0

Որպես սկիզբ

ՄԵՆՔ կամ, իմ կարծիքով, ամենակենսահույզ հիմնահարցը, ինչ բնագավառի էլ որ նա վերաբերի: Իմ մեկնակետը, դիրքորոշումը, հոգսը…

ՄԵՆՔ, կամ այս ենք, այսպիսին ենք, այսպես ենք մտածում: Ուղղեք մեզ, շտկեք, բայց ընդունեք, որ կանք ու կանք՝ այսպիսին:

ՄԵՆՔ, կամ թույլ տվեք ներկայանալ: Ներկայանալ ու ասել այն, ինչ գուցե բոլորն են (շատերը, ոմանք) մտածում, ինչը բոլորին (շատերին, ոմանց է) մտահոգում, բայց … չի ասվում…

Ու երևի թե պետք է գտնվի մեկը, որ նրանց հուզող հիմնահարցը բոլորին լսելի դարձնի:

Երևի թե, հենց այդ ՄԵԿԻ խորագիրն էլ կարելի է կոչել ՄԵՆՔԸ:

Արդեն չորս տարի մենք մեր առօրյա արածի, չարածի և անելիքի, տուր և առի բովում մտմտում ենք մեր ցանկալի, մեր հեղինակած դպրոցի կրթական նախագիծը:

Մենք հետևողականորեն, մաս-մաս փորձարկել ենք մեր հույսերի դպրոցի առանձին հանգույցներ ու տարրեր: Այսօր համարձակվում ենք ձեր դատին ներկայացնել դպրոցի կրթական գործի կազմակերպման մեր կերպը, նոր հայոց դպրոցի մեր նախագիծը:

Ահա և մեր «Հեղինակային դպրոցի» մանկավարժական նախագիծը:

Դպրոցի 80 դասարաններում այսօր սովորում են 2500 երեխաներ: Դպրոցը դեռ կմեծանա… Այսպիսի հսկա դպրոցը մանկավարժորեն անկառավարելի է. նրա առօրյա ծով-հոգսը կխորտակի ամեն մի առողջ ծրագիր: Սա է մեր մանկավարժական նախագծի սկզբնահարցը. այսօրվա հսկա դպրոցը վերածել առողջ և հզոր կրթօջախի:

Մեր տասնամյա կրթության նոր կրթօջախը կդառնա, իրոք, եռաստիճան` օրգանապես միավորելով կազմակերպորեն և լուծելիք կրթական խնդիրներով ինքնուրույն երեք դպրոց՝ Տարրական կրթության դպրոցը, Հանրակրթական դպրոցը և Ավագ դպրոցը կամ գիմնազիան: Երեք դպրոցում էլ ուսուցումը կլինի հնգօրյա և դասաժամի տևողությունը՝ 40 րոպե:

Տարրական կրթության քառամյա դպրոցի առաջին դասարանում միասին կսովորեն միկրոշրջանի 6-7 տարեկան երեխաները: Նրանց հասունությունը կորոշի կրթօջախի հոգեբանական ծառայությունը: Առաջին դասարանցիները կունենան մեկ ուսուցիչ, մեկ առարկա և մեկ միասնական դասագիրք (այսպես կոչված վերառարկայական կամ ոչ առարկայական ուսուցում): Ուսուցումն առաջին դասարանում կուղղվի երեխայի բնույթի զարգացմանը, ուսուցչի, դպրոցի և սեփական հնարավորությունների նկատմամբ երեխայի վստահության ստեղծմանը: Այսպիսի պայմաններում կվերանա դասամիջոցի գաղափարը, կսահմանվի դպրոցում աշակերտի գտնվելու տևողության չափը՝ ամեն օր չորս ժամ:

Քառամյա տարրական դպրոցը կգործի առանց գնահատանիշի: Երեխաների ընդունակությունները, կարողությունները և յուրաքանչյուր առարկայից յուրացրած գիտելիքները հանրակրթկան դպրոցի ուսուցիչները ստուգման միասնական և ստանդարտ թերթիկների (տեստերի) օգնությամբ կստուգեն չորրորդ դասարանի վերջում: Տարրական դպրոցը կունենա մեծ ինքնուրույնություն ուսումնական առարկանների բովանդակության փոփոխման գործում՝ ապահովելով հանրակրթական դպրոցի ներկայացրած գլխավոր կրթական պահանջների իրագործումը: Այս դպրոցում երեխաներին պարտադիր տնային հանձնարարություն չի տրվի. երբեմն-երբեմն նրանց կառաջարկվեն տնային աշխատանքի հետաքրքիր ձևեր:

