0

Անձնապատում

Առակս զի՞նչ ցուցանէ. իսկական քույրը նա չէ, Շուշան Բլեյան, որ դեպի բեմ ճանապարհին կարոտում է, արտասվելու չափ, պամպերսն ու ծիծը կորցրած իր ախպորը, կամ նա, Լիլիթ Բլեյան, որ եղբոր համար սիրուն շորիկներ ու պետքական պիտույքներ է գնում, բայց մաքրում է միայն իր աղջիկ Սոնուկի տուտուզը։ Տաթևը ոչ միայն փոխում է Դավթի վարտիքը, լվանում իր պուճուր ախպոր տուտուզիկը, որ նա Արևիկի հետ շարունակի բազում գժությունները, այլև լվանում է քաքիկոտ շորիկներն ախպոր ու պարտեզում դրանք արդուկած հագցնում իր սան Դավիթ Բլեյանին։ Այսպես է ախպերը դառնում հալալ-զուլալ։ Ես, գիտեք, իմ մեծ քույրիկների՝ Նեկտարի ու Էմմայի պահածն եմ ու իմ ունեցած լավագույնով պարտական եմ նաև իմ նշանավոր քույրիկներին։ Դուք չգիտեք, թե ինչպես եմ հաճախ զգում Էմմա Բլեյան-Հովհաննիսյանի ներկայությունն, ու ինչպես հանկարծ թացանում են աչքերս, դողում ձայնս, ու կապկպվում-լռվում եմ…. Էմմա քույրիկը շարունակ ինձ հետ է. օրեր առաջ Արմինեի ու Դավթի հետ այցելեցի Էմմային, իսկ Դավթին ես հաճախ եմ պատմում իր արժանավոր հորաքրոջ մասին…

Ես ինձ լավ եմ զգում, շատ լավ, երբ Տաթևը նվիրված է իր, մեր Դպրոց-պարտեզին, կրթահամալիրին, դառնում է արծիվ, երբ անարդարացի վերաբերմունք, ոտնձգություն, վտանգ է տեսնում իր, իր աղջկա, իր հոր կրթահամալիրի ու մանկավարժության նկատմամբ։ Ես մի տեսակ ականջի պոչով եմ լսում (կարծես թե չեմ լսում), երբ իմ գործընկերները, ընկեր-բարեկամ-ծանոթ՝ Դպրոց-պարտեզի ծնողները գովում են իրենց երեխայի դպրոցն ու իմ Տաթև աղջիկ Դպրոց-պարտեզի ղեկավարին։ Բայց, ինչպես մայրս իմ ծնողական ժողովին՝ ես փառավորվում եմ։ Ես ուզեցել եմ, ուզում եմ, որ Տաթևը շարունակի լուրջ զբաղվել կրթության գործի կազմակերպմամբ. կրթահամալիրում թե դրանից դուրս՝ հանգամանքների դասավորություն է։ Իմ հարգանքը իմ աղջկա նկատմամբ միայն մեծանում է, ինչպես երբ աղջիկներս՝ Լիլիթը, Տաթևիկը, բարեխիղճ, ամենաբարեխիղճ կատարում են իրենց մայրությունը, ինչպես կանի, իհարկե, Շուշանը։

Ես երևանցի եմ։ Իմ հայրական շեն տունը, որտեղ ծնվել եմ ու ապրել եմ մինչև 1979թ., երբ արդեն ամուսնացած էի, Լիլիթ Բլեյանը 1 տարեկան էր, իրացվեց մեր թաղի հետ, և բոլոր ընտանիքավորները քաղաքի տարբեր մասերում բնակարաններ ստացան։ Մեր թաղը Գետառի ափին էր, կայարանի-«ուպռավլենու» և Կոմիտասի անվան այգու միջև՝ Սևանի փակուղիներից 3-րդում։ Մի կողմից՝ ամեն օր պիտի հատեի Գետառի կամուրջներից մեկը, հետո երկաթուղային գծերով ոչ անվտանգ անցում անեի Հոկտեմբերյան (այսօր՝ Տիգրան Մեծի) պողոտա՝ Վ. Տերյանի անվան թ. 60 դպրոցում, հետո Երևանի պետական համալսարանում սովորելու համար, մյուս կողմից՝ պիտի անցնեի հարևան փակուղով, հասնեի Օրջոնիկիձեի (այսօր՝ Արշակունյաց) պողոտա, հատեի այն ու հայտնվեի Կոմիտասի անվան, վայրի բարքերով հայտնի, մորս, ավագ եղբորս կողմից համարյա չվերահսկվող աշխարհում՝ այնքան մեծ, որ իմ անմիջական ավագ եղբայր Ստեփանին կարող էի և չհանդիպել. լող, ճոճանակներ, պաղպաղակ, կինո, ֆուտբոլ, արկածներ՝ իսկական խելահեղ աշխարհ, որտեղ կռիվ անելը, ծեծ ուտելը, գրպանները դատարկելը առօրյա էին… Ես միշտ ունեցել եմ իմ Ստեփան եղբոր և հայտնի ըմբշամարտիկ Մարսել հորեղբորորդու (ավա՜ղ, վաղամեռիկ) պաշտպանությունը…. Լողալ սովորել եմ Զանգվի ձորում, «կանալում», հետո՝ այգու մեծ լողավազանում (քաղաքակրթությունը այս ձևով էլ է մեզ հասել)։ Ի՜նչ վայելք էր…. Նորակառույց լողավազանը բարձր աշտարակ ուներ, և իմ մարմնամարզիկ Գագիկ եղբայրը սիրում էր ցուցադրական ելույթներ ունենալ…

Շուշան Բլեյանը, հենց հիմա կարոտեցի… ցավեցնելու աստիճան, տեսեք՝ ինչ նկարաշար է ուղարկել՝ իր մեկնաբանություններով։Խոստումն էլ՝ իր ձայնը, երգը ուղարկելու մասին, կկատարի-չի կատարի այնպես, որ չես իմանա՝ կատարեց, թե չկատարեց… Շուշանն շողէր հովտին, Շողշողէր դէմ արեգականն… Շուշանն շաղով լցեալ, Շող-շաղով և շար մարգարտով»։ Ու սպասում եմ սպասված անակնկալին (ամենալավն, իհարկե, սպասվածն է), որ Շուշոն Վիենայից գա, ու երեք Բլեյան մի քիչ իրար հետ ապրենք։ Իսկ Շուշանի սենյակը պատրաստել է պետք. այս իմ հարազատ ճարտարապետ ընկեր Համլետ Խաչատրյանն այս տողերը կարդա, վեր կենա գա, ասի՝ ոնց Շուշոյի սենյակն ու սենյակ տանող պատշգամբը Վիենան ապրեցնող, դասական վոկալի աստիճաններով բեմ բարձրացող աղջկաս սրտով-ճաշակով անենք… Համ էլ հուլիսի 13-ին պուճուր աղջիկս դառնում է կլոր 19 տարեկան։ Այսպիսի թավալգլոր ընթացք՝ իսկը երկու օրվա։ Ուրիշ ինչպե՞ս, եթե ոչ՝ «Խաղաղ անցիր, ուրախ անցիր Երկու օրվան էս ճամփեդ»… Աղջիկներ, ինչպես գիտեք, շատ ունեմ, ու կամեցա որպես երաժշտություն, որ ինձ միշտ հիացմունք է պարգևում, ձայնել՝ Լիլիթ, Տաթև, Շուշան, հետո էլ աղջիկների շարան՝ Արաքս, Արև, Սոնա… «Եվ ո՜վ կասի, թե ուր հասար»…. Մարդ իր անկեղծ ու բաց 60 տարի բոլոր ընթացքին անդավաճան, հոբելյանական 2015-ին բռնի ու աղջիկ ունենա, անունն էլ… Էնքան աղջկական անվանաձայներ կան իմ ականջում…. Արթնացա թե չքնեցի ժամը 02-ին, իսկ հիմա 03-ն էլ չկա… Շուշա՜ն…. Այսօր 04-ին քնեցի….

1988թ. աշնանն էր. ես երեք Աշոտներից (ականջներդ կանչի, Աշոտ Մանուչարյան և Աշոտ Դաբաղյան) մեկն էի, Բաքու դեռ չէի գնացել, ՀՀ կրթական համակարգը դեռ չէի ավերել, բերդ ու բաբան չէի խորտակել… Այսպես ու այսքան հայտնի չէի…. Մի թավ ձայնով երիտասարդ է այցելում թիվ 183 դպրոց, որի տնօրենն էի ես, ու առաջարկում հանդիպում մանկավարժական լսարանի հետ… Կապանում, տոմսի արժեքը՝ ինքնաթիռով, անվճար հյուրանոց, սպասող ունկնդիր…

Երբ Յակ 40-ով իջա Կապան (1-ին անգամ իմ կյանքում), 33 տարեկան մի կրակի կտոր էի։ Ինձ հարգալից դիմավորեցին օդանավակայանում, հետո ուղեկցեցին Կապանի հյուրանոցի իմ համարը, հետո՝ ճաշ… Հանդիպումը հաջորդ օրն էր։ Երեկոյան քայլում էի ինձ անծանոթ Կապանով, ու հանկարծ կենտրոնական հրապարակում, ամենաերևացող ցուցափողկում, ամենակարդացվող կիրթ-մեծ հայերենով գրված էր՝ հանդիպում հայտնի մանկավարժ Աշոտ Բլեյանի հետ… Կապանի երաժշտական ուսումնարանի դահլիճում… Պարզվեց՝ քաղաքի ամենահարգելի դահլիճներից …

Մյուս օրը, հայտարարված ժամին, երբ ուղեկցությամբ մտա երաժշտության խնամված հաստատության նույնքան խնամված դահլիճը, կարկամեցի… Այդպիսի դահլիճ, ունկնդիրը՝ ոգևորված, լիքը, կենդանի… Քանի՞ տարի է անցել՝ 26, քանի՞ դահլիճ եմ տեսել՝ Հայաստանով 1000 ու մի… Ցավոք, միակ դեպքն է, որ ես չեմ նախաձեռնել, ինձ հարգալից հրավիրել, կազմակերպել և սպասել են… Իմ, իմ կրթահամալիրի, Բլեյանի մանկավարժության 1000-ի շրջանն է՝ նույնքան ոգեղեն, ինչպես 1988-ին, բայց փորձառու, իմաստնացած, ակնհայտ (ափաշքյարա), ու թվում է՝ մեր հոբելյանական տարին պիտի անբռնազբոս նախաձեռնությունների, մանկավարժական կյանքի կենդանի հանդիպումների շրջանով սկսվի…

Սարտրին, ինչպես շատ ու շատ արժանի մարդկանց, ես հանդիպեցի 1999-2001-ին Նուբարաշենի քննչական մեկուսարանում։ Դուք որ ինձ ժամանակին ու հիմնավոր չնստեցնեիք, ես էսքան բանը կարդացողը չէի. ու հիմա ձեզ ի՞նչ պատմեի։ Միշտ շնորհակալ եմ Արմինե Օհանյանին, իմ եղբայր Ստեփան Բլեյանին, իմ ընկերներին նաև սրա համար. նրանց բարեխիղճ ջանքերի շնորհիվ շա՜տ արժանի մտածողներ երկարատև այցելում էին ինձ ու ես նրանց հետ առանձնանալու հնարավորություն էի ունենում։

Խանջյան փողոցի ողջ երկայնքով ձգվող, Իսահակյան, Մոսկովյան փողոցներով շարունակվող, մինչև Կասկադ… Այս այգին՝ Օղակաձև կոչվող, այն կառույցն է, որի շինարարությանը ես մասնակցել եմ։ Իմ ուսանողական (1972-1977թթ), հետո համալսարանում աշխատանքի (1977-1979), հետո 26 կոմիսարների անվան թ. 10 դպրոցում փոխտնօրեն աշխատելու (1979-1985) տարիներին ես առօրյա կապ եմ ունեցել այգու տարբեր հատվածների հետ։ Հեշտ էր բնակավայրից տրամվայ-տրոլեյբուս-ավտոբուսով հասնել Ռոսիա, հետո ոտքով այգով քայլել ու քայլել։ Քայլել միշտ եմ սիրել։ 1997-ից հետո, երբ սկսեցի բնակվել Խանջյան-Չայկովսկի փողոցների խաչմերուկում՝ քառահարկ շենքում, հայտնվեցի Օղակաձև այգու դեմ-դիմաց, բայց վերջնականապես կտրվեց կապը Օղակաձև կոչվող այգու հետ…

Գոհունակության երանելի մթնոլորտում օրը կիսվում է. Դավիթն առանձնահատուկ կապեր է պահպանում իր Ստեփան հորեղբոր և Անահիտ հարսի հետ։ Մեզ սպասում է հատուկ տոլմա, Շուշանի և իմ թոռնուհի սեբաստացի Արևիկ Տատինցյանի ընկերակցությունը… Տոլմա ես, գիտեք, շատ եմ սիրում և իմ նուրբ քիմքով արձանագրում ամենաաննկատ շեղումներն անգամ: Անահիտը գործն արել է թերապևտին արժանի բարեխղճությամբ և վարպետությամբ: Բայց շատ չի ազատում նրան անպամպերս կիրակին հարազատների շրջանում վայելող Դավթի տուտուզը մաքրելու պատվից։ Մեր հարսներից առաջինն ես, բժիշկ Անահիտ, հալալ է քեզ։

Այսօր արդեն Աննա Բլեյանի՝ իմ Ստեփան եղբոր սքանչելի աղջկա, Առնոլդ Բլեյանի քույրիկի ծննդյան օրն է։ Նա այն դիմավորում է Փարիզում, նրա որդին՝ սեբաստացի Դանիել Բլեյանն էլ պատրաստվում է ուղևորվելու հայդե՜ Արցախ. սովոր ենք այս կյանքին, որ է աշխարհ առանց ֆիզիկական սահմանների։ Փարիզ մեկնելուց առաջ Աննան իր նախաձեռնությամբ շաբաթ օրն անցկացնում է մեր տանը՝ Դավիթ Բլեյանի հետ։ Դավիթը, բնական է, քաքիկ է անում, որ իր ավագ քույրիկը մաքրի։ Սա մի ծես է, որով անցնում են, կանցնեն Դավթի բոլոր քույրիկները։ Աննան ծեսի համաձայն մաքրում է, լվանում, գրկում-սիրում Դավթին, հիանում նրանով, որ կարողանա Փարիզ մեկնել որպես հալալ քույրիկ։

Այն դիպվածով կարող է լինել, բայց ոչ պատահական։ Ահա 1981-ին, երբ իմ հիմնադրած՝ հայագիտության խորացված ուսուցման դասարանի սովորողների և ուսուցիչների մի խմբի հետ Տալլինում էի, իմ լավ բարեկամ ու դասախոս Արթուր Հարությունյանի խորհրդով հենց Տալլինից ձեռք բերեցի մի ամբողջ որակյալ համալիր՝ «սերեբրյանկա» վրան, քնապարկ, արշավականի կոշիկներ, «շտուրմովկա», տուրիստական կաթսա ու լապտեր, դանակ որսորդական։ Սրանցից յուրաքանչյուրը, ինչպես ես էի հաճույքով ներկայացնում, ջրում չի թրջվում, կրակում չի վառվում, օրերի մեջ չի մաշվում՝ ազնվանում է…. Ահա այս ամենով՝ մի ուսապարկի մեջ, վերադարձա թափառումի իմ անջինջ Տալլինից ու հետիոտն 1981-1985թթ ոտի տակ տվեցի աշխարհ Հայոց….
Քաղաքական հայտարարություն տնօրենի բլոգում։ 1994-1996 թթ՝ իմ լուսավորութան նախարար, հետո՝ կրթության և գիտության առաջին փոխնախարար աշխատած շրջանում, ես կարողացա հանդիպել-լինել հանրապետության, Ջավախքի, Արցախի մեծ ու փոքր բոլոր քաղաքներում։ Գլուխգովության վրա բռնացրեք ինձ, բայց՝ կոնկրետ նշելով, թե որտեղ չեմ եղել….

Ոչ սովորական իրադարձության սպասումով էր, որ սկսվեց իմ օրը…. Աշխատանքային հերթական օրը, ի՜նչ լավ բառ է, առօրյան սկսեց։ Ես հայտնի трудоголик եմ. սիրում եմ աշխատել հատկապես ամռան օրերին, երբ շատ է շոգ, որ չաշխատելու բնական մահանա է սիրասուն ազգիս համար։ Էհ, երեք ամիս էլ փնթփնթանք՝ ի՜նչ շոգ է…. Հետո, մեկ-երկու ամիս՝ ի՜նչ ցուրտ է… Մեկ-մեկ էլ Երևանում անձրև է գալիս, բայց նույն փնթփնթոցն է՝ էս անձրևն ինչ է ուզում, է՜… Ես ընդգծված բարձրաձայնում եմ՝ ո՜ւխ, ինչ շոգ է, ի՜նչ հավեսին ցուրտ է, անձրևից էլ լավ բա՞ն, տափաստանում ապրողն էլ անձրևից բողոքի՞… Արևն ինձ իսկապես լիցքավորում է՝ ես արևածին եմ, գնամ կանգնեմ կենարար արևի տակ, լերկ մի տարածքում, որքան ուզեք, Թալինի չոլում գնամ տիտիկ անեմ երկար լերկ քարին, ամենակեսօրին, երբ շուրջդ անխնա արևից փախչում են…

Ես, գիտեք, Թումանյանի և Կոմիտասի նկատմամբ պաշտամունքի հասնող ակնածանք ունեմ թե ակնածանքի հասնող պաշտամունք։ 1869-ին ծնված, համոզված եմ, հայոց նոր շրջանի ամենամեծ հայերի մասին հետաքրքիր է ինձ ամեն ինչ՝ նրանց գործն ամբողջությամբ, նրանց կյանքը՝ որպես օրագիր ու ծրագիր։ Ես հուզվում եմ նրանց վերջին մահճից. երկուսն էլ ժողովուրդ ստեղծած, ու այդ պահին անգործ, ավելորդ, Չարենցի ասած՝ «անհայրենիք», «տարագիր», «հալածական»… Թումանյանը՝ 1923թ.-ին Մոսկվայի հիվանդանոցում, Կոմիտասը՝ 1919-1935-ին Փարիզի հոգեբուժարանում՝ պատգամելով մնացողներիս՝ ղոչաղ կացեք…

Հունիսի 29-ի կիրակին հանգամանքների բերումով կեսգիշերին մենք Մաշտոցի պուրակի կողմից (հիմա՝ Միսաք Մանուշյանի) անցանք Արամի փողոցով ծայրից ծայր, քայլ առ քայլ ուսումնասիրեցի տեղանքը։ Խոստովանանք լինի, վաղուց, շատ վաղուց չէի եղել այս կողմերում՝ գոնե 3 տարի։ Ես, գիտեք, ապրում եմ կրթահամալիրի Բանգլադեշում, իսկ Երևանում… ուղեկցում եմ հաճախ Դավիթ Բլեյանին երևանյան առանձին տարածքներով… Նախ՝ չգիտեի, որ օրվա այս ժամերին փողոցն անմարդ է լինում։ Փողոցը ողջ երկայնքով, իր հարակից բացվածքներով ու կիսավեր, այսօր-վաղը փլուզվելիք անպաշտպան հին շինություններով մի մեծ շինհրապարակ էր հիշեցնում, որտեղ շինարարությունը կանգառ էր առել՝ մեկ, որ կիրակի էր, մեկ էլ՝ կսկսի ուր որ է։ Արամի փողոցը մեռած-մեռնող-դատապարտված հին Երևանի իսկական մակետն է։ Երկու շենք-շինություն շատ են տիպական. մեկը Արամի 7 հասցեում այն շենքն է, որտեղ 1919-ին գործել է-ապրել 1-ին հանրապետության հիմնադիրը։ Մյուսը նախկին մանկական հանրախանութի վերակառուցված-ընդարձակ ծավալն է, որը կառուցվում է 20 և ավելի տարիներ ու Արա Աբրահամյանի սեփականությունն է։ Իսկ ինձ թվացել էր՝ խտացրել եմ գույները իմ երեկվա օրագրում ու եկել եմ անցնելու իմ հանցանցի վայրով, մեղքերս քավելու…

Ժամը՝ 04-07։ Շարադրում եմ հուլիսի 18-ի գիրը. ինտերնետում եմ՝mskh.am-ում, 168.am-ում։ Եղիշե Չարենցի հոբելյանական (Հրանտ Մաթևոսյանի արած) ժողովածուն եմ կարդում։ Թվում է՝ «Դեպի լյառն Մասիս»-ը ոչ էլ կարդացել եմ։ Գևորգ Հակոբյանի հուլիսի 17-ի հավաքումարած առաջարկը՝ բլոգում ունենալ «Ինչ եմ կարդում» մշտական էջը, սրտիս կպել է. մի նոր օրագիր չստացվի հանկարծ։ Արմինեն մի քանի դարակ արխիվ է առանձնացրել. փորփրում եմ…

Ես Չարենցից չեմ կտրվում։ Դավիթն ասում է՝ կարդա. հետաքրքիր է նրա վերաբերմունքը Չարենցին։ Իմ քույր Էմման այդպես զմայլված Չարենց էր կարդում վառարանի մոտ, երևի 10-րդ դասարանում, բանասիրականի 1-ին կուրսում. ես՝ 6-րդ, 7-րդ դասարանցի, զմայլված լսում էի։ Ես զմայլված եմ էլի, քույրս… կոկորդիս արցունքը կուլ տվեցի, Դավիթը թե՝ «Չարենցը ի՞նչ ա գրում»…
8.10-8.20։ Ես ու Արմինեն սուրճ ենք խմում. հերթապահ է Արմինեն ու լուրջ է դրանից, իսկ Դավիթը համը հանում է, 3-րդ կապույտ-դեղին-մանուշակագույն մարմելադով կոնֆետը կերավ. ագահ, ագահ, ագա՛հ Դավիթ։ Մենք՝ հայր ու որդի Բլեյաններ, հանդիսավոր, ձուկիկով ու կապիկով, փակում ենք դուռը. Արմինեն կիջնի քիչ հետո։ Կսպասեցնի… այդպես երախտամոռ եք… իսկ ինձ հետ Աբովյան-հերոսի վիճակն է.

Նա դուրս եկավ տնից առավոտվա ծեգին,
Իր ետևից կամաց դուռը փակեց,
Վերջին անգամ նայեց իր տնակին —
Եվ քայլերը ուղղեց դեպի բաղերը։
Ցուրտ էր։ — Արևը դեռ հորիզոնից
Նոր էր փռել աղջամուղջը վաղընջական,
Եվ վաղ առավոտի ծիրանեգույն ֆոնին
Հեռվում երևում Էր Մասիսը՝ կապույտ շղարշ հագած…

08.30-08.35։ Ես ու Դավիթը Չայկովսկու մայթով (Չայկովսկին, Դավիթ ջան, երաժշտություն է գրում, երաժիշտ է, կլսենք) քայլում ենք։ Երաժիշտ՝ կրկնում է անընդհատ Դավիթը, «կլսե՞նք Չայկովսկի, պապա»… Աղբը չենք մոռացել, երեկ Զալոն մեզ անաղբ է թողել։ Նշագծած անցումով մոտենում ենք թերթերի կրպակին. վաճառողուհին հենց Դավթին է սպասում։ Չի հարցնում, ինձ օրաթերթ է մեկնում։ Մոտենում է կարմիր մեքենան… Ես չեմ հասցնում նյարդայնանալ. Արմինեն կարմիր մեքենայի մեջ է։

8.35-8.55։ Ճանապարհ դեպի պարտեզ. Դավիթը հաստատակամ և ուրախ պարտեզ է սլանում։ «Պապա, Վահագն վիշապաքաղը ձեռքերով է քաղում հրեշներին»։ Մենք Րաֆֆու պողոտայի մայթից ողջունում ենք տիար Գևորգին, Սուսանին ու Նառային։
19.30։ Մեր դռան զանգին սպասված թփթփոցն է արձագանքում։ Դավիթն ու Արմինեն ինձ են դիմավորում։ Արմինեն խայթում է՝ այսօր մի քիչ շուտ ես եկել, տիար տնօրեն։

Օրվա բարձր տրամադրությունը կամ երկրորդ պլանի գլխավոր իրադարձությունները։

Վիրահատող բժիշկը զննել է Շուշանին և գոհ մնացել ետվիրահատական բուժման ընթացքից։ Ուռա՜, Շուշանի հետ կարելի է և հարկ է քննարկել հուլիսի վերջի և ողջ օգոստոսի հայաստանյան ծրագիրը։ Սեպտեմբերի 2-ի համար Շուշանը՝ իմ ուսանող աղջիկը, Վիեննայի տոմս ունի։

Լավ է, Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրվա այս «փարթին» էլ անփորձանք անցավ. աո՜ւ, Նազեր, որտե՞ղ ես։ Դավիթ, գիտի՞ Նազենի քույրիկը, որ վաղը ես, դու, Շուշոն ճանապարհվում ենք Սևանի Ծաղկունք։ Իմացավ, կմիանա՞։

Մեր բնակարանի պատշգամբը՝ մոտ 10 մ երկարությամբ ու 2,3 մ լայնությամբ, մեր տան ամենարժեքավոր, բանուկ տարածքն է: Ափսոս, որ դիմացի շենքի մի հարկը՝ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի վերջին՝ չորրորդ հարկը մեզ՝ շենքի չորրորդ հարկում բնակվողներիս խանգարում է…. Ոչինչ աշխարհում կատարյալ չէ՝ հոգոց կհաներ Փոքրիկ Իշխանի Աղվեսը… Կուզեի՞ առանձնատուն՝ ոչ մեծ հողակտորով: Իհարկե: Բայց չունեմ, և այսօր պատշգամբը մեր բակն է, մեր դուրսն ու ներսը, մեր Դավթի վազվզնոցը, ծաղկանոցը, մարզահրապարակը… Փչովի լողավազանի պահանջը այս ամառ չկա. 5 օր Դավիթը պարտեզում լողում է բացօթյա մեծ լողավազանում, գումարած իր լողարան-ավազանը՝ օրը երկու անգամ, ու իր մշտական ծորակը պատշգամբում։ Իսկական ջրաշխարհ։

Ինչո՞ւ են մարդիկ մեզանում պատշգամբից հեշտ ազատվում, այն վերածում «շուշաբանդի», պահասենյակի։ Երևանը արևային քաղաքի և՛ համարում ունի, և՛ այլոց նախանձը շարժող համարյա շուրջտարյա սեփական արև, բայց երևանցին, չգիտես ինչի, անընդհատ ձմռան է պատրաստվում։ Ջրի պաշտամուք չկա, լողափեր չկան, դրանք, չգիտես ինչու, միայն Բանգլադեշում են, կրթահամալիրում. հակադրություն եմ ստեղծում, որ ակտիվանաք…

Անցնում էի բակով՝ շենքի հարևան համայնքային (քաղաքային) ենթակայության մանկապարտեզի կողքով. ասի՝ մտնեմ, հետաքրքիր է՝ ինչ է փոխվել, բա՞ն է փոխվել… Չմտնեի… Հիմա եմ հաշիվ տալիս, թե ինչ անհաղթահարելի հետևանքներ ունեցավ այդ անմեղ այցը ինձ համար… Չփլուզվող պատերով մանկական գաղութներ… ժամային ուղղիչ տներ… Երբ մոտենում էի աստիճաններ կոչվող գողգոթային, մի պճնված երիտասարդ մայր՝ այս հակաերեխայականի պատվիրատուն, ճչում էր՝ ձեռս բաց մի՛ թող… Ես աստիճանների գլխին, խառը մտքերով հաստատեցի կնոջը՝ ձեռը պինդ բռնի, մահու չափ վտանգավոր է: Հետո շուռ եկա ու հեռվում, մետաղյա «բեսեդկայում»տեսա խմբված երեխաներին ու դուռը հսկող դաստիարակ-դայակին՝ մշուշոտ-աղոտ: Մտքերով ո՜ւր էի… Ո՛ւր եմ հիմա… Իրար կողք կողքի երկու աշխարհ է, երկու իրականություն՝ սեբաստացիների նախակրթարանը և սա, սրանք…

Իմ պայծառ քույրը՝ Էմմա Բլեյան-Հովհաննիսյանը, գիտեք, երեք աղջիկ ունի. ու մենք մինչև Դավթի ծնունդը ու, ավաղ, Էմմայի մահը, նրա երեք աղջիկների, երեք քույրերի թեման հաճույքով էինք զարգացնում: Այսօր քույրերից ամենակրտսերի, ամենանազենիի՝ Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Ամենասովորական երջանկություն մարդկային, Նազենի, մնացածը կա՛մ ունես, կա՛մ կարող ես և չունենալ…

Ես ու Արմինե Աբրահամյանը՝ իմ կինը, մեր ամուսնությամբ և Դավթի ծնունդով (աստվածատուր է. մայրս ինձ ունենալիս արդարացել է իր աղջկա, որ 2 երեխա ուներ, հարևանուհիների ու ջահել աղջիկ-հարսների առաջ, որ դեռ երեխա չունեին. «Քա, բալա ջան, ես ինչի՞ց եմ խաբար, մի օր արթնացա, տեսա՝ փորս ուռած է») ջնջեցինք բոլոր տաբուները, անցանք չիկարելիների վրայով։ Ներողություն, հազար ներողություն. բայց ինչո՞ւ ոչ։ Իմ օրագրի հարգելի ընթերցողի պահանջն է Արմինեին շատ ստվերում չթողնելը։ Անդրադառնում եմ հիմա, կանդրադառնամ հետո, միշտ՝ տեղին։ Արմինեն ստվերում չէ, այլ գործում է «ստվերում». ինձ նման արևախում չէ։ Հետո, քա, ընթերցող ջան, ես ինչից եմ խաբար… Պարզվում է՝ մենք առաջին անգամ հանդիպել ենք 1995-ի գարնանը, երբ Հայաստանի լուսավորության նախարարն այցելել էր Դանիել Վարուժանի անվան թ. 89 դպրոց, այն դասարան, որտեղ 10-րդ դասարանցի մի աղջնակ անսեր սրտով դաս էր սերտում… Հետո այդ աղջիկը ձախողել է իր բարձրագույն լրագրողական կրթությունը, որ դառնա կրթահամալիրի մանկավարժական քոլեջի ուսանող, որ ինձ մոտիկից ճանաչի՝ որպես ուսուցիչ…

Պատասխանում եմ օրագրի մյուս ընթերցողի հարցին։ Ես, գիտեք, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը 1977-ին, ստացել ֆիզիկոսի որակավորում, բայց ֆիզիկոս չեմ աշխատել։ Մի կարճ շրջան, փոխտնօրեն աշխատած ժամանակ, ֆիզիկա եմ դասավանդել, հետո՝ տնօրեն աշխատած ժամանակ մի կարճ շրջան՝ թվաբանություն 2-3-րդ դասարաններում, հետո մի փոքր ավելի երկար ժամանակ՝ մանկավարժություն կրթահամալիրի քոլեջում, հետո կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանում մեկ կամ երկու ուսումնական տարի՝ իրավունք։ Հիմա չեմ դասավանդում, տեսնում եք, օրագրի վրա եմ։ Ես գիտեմ, որ վատ ուսուցիչ եմ առարկայի, ահա ինչու ժամանակին ընդհատել եմ դասատվությունը՝ մխիթարելով ինձ, որ առօրյա-ամենօրյա-անընդհատ կենդանի-անմիջական շփումն ինձ հետ օգտակար է եղել սովորողին ու կա. Արմինեն է հաստատում. «Այո, ավելին…»։ Դուք իմացաք՝ քանի տարեկան է Արմինեն, և… ի՛նչ կլիներ մեր կյանքն առանց Դավթի: Այս հարցադրումը, ի դեպ, Շուշան Բլեյանինն է, որ վերջին անգամ լսելի արեց օրերս՝ հուլիսի 13-ին, ծննդյան օրվա խորհրդով… ընդարձակելով «մեր կյանքի» սահմանը: Երեկ Հասմիկ Ղազարյանի ինտելեկտուալների ակումբի պարապմունքից (լավ է, որ հերթական) հետո գնացել էի իմ երեք սքանչելի աղջիկների մոր տուն՝ Դավիթ Բլեյանի ետևից: Կարինե Ջանոյանն իմ դասընկեր-ընկերն է, ու անբաժան ենք կյանքի մեր ժամանակում: Ահա Կարինեն, Շուշան և Տաթև Բլեյանները (Լիլիթ Բլեյանը կապը պահում է բջջայինով) նստած երկար զմայլվում ենք Դավթի ցուցադրական ելույթով… Տեսարան է: Որքա՜ն է ընկալում, կարողանում, գործում այս երկուսուկես տարեկան մարդը։

Առավոտյան միասին աշխատանքի գալիս մենք հաճախ ենք միասին քայլում Խանջյան փողոցով… Ես Դավթի ձեռքը չեմ բռնում (բաց թողեք երեխայի ձեռքը, մեծահասակներ՝ բոլոր կարգի)։ Դավիթն առաջ է անցնում, ու ես ունենում եմ կրթողի՝ Մարիա Մոնթեսորիի վերապահած միակ դիրքը՝ 2-րդ պլանից երեխայի գործունեությունը դիտարկողի…

1. 1999թ. մայիսի 14-ից մինչև 2001թ. հուլիսի 13-ը ես անընդհատ եղել եմ Երևանի թ. 1 քննչական մեկուսարանում, մեկուսարան-դատարանի դահլիճ ճանապարհին՝ հատուկ ուղեկցությամբ, կամ դատարանի դահլիճում։ Սա փաստ է։ Այսպիսով ես ազատության մեջ եմ եղել (թեև երբեք այդքան ազատ չեմ գործել-մտածել ինքս ինձ հետ, քան կալանքում եղած ժամանակ) 2001թ. հուլիսի 13-ից։ Շուշան Բլեյանն այդ օրը դարձավ 6 տարեկան, ես նրա ձեռքը բռնեցի և 2001թ. սեպտեմբերի 1-ին, որպես հայրիկ՝ ուղեկցեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոց՝ Արմինե Եղիկյանի դասարան. Թադևոս Մարկոսյանը՝ Շուշանի դասընկերը, հիմա՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողը, կվկայի. կվկայես, չէ՞, Թադևոս։

2. Ես արխիվ չունեմ. կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, Մարի Գաբանյան, աո՜ւ, շնորհակալ եմ, ձևավորվեց իմ ֆոնդը. պիտի նայեմ՝ ինչ վիճակում է։ Իմ արխիվն իմ հրապարակումներն են՝ տպագիր ու էլեկտրոնային։ Այն, ինչ էլեկտրոնային է, իմ բլոգի նյութն է, հետաքրքրվողին օր օրի ավելի մատչելի կլինի։ Սկսել ենք դրա դասակարգումը։ Ավելի աշխատատար է մինչև ինտերնետ իմ գործունեության «հետքերի» հետևից գնալը։ Այստեղ էլ բլոգը կդառնա պատվիրատու և կազմակերպիչ. հետևեք իմ բլոգին։ Իմ քաղաքական-հասարակական-կրթական գործունեության բոլոր դրվագները, հայտնի-անհայտ էջերը, այն, ինչ առկա է, փաստ է, հետաքրքրվողը կունենա իր ձեռքի տակ. ես գնահատում եմ ձեր ժամանակն ու կկարողանամ ժամանակի նվազագույն ծախս պահանջող սպասարկում ապահովել իմ բլոգի միջոցով։

Ինձ անծանոթ մարդկանց, անսպասելի զանգեր հաճախ են գալիս. ես միշտ եմ մատչելի եղել՝ որևէ պաշտոնում, յուրաքանչյուրին։ Ահա երեկվա զանգով, հարգելի ընկեր կամ, ինչպես ընդունված է ասել, պարոն քաղաքացին, որ կիրթ ներկայացավ, հետաքրքրվում էր, թե ինչու և ինչպես ազատություն ստանալով (ինչպես ասաց՝ բերդից դուրս գալով)՝ չշարունակեցի իմ քաղաքական գործունեությունը։ Այդպես էլ ասաց. «Ես Ձեր տեղ…»։ Որքան էլ իմ ոչ հեռու անցյալի՝ 2001-2006թթ շրջանն է ընդգրկում, բայց առանց արխիվային ճշգրտումների չի լինի։ Ի՜նչ լավ է, իմ դարակներից մեկում, իմ անվան հետ կապված հրապարակում-գրքույկ-ժողովածուների մեջ տեղեկատվական թերթիկ կա՝ «Պարտական միայն Ձեզ ու հաշվետու Ձեր առաջ» վերնագրով, կոկիկ-ընթեռնելի-ամփոփ, ճաշակով-համեստ։ Հիմա էլ հավանում եմ. շուռումուռ տվեցի, կարդացի. կարծես խելքուշնորհքս ոչ էլ ավելացել է… Այսպիսով. «Ես խոսել եմ, երբ բոլորը լռել են, երբ խոսելը վտանգավոր էր։ Խոսքը՝ գործ. պաշտպանել եմ յուրաքանչյուրիդ խաղաղ, ազատ ու ապահով ապրելու իրավունքը»։ 2003թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին քաղաքացիական նախաձեռնությունների կարգով գրանցվեցի պատգամավորության թեկնածու։ Վճռական էի, ուզում էի պատգամավոր աշխատել։ Չեղավ, չընտրվեցի թե կեղծեցին-չթողեցին՝ գնահատականի հարց է, բայց չեղավ… Մինչ այդ ես հիմնել էի «Տանիք» իրավապաշտպան կազմակերպությունը՝ փորձելով շարունակել-ընդարձակել կալանատան իրավապաշտպան գործունեությունս… Ես խոսում եմ աշխատանքի մասին, վճարովի, իհարկե, ես որևէ բիզնես չունեմ, ահա ինչու՝ աշխատանքի դիմաց ստացվող վճարն է իմ եկամտի աղբյուրը։ Առավելագույն ջանքեր գործադրեցի 2001-2003-ին հայաստանյան իրավապաշտպան կառույց ստեղծելու համար, որի վճարունակ պատվիրատուն լիներ հայաստանցին՝ իր իշխանությամբ, քաղաքացիով, ձեռնարկատերով, ֆոնդերով, իրական հասարակական գործունեություն կատարող մարդկանցով… Հասարակական կազմակերպությո՞ւն առանց հասարակական աշխատանքի՝ որպես 1-2-3-ի գործունեություն, ընտանիք պահելու միջոց, միշտ կախված ինձ անենթակա գրանտներից (դրամաշնորհ), իմը չէ, անընդունելի է…Հետո ճշտեցի իմ հարաբերությունները «Նոր ուղի» կուսակցության հետ, որի հիմնադիրն ու նախագահն էի։ Մարդ-կուսակցություն կամ մի մեքենա մարդ-կուսակցություն, երբ չի գործում ընտրական մեքենան, երբ կուսակցությունը չի ստանում տարրական դրամական միջոցներ… Նորից իմը չէր։ Ես նախաձեռնեցի կուսակցության լուծարումը՝ լինելով-մնալով Նոր ուղի. կարդացեք։

3. Վերջին զանգը՝ լրագրողի, որ ես խոստացա իմ օրագրում պատասխանել։
2005թ. կրթահամալիրի գործադիր տնօրեն Ռաիսա Գալստյանը տեղավորվեց նորաստեղծ կրթության պետական տեսչությունում, որտեղ աշխատում է առ այսօր որպես պետի տեղակալ։ Ինձ իմ կրթահամալիրն առաջարկեց աշխատանքային պայմանագիր…
Երբեք որևէ ձևով քողարկված (օգնականի, ընկերոջ, վարորդի միջոցով), թե բացահայտ պաշտպանություն չեմ ունեցել։ Տանել չեմ կարողանում, որ ինձ սպասում են՝ մեքենայի վարորդը, թե անծանոթը ընդունարանում, էլ չեմ ասում նշանակված հանդիպման եկողի մասին, իմ հասցեն՝ բնակարանի, աշխատավայրի, իմ հեռախոսը, իմ էլ.հասցեն հայտնի ու մատչելի են յուրաքանչյուրին։ Երևանի փոխքաղաքապետ, լուսավորության նախարար, կրթության և գիտության առաջին փոխնախարար, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, կալանավոր (շեշտում եմ՝ կալանավոր), կրթահամալիրի տնօրեն աշխատած ողջ շրջանում, մեկ է, փողոցում, աշխատավայրում, թե հասարակական վայրում, դահլիճում, արտագնա՝ ես աշխատանքի մեջ եմ, ստորագրել եմ թղթեր, տվել լուծումներ, պայմանավորվել… Սա իմ արյան մեջ է, և ստացվում է ինքնաբերաբար։

Ի դեպ, իմ օրագրում բերված փաստերի, տեղեկությունների համար ես, միայն ես եմ կրում պատասխանատվություն, դուք դրանք կարող եք օգտագործել ձեր հայեցողությամբ, միայն առանց աղավաղելու… Մեջբերում արեք օրագրից, և Ձեր կարծիքը անհնար է, որ չլսվի…
Հիմա շարունակեմ իմ օրվա գիրը նաև մյուսների համար։ Ամենադժվարն ինձ համար եղել է 1999-2001 թթ կալանքի շրջանում կապը Շուշանիկի հետ… Իմ աղջիկը չորս տարեկան էր դառնում, և ամիսը մեկ (իրականում՝ ոչ այդ պարբերականությամբ) հանդիպում-տեսակցություններն ինձ հունից հանում էին… Երկար, շատ երկար ուշքի չէի գալիս։ Իսկ տնեցիք պիտի նրան բացատրեին, թե ուր են տանում, իսկ ես պիտի արհեստական այդ միջավայրում բնական-անկաշկանդ շփվեի… Վա՜յ, հուզվեցի, ինչպես երեկ, երբ Դավիթը, չի մոռացել, «Դեպի բեմ» նկարով մեր պատշգամբում ջուր է խմում ծորակից, գլուխը բարձրացրել է՝ «Պապա, ես Շուշոյի համար աղոթում եմ»… Աղոթելը՝ չգիտեմ, Դավիթ ջան, բայց Շուշանի օպերային գործի ու կյանքի պաշտպանն ես դու. ուր էլ որ համերգ տա, կգնաս, կծափահարես, ծաղիկ կտաս, էլ չեմ ասում, խոստացիր, որ համերգները դու կկազմակերպես…

Առավոտյան 4-ից 5-ը անցա մեդիայով, կարդացի՝ ինչ է կատարվել 24 ժամում, իմ բացակայությամբ։ Այդ ընթացքում կարդում եմ իմ էլեկտրոնային փոստը, աշխատանքի հետ կապված հատուկ տեքստեր։ Հիմա ես գրում եմ իմ աշխատասենյակում, իմ գրասեղանի առաջ եմ։ Աշխատասենյակ չէ այլևս, մեր բնակարանի անկյունն է։ Չկա դուռը, չկա դռան պատը, փոխվեց պատուհանի դիրքը՝ ահա Խանջյան փողոցը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Դավթի սիրած վերգետնյա անցումը դեպի Օղակաձև, ահավասիկ շենքեր ու շենքեր, որտեղ ապրում են երևանցիներ։ Բարի օր, Երևան։ Իմ ու իմ երեխաների, իմ թոռների ծննդավայր. բոլորս ծնվել ու ապրում ենք Երևանում։ Երեկ զանգով ճշտում էին՝ որտեղացի եմ։ Երևանցի։ «Չէ, ծնունդով»,- համառում են։ Ծնունդով ես երևանցի եմ։ Հայրս ծնվել և մինչև 1937-ի ստալինյան աքսորը ապրել է Գավառի Լանջաղբյուր գյուղում, մայրս ծնունդով Գավառի Կարմիր գյուղից է։ Աքսորից հրաշքով, միոտանի, բայց ողջ վերադառնալով՝ հայրս 1944-ից ընտրել է իր ու իր ընտանիքի պահպանության միակ ու խիզախ ճանապարհը՝ քոչով բնակություն է հաստատել Երևանում։ Ռանչպար (հողագործ), աջ ոտից զրկված, սիբիրյան աքսորի յոթ տարում մի քանի հիվանդություն ձեռք բերած, միայն գրել-կարդալ-հաշվել իմացող հայրս իր ութ տարեկան Էդվարդ-Յուրիկի, 14 տարեկան Նեկտար-Հանրիկոյի ու իր անունը մինչև վերջ երկու տառասխալով (առտաշամ) գրող կնոջ՝ Արտաշամ-իսանի հետ ի՞նչ պիտի աներ գյուղում, որտեղ իրեն կուլակաթափ էին արել, մատնել։ Բոլորին կարողացել էր ներել…. Ահա հայրս, նկարը՝ պատին… Հորս ֆենոմենը ինձ չի լքել նրա մահից սկսած, 1976-ի օգոստոսի 8-ից, երբ ես ստացա մահվան լուրը։ Ես 21 տարեկան էի (ստուգեք իմ բլոգում), Ռուսաստանի Մարիյ Էլ ինքնավար տարածքում էի, ղեկավարում էի Հայաստանի ուսանողական միացյալ ջոկատները… Իմ հասցեն այն ժամանակ՝ «սավետսկի սայուզ», ես իմ ընկերներին, հասակակիցներին առաջնորդում էի այդ իրոք անծայրածիր երկրով՝ Մարի-Տուրեկից մինչև Կովդոր (Արխանգելսկ), Կոկչետավից (Ղազախստան) մինչև Մագադան՝ կառուցելու… Հայրս աքսորից բերած հիվանդությունների (երիկամային, շաքարի դիաբետ) դեմ պայքարը խելամիտ կազմակերպեց ամբողջ 38 տարի։ Խորհրդային սարսափելի «կաստիլով» միշտ եղավ ոտքի վրա, ստեղծեց ու ստեղծեց, կառուցեց ու կառուցեց՝ հարմար ու ընդարձակ երկհարկանի տուն, շեն, ուրախ ու բազմամարդ ընտանիք, որտեղ ապրում էինք 13-15 հոգով։ Շամխալ բեկ ֆենոմենին ես շարունակ կանդրադառնամ. իմ հայրն իմ գիտակից կյանքի հերոսն է, Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի նման մարդկային մեծություն… ինձ համար։ Մայրս խանդում էր՝ ձեզ մեր երբ է բերե՜լ, որ…

Իմ սեղանին նույն լուսամփոփն է, ինչ 1991-2001-ին Նուբարաշենի քննչական մեկուսարանում՝ թիվ 13 խցում, որտեղ ապրել ու գործել եմ առանց բացակայելու (չեմ բացակայել, ինչպես իմ դպրոցում սովորելիս)… Հիմա էլ Չայկովսկու 30 շենքի 13-րդ բնակարանում եմ ապրում։ Պետք էր շատ կարդալ ու գրել. գրել նամակներ։ Կարդացեք իմ «Նամակներ կալանատնից» ժողովածուն, որ իմ ընկերների ջանքերով (միշտ կհիշեմ) հրապարակվեց 2000-ին։ Ահա ժողովածուի սկիզբը՝ «Ինչքա՜ն է փչացել էս ժողովուրդը, էս ժողովրդի սիրտը… 1999 թ. մարտի 23-ին Երևան քաղաքի դատախազությունն ինձ ներկայացրեց մեղադրանք։ Մարտի 25-ին հայ գրագետը ազդարարեց բոլոր թերթերով ու ինֆորմացիայի էլեկտրոնային միջոցներով, որ ես այլեւս հանցագործ եմ, վտանգավոր ռեցիդիվիստ։ 1999թ. մայիսի 15-ին երկու ոստիկան ինձ նստեցրին կալանավորի ճաղավանդակ կեղտոտ բեռնատարն ու բերեցին Նուբարաշենի մեկուսարան։ Մինչ այդ՝ մայիսի 14-ին, ինձ ձերբակալել էին իմ հիմնադրած կրթօջախի առաջ, օրը ցերեկով» ….

