ է ցույց տալ արդյունքներ և դա վերագրել հաստատությանը: Բայց սա այլ խոսակցություն է, հանրակրթության հետ կապ չունեցող, իսկ ես խոստացել եմ խոսել միայն միշտ արդի ու հանրամատչելի մանկավարժությունից:

Լավ է, որ այսօր սեբաստացիներս մեր արդիական՝ մոբիլ ու ստեղծական կրթությամբ, մեր ամբողջովին բաց կրթական համակարգով, մեր հեղինակային կրթական ծրագրերով ենք օգտակար լինում Հայաստանում, Արցախում, Վրաստանում, այլուր՝ դրանց մշակման, իրականացման ու տարածման փուլերով… Նաև ֆիզիկական մեր միջավայրով. Բանգլադեշում մեր ստեղծած կրթական փոխանակումների հարմարավետ կացարանները, բաց ու մատչելի ստեղծագործական հավաքները, ակումբները, ամառային և ձմեռային ճամբարները, մեր մեդիան՝ mskh.am-ը, հարմար ձևեր են մանկավարժության փոխանակման համար…

Ժողովեց Հասմիկ Թոփչյանը

(1253) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>