Հանրակրթական քառամյա դպրոցում (5-8-րդ դասարաններ) ուսանելու ընթացքում աշակերտի դասարանը կփոխվի միայն իր պնդմամբ: Աշակերտների ընդունակությունները, կարողությունները, ամեն առարկայից յուրացրած գիտելիքների ստուգման և գնահատման համակարգերը կմշակեն կրթօջախի համապատասխան ամբիոնը և հոգեբանական ծառայությունը: Մայրենի լեզու և մաթեմատիկա առարկաներից երեխաների առաջադիմությունը պարբերաբար կստուգեն Ավագ դպրոցի ուսուցիչները: Գեղարվեստական (թատրոն, կերպարվեստ, երգ-երաժշտություն և պար), մարմնի կուլտուրա և արհեստագործական առարկաներից գնահատանիշ չի նշանակվի ողջ ուսումնառության ընթացքում:

Աշակերտին պարտադիր տնային առաջադրանք 5-6-րդ դասարաններում չի տրվի. դեռահասին կառաջարկվեն տնային աշխատանքի գրավիչ ձևեր: 7-10-րդ դասարաններում աշակերտն ինքը կընտրի այն երեք առարկան, որոնցից կստանա ամենօրյա տնային առաջադրանք: Հանրակրթական դպրոցը հաջողությամբ ավարտած աշակերտը կարող է կրթությունը շարունակել կրթօջախի գիմնազիայի հոսքերից մեկում՝ հանձնելով ընդունելության քննություն՝ երկու առարկայից: Քննական առարկաները, քննության բովանդակությունը, ձևը և գնահատման չափանիշները կորոշի Ավագ դպրոցի տնօրինությունը՝ ելակետ ունենալով հանրակրթական դպրոցի ծրագրերը: Գիմնազիա կարող են ընդունվել նաև այլ դպրոցների 8-րդ դասարանների աշակերտները:

Երկամյա (9-10-րդ դասարաններ) Ավագ դպրոցում կամ գիմնազիայում աշակերտները կստանան միջնակարգ կրթություն 3-4 հոսքերով՝ բնագիտական կրթության, հումանիտար կրթության, գեղարվեստական կրթության հոսքեր: Կարող է կազմակերպվել նաև իրենց հակումների մեջ վերջնականապես չկողմնորոշված պատանիների հոսք:

Ավագ դպրոցի գործունեության արդյունավետության որոշման նպատակով կրթօջախի խորհրդի կողմից յուրաքանչյուր առարկայի կամ հարակից առարկաների յուրաքանչյուր խմբի համար կստեղծվեն հասարակական-պետական մասնագիտական խմբեր, որոնց կազմում կընտրվեն մանկավարժներ, մասնագետ-ծնողներ, բուհերի և գիտահետազոտական ինստիտուտերի մասնագետներ, ուսոցիչներ: Ավագ դպրոցի գործունեության արդյունավետությունը կորոշեն այդ հանձնաժողվները՝ պարբերական ստուգումների ամբողջացման միջոցով:

Մեր կրթօջախը կլինի հասարակական-պետական կրթական հաստատություն, որը կգործի կրթօջախի կրտսերների՝ ստեղծագործող աշակերտ-անհատների միության և ավագների ազատագրված մանկավարժ-առաքյալների միության «համակեցության կոոպերատիվի» տեսքով, որպես միակ այլընտրանք այսօրվա սպառողների դպրոցի, որպես հնարավորություն՝ երեխաների ֆունկցիոնալ կրթության իրագործման համար: Մեկ-երկու տարում կրթօջախը կվերածվի գիտաուսումնական արտադրական համալիր-կրթօջախի: Այստեղ բոլորը կունենան փորձելու և սխալվելու ճանապարհով ձեռք բերվող սեփական ընտրության իրավունք և հնարավորություն:

Կրթօջախի մանկավարժներն իրենք կստեղծեն կամ ինքնուրույն կընտրեն բոլոր դասագրքերն ու խնդրագրքերը, կմշակվեն դասավանդվող բոլոր առարկաների ծրագրերը, դասավանդման և կրթական մեթոդներն ու ձևերը՝ ելակետ ունենալով գործող պետական ուսումնական ծրագրերով աշակերտին 4-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում յուրաքանչյուր առարկային ներկայացվող միասնական չափանիշ-պահանջները:

Նոր մանկավարժներով կրթօջախի համալրումը կկատարվի բացառապես մրցութային եղանակով: Կրթօջախի ղեկավարման բարձրագույն օրգանը կդառնա կրթօջախի խորհուրդը: Դպրոցների մանկավարժական խորհուրդներն ընդամենը խորհրդակցական ձայնի իրավունք կունենան: Կրթօջախի կենսագործունեության բոլոր կարևոր հարցերը կվճռի նրա խորհուրդը, որը կկազմվի չորս պալատից՝ մանկավարժների, ծնողների, հանրակրթական դպրոցի և գիմնազիայի աշակերտների, հասարակական լիազոր ներկայացուցիչների: Որևէ պալատի անհամաձայնության դեպքոմ հարցը կհամարվի անմշակ կամ չհասունացած և կուղարկվի հետագա մշակման ու կատարելագործման: Կրթօջախի տնօրենը (խորհրդի նախագահը) կընտրվի համայնքի բոլոր անդամների կողմից: Կրթօջախը կունենա իր ընտրական կարգը, սահմանադրությունը, որոնք կընդունվեն համայնքի անդամների հանրաքվեի միջոցով: Կրթօջախը կունենա իր իսկական շաբաթաթերթը, մանկավարժական ամսագիրը, երեխաների ստեղծագործությունների ամսագիրը, ռադիոհեռուստահաղորդումների կենտրոնն ու կոմիտեն, իր հրատարակչությունն ու տպարանը:

Մեր կրթօջախի իդեալը ամբողջական անհատն է՝ ինքնակատարելագործման անընդհատ մղումով, պատասխանատվության բարձր զգացումով, ինքնուրույն մտածող ու գործող քաղաքացին, որն իր ազգի մշակույթի կրողն է, օրինական ժառանգորդն ու տարածողը:

Տարրական կրթության դպրոցը կվերածվի մանուկների կենդանի և լիարժեք կրթօջախի, առավելապես ստեղծողների աշխարհի, որն ամենից առաջ կզարգացնի մանուկների ստեղծագործական սկիզբը: Ուսումնական առարկաների և մանկական գործունեության տեսակների միջև ոչ մի անհավասարություն չի դրվի: Երեխաները, խաղալով ու ստեղծելով, կյուրացնեն մայրենի լեզուն, թվաբանությունն ու ռուսաց լեզուն: Շախմատ կսովորեն խաղալ բոլորը, տիկնիկային թատրոնն ու պարը կդառնան դասացուցակային առարկա, աշխատանքի ուսուցում առարկան կվերածվի իսկական ձեռարվեստի, մարմնի կուլտուրայի ամենօրյա ժամերին երեխաները կյուրացնեն նաև մի քանի տասնյակ ազգային ավանդական շարժում-խաղեր, որպես նախասիրական առարկա երեխաները կանցնեն ֆանտաստիկա և բառախաղ, կչարչարվեն գծագրական ու բնագիտական գլուխկոտրուկների լուծման վրա: Ըստ էության առարկան կլինի մեկը՝ կյանքը, որը կքննարկվի բոլոր կողմերից, ամբողջ բազմազանության մեջ: Երեխային կառաջարկվի միայն գեղարվեստորեն արժեքավորը, կատարյալը: Մայրենի լեզվի առաջին-երկրորդ տարվա պարապմունքներին հիմնականում կօգտագործվեն մանկական ազգային բանահյուսության, դրանց դասական դարձած մշակումները և հայ դասական մանկական գրականության լավագույն նմուշները՝ բարբառների ու արևմտահայերենի առատ օգտագործմամբ:

Մայրենի լեզվի 3-րդ, հատկապես 4-րդ դասարանում ինքնուրույն և մեծ բաժնով կուսումնասիրվեն ազգային ավանդույթներն ու առասպելները, դիցաբանությունը: Գեղարվեստի խմբի առարկաների (թատրոն, պար, երգ, երաժշտություն, ձեռարվեստ, կերպարվեստ) դասավանդումն ուղղված կլինի բացառապես երեխայի գեղարվեստական երևակայության ու ստեղծագործական ընդունակությունների զարգացմանը, գեղարվեստական ճաշակի ձեռքբերմանը: Պարապմունքների անցկացման ձևը կլինի ակումբային, պայմանները՝ արվեստանոցային:

Մեր նոր հանրակրթական դպրոցում (5-8-րդ դասարաններ) դեռահասի անցկացրած ժամանակը ոչ թե կդիտվի ապագա մեծ կյանքին նրա նախապատրաստության շրջան, այլ դեռահասի հենց իրական կյանքը: Դասական ճշմարտություն է՝ կրթությունը առօրյա կյանքում գիտելիքների գործածման արվեստի տիրապետումն է: Մեր հանրակրթական դպրոցի գլխավոր հոգսը կլինի դեռահասի ինքնաիրագործման համար լիարժեք պայմաններ ստեղծելը: Այսպիսի հարցադրմամբ դպրոցում դեռահասի գործունեության գնահատման գլխավոր չափանիշը կդառնա անձի զարգացումը:

Մայրենի լեզու, գրաբար, ռուսաց լեզու, պատմություն, մաթեմատիկա, բնագիտություն, մարմնի կուլտուրա առարկաների պարապմունքները կանցկացվեն ժ. 8.30-13.00-ն, իսկ արհեստագործության, գեղարվեստ շարքի և աշակերտի ընտրությամբ առարկաների պարապմուքները շատ ավելի անկաշկանդ ու բնական պայմաններում՝ ժ.15.00-17.00: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հատուկ աշխատակագրով 5-6-րդ դասարաններում կմասնակցի թանգարանային, հնագիտական, գոյապահպանական և բնագիտական պրակտիկաների, որոնք կանցկացվեն կրթօջախի մարզարշավային կենտրոններում, քաղաքի թանգարաններում և համապատասխան կայաններում: 5-6-րդ դասարաններում հատուկ պրակտիկումներ կանցկացվեն՝ ռադիոտեխնիկայից, բուսաբանությունից ու կենդանաբանությունից: Պրակտիկումներից դուրս մնացած աշակերտները արհեստագործության մեջ կխորանան կրթօջախի «Մանչուկ» աշակերտական-ուսուցչական գործարանի 7-8 արտադրամասերում: Սրան զուգահեռ 5-6-րդ դասարաններում ընթացող բնագիտություն առարկան կբավարարի դեռահասի բնական հետաքրքրությունը՝ բնության մեջ ընթացող երևույթների, ինչպես նաև տեխնիկայի և տեխնոլոգիայի նկատմամբ, կլրացնի դեռահասի հիմնարար կենսափորձի պակասը, կձևավորի միասնական բնագիտական հայացք: Այս ժամերին մեծ տեղ կհատկացվի կյանքից վերցրած որակական բնագիտական խնդիրների լուծմանը, պարզագույն սարքավորում պահանջող, բայց տպավորիչ փորձերի մտահղացմանն ու իրագործմանը: Գործնական աշխատանքների ձևով մինչ առօրյա գործածության աստիճանին կուսումնասիրվի աստղագիտությունը: Ավելի ուշ՝ 7-8-րդ դասարաններում, նոր կսկսվի բնագիտական առարկաների առանձին-առանձին ուսումնասիրումը (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երկրագիտություն):

Արհեստագործության ժամերին հանրօգուտ աշխատանքի պրակտիկայում դեռահասը մոտիկից կշփվի 5-6 արհեստների (այդ թվում և ժողովրդական) հետ, իրական հնարավորություն կունենա, որպես ապագա մասնագիտություն տիրապետելու իր նախընտրած արհեստին: 8-րդ դասարանում արհեստագործության պարապմունքները կվերաճեն կենցաղավարության ժամերի, որոնք տղաներին և աղջիկներին ջոկ-ջոկ կծանոթացնեն հայոց ավանդական կենցաղին, յուրացնել կտան այսօրվա և վաղվա կենցաղի յուրահատկությունները:

Ռուսաց լեզվի ուսուցման ծանրության ուժը կտեղափոխվի անալիզից՝ սինթեզի: Հենվելով դպրոցական կյանքում ռուսաց լեզվի գործնական օգտագործման վրա, դեռահասը շատ ավելի արագ կյուրացնի գրավոր ռուսերենը, այն է՝ արագ կարդալ իրեն անհրաժեշտ նյութերը և կարդացածը հասկանալ՝ սովորույթ ունենալով օգտվել անհրաժեշտ բառարաններից:

Հանրակրթական դպրոցի կրթության արդյունքում մենք ուզում ենք ունենալ ոչ թե հնազանդ դոգմատիկներ, այլ անկախ և քննադատական մտծողությամբ, նաև զարգացած երևակայութամբ օժտված դեռահասներ. սրա համար մենք կրթական գործընթացում համարձակ ու հետևողական կօգտագործենք դեռահասի նշված որակներն ուժեղացնող միջոցներ: Մեր սանն իրավունք կունենա ցանկության դեպքում կրկնակի ծավալով մասնակցել գեղարվեստական գործունեության որևէ տեսակի՝ չմասնակցելով մյուսին: 7-8-րդ դասարաններում ուսումնական պարապմունքներից ազատ շաբաթ օրը կհատկացվի դեռահասների գեղարվեստական ու տեխնիկական ինքնակրթությանը, աշխատանքների կազմակերպման խմբակային ու ակումբային ձևերով, դրանց կազմակերպամամբ՝ մանկապարտեզի երեխաների և տարրական դպրոցի սաների համար:

Աշխարհի (այդ թվում մեր ազգի ու մեր երկրի) ժողովուրդների պատմությունն ու մշակույթը կուսումնասիրվի իր բոլոր դրսևորումների մեջ:

Մայրենի լեզվի ուսուցումը կտարվի բացառապես լեզվի և գրականության միասնականացման ճանապարհով: Գրականության ընթերցումը առաջին հերթին պիտի բերի դեռահասի մեջ այնպիսի ընթերցողի արթնացմանը, որն ընդունակ է մասնակցել բանավեճին: Գրավոր խոսքի զարգացման ամբողջ աշխատանքը կտարվի ընթերցվող բարձրարժեք գրական տեքստերի վրա: 5-րդ դասարանում կսկսվի արևմտահայերենի ուսուցումը: Մեր սանը կառաջնորդվի «մի ժողովուրդ, մի լեզու, մի գրականություն» նշանաբանով: Ինքնուրույն և մեծ բաժնով աշակերտները կշարունակեն բանահյուսության և բարբառների ուսումնասիրումը: 5-րդ դասարանում սկսվող գրաբարի ուսուցումը կշարունակվի մինչև 8-րդ դասարան:

Յուրաքանչյուր դեռահաս անպայման անկրկնելի անհատականությամբ անձնավորություն է: Ահա այս անհատականության յուրահատուկ արժեքը կպահպանվի ու կհարգվի մեր հանրակրթական դպրոցում: Մեր յուրաքանչյուր դեռահաս կշարժվի իր սեփական ուղիով ու կսովորի իրեն յուրահատուկ տեմպով:

5-րդ դասարանից սկսած մաթեմատիկայի ուսուցումը մեր դպրոցում կընթանա երեք հոսքով, նույն ժամաքանակի պայմաններում կապահովվի յուրացման երեք մակարդակ: Հոսքերի ընտրությունը կկատարվի աշակերտի ցանկությամբ՝ հաշվի առնելով նրա մաթեմատիկական պատրաստվածությունն ու ընդունակությունները: Ուսումնական տարվա ընթացքում կանցկացվեն ստուգումներ (3 ամիսը մեկ անգամ), որոնց արդյունքներով աշակերտին հնարավորություն կընձեռվի փոխել հոսքը: Նույն մոտեցմամբ 7-8-րդ դասարաններում կդասավանդվեն  նաև ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը: Հաշվի առնելով աշակերտի լեզվական ընդունակություններն ու պատրաստվածությունը, ռուսաց լեզվի ուսուցումը 5-8-րդ դասարաններում կտարվի երկու մակարդակով: Անգլերեն լեզվի ուսուցումը կկազմակերպվի արտաուսումնական խմբակների ձևով, միայն այն աշակերտների համար, ովքեր ռուսերեն լեզվի յուրացման գործում ունեն նկատելի հաջողություններ: Մարմնի կուլտուրա առարկայի պարապմունքներին մեր աշակերտներին հնարավորություն կտրվի ընտրել ուսուցչին, պարապմունքներին հագեցվածության աստիճանը և տեսակը: 5-րդ դասարանից սկսած հնարավորություն կտանք ուսուցիչներին իրենց օժտված սաներին առաջ մղել բնագիտության, հումանիտար կրթության, գեղարվեստի և արհեստագործության ուղղություններով:

Մասնագիտական կրթության յուրաքանչյուր հոսքի՝ բնագիտական, հումանիտար, գեղարվեստական կրթության և չկողմնորոշվածների ուսումնական պլանը բաղկացած կլինի երեք բաժնից. պարտադիր առարկաներ, առարկաներ պատանու ընտրությամբ և «մասնագիտության հիմունքներ» առարկայից: Պարտադիր առարկաներ բոլոր հոսքերում սովորող պատանիների համար կլինեն մայրենի լեզուն և գրականությունը, ռուսաց լեզուն և գրականությունը, ֆիզիկական կուլտուրան, պատմությունը, ռազմական գործը (տղաների համար) և նախապատրաստություն ընտանեկան կյանքին (աղջիկների համար): Գեղարվեստական ու հումանիտար կրթության հոսքերի համար պարտադիր կլինի և բնագիտություն առարկան: Պարտադիր առարկաները կուսումնասիրվեն միասնական ծրագրով՝ տվյալ առարկային ներկայացվող պետական չափանիշների պարտադիր պահպանումով:

Մեր սանին հնարավորություն կտրվի «Առարկաներ աշակերտի ընտրությամբ» շարքից ուսումնասիրել մինչև 3-4 առարկա: Այդ առարկաների՝ հատուկ կուրսերի, ծրագրերը և ձեռնակները կմշակվեն կրթօջախի համապատասխան ամբիոնների կողմից՝ հաշվի առնելով նաև պատանու ապագա մասնագիտությանը ներկայացվող պահանջները: Հոսքի սովորողների ցանկությամբ կարող են մտցվել նաև նոր կուրսեր: Հումանիտար կրթության հոսքի սովորողներին, օրինակ, կառաջարկվեն մշակույթի պատմություն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներ, մայրենի լեզվի քերականություն, դիցաբանություն, հնագիտություն և ազգագրություն:

Մասնագիտական հիմունքներ առարկայի ժամերը աշակերտը դպրոցի գործուղմամբ կանցկացնի իր ապագա մասնագիտության կենտրոններից մեկում՝ իրական պայմաններում շփվելով իր ապագա մասնագիտության տեր անձանց հետ, բնական շփման ընթացքում տվյալ հիմնարկի կողմից առանձնացված բարձրակարգ մասնագետի ղեկավարությամբ յուրացնելով մասնագիտության հիմունքները:

Եթե բոլոր դպրոցները միանման են՝ վատ է: Լավ դպրոցներ ունենալու համար պիտի իրար կողքի կենսագործեն կրթական գործի կազմակերպմամբ տարբերվող նախագծերով դպրոցներ:

Ի՞նչն է մեզ մխիթարում և հուսադրում: Այս նախագիծը ծնվել է մեր դպրոցում, նրա ծնունդը օրինական է ու տրամաբանական: Նախագիծը վերջնականորեն ձևավորվել է դպրոցի մանկավարժական ասուլիսի ակումբում՝ ծնողների, աշակերտների, մանկավարժների ու հասարակության ամենատարբեր ներկայացուցիչների տեսակետների ազատ խաչաձևման պայմաններում:

Առաջարկվող կրթական նախագիծը իրականացնելի է, քանզի որպես իրական հող ունի մեր տենդոտ փորձը, մեր դպրոցի շնորհաշատ ու խանդավառ մանկավարժ-հետազոտողներին, այն մեր՝ տարիների տքնանքով ստեղծածի զարգացումն է, ամբողջացումն է և իմաստավորումը, բայց արդեն այլ մակարդակի վրա: Մեզ ուրախացնում է նաև, որ մեր մոտեցումը շատ ընդհանուր գծեր ունի ուսուցչական համագումարի կողմից երաշխավորված և Դնեպրովի հեղինակած դպրոցի կոնցեպցիայի հետ:

Մեզ, իհարկե, օգտակար է նաև ձեր՝ բոլորիդ կարծիքը:

 

«Ավանգարդ» թերթ, 15 մարտի, 1989թ.

Երևանի № 183 դպրոցի դիրեկտոր

Աշոտ Բլեյան

(105) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>