Գիտեք, ակնոց՝ որևէ տեսակի, երբեք չեմ կրել։ Իմ տեսողությունը, իմ ատամները, իմ ուժը՝ նաև ֆիզիկական-կենդանական, իմ մորից են։ Խցում, 2000թ.-ին, տեսողությունս հանկարծ այնպես վատացավ, ես խառնվեցի իրար։ Շատ էի կարդում-գրում. հատկապես գիշեր-ցերեկ աշխատում էր իմ հիմնադրած փաստաբանական գրասենյակը (այո, իսկական գրասենյակ խցում)… Փակ տարածքի ֆենոմենն էր. երկար չորս պատի, անհեռանկար ֆիզիկական իրականության մեջ ապրելու… Այդպես է նաև անհեռանկար կյանքում տևական շրջան ապրելը (20-30 տարին այդպիսին է). սկսում ես վատ տեսնել։ Մենք սկսում ենք վատ տեսնել, բարեկամներ։ Անրաժեշտ եղավ ակնոց, բայց ես հասա ավելիին. երկար, անշարժ սեղանի իմ անկյունում հայտնվեց ահա այս լուսամփոփը։ Անբաժան ծառայում-լուսավորում է ինձ 14 տարի։ Շնորհակալ եմ։

Ես, ինչպես մի չուկչի, հիմա «չիտատել» չեմ, «պիսատել» եմ. չեմ էլ հասցնում օպերատիվ գիրն ընթերցել… Շրջան է, կանցնի։ Ես էլ կկարդամ։ Իմ այս գիրը… կմնա… Կմնա՞։ Կմնա, եթե կարդում եք, հիմա՛, ինչպես ես, որ գրում եմ հիմա՝ ռեժիմով, ամեն օր…

Հա, սա էլ է անհոգություն, համամարդկային համերաշխության մի տեսակ է՝ հեր ու տղա ֆուտբոլ ենք նայում։ Ոնց դուք այս տեսանյութը նայեցիք, այնպես էլ մենք՝ ֆուտբոլ… Նշանավոր Ալիսի հայտնի ձանձրույթը պատեց մեզ. ի՜նչ տաղտուկ գործ՝ երկու տասնյակ մեծահասակ վազվզում է մի գնդակի հետևից, քիչ է, տասնյակ հազարավորները՝ մարզադաշտում, հարյուր միլիոնները՝ այլուր, ախով-ուխով ակնապիշ հետևում են… Իմ գոզալ mskh-ը երեկ հազիվ 3367 մուտք է ունեցել, իմ աննման բլոգի«Օրագրին», որ ահա 27-րդ «շեդևրն» է դուրս գալիս, օրական մի քանի հարյուր մարդ է հետևում, իմ 1in.am-ի բացառիկ հարցազրույցի դիտումների քանակը իսկի 1000-ին էլ չի մոտեցել։ Վա՜յ, աշխարհ, էս ո՞ւր ես գնում, անարդար-անխե՛լք աշխարհ…

Ես խաղաղ եմ մեր լեռների պես…

– Հիմա ես ուզում եմ «Հայր մերը» լսեմ։

Մենք ամեն առավոտ ենք լսում՝ որպես համամանկական աղոթք։ Տեսեք՝ ինչ կերպափոխում, ինչ կենտրոնացում… Դավիթը հերթով լսում է «Ձայնադարանը»։ Լավն է «Պսակ-պսակը», բայց ինքը «Կռունկն» է ուզում լսել։ Լսի։ Չի մոռացել մեր Դավիթ ախպերը (Դու պե՞տք է էն հոր ժառանգը լինես….). – Սասուցի Դավիթը կարդա… Հանձնվիր, հայրիկ, կա՛մ Աստծուն, կամ Մամոնային։ Ես Աստծուն եմ ընտրում, ես ու իմ Աստված։ Կարդում ենք «Սասունցի Դավիթը» Բլեյաններով…

Երեկ Արմինեն Շուշան Բլեյանի հոբելյանական 19-րդ տարեդարձի առիթով փայլատակեց՝ «2015-ին Շուշանը դառնում է 20 տարեկան»։ Տպավորվեցի։ Ախր ես Շուշանից «առավել եմ» 40 տարով… Ու ձեռքս գնաց mskh.am, թերթեցի, բացեցի կրթահամալիրի տնօրենի էջը… Ի՜նչ հեշտ բացվեց իմ «Աշոտ Բլեյան» բլոգը, բա մարդիկ ինչո՞ւ են դժվարացնում։ Թերթեցի, «Իմ մասին» բաժինն եմ փնտրում, իմ կենսագրությունը՝ հավաստի։ Սրանից էլ հավաստի՞՝ 1955.04.09. որքան էլ իմ մայրը քանի տարի մեզ շփոթեցնում էր, թե սեպտեմբերի 5-ն է… Պա՜տ-րա՜ստ սեպտեմբերչորսյան կրթական շքերթին… Մի՛շտ պատրաստ… 1985թ. (ուշադիր՝ ես 30 տարեկան եմ) թիվ 183 դպրոցի տնօրեն… Մամա ջան… 1985թ. առ այսօր, օրինական-անօրինական-իրավական փոքր բաժանում-ընդհատումներով, փաստացի 30 տարի միասին ենք, մեկ ենք, որպես Բլեյանի դպրոց…

Ուշադիր՝ տնօրենի մատնությունը։ 2015թ. դառնում եմ 60 տարեկան։ Մի ամբողջ կյանք, որի ուղիղ կեսը՝ Բլեյանի դպրոցում… Այստեղից և բարեխղճության, նախաձեռնության, հետևողականության, փութաջանության չսպառված պաշարները, որ ես գործի եմ դնում… Ամոթ է, 60 տարի ու 30. մարդիկ չհարցնեն, դու կհարցնես, չէ՞, ինչ արիր, ինչ եղավ, ինչու չեղավ… Եվ հայերի հարցը՝ ուրի՞շ… Ես, գիտեք, մի այսքան էլ կապրեմ, բայց ապագայի հետ կապված ծրագրեր չունեմ՝ ինձ այլևս չես շեղի. օրվա հոգսը բավ է օրվա համար: Իմաստավորել կյանքը՝ նշանակում է լեցուն դարձնել այն գործերով։ Հիմա՝ հուլիսի 14-ին 2014-ի՝ գործեր ու գործեր, այնքան, որ օրվա հոգսը լիուլի բավ է օրվա համար, ինչպես Դավիթ Բլեյանը հիմա, որ իր նախաձեռնությամբ արև-ցնցուղով ինքնուրույն (ա՜յ քեզ կրթական պարզ-անհրաժեշտ գործիք՝ երեխայի հասակի ծորակ) ջրում է ծաղիկ առ ծաղիկ…

Ու մենք նույն գործն ենք անում, ես ու Դավիթը… «Պապա, օգնի ինձ, չեմ կարող…»։ Մոտենում եմ. ծիրանն ինքնուրույն լվացել, ուզում է բացել, կիսել, ճիշտ երկու կես անել, մին՝ դեպի դես ու մինը՝ դեն, ու չի կարողանում: 60-ի կեսը՝ 30, և 30+30=60…Ինձ համակեց հիմա ունայնության թե կարցերային տրամադրություն… Աչքս ընկավ իմ կենսագրությանը՝ 1999-2001՝ թիվ 1 քննչական մեկուսարանի կալանավոր… Ուշադիր. ես 21-րդ դարը, 3-րդ հազարամյակը դիմավորել եմ Նուբարաշենի բերդում…

Անցյալ տարի էր… Դուրս էի գալիս Սևանի վանքից, ուր կենսամշակութային արշավի վերջում «Սեբաստացիներ» երգչախմբի հետ հոգեհանգիստ էինք երգում Սոս Սարգսյանի հիշատակին, ու… Բարձունքին՝ քարե պարսպի բազրիքին մի քանի տղաներ՝ որքան հնարավոր է լպիրշ… Չկան շուրջը մարդիկ, օտարերկրացիներ, չկա եկեղեցին, չկա վանքը այս. ինքն է ու իր լպիրշությունը, ու ես, ինչպես իմ գրական հերոս Խաչատուր Աբովյանը, մոտեցա, որ գլորեմ ներքև… Իմ ուսուցչի ձայնը՝ թո՛ղ, ինձ ետևից կանգնեցրեց…. Անդավաճան մնամ իմ ուխտին՝ միշտ դեպի լույս: Անկասկած:

04-ին մոտ է, օրը՝ կիրակի. օրվա գիրն իմ առջևում է: Այսպես օր օրի մոտենում ենք հուլիսի տասնյոթին՝ իմ բլոգ-կայք օրագրի ընթերցող-բարեկամ-աջակիցների հավաքին: Օրը սրանով է որոշվել` հունիսի 17-ի ժամը 04-ին ես սկսեցի իմ օրագրի առաջին գիրը: Դժվար է հավատալ, որ ես անընդհատ, ամեն օր գրելու եմ. կասկածեք ու անցեք առաջ: Ապրելու եմ հարյուր տարուց ավելի. ոչ թե պատկերացնում եմ իմ երկար ապրելը, այլ չեմ տեսնում իմ մահը:

Օրվա՝ հուլիսի 13-ի արտասովորությունը ապրեցի մեկ օր առաջ. խառնել էի շաբաթն ու կիրակին: Արթնացել էի հուլիսի 12-ին, ինչպես կիրակի օր, օրվա գիրն էի հանձնել, որպես կիրակնօրյա գիր…

Շուշան Բլեյանի` ժամանակագրությամբ իմ երրորդ աղջկա ծննդյան օրն է հուլիսի 13-ը: Օր չէ, այլ աղոթք: 1978-ին, հունիսի 1-ի 2-ի արանքում ծնվում էր իմ առաջնեկը, մեծ խումբ ընկերներով վստահ էինք, որ տղա է ծնվելու: Բլեյանից որ տղա չի ծնվելու, էլ ի՞նչ… չգիտեինք ու վստահ էինք: Տեսա՞ք` ինչ տղա ծնվեց` Լիլիթ Բլեյանը: Ու Աստված ասաց. «Շնորհ է», ու շնորհ եղավ: 1980-ին, մարտի 11-ին, իրիկունը, Արեշի ծննդատանը ծնվում էր իմ երկրորդ զավակը: Էլի ընկերներով սպասում էինք: Ուզում էի, որ աղջիկ լինի, անունն էլ ամիսներ առաջ Տաթևավանքում որոշել էի, ու այդպես եղավ՝ Տաթև ծնվեց: Աստված ասաց. «Ջիգյար է», ու սիրտ եղավ: 1995-ին Հանրապետական ծննդատանը ծնվեց Շուշանը. գիտեի, որ աղջիկ է, և ուրիշ այլ բան, քան երրորդ աղջիկը, չէի ուզում: Եվ այդպես եղավ: Ոչ մի կերպ չէի կարողանում որոշել անունը. շնորհակալ եմ Կարինե Ջանոյանին, որ անվանակոչելու իրավունքը նվիրել էր ինձ: Տաթև-Լիլիթը չափահաս էին ու միջամտում էին, վիճարկում իրենց նախարար հոր իրավունքը: Ծննդատան գլխավորն ընդառաջ գնաց իմ խնդրանքին: Իմ երրորդ աղջկան բերեցինք տուն, ու մեկ-երկու օրից բնական գտնվեց, կպավ անունը: Այդ ընթացքում քանի՜ անուն փորձեցինք, չէր սազում: Հետո Շուշանը, Շուշոն կպավ ու սազեց: Եվ Աստված ասաց. «Ծաղիկ է», ու ծաղիկ էլ կա` ինչպես ծնունդ ընդունող տղամարդ բժիշկն ասաց` այսքան նման իր հորը:

Տարիներ առաջ, երբ ողջ էր Համո Սահյանը` իմաստուն, խաղաղված սիրելի գրողն ու մարդը, ես առիթը բաց չէի թողնում նրա հետ շփման: Մի անգամ նա կարդում էր իր նշանավոր բանաստեղծությունը`

Ժամանակները խառն են ու խրթին.
Ինչ-որ տագնապ է ամպն իր հետ տանում,
Ինչ-որ սարսուռ կա անտառի շուրթին,
Ինչ-որ խորհուրդ կա, որ չեմ հասկանում:
Ժամանակները խառն են ու խրթին.
Հողմը ննջում է, հովն՝ ըմբոստանում,
Ինչ-որ հառաչ կա քարափի շուրթին,
Ինչ-որ բողոք կա, որ չեմ հասկանում:
Ժամանակները խառն են ու խրթին.
Հողը գժվում է, ջուրն իմաստնանում,
Մեռած հույսերը ծնվում են կրկին,
Ու սիրտս կրկին բան չի հասկանում:
Լեռների վրա և տափաստանում,
Լույսի մեջ անգամ խորհուրդ կա մթին,
Օրերն իրարից բան չեն հասկանում,
Ժամանակները խառն են ու խրթին…

Հարցրի. «Վարպետ, գրածի մեջ իսկապե՞ս Ձեզ անհասկանալի բան կա»: «Տո, լավ էլ հասկանում եմ, Աշոտ ջան»: Հիմա ես ասեմ` տո, լավ էլ հավատում եմ: «Դժվարանում եմ ասել», «դժվար է հավատալ»-ը երանգավորող բառ են թե բառակապակցութուն. լավ էլ հեշտ է հավատալը, երբ սեբաստացիներին ավելի ու ավելի միավորում է կենսախնդությունը, անմիջականությունը, մարդկային հավատարմությունը և մանկավարժական մասնագիտական հավատարմությունը գաղափարներին: Ու թող կիրակնօրյա աղոթք հնչի. «Ինձ շրջապատում են այդպիսի մարդիկ»: Իմ շաբաթ-կիրակին նշանավոր դարձրած Շուշան Բլեյանը, Գայանե Առաքելյանը, Սոֆյա Այվազյանը, Կարինե Մացակյանը հենց «դժվար է հավատալ» շարքից են, ու իմ սիրտը դրանից փառավորվում է:

Շաբաթն անցավ փութաջան պատրաստությունների մեջ, առաջին կեսը՝ կրթահամալիրում, «Սեբաստիա» մարզահամալիրում, գործ, որն ինձ ավելի ու ավելի շատ է զբաղեցնում, խանդավառում, իսկ օրվա վերջում՝ տանը, Կարինե Մացակյանի, վարպետ Վարդանի, իմ բարեկամ Վահրամի, Ռուզանի ու Արմինեի հետ Շուշանի սենյակը բնակելի վիճակի էինք բերում: Մինչ մենք մեր տոնական պատրաստությունների մեջ էինք, Արմեն Մարտիրոսյանը, Դպրոց-պարտեզի Լուսինե Պետրոսյանի սանը, համակարգչով նկարում էր Շուշոյի դեպի բեմ ճանապարհը:

Սենյակը երգչուհուն վայել է, յուրահատուկ: Սենյակի դուռը՝ դեպի ընդարձակ բակ-պատշգամբին է նայում, «Դեպի բեմ» համերգային պաստառով, իսկ սենյակի պատշգամբ-պատուհանը՝ դեպի Նորքի բլուր և Օղակաձև այգի:

Իր նշիկներին հրաժեշտ տված Շուշոն՝ Շուշան Բլեյանը տանն է, ու նրա եղբայր Դավիթն այցելեց քույրիկին` համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է: «Շուշանին բժիշկները բուժել են».- այսպիսին է Դավթի եզրակցությունը: Ինձ, իմ երգչուհի աղջկան, նշիկներն այլևս չեն խանգարի, ոչ սովորական կիրակի է սպասվում. վաղը՝ հուլիսի 13-ին, Շուշանի ծննդյան օրն է, իմ սքանչելի Շուշոն դառնում է կլոր 19 տարեկան:

Ահա, թե ինչպես էր Պիետրոն գրանցել մեր գտնվելու վայրը՝ այս գրքի միջոցով, հետո մեդիայում գտել Լիլիթին (Լիլիթն ի տարբերություն հորը բազմալեզու է ու մեդիայում կապեր ունի)… Ի՞նչ գիրք կգրի Պիետրոն, ի՞նչ կդառնա նրա տեսած-լսածը կրթահամալիրում՝ հետո կիմացվի, բայց շնորհակալ եմ…

Ճիշտ այդպես, ինչպես գրքում նկարագրել է ամերիկացի Հեդրիկ Սմիթը, 1985թ. հուլիսյան մի օր ես դուրս եկա Երևանի Չարենցի փողոցից ու ճանապարհ ընկա դեպի Բանգլադեշ… Ճիշտ այդպես, ինչպես նկարագրված է, ես շփոթված մտա փոշու մեջ կորած թաղամասը (այդպիսի փոշի ես տեսել էի, իհարկե, 1975-76 թթ. ուսանողական ջոկատների կազմում՝ Ռուսաստանի ոչ սևահողային գոտում աշխատելիս)… Այստեղ ինձ սպասում էին իմ համալսարանական հեղափոխական ընկերները, դպրոցի ուսմասվար Աշոտ Դաբաղյանն ու կազմակերպիչ-փոխտնօրեն Աշոտ Մանուչարյանը… Ամեն ինչին գումարած՝ 1985թ. օգոստոսին սա դպրոց էր առանց տնօրենի… Ո՞վ կարող էր աշխատել այսպիսի Աշոտների հետ` մոտ ընկերների, հարազատ մարդկանց, ինտելեկտուալների, որ որոշել էին միասին վերափոխումներ սկսել հայ իրականության մեջ (շարունակել իրենց նախկինում կատարած գործը)՝ հիմնելով նոր դպրոց։ Նորակառույց արվարձանը լավագույն հնարավորությունն էր այդպիսի հանդունգն նախագծի իրականացման համար, իսկ Աշոտների հայտնի քեռին ու հորեղբայրը (Շահումյանի շրջանի 1-ին քարտուղարը Աշոտ Դաբաղյանի քեռին էր, իսկ Երևանի քաղաքային քաղխորհրդի գործկոմի նախագահի 1-ին տեղակալ Յուրա Ջավադյանը՝ Աշոտ Մանուչարյանի հորեղբայրը) ավելի անմեղ-օրինավոր աքսորավայր չէին կարող մտածել… Բանգլադեշի նորակառույց թիվ 183 դպրոցը աքսորավայր էր նախատեսված նաև ինձ համար` քաղաքի կենտրոնում, թիվ 10 դպրոցում հայագիտական դասարաններով, ազգային կրթությամբ կուսակցական-պետական շրջանների համար անհանգիստ վիճակ ստեղծած, համալսարանից հայտնի ու մանկավարժություն արտաքսված փոխտնօրենին… Շնորհակալ եմ երախտահիշատակ Վարդգես Պետրոսյանին՝ այդ շրջանում հայտնի գրողին ու գրողների միության եռանդուն-ազդեցիկ նախագահին, ով ճանաչում-հովանավորում էր իմ կրթական-հայրենագիտական նախաձեռնությունը: Վարդգես Պետրոսյանը կարողացավ համոզել, պարտադրել քաղաքային իշխանությանը՝ ազատվել ինձանից բարձրացնելով իմ պաշտոնը:

– Հա՛, հա՛, հա՛ հա՛, քահ-քահ խընդաց
Մըսրա դաժան թագավորը։
Դե, թող հիմի գնա՝ խավար
Հորում փթի, էնքան մնա։
Ու ահագին մի ջաղացքար
Բերավ, դրավ հորի վրա։

Այսպիսով 1985թ. սեպտեմբերի 1-ը ես դիմավորեցի որպես Երևանի Շահումյանի շրջանի թիվ 183 միջնակարգ դպրոցի տնօրեն, դպրոց, որ իր դռները նորակառույց ՀԱԶ Բ-1 թաղամասում բացել էր 1994-ին, անավարտ էր ու անորակ շինարարական աշխատանքներով, ռուսերեն և հայերեն ուսուցմամբ դասարաններով։ Այն ժամանակ Բանգլադեշի Բ-1, Բ-4, Բ-3, Բ-2 թաղամասերում շատ էին զինվորական ընտանիքները ԽՍՀՄ տարբեր ծայրերից, և գտնվել էր ռուսական դպրոց բացելու մի նոր առիթ: Սկսվեց…

Ինձ վրա ամենամեծ տպավորությունը գործեցին Կուրթանի Սուրբ Աստվածածինը, նորից Հնեվանքն ու այնքա՜ն մոտ ջրառատ Ձորագետը՝ իր երկինք դարձող կիրճով… Կարդանք միասին Տաթև Բլեյանի կրտսեր տարիքի ամենաբանաստեղծությունը՝ Եղիշե Չարենց «Հայենիքում»:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին …

Ինձ համար ամենահուզիչն ու կարևորը Շուշան-Դավիթ կապի զորացումն է. Դավիթն ու Շուշանը քնեցին, արթնացան այնքա՜ն խաղաղ-հարազատ՝ մի սենյակում: Շուշոն օրորել է Դավթին նոր օրորոցում… Դավիթն արթնացել է Շուշանից շուտ ու սքանչացել իր խաղաղ քնած երգչուհի քրոջով, չի խանգարել, հսկել է իր քույրիկի քունը…

Երեկ, ինչպես խոստացել էի իմ օրագրի ու բլոգի ընթերցողներին, իրական դարձավ և «Բլեյան բլոգ TV»-ն և իմ տպագիր շրջանի (մինչև 1991թ) մանկավարժական, հասարակական-քաղաքական շրջանակի հոդվածներիհրապարակումը՝ շնորհիվ մեր գրադարանի սիրելի ու հայտնի ղեկավար Մարի Գաբանյանի սրտացավության և օպերատիվության։ Առաջին հոդվածը, որ ժամանակին Կամո Վարդանյանի խմբագրած «Երեկոյան Երևանում» այնքան աղմուկ հանեց, ձեր սեղանին է։ Իմ քաղաքական գործունեության մեկնարկն ու գործչի կարգավիճակը իմ կյանքի ետկոմերիտական, ետկոմունիստական շրջանում, 1989թ. նոյեմբերին «Հայոց համազգային շարժում» կազմակերպության հիմնադիր համագումարը տվեց, որտեղ ես ընտրվեցի կուսակցության վարչության անդամ… Ես թիվ 183 նշանավոր դպրոցի հայտնի տնօրենն էի, ու իմ ագահությունը, հասարակական-պետական կյանքի դրամատիկ-համակողմանի փոփոխությունները չէին կարող չկլանել-տանել դեպի նոր եզերք։ Տարան։ Ո՞վ կարող էր Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում մեծամասնական կարգով ընտրվել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, եթե ոչ այդ թաղամասում գործող ու Երևանում, վստահ կարող եմ ասել՝ ամենահայտնի դպրոցի նույնքան հայտնի դարձող տնօրենը… Այդպես էլ եղավ. 1990-ի օգոստոսին Գերագույն խորհրդի պատգամավոր էի։

Իմ քաղաքական գործունեության արձանագրությունը եղավ «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» ժողովածուն, որը 1989-92թթ իմ քաղաքական հոդված-հարցազրույցների անդրանիկ ժողովածուն է: Ահա այն. ես հրապարակային եմ գործել-գործում քաղաքական կյանքում, ինչպես հասարակական-կրթականում` ինձ կարելի է ստուգել, հետևել, մեջ բերել… Ես մատչելի եմ շնորհիվ իմ քաղաքական գործունեության օրագրի: 2001թ. այդ գրքույկը վերահրատարակվեց: Ահա խնդրեմ 1990թ. Գերագույն խորհրդի նախընտրական, պատգամավորական հոդվածները, 1998թ. ՀՀ նախագահի թեկնածուի իմ ծրագիրը, 2003թ. Ազգային ժողովի նախընտրական-ծրագրային ելույթները…

Ինձ հարցնում են հիմա էլ , թե ինչու է միշտ այդքան աղմուկ եղել իմ շուրջ: Ահա՛ իմ գործն ու իմ խոսքը, ահա՛ ես՝ որպես գործիչ, բոլորն էլ՝ բաց-հասկանալի… Խոսեք:

Երեք օր անընդհատ իմ բլոգ TV-ի եթերում կլինեմ ես` իմ բլոգ պատումներով հուլիսի 25-ի, 26-ի, 27-ի իմ օրվա գրերին կփոխարինեն տեսպատումները: Այս անգամ որպես տաղավար ընտրեցինք մեր կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցը, հաջորդ շաբաթ կրթահամալիրի այլ տարածք կդառնա իմ բլոգ TV-ի տաղավարը:

Մեր տանն այսօր ընդունելություն է՝ ի պատիվ մեզ, իմ ընտանիքին, ուրախ եմ, նաև իմ Տաթևին, Շուշանին ու Արևիկին հարազատ դարձած Շուշվա բնիկների` Նալբանդյան-Խաչատրյան ընտանիքի` Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի հայտնի տնօրեն, Արցախի վաստակավոր ուսուցիչ Նազիկ Նալբանդյանի, Շուշիի մանկաբույժ Նունեի ու իր հմայիչ պատանի Արթուրի ու դաշնամուրից երեկոյի ընթացքում չկտրվող աղջնակ Աննայի, զինվորական ծառայությունը որպես աշխատանք ընտրած Կարինեի….. Օրեր առաջ իմ օրագրի հերոսուհին՝ սեբաստացի-թոռնուհի 10 տարին բոլորող Արևիկն իր ընկերների հետ հյուրընկալվել էր Շուշիի Խաչատրյաններ-Նալբանդյաններ ընտանիքում…. Անանց, ժամանակի հետ ուժեղացող ու ապագա որոշող տպավորություններ. ամենակարևորը հիմա Արցախ-Հայաստան հարաբերությունների մարդկայնացումն է բոլոր մակարդակների վրա, ու ի՜նչ լավ է, որ Շուշիի ու Երևանի գործընկեր ուսումնական հաստատությունների ղեկավարները կարևոր օրինակ են դարձնում իրենց ընդարձակվող ընտանեկան-անձնային հարաբերությունները…

Իմ փեսան՝ Լիլիթ Բլեյանի ամուսին, ծնունդով-ծագումով արցախցի, Աժ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը կասեր՝ փայլուն է…
Ի դեպ, մենք բաժակ ենք բարձրացնում իմ հենց այսօր հինգ տարեկան դարձող Սոնայի համար, որ այդ պահին ընտանիքով նավի վրա է… Բարի նավարկում, բարի հանգիստ ու վերադարձ, բոլոր տարիքների ու կարգավիճակների սեբաստացիներ, տպավորիչ ամառ, որ կարող է այդպիսին դառնալ նշանավոր-իրականացված մի նախագծով, խիզախ նախաձեռնությամբ: Խիզախեք, հանդգնեք, որ այս վիճակը հաղթահարվի…

Երկու բան ինձ, ինձ հետ և ընտանիքս, կապում է Երևանին մի «անտանելի» սիրով, դժվարացնում մեր բաժանումը, որքան էլ ընտանիքի, հիմա նաև Երևանում գտնվող Շուշանի իրավունքներն այլ բան են պահանջում։ Մեկ՝ Արմինեի մայրիկը, որ գամված անկողնուն՝ մեր խնամքի ներքո է, և պատասխանատու եմ անօգնական դարձած մարդու համար, որքան էլ Արմինեն, սիրելի-հարազատ քույր Ռուզանն ու նրա ամուսինը ինձ՝ բազմազբաղ մարդուս, խնայում են։ Երկուս՝ այս խաղադաշտերը և նոր ուսումնական տարվա առթիվ կրթահամալիրի մասնաշենքերում մոբիլ-բաց միջավայրի նորացման-ամբողջացման ընթացող աշխատանքները, որոնք հուլիս-օգոստոսին պիտի արվեն։
Ինքը՝ չգիտեմ, բայց ես քնում եմ։ Խորը չես ասի այս քնին… Արթնանում եմ, ու այս գիրը հանձնում թղթին, որ ինձ չասեն…

Այս թոփ-տասնյակում է նաև իմ սեբաստուհի-թոռնուհի Արևիկ Տատինցյանը, ով ավարտեց Դպրոց-պարտեզի հնգամյա դասընթացը, ամիսներ առաջ՝ իրեն բնորոշ սուր դժկամությամբ, հիմա՝ ընդգծված գոհունակությամբ, անհամբեր պատրաստվում է հիմնական կրթությունը շարունակելու կրթահամալիրի Միջին դպրոցում։ Ազնիվ Հովհաննիսյանի «Քարանձավային բնակավայրերը Հայաստանում» ուսումնական նախագծով ընկերների հետ քարանձավների բազմօրյա ուսումնասիրություն է արել Գորիսում և Իջևանում, հնգօրյա հայրենագիտական-ազգագրական «Ճամբար անիվների վրա» նախագծով ընկերների հետ եղել է Թարթառի և Խաչենի հովիտներում։

Դավիթ Բլեյանն օրեր առաջ Արևիկենց տանը տեսել է ապակե պահարանում ցուցադրված՝ Արևիկի ամառային գործերի շարունակ ավելացող հավաքածուն՝ մատնիք-մարջան-ապարանջան, ու տպավորվել այնքան, որ տեղափոխել է հեքիաթ.

– Թող չարչին տանի, (Թումանյան պապիկի պոչատ աղվեսի չարչուն նկատի ունի)…

– Իսկ Արևի՞կը,- հարցնում եմ։

– Արևիկը նորը պատրաստի. Արևիկը ուժեղ ա (ըստ Դավթի՝ աշխատող, ստեղծող)։ Այնքան, որ ավելի ու ավելի է հիացնում ինձ, մորաքույր Լիլիթ Բլեյանին, Ավստրիայով բաժանվելու պատճառով, թե Արևիկի հասուն նկարագրով տպավորված՝ հաշտված Շուշանին, Կարկաչ-տատիկին, բնական է՝ բոլոր Տատինցյաններին (ազգանվան ֆենոմենը տեսեք), որքան էլ մանկավարժորեն խնամքով թաքցված՝ մայրիկ տնօրեն Տաթևիկ Բլեյանին…

Այսօր ես երկար քնեցի, քունս առա. բարի լույս, կրթահամալիր. դուք գտաք ձեր տիարին՝ կենսունակությունը վերականգնած, իսկ օրվա գրի ժամը խախտվել է՝ 6.30-ին եմ սկսում գիրը։ Դավիթը քնեց մինչև ժամը 8.00, արթնացավ զինվորի պես. 10 րոպե ուներ հիգիենայի համար՝ նստակոնք, լողալ, հագնվել, պճնվել ու առա՜ջ աստիճաններով… Գնդապետ Առուշանյանը մեզ է սպասում։

Տանել չեմ կարողանում, որ «գյալաջի» են անում հեռախոսով։ Ինչպես այս մի զանգը. գրեք, խնդրում եմ, կա՞ դժվարություն։ Եթե կա, հաղթահարենք դժվարությունը, ես ձեզ կպատասխանեմ, հետո, կարիքը կասի՝ իմ նախաձեռնությամբ կհանդիպենք… Չէ, ինքն է, ու իր անտեղի պատումը… Բջջային խոսակցությունները պիտի լինեն օպերատիվ, ինչպես գնդապետ Առուշանյանինը։ Զանգ. հանդիպենք վաղը՝ 8.30, կառուցվող մարզադաշտերում. 20 վայրկյանը հերիք է մեր խոսակցության համար։ Շնորհակալ եմ։ Հարգանքով լցվեցի և՛ կոչումի, և՛ պաշտոնի, և՛ մեր բանակի հանդեպ։ Ինձ համար ամենաուրախալին մեր բանակի սպայակազմի որակի բարձրացումն է։


Շաբաթ ինձ այցելել էր իմ Էմմա քույրիկի մեծ աղջիկը՝ Սուսաննա Հովհաննիսյանը՝ իր Նազենի Հովհաննիսյան դստեր հետ։ Այո, մենք երկու Նազենի Հովհաննիսյան ունենք, մեկը՝ այս վեց տարեկան ջանավարն ու կրակի կտորը, ով իմ սանիկն է նաև (Դավթի հետ մկրտություն արեցինք նույն օրը, նույն եկեղեցում), իմ երկնքում գտնվող քույրիկի և մերձավորների հատուկ ուշադրությունն է վայելում. ուժը, որ կրում է, նրան դեռ հայտնի կդարձնի։ Նազուկը ձանձրանում է հաճախ մենակ տանը, կամ չորս պատի մեջ՝ մայրիկի հետ մենակ. խնդիր է… Այս խնդիրը, վստահ եմ, աջ ու ձախ դրա արձագանքներն են ինձ հասնում, նաև մանկավարժական է ու ինձ այնքան է անհանգստացնում, որ կենտրոնանում եմ դրա լուծումը գտնելու վրա… Նազուկը կգա Գեղարվեստի ճամբար. ես, Առնոլդը, Սուսանը, Նազուկը արագ պայմանավորվեցինք։

Ես՝ գիտեք, խասյաթով մարդ եմ, ամենաառանձնահատուկ պայմանների կարիքով, բայց ես «յոլա»-ի թշնամին եմ: Շարունակ իմ միջավայրը փոխում եմ, հարմարեցնելով այն ինձ, իմ նման մարդուն: Ախր, գիտեք, առանձնահատուկ պայմանների կարիքի փոխարեն ճիշտ է գործածել անհատական կարիք, մեկս մյուսից տարբեր մարդիկ ենք բոլորս, դե, այսպես է Աստված ստեղծել մարդուն. ահա ինչու մանկավարժություն մտնելու առաջին օրվանից՝ 1978-ից, որպես Երևանի թիվ 10 դպրոցի փոխտնօրեն, 1985-ից, թիվ 183 դպրոցի տնօրեն, 1989-ից, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ես ունեցել եմ իմ մանկավարժական դավանանքը, որն անփոփոխ է՝ իսկական հանրակրթությունը ներառական է:

Ե´վ փոխքաղաքապետ, և´ նախարար-փոխնախարար եղած շրջանում ես դավանել-գործել եմ մեկ միասնական դպրոցի անհրաժեշտության գիտակցմամբ. իսկական կրթությունն, ինչպես կյանքը իրական, ներառական է:
Մի խեղճ ու կրակի մեկը, Թումանյանը կասեր. օխտը կորածի մինը: Երբ ես մարդուն որևէ ձևով վիրավորում եմ, իմանում են: Հոգով-սրտով ներողություն, սա այդ դեպքը չէ, պարզապես տանել չեմ կարողանում խեղճությունը, որը մեզանում թույլ չի տալիս, որ կայանա քաղաքացիական հասարակությունը:

Դավիթը հիմա էլ դեղձ է ուզում, կլպած: Կնոջ-մոր կլպած դեղձը չի ուտվի: Ա՜յ, երբ տղամարդ-հայրիկն է դա անում, անշտապ, որպես կիրակի օրվա թիվ մեկ գործ, զմայլվում դեղձը խլշտող իր տղայով-աղջկանով (սա վարձատրությունն է մեր), և ի՞նչ: Բակունցի, Չարենցի, Թումանյանի կերտած, իմ ժամանակի հերոսը դարձած Խաչատուր Աբովյանը հայտնվում է իմ կողքին նորից: Պարզ է, հիմա ինձ համար դժվար է: Ես անձնային, կրթական տարածքից հայտնվել եմ հասարակական-քաղաքական խնդրահարույց եզրում. Ա՜խ, այս ինտերնետը…

«Այդ չէ՞ր միթե հախուռն իր օրերի ուղին,
Իր խոհերի, գործի ու տքնաջան
Մաքառումի՝ ընդդեմ իր գոյության չարքաշ…
Օ, անպտուղ վաստակ ու տքնություն երկար,
Գոսն օրերում-ոգու հոգնություն ե՛ղկ,-
Անտեսնելի գալիք ու կապարե ներկա,
Անհորիզոն կյանքի կապարե ե՛րգ…»:

Շաբաթ օրն ինձ շամփրածն անհաղթահարելի է. մենք ապրում ենք նշանառուի նշանառության ներքո, չե՞նք տեսնում: Ես նայում եմ պատուհանից, տեսնում դիպուկահարին, որ նշան է բռնել սահմանին կանգնած իմ շրջանավարտին, իմ հարազատին, իմ թանկագին անծանոթին… Կրակիր ի՛նձ, եթե պիտի կրակես. ես դրան, իրոք, պատրաստ եմ, իսկ այսպես ապրել, որպես հացակեր, իբր՝ այդպես էլ պիտի լիներ, շաղակրատել, ես չե՛մ կարող:

Այո, ես Մուրմանսկի մարզի Կովդոր քաղաքում եղել եմ 1974-ի ամռանը։ Ինձ ընտրեցին. ինքնառաջադրվեցի, թե նշանակեցին՝ չեմ հիշում։ Կազմակերպել-ղեկավարել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի «Տարոն» ուսանողական շինարարական 40 հոգիանոց ջոկատի գործունեությունը։ Այդ տարին մենք խոշոր հարստացուցիչ ֆաբրիկա էինք կառուցում. մոռանալ չեմ կարող այն բարձր ու հաստ երկաթբետոնյա հենապատերը, որ գիշեր-ցերեկ (Կովդոր քաղաքում ո՞ւր էին անհետացել գիշերները, մարդիկ. դրանք էլ հո իմ քանդածը չէի՞ն) կառուցում էինք, ինչպիսի մեծ-թարմ շինարարական մեխանիզմ-մեքենաների հետ էինք գործ ունենում, այդ թվում՝ հսկա բետոնախառնիչների… Կառուցվող ֆաբրիկան համամիութենական նշանակության էր հայտարարված. ո՜նց էլ մեզ էին վստահել այդպիսի որակ պահանջող գործը։ Մեզանից ոչ միայն գոհ մնացին, «Տարոն» ջոկատը ճանաչվեց լավագույններից մեկը միութենական շինջոկատների կազմում… Մեզ հետ էին համալսարանի այլ ուսանողական ջոկատներ, այդ թվում՝ տնտեսագիտական, մեխանիկա-մաթեմատիկական, … ֆակուլտետների։ Այնպես որ ճիշտ է հարգելի Ռազմիկ Էվոյանը, ում ողջունում եմ կրկին։

