0

«ԵՍ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ»

Աշոտ Բլեյանը քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության կոչ է անում. «Ընտրությունը կարող է մեզ միավորել, եթե մենք խնդիր դնենք` Հայաստանում ընտրելու ազատության մեր իրավունքի վերականգնումը, եթե այն չդարձնենք դուքան, փող կամ պաշտոն մուրալու հնարավորություն: Կարող ենք այս ընտրությունն օգտագործել՝ իմաստավորելու անցած 20 տարիների մեր կյանքը եւ հաստատագրելու ապագան»,- նախագահական ընտրություններում ընտրողներին քաղաքացիական եւ քաղաքական ակտիվության կոչ անելով՝ ասում է Աշոտ Բլեյանը: Նա կարծում է , որ ընտրության իրավունքը շարունակում է հռչակված մնալ և նեղացվել-նույնացվել քվեարկության օրինականության հետ, ինչից էլ սկսվում են մեր բոլոր խնդիրները: Եթե ես ընտրող չեմ , չեմ կարող և ընտրած լինել: Ի հաստատումն, Աշոտ Բլեյանը վկայակոչում է սեփական օրինակը. «2003թ. մասնակցեցի ԱԺ ընտրություններին: Իմ մրցակիցը հայտնի Հակոբ Հակոբյանն էր, այժմ պատգամավոր: Ես տեսա, որ չեմ կարող ընտրվել, որովհետև չկա ընտրողը, ում ես պիտի ապացուցեմ, որ իրեն ավելի հարմար է այսօր ինձ ընտրելը: Ընտրելու (ընտրվելու) քաղաքական իրավունքի ոտնահարումը այլասերում է ողջ հասարակական կյանքը, և  ազատ հասարակությունը դադարում է զարգացման պատվիրատու լինելուց»: Մեր զրուցակիցն ասում է. «Մենք ՍՊԸ-ի տնօրեն կամ թաղապետ չենք ընտրում: Մենք ընտրում ենք ՀՀ նախագահ, ով իր օրինապահությամբ, կրթվածությամբ, լայնախոհությամբ նախ և առաջ դառնալու է գործուն»: Այս փուլում Աշոտ Բլեյանը կարևորում է «ընտրած նախագահ» ունենալը, քանի որ Հայաստանի առաջ կանգնած հիմնական մարտահրավերի՝ ԼՂՀ  հարցի լուծման հնարավուրությունն առանց ժողովրդի քվեի, անհնար է, «Եվ քանի որ  ընտրությունը նաև կոնկրետ է՝ առաջադրված անձերի միջև, ես քվեարկելու եմ Տեր-Պետրոսյանի օգտին և աշխատանքից ազատ  ժամանակ զբաղվում եմ նրա քարոզչությամբ»:
«Ես Լևոն Տեր-Պետրոսյանին ճանաչել եմ 1982 թվականից, երբ հայագիտական թեքումով դպրոցի փոխտնօրեն էի, ինքը՝ Մատենադարանի գիտաշխատող, 1988-ից նրա հետ եմ, որպես շարժման մասնակից: Նրա տղան սովորել է իմ դպրոցում. Ճանաչել եմ նաև ծնող Տեր-Պետրոսյանին: Եղել ենք ՀՀՇ վարչության անդամներ, ավելի ուշ՝ ես նրա կառավարության անդամ եմ եղել, և այլն: Ես այսօր վստահ ասում  եմ՝ այս 25-ից ավելի տարիների ընթացքում Տեր-Պետրոսյանը չկորցրեց իր մարդկային որակները: Կա մի  փորձություն, որին չկարողացան դիմանալ շատ ավելի համեստ պաշտոն զբաղեցնող մարդիկ, իսկ նա, իբրև պետության ղեկավար, կարողացավ հաղթահարել: Դա ազնվությունն է՝ գույքի, ինչքի նկատմամբ: Նա մնաց մտավորական: Հայաստանի ունեցվածքի բաժանման այդ բարդ շրջանում յոթ տարի ղեկավարել ու ձեռքերը մաքուր պահելը բացառիկ բան է», – ասում է Աշոտ Բլեյանը:

Վերլուծելով քարոզարշավի առաջին շաբաթը, մեր զրուցակիցն արձագանքում է, որ «պրոցեսը քաղաքական չէ». «Ինչո՞ւ պիտի թեկնածուն շտաբներ ձևավորելիս տարածքներ վարձելու դժվարություններ ունենա, կարո՞ղ է մի քաղծառայող, գյուղապետ կամ թաղապետ, ձեռնարկատեր, պետական հաստատության ղեկավար, հեռարձակող՝ օրենքով սահմանված կարգով նյութական և ոչ նյութական ռեսուրս ներդնել և հրապարակային պաշտպանել իր նախընտրած թեկնածուին, օրինակ՝ Տեր-Պետրոսյանին: Գտնվեց գործարար-ԱԺ պատգամավոր, ով համարձակվեց իշխանականից տարբերվող անձնական դիրքորոշում ունենալ, և ում մասին անընդատ խոսվում է՝ ահաբեկման գործընթացի ոճով կամ որպես հերոսի: Նախագահի թեկնածուն պիտի տառապի՞, որ մի ջեռուցվող դահլիճ ունենա, ինչպես Արթուր Բաղդասարյանը»:

Պարոն Բլեյանն ընդունում է նաև, որ «հիմնադիր նախագահի պատասխանատվությունը մեծ է և մեղքերի սոսկ խոստովանությունը չի օգնի»: Բայց նաև ավելացնում է. «Ինչո՞ւ դառնալ անմեղսունակ. իմ չարածը, վատ արածը, սխալը բարդել նրա վրա: Ինչո՞ւ բարձրաձայն չեք խոստովանում, որ 1990-ից սկսած՝ ՀՀ քաղաքացիներս, նաև ես, որ տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել և լծակներ եմ ունեցել, որպես քաղաքացի մեր թիվ մեկ պարտկանության մեջ՝ խախտված իրավունքների ու ազատությունների վերականգման պայքարում, թերացել ենք»: Ու համոզված է, որ մեղքը քավելու լավագույն ձևը գործով այն շտկելն է: Երկարատև լռությունից, գիտական աշխատանքով արդյունավետ զբաղվելուց հետո առաջին նախագահի վերադարձը պայմանավորում է պատասխանատվության զգացումով՝ չարածը կարևորելու, այն անելու պատասխանատվությամբ: «Ես՝ որպես քաղաքացի  և հասարակական գործիչ, գործում եմ, շարունակում եմ քարոզարշավը: Երբ կգա համատեղ աշխատանքի հաջորդ փուլը, կսկսեմ ավելի լավ իրականացնել իմ իրավունքների պաշտպանության գործը: Այդ ժամանակ ավելի կոնկրետ և օգտակար կլինի թույլ տրված սխալների մասին խոսակցությունը՝ դրանք բացառելու համար»,- ասում է Ա. Բլեյանը: Տեր-Պետրոսյանի «չարածի» մեջ մեր զրուցակիցը հատկապես կարևորում է ադրբեջանցիների և թուրքերի հետ հաշտության համաձայնության հաստատագրումը, և դա է համարում մեր երկրում բաց հասարակության կայացման գրավականը: «Շարունակ գուշակում են՝ ո՞վ կհաղթի: Ինձ համար հաղթանակը նաև նոր որակի քաղաքական ընդդիմության կայացումն է: Հասարակությունը չի կարող չշահել առաջին նախագահի քաղաքական գործունեության հրապարակայնացումից: Ուզում եմ հավատալ, որ ընտրությունը ցանկացած արդյունքի դեպքում քվեարկությամբ չի ավարտվի, և ետընտրական շրջանը կդառնա հասարակական մարտահրավերների բարդությանը համապատասխան՝ նոր որակի քաղաքական ընդդիմության ձևավորման ժամանակ, որին ես կմասնակցեմ՝ իմ համեստ ուժերով»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» 2008-01-30

 

 

 

 

 

(87) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>