0

Իրենց վերարտադրությամբ զբաղված լինելով բուհերն այժմ ուսանողների պակասի պատճառով խնդրի առաջ են կանգնել

Բուհերն ուսանողների քիչ քանակության պատճառով խնդիրների առաջ են կանգնել՝ կարող է նաև պրոֆեսորադասախոսական կազմի օպտիմալացում լինել: Այս մասին ահազանգում  են բուհերի ռեկտորները: Մտավախություն կա, որ այս պատկերը կարող է ազդել նաև կրթության որակի վրա: 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը խնդիրը տեսնում է, սակայն այլ բանի վրա է ուշադրություն հրավիրում: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ բուհը վաղուց գիտեր, թե ինչ է կատարվում, սակայն կտրվել էր հասարակական կյանքից՝ ասելով, թե քաղաքականության հետ գործ չունի, զբաղվում է կրթությամբ: Նրա գնահատմամբ՝ մեծ անջրպետ կա դպրոցի և բուհի, բուհի ու կյանքի մեջ:

«Բուհերը զբաղված էին իրենց վերարտադրմամբ, հիմա պարզվում է, ոչ չեն կարող վերարտադրվել, որովհետև ուսանողների թիվը նվազել է: Թող մտածեն նոր ծառայություններ, իրենք թող առաջարկեն, լուծումներ գտնեն: Բուհերը նրա համար են ստեղծված, որ լուծումներ գտնեն, հակառակ դեպքում ինչպե՞ս են մասնագիտական կրթությամբ զբաղվում: Ասում էին՝ քաղաքականությամբ չենք զբաղվում, մերը կրթություն է, բա հիմա ինչո՞ւ չեն զբաղվում, որովհետև քաղաքականությունը հասավ իրենց տուն: Եթե այս բարդ իրավիճակից չեն կարողանալու դուրս գալ, ապա թող փակվեն: Ի՞նչ է, կարծում էին, որ ձեռնարկությունները փակվելու էին, մարդիկ արտագաղթեն, իսկ իրենք ուսանող ունենան: Առաջ բուհերն իրենց գլուխն էին պահում, հիմա չեն կարողանում, իհարկե, խնդիրը նրանց տուն էլ էր մտնելու: Փրկության գործը խեղդվողինն է, ժամանակին թող մտածեին կամ էլ հիմա քայլեր ձեռնարկեն»,- ասաց նա:

Աշոտ Բլեյանը հարցադրում արեց, եթե ինչ-որ բուհեր 10 տարով փակվեն, ի՞նչ մասնագետի խնդիր կարող ենք ունենալ: Ինքն իր հարցին պատասխանելով ասաց, որ լինելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, խնդիրը որպես գործատու է դիտարկում և գտնում է, որ բուհն իրեն համապատասխան մասնագետ չի տալիս: Նա չի կարծում, թե ուսանողների պակասը կրթության որակին կվնասի, ավելին՝ պնդեց, թե դիպլոմավոր մարդկանց քանակը չի կարելի մասնագետի հետ կապել: Նրա խոսքով՝ ինքն իրականացնում է մասնագետների վերապատրաստում, որպեսզի նրանց միջից կարողանա առանձնացնել այն մասնագետներին, որոնք կարող են հեղինակային կրթական ծրագրով աշխատել, դասընթաց մշակել ու տարածել:

«Միշտ դիպլոմավոր մարդկանց քանակը կապում են մասնագետի հետ: Եթե մենք ունենք գործազրկության աճող թիվ, անընդհատ որակյալ մասնագետների արտագաղթ, ի՞նչ է տալու նոր մասնագետների առկայությունը: Եթե մասնագետն ավարտում է ու աշխատանք չի գտնում, ի՞նչ եք ուզում, բուհի համար մսաղա՞ց լինի։ Եթե ծնելիությունը կտրուկ նվազում է, բուհե՞րն են կարևոր, մենք ինչո՞ւ ՀՀ-ում ապրելու մասին չենք մտածում, թե ծնողի պահած 5 տարվա կոպեկը տանում են դիպլոմ ստանում»,– ասաց նա:

Աշոտ Բլեյանի խոսքով՝ մասնագիտական կրթության համակարգը «դանդալոշ ու խայտառակ վիճակում է»: «Նայում ես մանկավարժի որակավորում տվող բուհերի քանակը, ավարտող մասնագետների քանակը և զարմանում ես, թե այդ դեմոգրաֆիական պայմաններում, այդքան մանկավարժի որակավորում ունեցող անձն ինչի՞ համար է, հանրապետությունը կարիք ունի՞, թե՞ չունի: Մյուս խնդիրն այն է, որ եթե նրանք հետազոտական աշխատանք չեն կատարում , ապա հետագայում ինչպե՞ս են նոր ծրագրեր յուրացնելու»,- ընդգծեց նա։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենին զարմացնում է, թե ինչու տեխնիկական կրթությամբ մարդիկ չեն կարող աշխատել դպրոցում, երբ դպրոցը մեխանիկական կրթության կարիք ունի: Բլեյանն անհիմն է համարում պատճառաբանությունը, թե ինժեները, կիբեռնետիկը ուսուցչի որակավորում չունեն, քանի որ կարծում է, որ նրանք մի քանի ամսում կարող են վերապատրաստվել.«Հակառակ դեպքում մենք կխոսենք բնագիտական, տեխնիկական կրթության կարևորության մասին, սակայն արդյունք չի լինի: Ինձ ուղարկեք 10 լավ տեխնիկական ստեղծագործության ինժեներ, երաշխավարում եմ, որ կվերցնեմ աշխատանքի, դրանք չկան, կան դիպլոմավոր մարդիկ, որոնք անհասկանալի է, թե ինչ են սովորել և ինչ կարող են անել: Մասնագիտական կրթությունը կաղում է, մեղմ ասած, լավ վիճակում չէ»։

Վերջինս, անդրադառնալով բուհերի ռեկտորների դժգոհությանը, թե աշխատաշուկան իրենց հետ չի համագործակցում, ընդգծեց, թե աշխատաշուկան տեսնում է, որ բուհը մասնագետ տալով չի զբաղված, քանի որ դիպլոմով մարդ տալը դեռ չի նշանակում մասնագետ պատրաստել: Ինչ վերաբերում է ուսանողների քանակի պակասով պայմանավորված դասախոսական կազմի կրճատմանը, Աշոտ Բլեյանն ասաց, թե հարց է՝ արդյոք կրճատումները լինելո՞ւ են առողջացման ծրագիր, թե՞ ոչ:

«Հնարավոր է՝ ընդունակ անճարը գնա, սակայն մնան չգիտեմ, թե ովքեր: Թող բուհը նայի իր բյուջեն, հասկանա, թե ինչ ծախսեր է անում, նոր գործընկերներ գտնի, ինչո՞ւ չէ արտադրություն տա՝ ուսանողներին ներգրավելով: Բուհը նաև պետք է ցույց տա, թե իր նախկին ուսանողները որտեղ են աշխատում, ինչը չկա: Կառավարության առաջանային խնդիրը մասնագիտական կրթության մատյան վարելն է, ռեգիստր ունենալ, թե բոլոր մասնագիտական հաստատություններն, այդ թվում նաև քոլեջները և այլն, անուն-ազգանունով, հասցեով, տարեթվով գրված լինի, թե ինչ են աշխատում ուսանողները»,- եզրափակեց Աշոտ Բլեյանը:

Անի Օհանյան

tert.am

(6) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>