Իմ օրագրում կանդրադառնամ, իհարկե, շինջոկատներին. իմ կյանքն է, ո՛չ ուզում եմ, ո՛չ էլ կարող եմ փախչել, եղել է։ Մինչ Կովդորը ես արդեն հասցրել էի համալսարանի շինարարական ջոկատի կազմում 1973թ. ամռանն աշխատել Ղազախստանի Կոկչետավի մարզի Կոմսոմոլսկ գյուղում. մարտիկ էի ու լավ մարտիկ, որ որոշել էր գեներալ դառնալ։ 1975թ. ես նորից «Տարոն» ջոկատի ղեկավարն էի ու իմ ընկերների հետ ամռանը անասնապահական ֆերմաներ (կովանոց-ոչխարանաոց) էինք կառուցում Մարի Էլ հանրապետությունում (Յոշկար Օլա մայրաքաղաքով)՝ Մարիտուրեկի շրջանում։ Հետո ինձ վստահեցին համալսարանի շինարարական բոլոր ջոկատների նախապատրաստման գործը. ես Հայաստանում հայտնի և կարևոր շտաբի պետ էի։ Այդպիսի շտաբներ կային բոլոր բուհերում, այդ թվում՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտում, պոլիտեխնիկում։ Մենք մրցում էինք, համագործակցում էինք, հաստատում մարդկային կապեր։ Այդտեղից են նաև իմ-մեր մարդկային կապերը այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի, «Սուրբ Ներսես» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ։ Ես այսպիսով պատասխանեցի իմ բլոգի, օրագրի հարգելի ընթերցողի զանգին, կատարում եմ անպատասխան հարց, անարձագանք զանգ կամ «քոմենթ» բացառելու իմ խոստումը։

1976-ի ամռանը ես իմ վաղամեռիկ պայծառ գործընկերոջ՝ Սամվել Նալբանդյանի (Սյոմա) հետ ղեկավարում էի միացյալ շինարարական ջոկատները, որոնք ցրված էին ռուսական ոչ սևահողային գոտում՝ Մարի Էլից մինչև Կազան, 30-35 ջոկատ, շուրջ 1000 ուսանող-մարտիկ։ Պատկերացնո՞ւմ եք. ես արդեն 21 տարեկան էի ու հայտնի շինարար-կազմակերպիչ։ 1977-ին ես իմ պայծառ ուսանողական ընկեր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Երևանի առաջին քաղաքապետ վաղամեռիկ Համբարձում Գալստյանի հետ նախապատրաստում էի համալսարանի շինարարական աշխատանքները՝ Մագադանից մինչև Չուկոտկա, մինչև Դուկատի արծաթի հանքեր… Հետևեք իմ բլոգապատումին. դեռ ինչե՜ր չեմ պատմել։

Ինչի՞ց առաջ եկավ վերին գիրը։ Չե՞մ շատախոսում արդյոք ես: Գուցե պետքը կա կարճելո՞ւ իմ խոսքը ծավալով։ Ու ես նայեցի հաշվիչին… Ինչ լավ բան է հաշվիչը, ահա իմ բլոգի հաշվիչի 2014թ. օգոստոսի 1-6-ի ցուցանիշները՝ 01.08 -374, 04.08-495, 05.08-714, 06.08-1188… Շնորհավորենք միմյանց առաջին 1000-ի սահմանը տպավորիչ հաղթահարելու համար: Ո՜վ չի ժպտա այսպիսի աճին… Ես իրականում շատ չեմ խոսում, այլ… շաղակրատում եմ… Ընթերցողներին սա դուր է գալիս: Ահա և շատախոսությունը և շաղակրատությունը իրարից զատելու գործիք՝ էլ. հաշվիչը. լավ գործիք է: Եվ հիշեցում. հիմա դուք կարդում եք իմ օրագրի 49-րդ գիրը: Ինչո՞վ, ինչպե՞ս նշանավորենք 50-րդը. ահա… օրվա հարցը, որ, շատ հնարավոր է, հնչում է որպես հռետորական։ Իսկ կարդալ (վերընթերցել) արժե իմ «Ժամանակակից ու հանրամատչելի մանկավարժություն» նույն վերնագրով`«Հաշիվ պահիր քո խոսքերին» հոդվածը…

Աչքի անցկացրի երեկվա «Ի բազում ամս տենչեցեալ…» հրապարակումը. մեկ է՝ հավատալու բան չէ՝ ե՞ս եմ գրել… Այսքան բան եմ գրելիս իմացել, այդքան կարդացել-ուսումնասիրել եմ, աղբյուրներ թերթել, հոդվածի համար նյութ հավաքել… Հալալ է ինձ էլ, քեզ էլ, քույր իմ։ Բա էս ողջ ընթացքում ինչո՞վ եմ զբաղվել, ինչի՞ վրա եմ վատնել իմ «հանճարը»։

Արևիկին Դավիթը զվարճություն է պարգևում. հենց այսպես՝ պարգև զվարճության քեռի Դավիթ… Եվ լավ է, Արևիկ ջան, որ քեռին պուճուր է տարիքով. ասված է, չէ՞, քանի քեռին կա, քո զվարճության պարգևն անպակաս կլինի։ Թե չէ էլ ի՞նչ Սասունցի Դավիթ։

Արևիկն օգոստոսի 7-ին մաթեմատիկոս-պարուհի Անահիտ Բեկյանի ջոկում մեկնում է Կուրթանի «Հնեվանք» արշավախմբային ճամբար։ Արևիկը պատրաստության մեջ է. գիտի ճամբարի 2-րդ հերթափոխի յուրաքանչյուր մասնակցին, այս օրերին ճամբարի մասին նյութ է դիզել։ Այնպես չէ, որ Արևիկն օգոստոսյան ճամփորդության ընտրություն չուներ։ Ուներ, և ընտրությունը կանգնել է Կուրթանի վրա։ Կուրթան, դու Կուրթան, դեռ ինչեր կբերեն սեբաստացիները քո հմայիչ գլխին։ Անահիտն ինձ հիացնում է։ Երջանկությունը, Արևիկ, այսպիսին է լինում՝ Անահիտի ջոկում, քո ընկերների հետ 5 գիշեր-6 օր Ձորագետում… Ինձ որ թողնեին, ես հրեն, իմ պահարանից ուսապարկս ու քնապարկս կառնեի ու հայդե՜, Կուրթանի Ձորագետ, լողայի, կպառկեի գետի ափին, քարերի վրա… Էլի լողայի Ձորագետում, էլի պառկեի գետի քարերի վրա ու տաքանայի… Իսկ իրիկվա կողմ Կուրթանից իջնեի Հնեվանք, նստեի եկեղեցու բեկորներից մեկի վրա ու նայեի Ձորագետի քարափներին, իմ հայացքի մեջ առնեի Ձորագետի կիրճի անհունը… Թե չէ տեղ եք գտել գնալու, Մերի Առաքելյան ջան. Քոբուլեթի, Սև ծովի հայամարմնապատ ափ… Տո, էդ ջրում լողա՞լ կլինի… Այ, քանի օր է՝ ուզում եմ մեջիցս հանել Սևանա լճի ափերից մնացած գաղջը, չեմ կարողանում։

Ուֆ, ձեզ պիտի պատմեմ իմ տեսած Սևանի մասին, հա՞… Դրան մենք Դավթի հետ իջևանյան խմբով մոտեցանք։ Սևանից ծուխ էր փչում, մասնավոր լողափը խորովածանոց է ասիական. «այստեղ բոլորն ասիացիներ են»՝ սրա՜նք, իրենց մուզի՜կը, հագուկա՜պը, ու ծո՛ւխը, ծուխը… Իմ եղբայր Ստեփանն ուշադիր է իմ նկատմամբ. շուռ եկանք ու Սևան քաղաքին հարող ափը որոշեցինք փոխարինել դեպի Գավառ տանող ափով։ Բազում անուններ. առաջին պատահածը, ամենահամեստը, ու նորից… վանող, ոչ լողափային տեսարան։ Սրա անունը Սևա՞ն է։ Սա իմ վրա նույն ազդեցությունն է գործում, որպես հանրային տարածք, ինչ 500 հոգիանոց պճնված հարսանիքը, որ մեր առօրյան է դարձել… Սևանն այսպես հեշտ չենք հանձնի. դեռ կվերադառնանք, հետևեք իմ գրին։

Խորհրդային շրջանում մեր աչքը հարթ տանիքներից վախեցած է. նորակառույց բնակելի զանգվածների թե՛ բազմաբնակարան բնակելիները և թե՛ ուսումնական հաստատությունների տիպային շենքերի հարթ տանիքների ծածկերն անորակ էին, շենքերը տարին բոլոր չռռում էին՝ սրանից բխող բոլոր հետևանքներով… Որքա՜ն ջանք ու միջոց էր ծախսվում օր առաջ թեք թիթեղապատ տանիքներ ունենալու համար… Մեկը՝ մեր կրթահամալիրի յոթ, բոլորն էլ կաթող տանիքներով շենքերը, և մեր կյանք մաշող ջանքերը՝ շենք-շենք դրանք թիթեղապատելու վրա…

Եվ վերջին պատումը։ Երկուշաբթի առավոտյան, հայտնի իջևանյան շրջագայությունից հետո, եկա, բարձրացա Գեղարվեստի դպրոցի տանիքին հարող հարթակ ու ասացի՝ տանիք կենտրոնական, ты труп, դու չկաս, քեզ սկսում ենք քանդել… Ու սկսեց…

Ծծկերության շրջանը Դավթի մոտ ճիշտ ու ճիշտ համընկավ պամպերս կրելու համընդհանուր պարտականության հետ և տևեց երկուսուկես տարի. չստուգե՞նք, տեսնենք այս մասին ՄԱԿ-ի արխիվներում (սրա մեջ ՅՈՒՆԻՍԵՖ-ն է՝ որպես մանկական միջազգային կազմակերպություն), յուրաքանչյուր երեխայի համար արտադրվող-գնվող-վարվող (վարվո՞ղ՝ հարցնում եմ) ամենատարբեր օրագրերում ինչ կա։ Դավիթը սրաէլեկտրոնայինն ունի՝ որպես սեբաստացի, որի վարումը իմ՝ հայրիկ-տնօրենի 12.12.2012թ. հրովարտակով հանձնել եմ մայրիկ-սեբաստացի Արմինե Աբրահամյանին։ Ես վատ գիտեմ՝ այդքան կարևորվող և իմ գործընկերների կողմից բարեխիղճ ջանասիրությամբ օրվա գրում տրամադրվող հղումներն ինչ են տալիս ընթերցողին, ինչպես են փոխում օրվա գրի ընթերցումը… Ախր, Աբովյանի համար ուշքս գնում է, ու նրա լեզուն շատ հաճախ, ինչպես Զանգվի քչքչոցը, իմ ականջումն է՝ «… Ձեզ եմ ասում, ձեզ… հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնիմ, ձեր արևին ղուրբան….»։ Բերաններդ ջուր եք առել ու լռել, գրե՛ք, խոսե՛ք՝ հասկանանք։

Մեր Նիկոլի զանգն առավոտյան քիչ էր (կարդացել, հուզվել-հավանել էր. «Շատ լավ է, պարոն Բլեյան, ընտանիքով անակնկալի եկանք, զգացվեցինք»), դեռ Աշոտ Փաշինյան որդու միջոցով էլ իջևանյան գոմեշների մածունն էլ տնային առաքում է կատարել… Ափսոս, որ մեր ծուռ Դավիթն ամեն ինչ թափթփել, մրափել է. հինգ ժամ՝ մոր արձանագրած 3.30-ից, մինչև իմ տեսած 8.50-ը, քնած էր, ինչպես այս նկարներում, որ իջևանյան անտառից են.

Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Ինձ հաճախ են լսեցնում, վերջին անգամ՝ իմ բանաստեղծ-փիլիսոփա եղբայր, Դավթի սքանչելի հորեղբայր Ստեփանը՝ «Բլեյանի լեզուն (գրիչը, խոսքը) ունենայի…»։ Չէ, ասում եք՝ ճիշտն ասեք՝ լեզուն չէ, մի՛տքը գործող, որ գրով տեսանելի-լսելի-փոխանցելի է դառնում, դառնում հաղորդակցություն, ինչպես ինտերնետով համակարգիչը, երբ ի սկզբանէ է Բանն, ու այդ բանն՝ ճիգ ու ջանք։

Ինչո՞ւ առավոտ կանուխ, այ, ինչպես այսօր՝ ժամը 3.30-ին… Իրիկունը փորձիր… Սատանան կնոջ տեսքով նստեց ականջիս… Սատանի գործ՝ ասելն էլ, անելն էլ։ Մինչ Դավիթը կարթնանար, ժամանակ ունեի, նստեցի, գրեցի… Ես հիմա դժվար եմ նորից կարդում. էս տարիքում, էս կենսափորձով էլ ի՞նչ անմշակ խոսք, որ դեռ պիտի գրվի-արտագրվի… Պաշտոնական կոչվող ամենատարբեր գրություններն էլ, իմ դեպքում, իմ աշխատանքի մեծացող ծավալ են կազմում. նորից ես խոսում եմ որպես փաստագրում… Միով բանիվ, մեկ-երկու էջից հետո տեսա՝ խոսքս լռվեց. չեմ ասում՝ ասելիք չունեմ, պըրծ… Հիմա չգիտեմ՝ ինչ անեմ էդ մի երկու թերթի հետ. «Դատարկ ու փուչ պարկերի պես. Թե դեն նետես՝ քիչ ափսոս է, Թե դեռ պահես՝ խանգարում են»։ Էս տողերը որպես բանաստեղծություն եմ կարդացել 1970-ականներին, երբ լույս տեսավ «Եղիցի լույսը», երբ ողբերգական ընդհատվեց Պարույր Սևակի կյանքը… Շատ էի կարդում 8-9-րդ դասարանում, բերանացի գիտեի Սևակը։ Հետո էլ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում կային սևակասերների խմբեր։

Պաշտամունք էր… Բայց դե, թող ների Սևակը, ինքը հո մեղավոր չէ՞, մարդը, իր ժամանակն ու գործը, որ բռավո, գործել է, բայց ո՞վ ասաց, որ դա նաև իմ ժամանակի, իմ երեխաների ու թոռների գործն է։ Դրանց մեծ մասը իմ համեստ, բայց կոնկրետ անաչառ կարծիքով իսկի բանաստեղծություն էլ չէ… աստիճան է, էլի, հասել ես՝ բարձրացիր, ու մինչև ուր, մինչև ուր, մինչև Բան։ Լավ է, գրականության իմ պայծառ ուսուցիչ Էմմա քույրիկը, ով էդ ժամանակ կարծեմ դպրոցի գրադարանում էր աշխատում (սովետը անտեղի հիշել-գովերգելն իրենց կյանքի գործ դարձրածներին հիշեցնեմ, որ այն ժամանակ էլ բարձրագույն մանկավարժական կրթությամբ բանասերների համար ոչ միայն դժվար էր մասնագիտությամբ գործ գտնելը, այլև առանց կաշառքի ու վերևի զանգի՝ ոչ էլ հնարավոր… Ահա քույրս ինձ մեր տան վառարանի մոտ հանդիպեցրեց Չարենցին… Ես քեզ երբեք չեմ մոռանա… Ես կարոտում եմ քեզ, քույր իմ Էմմա, ու իմ աչքերն ահա քո անունով թացանում են։ Դու կաս, լսում ես…

Պաշտամունք էր… Բայց դե, թող ների Սևակը, ինքը հո մեղավոր չէ՞, մարդը, իր ժամանակն ու գործը, որ բռավո, գործել է, բայց ո՞վ ասաց, որ դա նաև իմ ժամանակի, իմ երեխաների ու թոռների գործն է։ Դրանց մեծ մասը իմ համեստ, բայց կոնկրետ անաչառ կարծիքով իսկի բանաստեղծություն էլ չէ… աստիճան է, էլի, հասել ես՝ բարձրացիր, ու մինչև ուր, մինչև ուր, մինչև Բան։ Լավ է, գրականության իմ պայծառ ուսուցիչ Էմմա քույրիկը, ով էդ ժամանակ կարծեմ դպրոցի գրադարանում էր աշխատում (սովետը անտեղի հիշել-գովերգելն իրենց կյանքի գործ դարձրածներին հիշեցնեմ, որ այն ժամանակ էլ բարձրագույն մանկավարժական կրթությամբ բանասերների համար ոչ միայն դժվար էր մասնագիտությամբ գործ գտնելը, այլև առանց կաշառքի ու վերևի զանգի՝ ոչ էլ հնարավոր… Ահա քույրս ինձ մեր տան վառարանի մոտ հանդիպեցրեց Չարենցին… Ես քեզ երբեք չեմ մոռանա… Ես կարոտում եմ քեզ, քույր իմ Էմմա, ու իմ աչքերն ահա քո անունով թացանում են։ Դու կաս, լսում ես…

Երջանկության սահմանմանը, որ կյանքի կողմնորոշիչ է դառնում ինձ համար, ես հաճախ եմ վերադառնում՝ աշխատել ուղիղ ճանապարհի վրա և գոհ լինել ունեցածով։ Սա Թումանյանի «Ոսկի քաղաքի» Գոհար թագուհու նվերն է ինձ. առաջ ես չէի կարողանում գոհ լինել ունեցածով, անգամ դժգոհ էի, հայտնի դժգոհ. հիմա կարողանում եմ, գուցե նրանից է, որ չեմ շեղվում ճշմարիտ ուղուց։

Նիկոլի ծնունդի, մանկության ու պատանեկության օրրանը՝ Վովա Փաշինյանի երկհարկանի համեստ տունը, հոյակապ դիրք ունի։ Ես հաշվեցի՝ օգոստոսի 2-3-ի գիշերը այս տունը հյուրընկալել է 16-17 հոգու… Մեր ուսուցիչներն ու Մարիամ-Աշոտի ընկերները այստեղ հայրենագիտական ճամփորդության գիշերներ են անցկացրել, մինչև 20 հոգի… «Բաբուշկա» Երջանիկը միշտ անվանը համապատասխան է՝ թե՛ Նիկոլի տանը, Երևանում, թե՛ իր հարկի տակ, այստեղ՝ Իջևանում, երջանկացնող՝ առանց ցուցադրվելու, երկրորդ պլանից տրամադրություն փոխանցող կին է։

Կիրակի օրը առավոտյան, երբ ես իմ գիրը հանձնել եմ, վայելել Երջանիկի սուրճը, մեկ ժամ ունեմ, հայերն ուշ են արթնանում ամենուր, և քայլում եմ Նիկոլենց Ներքին Սելմագի կոչվող թաղով։ Սա հին Իջևանն է, պատմություն ունեցող համեստ առանձնատների՝ ինձ միշտ հետաքրքիր նմուշներով, նեղլիկ անցումներով, որոնց համար ուշքս գնում է։ Ափսոս, որ քիչ, շատ քիչ տներ են նորացված, երբ յուրաքանչյուրը մասնագիտական նախագծով խնամքի կարիք ունի։ Իսկ աջ ու ձախ զանց է առնվում դա։ Հեշտ, քաղաքը պատմությունից, ոճից, քաղաքաշինությունից զրկող, այլասերող հեշտ ճանապարհով է ընթանում վերակառուցումը, կղմինդրների փոխարեն՝ ինչպիսի պատահի թիթեղներ, նշանավոր իջևանյան շարվածքի փոխարեն՝ պեմզաբլոկ ու ցեխ-ավազե սվաղ, փայտե ազնվական պատշգամբների ու քիվերի փոխարեն՝ ինչ ասես։ Միակ ուրախացնող փոփոխությունը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի բերող փողոցի սալարկված հատվածն է, որ նաև Նիկոլենց թաղի մուտքն է…

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին բաց է. ոչ ոք չկա, առավոտյան ժամը 8-ը դեռ չկա։ Մենք այս նորոգ եկեղեցում «Սեբաստացիներ» երգչախմբով երգել ենք։ «Ճաշոցն» ու գրաբար Նոր Կտակարանը բաց են, դրված և… Ես սիրում եմ ինքս ինձ համար գրաբար բարձր կարդալ… Եկեղեցու բակում Իջևանի ամենանշանավոր ծառն է. ըստ ցուցանակի նա ապրում է 1890 թվականից. եզակի վերաբերմունք մեզանում ծառի նկատմամբ։ Սա Իջևանի նշաններից է։

Այգու ծայրին մի հարմարավետ սրճարան կա, ու մենք Նիկոլի հետ կլոր սեղանի ենք։ Նիկոլը վաղուց երևանցի է, բայց ես կարևորում եմ, որ Նիկոլն իր ճանաչումն օգտագործի Իջևանի քաղաքային միջավայրի նորացման, զարգացման ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, ավելի շատ ժամանակ հատկացնի Իջևանին…

Ես մեղք գործած կլինեմ, եթե չխոսեմ Արտակ Փաշինյանի` Նիկոլի օգնական եղբոր մասին: Իսկական օգնական, ով գիտի իր եղբոր արժեքը, ով իր աշխատանքն է դարձրել եղբոր կողքին լինելը. շատ բաներ Արտակն ավելի լավ է անում, քան Նիկոլը, և սա՝ երկրորդ պլանից, աննկատ: Իսկ որ Արտակն անփոխարինելի հորեղբայր-ընկեր է Նիկոլի երեխաների ու կնոջ համար, փաստ է, որ ես սիրով արձանագրեցի նորից ինձ համար… Արտակն Իջևանում, իջևանյան միջավայրում, Իջևանի անտառում իրեն վստահ է զգում. Հրանտ Մաթևոսյանի գրական հերոս Տերն է, տեսեք՝ ոնց հյուրասիրեց անտառում, ոնց մաքրեց անտառը ամիսների կենցաղային աղբից:
Իջևանյան հարսանիքը, որի ակամա մասնակիցը կարճ ժամանակում (կմեռնեի) եղա… Սա մասսայական պատժի ամենադաժան տեսարանն է ինձ համար… Կներեք, ես չգիտեմ ավելի այլասերող-անմիտ, տգեղ-արհեստական մի բան, այս 500 հոգիանոց աղմուկը. սրա անունը երաժշտությո՞ւն է, Կոմիտասի ազգ, սա մեր ծե՞սն է, Սրվանձտյանցի ժողովուրդ: Հակամշակույթը հենց սա է, մեր կենցաղի այսպիսի մշակու՞յթ, այսպիսի կենցաղային մշակո՞ւյթ՝ հարցնում եմ… Տեսեք մեր հարսանիքները… մեր գերեզմանոցները, մեր մուզիկով-ուտուշ-խմուշով այգիները… Այսպիսի անտիմշակութային հանրային տարածքների երկիր է Հայաստանս…

ժամը 05-ն է Իջևանում, Նիկոլ Փաշինյանի հայրական տանը: Ես իմ քունը վերականգնում եմ. պառկել եմ կեսգիշերին՝ ուղիղ: Ուղիղ 5 ժամ կազդուրիչ քնել եմ: Երկրորդ անգամ:

Շուշան Բլեյանն Իջևանում, Նիկոլենց տանը, որ հիմա բազմամարդ է, լավ է զգում: Նիկոլն ու իր տիկին Աննան, Աշոտ Փաշինյանը, որ սեբաստացի է, Շուշան Փաշինյանը, որ նույնպես սեբաստացի է, վաղուց Շուշանին (Բլեյան) չեն տեսել: Լավ առիթ է Վիեննայից հարց ու փորձ անելու: Մեր մյուս, բոլորիս միավորող սեբաստացին՝ Մարիամ Փաշինյանը, Ֆինլանդիայի Կուուսամո քաղաքում է և սկայպով շարունակ մեզ հետ է. հրճվում է Դավթով, երկու Շուշաններով, 6 տարի իրենց ընտանիքի անբաժան անդամ` բարի ու մեծ Էբի շնով: «Բարի է ու մեծ, ինքը չի կծում, ես իրեն չեմ ծեծի, սիրում եմ …», ու հեծնում է ամեն ինչ անձայն, անգռմռոց, անմռունչ տանող, ամեն ինչ ներող Էբիին:

Հավաքվելու առիթը Նիկոլի ավագ եղբայր Արմենն է, ում Նիկոլը ձայնով, տեսքով շատ է նման: Իր տղա Դավթի հետ եկել է Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքից, որտեղ ապրում է ընտանիքով 30 և ավելի տարիներ: Ահա հավաքվել են հայրական տանը, իսկ ես Փաշինյանների կարևոր իրադարձություններին մասնակից եմ շուրջ 20 տարի: 1994 թվին, երբ ես նոր-նոր նշանակվել էի ՀՀ լուսավորության նախարար, նախարարության մամուլի քարտուղար Սերգեյ Հարությունյանն իմ խնդրանքով ինձ ներկայացրեց այն ժամանակ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանող, լրագրության մեջ արդեն տեսանելի քայլեր անող Նիկոլին, հետո լրագրող Արմինե Օհանյանին, ով խմբագրեց «Դպրոց» թերթը: Ու չնայած մեր դիրքերի ու տարիքների տարբերությանը՝ հայրեր-որդիներ (2015-ին Նիկոլը կդառնա 40, իսկ ես՝ 60 տարեկան), եղանք անբաժան: Ես միշտ հետևել եմ Նիկոլին, որ իր ուսանող ընկերուհու՝ Աննայի հետ, որպես ընկեր-ամուսիններ, անցնում է բարդ ու տպավորիչ ճանապարհ:

Մենք այս 20 տարիներին միշտ հարգել ենք միմյանց ինքնուրույն գործելու իրավունքը և ամենադժվար պահերին անգամ իրար կողքի ենք եղել, հատակապես՝ ամենա-ամենադժվար, որ քիչ չեն եղել երկուսիս կյանքում: Այսպիսի մարդկային հավատարմություն, անտարիք ու անժամկետ, անառևտուր՝ առանց շատի-քչի, առանց… այս տան շան՝ Էբիի նման… Իսկ Մարիամ, Աշոտ, Շուշան Փաշինյանները` ինձ թանկ սաներ-ընկերներ, մշտապես իմ հիացմունքի և ուշադրության կենտրոնում են: Աշոտը ծնվել է 2000-ի փետրվարին, երբ ես Նուբարաշենի Կլոր բանտում էի, ու Նիկոլը` «Օրագիր-Հայկական ժամանակ» թերթի հիմնադիր խմբագիրը, որպես ինձ զորակցության ձև, անվանել է նրան իմ անունով: Չի մոռացվի… երբ Աշոտի քառասուն օրը լրանալուց հետո Աննայի հետ գտավ հնարավորություն ու Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարանի դահլիճում (ինձ երկար, շա՜տ երկար, շուրջ երկու տարի դատել են) ինձ ներկայացրեց Աշոտ Փաշինյանին: Ու սա անհրաժեշտ հուզականություն է հաղորդում Նիկոլի և իմ, Աշոտ Բլեյանի և Աշոտ Փաշինյանի կապին: Ի դեպ, այս օրերին, Դավիթը Աշոտին, ում Էբիի նման ու Էբիի չափ սիրում էր, անընդհատ փաղաքշում, անվանում էր Գագուլ, Գագուլիկ: Նիկոլը կատակեց, թե Դավիթը սրանով անվանափոխության հարց է բարձրացնում: Ինձ համար սկզբունքային է, որ Նիկոլը միշտ ուշադիր հայրիկ է եղել և մնում. դպրոցին, ուսուցչին, տնօրենին վստահող-բրախողներից չէ: Ու մեր՝ կրթահամալիրի տնօրեն – սովորողների հայր հարաբերությունը լավ է, շատ լավ, որ մեզ չբաժանեց… Շուշանով, Մարիամով, Աշոտով այսօր դժվար է չհիանալ: Օրիորդացող Շուշանը սքանչության առարկան է Մարիամի ու Աշոտի, ով ամբողջ հուլիսը այնքա՜ն օգտակար-սիրով անցկացնում է Իջևանում տատիկ-պապիկի, իջևանցի իր նոր ընկերների հետ: Իր ընկերներին է փոխանցում հեղինակային կրթական ծրագրի իր կարողությունները:

Աշոտի մասին` դրվագներով: Մինչ ես՝ իմ եղբայր Ստեփանի, Դավթի, Արմինեի ու Շուշանի հետ, Իջևանի ճանապարհին էի, անհանգիստ պատմություններ են փոխանցում Իջևանի շուկայում գնումներ կատարող Նիկոլին Տավուշի տարբեր բնակավայրերի բնակիչները (ով չի ճանաչում Նիկոլ Փաշինյանին) այնպես, որ ԱԺ պատգամավորը, հենց շուկայից շարժվում է սահմանամերձ Բերքաբեր, Բաղանիս… Իբր տեսել են տանկեր, սահմանի երկու կողմերում, կատարվում են խաղաղ բնակիչների տեղահանումներ… Եվ պարզվում է` Աշոտը ոչ միայն պարտադրում է ինքն իրեն, այլև ողջ ընթացքում հոր առաջից է քայլում` որպես թիկնապահ ծածկելով հորը: Այս ամենի մասին Նիկոլը պատմում էր տողերի արանքում, բայց հոր անթաքույց հպարտությամբ: Նրա համար կարևոր էր, որ ես իմանայի Աշոտի այսպիսի հասունության մասին: Էլի դետալ (դետա՞լ). Աշոտը, որ կրթահամալիրի վարժարանի 11-րդ դասարանում է սովորում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում անգլերենի ստուգումներից, ի զարմանս հայրիկի ու մայրիկի թոյֆըլ ծրագրով 4 է ստացել, երբ նույն վարժարանի սովորող, անգլերենի իր իմացությամբ հայտնի Մարիամ Փաշինյանը՝ 3: Երկու Աշոտներով երկար զվարճանում ենք այս դրվագով: Մենք միշտ էլ առիթն օգտագործել ենք համատեղ` ստեղծողի մոբիլ դպրոցի առավելությունները հայրիկ-մայրիկին ցուցանելու համար:

Ավագ Փաշինյաններին հաջողություն ենք մաղթում ու դուրս գալիս: Դավիթը հանկարծ Երջանիկ տատիկին այսպես է դիմում. «Հաջողությո՜ւն, ես էլի կգամ, բաբուշկա»:

Փաշինյանների աստիճանները երկար են: Դավիթը շատախոսելով աստիճան-աստիճան իջնում է՝ ետ նայելով աստիճանների գլխին կանգնած տատիկին: Շուշանը ձայն է տալիս. «Դավի՜թ, շո՛ւտ արա, առանց քեզ կգնանք»: Դավիթը պատասխանում է. «Սպասեցե՜ք, առանց ինձ մի՛ գնացեք, ես է՛լ եմ գալիս, Էբիին ճանապարհեմ ու գամ»:

Աննա Հակոբյան-Փաշինյանի համար սրանք մի-մի հայտնություններ են, ու Աննայի հիացմունքի ճչոցները հիմա էլ իմ ականջում են:

Միասին դուրս ենք գալիս 08.30. թվում է՝ ես աշխատանքի, մի տրեստ շինարարներ, մի դյուժին ճամբարներ, նույնքան պարտեզներ, մի կապոց էլ 2014-15-ի ուսումնական մտահաղացումներ ձայն են տալիս` էհե՜յ, Բլեյան, իսկ Դավիթը`պարտեզ:

Նիկոլ Փաշինյանը հրավիրել է, ու ես խոստացել եմ շաբաթ-կիրակին անցկացնել Իջևանում` Փաշինյան Վովայի ընտանիքում… Դավիթը համաձայնեց Իջևանին` որպես Կուրթան-Ստեփանավանի այլընտրանք. գետը գետ է՝ Ձորագետ չէ, Աղստևն է, դեռ ճանապարհն էլ անցնում է Դավթի մուրազ դարձած Սևանով… Հիմա գնում ենք Իջևան: «Կուրթանի անունը Իջևա՞ն է»,- հարցնում է: Ինձ հսկում է ակնդետ. «Դու չե՞ս գնում, չէ՞, մնում ե՞ս… Պապա չեն ասում, հայրիկ են ասում»:

Մենք միասին,- բարի ավանդույթ է, կրթահամալիրը հայտնի թագավորություն է, Դավիթն էլ` ընդունված հասարակության կողմից թագաժառանգ,- ճանապարհում ենք «Հնեվանք» արշավախումբը Կուրթան:

Խաղաղվիր, ասում եմ ինքս ինձ, ինչպես լարախաղաց, քո ժառանգը մեծացել է… Զանգ Շուշանին, Դավթի վրա Շուշանի ձայնը ազդեց, ու մենք իջևանեցինք Բ-4-ի մանկական այգում… Դավթի հետ լավ մոնիտորինգ արեցինք՝ յուրաքանչյուր ճոճանակ, ցայտաղբյուր, կանաչ անկյուն… «Ես պարտեզ չեմ գալիս, ես գնում եմ Իջևան»…

Մենք գնում ենք Իջևան, երկու օրով…

Ես ուզում եմ պատմել Գուրգեն Մահարու մասին. նրա ծննդյան օրն առիթ է, ես միշտ կարող եմ, հետևելով Մահարուն, գրել քանդակ` քանդակել Մահարուն: Դավթի ձայնը լսեցի`«քանդակը օրվա գիր է կոչվո՞ւմ, հայրիկ»: Այո, Սեբաստացի Դավիթ, ես գրում եմ ամեն օր, որ չթողնեմ ժանգոտի գրիչս, քանզի տեսա, որ դրանից ժանգոտում են սիրտս ու հոգիս: Այդպես ես կարդում եմ քեզ համար ամեն օր, որպես քանդակ… Մեր արժանապատվությունն է Մահարին, իմ թունազուրկ առ աշխարհ հայացքի, մտածողության և ճաշակի վրա, ես գիտեմ, թե ինչպիսի էական ազդեցություն են ունեցել Մահարին, Թոթովենցը, Թումանյան Հովհաննեսը, Կտակարանը, Վիլյամ Սարոյանն ու իմ հայրը… Կոմիտասն, իհարկե:

Տեսա՞ք` ուր հասանք՝ մանկությունից մինչև հասունություն, աստիճաններով, ինչպես Բլեյան Դավիթը է բարձրանում աստիճան առ աստիճան, Հռոմից… մինչև Բանգլադեշ… Ինչպես Դավիթն այսօր, մեկ օրում…

Հանեք մեր խորհրդահայ կոչվող շրջանից Մահարուն, և կերևա ամբողջ մի սերունդ անարժանապատիվ: Կներեք, հայրեր մեր, ներիր, հայր իմ Շամխալ Բլեյան, ես հաստատում եմ քո երեք տաբուներից յուրաքանչյուրը կամ կրեդո հավատամքներից յուրաքանչյուրը «Ապրիր քո կյանքով, շան տղա, իմ կյանքի հետ գործ չունես. совест (խիղճ. եզակի ռուսերեն բառերից, որ ու հաճախ գործածում էր՝ սովեստ չունես) ունեցիր… Պարազիտ ա՝ պարտքով ա ապրում, ես նրան ինչ ասեմ: Ոչ մեկին պարտք չլինես…»:

Ես ու հայրս կարծես քանդակեցինք Մահարուն, բայց ես իմ օրվա գրերում շարունակաբար եմ անելու…

Մեր դռան զանգը, դրա աղմկոտ արձագանքը. Դավիթ Բլեյանն ինձ դիմավորում է մայրիկի հետ որպես կանոն ժամը 19:00-ի մոտ շեմքում՝ հստակ պատրաստած լեզվական նոր կառույցի ցուցադրությամբ. գիտի, որ լեզվագործունեության ամեն մի դրսևորում, ցանկացած լեզվահնար ինձ հիացմունք է պատճառում: Հենց այսպես ինձ հիացնում է, կամ ես վշտացածի տեսարան եմ բեմադրում, երբ Դավիթը ինձ համար լեզվական խոտան է պատրաստած լինում. տեսեք ոնց է հրճվում «իմ վշտով»:

Ես անցում եմ կատարում կտրուկ, բլեյանավարի՝ էս մեր մյուս երեխան՝ Շուշո՞ն ինչ եղավ…Շուշա՜ն, Վիեննայում ես, հա՞:
… Հաղորդագրությունը ստուգեցի մի քանի անգամ, մի քանի տեղեկատվական աղբյուրներով, հիմա 03:30-է, նորից այլ մանրամասներ եմ փնտրում, 08:30-ն՝տպագիր օրաթերթով նույնը կանեմ… ես դողացող ձեռքով եմ այս մկնիկը շարժում… Ի՞նչ եք ասում, պիտի գնամ քիչ հետո ճանապարհեմ 40 սեբաստացուն Կուրթան-Հնեվանքի ճամբար, հետո տրվեմ իմ բազմազբաղ առօրյային կարծես ոչինչ էլ չի եղե՞լ… «Դու քո գործով զբաղվիր, դու քո գործը լավ էլ անում ես, ամենակարևոր գործը էլ ինչ էլ անես…» ինձ են մխիթարում-խնայում իմ կինը, ընկերները, սեբաստացի ծնողները:

Ես իմ կորցրած քունն իսկապես չեմ գտնում, ինչպես հայկական հայտնի մուլտֆիլմի պապիկը«Գտնված երազ»-ում, Արևիկ ջան, Աշոտ պապիկը միշտ քնում էր ժամը 24:00-ին (որպես մեռել) շատ մոտ ու արթնանում էր ժամը 05-ին՝ որպես թարմ, առավոտվա ցողով պատած վարունգ: Հիմա ես հանգչում եմ մեր բնակարանի ինչ-որ անկյունում 22:00-ին մոտ, արթնանում եմ 02:03-արանքում ու չգիտեմ անելիքս, տեղս չեմ գտնում: Լավ է այսօրվա գիրը կա, այս գիրը օրվա…

Ես, գիտեք, համացանցով եմ ծանոթանում քաղաքական-հասարակական իրադարձություններին ու նորություններին, դրանց հոդված-տեսանյութերին: Որպես ծես` ամեն առավոտ մեր տան մոտից` Չայկովսկու անկյունի կրպակից ես ու Դավիթը վերցնում ենք մեկ-երկու թերթ, երբ աղբով լի տոպրակը տանից դուրս ենք հանում (տան տղամարդը թող աղբը դուրս հանի ամեն Աստծո առավոտ, աղբը տանը պահելու համար չէ): Ես աչքի եմ անցկացնում միայն ցպահանջ նորությունները, իսկ թերթը կարդում եմ առավոտ կանուխ, ինչպես հիմա… «Հայկական ժամանակ»-ի «Ինչպես լռեցնել թուրքերին» հոդվածի վերնագիրն ինձ ո՛ւր է տանում: Հետևեք ինձ:

Գրում եմ. այդպես չէ, որ ինքնահիացում եմ ապրում մտքից, որ հիմա 04 – ն է, որ ես արթնացել եմ 3:30-ին (համացանցով քաղաքական լուրերի էի հետեւում), որ սա իմ բլոգի «Օրագրի» 41-րդ գիրն է … Ինչպե՞ս եմ նախապատրաստվում օրվա գրին. ուղղակի սկսում եմ գրել: mskh.am-ի,իմ բլոգի և ֆեյսբուքի էջի գրառումները, վերին գիրը, վերջում, երբ ընտրված է նկարաշարը, իսկ գիրը՝ սրբագրված … Ինձ էլ հետաքրքիր է, ինչ եմ գրելու օրինակ, այս անգամ. Հետեւեք ինձ օրագրով . դա կարող է և զբաղեցնել ձեզ: Այ, ինձ սկսեցին գրավել օրագրով արված իմ առաջարկները. ովքե՞ր հետաքրքրվեցին ձեզանով, ի՞նչ արեցին ձեզ հետ, իմ առաջարկներ … Կարդանք միասին.

Հ ե՜յ, ճամփաներ, ճամփաներ,
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքեր անցան ձեզանով,
Ուր գընացին, ճամփաներ:

Ամեն մի առաջարկի իրագործումն էլ ճանապարհ է, որ պիտի անցվի՞ … Մեզանում, ճամփե՜ն ո՜ւր, ճամփո՜րդն ո՜ւր: Մեկը լիներ իմ բլոգում ստեղծեր «Առաջարկներ, ճամփաներ ու ճամփաբաժաններ»խորագիրը. .. վարեր, ցաներ, տեսնես, այս բերքաչոռ տարում ինչ արդյունք կունենայինք:

Կուրթանում իմ ընկեր Վանիկը ոգեւորված էր հացահատիկի, կարտոֆիլի սպասվող բարձր բերքով, եւ դա լավ է … բարի բերք: Հավեսների պակաս կա մեծերիս մոտ, ու Նազուկը սրա արձանագրողն է: Մեր կրած-չկրած մանկավարժության անկեղծ (ինքնաբուխ) դրսեւորման – չդրսեւորման մասին է իմ գիրը: Գրերից մեկում ես սկսեցի պատմել սեբաստացի ուսուցիչների մասին ու շեղվեցի … կարդանք այն նորից, այնտեղ բերված են փաստեր, որոնք մեղմ ասած, մտածել են տալիս …

Նազենի Հովհաննիսյան փոքրն էր մեր տանը: Այս 6 տարեկան արջուկի մեջ որքա՜ն ուժ – կյանք կա. տեղով մեկ աշխարհ է: Իմ սիրելի, ընդունակ քույր Սուսան Հովհաննիսյանը եթե սկսեր մանկավարժորեն ( կարդացեք Մարիա Մոնտեսորի , «Դպիր» – ի թարգմանություն աշխատությունները, ձեր մանկան տան տիրուհիներ ու տիրակալներ) կազմակերպել իր դիտարկումները, որքա՜ն լեցուն կդառնար իր կյանքը ու օգտակար, հենց իր համար … Սուսո ջան, իմ քույր Էմման, քո անմոռանալի մայրիկը, ով պատմելու մշտական հավես ուներ եւ կյանքի չափ պատմելու նյութ, Նազուկի լույս աշխարհ գալուց հետո ամենաշատը Նազուկի մասին էր պատմում, անում զուգահեռներ իր բերած Սուսան-Էդիտա-Նազենի աղջիկների , իր տղա սեբաստացի թոռներ Գոռի, Սերժի միջեւ … Տարար քեզ հետ իմ պայծառ քույրիկ, քո դիտարկումները, իսկ Սուսոն, Էդիտան անփույթ են, ինչ անում են, բանավոր ու հատվածական … Ժամանակ չունե՞ք, հարցնում եմ, ավելի կարեւոր գործե ր ունեք հա՞…

Նազուկ-գժուկը ինձ համար, ոնց որ իմ Էմմա քույրը, կարեւոր է ու հետաքրքիր, կոնկրետ … Մեր տանից դուրս գալուց առաջ պատշգամբում տեսեք, ո՜նց է գրկում, հրաժեշտ տալիս (իսկական արջ) Դավթին, ինչ է ասում միայն Դավթի ականջին հասանելի… Իսկ աստիճանների վրա նորից պայծառանում է. «Քեռ (այդ ես եմ), ես քեզ, Արմինեին, Դավթին շա՜տ-շա՜տ եմ կարոտում. Դավթի թուշը մի հատ կքաշես … ». Ահա այսպիսի, կենսատու քույրիկ…

Հայտնի հոկեյիստ Անատոլի Ֆիրսով կար. ժամանակին ես սառույցի հոկեյով տարված էի։ Մեծ եղբայրս Մոսկվայից ինձ չմուշկներ էր բերել, ես ունեի մական, հարմար բաճկոն, պաշտպանիչ միջոցներ… Մեր թաղում սառցե դաշտ էինք պատրաստում, և ով ինչով կարողանում էր, մտնում էր դաշտ։ Տեսարան էր…

Ես հոկեյ լավ էի խաղում, բայց հոկեյիստ չդարձա։ Մեկ՝ որ Հայաստանում հոկեյը, գործնականում որպես մարզաձև բացակայում էր, ինչպես հիմա. մեկ էլ՝ որ մայրս իմ մականը ջարդեց. շատ էի տարված ու բրախել էի դասերը։ Բայց որ հոկեյիստ դառնայի, Ֆիրսովի նման էի լինելու հաստատ. ոչ մեծամարմին այս մարզիկը տեղից, հեռվից հանկարծ այնպիսի հարված էր կատարում, որ դարպասապահն այդ մասին իմանում էր մեջքի ետևում ցանցի մեջ տափօղակի թպրտումի ձայնից։ Հարցին՝ որքան կարող եք զբաղվել հոկեյով, մարզվել, Ֆիրսովը պատասխանել է՝ այսպիսի մի հարվածից ստացած զգացման համար ես կարող եմ մարզվել ամիսներ… Այսպիսի մի վայելքի՝ «Հնեվանք» ճամբարի, այս տեսարանի, գետում սեբաստացիների լողի համար ես կարող եմ և կգործեմ ամիսներ։
Այս կիրակի խաղողօրհնեք է, ու ես, Շուշանն ու Ստեփան հորեղբայրը, Դավիթն ու Արմինեն հրավիրված ենք Բջնի, ինչպես անցյալ տարի՝ Բջնիիի տնօրեն Յաշա Սահակյանի հետ Բջնիի իր շեն տանը մեծով-պստիկով օրհնանք ստանալու։

Առտու 04-ը ամենաօպտիմալ ժամն է իմ օրվա գիրը սկսելու… Նախ՝ օրը սկսում եմ գրելով. սա մտքի լավագույն մարզանքն է ինձ համար։ Հետո հասցնում եմ մեկուսի ընթերցել, երբ փողոցից միայն դիսկրետ հասնող աղմուկն է՝ առանձին արթուն երևանցիների, անհանգստացնող բան չկա. սա էլ մտքի լավագույն մարզանք է: Հետո հասցնում եմ ինքս ինձ հետ լինել, չեմ շտապում (պատկերացնո՞ւմ եք ոչ մի տեղ չշտապող Բլեյան, հասել է …). հետո կհասցնեմ պատրաստվել ճանապարհին. նշումների, թղթապանակս կարգավորելու և հիգիենայի ժամանակ ունեմ:

Արմինեն ու Դավիթը խորը քնած են. տեսարան է… Դավիթը՝ քնած, լրիվ բաց է. ի՜նչ ֆոտոշարք ենք կորցնում, Արմինե, երբ քնած ենք…
Շուշանն այցելել է մեզ։ Պատշգամբը այսպիսի շոգին-տոթին փրկություն է. ես, Արմինեն, Շուշանը, Դավիթը բարդ օրվա վերջում՝ իրիկվա իննի մոտ, զրուցում ենք: Նոր կարողությունները դրսևորելու հարմար ժամանակ է.

– Ես կարող եմ առանց գոգնոցի ճաշ ուտեմ ու վրաս չթափեմ…,- մայրիկը գոհունակությամբ հաստատում է…

Նվերները լավ են, ուշադրություն են, բայց… խոչընդոտներ են անբնական, հարազատներին հանդիպելու… Պիտի կարողանանք իրար շուտ, ավելի շուտ հանդիպել, ձեռքերը թափ տալով միմյանց տուն այցելել…

Փորձեցի մի քանի անգամ օրվա իմ գիրը իրիկունն անել՝ 22.00-24.00-ի արանքում, երբ Դավիթը քնած է (պառկած է)… Չստացվեց ու ձեռ քաշեցի. հոգնությունի՞ց, թարմության-զարթնության պակասի՞ց, թե՞ անհրաժեշտ է գիշերվա քնի մեջ ընթացող աշխատանքը… Ահա իմ օրը սկսվեց՝ 03.00-ին, ու տեսե՛ք, գրվում է…

Արմինեի տրամադրությունն ընկել է՝ գնացել է «Սիթի», գնումներ արել ցուցակով, որ չմոռանա, ու քարտի փողը վերջացել է… Ի՜նչ շուտ է վերջանում… Ես մտնում եմ խանութ՝ հայտնի տեսականու գնում կատարելու, ասենք, կաթնամթերք «Չանախ» կամ սեղանի կարագ… Զանգ ընկերոջը՝ Արմինեին. ոչինչ չեմ մտապահում, գները չգիտեմ անգամ մոտավորությամբ… Ընտրելու անկարող եմ ու չեմ սիրում՝ տանջանք է: Կարող եմ դիմել անծանոթին՝ օգնեք խնդրում եմ ձեթ ընտրել, կամ սրահի սպասարկողին. ես վստահում եմ… Հագուստի կամ այլ խանութներում ման գալիս ինձ չեք հանդիպի՝ զարմանում-հիանում եմ մարդկանցով՝ ո՞նց են կարողանում ընտրել հարյուրի միջից, ինչպես, ասենք, մեր Կարինե Մացակյանը կամ Մերի Առաքելյանը։ Մերին Քոբուլեթիից եկա՞վ. այս քանի օրը Քոբուլեթիին համառորեն Չեռնոբիլ եմ ասում. սեբաստացիների մեծ խումբ է այս օրերին միասին հանգստանում այնտեղ (գութան են քաշե՜լ…), ու ես նավսում եմ։ Երևի։

Տեսեք՝ հիմա միտքս եկավ։ 1974-ի օգօստոսի վերջին օրերին, երբ Մուրմանսկի Կովդոր քաղաքի ուսանողական շինարարական ամառային աշխատանքից հետո մի խումբ ընկերներով, ինքներս մեզ պարգևատրած՝ թափառում էինք, մեր վաստակած հանգիստն անցկացնում Լենինգրադում ու հալալ աշխատած փողերը ծախսում, ես հաշված րոպեների ընթացքում կոստյում գնեցի, որ երկա՜ր հագնում էի. այնքան հարմար էր ու սազում էր… Երկրորդ այդպիսի գնումը ինձ համար չեմ հիշի: Առավոտյան էլ զգեստապահարանում կախվածի միջից ընտրում եմ նեղվելով-կռվելով. դրված լինի՝ հագնվեմ… Միայն հարմար լինի ու արագ՝ արագ: Իմ մտքերը միշտ իմ զբաղեցրած ֆիզիկական տարածքից դուրս են։

Գյուղատնտեսական շուկայից կամ այլ տոնավաճառից խուսափում եմ. ե՞րբ եմ եղել, եղե՞լ եմ որ… Գնա ու գնա… Խաբված եմ զգում, մղվում եմ դեպի առաջին պատահածը, շուտ զայրանում եմ… Բոլորն ինձ ճանաչում են, բոլորը համոզված են, որ ես մեծահարուստ եմ՝ գումարած անսահման ընտրությունը, ծավալները… Հակառակը ո՞նց ապացուցես. իսկ ինչո՞ւ մեծահարուստ չես, երբ կարող էիր լինել։ Հա, ես Թումանյանի նման միշտ ինձ հարուստ եմ զգացել, ուրիշ բան, որ այդ պահին փողն ինձ հետ չի լինում… Ախր ես փողն ի՞նչ եմ անում, գնումն ինչի՞ համար է, աշխարհի ունեցածն իմն է, իսկ ես՝ իմ հանդիպած ամենա-անիրասեր մարդն եմ եղել-մնում: Չգիտեմ՝ ա՞յս էր ուզում կարդալ հարց տված անծանոթը…

Խոհանոցը բնակարանի իմ սիրած տարածքներից է, կարող եմ ապրել և խոհանոց-սենյակով բնակարանում, մաքուր կենցաղով-կոկիկ-տեխնիկապես հարմար խոհանոցում… Ես չեմ պատրաստում՝ ճաշակում եմ, անհամ-կիսահամ-ոչ իմ քիմքի ուտելիքից հեռու եմ մնում. գնահատում եմ խոհարարին: Կնոջ խելքը ամենահեշտը խոհանոցում է ստուգվում. հիմար կինը չի կարող համով-հետաքրքիր բան պատրաստել…

Տանել չեմ կարողանում լցված սեղանները. ախր ինչի՞ համար եք փչացնում մթերքը, այսքան ժամանակ ու դրամական միջոց ծախսում, ճնշում ինձ… Երբ սեղանին տոլմա կա, մյուս ճաշատեսակներն ինչի՞ համար են… Մյուսը՝ վաղը, հաջորդ անգամ, խնդրում եմ… Ես արագ, շատ արագ եմ ուտում ու վեր կենում. տանել չեմ կարողանում ուտվող-թափվող սեղանները կամ եռանդուն տանել-բերելը: Ուտելն առանձին, խմելն առանձին (կում-կում, քիչ ու լավ), քեֆ-ուրախությունը՝ առանձին… Սրանց մեկտեղումից, որն ուղեկցվում է աղմուկով, ծխելով, ճոճվելով, ճպճպալով, երբ խոսում են՝ իրար չեն լսում, երբ քեզ պարտադրում են երաժշտություն, որ այնքան էլ երաժշտություն չէ, ես փախչում եմ: Այո, ես զգայուն եմ, ինչպես սիսեռի հատիկի վրա քնած հայտնի արքայադուստրը…

Երեկվա հորդառատ անձրևի ժամանակ ես ու Արմինեն արթուն Դավթի հետ էինք, ննջարանում… Բաց է պատուհանը, ու մենք լսում ենք որոտի-կայծակի-հորդառատ անձրևի ձայնը… «Որոտն ի՞նչ է, հայրի՛կ… Ինչո՞ւ կայծակ»… «Հորդառատ՝ ի՞նչ ասել է»… «Ի՞նչ է անում անձրևը»… «Ես չեմ վախենում հորդառատից»… «Էլ ի՞նչ կա հորդառատ, հայրի՛կ»… Մտքերը, Դավի՛թ, հորդառատ-խառնիխուռն մտքերը, որ ահա, նորից ինձ հետ են.

Կյանքի նման իր բարդ, խառնիխուռը, լիքը, Իր խոհերի նման բազմապիսի, Խոհեր՝ ուղղած դեպի սերունդները գալիք, Ծրագիրներ՝ կիսատ, կամ սկսված հազիվ,— Ո՞ւմ էր թողնում բոլորը, ո՞ր սիրեցյալ սանին, Որպեսզի վաղը նա այդ թերթերից Գուրգուրանքով հաներ իր խոսքը կենդանի Եվ խնամքով հանձներ տպագրյալ գրին…

Էս Գեղարվեստի տանիքի գործն ինչո՞ւ սկսեցի, թող մնար, էլի, էսքան մնացել էր…

Լիլիթ Բլեյանի հետ այս շրջանում ավելի հեշտ էր. ստեղծագործում էր՝ «գորշոկին» նստած. դնում էին անոթը սենյակի մեջտեղում։ Չկա հիացմունքի արժանի առավել բան, քան «գորշոկին» նստած քո երեխան. մի՛ շտապեք ու շտապեցրեք՝ պրծի, շուտ արա, հո… ի՞նչ չի… Ի՛նչ է հենց՝ ստեղծագործական ակտ: Ո՞ւր եք շտապում՝ նստեք, լսեք, գրանցեք: Լիլիթը հորինում էր, երգում էր, Կարինե Ջանոյանը՝ Լիլիթի մայրիկը, հազիվ հասցնում էր գրանցել բառերը, նոտագրել… Հետո Լիլիթը կարդալ էր տալիս… Մի բառն ի՜նչ է, չէր հանդուրժում.

«Ես սա չե՜մ գրել»…

Հումորով-ծիծաղով Դավիթը իր Տաթևիկ քույրիկին է հիշեցնում… Իսկ Շուշան Բլեյա՞նը, կհարցնեք, ով Վիեննայում չէ հիմա, Երևանում է, ասում են։ – Էհեյ, Շուշա՛ն, որտե՞ղ ես դու… Քարը պատռի՝ շուտ արի մեր տուն…

Իմ ուսանելու տարիներին (1972-1977թթ) համալսարանական ուսանողների շաբաթվա մեկ օրը, սկսած 2-րդ կուրսից, պատկանում էր ռազմական գործին՝ ռազմագիտությանը: Համալսարանի սև շենքում էր տեղավորված ռազմագիտության ամբիոնը՝ իր գնդապետ «ծանրակշիռ» վարիչով, զինվորական տարբեր կոչումներ ունեցող դասախոսներով: Այստեղ էին անցնում նաև ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներիս ռազմագիտության պարապմունքները. մեզանից, առանց մեր կամքը հարցնելու, պատրաստում էին կապի լեյտենանտներ… Դասընթացները չորս տարի հաջող ավարտածներով մասնակցում էինք 5-րդ կուրսի ավարտական զինվորական ամառային եռամսյա հավաքներին։ Ես իմ համակուրսեցիների հետ 1977 թ. ամռանը Լենինականի պոլիգոններում մասնակցել եմ սպայական կուրսանտների հավաքին, դրանց արդյունքներով իմ ընկերների հետ ստացել ԽՍՀՄ զինված ուժերի պահեստի լեյտենանտի կոչում: Հետո մի մասին՝ 1/3-ի չափով, երևի, զորակոչում էին բանակ՝ որպես սպա ժամկետային ծառայության: Ինձ, ինչպես և իմ շատ ընկերների, այդպես էլ չկանչեցին… Թող հարցով հետաքրքրած ընթերցողը որոշի ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության իմ մասնակցությունը:

Ես հաճույքով չեմ մասնակցել ռազմագիտության դասընթացներին. դրանք ձևական-ձանձրալի էին, ինչպես և պոլիգոնի հավաքը… Դրանք չէին մեծացնում ԽՍՀՄ բանակի հեղինակությունը, չէին նպաստում դրա նկատմամբ մեր ունեցած-չունեցած հարգանքին. եթե մենք ենք այդ բանակի սպա-կապավորները, ուրեմն սա անկապ բանակ է՝ եզրակացնում էինք մենք: Ուսանող տարիներին ես երկար մազեր էի ունենում (անգամ ամառային շինարարական ջոկատներում), իսկ այստեղ, ամբիոնում ամեն շաբաթ պիտի խոսեին երկար մազերի համար, այնքան, մինչև անցնեին ուժային գործողության՝ ուղարկեին հարևան վարսավիրանոց՝ մազերը կտրելու… Իսկ սա տևում էր շաբաթներ:

Ես ուզում եմ պատմել իմ դասախոս մայոր Կոգանի մասին, ով ազգությամբ հրեա էր, լավ էր ուսումնասիրել հայերիս, որ երևում էր մեզ հետ իր հարաբերությունները կառուցելու մեջ. hեշտ չէր կամ հնարավոր չէր մայոր Կոգանին ֆռռացնելը: Լենինականի զորամասի մեր զինվորական հավաքի սպաների գործը դյուրին չէր: 150-ի չափ ֆիզիկոս շրջանավարտներ, մի այդքան էլ՝ մեխմաթից… Գրագետ-մեծաբերան, ոչ այն է ծառայություն էր կարգավիճակով, ոչ այն է ուսանողական հավաք՝ ազատ-անփույթ, հարկադիր-ձևական. կաշառքի, ծանոթ-բարեկամի ծաղկունքի շրջան էր:

Ահա, որպես ուսումնա-վարժական պարապմունք՝ մեզ դիրքավորել են խրամատներում, պատրաստում են վճռական գրոհի, լսվում է հրամանատարի ձայնը. «Առա՜ջ…» : Հրամանատար Կոգանն առաջ է անցնում հերոսաբար, իսկ մենք խրամատներում շարունակում ենք թուղթ խաղալ… Թղթախաղը զինվորական հավաքի ամենատարածված զբաղմունքն էր ցերեկ թե գիշեր… Ու մեր սիրած փիլիսոփայությունը՝ «Тише едешь, дальше будешь… товарищ майор…»։ Մայոր Կոգանի հատուկ հայերի համար մշակած պատասխանը թե զգուշացումը` «от того места, куда едешь…»:

Կիրակի է, ու մենք գնում ենք Ծաղկունք. մեր հայտնի ճամփորդական խումբն է՝ Ստեփան հորեղբայր, Շուշան քույրիկ, Դավիթ ու հայրիկ. «մայրիկը տատիկին կսրսկի, կբժշկի, հետո կգա Ծաղկունք»,- շարունակ կրկնում է Դավիթը:
Ջրանցքն օտարված է Գեղամավանի մարդուց, սա երևում է: Իմ մանկության մի կարևոր հատված անցել է Ղռերում, կանալում: Ես ու Ստեփան եղբայրս հաճույքով հիշում ենք՝ ինչպես էինք լողում, ճեղքում Ղռերի կանալը, ընթացքից մետաղալարերով բարձրանում կանալի բետոնապատ թեք պատերով…

Շաբաթ առտու, մինչև ժամը 06-ը, ես հասցրի 51-րդ գիրը ու ընդգծված հանդիսավորությամբ նվիրեցի իմ բլոգապատման առաջին հիսուն գրերին, որպես Գիր գրոց. կարդացե՛ք, հետո անցեք իմ 52-րդ գրին` առաջարկում եմ: Ես ունեմ կես ժամ. 6:30, ինչպես գիտեք, ես մեր հասարակագետ Վահրամ Թոքմաջյանի և օրվա հերոս Ռուդիկ Սահակյանցի հետ, նրա մեքենայով մեր «марш бросок»-ն ենք անում Երևան-Գորիս-Կարմրաքար-Գորիս-Երևան երթուղով` անցնելով ոչ պակաս 600 կմ ճանապարհ… Դավիթ Բլեյանը՝ չնայած իմ գործադրած բոլոր միջոցներին, արթնացավ. ավելին՝ մեծավարի թույլ տվեց, որ ես ցնցուղ ընդունեմ, օգնեց պատրաստվելուն: Արմինեի սուրճը ծեսի նման է. «Ես քեզ շոկոլադ եմ հյուրասիրում». ասում է Դավիթը ու սառնարանում պահվող շոկոլադների իր տուփից բացում…

Վահագնի ժպտերես-կենսախինդ մայրիկը հյուրասիրում է ու պատմում, որ Վահագնն ավարտել է «Մոնթե Մելքոնյան» ուսումնարանը այն շրջանում, երբ ես լուսավորության նախարար էի: Ուսումնարանը, որի հիմքում մենք ենք՝ կրթահամալիրի հիմնադիր թիվ 183 դպրոցի փոխտնօրեն, հետո նաև լուսավորության փոխնախարար (1991-92թթ.) Աշոտ Դաբաղյանը (ականջդ կանչում է չէ՞, եղբայր…), առաջին տնօրենը` մեր ուսուցիչ-ռազմատեխնիկական ակումբների ղեկավար Ալիկ Մինասյանը, փակման որոշման առաջ է կանգնած եղել, և ահա, ծնողների մի խումբ, Վահագնի մայրիկի առաջնորդությամբ մտել են լուսավորության նորանշանակ նախարարի սենյակ՝ պաշտպանություն գտնելու:

Հոբելյանները, ծննդյան օրերը, հիշատակի և այլ օրերը առիթ են ինձ համար, առիթ ընդամենը… Դավիթ Բլեյանը շատ է գործածում՝ «հանկարծ»-ը. «Հանկարծ լվացքի մեքենայի վրա չիշիկ չանեմ… Հանկարծ ճաշի ամանը շուռ չտամ մայրիկի շորի վրա… Հանկարծ Շուշանի սենյակում չդնեմ իմ կեղտոտ շորերը… Հանկարծ բազմոցին վրձինով չնկարեմ…»: Հետևելով Դավթին ասեմ՝ հանկարծ հոբելյանին շատ լուրջ չմոտենամ, նրա հետ բեմ բարձրանամ՝ թողնելով բազում գործեր անկատար: Հիմա, իմ այս գիրը նվեր է ինձ, ով ուզում է ընթերցող, թող իրենը վերցնի անցած 50 օրվա գրերի համար: Միևնույն ժամանակ, մարդը, որ շարունակ հետաձգել է գրի ընթերցումը, թող էլ չհետաձգի, որ սրանով դառնա բնական օրագրապատման ակումբի անդամ: Հանկարծ իմ բլոգը պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնի մասնաճյուղ չդառնա:

Գիտե՞ք, ինչքան եմ շփոթվում, ինքս ինձ կորցնելու չափ, երբ իմ գործընկերներից մեկը ինձ ուսուցիչ է անվանում…

Ինձ փոխանցել են, ես փոխանցում եմ հիմա Դավիթ Բլեյանին՝ լեզու, հավատք, հայրենիք… Կենդանի լեզու, լեզվագործունեության, խոսքի բոլոր ձևերով, հավեսով (խաղալով). իմ խոսքը՝ բանավոր ու գրավոր, Թումանյանը ինձ ու Դավթին ինքնաբավ են դարձնում. ես շա՜տ եմ խոսում՝ ամեն ինչի մասին խոսում ենք (մտավոր կրթության գործիք է խոսքը), ես Թումանյան եմ կարդում, պատմում, Թումանյան եմ լսում՝ Դավթի Թումանյանը: Մենք շատ ենք լսում կենդանի, առույգ, աշխույժ, մայրական կաթի նման անաղարտ երաժշտություն. սրա անունը Կոմիտաս է: Ես Դավթի հետ խնամում եմ, հավաքում, մաքրում, ճամփորդում եմ, հիանում. սրա անունը՝ Դավթին հիացնող այս աշխարհի՝ իր արևով, լուսնով, մայրամուտով, արևամուտով, բլուրով, գետով քչքչան, ձիանքով… Կուրթանում և Իջևանում, Ծաղկունքում և Բջնիում… (մենք շատ հյուրեր ենք ընդունում և այցելում ենք հնարավոր շատ) Հայաստան է: Սրա անունը Հայաստան է, Դավիթ: Մենք «Հայր մեր» ենք լսում, «Առավոտ լուսո», էլի շարականներ, մանկական-ժողովրդական երգեր (Կոմիտաս), որ իմ ու Դավթի հոգուն են հասնում… Մենք ակնածանքով, անաղմուկ մտնում ենք եկեղեցի, Պատարագ ենք լսում, ժամերգություններ (պատառիկներ, իհարկե)…: Սա Հիսուս Քրիստոսի հաստատությունն է, իսկ Քրիստոսն իմ Ուսուցիչն է: Ահա ինչու՝ ես շփոթվում եմ, երբ ինձ ուսուցիչ են անվանում. ահա իմ Ուսուցիչը՝ Հիսուս Քրիստոս, իմ հերոսը, իր ուղղորդող աջով…

Չէ մի չէ… Ես մտածում եմ իմ աշխատանքի, այն չկորցնելու մասին, մինչև սեպտեմբերի 1-ը, նոր ուսումնական տարվա պաշտոնական մեկնարկը, կուզեք՝ մեր կրթական մեկնարկը՝ սեպտեմբերի 4-ը , մեր կրթական շքերթի օրը, պիտի ունենանք ամբողջական գործող «Սեբաստիա» մարզահամալիր, որպես պարտադիր պայման 2014-15 ուստարում կրթության գործի կազմակերպչի իմ բնական գործունեությունը շարունակելու համար (իմ առաջադրած պայմանն է, ու ես սրան լուրջ եմ մոտենում)…

Օղակաձև այգուց՝ վերից վար փախչում եմ քանի՜ շաբաթ, ինչպես գազանից. օտարվել եմ այգուց, չնայած դիրքով, եղած կանաչով ու շատրվան-ջրային ավազաններով այնքա՜ն հարմար է, որ հիմա՝ իմ հուլիս-օգոստոսյան հայտնի զբաղվածության շրջանում անփոխարինելի է… Չնայած եթե անփոխարինելի է, ինչպե՞ս և ինչո՞վ եմ առ այսօր փոխարինել։ Հաշտվել է պետք, տիա՛ր. ասացի ինքս ինձ: Օտարում կոչվող այս գազանը, տե՛ս, խժռում է իմ ու Դավթի հայտնի զբոսանքները, ինձ վերջնականապես օտարում քո քաղաքից, ծննդավայրից… Ճի՛շտ է: Գործի անցա. հաշտեցումը կատակ բան չէ, չի կարող չկայանալ… Հիմա ես Չայկովսկի-Խանջյան խաչմերուկից, դպրոցի մայթով առավոտ կանուխ իջնում եմ զգո՜ւյշ, կասեր Դավիթը ու… փողոցից այն կողմ ձգվում է այգին, որտեղ իմ հայացքն է… Ուսումնասիրում եմ. առավոտ կանուխ զբոսնիր, տիար, քանի չկա քեզ ոչ տանելի մի քանի հանգամանք՝ մուզիկ կոչվող աղմուկը, կարուսել կոչվող խժբըժը, առևտուր անող չարչիներրը, որ աջ ու ձախ պարտադրում են իրեր, որոնք ես, այո, չեմ ուզում, որ Դավիթը սովորի, գործածի… Ահա հասնում եմ մանկավարժականի շենքերին ու ենթագիտակցությանս մեջ կենդանանում է Արմինեի պատումը՝ իր ու Դավթի հանդիպումը Աբովյանի արձանին… Արմինեն հավանում է Խաչատուրի այս գիմնազիական՝ դորպատական համալսարանական մեկնաբանությունը….

Աբովյանը գնում է միշտ իմ առաջից, ուղղություն է ինձ ցույց տալիս, Դավիթ, որ ես չշեղվեմ իմ ճանապարհից… «Ինձ համար Չարենց կարդա, Աբովյանի մասին կարդա»… Կներեք, քիչ կենդանի մարդ կա, որ իր ներկայությամբ ավելի ազդու է, քան Խեչանը…

Ու ես շփոթված–տապալված մի քանի անգամ մայթով վեր ու վար եմ անում։ Իմ Ուսուցչի արձանը… Նայում եմ այս նշանավոր երևանյան շենքին, զննում գույնը, հարկը, հողատարածքը, նայում եմ բակում տնկված արձանին… Շաբաթներ առաջ ես մտա այս շենք, նստեցի դռնապահի մոտ, ով ինձ, իհարկե, ճանաչեց ու փորձում էի կապեր հաստատել իմ կցկտուր բառերի մեջ… Օ՜, թշվառություն, պիտի իմ Աբովյանի՞ն գտնեիր մայրաքաղաք իր Երևանի ուղիղ կենտրոնում, իր անունը կրող մանկավարժականի շենքի բակում…

Տաթև Բլեյանը՝ իմ ջիգյարով Տաթոն, Դպրոց-պարտեզի եռանդուն ղեկավարը (տեսե՛ք նրա Արևիկ աղջկան «Հնեվանք» արշավախմբային ճամբարի ճանապարհին, Սևանի ափին ու ուսուցչին «խեղդելիս», որ հասկանաք իմ գոհունակությունը), օրերս ունեցավ իր բնակարանը, ու Շուշան Բլեյանի հետ մաքրում, ձևավորում, կահավորում են… Ճամփորդությունից վերադարձած ավագ քրոջ հեղինակությունն ու փորձն է պակաս, կգումարվի, ու իմ խոստումը՝ իմ բնակարանի պատշգամբի վառարան-մանղալը ծխեցնելու, կդառնա իրական:

Գոհություն տուր, Տեր, ես դրա կարիքն ավելի ու ավելի շատ ունեմ… Աղոթենք միասին. այսօր իմ օրագրապատումի 50-րդ գիրն է.
Գոհանամք զքէն, Տէր,
որ կերակրեցեր զմեզ յանմահական սեղանոյ քոյ:
Բաշխելով զմարմինդ և զարիւնդ ի փրկութիւն աշխարհի.
և կեանք անձանց մերոց:

Օգոստոսի 27-ն է՝ առտու 04.45, ես՝ իմ գրասեղան-համակարգչի առաջ, ու իմ պատումն է՝ որպես օրվա գիր… Ի՞նչ փոխեց իմ օրագիրը… Փոխեց: Իմ խոսքում հաճախ եմ գործածում՝ ես իմ օրագրում այդ մասին գրել եմ. ասել է, թե՝ ես այն կարևորել եմ, դուք ո՞նց չեք կարդացել։ Բլոգապատումն ինձ դարձրել է «միասեր». դժվար եմ այլոց խոսք ասում, հարցազրույց տալիս, քննարկումների մասնակցում, իմ բլոգից դուրս գալիս… Մարի Գաբանյանի «թեթև ձեռքով» իմ երկրորդ օրագրի վարումը՝ 1983-93 թթ. շրջանում գրված իմ հոդված-ելույթների բարեխիղճ-հետևողական հրապարակումը, դժվարացրել է իմ կյանքը, իբր հեշտ էր, հիմա էլ՝ ոչ հեռավոր անցյալի այս աչքերը, որպես լուսարձակներ, ցուցադրում են սատանայի իմ պոզերը… Ինձ կազմակերպված հետևում են, հանգիստ չեն տալիս… Ու դժվարացել է կարդալը (հետաքրքիր շրջան է), խոսելը՝ նույնպես. մնացին գրելը (համր պատմելը) և լսելը… Եվրոնյուզի լուրերի թողարկումն անգամ հիմա ես չեմ նայում, լսում եմ, կարող եմ պառկել բազմոցին կամ պարզապես մեջքով նստել, մի անկյունում… Այդպես ես լսում եմ, ոչ թե նայում տեսա-ձայնահաղորդումները. թող ներեն ինձ մեր հասարակագետ Վահրամ Թոքմաջյանն ու «Վերընթերցելով պատմության դասագրքերը» հաղորդաշարի մասնակից սեբաստացիները, ես դրանք ունկնդրում եմ. պառկում եմ բազմոցին, բարձրացնում համակարգչի ձայնը և ուշադիր լսում…

Շուշան Բլեյանը, Արաքս Գևորգյանը և Աննա-Մարի Սարգսյանը գնացքով վերադարձան Թբիլիսիից… Մարդատար-սև-անվավոր (Դավիթ Բլեյանը ճանապարհելուց էր գրանցել) տաքսի մեքենայով երևի շտապել են Թբիլիսի, հիմա վերադարձան անշտապ, որքան հնարավոր է երկար… Պատկերացրի՞ք այս երեք չաչանակներին բաժանումից առաջ՝ գնացքի խցում… Շուշանին ասում եմ, հա, ես գնացք տեսել եմ…

Համալսարանական ընկերներով Երևանի կայարանից մեկնում էինք Աբխազիա, Զեբենց տուն՝ Գուդաուտ չհասած, Պրիմորսկոյե գյուղ… Ի՞նչ տանենք, որ համ էժան լինի, համ էլ Արփենիկ մայրիկը (իսկական, միշտ պայծառ՝ մեր բոլորիս հիշողությունների մեջ, մայրիկ) սպասելիս լինի… Գլուխ սոխ… 1977-85 թթ գլուխ սոխը Երևանում արժեր 17 կոպեկ… Ահա մի քանի պարկ լցնում էինք ու անփույթ, 5-6 ընկերներով, վճարելով յուրաքանչյուրս 6 ռուբլի, ունենալով մի-մի ձեռք ամառային շոր, անփող-անկոշիկ-անաստված ու մեծ հավեսով նստում էինք գնացք…Պատկերացնու՞մ եք ուղեկցորդների դեմքի արտահայտությունը. «պռովոդնիկները», հայտնի-ուրիշ կատեգորիա էին՝ մարդկային դասին պատկանող, ուղևորներից փող «կլպելու» մշտական մտահոգությամբ… Բայց Հայկ Բասեյանի՞ց, ով երբեք իր գրպանում մեկ ռուբլուց ավելի չէր պահում, Գևորգ Հակոբյանի՞ց, ինձանի՞ց, ումի՞ց… Երբ ուղեկցորդի նյարդերն էլի տեղի տվեցին, մեզնից պահանջեց, որ յուրաքանչյուրս ունենա 20 կգ-ից ոչ ավելի սոխ. ցույց տվեց մարդը կանոնագիրքը: Դե, մենք էլ դրեցինք, մեր սոխի պարկերը բացեցինք ու սկսեցինք արդար բաժանել գլուխ սոխը… Սա քեզ, սա ինձ… չէ, այս մեծն ինձ… Պետք էր տեսնել, թե հուլիսյան շոգին ի՜նչ էր կատարվում վատ օդափոխվող բաց պլացկարտներով վագոնում… Հիմա խեղճ ուղևորները խնդրում են մեզ, պահանջում են, որ ուղեկցորդն իջնի…

Երևանի համալսարանում մեզ հետ սովորում էին Աբխազիայի համշենահայերը՝ Աշոտ Զեբելյան, Հարություն Համալյան… ձա՛յն տվեք: Մենք առիթը չէինք կորցնում ընկերներով, հետո ընտանիքներով Սուխումից մինչև Գուդաուտ, ավելի շատ սրանց արանքում՝ Պրիմորսկոյե հայկական գյուղում լինելու… Մեր ընկեր Ռաֆայել Պետրոսյանն անգամ աղջիկ բերեց այս՝ մեզ հարազատ դարձած ու մնացած գյուղից: Ինչքա՜ն ասեք, կարող եմ պատմել: Մի անգամ, ծովից հոգնած-լիացած, որոշեցինք մեկ-երկու օրով այցելել Աբխազիայի լեռնային թագուհուն՝ Ռիցա լիճ: Գնացք, հետո ավտոբուս… վերելք ու, իսկապես, հոյակապ լեռնային լիճ: Պտտվեցինք, զմայլվեցինք… Պարզվեց՝ Ռիցայի ափին որևէ ձևով տեղավորվել-գիշերել չենք կարող՝ արգելավայր է, ու մենք ոտքով արշավեցինք-քայլեցինք դեպի Ռիցայի անտառի թույլատրված բացատը, որտեղ հանդիպեցինք ուսանողների, էլի ուսանողների՝ Մոսկվայի համալսարանից, Խարկովից… Ռիցան խստիվ պաշտպանվում էր, խնամվում:

Մուխանում անցկացրած մեկ գիշեր-երկու օրն այսպիսին էին. բնակվում էինք-տեղավորվել էինք Մուխանի Գալստյան Նվերի՝ որդի Բաբկենի և հայր Բաբկենի, տանը-բոստանում, ոտքով (շատ հարմար, օգտակար-հայրենագիտական-առողջարարական-ճանաչողական է) կամ (հյուրընկալողի պնդմամբ) մեքենայով իջնում էինք լողափ կամ քարափ։ Լողացինք-զմայլվեցինք-խոսեցինք, Դավիթն ու Բաբկենը լավ խաղացին։ Կենցաղը՝ տիկին Ժենյայի անզուգական մածնով, հաճարի փլավով-խորովածով, Նվերենց տանը, նրանց հարմարավետ բոստանում:

Ես, գիտեք, ծնվել-մեծացել եմ Երևանում, ավելին՝ ես երևանցի եմ, հայաստանցի, իմ հայրը, մայրը Գավառի գյուղերից են։ Մեր ազգագրական բազմազանությունն ինձ համար փաստ է, ու ես ձգտում եմ ի բարին գործադրել… Հումորը, մարդկային հարազատությունը, մեզանում անհրաժեշտ են, ինչպես երբեք: Իմ հայրական ընտանիքում, իմ մեծ, քյավառցի եղբոր շրջապատում շատ էի լսում՝ Մարտունին Գավառի ու Վարդենիսի արանքում փուշ է… Մյուս եղբայրս՝ Գագիկը, ով երկար տարիներ աշխատում-ղեկավարում էր սոցիալական ծառայություններ, շփվում էր և լավ գիտեր Հայաստանի բոլոր շրջանները՝ իրենց ժողովրդական առանձնահատկություններով, խասյաթով, Մարտունիում բնակվող ժողովրդին բարձր էր դասում… Կան ցուցանիշներ, փաստեր, և դժվար չէ ցույց տալ՝ ով ով է: Իմ նախարար եղած շրջանում ես պարբերաբար հանդիպում էի ուսուցչական լսարանների հետ. մարտունեցիների կարծիքը և´ կողմ, և´ դեմ՝ հարգելի էր, մարդիկ տեղյակ էին նյութին, կարդացել էին իմ ամենավերջին ելույթները: Այդպես էր և Արցախում: Իսկ Գավառում ինձ զարմացնում էր լասարանի անտեղյակությունը, կարևոր չէր իամանալը, իրենք գիտեն (դեմ են, ասել է, էն գլխից)… Սրանք թողնենք ու դառնանք այսօր ակնհայտին… Գավառ ու Մարտունի քաղաքների կյանքը՝ աշխույժը համեմատեք, ինչպես Գավառի իմ սիրելի խնամուհին ձևակերպեց՝ Քյավառ մարդ չի մացե, հմեն գացել են…

Ես Նունեի նման եմ զգում Սևանը, բայց Նունեի աչքն ու շնորհքը չունեմ։ Օգտվում եմ։

Մուխան այցելության հիմքում, իհարկե, Հայաստանի բոլոր անկյուններում, բնակավայրերում, առանց բացառության, լինելու իմ հաստատակամությունն է. Հայաստանը, իհարկե, իր չափերով ու բազմազանությամբ, մանրամասն սիրելու արժանի է… Ու ամեն տեղ ես լինելու եմ Դավթի հետ. իմ ժառանգին անձամբ պիտի ներկայացնեմ իր խնամքին-պահպանությանը-շենացմանը հանձնվող իշխանությունը՝ սա քո Հայաստանն է, Դավիթ, քո ծննդավայրը, քո բնակավայրը, քո պետությունը… Հանրահայտ (ես ներկայանում եմ, հավելյալ միջնորդի կարիք չունեմ) Աշոտ Բլեյանը գործում է ուղղակի, կարճ ճանապարհով. զանգում է դպրոցի տնօրենին, գյուղապետին կամ բնակավայրի այլ ներկայացուցչի, բարևում, խնդրում 1-2 օրով ընդունել իրեն ու իր փոքրաքանակ ընտանիքին (3-4 հոգի): Մերժված չեմ եղել երբեք ու չեմ էլ լինի… Սա, կարծեմ, մեր Պարույր Սևակի տողն է, որ հիմա եկավ… Եվ ինձ չսիրելն անկարելի է նույնքան…
Մուխանի դպրոցի տնօրեն Նվեր Գալստյանի արձագանքն իմ զանգին թարմ էր, անմիջական… Հենց մենք ազատվում ենք արհեստականության սահմանափակումներից, որքա՜ն մարդկայնորեն գրավիչ ու անսահման ենք դառնում… Չնայած խառը շաբաթ-կիրակի էր, օգոստոսի 26-29-ին նախատեսվում է մեր դաշտերի պաշտոնական բացումը՝ Սեյրան Օհանյանի նախատեսված ու հարգելի մասնակցությամբ, իսկ այնքա՜ն կիսատ-պռատ կա, որ շաբաթ օրն աշխատանքային է բոլոր սեբաստացիների, իսկ կիրակին՝ կրթահամալիրի տասնյակ աշխատողների համար, ես փաստում եմ՝ ի՜նչ լավ է, որ մեր այցը Մուխան չհետաձգեցի: Եվ ինչպե՞ս, երբ Արմինեին, ինձ, պետք էր փախչել առօրյայից:

Փնտրում ենք Մուխանում Նվերենց տունը ու մարդ ենք փնտրում, որ հարցնենք… Գյուղի տարածքում ոչ միայն մարդ չի հանդիպում, այլև բաց-անկողպեք տներում էլ իսկի շունչ չկա: Հետո պարզեցինք, որ մեծ ու փոքր բոլորը ցերեկվա ժամերին սարերում, հանդերում են, արտերում, դաշտերում, Սևանի ափին, իրենց բան ու գործին. և դա լավ է, Մուխան:
Մեզ դիմավորում է Նվերի հայրիկը՝ կոկիկ, ձիգ, իմ անձը (զգացված եմ) կարևորած Բաբկեն հայրիկը՝ տան անառարկելի հեղինակությունը, իր ժիր-ժպտերես-գործունյա կնոջ՝ երկարամյա դասվար Ժենյա մայրիկի հետ… Խորոտ-հմայիչ հարսը, մոր-հոր երկու կտոր երիտասարդ աղջիկները՝ Ազատուհին, Սիրարփին, 6-րդ դասարանցի ժառանգ Հակոբը՝ իսկական ժառանգ, ով մնում է տանը՝ հորը փոխարինելու… Նվերենք հարսանիքի են Նորատուսում, Սիրարփին հարսնաքույր է, ես նախօրոք գիտեմ, ու ընտանիքը, հոյակապ ամբողջություն, կիսվում է հարսանքավորների ու հյուրընկալողների…

Շուշան Բլեյանի, իմ, Դավթի և Արմինեի Թբիլիսի… Նախատեսածսեռօրյա-քառօրյա ճամփորդությունը՝ մեկ օր դադար Կողբում, այցելություն Կիրանց վանք, չկայացավ այս անգամ… Շնորհակալ եմ իմ կրտսեր վրացի ընկերոջը՝ Գիորգի Մոմցելիձեին, թիվ 98 դպրոցի տնօրենին, ով ամեն ինչ արեց՝ Դավիթ և Շուշան Բլեյանների հանդիսավոր մուտքն իրական դարձնելու համար:

Շուշանը Արաքս Գևորգյանի` իր անբաժան դասընկերուհու, պայծառ սեբաստացու հետ մեկնեց Թբիլիսի… Շուշանի հավատարմություն-հարազատությունն իր հին ընկերներին՝ Թբիլիսիին և Արաքսիին, սիրելի է. տեսե´ք, Վիեննայում մշտական ապրել-ուսանելը չի բաժանում: Իհարկե´: Ես, Արմինեն ու Դավիթը մեկ օրով ներխուժում ենք Գավառի Մուխան (այժմ՝ Ծովազարդ) գյուղ. ովքեր հետևում են ինձ, հավանում իմ ճամփորդական պատումները, ուշադիր եղեք, որ առաջինը կարդաք՝ ինչե՜ր եք լսելու…

Այդպես ստացվեց. այս ամառ ես Երևանից բացակայեցի մեկ-երկու օրով՝ Իջևան, Կուրթան, Ծաղկունք, Կապան… Էլի Կուրթան… Անկատար է դեռ Արցախ՝ Շուշի իմ այցելությունը: Խոստացել եմ, Շուշիում մեր ընտանիքի բարեկամ Խաչատրյան-Նալբանդյաններն ընտանիքով անհամբեր սպասում են: Շնորհակալ եմ:

Աշխատանք կա անելու. կիսատը շատ է, իսկ ես որոշել եմ անավարտ գործ չթողնել. հանդգնել ես, հայտարարել ես, սկսել ես` կատարիր, ավարտիր… Ո՜նց չեմ սիրում արդարացում-բացատրություն… Իբր քիչ է, որ չես արել, չես ավարտել, հիմա էլ գործդ ես դարձրել լոլոները… Մեր իրականության մեջ այդպիսի լոլոները, ինչպես լոլիկները, բերքառատ են: Գործդ արա, կիսատ մի´ թող… Կարդանք Չարենց ու անցնենք մեր օրվա գործին…

Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի –
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
….Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող։

Չգիտեմ՝ ընթերցողին ի՞նչ է տալիս իմ կենսագրության արխիվից «Մրցույթ»-ի տիպի նյութերի ներխուժումն իմ բլոգապատում, նոր ընթերցող կորցնո՞ւմ եմ, թե՞ ձեռք բերում, բայց ինձ սթափեցնում է. կա բա՞ն, տիար, թե պարոն Բլեյան, որ չես ասել: Ասել ես, գործիդ պինդ կաց, որ առաջվա պես շաղ չտաս մտքեր ու ծրագրեր՝ իբր մարդիկ չգիտեն ինչ անել, քո խոսքին են սպասում, դա է պակասում: Ավա՜ղ ու երբեք: Գործի´ր, խոսքդ սոսկ որպես մեկնարկ ընդունելով. համեստ, այսպես, անկարևոր-առանց իրարանցման, գրի-կարդա ու անցիր գործիդ: Կիսատ ոչինչ մի´ թող, ավարտիր-ամբողջական տեսքի բեր, կամ, եթե դրանք ավերակներ են որպես կառույցներ, հավաքիր, մաքրիր, տեղ նախապատրաստիր նոր պարտեզի և նախագծի համար:

Բանավոր թե գրավոր, հատկապես բանավոր, սեղանի շուրջ իմ հասցեին հաճախ է հնչել «խիզախ» որակումը, սրա հոմանիշ «համարձակը»… Չնայած իմ ականջը «խիզախն» ու «համարձակն» իրարից տարբերում է… Սրանով մարդիկ հաճախ ինքնապաշտպանվում են. իբր խելքի-ընդունակության պակաս չկա, գիտակցումն արարքի տեղում է, էլի դրական բաներ կան, ասենք՝ պատասխանատվությունը, բայց ահա պայմանները, որում իրենք հայտնվել են, թույլ չի տալիս գործել-խիզախել, իրենք ավելի զգույշ են, ընտրում են զգույշ-հաստատ ճանապարհ… Վիրավորական-մերժելի է, երբ եզրեր են գտնում տղայականի հետ… Ես փողոցից-հայաթից-բակից ոչ միայն չեմ խուսափել, այլև ինձ լավ եմ զգացել, լիդեր եմ եղել, շարունակ արկածների մեջ, բայց բռունցքով հարցեր չեմ լուծել, «ռազբիրատներից» խորշել եմ, չեմ հայհոյել, չեմ ծխել, չեմ խմել…

Ամենաշատն ուրախացնում են կրթահամալիրի ու թիվ 183 դպրոցի շրջանավարտ-ծնողները, ովքեր հայտնվում են անհայտությունից՝ երեխայի ձեռքը բռնած: Լսեք նորից. լավն այն դպրոցը չէ, որտեղ սովորել ենք մենք կամ մեր երեխաները։ Լավն է այն դպրոցը, որտեղ իրենց ազատ ընտրությամբ կգան սովորելու մեր շրջանավարտների երեխաները… Ա´յ, Մաթևոսյան Լիլիթի նման… Մեղավոր եմ, սիրելի Սատանա, չճանաչեցի, քանի՜ տարի է անցել: Բայց ճանաչեցի 4 տարեկան դստեր՝ Նարեի կերպարով… Տեսարան՝ չորս տարեկան Նարեն, բարեհամբույր-խաղաղ հոր աջակցությամբ, միայնակ նվաճել էր Դպրոց-պարտեզը… պատմում էր ու ցուցադրում… Ճիշտ ու ճիշտ իր մայրիկի նման, որի անունը մտքումս շարունակ փոխարինվում էր դպրոցական տարիների իմ դիմելաձևով՝ իսկական Սատանա… որ կարող է հայտնվել ամենուր, միշտ սպասված-հետաքրքիր…

Ցավոտ է. չես փախչի։ Հերթական ինքնասպանությունը՝ երիտասարդ կնոջ, չորս երեխայի մոր… Գնդեվազում… Ընդամենը երկու օր առաջ՝ Արարատի մարզի Նորաշենում… նորից երիտասարդ կնոջ: Քրեական գործ կհարուցվի, թղթեր… շատ թղթեր (գործով նյութեր կհավաքվեն)… հետո գործը կփակվի: Ախր սկզբից էլ պարզ է՝ դիտավորյալ կամ անզգույշ սպանություն չէ: Լև Տոլստոյի խոսքերն են՝ բոլոր երջանիկ ընտանիքները միանման են, յուրաքանչյուրը դժբախտ է յուրովի…

Այս յուրօրինակ դժբախտությունները մեր իրականության մեջ այնպիսի քանակ են կազմում և հրամցվում այնպիսի պարբերականությամբ, որ սովորականության սինդրոմ են առաջացնում… Սովորական է դարձել մեզանում մեր ժամանակակցի ինքնասպանությունը: Սա, սրանց քանակն ու էությունը թիվ 1 ցուցիչ են, ինձ համար, հասարակական վիճակի… Խաղադաշտի կառուցման դժվարությունները հաղթահարելի են ու իմաստավորված, եթե հասարակությունը ապրում է, ծնում է, խիզախում է, չի ինքնասպանվում…

Տաթև Բլեյանը՝ Դավթի քույրիկն ու նրա անմիջական ղեկավարը Դպրոց-պարտեզում, գիտե ինչ նվիրել՝ Դավթի համար ամենակարևոր իրերն արագ ընտրելու և ուրախացնելու (թե՞ ուրախանալու) համար. հանկարծ Լիլիթ Բլեյանն իրենից առաջ չընկնի… Ճոճվող եղնիկ-փայտե ձիուկը, հեծանիվը… բետոնախառնիչ մեքենան… Ես ամենաշատը գնդակ ու ներկեր-ներկելու-թղթեր, վրձիններ եմ սիրում նվիրել… Նվեր ընտրելու վարպետ է մեր Նառա Նիկողոսյանը, ով երեկ վերջապես ժամանեց իր ամենամյա արձակուրդային շրջագայությունից։

Հարցնում ենք երեկ, երբ Լիլիթն այցելել է իր Սոնայի և Արաքսիկի հետ, կարճատև, ի մեծ ցավ Դավթի, ինչ նվեր կուզի…
– Սոնան իմ նվերն է, հայրի´կ. թող գա վաղը, խաղանք:
Միասին լինելը, շփումը, իրար տեսնելը չէ՞ ամենամեծ նվերը, ինչո՞վ այն փոխարինես և ինչո՞ւ փոխարինես…

Դառնում է…

Այս մեծ մարդը՝ Դավիթ Բլեյանը, ամեն օր է մեծանում, այնպես ու այն չափով, որ ես նկատում եմ: Փոփոխությունների չափման գործիքներից մեծահասակներս ամենաշատն օգտագործում ենք աչքաչափը՝ «աչքիս»՝ ասում ենք: Աչքիս… ու գնա՜ց: Հայ մարդուն չես կանգնեցնի, ու աչքն իր ասածի հետ կարող է կապ չունենալ: Հասակի փոփոխությունն էլ, քաշինն էլ մենք աչքով ենք չափում. ակնհայտն ենք արձանագրում աչքով, հենց բառի մեջ եղածով՝ աչքին հայտնի: Ես սիրում եմ ակնհայտի մասին խոսել, շոշափելով խոսել, փաստելով… Ինչու՞, ասենք, պարբերաբար չենք չափում մեր երեխայի հասակը, չենք կշռում. երեխային էլ հետաքրքիր ու օգտակար կլիներ շարունակ ու փոքրուց գործ ունենալ այսպիսի մեծությունների, դրանց թվային արտահայտությունների ու փոփոխությունների հետ… Դե, մեզանում չենք անում երեխայի դիտարկում՝ որպես այդպիսին… Մոնթեսորի ջան, էլ ի՞նչ անեիր, որ մենք՝ երեխայի հետ աշխատողներս, մենք՝ բարձրագույն կրթությամբ դիպլոմավորներս, հետազոտողի գործով ապրեինք, որպես մայրիկ-հայրիկներ, 2-4 տարեկանների դաստիարակներ, 5 տարեկանների ուսուցանողներ, 1-3-րդ դասարաններում իմացումի հրճվանքի համար պատասխանատուներ…

Երեկ, գիտեք, մեր սեմինար պարապմունքներից հետո ես նախաձեռնել եմ քննարկում մեր դպրոցների ղեկավարների հետ, հետո՝ ժամը 18.00-ից ինձ աշխատացրել է Սուսան Մարկոսյանը. քննարկում-խմբագրում էինք 4-5-րդ դասարանների կրթական ծրագրի ուսումնական պլանը: Որքան էլ ծանր, բայց ինձ հետաքրքիր ու անհրաժեշտ աշխատանք էր… Արդյունքի մասին դուք դատեք. այսօրվա սեմինար-պարապմունքներում պիտի անդրադարձ կատարեք մեր առաջարկներին:

Տուն մտա՝ ժամը 8-ն անց էր… Դավիթը վրա տվեց. դպրոցի մի օրվա, նրա երիտասարդ, հմայիչ-խանդավառ ուսուցիչների ազդեցությունն ակնհայտ էր: Սրան գումարեք Շուշանի կարճատև այցն ու Արմեն, Մելինե, Մարիամ Մարտիրոսյանների ներխուժումը Դավթի աշխարհ… Դավիթ կրթող այս միջավայրին ես, իհարկե, հարգանքով եմ վերաբերվում. այսպիսի շփման միջավայր, այսպիսի ինտենսիվ փոխանցում փորձի… Դավիթ չի դառնում, մի կրակ է դառնում. ինչե՜ր է կրակում…

Ես չգիտեմ՝ կարդո՞ւմ է Երևանի քաղաքապետը իմ բլոգապատումը, օրինակ՝ իմ այսօրվա գիրը: Եթե չի կարդում, ինչպե՞ս անեմ, որ կարդա քաղաքապետը քաղաքացի Աշոտ Բլեյանի այս գիրը՝ 60-րդ հոբելյանականը: Կարող եք ստուգել, ես գրել սկսել եմ 2014-ի հունիսի 17-ից:

Չայկովսկու 30 շենքի 13 համարի՝ իմ բնակարանը հարմար է ինձ, իմ փոքր ու մեծ ընտանիքին, իմ հարազատներին ու եկող-գնացողներին… չեմ կարողանում, երբ գալիս ու մնում են։ Հարմար, պարզ, ընդարձակ, արևոտ, դեպի փողոց նայող հորիզոնով։ Հիմա ավելի ու ավելի քիչ եմ մտածում այն փոխելու մասին, չնայած չեմ հրաժարվել փոքրիկ հողակտորով առանձնատան հետ փոխանակելու մտքից… Ինձ ճանաչողները գիտեն, որ ես այդքան ժամանակ չեմ հատկացնի, չեմ գտնի… Ո՛վ գիտի, մեծանում եմ, հրեն 60 տարին եկել է, IV հարկի բարձր աստիճաններին չոքել… Բայց երևի ստիպված եմ:

Նախ՝ չգիտեմ՝ ի՜նչ անել Խանջյանի այգուց չընդհատվող իրիկնային-գիշերային երաժշտություն կոչվող աղմուկի հետ: Չեմ ուզում բաց սրաճարանում նստողին որևէ կերպ վիրավորել, անհարմարություն ստեղծել. մարդն ուզում է այս այգու այս լճակի սրճարանում նստի ու լսի այս էստրադայից հնչող, իր պատվիրած երաժշտությունը: Ոչ էլ էստրադայի երգող-նվագողի հետ խնդիր ունեմ… Խնդիրը ես եմ, Արմինեն, Դավիթը… Չենք ուզում լսել տարին հինգ-վեց ամիս, մայիսից մինչև հոկտեմբեր… Չենք հարմարվում, չենք տանում, սովորական չի դառնում, չլսելու տալ չենք կարողանում, դուռն ու լուսամուտը պինդ փակելու բան չէ. բերդում ապրել ենք, հիմա մենք սովոր ենք բաց պատուհանով ու պատշգամբով կյանքին: Բարեխիղճ հարկատու ենք, ժամանակին կատարում ենք բնակության հետ կապված բոլոր վճարումները, կուսակցական գործունեությամբ չենք զբաղվում… Լավ, մի՞թե հնարավոր չէ, որ մենք այլոց պատվիրած այս ձայները չլսենք…

Հետո: Ես ու Դավիթը մեր ննջարանի պատուհանից միշտ ողջունում ենք Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տանիքին նստող, տանիքում ապրող տատրակներին, աղավնիներին… Հարազատ երևանցինե՛ր… Բարի առավոտ… Բարի օր քաղաք… Արևը ծագում է… Բայց ահա չգիտենք՝ ի՞նչ անել շենքի երկայնքով, Չայկովսկու փողոցի մայթեզրին թե դպրոցի գազոնին լցված-լցվող-շատացող աղբի հետ… Շարունակում ենք չթափել-մաքրել, փորձեցինք թեժ գծի միջոցով խնդիրը լուծել… Մի անգամ, երկու, հո չե՞նք թշնամանա անծանոթ աղջկա, անծանոթ տնօրենի, ծառայողի հետ: Չենք ուզում: Կարելի է՞, որ Չայկովսկի փողոցը պարբերաբար մաքրվի. ես չեմ կարողանում, երբ կեղտոտ է, նույնը փոխանցում եմ Դավիթ որդուս. նա սկսել է նկատել…

Եվ երրորդ հանգամանքը, ո՛չ ըստ կարևորության եմ ներկայացնում, ո՛չ էլ ըստ այբբենականի… Չայկովսկի 30 շենքի մուտքի հարցը լուծե՛ք, խնդրում եմ: Շենքը տանելի մուտք չունենա՞ ո՛չ աջ կողմից, ո՛չ ձախ… այսպես վտանգավոր է, այսպես չի՛ կարելի… Հետաքրքիր է՝ եթե քաղաքապետը չի կարդում օրվա իմ գիրը, գուցե հանձնարարում է, որ Կենտրոնի վարչակազմի ղեկավա՞րը կարդա… Հազարավոր մարդիկ կարդում են, իմանում են, ցավում են, բայց նրանք, ում հասցեագրված է օրվա գիրը, այդպես էլ չեն կարդում։

Մենք Բջնիում ենք, Բջնիի դպրոցի տնօրեն Յաշա Սահակյանի՝ մեզ հարազատ մարդկանց տանը՝ գերդաստանի հետ Ս. Մարիամ Աստվածամոր վերափոխման տոնը նշելու: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բջնիի Ս. Աստավածամոր եկեղեցու համար ուշքս գնում է: Մենք այստեղ պիտի երգենք «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբով. սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինենք, նեղանալ չկա, ումի՞ց ենք նեղանում, հայրենիքի՞ց, նեղանում ենք, որ հիմքեր ստեղծենք մայրենին թողնելու, նրա խնամքը թոթափելու համար… Իմ այցով ես պատրաստում եմ նաև մեր ուխտագնացություն-ելույթները…

Յաշայի ուղեկցությամբ, մեզ միացել են նաև Շուշան Բլեյանը, Արաքս Գևորգյանը, Արմեն և Վահրամ Մարտիրոսյանները…

Ուխտագնացներով շարժվում ենք դեպի Սուրբ Աստվածածին… Յաշան ոգևորված է, պատմում է, ներկայացնում Բջնին… Ես՝ հիացած-զմայլված Բջնիի քարափներով, Հրազդանի կիրճով, կոնկրետ-հաճախ միջամտում եմ՝ քանդեք Յաշա, ո՞նց ես հանդուրժում այս, հենց հիմա մաքրեք, թո՛ղ ամեն ինչ, ընկե՛ր, սրանով զբաղվիր՝ երկիրը, նրա դրախտ անկյուն Բջնին մաքրիր ու մաքրիր… Անհնար է միայնակ: Միասին ենք անելու: Բա հո ուտուշ-խմուշի չենք եկել, գործընկերների հանդիպում է:

Մեր ճանապարհն անցնում է Յաշայի և իր դպրոցի բարձր դասարանցիների «Քաղաքացիական կրթութունը և տնտեսագիտությունը դպրոցում» USAID-ի դասընթացի ծրագրով վերջերս իրականացրած նախագծով՝ գյուղամեջի Հրազդանի ափով փռված հանգստի գոտով… Վերջապես ես հանգստանում եմ…

Վերադարձը մեր նորից անցնում է այս գոտով, ու ես ողջունում եմ Երևանից եկած հանգստացողների խմբի. նստած են Յաշայենց կառուցած տաղավարում, օջախի համար նախատեսված տեղում կրակ են անում, քիչ այն կողմ մեծ քարափի տակից աղբյուրն է բխում՝ խմի՛ր, չես կշտանա, էլի այն կողմ՝ նախանձ շարժող նորակառույց զուգարանն է, ոտքերի տակ՝ մաքրված Զանգուն, դիմացդ՝ Բջնիի նշանավոր Բերդը, այս անկյունից երևում է Ս. Աստվածածնի եկեղեցու գմբեթը, շուրջը արի՝ չտեսնված քարափներ տես, շուռ մի արի, թեքվիր ու բարձրացրու աչքերդ՝ գետում, սարերի մեջ նորից քարափներ…

Յաշան, Փայլուն մեծ հարսն ու Լուսինե փոքր հարսը պատվական սեղան գցեցին մեր աչքի առաջ՝ ներկայացնելով Բջնիի կենցաղի ու խոհանոցի մշակույթը: Սեղանն իր խորհրդով մեզ գոհություն է պարգևում: Մսի հետ և՛ Փայլունը, և՛ Յաշան վարվել գիտեն: Կուշտ կերանք: Յաշան իր խոստումը պիտի կատարի. 5-6 կմ Բջնիով բարձրանում ենք, Հրազդան գետի ձախ ափով դեպի վեր՝ Սոլակ, Հրազդանի ակունքներ… Ինձ հարազատ, մանկությունից եկող անուններ. իմ հոր բոլոր պատմությունների մեջ, իսկ հայրս պատմել և՛ սիրում էր, և՛ կարողանում, Սևանի ավազանի Գավառին հարևան Մարտունու, Գավառ-Երևան ճանապարհի գյուղերը կային… Քաղսու հետ կապը հուզական է. այստեղ երկար տարիներ մինչև 1941-ը՝ համաշխարհային պատերազմ մեկնելն ու անհետ կորչելը, դասավանդել է իմ անզուգական Զալիբեկ հորեղբայրը, անզուգական՝ բոլորի պատումներով… Քաղսիում, իր աշակերտների մեջ, հանդիպել, սիրել և ընտանիք է կազմել Արաքսյայի՝ իմ հորեղբոր ազնվազարմ կնոջ հետ, լրագրող Արաքսյա Թադևոսյանի ազնվազարմ տատիկը, ով միայնակ ինչպե՜ս պահեց իր մատնաչափ Լյովային ու Մարսելին… Հերոս կինը հենց Արաքսյա հարսի, մայրիկի, տատիկի պես է լինում… Հորս բոլոր պատմությունների թիվ մեկ լսողը ես եմ եղել՝ սեղանի մոտ, թե մեքենայով ճամփորդելիս: Իսկ անջուր, բայց Զանգու սկզբնավորող Սոլակ գյուղ ես դեռ կբարձրանամ…

Յաշայի խոստացած անակնկալը կայացավ շփոթ առաջացնելու աստիճան. իրոք 5-րդ կմ-ի վրա մի գոգավորություն է ձևավորվում, վայր, որտեղից սկսվում է Սոլակի նշանավոր ուխտի ճամփան։ Ահա Ս. Աստվածածնի տոնի՝ Սոլակի ուխտավորների շարանը բարձրանում է ու բարձրանում դեպի իր Սուրբը… Աստվածամոր շնորհներն իբրև ցող երկնքից իջնեն բոլոր կանանց ու մայրերի վրա…

Ահա այդ ուխտի սարից քչքչում է տպավորիչ աղբյուր, Քաղսիի կողմից գետակ-աղբյուր Սոլակի բարձունքի տակից առավել քչքչան աղբյուր, և այս երեք աղբյուրներն իրար են խառնվում քո աչքի առաջ ու առաջացնում զուլալ Զանգուն, ջրառատ ու մաքուր գետ, որ Բջնիում, ընդամենը 5-6 կմ-ի վրա աղբատար գետ է դառնում… Այս կետում, որտեղ հիմա Յաշայի, Շուշանի ու Արաքսիկի հետ կանգնած ենք մենք, Զանգվի այս վայրի զմայլելի ակունքի քարափին, լավ կլինի կանգնի յուրաքանչյուրդ… Շուշան Բլեյանն այնքան հավանեց, որ Զանգվի մասին պատումը սրանով չավարտվեց… Սկսվեց: «Ես այստեղ ճամբար կգայի. ինչու այստեղ սեբաստացիների համար ճամբար չես բացում, հայրիկ»։ Այս ամբողջ ընթացքում ես չես հաղթահարում մեղավորության զգացումը, որ Դավիթը մեզ հետ չէ. քունը գլխին մեր տղային խնայեցինք, թողեցինք Յաշայենք տանը, իզո՜ւր։ Խնայել, ասել է՝ զրկել։

Յաշան իր՝ մեզ հարազատ դարձած ընտանիքով, դիմավորում է տոնական՝ չորս տարեկան դարձող Յաշուլը, միշտ պայծառ՝ Փայլուն կինը, հմայիչ-մարդամոտ Լուսինե և Արմինե հարսիկները, Սպարտակ և Արտակ առինքնող-բարեկիրթ տղաները, գեղեցկուհի թոռնուհիները` հինգ տարեկան Մերին և վեց տարեկան դարձող ու դպրոցին սպասող Էլինան: Մարդկային ինչպիսի՜ հարազատություն ու ընտանիքների ծավալվող բարեկամություն… Եվ Դավիթն արթնանում է: Հյուրասիրության սեղանն էլ, հատ-հատ նայում ենք, Բջնիի մշակույթը. տեղական-ընտանեկան արտադրության…

Հրազդան գետը երեսուն մետրի վրա է, մենք արահետով իջնում ենք երկու անգամ: Անմիջապես, Դավիթն ուզում է տեսնել հարևան՝ էլի Յաշայի, ում թոռի անունն էլ Յաշուլիկ է (100 մ² վրա չորս Յաշա, ի՜նչ խաբար է…) ուլիկներին: Հիմա՝ չորս ուլիկ 3-4 ամսական… Իսկ գետում (մամա ջան, ի՜նչ կեղտոտություն) ճչում են, խրախճանք ապրում տասնյակ սպիտակ սագիկ-բադիկներ: Դավիթը մի բոլ քար է նետում Բջնիի իր ընկերների հետ գետը. չլը՜մփ, չլը՜մփ… Ես ուզում եմ՝ Դավիթը տեսնի իրիկնային Զանգուն:

Եթե նկատեցիք, ես իմ գիրը երկու կտորով, երկու տարբեր ժամերի ու վայրերում եմ գրել… Գիշերվա 02-ի, 03-ի արանքում, Յաշայենց խոհանոցում. դժվար էր գրվում, մարսվե՞ց… Եվ առավոտյան 07-ին, Յաշայի երկրորդ հարկի աշխատասենյակում… Շշմելու դիրք ունի տունը, ապրի երկա՜ր ու շե՜ն-շե՜ն մնա իր ստեղծած գերդաստանը:

Անսպառ թեմա է, բայց ամեն ճամփորդություն հարկադրում է անդրադառնալ: Ապարանի սարահարթին, նրա խուզած-լերկ լանջ ու ստորոտներին կարող եմ երկա՜ր նայել, անջատվել: Չի հաջողվում. բնակավայր բնակավայրի հետևից, սկսած՝ բուն Ապարան քաղաքից, շարունակած մինչև Սպիտակ ու Վանաձոր՝ մինչև Ստեփանավանի թունելով կանաչ աշխարհ փախչելը… Մինչև Կուրթան ուզում եմ այս ճանապարհի ողջ երկայնքով մարդու կառուցած աշխարհիկ մի շինություն, մի միջամտություն գտնել, որ չի զայրացնում ցավեցնելու աստիճան: Չի՛ք: Եվ որքա՜ն ավերակներ, տասնյակ տարով մոռացված-լքված շինություններ, պարիսպներ՝ տգեղ-անհարկի, անավարտ, անտեղի-անիմաստ ու անհեռանկար կառույցների հերթագայություն… Որքա՜ն գյուղատնտեսական նշանակության հողեր օտարվել-ամայացել են: Վիճակն այլ չի դառնում, երբ Երևան-Վանաձոր մայրուղով մտնում ես Վանաձոր՝ շարունակում դեպի Ալավերդի կամ Դիլիջան… Ես ուրախանում եմ, որ մարդու միջամտությունը, նրա կառույցը չկա. հենց կպավ, հենց ինչ-որ բան կառուցեց, այլանդակում է բնություն-միջավայրը՝ իր գետ-գետակով-առվակով, կիրճով-հունով, բլուրով-դաշտով-անտառով…

Ուռաա՜, վերջապես… Բջնիից վերադառնալիս Չարենցավան հասած կամ քիչ անցած տեսանք՝ հզոր շինարարական տեխնիկան (իսկ Դավիթը Շուշանի ծնկներին քնած է) քանդում է խորհրդային շրջանից ծանր մնացած ատադրական լքված տարածքը… Ես կենդանանում եմ, հափշտակվում։ Շուշանը չի կարդացել իմ օրագիրը. կկարդաս, Շուշան։

Բլեյանի դպրոց կամ Բլեյանի անվան դպրոց կամ անգամ Բլեյանի անվան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կամ ու կամ, անգամ ու անգամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ասելով՝ հաճախ նույն՝ Երևանի թիվ 183 դպրոցը նկատի ունեն, «Առնո Բաբաջանյանի 25» հասցեի այն շենքը, որում 1984թ. իր գործունեությունն սկսեց Երևանի Շահումյանի շրջանի թ. 183 միջնակարգ դպրոցը։

Արագ ու անորակ կառուցված այս դպրոցը արագ էլ բնակեցվում էր: Դպրոցը «երկլեզվանի» էր, սովորողների մի մասը՝ հայերեն, մյուս մասը ռուսերեն ուսուցմամբ 1-10-րդ դասարաններում էր սովորում։ Սովորողների թիվը 1-2-3 տարում մոտեցավ ու անցավ 2000-ի սահմանը, իսկ շենքը նախատեսված էր 1568 սովորողի համար։ Եվ որպեսզի կարողանայինք ինչ-որ կերպ տեղավորել երեխաներին, ստիպված էինք կտրատել ընդարձակ միջանցքները, դասասենյակների վերափոխել ուսումնա-օժանդակ տարածքները։ Այս գործը արդեն ընթացքի մեջ էր, երբ ես 1985թ. օգոստոսի վերջին նշանակվեցի այս անդիրեկտոր թ. 183 դպրոցի տնօրեն… Տարիքով 30-ի մոտ երեք Աշոտներին միավորում էին գաղափարները, մտքերը, նորարարությունները, որոնք իրարից տարբեր, բայց մանկավարժական էին…

Դպրոցն այն ժամանակ ամենաերիտասարդն էր ուսուցչական կազմով, անընդհատ համալրվում էր նոր ռումբ-երիտասարդ կադրերով։ 1-2 տարում նա մեր ու Շահումյանի ժողկրթբաժնի, քաղժողկրթբաժնի շարունակական հակամարտության պատճառով դարձավ, մայրս կասեր, քաղաքի ասելիքը… Իսկ երեխաների հոսքը սրանից մեծանում էր, ու շենքային տարածքները ավելի ու ավելի չէին հերիքում։ Մանուչարյան Աշոտը՝ թ. 183 դպրոցի փոխտնօրեն, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, առաջինը նախաձեռնեց սովորողների և ուսուցիչների ջանքերով շենքի հողա-քարալից նկուղները ուսումնականի վերածելու գործը… Ամեն նոր ընդունվող երիտասարդ տղամարդ ուսուցիչ տեսնում էր, թե ինչպես համերաշխ պատանիների և տղամարդ ուսուցիչների խմբերը, զինված պատգարակներով, լինգերով, քլունգներով օրնիբուն մետր առ մետր նվաճում են նկուղը… Այսօրվա մեր ուսուցիչների նման չէին աշխատում, ներեցեք, ձեռի հետ, հաճախ` ցուցադրելու համար… Տիգրան Աղաբեկյանը, Ալեքսանդր Մարտիրոսյանը (մեր սիրելի Գոգը) բանվորական արտահագուստով, ուսումնական պարապմունքներից հետո, շաբաթ կիրակի օրերին ու արձակուրդներին, սովորողների հետ հավասար… Իմ՝ շինարարական ջոկատների հայտնի կազմակերպչի մուտքը նոր թափ ու կազմակերպում հաղորդեց այս աշխատանքին։

Հիմա դժվար է հավատալ, որ Մայր դպրոցում գործող խեցեգործության, փայտամշակման արհեստանոցների, նախկին ու ներկա հրաձգարանի, «հացի փուռ» կոչված տարածքի, մետաղագործության արհեստանոցի, պահեստների` ընդհանուր հաշվով մոտ 2500 քառակուսի մետր տարածքը նախկինում համարյա ծայրից ծայր լցված էր շինարարական լիցքով՝ հողով-քարով… Ու այդ ամենը քանդել, բարձել, տեղափոխել են թիվ 183 դպրոցի սովորողներն ու ուսուցիչները 1984-89թթ ընթացքում։ Ես այսօր էլ զարմացած եմ հաստատակամության-նվիրվածության, աշխատասիրության այդ նախագծով։ Սրան էլ գումարեք թ. 183 անորակ շենքի, քանդվող բետոնե հատակների վերափոխման աշխատանքերին սովորողների և ուսուցիչների մասնակցությունը: Մեծ աղմուկով-թափով սկսեցին գործել սովորողների առաջին ակումբը, բրուտանոցը, «Մանչուկ» անվանումով ուսումնա-արտադրական արհեստանոց-արվեստանոցները, որոնք դարձան մեր գեղարվեստի և արհեստագործական դպրոցների նախատիպերը… Չգիտեմ՝ կարդացվում է իմ այս պատումը՝ էքսկուրսը դեպի 25-30 տարվա հեռուներ, բայց ես արթնացա իմ օրվա գրի այս շարադրանքով…

Սրան զուգահեռ, երեխայախեղդ չլինելու, մանկավարժական մեր հայացքներից բխող դպրոց-համալիրը կազմակերպելու համար ես սկսեցի տենդագին որոնել մեր մոտակա շրջապատի այլ՝ չօգտագործվող-վատ օգտագործվող տարածքները, շինությունները։ 10-ամյա դպրոցում ինքնուրույն երկամյա վարժարան-ավագ դպրոց՝ 8-րդ դասարանն ավարտած ուսումնատենչ սովորողների համար… «Անկախ մայլում»՝ այն ժամանակ ատոմակայանի աշխատողների համար կառուցված էներգետիկների նորակառույց թաղամասում Երևանի այն ժամանակվա ամենախոշոր Գունավոր տպարան-կոմբինատը (հիմա այն մեծ լքյալ տարածք է հիշեցնում), իր աշխատողների համար մանկապարտեզի շենք էր կառուցել։ Ինչո՞ւ էր կառուցել՝ կոմբինատի ղեկավարությունը վատ գիտեր, բայց մենք նկատեցինք այն, համոզեցինք և՛ կոմբինատի ղեկավարությանը, և՛ Շահումյանի շրջխորհրդին, և՛ Երևանի քաղաքային խորհրդի ղեկավարությանը՝ այն մեզ հանձնել մեր վարժարանը այնտեղ տեղափոխելու, թիվ 183 դպրոցի շենքը բեռնաթափելու համար… Պետք էր տեսնել, թե ինչ ժրաջանությամբ-արագ 1-2 ամսում 12 խմբանի մանկապարտեզի տիպային շենքը վերածվեց քաղաքի անդրանիկ վարժարանի (գիմնազիայի)… Հետո այն դարձավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում «Լուսավորական» կոչվող դպրոցը, հիմա մեր Հիմնական դպրոցն է, որը որպես կրթական միջավայր` հեռավոր առնչություն ունի 1986թ. մեզ հանձնված այն շենքի հետ…
Ես շատ էի ուզում մեր մանկապարտեզը՝ մեր պարտեզն ունենալ։ Մեր սերտ աշխատանքը ՀՍՍՀ լուսավորության այն ժամանակվա մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի, նախարար Սեմյոն Հախումյանի հետ ունեցավ իր արդյունքը, որը շատ բանով որոշեց կրթահամալիրի ապագան. դպրոցին հանձնվեց Շահումյանի շրջանի թ. 119՝ Բ-4 թաղամասի տիպային մսուր-մանկապարտեզը։ Մեր թ. 183 դպրոցը իրավաբանական անուն ունեցավ՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական ուսումնա-դաստիարակչական հիմնարկ. մենք դարձանք փորձարարական (հեղինակային), կտրվեցինք շրջանային-քաղաքային ենթակայությունից, «անաստված» Աշոտները իրենց մանկավարժությամբ հայտնվեցին երկնքում… Ճախրի՜ր…

1988թ. Արցախյան շարժումը փոխեց-բեկեց շատերի կյանքը, բնականոն ու հավերժ թվացող ընթացքը. Աշոտ Մանուչարյանը, պատմության ուսուցիչ Սամսոն Ղազարյանը, դպրոցի հետ ամենասերտ առնչություն ունեցող Ալեքսան Հակոբյանը, Համբարձում Գալստյանը դարձան «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ, Աշոտ Դաբաղյանը, Հրայր Ուլուբաբյանը` գաղտնի անդամներ, և սկսեցին շոշափելի դերակատարում ունենալ շարժման մեջ…

1989թ. ՀԽՍՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց-ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը. ուսումնա-դաստիարակչական փորձարարական հիմնարկը վերածվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ Հայաստանի ժողկրթության նախարարության փորձարարական-հետազոտական միավորման։ Շուտով, 1991թ. Շահումյանի շրջխորհրդի նոր գործադիր կոմիտեն մեզ հանձնեց նախկին թիվ 295 մանկապարտեզի շենքը՝ որպես Գեղարվեստի դպրոց գործելու պայմանով։ Դեմոգրաֆիական կտրուկ փոփոխությունների արդյունքում ազատվեցին Շահումյանի շրջանի թ. 11, հետո նաև թ. 309 մանկապարտեզների շենքերը, որոնք, եթե չլինեին մեր մանկավարժական հայացքները, հարգանքի արժանի նպատակասլացությունն ու աշխատանքը, ինչի՞ կվերածվեին…

Հռետորական հարց է։ Այսօր դժվար է հավատալ, բայց ամենասեղմ ժամկետում ու նյութական միջոցներով մենք Բ-1 թաղամասում ունեցանք մեր կրտսեր դպրոց-պարտեզը, որ այսօր հայտնի է Նոր դպրոց անունով, Քոլեջ-արհեստագործական ավագ դպրոցը…

Թե ինչքան դեղձ կերանք կրթահամալիրում մի օրում և ինչ եղան դրանց կորիզները՝ ով կհաշվի ու կպատմի… Ինչ կերել եք, անուշ լինի, իսկ այ, կորիզները, որ մեր դեղձենու տնկարանները պիտի դառնային, որտե՞ղ փնտրենք, տեսնենք…

Սկսվեց… Մեր շատ սիրելի ընկեր ու վաստակով երաժիշտ-երգիչ Սեյրան Ավագյանն իր նախաձեռնած մենահամերգով կրթահամալիրի Կենտրոնում բացեց սեբաստացիների համերգաշրջանը 2014-2015 ուստարում…

Ունկնդիրը, համերգի մասնակիցը տպավորված էր. ես երբեք չեմ մոռանա, սիրելի Սեյրան ու ընկերներ, ձեր այս նվերը՝ Սայաթ-Նովայի երգերի փնջի մատուցումը՝ ծննդյան օրվա իսկական ծաղկեփունջ…

Երեկվա իմ մեծագործությունը համարեք նորացված Կենտրոնը՝ որպես մեր ակումբային-համերգային-ներկայացումային գրավիչ-հարմար միջավայր. ես խոստացել էի մեր հոբելյանական տարին մեծագործություններով նշել:

Որքան ազատ-հարմար էր զգում համերգ-ներկայացման տարատարիք մասնակիցը՝ Դավիթ Բլեյան-Սոնա-Նազենի կրտսեր-Արևիկ խումբը, որ «դժոխքի» կարող էր վերածել ցանկացած հավաքույթ, բայց որքան գունեղ-խաղային ներառվել էր համերգային միջավայրում…

Անսովոր ավարտ ունեցավ օրը, որքան էլ այն արդեն երկար ժամանակ սպասված էր` կյանքի հանգամանքներով պարտադրված… Հիվանդանոցում մահացավ-հանգավ-հրաժեշտ տվեց երկրային կյանքին իմ կնոջ՝ Արմինեի մայրիկը, ինչպես ես եմ միշտ հարգանքով դիմել՝ տիկին Շողիկը, ինչպես բարի անվանումով կոչել ենք՝ Վահրամի զոքանչը: Օրագիր է, բլոգապատում՝ այստեղ է իմ կյանքը՝ ապրած-չապրածով (ունե՞մ ես չապրած), վերելք-անկումով, դրամատիկականով ու զավեշտով… Անկեղծությունից մինչև հիմարություն մի քա՞յլ է. դա լավ գիտեմ, բայց անվճար ապահովագրված եմ ողջ կյանքիս համար. ասացեք, ինչպե՞ս կարող եմ ես ոչ անկեղծ լինել… Ես զոքանչ-մայրիկ համարել ու համարում եմ տիկին Սիրանույշին, իմ աղջիկների սքանչելի տատիկին, իմ ընկեր Կարինե Ջանոյանի մայրիկին: Ես տիկին Սիրանույշի կողքին եղա նրա հրաժեշտին. անջնջելի է այդ օրերի մեր կապը, մեր խոսակցությունը… Ընդունակ, բարձրաճաշակ, հումորով մի կին, ում պարտական են Ջանոյանների չորս երեխաները՝ իրենց թոռներով-ծոռներով: Ես պարտական եմ նույնպես: Արմինե Օհանյանի մայրը՝ տիկին Վալենտինան, երկար ու առողջ կյանք նրան, նույնպես եզակի է՝ նվիրված ընտանիքին ու հարազատներին, գործունյա, հասնող, սրտացավ ու մաքրակենցաղ, միշտ դիմադիր մեր կյանքի հոռի բարքերին…

Եվ ահա իմ կնոջ՝ Արմինեի, նրա սքանչելի քույրիկ՝ մեր Ռուզանի մայրիկի հրաժեշտն այսպես եղավ… Սայաթ-Նովա սիրող, խաղաղ, անչար, ինչպես աղջիկներն էին գուրգուրում, որպես փափուկ խաղալիք մանկության, կյանքի վերջին երկար շրջանում անկողնուն գամված երեխայացավ ու մշտական խնամքի կարիք ուներ: Եվ կեցցեն քույրիկները, կեցցե տիկին Շողիկի փեսա, մեր բոլորի լավ ընկեր Վահրամ Մարտիրոսյանը, ով երեկ առավոտյան Մարմարյա սրահում ՀՀ Պաշտպանության նախարարության շնորհակալագրի ու անվանական ժամացույցի արժանացավ՝ ամառային աշխատանքների, «Սեբաստիա» մարզադաշտի կառուցման մեջ ունեցած վաստակի համար… Երեքով միասին, միշտ բարեխիղճ, միշտ ներկա, որդիական հնազանդությամբ ու երախտագիտությամբ… Իսկ Ռուզան Աբրահամյանն ինձ զարմացնում է շարունակ. այս երիտասարդ, երեք ոչ փոքր երեխաների մայրը՝ խնամքին սիրելի ամուսնու տարիքով-խասյաթով ծնողները, մեր դաստիարակ-դայակ-խոհարարը, միշտ բարետես-կոկիկ-պատրաստակամ՝ որպես ընկեր-մորաքույր՝ այս ե՞րբ է հասցնում, ո՞նց է հասցնում…

Օրը, օ՛րը պետք է ապրել. սրա մեջ և´ ծնունդն է, և´ մահը, ուրախությունն ու վիշտը՝ բոլորն էլ օրվա մեջ։ Իսկ պարտականությունները՝ որդիական (անձնային) թե աշխատանքային, չի կարելի հակադրել-ձևականացնել, երկուսում էլ քո կյանքն է, լսեցե´ք, կյանքի քո՛ ժամանակն է… Դրանք պիտի ապրել իրապես: Այլապես, դու հա կսպասես, որ սա էլ անցնի, քո օրը, քո օրի այս ժամը… Երբ անցնողը քո կյանքն է…

Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք…

Հենց Տերյան Վահանի հետ կապը կորցնում ենք…

– Ի՞նչ է լինում, հայրիկ,- Դավիթն է հարցնում…

– Օ՜, վերջին ընկեր իմ, օ՜, Տերյան Վահան…

Շուշան Բլեյանը նստել է երեկ Վիեննա-Փարիզ ավտոբուսը. ընկերուհին ամուսնանում է Փարիզից 2 ժամվա հեռավորության մի քաղաքում և… Կեցցե´ս, Շուշան, ամենահաս ես։

Այո, հաստատում եմ. այսօր իմ ծննդյան օրն է. շատ էի՞ք ուզում, ստացեք, ես 59 տարեկան եմ: Հնարավոր է՞ ամեն օր մի նշանավոր գործ կատարել ու ներկայացնել այն բլոգի օրապատումում՝ դեպի 60 տարին ամեն օր գնացող մարդն ու գործը: Մարգարիտ Սարգսյանն ինձ մանկավարժական ընթերցանության նյութ է ուղարկել. կարդացի, ահա, կարդացեք: Մերի Առաքելյանի երաժշտությունը նոր լսեցի. տեղին է։ Լավ երաժշտությունը պակասում է մեր կյանքում ու միշտ տեղին է նրա ունկնդրումը: Ես, օրինակ, անհամբեր սպասում եմ այսօրվա համերգին:

Երեկ 8.45, ինչպես խոստացել էի, իջանք մեքենայից 3 տարեկան դարձող Դավթի և 8 տարեկան դարձած Արմենի հետ, խնձոր ուտելով վերգետնյա անցումով, տասնյակ սեբաստացիների ողջունելով (կա՞ ավելի մեծ ուրախություն առավոտյան, քան Բաբաջանյան պողոտայի վերգետնյա անցումի վրա Մասիս սարին, սեբաստացուն ու Բաբաջանյան ձգվող պողոտային ողջունելը), մաքրված-խնամված մանկական այգով, գլորվելով կտրեցինք այգի-թաղամաս թեք անցումը (սրա լուծման վրա ես մտածում եմ) ու հասանք գլխավոր դռանը… Տասը մեկը մյուսից հետաքրքիր րոպեի ընթացք:

Սկսում է հերթական օրը…Վերջ տվեք նվնվոցին, լսո՞ւմ եք, ճախրանք պարգևենք, ինչպես բատուտը, խճե սարը, հենծանվաընթացքը, արագածյան վերելքը, ջրի մեջ գահավիժումը… Շարունակեք, խնդրեմ։

Ինչո՞ւ Հայաստանում կյանքն այսքան ծանրացել է ու տեղից չի շարժվում կամ շարժվում է դանդալոշի պես։ Այ, այսպես, ինքնասիրահարված, իրեն խնայող, միջոցառումից միջոցառում, հերթով՝ ես արեցի այսքան, հլը թող իմ չափ անեն, մուննաթով՝ որ ես բանը արեցի՝ ի՞նչ, ի՞նչ ստացա, ի՞նչս ավելացավ…

Զրնգոցով, ճախրանքով, հրճվանքով են անցնում մանկավարժության ճանապարհները, մեր գործը։

– Ի՞նչ ասել է մանկավարժություն, հայրիկ։

Օհո՜, տեղին է, ինչպես միշտ, Դավիթ։

Անտեղի լինում է, երբ ուրիշների հարցերն ես հնչեցնում, ինչպես «Բազեի» կամ «Միասնության» ճամբարներում։ Իսկ քո հարցը մի՛շտ տեղին է։

Մանկավարժությամբ է պետք զբաղվել, ընկերնե´ր, որը հեշտ չի լինի… Ինձ, օրինակ, ռուս-ուկրաիանական պատերազմն ավելի ու ավելի խանգարում է… Առաջ ես փնտրում էի սրան վերաբերող ամեն մի նորություն, հիմա կարդում եմ միայն վերնագրերը, իսկ կադրերից՝ հեռուստատեսային, թե այլ, ինտերնետում, խուսափում եմ… Ինչի՞ հասան ռուսները, ի՜նչ ընկած է ռուս հասարակությունը, նրա մտավորական խավը, որը գոնե լսելի չընդվզեց… Մամա ջան, ինձ համար ավելի ու ավելի դժվար է…

Ավելի քիչ ժամանակ ունեմ. աղջիկներիս, հատկապես Շուշանին, Դավթին, Արմինեին խոստացել եմ 2015-ի ամառը մեծ չափով անցկացնել միասին՝ ամենատարբեր (Հայաստանյան) ճամփորդությունների մեջ…

Ես ստացա իմ նվերը: Այդպիսին եմ ես՝ ինձ պարգևատրում եմ… Ինձ ուրիշ նվեր պետք չէ. իսկ մեր կրթական շքերթը՝ ձեզ իմ նվերը: Դուք չգիտեք իմ ապրումները… Իսկ եթե նվեր՝ ահա այսպիսին, որպես բացառիկ համերգ՝ այնքան շքեղ, որ մենակ չի կարելի վայելել, համեցեք, նվիրում եմ բոլորին՝

Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին,-
Հրանման հոգիներին:-
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,-
Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,-
Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում`
Ողջակիզվող հոգիներին – ողջո՜ւյն, ողջո՜ւյն:

Ես զգում եմ՝ ինձ խոցում է ռուս-ուկրաինական եղբայրասպան պատերազմը՝ այնպես խորը, անհատապես մինչև վերջ խոցող…
«Մի րոպե մտածում ես, իսկ ո՞ւր են այն անթիվ մարդիկ, որոնք դեռ երեկ խոսում էին հանուն ժողովրդի։
Ուզում ես ճչալ. ու՞ր եք դուք, ժողովրդի բարեկամներ, սոցիալիստներ և ոչ սոցիալիստներ ամեն տեսակի և կու¬սակցության, մի՞թե չեք տեսնում այս հրդեհը, որ լափում է ժողովրդին, մի՞թե չգիտեք, որ ժողովրդին ամենից առաջ պետք է իր կյանքը, չգիտե՞ք, որ նրան կրակից փրկելը առավել բարձր և ազնիվ գործ է, քան հեղափոխությունն ու հանրապետությունը»։
Հ. Թումանյան «Հանգցրեք հրդեհը», 1918թ.:

Ես չէի քնել՝ մահացել էի… Դավիթն ու Նազենի կրտսերը երեկ երեկոյան այնպիսի մի սրընթաց երթով ինձ անցկացրին Ալ. Մյասնիկյանի արձանից Սունդուկյանի այգով Անգլիական, Ոսկու շուկայով, «Լուսնայգով», Խանջյան փողոցի վերգետնյա անցումով, մեր տան բոլոր սենյակներով, մինչև Արմինեն ու Սուսան քույրիկը հասան։ Ոչ մի կերպ չէի արթնանում… Հետո՝ ժամը 7.30, պարզվեց, որ 30 րոպե ունեմ օրվա գրի համար… Ա՛յս գրի: Մի շնչով գրվեց, որ հևասպառ հասնեմ…

Շուշան Բլեյանը սեպտեմբերի 1-ի առավոտ կանուխ թռավ Երևանից… Պիտերով Վիեննա: Արդեն զանգել է ուսանողական հանրակացարանից. վերջ Շուշանի խելահեղ, իրեն բավարարում պարգևած երևանյան-հայաստանյան (թիֆլիսախառն) հուլիս-օգոստոսին… Շուշանը շատ գոհ էր, շատ կապված իր ծննդավայր Երևանին, և ես շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ ամառն այդպիսին դարձնելու համար, սիրելի սեբաստացիներ տարատարիք, որտեղ էլ որ էիք… Շուշանը, ինչպես բաց նյարդ ինձ համար… այ, կպա-զգացի-ձայնեցի՝ Շուշո՜…

Դավիթը, ես, Շուշանը մեկնումից առաջ, կեսգիշերին մոտ քայլեցինք Օղակաձև այգով… Ամբողջ օրը քույրերով-եղբայրներով, մեծով-պստիկով միասին էինք եղել Օհանավանքում, շնորհակալ եմ իմ Էմմա քրոջ՝ Հովհաննիսյան-Բլեյան ընտանիքին, Տաթև-Էդիտ տանդեմով մոբիլ հավաք կազմակերպեցին… Դավիթ Բլեյանն էլ Նազենի Հովհաննիսյան ավագի հետ ավանդական դարձող դրխկաց գամակից, ու դարձյալ անհետևանք…

Արմինեն թողեց դասվարական աշխատանքը՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը 1-3-րդ դասարաններում, և հիմա իր երազած մայրենիի ուսուցիչն է Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարաններում… 90-ին մոտ սովորողներ ունի Աիդա Պետրոսյանի, Մարիետ Սիմոնյանի, Սուսան Մարկոսյանի սանը…

Իմ բլոգը ևս ընդունարան չունի, փակ դռներ, հաղորդակցության խոչընդոտներ: Ես հեռախոսով՝ 094431099, թե՝ Մեդիակենտրոնի ֆիքսված 010747246 կապով, որևէ զանգ, էլեկտրոնային հաղորդագրություն իմ ֆեյսբուքյան էջին, բլոգին, թե [email protected] փոստին անպատասխան չեմ թողնում:

Այնպես չէ, որ ես նախօրոք գիտեմ իմ օրվա գրի բովանդակությունը, վերնագրից ելնելով՝ որոշել եմ կառուցվածքը, ըստ դրա նյութեր նախապատրաստել-հավաքել, մնում է այդ ամենը բերել հոդվածի… Երբեք։ Ես պատմում եմ։ Իսկ պատումի վերնագիրն էլ՝ վերջում, երբՍուսան Մարկոսյանի հետ, այ քեզ ընկերություն՝ իմ ու Սուսոյի ընկերությունը, անգամ Մարիետ Սիմոնյանը կարող է ու նախանձում է, խմբագրել-սրբագրել ենք գիրը, որոշել ֆեյսբուքյան, mskh-ի ու իմ բլոգի սեղմագրերը, ընտրել նկարները։ Որոշումներն իհարկե իմն են, բայց իմ անընդհատ զբաղվածությամբ, ես առավոտյան 8-ից երեկոյան 8-ը գործի մեջ եմ, որտեղ ինձ մասնավոր նախաձեռնությունների համար տրված են րոպեներ… Առանց Սուսանի նման հուսալի-բարեխիղճ-հմուտ-ընդունակ (բոլոր առումներով) ընկերոջ-գործընկերոջ բլոգապատման այս անընդհատությունը պահպանել չէր լինի։

Հեռահար ես աշխատում եմ իմ սիրելի Մարի Գաբանյանի՝ իմ արխիվի (դիվանի) ինքնակոչ ղեկավարի հետ։ Իմ սիրելի Մարի, ոնց ես դու ինձ հուզում, քույր իմ, ոնց եմ քեզ կարոտում… Եղբայրն եմ ես քո և պահանջում եմ՝ շուտ արի, էս գյոզալ գրադարանը քո ֆիզիկական ներկայությունը պիտի զգա… Ահա, տեսեք ինչ ժամանակին հայտնվեց «Հայոց աշխարհի սահման-գյուղերը՝ անառիկ բերդեր» հոդվածը։ Առա՞ջ եմ գնացել ես այս 24 տարում, թե՞… կառուցե՞լ եմ, թե՞…

Հիմա ես ունեմ երրորդ մշտական օգնական՝ իմ քույրիկ Սուսան Հովհաննիսյանը, ով «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի անգլիալեզու կայքի հետ անգլիալեզու-ռուսալեզու կդարձնի նաև իմ մանկավարժական բլոգը՝ որպես քույր-գործընկեր, կխմբագրի ու կսրբագրի…

Երեկ Միջին դպրոցի Արեգը՝ «Կարգին հաղորդման» կարգին Արեգը, ողջունեց ինձ պարոնով, հետո ուղղեց արագ.

– Ողջույն, տիար Բլեյան, կամ պարզապես Տիար…

– Երկուսն էլ կիրթ-ընդունելի դիմելաձևեր են, Արեգ ջան։

– Ոչ, Դուք մեր Տիարն եք։

Շնորհակալ եմ, եղբայր իմ։ Այնպես չէ, որ ես այս հավատարմություն-հարազատությունը չեմ նկատում, կամ կարիքը չունեմ։ Երեք անգամ ոչ կամ երիցս այո՝ ունեմ կարիքը, ու ավելի-ավելի շատ։ Ցավոք, թևակոխում ենք հասարակական կյանքի մի փուլ, որտեղ սպասվող դժվարությունների հաղթահարման գլխավոր ռեսուրսը մեր համերաշխությունն է ու անհատը՝ ընդունակ անհատի ստեղծականությունը. «մոբիլ և ստեղծական»-ը միայն բառեր չեն։

Օրագրի իմ զրուցակցին հիշեցրի, որ ես սրան՝ ինչպե՞ս և ինչու՞ սկսեցի զբաղվել կրթության գործով, անդրադարձել եմ «Անսովոր դպրոց սովորական մարդու համար» իմ գրում։ Ինչ պակաս է թվում, հաճույքով լրացնում եմ։

Իմ հայրական տանը ուսուցչական աշխատանքի կարևորությունն ու դրա նկատմամբ հարգանքը կոնկրետ անձնավորված ու երկարատև է եղել, իմ ծնունդից էլ առաջ: Շամխալբեկ, Սարիբեկ, Զալիբեկ, Բալաբեկ Բլեյան եղբայրներից իմ հայրբեկ Շամխալն ավագն է։ Զալիբեկը մինչև 1941թ. ՍՍՀՄ-ի կազմում համաշխարհային պատերազմ կանչվելը, ուր գնացել ու չի վերադարձել, անհայտ կորած է համարվում, ինչպես իր Սարիբեկ եղբայրը, հայտնի մանկավարժ է եղել Հրազդանում, Քաղսիում, Սոլակում, Բջնիում… Միշտ բացակա Զալիբեկը՝ իր նկարագրով, կոնկրետ ազդեցություն է ունեցել ինձ վրա, այնքա՜ն հաճախ ու մանրամասն են ներկայացվել նրա մանկավարժական գործունեությունը, մարդկային առավելությունները…

Նշանավոր Ռոզա հորաքույրս, ում ամուսին Վասիլը նույնպես պատերազմ գնաց ու չվերադարձավ, փառահեղ կին էր, ու ես նրան պարտական եմ. երկար ժամանակ դասվար աշխատած, աշխարհի ամենաուշադիր, խաղաղ, համբերատար կինն իմ ընտանեկան ուսուցիչն է եղել, ես բախտ եմ ունեցել հարևանությամբ, մի թաղում, երկու-երեք տասնյակ մետրի վրա ապրել իմ հորաքրոջ հետ (այ, հիմա կենդանացավ այդ համեստ, ինձ ձգող, հյուրընկալ տունը)…

Էմմա քույրս՝ անուշիկ, էությամբ ու գործունեությամբ ուսուցիչ, շատ նման է մեր բոլորի անզուգական հորաքրոջը… Էմմա քրոջս կարևորության, ազդեցության ու մեր կապի մասին ես գրել եմ ու իհարկե կգրեմ: Էմման, ի տարբերություն ավագ քույր Նեկտարի, ում աղջիկները՝ Զոյան ու Լիլիթը, ինձնից շուտ են ծնվել, ինձնից հինգ տարով էր մեծ, մենք միասին ենք եղել-ապրել անգամ իր ամուսնությունից, Սուսան անունով անդրանիկ աղջիկ ունենալուց հետո. բարյացակամ, անաձնական, ամենահաս ու անդադրում օգտակար քրոջս ազդեցությունը, ինչպես օդ, ինչպես միջավայր, ամենամեծ ուսուցիչն է: Ահա թե ինչու Սուսան, Էդիտ, Նազենի Հովհաննիսյանները, Նազենի կրտսեր Հովհաննիսյանն ինձ հարազատ են՝ որպես Էմմա կրտսեր քույրիկներ:

Բալաբեկ Բլեյան հորեղբայրս, եղբայրներից կրտսերը (դա նրան փրկեց ստալինյան աքսորից, պատերազմից) եղավ իր երեք եղբայրների ընտանիքների խնամակալը. խնամակալ-ուսուցիչ, սա ուրիշ ազդեցություն է, տպավորիչ, բարեկիրթ արտաքինով (վիդնի՝ կասեր մայրս), այնքա՜ն ազդեցիկ մինչև իր մահը՝ 2000թ. (ես բանտում էի), որ մայրս էր անգամ հնազանդվում նրան… «Հորեղբայր» կոչումով, երկարատև ու հայտնի տնօրեն, միշտ ներկա… Իմ մանկության օրերին ամենաշատն ազդվել եմ Բալաբեկի ու Շամխալբեկի զրույցներից, Բալաբեկի լռությունից… «Հա, Շամխալ»… դադար… «Հա, Շամխալ»,- գլխով է անում… հայրս՝ պատկառազդու, թելադրում է, որպես ավագ, նա ակնածանքով արձագանքում է… Այսպես՝ մեկ ժամ, երկու ժամ…

Երբ ավարտում էի դպրոցը, Էմման մտածում էր, որ ես կգնամ համալսարանի բանասիրական. Տերյանի անվան իմ դպրոցում ես հայտնի էի իմ գրական-լեզվական դրսևորումներով։ Ավագ հարսս՝ ազդեցիկ Ռոզալիան, շատ էր ուզում, որ ես բժիշկ դառնամ. չլինելու բան էր, ես հիմա էլ չեմ ընկալում մարդ բուժելու մասնագիտությունը, դրա որոշում ընդունող պատասխանատվությունը, ինչպես… վարորդը, ես մեքենա, գիտեք, չեմ վարում, այն մտքից, որ ես կարող եմ մարդուն ֆիզիկապես վնասել… ինչպես ֆիզիկական կռվի ժամանակ…

Ֆիզիկան արվեստի ու մաթեմատիկայի սահմանին է. այսօր էլ ես գործում-մտածում եմ իբրև ֆիզիկոս… Փորձ ու երևակայություն, երազ ու իրոք, մի՞թե նույնը չեն:

Երևանի պետական համլսարանի ֆիզիկայի ֆակուլտետն իմ կրթական միջավայրը եղավ… Այնքան ընդունակ ուսանողներ, բազմազան մարդիկ, դասախոսներ, գիտնականներ կային, ազատություն, արդարություն կար մեր ֆակուլտետում, իհարկե… Եվ գլխավորը՝ հետաքրիր էր: Ես միանգամից աչքի ընկա շինջոկատներում, և ինձ ընտրեցին 200 հոգիանոց կուրսի կոմերիտական կազմակերպության քարտուղար։ Ժամանակը, Երևանի պետական համալսարանը լիդերների, նոր գործիչների հասարակական պահանջ ունեին երևի, ու ես ենթարկվեցի այդ պահանջին… Երրորդ-չորորդ կուրսերում համալսարանի կոմերիտական կազմակերպության կոմիտեի անդամ էի, նախաձեռնեցի ու ղեկավարեցի շեֆական աշխատանքների համալսարանական «Ջահ» ակումբը… Շատ-շատ ջանքեր էի գործադրում, որ համալսարանի ուսանողներով-դասախոսներով փոխենք հանրապետության դպրոցների կյանքը, օգնենք ուսումնատենչ ու կարիքի մեջ գտնվող երեխաներին…

1978թ., երբ ես ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Յուրա Վարդանյանի (մարդ, ում միշտ երախտագիտությամբ եմ հիշում) օգնականն էի ուսանողության հարցերով, անհնար դարձավ իմ աշխատանքը համալսարանում, որևէ կարգավիճակով…Հետադիմությունը հաղթանակել էր համալսարանում վերջնականապես… Հարգելի պրոֆեսորը խորհուրդ տվեց.

– Դու միշտ մարդու առաջադիմության մասին ես մտածում, գործի դժվարություններն ու հաստատությունների հեղինակությունը քեզ ետ չի պահում, դու կրթության մեջ ռեֆորմներ կանես, Աշո´տ, ընդունիր Մյասնիկյանի կուսշրջկոմի առաջարկն ու գնա դպրոց, սա նոր մեկնարկ է,- ահա սա, համարյա բառացի, փոխանցեց իմ հարգելի ավագ ընկերը, ով իմ կյանքի ամենադժվար մի պահի եղավ իմ կողքին… Շատ կարևոր է, որ մարդ վճռական պահին ունենա այդպիսի մեկը… Աշխարհում (համալսարանն իրական Հայաստանն էր, նրա կենտրոններից մեկը) ես հերոսից, ում ճանաչում և ում ետևից գնում էին շատերը, դարձա հակահերոս… Եվ ես, որպես ռեժիմի աքսորավայր, մտա դպրոց, Երևանի 26 կոմիսարների անվան թվով 10-րդ դպրոցը, Չարենցի փողոցի գրավիչ սպիտակ արտաքինով այդ շենքը, որպես փոխտնօրեն-կազմակերպիչ, որտեղ ես անցկացրի անկումներով և վերելքներով յոթ տարիներ… Կարդալս եկավ…

Ե՛ս եմ հիմա – մի պոետ․ և իմ անունը – Չարենց –
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:

Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՛:

Շարունակեմ ընդհատված էքսկուրսը։ Ամենադժվարը և ամենավերջում՝ 1994թ. կրթահամալիրին տրվեց նախկին «Մեխակ» ռեստորանի շենքը՝ այսօրվա մեր Մեդիակենտրոնը, Կենտրոնը… Սա իհարկե, այն եզակի դեպքերից է Երրորդ հանրապետության պատմության մեջ, մայրաքաղաքում, երբ ուտուշ-խմուշի օբյեկտը, այն էլ՝ կենտրոնական՝ Րաֆֆու պողոտայում, վերածվում է կրթականի։ Այն սկզբում գործեց որպես Շախմատի դպրոց։ Հիմա հետաքրքիր, շարունակ ավելի ու ավելի հետաքրքիր կենտրոն է՝ աստղացուցարանով, համերգային-թատերական դահլիճով, շախմատի ակումբով, հեռուստատաղավարով, իսկական կենտրոն՝ փորձարարական-հետազոտական միավորման համար… Այստեղ է իմ, իմ աշխատակազմի գրասենյակը… Գիտե՞ք՝ ես օրը քանի՜ կիլոմետր եմ անցնում ոտքով… Հատկապես Կենտրոն-Գեղարվեստ-Մայր դպրոց կամ Կենտրոն-Գեղարվեստ-Նոր դպրոց-Մայր դպրոց, կա և Կենտրոն-Գեղարվեստ-Արհեստներ-Նոր դպրոց- Մայր դպրոց-Դպրոց-պարտեզ երթուղին…

– Դե, Դուք ուրիշ եք,- սկսեցի՜ն…- Ձեզնից մի հատ կա…

Չեմ լսում, ավելին, զայրացնում է: Ես հազարավոր սեբաստացիներից մեկն եմ, ով մյուս տարի 60 տարեկան է դառնում: Այո, շատ չեն իմ տարիքում մեր կրթահամալիրում: Ինձնից մեծ Աշոտ Տիգրանյանն է, Գրիգոր Խաչատրյանը, Ռուդիկ Սահակյանցը, Յուրա Գանջալյանը, Հայկազ Մարգարյանը, Գևորգ Հակոբյանը և վերջ: Տարիքը ի՞նչ կապ ունի. ծերանալ չկա։ Ծերացողը-ծերացածը թողնում է կրթահամալիրը։

1985-1988թթ. մենք, կանխատեսելով-տեսնելով 183 դպրոցի աշակերտության արագ աճը, ստանդարտ-հայտնի լուծումների գնացինք, հասանք նրան, որ թիվ 183 դպրոցի մասնաշենքերի կառուցման որոշում կայացվի, ավելին, Միջին դպրոցի և Վարժարանի երկհարկանի մասնաշենքերի կցակառույցները (դեպի 181 դպրոց) ոչ միայն նախագծվեցին, այլև փորեցին դրանց հիմքերը… Սկզբում՝ երկրաշարժը 1988-ի, հետո բուռն զարգացող Արցախյան շարժումը, Խորհրդային պետության փլուզումը խանգարեցինք շինարարությունը սկսելուն։ Երբ 2001-ին ես վերադարձա երկամյա «գործուղումից», իմ առաջին գործը եղավ այդ հսկա-վտանգավոր փոս-հիմքերի ծածկումը… Իմ նախաձեռնությունից-հետևողականությունից է ծնվել այն այգին, որ մենք ունենք թ. 181 դպրոցի և մեր Մայր դպրոցի ընդհանուր հրապարակում (ի դեպ, մեր կաթսայատան օրինակով, ինչո՞ւ նույնը չանենք թիվ 181 դպրոցի՝ այդ պարտեզում տնկված-անդուր կաթսայատան հետ, սիրելի Կայ ու Արա Թարզյան, Գեղարվեստի հմուտ ձևավորողներ): Շնորհակալ եմ Մալաթիա-Սեբաստիայի այն ժամանակվա թաղապետ Աղվան Գրիգորյանին՝ իսկական անփոխարինելի նվեր էր ինձ պարտեզի կառուցումը, տարածքի բարեկարգումը… Բ1-Բ4 վերգետնյա անցումն էլ տարիների իմ համառ հետապնդան արդյունքն է։ Շնորհակալ եմ այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, որ ընդառաջ գնաց ինձ։

1987-ին մեզ հաջողվել էր Բաբաջանյանի պողոտայի երկայնքով ձգվող ԽՄԿԿ չգիտեմ որ համագումարի անվան նախկին սովխոզի տարածքից շինարարության համար մեծ հողակտոր վերցնել «Սուրբ Մարիամ Աստվածածին» ծննդատան հարևանությամբ, մոտավորապես այն տեղում, որտեղ կառուցվեց (ավարտվե՞ց) Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրը… Նախագիծն էլ ունեցանք նոր ուսումնական հաստատության… Բայց… Բանգլադեշի դուզի վրա որոշում կայացվեց կառուցել կրթահամալիրի ծածկած լողավազանը… Էլի բուն կառուցմանը գործը չհասավ… Կրթահամալիրը զարգացավ համայնքային լքված-չօգտագործվող մանկապերտեզային շենքերի վերափոխման ճանապարհով, ի՛նձ համար նախ և առաջ դժվար ուղիով… Բայց այսպես պիտի կանգնի նոր Երևանը, Հայաստանը, ոչ թե կառուցելով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա։ Հիմա վերցրեք ու հաշվեք, թե քանի հա վարելահող հիշատակածս նախկին խորհրդային տնտեսությունից վերացավ-մնաց շինարարական կառույցի տակ… Ավելի հեշտ է հաշվել, թե քանի հա է դեռ մնացել, ու ինչպիսի ախորժակով կրճտացնում են ատամները՝ որպես գիշատիչներ…

1988թ. փետրվարյան արցախյան շարժումով մենք ոչ թե սկսեցինք ապրել ուրիշ հասարակությունում, այլ տեսանք՝ ինչ ասել է հասարակություն, հասարակական շարժում… Ամեն ինչ, անգամ անսասան թվացող բոլշևիկյան ռեժիմը, սկսեց ցնցվել… Բնական է, որ մինչ արցախյան շարժումն արդեն հայտնի Աշոտների դպրոցը հայտնվեց շարժման, բուռն զարգացող իրադարձությունների առաջին գծում: Շարժումն Աշոտ Մանուչարյանին տարավ Թատերական հրապարակ, մեր հայտնի տրիբունին դարձրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ դարձավ նաև հասարակագիտության-պատմության մեր ուսուցիչ Սամսոն Ղազարյանը, շարժմանը՝ որպես աշխատանք, նվիրվեց մեր Հրայր Ուլուբաբյանը: Դպրոցն օգնում էր առաջին միտինգների կազմակերպմանն ամեն ինչով՝ կապի տեխնիկական միջոցներով, տեխնիկ-մասնագետներով… Աշոտ Դաբաղյանը, ով իր կյանքը 1980-ից սկսած անբաժան էր դարձրել Աշոտ Մանուչարյանից, այս վտանգավոր-հարափոփոխ շրջանում, իհարկե, Աշոտ Մանուչարյանի կողքին էր, թեև ոչ օպերային հրապարակի հարթակի վրա… Այդպես գաղտնի կապավորներ էին տասնյակ ուսուցիչ-ուսուցչուհիներ՝ Ալիկը, Ժաննան, Սերգեյը, Տիգրանը… Շահումյանի կուսշրջկոմն իր եռանդուն առաջին քարտուղարով (Ռուբեն Թովմասյան), որ իր ու իմ նշանակման (1985թ.) առաջին օրվանից հայտնել էր, որ ինձ հաճույքով ազատելու է աշխատանքից, զանգում-այցելում էր ամեն օր…

– Ճի՞շտ է, որ Աշոտ Մանուչարյանն աշխատանքի չի գալիս…

– Ի՜նչ եք ասում, քիչ առաջ միջոցառում էր անցկացնում պատանիների հետ, մենք ինչպե՞ս կարող ենք առանց Մանուչարյանի…

Քիչ հետո՝ այլ զանգ…

– Ճի՞շտ է, որ Սամսոն Ղազարյանը…

– Այո, Սամսոնը մեր ամենաբարեխիղճ ուսուցիչն է, միշտ սովորողների կողքին…

Մինչ շարժումն արդեն դպրոցում խորհրդային շրջանի՝ օրորոցից դաստիարակչական կազմակերպական կառույցը՝ 6-9 տարեկան՝ հոկտեմբերիկ, 10-14 տարեկան՝ պիոներ, 14 և ավելի՝ կոմերիտական, փոխարինված էր աշակերտական ինքնավարությամբ, սովորողների ակումբներով… Ռուբեն Թովմասյանի հետևողական հարցերի շարանին՝ լավ, բա,ընկեր Բլեյան, էս ո՞ւր են ձեր հոկտեմբերիկներն իրենց նշաններով, ո՞ւր են նրանց կրծքանշանները…

– Սեպտեմբերին մեր երեխաները կոչվում են սեպտեմբերիկներ, հոկտեմբերին՝ հոկտեմբերիկներ, դե, իսկ դեկտեմբերին՝ դեկտեմբերիկներ…

Իսկ 1988-ին՝ երթեր, ցույցեր, դասադուլ-գործադուլներ, և պետք էր ոչ միայն զբաղվել մանկավարժությամբ, այլև փոփոխությունների այս շրջանում զարգացնել այն. հատկապես, որ մենք լեցուն էինք դպրոցի զարգացման գաղափարներով… Աշոտներով հստակ պայմանավորվեցինք, որ ես մնում եմ դպրոցում, որ ես կրում եմ անձնական պատասխանատվություն՝ դպրոցը ոչ միայն չկորցնելու, այլև զարգացնելու համար, իսկ Մանուչարյանն ու Դաբաղյանն ազատ են իրենց գործողություններում՝ շարունակելով, իհարկե, պաշտոնավարել դպրոցում… Համերաշխությունը միշտ էլ բնորոշ է եղել դպրոցին-կրթահամալիրին և´1988-1990-ին, և´ 1998-2001-ին՝ մեր քրեական հետապնդման շրջանում, հասարակական կարևորություն է ձեռք բերել, այնպես, որ այլք տեսել-գնահատել են մեր համերաշխությունը…

Ղարաբաղյան շարժումն ուներ վերելքի (հեշտ էր, վայելք էր) և նահանջի (հետապնդումների, վտանգի շրջան) փուլեր… Իսկ կուսշրջկոմ-կուսքաղկոմ-կենտկոմը՝ իր ԿԳԲ-ով (ԱԱԿ) կար, և պետք է կարողանայինք պաշտպանել դպրոցը… Հիշո՞ւմ եք՝ ինչպես նստացույց արեց հենց Մայր դպրոցի կենտրոնում Աշոտ Դաբաղյանը՝ իր անհամաձայնությունն արտահայտելով շարժման հետ կապված մեր պահվածքին… Հետո հայտարարեց… հացադուլի մասին… Մայր դպրոցում, օրը ցերեկով… երեխաների և ուսուցիչների հետ:

Ամենադժվար փուլ կամ շրջան եմ մտնում՝ իմ բլոգապատումով Արցախյան շարժումից հետո պատմելով Հայաստանի Հանրապետության ծնունդի-կայացման մասին, հայ-ադրբեջանական շարունակվող հակամարտության մասին: Ուրիշ է, երբ ես պատմում եմ իմ, իմ ընտանիքի, Դավթի կամ Շուշանի, իմ կրթահամալիրի ու այն ստեղծած-գործող ընկերների մասին… Պուպուշ չեմ եղել ու չեմ ուզում երևալ, որպես Շարժման, Երրորդ հանրապետության ստեղծման ակունքների մոտ կանգնած համեստ մի գոյ: Երբե´ք: Չեմ ուզում մոռանալ ու վիրավորել որևէ մեկին, չեմ ուզում ռետուշ անել իրադարձությունները… Մխիթարեմ ինձ նրանով, որ շատերը պարզապես չեն կարդա, ներողամիտ կլինեն… Իմացե´ք, որ ես թանկ եմ գնահատում մեր համատեղ կյանքը՝ հավատարիմ իմ ու ձեր ապրածին… Զրույց է, անում ենք:

Երեքով՝ ես, Արմինեն ու Դավիթն առավոտյան դուրս ենք գալիս տանից միշտ նույն ժամին. տանը հո մենակ չի՞ մնա, չի ուզում, ուզում է մեզ հետ գա՝ առույգ, հետաքրիր, սպասումներով, ինչպես առավոտը…
Այնպես ստացվեց, որ 14.30 միասին ենք. ես իջնում եմ Արմենիա TV, «Մարդկային գործոն» հաղորդման (ո՜նց մերժես իմ ու Դավթի քույրիկ Նազենիին), Դավիթը գոռոցով շարունակում է ճանապարհը մայրիկի հետ…

1988-ը սկսվեց Արցախյան շարժումով, որ ընդունված է ազգային վերածնունդ համարել։ Իսկ ահա տարին փակող երկրորդ շարժումը իսկական աղետ եղավ։ Դեկտեմբերի 7-ին թիվ 183 դպրոցի շենքում (այսօր կրթահամալիրի Մայր դպրոց, Բաբաջանյան 25 հասցեում), ժամը 12.00-ին մոտ այսօրվա «Գիտակների» ակումբի, Վահրամ Թոքմաջյանիհասարակագիտության կաբինետի տարածքում քննարկում էր. ցնցում եղավ… Քիչ անց բոլորս շենքի հրապարակում էինք, չէի ասի՝ ահաբեկված-անհանգստացած: Մենք չէինք կարող պատկերացնել, որ ճիշտ նույն պահին փլատակների տակ է հայտնվել մի ողջ տարածաշրջան… Այսպես եղավ Սպիտակի երկրաշարժը՝ ինձ համար, որպես ականատես:

Երեկոյան Սամսոն Ղազարյանի ուղեկցությամբ գնացինք նույն օրը «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնած՝ երկրաշարժի հետևանքների վերացման շտաբ, որը տեղավորվել էր Հայաստանի գրողների միության շենքում, «Ղարաբաղ» կոմիտեի հայտնի շտաբից (Բաղրամյան 14, այժմ Հայաստանում Սիրիայի դեսպանատան շենքը) ոչ հեռու… «Ղարաբաղ» կոմիտեի իմ ընկերներն ինձ առաջարկեցին Սամսոն Ղազարյանի հետ, դպրոցի տղաների մի մեծ խմբով մեկնել Գյումրի…

Հիմա ժամը 06.00 է, ու ես փշաքաղվեցի… Ես առանց մղձավանջի չեմ կարող հիշել-պատմել Գյումրիում անցկացրած օրերի մասին. ձեր թույլտվությամբ արագ պատմեմ ու անցնեմ։ Գյումրիում որոշեցինք, որ բոլորը կվերադառնան, իսկ մի խումբ՝ իմ ղեկավարությամբ, կմնա՝ մեր Գևորգ Հակոբյանը, Կարո Սիմիդյանը, Աբրահամ Հովհաննիսյանը (մեր Անիի ու Անդոկի հայրիկը, այդ շրջանում մեր փոխտնօրենը)։ Սոդոմ-Գոմորը, ընթերցող, ոչ միայն տեսանք, մենք այդ Սոդոմ-Գոմորում ապրեցինք յոթ երկար, ցերեկն ու գիշերը ջնջված մի ընթացք… Իմ, Գևորգի, Կարոյի՝ ուսանողական շինարարական ջոկատներում, Աբրահամի՝ խոպանում ստացած կոփվածքը, արտակարգ իրավիճակներում գործելու կարողությունները դրսևորեցինք ամբողջությամբ: Սևակն է ասում՝ լավ է այնտեղ, որտեղ մենք պարտավոր ենք լինել ու կանք: Գևորգ, Կարո, Աբրահամ, եղբայրնե՛ր, մենք պարտավոր էինք լինել Գյումրիում, եղանք ու գտանք օգտակար լինելու հնար: Հեշտ չէր այդ օրերին Գյումրիում օգտակար լինելու միջոցներ գտնել. կարող էիր ողբասաց լինել, որի կարիքն ամենևին չուներ երկրաշարժի գոտին, կարող էիր բեռ լինել, հոգս, նկարվել, գրել… Մենք ոչ միայն այդ օրերի արխիվ չունենք, մենք հիմա էլ առանց անհրաժեշտության չենք խոսում այդ օրերի մասին…

Գյումրիում հենց առաջին օրը պատահաբար հանդիպեցի իմ կոմերիտական-ուսանողական շրջանի ընկեր Հայկին՝ Հայկ Քոթանջյանին, ՀԼԿԵՄ կենտկոմի 1-ին քարտուղարին, հետո կուսակցական գործիչ, Աֆղանստանի պատերազմի մասնակից, ռազմական դիվանագետ, այժմ ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) հիմնադիր պետ: Հայկն ուրախացավ՝ մեր մարտունակ խումբը տեսնելով, ու որոշվեց զբաղվել մարդկանց էվակուացիայի կազմակերպմամբ… Պետք էր ժամ առաջ բնակության համար վտանգավոր դարձած կացարաններից, տուն-տեղ-հարազատ կորցրած, շվարած, մեծ թվով կանանց, երեխաների, ծերերի կազմակերպված, ավտոբուսներով դուրս բերել Գյումրիից և ճանապարհել Հայաստանի՝ երկրաշարժից չտուժած վայրեր… Փախեփախ, հրմշտոց, հարազատի կորստի ողբ. ո՞վ էր ում ճանաչում…

Մեր ստեղծած բարձրախոսով հարթակը, մեր գործը, անընդհատ մարդկանց հետ լինելը, իմ ձայնը քանի օր, քանի՜ ժամ հույս, վստահություն, ճանապարհ ցույց տվեցին հարյուրավոր մարդկանց… Հոգնել չէր կարելի, լռել-խռպոտել, նեղանալ չէր կարելի. տոկուն, հարգանքի, խորը հարգանքի արժանի համերաշխություն-եղբայրություն դրսևորեցինք մենք… Չեմ ուզում շարունակել… Մի ծերունի, որ նստել էր ավտոբուս, ստիպեց, որ ավտոբուսը կանգնի, դժվարությամբ իջավ, մոտեցավ ինձ և իմ կաշվե բաճկոնի մեջ մի բան խցկեց… Ես բարձունքից խոսում էի, հրահանգում, ցուցակներ կարդում… Հետո պարզվեց, որ նարինջով է արտահայտել գյումրեցի հայրիկն իր շնորհակալությունը…

Վառելիքը, որ գրամներով էր բաշխվում Գյումրիում, մենք էինք բաժանում մարդկանց տեղափոխող ավտոբուսներին… Եվ ահա, արյունն աչքերին, կրակվառիչը ձեռքին՝ ցիստերնին է մոտենում ամեն ինչի ընդունակ մեկը… Կա՛ց, եղբայր, ու տղամարդը հնազանդվեց, փաթաթվեց, հեկեկացինք միասին՝ Եղբայր ենք մենք: Դագաղներ էին շարված քաղաքում՝ աջ ու ձախ արագ սարքված դագաղներ… հարյուրավոր սև, միանման դագաղներ… «Լենինական» հյուրանոցի կիսաքանդ շենքում էր տեղավորված մեր շտաբը. աչքերս կպցրել-արթնացել ենք ու տեսնում ենք՝ դագաղների կափարիչները բացվում են, մարդիկ են դուրս գալիս… Պատսպարվելու ավելի հարմար ձև, երևի, չէին գտել քաղաքում…

Մեր դպրոցի վարչական մասնաշենքն էլ, որ հիմա կոչում ենք «Սեբաստիա» մարզամշակութային կենտրոն (Մայր դպրոցի երեք թևերից կենտրոնականը) լուրջ վնասվել էր երկրաշարժից… Հետո, շաբաթներ, թե ամիսներ հետո, մեզ առաջարկվում էր ազատել շենքը՝ մի թանկարժեք նախագծով ուժեղացման-վերակառուցման համար: Ես չհամաձայնեցի և կեցցե՛մ ես: Հայտնի չէր, որ գնայինք այդ անմիտ ճանապարհով, կլինե՞ր այսօրվա կրթահամալիրն արդյոք… Գտնվեց մի ինժեներ-կոնստրուկտոր, խելացի ու լուրջ մասնագետ, որն ինձ առաջարկեց պարզ-հուսալի-արագ լուծում՝ շենքը ուժեղացնել ընդամենը 1989-ի ամռան արձակուրդի մեկ-երկու ամսում, ամենահամեստ միջոցներով… 1989-ի սեպտեմբերի 1-ին դպրոցի շենքի կենտրոնի 1-ին, 2-րդ հարկերում մեզ դիմավորեցին այսօր արդեն սովորական դարձած կամարները: Այսօր քչերը գիտեն, որ դրանք հիմքից մետաղաբետոնյա կարկասներ են… Ինձ հարցնում են՝ ի՞նչը չես քանդելու, ի՞նչն է կանգուն մնալու կրթահամալիրում: Ահա այս ու միայն այս կամարները հաստատուն են, մեր կրթահամալիրի հիմքում են, ինչպես մեր մանկավարժության սկզբունքները՝ ստեղծական, մոբիլ ու անընդհատ…

Մենք բուռն քննարկում էինք Արմինեի հետ ստեղծված՝ մանկավարժության մեջ ստանդարտ, մեզ համար արտակարգ վիճակը: Օգնե՛ք մեզ, ընկեր Կարինե ու Մելինե, թող տիկին Աիդան ու Աստված ձեզ օգնեն…

Շուշանը (ի՜նչ շողշողուն, երգեցիկ էր եթերում) փութաջան պատրաստվում է դեսպանատան տոնական համերգին. բանից պարզվում է՝ դա 15 րոպեանոց լուրջ մենահամերգ է. տեսե՜ք, տեսե՜ք…

Այս օրերին իմ ընտանիքը ձեր զորակցությունն ունեցավ՝ զուսպ, առանց ցուցադրելու, պատշաճ, ես և Արմինեն, Դավիթը Բլեյան, Ռուզանը և Վահրամը… Այսպիսին է կյանքը. խառնվեցին իրար ծննդյան շնորհավորանք ու ցավակցություն… Անցավ… Ինչ բառ է, է՜, «անցավ», ան-ցավ: Իսկ «անցուկը մոռցուկ կըլլա»: Ես առօրյա ուշադրության, առօրյա խնամքի ու հոգատար վերաբերմունքի կոչ եմ անում. մահ չկա, կա մոռացում, յուրաքանչյուրն ապրում է այնքան, որքան նրան հիշում է, նրան կրում, նրան շնորհակալ լինում, նրա հետ շարունակում իր խոսակցությունը ապրողը… Ես իմ հոր, մոր, Էմմա քրոջ, իմ ավագ եղբայր Էդուարդ-Յուրայի հետ շարունակում եմ խոսել, ես ապրում եմ նրանց հետ, կամ նաև շնորհիվ նրանց… Մահս որն է՞… Ծեսով ճանապարհում են. ծեսը մտածված է որպես մխիթարանք… Կա գլխավորը՝ ապրելը, որպես մի ընթացք…

– Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

Ես խեղճերից չեմ, ամեն անգամ լուծում գտնում եմ կոնկրետ առաջացած խնդրի, բայց ավելի ու ավելի շատ ժամանակ ու ջանք եմ հատկացնում ոչ մանկավարժական խնդիրների լուծմանը… Իսկ իմ պնդումը՝ մանկավարժությամբ զբաղվելը, կոչ էլ կմնա, եթե նախ և առաջ ինձ չի վերաբերում: Ինձ գովել պետք չէ, զայրացնում է. երբ ես կոնկրետ օգնության դպրոցական կարիքով դիմում եմ՝ արձագանքեք:

Ես, գիտեք, տրտնջացող չեմ, և իմ ուժը բավարար է, մի բան էլ ավելի… Հենց չբավարարի, վայր կդնեմ կրթական համայնքի առաջ իմ լիազորությունները. ես բարձր եմ գնահատում կրթահամալիրի տնօրենի պաշտոնը, բայց պաշտոնը չէ, որ պիտի ինձ զարդարի, ես շարունակ ավելի բարձր կլինեմ, քան իմ զբաղեցրած պաշտոնը՝ ԳԽ պատգամավորի, փոխքաղաքապետի թե նախարարի: Ես երբեք չեմ լինի Թումանյանի ասած պաշտոն կպցրած՝ «օխտը կորցրածի մեկը»…

Կարիերայի մասին. կա վեր, կա խորը… Ես ընտրել եմ, եթե անգամ վեր բարձրանալ, ապա խորը գնալու ճանապարհը… Սրա համար, երբ մանկավարժությամբ, հեղինակային կրթությամբ պիտի զբաղվես, սիրելի սեբաստացիներ, հարգելի գործընկերներ՝ նվիրումն անհրաժեշտ է բոլոր դեպքերում: Կրթահամալիրը հիմնած-ստեղծած ավագ սերունդը (Սուսան Մարկոսյան, Գևորգ Հակոբյան, Աիդա Պետրոսյան, Մարիետ Սիմոնյան, Նառա Նիկողոսյան, Աշոտ Տիգրանյան…) այս 25 տարիների ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բայց նրա դիրքն անսասան է մնացել՝ իր կրթահամալիրը, իր մանկավարժությունը, ու նրան անմնացորդ նվիրումը… Առանց այսպիսի դիրքի կրթահամալիրը ցաքուցրիվ կլիներ… Մեր նոր սերնդի մեջ էլ կան այս դիրքով տասնյակ մարդիկ՝ իր կրթահամալիրը, իր մանկավարժությունը ու նվիրումը գործին… Առանց այս խմբի, այս կյանքի, այս հավեսի կրթահամալիրն այլ կլիներ…
Ես հավակնություն ճանաչող ղեկավար եմ, ավելին՝ հավակնություններ ներկայացնող (նայեք իմ կենսագրությունը՝ 1998-ին ես հավակնել եմ ՀՀ նախագահի պաշտոնին), էլ ավելին՝ փնտրում եմ հավակնոտ անձանց, պայմանով, որ հիմնավորում-օրինականացնում ես հավակնություններդ քո նվիրական աշխատանքով…

Այսպիսի հարց տարբեր ձևակերպումներով և առիթներով, ինչպես այսօր ստեպ-ստեպ (ի՞նչ ասել է ստեպ-ստեպ, Սուսան Մարկոսյան) հնչում է.

– Կա՞ բան, որ տարիների հեռվից ասում ես՝ այսօր ես դա չէի անի…

Ամեն անգամ բանավոր մի պատմություն եմ անում, որով սկսում եմ իմ օրվա՝ թվով 84-րդ գիրը: Հետևե´ք ինձ իմ բլոգապատումի օրագրում. չե՞ք մոռացել՝ ես այն սկսել եմ կրթահամալիրի տնօրենի բլոգում 2014 թ.հունիսի 17-ին: Երևանի 26 կոմիսարների անվան թ. 10 դպրոց (Չարենցի 75 հասցեում այսօր էլ գործում է, որպես Խրիմյան Հայրիկի անվան հիմնական դպրոց) ես աքսորվեցի Երևանի պետական համալսարանից 1978թ. վերջին: Ծերացած-ծերացող դպրոց էր (չեմ ուզում որևէ մեկին վիրավորել), որ կռիվ էր տալիս ամեն մի աշակերտի համար. երկու կանգառ վերև բազմել էր բարձունքում Ձերժինսկու անվան ռուսերեն ուսուցմամբ դպրոցը (այժմ Ջոն Կիրակոսյանիանվան թիվ 20 հիմնական դպրոց), որը խժռում էր Այգեստան կոչվող թաղամասի դպրոցահասակ երեխաներին ու մեծանում-մեծանում…

Դպրոցի չորս պատերը և նրանց ներսում ծավալվող գլխավոր իրադարձությունը՝ ժամակռիվը՝ դրան ուղեկցող կնիկական ասեկոսեով, պետք էր հաղթահարել, իմը չէր֊։ Ու ես նախաձեռնեցի այն ժամանակի հայաստանյան իրականության մեջ ամենաազգայնական կրթական ծրագիրը՝ հայագիտական խորացված ուսուցմամբ ավագ՝ 9-րդ, 10-րդ դասարաններ: Հայաստանի, Արցախի, Ջավախքի տասնյակ ուսումնատենչ դեռահաս-պատանիներ արձագանքեցին ՀՀ գրողների միության հովանու ներքո ծավալվող հեռանկարային-վտանգավոր կրթական այս նախաձեռնությանը… Երախտահիշատակ Վարդգես Պետրոսյանը Հայաստանի գրողների միության վարչության ազդեցիկ նախագահն էր, Հայաստանի կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղարի՝ 1974-1989 թթ Հայաստանի «թագավոր» Կարեն Դեմիրճյանի դասընկերն էր. մեր դպրոցի շրջանավարտներն էին: Մեր դպրոցի շրջանավարտն էր նաև ՀԽՍՀ՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ֆելիքս Պետրոսյանը…

Ես, որ կլանում էի հայագիտության, մանկավարժության, հայ մանկավարժության նորանոր էջեր՝ տարվեցի հայագիտությունը (գրաբար, արևմտահայերեն, Նոր Կտակարան, հոգևոր երաժշտություն, մատենագրություն, հայրենագիտություն-ազգագրություն-բանահյուսություն, ժողովրդական մշակույթ-արհեստներ, ազգային ծեսեր…) հանրակրթություն բերելու գաղափարով, կարողացա ոգևորել դրանով Վարդգես Պետրոսյանին ու տասնյակ հայագետների… Հարկ եղավ ապավինել նաև մեր դպրոցի ստեղծման պատմությանը. դպրոցն այդ շրջանում դառնում էր 75 տարեկան, գործել սկսել էր Երևանի Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից 1906-ին… Կարեն Դեմիրճյանի անվան հետ կապվող դպրոցը պատրաստվում էր նշել իր 75 ամյակը… Հիշեցնեմ, որ ես ընդամենը դպրոցի փոխտնօրեն-կազմակերպիչն էի, «բունտարարի» խարանով, կուսակցական նկատողությամբ, Մյասնիկյանի կուսշրջկոմի սևեռուն ուշադրության ներքո… Դպրոցի տնօրեն, հայերենի երկարամյա ուսուցիչ տիկին Մարջանյան-Հովհաննիսյանը բաց չթողեց ազնվականության-արքունիքի մերձավոր շրջապատին մոտ լինելու, տարբեր ձևերով, միջոցառումներով լայն հասարակությանը նշանակալի երևալու հնարավորությունը… Ինձ չէր խանգարում այնքան ժամանակ, քանի դեռ վերադասի հանձնարարությունը չեղավ։ Դա արդեն 1985-ն էր, և ես ստիպված էի թողնել իմ սաներին, իմ՝ վերելքի մեջ գտնվող հայտնի դպրոցը։ Ես համակված էի երկու գաղափարով՝ մանկավարժությամբ և հայագիտությամբ. խորացած կարդում էի, անդիմադիր գործում-նվաճում:

Մինչև 2015թ. սեպտեմբերի 4-ը պատմելու եմ իմ կյանքը՝ որպես հեքիաթ, և հայտնի հեքիաթասացի նման (մինչև վերջ հո չե՞մ պատմելու) ահա ընդհատում եմ այն. հետևեք իմ բլոգապատմանն անընդհատ:

Խնդրեմ. ես ու Արմինեն առավոտյան ժամը 8.45 պիտի լինենք Բանգլադեշի նշանավոր վերգետնյա անցման մոտ, իսկ Դավիթ Համառը ժամը 8.00 դեռ քնած է Մսրա-Մելիքի էպոսային քնով…

Խոստովանում եմ, որ այս օրերին ես մտքով Սևանում եմ՝ Դրախտիկում, «Ժայռ» հանգստյան գոտում. Սևանա ծովն ինձ կանչում է այս եղանակին. խաղա՜ղ, ես ուզում եմ թափառել նրա ափերով… Ես չեմ կարող երկար խռոված-անհաշտ լինել անզուգական գեղեցկուհու հետ…

Շարունակեմ երեկվա հեքիաթ-պատումը։

Ինքնակրթությունը և մասնագիտական միջավայրը հայագիտության իմ ուսուցիչները եղան 1979-1985 տարիներին. ես ջանասեր-ոգևորված սովորում էի: Թ. 10 դպրոցում Վարդգես Պետրոսյանի աջակցությամբ ստեղծված հայագիտության խորացված ուսուցման դասարանների համար հայագիտական հանրակրթական ծրագրերի կազմումը, դրանց դասավանդման համար մասնագետների որոնումը, մասնագիտացված միջավայրում (գիտահետազոտական կենտրոններ, թանգարաններ) հայագիտության խորացված ուսուցմամբ 9-րդ-10-րդ դասարանների իմ սաների գործնական պարապմունքների՝ ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունների, մասնագիտական փորձառության կազմակերպումը պահանջում էին, որ կարճ ժամկետում ծանոթանայի տասնյակ-տասնյակ հայագետ գործիչների՝ հայտնի ու ոչ այնքան, գոնե ինձ անծանոթ հայագետների՝ գրողների, արվեստի գործիչների, երաժիշտների, լեզվաբանների, գրականագետ-արվեստաբանների, պատմաբանների հետ… Բուռն, ինքնամոռաց գործումի, գրավիչ ապրումի տարիներ էին:

Իմ 1978թ. ծնված առաջնեկ Լիլիթն ինձ հետ էր դպրոցական, մեկը մյուսին հաջորդող միջոցառումներում, թանգարաններում, զբոսանքներում, համերգներում… Այս շրջանում ես անձնական մտերմություն հաստատեցի, «կուլիսներում»՝ մտերմիկ-ընտանեկան միջավայրում ծանոթացա-լսեցի Համո Սահյանին, Գեղամ Սևանին, Գևորգ Ջահուկյանին, Հրանտ Մաթևոսյանին, Տիգրան Մանսուրյանին, Սոս Սարգսյանին, Վարդգես Պետրոսյանին, Ռուբեն Զարյանին, նկարիչ Վանիկ Շարամբեյանին, ազգագրագետ Սարգիս Հարությունյանին… գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Հախվերդյանին, արևելագետներ Սեն Արևշատյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին… Այս շրջանում ես ծանոթացա ու ցայսօր անբաժան եմ ճարտարապետ Համլետ Խաչատրյանի, կոմիտասագետ, երաժիշտ Արթուր Շահնազարյանի, բանագետ-ազգագրագետ Արուսյակ Սահակյանի, Արծրուն Սահակյանի հետ…
Ինձ հետաքրքիր էին նախ և առաջ իմ դասարանների ուսումնատենչ պատանիները՝ հմայիչ տղաներ ու աղջիկներ, ովքեր հաղթահարել էին դժվարություններ, յուրօրինակ պայմաններում հայագիտության մեջ խորանալու որոշում էին կայացրել… Մենք միասին էինք շաբաթ-կիրակի օրերին, դպրոցական արձակուրդների ողջ շրջանում. հայրենագիտությունը՝ մեկօրյա ու բազմօրյա, վրանային-հետիոտն ճամփորդությունների տեսքով, ինձ համար Հայաստանը, Արցախը, Ջավախքը շոշափելով-մանրամասն ճանաչելու, հայ գեղջուկի տուն մտնելու, նրան լսել-ճանաչելու բովանդակային դպրոց դարձավ իմ և իմ սաների համար… Այն, ինչ այսօր կրթահամալիրում արվում է որպես հեղինակային կրթություն՝ հայրենագիտությունը, կրթությունն առանց սահմանների, մոբիլ-ստեղծականությունը, ես հայտնաբերում էի՝ որպես մանկավարժություն և իրականացնում հայագիտական դասարաններում…

1982թ. 15 օրում վրաններով անցանք Շուշիից մինչև Տոնաշեն, Գանձասարով մինչև Ամարաս… Ելույթներով, Վահան Տերյանին նվիրված գրական-երաժշտական պատումներով արշավեցինք Ջավախքով, Ակսել Բակունցով անցանք Սյունիքով՝ Տաթևից մինչև Գորիս ու Հին Խնձորեսկ, Կապան, Թումանյանով՝ նորից բազմօրյա արշավով, գերեցինք ու գերվեցինք Լոռվա աշխարհում…

Հացով և գինով սեղանի շուրջ կազմակերպված մեր մշակութային ակումբը շուտով այնքան հեղինակություն ձեռք բերեց, որ սկսեց լրջորեն անհանգստացնել անվտանգության ծառայություններին ու Մյասնիկյանի կուսշրջկոմին… Շնորհակալ եմ, միշտ երախտապարտ Գայանե Մկրտչյանին. համալսարանի բանասիրության ֆակուլտետի անվանի շրջանավարտը չվարանեց, ընդունեց հայագիտական դպրոցում որպես ջոկատավար (շա՜տ-շատ դժվար էր լեզվի-գրականության ուսուցիչ նշանակվել) աշխատելու իմ առաջարկը և հաստատվեց ու մնաց որպես հարգելի Գայանե ուսուցիչ, դպրոցի բոլոր սաների համար, անմոռաց-նվիրված ընկեր ինձ համար:
Կա՞ բան, որ տարիների հեռվից ասում եմ՝ ես այսօր չէի անի… Հարցնո՞ւմ եք։

Որպես դպրոցի փոխտնօրեն կազմակերպիչ՝ ես չունեի այն ազատությունը-ինքնուրույնությունը, որ ունեի որպես հայագիտական դասարանների ղեկավար… Ես ամենօրյա բախումների մեջ էի դպրոցի «հոգնած ուսուցիչների», դասղեկների, համառ ու տափուկ արհկոմի նախագահի, դպրոցի կուսկազմակերպության ժիր ու դավող, իշխանասեր քարտուղարի, Մյասնիկյանի կուսշրջկոմի և ժողկրթբաժնի մշտական սովետական տոտալ հսկողության հետ… Ավելի հեշտ էր օգտագործել արդեն ձևավորված իմ անձնական կապերը այն ժամանակվա փոխվարչապետ Ֆելիքս Պետրոսյանի, շենքի ճարտարապետ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ նշանավոր Կորյուն Հակոբյանի հետ և նախաձեռնել շենքի հիմնանորոգումը, ուսումնական նոր կցակառույցների շինարարությունը: Ամեն ինչ եղավ ուսուցիչների, սովորողների, «Այգեստան» թաղամասի համար զարմանալի կարճ ժամկետում և հիացրեց, իհարկե, բոլորին: Իսկական նվեր եղավ դպրոցի 75-ամյակի առիթով…

Դպրոցի հայտնի շենքի մի թևում կաղնի կար, ու կցակառույցը պահանջում էր, որ այն չլիներ… Իմ ճարտարապետ-ընկեր Համլետ Խաչատրյանը հոդորում էր ինձ չկպչել ծառին, առաջարկում էր այլ լուծում… Կորյուն Հակոբյանի արվեստանոցի ղեկավարը, ունենալով հեղինակավոր տնօրենի աջակցությունը, նախագծել էր առանց ծառի… Կարո՞ղ էի ես՝ իմ հայտնի համառությամբ պաշտպանել ծառը… Կարող էի: Ես, ավա՜ղ, ընկրկեցի. դա չպիտի անեի, իհարկե: Ու վկա ես, ընթերցող իմ բլոգի, բլոգապատման հարգելի պատվիրատու, Նորին Մեծություն, լսում եմ-տեսնում եմ, իմ ականջներում է ընկնող կաղնու շաչյունը… Իսկ Համլետ Խաչատրյանը դարձավ իմ հավատարիմ ընկերն ու ճարտարապետ-խորհրդատուն, ում խորհուրդներից լիուլի օգտվել ու օգտվում ենք: Ափսոս, հազար ափսոս, որ ճարտարապետական ընկերակցությունն այդքան զորեղ և հավատարիմ չէ քաղաքաշինության այն սկզբունքներին, որոնց մասին հայտարարում են, որոնք գրված են նրանց դասագրքերում, նրանց խարտիաների, միության կանոնադրության մեջ… Գաղափարի մարդը գաղափարին չի ծառայում… Համլետ Խաչատրյանը, Արթուր Շահնազարյանն ակնածանքի արժանի գաղափարի մարդիկ են, ովքեր, և վկա՝ մեր համատեղ կյանքը, շարունակում են իրենց հայտարարած գաղափարներին ծառայել: Շնորհակալ եմ:

Դավիթը համակարգչով խոսեց-սիրեց-կարոտն առա՞վ Շուշանից… Մեր պայծառ հարսնաքույր Շուշոյից, ով տպավորված է Ֆրանսիայում ապրող իր ընկերուհու հարսանիքից… Սիրով փեսա, լավ հայ ընտանիք, կողք կողքի ֆրանսիական փոքրիկ քաղաքներում ապրող սազող երջանիկ զույգ, որ հիմա միասին կապրի՝ ամրացնելով սփյուռքն իր միությամբ… Մնաց՝ հայրենիք Հայաստանը երջանիկ, գրավիչ ու դրանով կանչող լինի… Շատ քիչ բան է մնում մեզ անելու…

Մեռելոցը թող կտրի երևանյան տաղտուկը…

Ես շատ եմ ուզում, ջանում եմ, որ քույր ու եղբայրների այս մեծ խմբերը Դավթի շուրջ, Դավթի գործոնով դառնան առավել համերաշխ, իրար հասնող, իրար կրթող և ինքնուրույն սեբաստացի Բլեյաններ…

Չեք հավատա. ես սիրել ու երկար ժամանակ պահել եմ երկար մազ… 1973-ի ամռանը Ղազախստանում՝ շինջոկատում, աշխարհին անհայտ մի գյուղում ես երկու ամիս ոչ միայն չէի կտրում մազերս (ամենաերկար մազն ունեի), այլև չէի սանրում, թիվ մեկ փնթին էի ողջ տարածաշրջանում, պարահրապարակ էլ չէի գնում։ Իմ ընկերները դաշտից (գործից) շտապում էին տուն, լվացվում շտապ-շտապ, սանրվում, փոխվում-սիրունանում գյուղի պարահրապարակ գնալու համար, վերադառնում կեսգիշերին.. Ես գործից գալիս էի ամենավերջինը, որպես թիվ մեկ մարտիկ (боец էր կոչվում СССР-ի շինջոկատներում), անշտապ հաց ուտում, աշխատանքային շորերը փոխում ու սպասում, որ ընկերներս թռչեն танцплощадка…

Մնում էի մենակ կացարանում, քանի՜ ժամ. վայե՜լք… Գրում էի նամակներ՝ իմ անձնական նամակները, որ գրում էի ամեն օր։ Ընկերներս գողանում էին իմ նամակները, գործածում որպես շաբլոն՝ փոխելով առանձին անվանումներ. ժամանակ չունեին, գործից՝ պարահրապարակ, պարահրապարակից՝ քուն։ Հետո ես կարդում էի. ունեի ինձ հետ Սարոյանի, Բակունցի, Չարենցի… հատորները, ընկերներիս անձնական գրքերը… մինչև ժամը 24.00։ Ես չեմ հիշում, թե երբ եմ քնել 24.00-ից հետո. ես պիտի քնեմ գիշերը մինչև 24.00, թե չէ չար եմ, ապրել չեմ ուզում, ուրիշ եմ, վատն եմ, երբ քունս առած չեմ լինում…

Մի անգամ ընկերներս որոշեցին ինձ իրենց հետ տանել պարահրապարակ։ Աշոտներ շատ կային մեր կուրսում, մեր շրջապատում, ահա ինչու՝ բոլորը մականուններով էին՝ Մանուչարը (Մանուչարյան), Ժագանը (Ավետիսյան), Զեբը (Զեբելյան), Բլեն (ես)… Ժագանի նախաձեռնությամբ ինձ ստիպելով-համոզելով նստեցրին աթոռին, երկար-շատ երկար մազերս կտրեցին, լողացրին, հագցրին… Կրասավչիկ Բլեյան… Ու տարան գյուղի պարահրապարակ։ Հնչում էին այն ժամանակվա ռուսա-սովետական երգերը (չնայած դրանց ժամանակը Հայաստանում, ցավոք, չի անցնում)… Մի մազալու տեսարան… Հետո մեր տղաներից ամեն մեկը գրկեց իր ընկերուհուն, ու ես ծլկեցի… Առաջին ու վերջին անգամ մեր շինջոկատային 5-ամյա պատմության մեջ։

Եթե մինչև վերջ անկեղծ, ես Լիլիթին, Տաթևին, Արաքսիկին, Արևիկին ու զարմանալի Սոնուլիկին,ինչպես Շուշանին, կարոտում եմ ավելի ու ավելի ուժեղ… Նույն կերպ իմ քույրերին, եղբայրներին, նրանց երեխաներին, իմ ընկերներին. նորմալ, պարբերաբար շփում չի լինում, ժամանակը չի հերիքում, բոլորը բազմազբաղ են, բոլորը շտապում են… Վիլյամ Սարոյանի հերոսի խորհուրդը՝ որպես ճիչ-պահանջ ահա թռավ.
– Մի՛ շտապեք, իմ սիրելիներ, մի՛ շտապեք։

Չկա ավելի մեծ վայելք, քան հարազատության միասնության, Մեկի զգացումը։ Ահա այստեղից, այս շտապելուց էլ՝ լարումը անտեղի, սրված նյարդերը, սայթաքումը… Ո՞վ ասաց, որ գործը, հանուն որի իբր շտապում ես, ավելի արժե, քան հարազատության վայելքը։ Խաղաղվենք գոնե այս օրերին, երբ վաղը Խաչվերաց է, մյուս օրը՝ Մեռելոց։

Վատագույն կանխատեսումները, որ արտահայտել էի Երևանի քաղաքապետի` իմ նամակը, իմ վաթսուներորդ գիրը կարդալու մասին, արդարացան: Չկարդաց:

Իմ ննջարանի պատուհանից աղբը ոչ միայն երևում է, այլև խտանում է: Սպենդիարյանի անվան դպրոցի տնօրենը, ում չեմ ճանաչում, Սպենդիարյանի ու Չայկովսկու երաժշտական աշխարհներից չի տեսնում դպրոցի շենքի դահլիճի ողջ երկայնքով տարածվող աղբագորգը (գոնե այսպես լինի): Ափսո՜ս:

Իմ օրագիրը ես երկու անգամ չեմ գրելու. ինչ եղել է, ինչպես հիշում եմ, ինչ կա-կատարվում է՝ ամեն օր, մինչև 2015 թ. սեպտեմբերի 4-ը այս ձևաչափով կհանդիպեք իմ գրերից մեկում… Հետո-ն կպայմանավորվենք:

1988-ին երեք Աշոտներով (Բլեյան, Դաբաղյան, Մանուչարյան) ամբողջությամբ զբաղված էինք մանկավարժությամբ՝ մեր մանկավարժական ծրագրերը, մտքերը իրականացնելու համար լիուլի օգտագործելով Գորբաչովի նախաձեռնած վերակառուցման (перестройка) և հրապարակայնության (гласность) ընձեռած հնարավորությունները: Թիվ 183 դպրոցը փորձարարական էր, ենթակա Լուսավորության նախարարությանը, բայց շրջանային-քաղաքային կուսակցական և խորհրդային իշխանությունների, շեֆական կազմակերպությունների հետ բազում տնտեսական խնդիրներ ունեինք լուծելու: Արտաքին հարաբերություններով ու կրտսեր դպրոցով-մանկապարտեզով ամբողջությամբ ես էի զբաղվում, Աշոտ Դաբաղյանը՝ միջին և ավագ դպրոց-վարժարանն էր անմիջական ղեկավարում, նախաձեռնում արշավներ, Աշոտ Մանուչարյանը մեր և՛ հոգեհանն էր, և՛ հոգեբանը: Հոգեհանը՝ ուղիղ իմաստով:

Դպրոցում շատ էին ու շատանում էին տղամարդ ուսուցիչները, բոլորն էլ ծխող՝ սկսած Աշոտ Դաբաղյանից, ավարտած Մայիս Նիկողոսյանով, շատերն ուշանում էին դասերից, շատերը ոչ այնպես վարվում սովորողների հետ։ Մանուչարյանին հարգում էին բոլորը, կյանքով գիտեին նրա աննահանջ հետապնդման մասին: Աշոտն օրինակ էր. չէր ասում բաներ, որ ինքը չէր անում: Հոգեբան Աշոտն անհատապես աշխատում էր տասնյակ դժվար խառնվածքով տղաների հետ, յուրաքանչյուր սովորողի շահերի պաշտպանն էր. կոնկրետ գործով, կոնկրետ երեխայի, կարող էր զբաղվել օրեր, շաբաթներ…

1988-ի փետրվարի սկզբին ցուրտ էր, շատ ցուրտ, գրիպի այնպիսի համաճարակ էր, որ վերադասն արձակեց Երևանի բոլոր դպրոցները… Երեք Աշոտներով օգտագործեցինք թայմ-աուտը, որպես պարգև՝ մի խումբ մտերիմներով առանձնանալու Դիլիջանի հանգստյան տներից մեկում և առանց առօրեական խնդիրների, քննարկելու մեր մանկավարժական ծրագրերը, դպրոցի զարգացման առաջիկա անելիքները… Տասը տարեկան Լիլիթ Բլեյանը, ութ տարեկան Տաթևը, նրանց հասակակից Բագրատ Դաբաղյանը դիլիջանյան բնությունից և արձակուրդի ազատությունից լիուլի օգտվեցին… Փետրվարի 14-15-ին, մենք վերադառնում էինք Երևան «Սեբաստիա» հայտնի պարտեզի՝ սեբաստահայերի նվիրած միկրոավտոբուսով, օգտվելով մեր վաղամեռիկ համակուրսեցի ֆիզիկայի ուսուցիչ Ալեքսանդր Հրաչևիչի հայտնի-հոգատար մայրիկ տիկին Վերոնիկայի՝ մանկապարտեզի հիմնադիր- վարիչի հովանավորությունից… Վարորդը, մեզ մտերիմ մարդ, զարմացած պատմում էր երևանյան անհավատալի նոր իրադարձությունների մասին, որ խուժել էին քաղաք, չգիտեմ՝ որտեղից, չգիտեմ՝ ինչպես. մենք օրեր առաջ թողել էինք քաղաքը սառած-անշարժ վիճակում… իսկ վարորդի շուրթերից մեզ համար նորություններ էին թափվում՝ էկոլոգիական երթեր, քաղաքական կոչեր, անհանգիստ Լեռնային Ղարաբաղ, խմորումներ Օպերայի հրապարակում… Մենք րոպե առաջ տենչում էինք մտնել Երևան: Ընտանիքներից շուտ ազատվեցինք ու… Օպերայում էինք տղամարդկանցով…

Արմանք-զարմանք. վարորդը ճիշտ էր պատմել, Օպերայի հրապարակը բլթբթում էր… Այստեղ էին մեր Սամսոն Ղազարյանը, Համբարձում Գալստյանը, Հրայր Ուլուբաբյանը, Ալեքսան Հակոբյանը, համալսարանական ընկերներ, դեմքեր, անհատներ, որ կորցրել էինք՝ մանկավարժական գործով Բանգլադեշում մեկուսացած…. Այսպես սկսվեց ղարաբաղյան շարժումը մեզ համար: Պատրա՞ստ էինք մենք իրադարձությունների այսպիսի բեկմանը… Դե, բեկումը հենց բեկում է սրանով՝ անպատրաստությամբ, նոր իրավիճակով:

Ղարաբաղյան շարժման երիտասարդ թևը 1970-ականների համալսարանական կոմերիտական-հակակոմերիտական ուսանողական ակտիվն էր՝ ուսանողներ, ովքեր հավատում էինք, որ կարելի է սոցիալական արդարություն հաստատել առանձին վերցրած մի բուհում, բարեփոխված, ինքնավար համալսարանում, կոմերիտական կազմակերպության միջոցով ազդել համալսարանի վարչական ղեկավարության վրա, ուսանողական շրջանում՝ 1972-78 թթ։ Մենք անցել էինք քաղաքական ներհամալսարանական պայքարի մի տպավորիչ շրջան:

Իսկ Շուշանը պատրաստվում է Ավստրիայում Հայաստանի դեսպանատան՝ սեպտեմբերի 21-ի առիթով կազմակերպվող համերգին Վիեննայում:

Մենք բուռն քննարկում էինք Արմինեի հետ ստեղծված՝ մանկավարժության մեջ ստանդարտ, մեզ համար արտակարգ վիճակը: Օգնե՛ք մեզ, ընկեր Կարինե ու Մելինե, թող տիկին Աիդան ու Աստված ձեզ օգնեն…

1988թ. դեկտեմբերին մեր Դպրոց-պարտեզի շենքը (նախկինում՝ Բ-4 թաղամասի թ. 119 մանկապարտեզ) երկար ժամանակ ապաստան էինք դարձրել երկրաշարժից տուժածների, Արցախյան շարժման ընթացքում բռնի տեղահանվածների համար. մեր նախաձեռնությամբ, մեր ուժերով ու ծախսերով տասնյակ ընտանիքներ ժամանակավորապես պաշտպանված են եղել հայրենի Բանգլադեշում: 1989-1992 թթ Արցախյան շարժման ռազմականացման, զինված պայքարի մինչբանակային շրջանում մեր շենքերի նկուղներում նաև մեր սարքավորումներով ռազմական նշանակության պիտույքներ էին ստեղծվում… Ունեինք կոնսպիրատիվ գործունեության թաքստոցներ, որ, ի՜նչ իմանայինք, ավելի ուշ էլ են պետք գալու…

1988-ի դեկտեմբերի 10-ին, Սպիտակի երկրաշարժից օրեր հետո, ձերբակալեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեծ մասին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Մանուկյանին, Վանո Սիրադեղյանին, Աշոտ Մանուչարյանին…. և տեղափոխեցին Մոսկվայի հայտնի «Մատրոսկայա տիշինա» բանտը… Տղաների, իմ ընկերների ձերբակալման գույժնինձ հասցրեց գյումրեցի մի ծանոթ, հենց մեր շտաբի հարթակի վրա, երբ ես կարդում էի տեղում ձևավորված ու հանգստյան տուն մեկնող գյումրեցի անօթևանների հերթական ցուցակը… Շաբաթներ հետո մեր կոնսպիրատիվ բնակարաններից մեկում ձերբակալեցին կոմիտեի մյուս անդամներին… Սկսվեց Շարժման մեծ ռեպրեսիայի շրջանը, որը տևեց մինչև 1989-ի մայիսը…

Դժվար, ամենադժվար օրերն էին դպրոց-համալիրի համար. կուսակցական, նրանց ենթակա կրթական մարմինները մեզ առան «կոլցոյի» մեջ… 1989-ի հունվարյան արձակուրդից հետո սկսվեցին լայնածավալ, մեկը մյուսին փոխարինող ստուգումներ: Գումարեք սրան հուզական ֆոնը. «Ղարաբաղ» կոմիտեի շատ անդամների դպրոցահասակ երեխաները մեր սաներն էին: Ընդհատակում սկսեց գործել «Ղարաբաղ կոմիտե-2»-ը, սրա մեջ՝ նաև մեր Աշոտ Դաբաղյանը… Ամեն օր կարող էին լինել նոր ձերբակալություններ: Պետք էր դիրքավորվել, ի մի բերել երկարատև պաշտպանության բոլոր միջոցները… բոլորն էլ նույն աղբյուրն ունեին՝ համերաշխությունը. համերաշխություն Շարժմանը, մեր համատեղ կյանքին, մեր դպրոցին, մեր մանկավարժությանը, միմյանց… Մարդկային գործոնը դարձավ որոշիչ: Սովորողների թիվը ոչ միայն չպակասեց, այլև մեծացավ. ուսուցչական հավաքանին դարձավ մեկ։ Բոզինյան Մարուսյան, ում մասին վերևում մտածում էին, որ այս շրջանում իրենց հենասյունը պետք է լինի, շրջկոմի պլենումի ժամանակ ջախջախիչ ելույթ ունեցավ ի պաշտպանություն Աշոտների, դպրոցի… Մենք դարձանք Մեկ, ընդդեմ հետապնդումների շարժման մարտունակ կառույցներից մեկը: Հայաստանով մեկ, գլխավորապես Երևանում, ամենահետաքրքիրը՝ նաև Գյումրիում, դանդաղ, բայց սկսեց ցույց տալ իր կենսունակությունը…

Ինձ համար ամենահուզիչը ծնողական համայնքի բացառիկ հուժկու, միասնական հանդես գալն էր՝ լսելի յուրաքանչյուրին. սա մեր դպրոցն է, թույլ չենք տա, որ դպրոցին կպչեք: Ծնողները ոչ միայն նորմալ էին համարում սովորողների՝ իրենց երեխաների միանալն ընդդեմ հետադիմության և հանուն Շարժման, այլև բոլորը՝ ծնողները, երեխաները, ուսուցիչները մեկ էին այս պայքարում: Օրագրի ձևաչափից դուրս է, ընթերցող, ներկայացնել 1989թ. դեկտեմբերի 10-ից մինչև 1989թ. մայիս (ռեակցիայի մեծ շրջանը), բայց հանգուցալուծման օրը մեխվել է:

Դպրոցի բոլոր ստուգումների արդյունքները, չգիտեմ՝ քանի էջ թուղթ, դպրոցին, Աշոտներին, գլխավորը՝ բնական է, ինձ վերագրվող մեղքերով (նպատակն ինձ ազատելն էր, դպրոցը փորձարարական կարգավիճակից զրկելը, կրթության ազատության «Բաստիլը» վերջնական գրավելը) բերվել էր ՀՀ լուսավորության նախարարություն, կոլեգիայի նիստի: 1989-ի ապրիլը թե մայիսն էր. ես սպասում էի կոլեգիայի նախասրահում… Ու հանկարծ՝ շենքին մոտեցող մարդկային թափորի ուժեղացող աղմուկ, կոչեր-վանկարկումներ… Քիչ անց նախարարության շենք մտավ հսկա բազմություն… Նիստն ընդհատվեց… Ներկայացուցիչների մեծ խումբը պահանջեց, որ դպրոցի բոլոր մեղքերը ներկայացվեն հրապարակավ… Նիստն այդպես էլ չշարունակվեց…

Ամիսներ հետո, երբ կոմիտեի տղաներն ազատության մեջ էին, երբ Շարժումը, հասարակական կյանքը հաղթահարել էին երկրաշարժից և բռնաճնշումներից ստացած ցնցումները, երբ գործում էր արդեն Հայաստանի մինիստրների խորհուրդը՝ նոր կազմով ու կառուցվածքով, ՀԽՍՀ ժողկրթության նախարարության կոլեգիան (նախարար՝ Միսակ Դավթյան), կառավարության հանձնարարությամբ դպրոց-հիմնարկ փորձարարական ուսումնադաստիարակչական հաստատությունը վերածեց ՀԽՍՀ ժողկրթության նախարարության փորձարարական-հետազոտական միավորման, ինչն էլ 1992թ. ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիան (նախարար՝ Վիլիկ Հարությունյան) հաստատեց որպես ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» փորձարարական-հետազոտական հանրակրթական միավորում, 1996թ. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորում պետական ձեռնարկություն՝ նոր կանոնադրությամբ, ինչն էլ 2003թ. կրթության և գիտության նախարարության կոլեգիան (նախարար՝ Լևոն Մկրտչյան) հաստատեց այսօր գործող նոր կանոնադրությամբ և անվանումով՝ «ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ…

Երևանի թիվ 10 դպրոցում, որտեղ, պատմել եմ, 1978-85թթ. փոխտնօրեն-կազմակերպիչ եմ աշխատել, ուսուցիչների՝ դպրոցում սովորող երեխաները հատուկ լկստված էին՝ արտոնություններով, կամայական, աչքի զարնվող առանձնացված մի դաս: Դպրոցի տնօրենն անզավակ էր, հեշտ էր նրա հետ խոսել այս մասին։ Այդպիսի երեխաներ ունեցողները, երեխաներին անարդար մոտեցողները, իրենց և մյուս երեխաների միջև սահմաններ դնողները կորցնում են մանկավարժ աշխատելու իրավունքը, չպիտի աշխատեն: Այսպիսին է մանկավարժի աշխատանքը՝ բոլորն են իր երեխաները, ու արդարացի, հավասար, անկողմնակալ-անաչառ վերաբերմունքը բոլորի նկատմամբ մանկավարժ աշխատելու պայման է:

Մեր կրթահամալիրում մանկավարժական աշխատողների բոլոր երեխաները (մեծամասնությունը հաստատ) սովորել են թիվ 183-ում, հետո՝ կրթահամալիրի դպրոցներից որևէ մեկում, շատերը՝ ոչ միայն 1-ին դասարանից, այլ մանկապարտեզից: Ես հատուկ հետևել եմ ուսուցիչների՝ սովորող երեխաներին, նրանց հարաբերություններին դպրոցում ու դպրոցից դուրս… Իմ երեք աղջիկները սովորել են կրթահամալիրում՝ Լիլիթը 2-րդ դասարանից, Տաթևիկն ու Շուշանը՝ 1-ին դասարանից… Չեմ հիշում, որ նրանք առանց հատուկ կարիքի մոտենային ինձ, էլ չեմ ասում՝ ելումուտ անեին իմ աշխատասենյակ, օգտվեին որևէ արտոնությունից. սեբաստացի են, ինչպես բոլորը, յուրաքանչյուրը: Այսօր էլ Տաթևիկը Դպրոց-պարտեզի ղեկավարն է՝ իր ուսուցիչների, հետո՝ աշխատանքային ընկերների առաջադրմամբ։ Ինձ համար ամենադժվար որոշումներից էր դա, ու ես չգիտեմ որևէ արտոնություն, որից նա օգտվում է, որևէ հնարավորություն աշխատանքային, որ ունի, ու մեր դպրոցների ղեկավարներից որևիցէ մեկը չունի: Ինձ իմ երեխաները միշտ, այսօր էլ, պարզերես են անում: Ես նրանց… հարգում եմ, սիրելը շատ բնական մի բան է, ա՜յդ էր մնացել պակաս, բայց ահա փորձիր հարգել:
Այսօր կրթահամալիրում են Արաքս և Սոնա Հովհաննիսյանները, Արևիկ Տատինցյանը՝ իմ թոռնուհիները, Դանիել Բլեյանը՝ իմ Ստեփան եղբոր, Սերժ և Գոռ Ղազարյանները, Նազենի կրտսեր Հովհաննիսյանը՝ իմ Էմմա քրոջ թոռները. անսպառ հիացմունքով գրկում եմ յուրաքանչյուրին, բայց ահա նրանց որևէ արտոնություն, որևէ խտրություն՝ նրանց և ընկերների միջև, բացառում են հենց իմ աղջիկները, իմ քրոջ, եղբոր աղջիկները և, որ ինձ համար թանկ իրողություն է, թույլ չեն տա հենց մեր թոռները:

Երեկ Մայր դպրոցի միջանցքում ընդառաջ դուրս եկավ իմ ավագ թոռնուհին՝ արդեն 8-րդ դասարանցի Արաքսն իր ընկերուհի Լուսինեի հետ… Ո՜նց չսքանչանաս (երկուսով, իհարկե)՝ այս ե՜րբ մեծացան, իսկական օրիորդիկներ, շնորհակալ եմ Գոհար Եղոյանին, որ գրանցեց անմիջապես՝ «կա´նգ առ, ակնթարթ»…

Արաքսի նկատմամբ իմ մոտեցումը նաև արարողակարգային է, հատուկ՝ իմ ավագ թոռնուհին է… Բայց Արաքսին ու Լուսինեին ուսումնառության ողջ ընթացքում ես չեմ ջոկել, ու նրանք դա գիտեն կյանքով:

1989թ. նոյեմբերի 4-ին Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) քաղաքական կազմակերպության (կուսակցության) հիմնադիր համագումարում ես դարձա վարչության անդամ… Արցախյան շարժումը հանգել էր անկախ պետականության հիմանդրման անհրաժեշտության (այս շրջանի համար՝ երևի թե անխուսափելիության)։ Իսկ ինձ անդիմադիր կլանում էր Հայաստանի ինքնիշխան, իրավական ժողովրդավարական ու սոցիալական պետության գաղափարը. «Գաղափարն ու իշխանությունը պատմության մեջ բաժանել չի կարելի. գաղափարն առանց պատմության պղպջակ է, իշխանությունն առանց գաղափարի հանցավոր է» (Բիսմարկ)։ Չէր կարող չլինել այս գաղափարով համակված-միավորված գործիչների խումբ-կազմ, որը կազմակերպվեր։ Պղպջակներով խաղալու շրջանը ետևում էր մնացել. մենք գալիս էինք իշխանության`մեր հայտարարած գաղափարներն իրագործելու…

Վարչությունը նիստեր էր անում օրերով, քննարկում ու քննարկում ժամեր ու ժամեր… Խոսում-խոսում, ծխում… սարսափելի ծուխ էր բռնում։ Պատկերացրեք մի վարչություն, որտեղ և՛ երիտասարդ Արշակ Սադոյանն է, և՛ Խաչիկ Ստամբոլցյանը… և երեք տասնյակ գաղափարական տարբեր, բայց հանրային ճանաչում ունեցող ու իշխանության եկող գործիչներ…

Ես եղել եմ, գործել եմ, ես կամ Նոր ուղի…

1990թ. մարտին Ռիգայում նաև իմ մասնակցությամբ կայացավ ՀՀՇ-ի ու Ադրբեջանի ժողովրդական ճակատի (նրանց համազգային շարժումը) առաջին ուղղակի շփումը: Համատեղ հայտարարության մշակումը և դրա չհրապարակումը, վարչության կողմից մեր լիազորությունների դադարեցումը նշան էր ինձ համար, որ Նոր ուղուն հարող վարչության անդամները՝ Ռաֆայել Իշխանյան, Կտրիճ Սարդարյան, Աշոտ Բլեյան… (կարո՞ղ եք շարունակել, ընթերցող) վարչության կազմում փոքրամասնություն են:

Ինձ հիմա էլ վերագրում են քաղաքական մտքեր, արտահայտություններ, որոնք իմը չեն, դրանց խմբագրումից անկախ, չեն կարող իմը լինել: Որպես ՀՀ նախագահի թեկնածու՝ 1998թ. արտահերթ նախագահական ընտրություններին, գրավոր ծրագիր, հեռուստաելույթներ ու հանդիպումների շարքի ձևով ես կարծում եմ տարընթերցումների տեղ չեմ թողել: Ընդառաջ գնամ հարգելի ընթերցողի խնդրանքին ու որպես սեպտեմբերի 21-ի «Նոր ուղու» թռուցիկ-նվեր վերահրապարակեմ իմ` 1989թ. ՀՀՇ վարչության, 1990թ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորի քաղաքական-գաղափարական գործունեության բանաձևը, որ հրապարակված է «Նոր ուղի. նամակներ կալանատնից» գրքի 110-111-րդ էջերում, 1999թ. հոկտեմբերի 16-ի «Միություն գլխավորում, Ազատություն մնացյալում, սեր՝ ամենուր» գրի մեջ՝ ուղիղ 15 տարի առաջ:

Ես քաղաքակություն եմ մտել տասը տարի առաջ այս հայացքով։ Դարձել եմ ՀՀՇ անդամ, որովհետև այս հայացքը ամփոփված եմ տեսել նրա գաղափարախոսության մեջ։ Դուրս եմ եկել ՀՀՇ-ից, քանզի կազմակերպության գործելակերպը ի վերջո հակադիր է եղել նրա գաղափարախոսությանը։ Որպեսզի լիբերալ-դեմոկրատների նոր միավորումը նեոՀՀՇ չծնի, ճշտենք գլխավորը ու որդեգրենք դրան անդավաճան գործելակերպ»։

«Նոր ուղու» բանաձևը, 16.10.1999թ., Երևանի թիվ 1 կալանատուն

Ես, իմացեք, երբ դուք կկարդաք սեպտեմբերի 20-ի այս գիրը, Դավիթ Բլեյանի, Արմինեի ու Մարթա Ասատրյանի Էկոհայրենագիտական ակումբի հետ կլինեմ Մադինայում, Աստծո պարգև «Արմաղանի բարձունքի նվաճում» ուսումնական նախագիծը տեսեք քանի՜ սեբաստացու է այս ազիզ (այո՛, ազիզ) օրերին միավորում։

Սա իմ հայրենի հողն է, ապրում եմ, սովորում եմ, գործում եմ, որ այն ծաղկեցնեմ:

Ես Մադինայում եղել էի երկու-երեք տարի առաջ՝ ուսուցիչների մեծ խմբի հետ։ Բայց ի՜նչ հաճույք էր Մադինայի 11-12-րդ դասարանցի՝ ինձ ուղեկցող յոթ-ութ տղաների և աղջիկների հետ այս վերելքը՝ առանց վարանելու, չնայած սաստկացող, կարկուտի հասնող անձրևին ու սառը քամուն, երկնքի գոռոց-գմբգմբոցին… Արմաղանը գրոհում էինք այսպիսի խառը խմբերով։ Որ շատ էինք՝ 50 և ավելի, դա երևաց Արմաղանի գագաթին կառուցված եկեղեցում արդեն։ Լավ էր, որ չտրվեցինք դպրոցի այնքան հոգատար տնօրեն Արտակ Կարապետյանի հորդորներին՝ հետաձգել նվաճումը կամ օգտվել շտապ օգնության դեր տանող վիլիսների ծառայությունից… Արմաղանը նվաճված է, ու ես իմ պատանի նոր ընկերների հետ հիացել եմ այս Հայաստանով, որ տարածվում է Արմաղան լեռան շուրջ, Մադինայով, Արգիճի գետի հովտով՝ մինչև Սևանա ավազան ու լիճ…

Սեպտեմբերի 21-ին պայծառ օր էր Մադինայում, և 84-ամյա Խորեն Կարապետյանը՝ բազմավաստակ լրագրողը, գրագետն ու երկրագործը մեզ հետ՝ Մադինայի բարձունքից նայում էր Լեռնահովիտ ու Մադինա գյուղերի սահմանը դարձած Արգիճի գետի օձապտույտին. շշմելու կիրճ, բազում գյոլերով և քարափներով մաքուր գետ, որ ձգվում է երկու կողմից՝ մինչև իր ակունքներ ու մինչև գետի ավարտը՝ Սևանա լիճը, որ հեռու-հեռվում, բայց կապույտ էր այնքան… Խորեն հայրիկի մաքրած-պատրաստած կիկլոպյան ամրոցում եղանք նրա ուղեկցությամբ. տեսեք՝ ո՜նց է քայլում ու դեռ Դավիթ Բլեյանին էլ գրկում։ Քարանձավներ, Արգիճի գետին նորանոր դիրքերից, բարձունքներից նայելու երկար ձգվող հնարավորություններ…

Ահա, Արգիճի երկայնքով, քայլելով, որոր-մոլոր մենք հասնում ենք Ներսեսի անկյունին՝ նկարչի արած գործ… Ահա և նրա՝ այնքա՜ն խնամքով Ներսեսի եղբայրների ու մյուս հարազատների կողմից փայփայվող տունը, արվեստանոցը, Մադինայի անկյունը… Խոստովանեմ, որ երեք-չորս տարի ես հետապնդում եմ այս պլեները, բայց այս օրերի ընթացքում ես նվաճեցի նաև այդ արգելքը. իմ նոր ոգևորվող գործընկեր ու զարգացման ծրագրերի հարգն իմացող տնօրեն Արտակի հետ ձեռքսեղմում ենք իրականացնում բոլորի մասնակցությամբ, անգամ բացակա եռանդուն գյուղապետի… Ի՜նչ «լավ ենք մտածել» «բարձունքի նվաճումը»…

Մի գրում՝ երկու օր կուտակածը չես պատմի. ինչո՞ւ արագ անցնենք Մադինայի՝ որպես մարդկային յուրահատուկ համակեցություն, իրիկնային խարույկի շուրջը մեր հայրենագիտական ակումբի և մադինացիների քաղաքական զրույցի, համերաշխ գյուղական դպրոցի խնդիրների, Սելիմով մեր վերադարձի մասին, հատկապես, որ այդ նույն ժամանակ Շուշան Բլեյանը նվաճում էր «Դեպի բեմ» նախագծով մի այլ բարձունք։ Այս ամենի մասին՝ իմ վաղվա գրում։ Հետևեք տնօրենի բլոգապատմանը, եթե չեք ուզում բաց թողնել հայրենիքի մասին ականատեսի ամենաթարմ վկայությունները։

• Եղեգիս-Արատես-Հերհերի հարթակ

• Մադինա-Արգիճի-Արմաղանի հարթակ

• Սևանա լճի հայելի

Այս ճանապարհը ես տեսել եմ 1989-1990-ին. ու խոստացել եմ Ձեզ, չեմ կարող իմ 60-ամյակի տարում չկատարել իմ խոստումը։ Ճամբարը կաշխատի ողջ ամառ և հայրենագիտական- էկոլոգիական, ուսումնա-հետազոտական աշխատանքի հնարավորություն կտա բազմաթիվ սովորողների և ուսուցիչների։

Արմաղան սարի գագաթին, լրիվ թրջված, մեզ պատսպարեց նորակառույց ոչ մեծ եկեղեցին: Եկեղեցում միասին աղոթեցինք, երգեցինք, կարդացինք. մթնոլորտը ջերմ էր, ես անկախության օրվա խոսք ասացի: Պետք էր շտապել, ու մենք քամոտ անձրևի հարվածների տակ իջանք սարից: Այս անգամ ինձ ուղեկցում էր Մադինայի սովորող պատանիների այլ խումբ` թարգմանիչ դառնալու որոշում կայացրած Հասմիկը, հոգեբան-բժիշկ ընտրության մեջ տատանվող Շուշանը, լռակյաց Անին…

Վայրէջքի այդ մեկ ժամը որքա՜ն անձաձրույթ, հետաքրքիր անցավ՝ ճանաչել տալով Մադինայի մարդուն՝ սովորողին, ուսուցչին, հողագործին, գյուղապետին։ Որքան էլ երեկվա իմ պատումի գլխավոր միտքը կրկնում եմ հաճույքով և առանց հայրենագետի չափազանցության՝ Մադինան, իր սարով, գետով, իր լեռնաշխարհով արմաղան էր՝ չքնաղ, որպես սպասված նվեր, ինձ համար ամենահետաքրքիրն ու գրավիչը Մադինայում գտնվելու ողջ ընթացքում Մադինայի մարդն էր:

Արմաղան սարի վրայի հայտնի լճակն ամբողջովին չոր էր՝ ոչ մի կաթիլ ջուր. Մադինայում պնդում են, որ այսպիսի բան լինում է յոթ տարին մեկ անգամ: Արժե ստուգել:

Իրիկունն ուշ, արդեն համով կերած, մենք հավաքվել էինք դպրոցի բակում, խարույկի շուրջ: Խարույկի տաքն ու ճթճթոցը հաճելի էին. մեծ թվով անծանոթ նոր պատանիներ էին հավաքվել: Ի՞նչ պիտի անենք. մեր հայրենագետները երգող-պարող չէին, ու միավորող դարձավ էկո-հայրենագիտական քննարկումը, որի թեման գյուղն էր՝ իր գլխավոր հերոսի՝ Արգիճի գետի ճակատագրով… «Պատանիներ չզբաղվել պոլիտիկայով», «եկեք քաղաքականությունից չխոսենք» կոչերին պատանիները տեղի չտվեցին, չընկրկեցին. կենդանի, լսելի, վստահ եմ, հարազատացնող խոսակցություն ծավալվեց… մարդու մասին, նրա այսօրվա խնդիրների ու լուծումների մասին։ Առաջին պլանում պայքարող, որքան էլ բարդ, նպատակը հետապնդող-հաղթող մարդն էր: Այնքա՜ն խնդիր կա մեր կյանքում, Մադինայում թե Երևանում, նրա Բանգլադեշում, կրթահամալիրում. պիտի խուսափել ձևական-կեղծ՝ դատարկ-բովանդակազուրկ-արհեստական ապաքաղաքական խոսքից, ունկնդրից, պիտի ծավալել քաղաքական՝ մարդու մասին խոսակցություն, երբ ասող-լսող կա իրական, իրական թեմա, խնդիր, որ մարդկանց հավաքել է: Իսկ խարույկը, հացի սեղանը, տրանսպորտը, ուսումնական պարապմունքը, գյուղով քայլելը-թափառելը դրա լավագույն տեղն է: Մադինան ներառող-բաց-բարյացակամ-տրամադրող միջավայր ունի, մարդկային է: Ամենուր է սա: Տները բաց են, անկողպեք, գողություն չկա, մարդիկ անմիջական են, հասնող, հեշտ զրույցի բռնվող, ընդառաջող…
Վաղամեռիկ, տաղանդավոր նկարիչ-մանկավարժ Ներսես Կարապետյանը, թեև հաշմանդամ, բայց կարողացել էր 80-ականներին Մադինային, նրա նկարչորեն օժտված երեխաներին միութենական ճանաչում բերել: Կարապետյանները՝ բոլորն իրար եղբայր-եղբորորդիներ, գյուղում շատ են, նրանց մեջ և՝ 11-րդ դասարանցի Ներսես Կարապետյանն ու գյուղի դպրոցի տնօրեն Արտակ Կարապետյանը: Տաղանդավոր նկարիչ-մանկավարժի սաները շատ են նաև հարևան Վերին ու Ներքին Գետաշենում, մեծ է Ներսեսի համբավը ողջ մարզում: Պիտի օր առաջ անձի ողբերգականության գործոնը դնել մի կողմ և առաջին պլան մղել լուսավորչին, նկարչին, մանկավարժին` իր գործով, պատգամներով, սաներով, իր դպրոցով, իր նկարչությամբ: Ո՞ւր է նրա ցուցասրահը, ինչո՞ւ գյուղը չունենա նկարների մշտական ցուցադրություն: Այնպես որ, 2015-ի հունիսյան ստեղծագործական-լուսանկարչական պլեները (տես իմ երեկվա գրում) մեծ մարդկային աջակցություն կունենա…

Անքան անկեղծ-անմիջական-վառ են Մադինայի տպավորությունները, որ ես ուզում եմ 24-ամյա վաղեմության մի պատմություն անել, դրանով վերջնական-հաղթահարված ճանաչել խորը նստվածք թողած միջադեպը:

1990-ի վերջին, թե 91-ի սկզբին ես ու Աշոտ Մանուչարյանը Մարտունիում էինք։ Մեծ ժողովուրդ էր հավաքվել, միտինգ էր, լարվածությունը գնալով մեծանում էր. երկրի պաշտպանությանը զինվորագրված կամավորականների մեջ մեծ էին խմբեր-ջոկատներ-անհատները, որ չէին ենթարկվում նոր իշխանությանը, չէին համակերպվում այն մտքի հետ, որ ահա, երեկվա իրենց հակառակորդներն այսօր «հանրապետության տերերն են» և իրենց թելադրում են, պահանջում ենթարկվել… Մենք անպաշտպան էինք այդ գրգռված մարդկանց մեջ, նրանք՝ զինված… Բարձրախոսի մոտ Աշոտն էր Մանուչարյան, «Ղարաբաղ» կոմիտեի հայտնի ղեկավարը, ես նրա կողքին՝ Մարտունիում դեռևս քչերին հայտնի Գերագույն խորհրդի պատգամավորը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը… Մանուչարյանը կտրուկ էր խոսում՝ հանձնել զենքը, ենթարկվել նոր իշխանություններին անվերապահ: Ես ջանում եմ լիցքաթափել վիճակը, կառավարելի դարձնել միտինգ-ընդվզումը… Եվ ահա մի ՀԱԲ-ական, մարտունեցի վազքով մոտենում է բարձունքին բեռնատար խիճով բարձած «Կամազին» ու մեքենան մեծ արագությամբ ուղղում մեզ վրա… Ի՜նչ հրաշքով փրկվեցինք… ինչպե՛ս մի քանի խիզախ ու սթափ տեղացիներ մեզ կարողացան դուրս բերել Մարտունուց ու հասցնել Երևան…

Երբ ինձ անհատապես են հրավիրում, զանգում են կամ գրում, որ խնդրում են իմ (Աշոտ Բլեյանի) ներկայությունն այս կամ այն հավաքին, հաղորդմանը, ես, որպես կանոն, մասնակցում եմ: Օրեր են եղել, որ նույն օրում տարբեր վայրերում կարողացել եմ մասնակցել 5-6 տարբեր հավաքների: Հեռուստա-ռադիոհաղորդումների ես չեմ ձգտում, ավելին, որքան հնարավոր է, դժվարացնում եմ՝ մինչև այնքան, երբ հաստատ է դառնում լրագրողի շարժառիթը, հիմնավորումը՝ ինչու ես պետք է մասնակցեմ այս կամ այն հաղորդմանը: Ես կուսակցական գործիչ չեմ. իմը քաղաքացիական ծառայությունն է. երբ իմ կարիքը կա, արտահայտվում է, ես արձագանքում եմ:

Ափսոս, որ չկան մեր եթերում ուղիղ հաղորդումներ, տանել չեմ կարողանում տաղավարում տեսա-նկարահանման անսարքությունները, անհարմարությունները. մարդ եք հրավիրել, պատրաստ եղեք: Սպասել չեմ կարող, չեմ սպասի: Անարգանք է: Ես վիրավորվում եմ, արտահայտվում եմ: Որ ժամին ասել եք, նույն ժամին սկսեք: Սիրում եմ, երբ հարց են տալիս ու միացնում ձայնագրիչը՝ առկա թե առցանց, հեռախոսով: Իմ տեքստին՝ բանավոր թե գրավոր, իմ խոսքին մի՛ կպեք, ինչպիսի մեկնաբանություն ուզում եք, հետո արեք, բայց ինձ մի՛ խմբագրեք, ինձնից նյութ մի՛ սարքեք, պահանջո՛ւմ եմ: Իմ մասնակցությամբ հեռուստահաղորդումները նայել չեմ սիրում: Օրեր հետո, որպես ինքնահսկման աշխատանք (ինչը այնպես չեմ արել), մեկուսի, ինտերնետով նայում եմ հաղորդումը մասնագետի աչքով: Իմ նկատմամբ խիստ եմ. երբ չեմ հավանում, երբ մեղանչել եմ մայրենիի կամ մտքի դեմ, երբ վրիպել եմ, ծանր եմ տանում: Ուտուշ-խմուշների սեղաններից, հատկապես հարսանյաց հանդեսների, խուսափում եմ: Բռնությունն էլ ո՞նց է լինում:

Մադինայի 84-ամյա Խորեն հայրիկին հո չե՞ք մոռացել: Ժամանակը քիչ էր, մարդու ասելիքը, մեր քննարկելիքը՝ շատ: Ցույց տվեց, ներկայացրեց իր գրադարանը: Առաջադեմ է, կառչած չի, երբեք չի պարտադրում իրենը՝ ներկայացնում է: Ի՜նչ ուշադիր, բարյացկամ է լսում քեզ՝ քո ասելիքով, քեզ կարևորված ես զգում: Խոսքի մեջ առանձնացնում էր հարցեր, անցքեր, պատմություններ, որոնց՝ իմ մեկնաբանությունը նոր էր իր համար… Իր չկարդացած գրքերը, որոնք ես, որպես հղումներ, գործածում էի իմ խոսքում, ես խոստացա նվիրել իրեն. ո՜նց պայծառացավ՝ մանկան պես: Հիմա այդ գրքերն եմ հավաքում: Հայրերի, նման ավագ եղբայրների նկատմամբ պիտի ուշադիր լինենք. նրանք իրենց ներկայությամբ, իրենց պատումներով հենց կամուրջներ են ապրածի ու ապրվելիքի միջև, կյանքի հաստատունները: Ո՜նց էր Արտակ Կարապետյանը լսում իր Խորեն հորը: Երկար ու երկար, ոտքի վրա կյանք նրանց: Դուք չգիտեք, թե որքան եմ ես զգում իմ հոր ներկայությունը, նրա կարիքը:

1990-ին Խորհրդային Միությունը դեռ կար, բայց նրա մոտալուտ փլուզումը, անգամ զինված հեղաշրջման միջոցով, հնարավոր չէր կասեցնել. ներքևները՝ հանրապետությունները, իրենց նոր շարժումներով մերժում էին բոլշևիկյան կայսրությունը, որևէ ձևով կենտրոնահպատակությունը, Մոսկվան անուժ էր, չէր կարողանում որևէ ձևով ենթարկել: Հայոց համազգային շարժման վարչությունը ոչ միայն անձերի, այլև գաղափարների մի խառնակույտ (կոնգլոմերատ) էր. «Ղարաբաղ» կոմիտեն, որ և՛ կար, և՛ չկար, չէր թողնում, որ ինքնուրույնանար վարչությունը, քաղաքական կազմակերպություն-կուսակցություն ձևավորվեր՝ ազատ «Ղարաբաղ» կոմիտեի՝ պահանջատիրական շարժման շրջանի բեռից, գործելու ձևից… Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին որոշման կարիքը, որը 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ ընդունել են[1] զանգվածների իներցիոն ճնշման ներքո, ոչ միայն չկար, ես պնդում եմ, որ այն ընդունվեց հակառակ նոր քաղաքական գծի. կրկնվում էր 1918-ի Առաջին հանրապետության պատմությունը:

ՀՀՇ-ի դաշնակցականացումը, «Ղարաբաղ» կոմիտեի հոգնածությունը երևում էր: 1990թ. Ռիգայի փետրվար-մարտի բանակցությունների ձախողումից հետո, երբ «Ղարաբաղ» կոմիտեականների պահանջով ՀՀՇ վարչությունը դադարեցրեց Ադրբեջանի ժողովրդական ճակատի և ՀՀՇ վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող բանակցություններում մեր՝ Աշոտ Բլեյանի, Աշոտ Մանուչարյանի, Դավիթ Վարդանյանի լիազորությունները, ինձ համար պարզ էր, որ ես ուրիշ գնացք եմ նստել:

Իմ հայրենագիտական 2-րդ փուլը՝ 1990-1992 թթ, իմ այս գործնեությամբ է պայմանավորված՝ Հայաստանով մեկ ՀՀՇ-ի նախընտրական քարոզչությունն իմ ամենաակտիվ մասնակցությամբ, 1990-ի օգոստոսի 23-ի անկախ պետականության հռչակագրի, 1991թ. սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեի և 1991թ.-ի հոկտեմբերի 16-ի ՀՀ նախագահի ընտրությամբ: Հետևե՛ք իմ օրագրին, իմ բլոգապատմանը. այս 96-րդ գրով մենք մոտենում ենք ռուբիկոնին։

Հիմա ես ապրում եմ քաղաքի հանրակրթական դպրոցների երաժշտության ուսուցիչներից երգչախումբ ունենալու գաղափարով… Սա կարող է լինել իմ 60-ամյա տարելիցի (Նիկոլ Փաշինյան ջան, սա հենց տարելից է, ոչ թե տարեդարձ) մխիթարանքը, այսպիսի նվեր եմ ուզում՝ երգչախումբը պատվի իր ելույթով…

1990-ին՝ մայիսին-հուլիսին, երկու փուլով, ես ընտրվեցի Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր. դժվար ընտրվեցի. քվորումի շեմը՝ ընտրողների 50%-ի մասնակցությունը չէր ապահովվում… Պատկերացնու՞մ եք, 1990-ին, Բանգլադեշի Բ-1 թաղամասում… Է՜յ գիդի հա, Սամվել Ալեքսանյան, քանի տոկոս պետք լինի, «կխփի»… Մենք մեր նոր հանրապետության նոր ընտրողին ոգևորում էինք գաղափարով… Հայ մա՜րդ, հայ գաղափա՜ր, հայ ընտրո՜ղ… ո՞վ է ստեղծել…

Հայոց համազգային շարժում կազմակերպության վարչությունում մենք մեզ հաշիվ չէինք տալիս, որ խորհրդարանում մենք մեծամասնություն ենք կազմում, խաղաղ-արդար-հավաստի ընտրությունների արդյունքում դարձել ենք Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից ընտրված 259 պատգամավորներով բարձր իշխանություն. պիտի սահմանված ժամկետներում ձևավորենք Գերագույն խորհրդի նախագահ ու նախագահություն, հանձնաժողովներ… Գերագույն խորհրդի նախագահի ներկայացմամբ ընտրենք վարչապետ, որն էլ ձևավորի կառավարություն… Անլուրջ էինք, չէինք հավատում. պատրաստ չէի՞նք…

Խորհրդի ամենամեծ ոչ ՀՀՇ-ական թևը Հայաստանի կոմկուսը ներկայացնող պատգամավորներն էին, որ ինձ լավ էին ճանաչում՝ համատեղ ուսանողական-աշխատանքային-կուսակցական-կոմերիտական անցյալ, շփումներ… Ես խորհրդարանում յուրային էի և հաճախ, հատկապես սկզբնական շրջանում, կապավորի-միավորողի դեր էի խաղում…

Իմ 98-րդ օրա-գրային բլոգապատումը ես սկսում եմ քննարկումով։ Գիշերվա 3.30-ն է, սրանից հարմար պա՞հ դրա համար: Առաջարկում եմ սեպտեմբերի 30-ին ակումբային հավաք կազմակերպել կրթահամալիրի Մեդիակենտրոնում (Րաֆֆու 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց). առիթը 100-րդ հրապարակումն է իմ օրագրի: Կգա՞ն ընթերցողները, ժամը վեցը հարմա՞ր ժամ է այդպիսի մտերմիկ հավաքի համար: Ուզում ենք այդ օրը հավաքվածներին ներկայացնել իմ օրագրային ժողովածուները՝ կրթական-մանկավարժական, կրթահամալիր-դպրոցի, ինքնակենսագրական, Դավիթապատում, քաղաքական-հասարակական, հայրենագիտական… Գեղեցիկ սեղան-հյուրասիրություն խոստանո՞ւմ ենք որպես աչքալուսանք՝ սաղ-սալամաթ 100 գիր առանց մի կրակոցի ու արտառոց դեպքի, լավ երաժշտություն, օրագրի ընթերցումով մի փոքր ավելի կապված, հարազատացած մարդկանց մտերմիկ միջավայրում զրույց-քննարկում:
1999-ին, Նուբարաշենի կլոր բերդում, ես սկսեցի մի նախագիծ՝ վերապատմել-քննել 1985-2000 թթ. հասարակական-քաղաքական իրադարձությունները, որպես ականատես, մասնակից, գործիչ շարադրել մեր ընթացող պատմության (ոչ մի կերպ չի ավարտվում, նոր էջից սկսելու ուժ, թե բախտ, այդպես էլ չենք ունենում) անցքերը… Ձախողեցի: Երևի գործիչ լինելու հանգամանքը խանգարեց՝ ո՛չ պատմաբան եմ, ո՛չ քաղաքագետ՝ անկախ կալիբրից, մասնակից-գործիչ եմ, ու դա խանգարում է… Իմ մեծ նախագծից մնացին բերդային հոդվածներ՝ քաղաքական նամակներ «Ինչու՞ այսպես եղավ», «Տուն տունիկ, որ քանդում է մեր տունը», «Ո՞վ է մեղավոր»… Երկու տասնյակի չափ նամակներ, որ հետո իմ ընկերները հրատարակեցին՝ ինձ համար այնքան հուզիչ-սպասված «Նամակներ կալանատնից» կարմիր գրքույկի տեսքով։ Կարմիր-կանաչ-դեղին գույնի գրքույկներ… կալանատնից… Հասարակական պատվերն էլ խանգարեց. ժամանակն ինձնից պահանջում էր ընդդեմ բռնության գործող իրավապաշտպանի ելույթներ՝ ատրակցիոնները դատարանի դահլիճում, իմ հրաշագործությունները բերդում…

Հիմա էլ նույնն է։ Իմ օրագիրը ես չեմ կարող զոհել, դարձնել «Նոր ուղու» քաղաքական ծրագիր։ Ընթերցողն էլ, կարծես (ես ուշադիր հետևում եմ բլոգի մուտքերին), այդպիսի պահանջ չի ներկայացնում, բայց… Երգից բառերը դուրս չես նետի… իմ կյանքն է, որ գալիս է օրագիր. ես չեմ կարող նրանից քաղաքական իրադարձությունները դուրս նետել: Եղել է 1990-1991-ը, երբ ես քիչ է՝ մեծացող, կայսրություն դարձող կրթահամալիրի տնօրեն էի, Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ, Կտրիճ Սարդարյանի հետ «Նոր ուղու» ներկայացուցիչ հայ նոր քաղաքական կյանքում… Թեթև տարեք. պատմեմ, մի՛ նեղացեք ու մի՛ ընդհատեք ընթերցումը…
Համբարձումին տրված էր ընտրելու հնարավորություն, և մի օր կրթահամալիրի տնօրենի սենյակ մտավ իմ համալսարանական-կոմերիտական շրջանի հեղափոխական ընկերը, պատմաբան-ազգագրագետը, ում հետ աշխատել էինք թիվ 10 դպրոցում հայագիտական դասարանները բացելիս, թիվ 183 դպրոցում մեր խորհրդատու-ուսուցիչը… Իմ հարյուր տարվա ընկերը՝ մեր Համբոն, Երևանի քաղաքագլուխը: Համբոն որպես ընկեր՝ խնդրեց, հիմնավորեց, որ ես լինեմ իր հետ Երևանի, հանրապետության, շարժման համար այս բարդ շրջանում, և որպես քաղաքապետ՝ առաջարկեց ղեկավարել կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի բնագավառները: Ես քաղաքականության մեջ էի։ 1991թ. հունվարին, ոչ հեշտությամբ, ինձ՝ Նոր ուղու հայտնի գործչին, կար լուրջ դիմադրություն և՛ ՀՀՇ-ի, և՛ հակաՀՀՇ-ի շրջապատում, ես ընտրվեցի Երևանի փոխքաղաքապետ: Ինչպես պայմանավորվել էինք նաև ՀՀՇ վարչությունում, ես ցանկացած պահի կարող էի թողնել իմ պաշտոնը և վերադառնալ կրթահամալիր… Կրթահամալիրում ես տնօրենի պաշտոնն ի պահ հանձնեցի Գևորգ Հակոբյանին՝ իմ հարյուր տարվա հավատարիմ ընկերոջն ու սանիկին, կրթահամալիրի փոխտնօրենին, մեր վարժարանի այսօրվա ղեկավարին…

Այդպիսի շրջան 1991-ին եղավ։ 1991-ին Աշոտ Մանուչարյանը Հայաստանի Ներքին գործոց նախարարն էր՝ մեր շատ սիրելի Կարապետ Սիմիդյանի թիկնապահ հովանու ներքո, Աշոտ Դաբաղյանը՝ Հայաստանի Լուսավորության նախարար Արեգ Գրիգորյանի 1-ին տեղակալը, Աշոտ Բլեյանը՝ Երևանի փոխքաղաքապետ: Ի դեպ, «Պոլիտեխնիկի» պրոռեկտոր, դասախոս, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը կրթահամալիրի խորհրդի անդամ է, մեր 4-րդ, 5-րդ դասարանցիներ Վիկտորյա Անի և Մարկ Միկաիլիների պապիկը… Գևորգ Հակոբյանն ընտրվեց «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի տնօրեն և պայման դրեց, որ աշխատելու է մինչև իմ վերադարձը։ Որոշում կայացնողները քաղաքապետարանում իմ աշխատանքը դիտում էին որպես գործուղում և մաղթեցին շուտափույթ և բարեհաջող վերադարձ։

Իսկ տեղն եկել է, ասենք: Աշոտ Մանուչարյանը շատ կարճ աշխատեց Ներքին գործոց նախարարի պաշտոնում… Այս մի Աշոտը, գիտեք, հայտնի էր իր բացառիկ օրինավորությամբ՝ և՛ աշխատանքում, և՛ անձնական կյանքում. չէր ծխում երբեք, չէր խմում, կանանց հետ սիլի-բիլի չէր անում, չէր հայհոյում երբեք։ Միակ «խուլիգանական» խոսքը, կասեր Դավիթը, որ լսել եմ Աշոտից, իսկ ես նրան հանդիպել եմ 1972-ից՝ ֆիզիկայի ֆակուլտետում.

– Դաբաղյան, դու սրիկա ես…

Որպես Երևանի փոխքաղաքապետ՝ պետական պատվիրակության կազմում իմ առաջին այցելությունը արտասահման՝ Մոսկվա-Հռոմ-Վենետիկ-Սուրբ Ղազար էր. ես ուղեկցում էի Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նրա օգնական Ալեքսանդր Արզումանյանի հետ: Տեր-Պետրոսյանի հետ հեշտ է, թեթև է ճամփորդելը. նա մարդ է, ով իր մտավորական (Մատենադարանի գիտնական-քարտուղարի, գիտաշխատողի) կենցաղը չփոխեց այդպես էլ, ինչքից, ուտուշ-խմուշից հեռու, ինքն է ու իր սուրճ ու ծխախոտը, բացառիկ հումորով, ընկերների նկատմամբ ուշադիր… Տեր-Պետրոսյանի առաջարկով Սուրբ Ղազարում՝ Մխիթարյանների հարկի ներքո, ես մնացի մի քանի օր… Երբեք չեմ մոռանա, որ միաբանությունում ես ապրել եմ, գիշերել Ղևոնդ Ալիշանի առանձնասենյակում, իսկ ինձ մշտապես ուղեկցում էր վաղամեռիկ տաղանդավոր գրող-թարգմանիչ-խմբագիր Զուլալ Գազանչյանը:

Գիտեի, որ փոխքաղաքապետի պաշտոնում կարճ, շատ կարճ եմ աշխատելու. ես ինձ գիտեի, Համբարձում Գալստյանին… Որքան սիրելի՝ շատ էին տարբեր մեր պատկերացումները՝ քաղաքի և ինձ վստահված ոլորտի զարգացման, դրա կառավարման, Հայաստանի կառավարության ու նրա գերատեսչությունների հետ հարաբերությունների մասին… Ահա ինչու՝ չարեցի ոչինչ, որ կիսատ կմնար՝ վստահ, որ շատ շուտով ինձնից հետո գալու են մարդիկ, որ հակառակն են անելու… Ես չփոխեցի անգամ իմ ծառայական մեքենան, վարորդին, օգնականին, քարտուղարին… Ես բաց էի, մատչելի յուրաքանչյուր քաղաքացու, մշակութային, կրթական, մարզական հաստատության աշխատողի համար… Համբարձումը սիրելի է եղել, մարդկային, ուշադիր իմ նկատմամբ միշտ, մինչև մեր համատեղ աշխատանքի վերջին օրը. վստահ եմ, որ իմ հեռացումն անակնկալ էր ոչ միայն քաղաքապետարանի աշխատողների, այլև նրա համար… Համբարձումի՝ 1994թ. դեկտեմբերի 19-ի սպանությունը ինձ համար եղբոր կորուստ էր…

1991թ. սեպտեմբերի 4-ին՝ իմ ծննդյան օրը, քաղաքապետի ավանդական մեծ խորհրդակցության ժամանակ շնորհակալություն հայտնեցի, հրաժարական ներկայացրի և հայտարարեցի կրթահամալիր վերադառնալու իմ որոշման մասին՝ նվեր ինձ, իմ ընկերներին, սաներին… Ժամեր հետո ես կրթահամալիրում էի. ինձ առաջին դիմավորողը Գևորգ Հակոբյանը եղավ…

– Արի, քավոր ջան, կրթահամալիրդ սաղ-սալամաթ հանձնում եմ… Կրթահամալիրում տոն էր, այնպիսին, որ միշտ քեզ հետ է լինում:
Այսպիսի տոն եղել է և 2001թ.-ի հուլիսյան օրը, երբ ես Սովետաշենի կլոր բերդից հետո մտա Մայր դպրոց… Շնորհակալ եմ, ինչպես շնորհակալ եմ երեկվա լիքը-թեթև ուրբաթ օրվա համար…

Ես սիրով դիմավորեցի, ուղեկցեցի կրթահամալիրով Սևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի սովորողների և ուսուցիչների մեծ խմբին՝ մեր աշնանային ստեղծագործական հավաքի 5-րդ օրվա ոգևորված մասնակիցներին։ Հետո ընդունեցի Բուենոս Այրեսի մխիթարյաններին. սա ավանդական, տոնական սպասված հանդիպում է: Տեսնում եք՝ թե կրթահամալիրում ինչքան ճանապարհներ են խաչվում։ Իսկ բոլոր մխիթարյանների, բոլոր սեբաստահայերի, մեր բոլոր հայրենակիցների համար մենք կենտրոն ենք դառնում. և 1991-ին Սուրբ Ղազարում ես այսօրվա մասին էի պատմում։ Այն ժամանակ էլ, հիմա էլ, անհավատալի է թվում, բայց, ահա, փաստ է…

Բարի առավոտ: Ես այսօր գրում եմ լույսով. այդպես ուզեցի: Կիրակի, անձրև… Երաշտն այս` ամբողջ ամառ-սեպտեմբեր ձգված, քանի՜ բույսի ու ծառի կյանք տարավ: Երևանում անձրևը երբեք անտեղի-ավել չի լինում: Ահա ինչու՝ ես անձրևանոցի իմաստը չեմ ընկալում: Շռայլություն է:
Սկզբում գրեցի ահա այս թռուցիկը, ուղարկեցի Արմինե Թոփչյանին… Վատ է զգում, հիվանդ է: Գոնե ուրիշ առիթ մտածեք աշխատանքի չգալու, թե չէ… է˜, առողջ եղեք, իմ 100-րդ գիրն էլ այս` ձեզ բալասան:

1991-ի սեպտեմբերը` իր 21-ի Անկախության հանրաքվեով, դրան նախորդող սեպտեմբերի 20-ի Ազատության հրապարակի տոնախմբությամբ, տոնի պատրաստության օրերով, իմ գիտակից կյանքի ամենավառ ամիսն է:

Գաղափարը, կարծեմ, Վանո Սիրադեղյանինն էր. Հայաստանի չորս ուղղությամբ՝ արևելյան, արևմտյան, հյուսիսային և հարավային կողմերով, նո՛ւյն օրը, նո՛ւյն ժամին Ազատության հրապարակից դուրս եկավ չորս ավտոշարասյուն: Անկախության մունետիկ-գործիչներով, լրագրողներով, երաժիշտներով, պարախմբերով, տրիբուններով: Օր ու գիշեր եղանք շեներում՝ մարդկանց զարթուն պահելու համար: Հարավային կողմ շարժվող շարասյան պատասխանատուն էի ես` իմ ընկերների հետ: Երևանից մինչև Ղափան, Քաջարան ու Մեղրի, Գորիս ու Սիսիան, Վայք ու Ջերմուկ, Մալիշկա, Եղեգնաձոր ու Արարատ… «Այո» էին ասում ու խնդում սարերը, ձորերը, հովիտները, դաշտերն ու այգիները: Ցնծում էին բոլոր շեները, բոլոր տարիքի ու հայացքի մարդկանցով լեցուն հրապարակները:

Այո՛, ազատ Հայաստան, երբ չկան ծանոթ ու անծանոթ, դիրք ու տարիք, բոլորը, որպես հասարակ մարդիկ, ունակ՝ ձևավորելու, դառնալու, լինելու, գործելու, որպես հասարակություն: Հասարակ և ունակ. ես երբեք սա չեմ մոռանա: Տոն պարգևել, տոնականություն հաղորդել Անկախության հանրաքվեին, որ ծիսակարգին այս կանխորոշված, անայլընտրանք «Այո»-ին այս ուրիշ ոչինչ չկպչի, որ ազատության գաղափարով համակված հայաստանյան մարդը սեպտեմբերի 21-ին իր քվեարկությամբ հաղորդակցվի հավաքանիին՝ հասարակությանը: Հասարակ մարդկանց հաղորդակցության օր լինի: Այդպես էլ եղավ: Սեպտեմբերի 20-ին, երեկոյան չորսի-հինգի մոտ, ահա այսպիսի անսովոր «բեռով», մեր քարավաններն սկսեցին հավաքվել ու հավաքել տոնական բազմություն Ազատության հրապարակում` ծո˜վ բազմություն: Վանո Սիրադեղյանի որոշմամբ ես դարձա այս հավաքի ղեկավարը: Ոչ ոքի մոտ չթողեցի, մենակ ու ինքնուրույն, ինքնամոռաց, որ դրանով համակեմ յուրաքանչյուրին, որ անպայման տոնը կայանա, որ ուրիշը չկարողանա փչացնել: Ծովի պես ծփացող Ազատության հրապարակ, որ կարողանում էր ծովի պես խաղաղվել, լռել, լսել ու պայթել, որ արձագանքում էր ինձ, որպես հարազատ մարդ: Միասին տոնեցինք, ցնծացինք. անկախության «Այո»-ն որպես ցնծություն կար հրապարակում: Ոգևորվածությունն այնքա՜ն մեծ էր, նույնքան անափ՝ գայթակղությունը: Որքա՜ն կուզեի ունենալ ամբողջի տեսագրությունը:

Ես հավատում էի, որ անկախ պետականության քաղաքացի-հիմնադիրների, որն էր Հայաստանում ամեն մի չափահաս մարդ` հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական Հայաստանի իր քվեով, սեպտեմբերի 21-ի հանրաքվեով հավաքական ու ստեղծագործ աշխատանքի շրջանն է սկսվում: Ես, իմ կրթահամալիրը, իմ հարազատները այսպիսի՛ Հայաստանի պահանջ ու պատրաստություն ունեինք: Խորհրդային Միությունը չկար՝ և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո. վախի խնդիր էլ չկար, ո՛չ էլ դեմ կար: Մնում է` մարդու ներսում լիներ անցումը-բեկումը` այլոց ուղղված պահանջատիրական խորհրդայինից դեպի իր նոր ծնունդով պայմանավորված իր նոր անելիքը որոշող, ազատ, ստեղծագործ աշխատանք: Ահա, ա՛յս էր խորհուրդը հանրաքվեի` որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր ծես:

2014-ի սեպտեմբերի 22-ին ես` իմ ընտանիքով, Վահրամ Մարտիրոսյանը` իր ընտանիքով, թվով ութ սեբաստացի, ժամը 18:00-ին վերադառնում ենք կարմիր մեքենայով Բանգլադեշից: Բոլորս էլ` վաստակած-հոգնած, առավոտյան կրթահամալիրի Բանգլադեշ վերադառնալու մեր ընտրած սովորույթով: Էջմիածնի խճուղով թեքվում ենք, անցնում Հաղթանակի կամրջով, ու ես խնդրում եմ կանգառ թույլատրելի մասում: Օրինավոր է պետք լինել միշտ: Կարևոր-անկարևորը, «դե լավ, էլի»-ն, սրա համար չէ: Դավթի հետ քայլում ենք մինչև կամրջի կենտրոն: Երևաց Արարատը՝ մեծ ու փոքր սարերով: Կարկամեցնող գրավչություն ունի այս բիբլիական լեռը… ու մենք Դավթի հետ լռում ենք: Ես նույն լրջությամբ, կարևորությամբ, ինչպես 1991-ի սեպտեմբերի 20-ի Ազատության հրապարակում, ասում եմ.
– Ահա, Հայաստանի Հանրապետությունը` իր ունեցածով-չունեցածով, արածով-չարածով, իմն է, քո՛նն է, Դավի՜թ, ձե՛րն է, սեբաստացինե՜ր, դուք այս երկրի իշխանն եք ու նրա ծառա-վարպետը: Ահա Հաղթանակի կամուրջը, խո՜ր կիրճով անցնող Զանգուն` Հրազադանը, որ գալիս է Սևանից, ստեղծում Երևանյան լիճը, գնում, թափվում Մայր Արաքս ու Կասպից ծով, ահա, Սուրբ Սարգիսը, դաշտը Արարատյան, ահա, մայրաքաղաք Երևանը` մեր ոտների տակ, Նորագյուղի բլուրը: Դավիթ Բլեյան, սա՛ է քո Սասուն աշխարհը: Սրա պահապանն ու երկրագործն ես դու:

Ահա, այսպես նշեցինք մենք այս սեպտեմբերի 21-ը, որին նախորդեցին հարյուրավոր սեբաստացիների բարձունքների նվաճումները: Դավիթը նրանց մի խմբի հետ, Մադինայում, նվաճեց իր առաջին բարձունքը:

 

 

 

 

 

 

 

(775) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>