0

ՊԱՏԵՐԱԶՄԻ  ՀՐԴԵՀԸ  ՀԱՆԳՑՆՈՒՄ  ԵՔ   ԱՅՆ ԲՈՐԲՈՔԵԼՈ՞Վ

1992թ դեկտեմբերի 11-ին, 12-ին գորիսեցու եւ կապանցու ողբերգությանն ականատես, թվում է` նոր ոչինչ չպիտի ունենայի ասելու… Ավա՜ղ:

Հունվարի 2-ից 6-ը ես եղա Հայաստանի Կրասնոսելսկի, Նոյեմբերյանի, Իջեւանի ու Տավուշի շրջաններում, տասնյակ հանդիպումներ ունեցա այդ շրջանների սահմանամերձ գյուղերի ու ավանների (Ճամբարակ, Ոսկեպար, Վազաշեն, Պառավաքար, Բերդ եւ այլն) բնակչության, ինքնապաշտպանության ուժերի մարտիկների ու իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այն, ինչ ես տեսա այդ օրերին Բերդում կամ Կրասնոսելսկում, իսկ դրանից առաջ Կապանում կամ Գորիսում, ոչնչով չի հիշեցնում մեր մամուլով կամ հեռուստատեսությամբ հայտարարվող, հանրապետության իշխանությունների կողմից ներկայացվող ու երեւանցիների կողմից ընկալվող իրականությունը:
Իրականությունը շատ ավելի ողբերգական է ու անմարդկային: Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոր ուժով բորբոքված պատերազմի հրդեհն անում է իր «սեւ գործը»՝ դեկտեմբեր ամսվա մի քանի օրում զոհվում են տասնյակ-տասնյակ խաղաղ մարդիկ ու զինվորներ, ավիրվում հարյուրավոր բնակարաններ, չթուլացող սարսափի տակ հոգեկան ուժեղացող ցնցումներ են ունենում սահմանամերձ գոտու տասնյակ հազարավոր քաղաքացիներ, սեփական պետության մեջ նորից բնավեր են դառնում հազարավոր ընտանիքներ:

Հայ-ադրբեջանական հակամարտության 1992թ. «թեժ ամռանը» հաջորդեց այնքա՜ն հուսադրող ու այնքա՜ն  դժվարությանբ ձեռք բերվածը՝ «խաղաղ աշունը»: Սեպտեմբերի առաջին օրերից սկսած մինչեւ դեկտեմբերի առաջին օրերը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով խաղաղ է եղել՝ հազվադեպ հրաձգություններ ու հատուկենտ զոհեր: Այս շրջանը նշանավորվեց հայ-ադրբեջանական եռանդուն բանակցություններով՝ իշխանությունների բոլոր մակարդակներով՝ գործադիր թե օրենսդիր, հանրապետական թե տեղական: Սահմանային գոտում մեր հայրենակիցներն սկսել էին տնտեսապես պատրաաստվել մոտեցող ձմռանը՝ ապահով էր թվում մարդկային կյանքը: Միայն մեկ, բայց տիպիկ օրինակ: Հինգ հարյուր տնտեսությամբ Տավուշի Պառավաքար գյուղը, որ օգոստոս ամսվա վերջին, թվում էր, պիտի ամբողջությամբ դատարկվեր, նոյեմբերի 20-ին հարեւան Աղստաֆա շրջանի Թաթլու գյուղում լրջորեն քննարկում էր երկարատեւ խաղաղության հաստատման պայմանավորվածություններ… Մոտ էր թվում Ղազախով եւ Նախիջեւանով հաղորդակցության վերականգնումը: Ղազախի եւ Նախիջեւանի գոտում խաղաղության հաստատման բոլոր հիմնական հարցերը համաձայնեցված էին պետական ամենաբարձր մակարդակով: Թվում էր՝ հայ-ադրբեջանական հակամարտության ու Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորման ուղղությամբ վճռական ու հստակ քայլեր կատարելու համար պայմանները հասունացած էին:

Սակայն հայկական պետական զինուժի դեկտեմբերի 10-ի Զանգելանի ռազմական գործողություններն ու դրանց հաջորդած դեպքերը փշրեցին ամեն մի պատրանք: Հայաստանի Հանրապետության նախագահը, Գերագույն Խորհուրդը, կառավարությունն ու Ազգային անվտանգության խորհուրդը  ոչ միայն  չեն հաղթահարել Ղարաբաղի խնդրի կարգավորման երկվությունը՝ շարունակ գործելով երազողպահանջատիրության ու երկչոտ իրատեսության սահմաններում, այլեւ կողմնորոշվում են ունեցած իրականության պահպանման նկատառումներով: Հանրապետության նախագահը նորից հետին թվով  ու նորից նշանակություն չտալով կատարվածին, սառնասիրտ համոզեց հասարակությանը, որ հանրապետության քաղաքական կյանքի ապակայունացմանը ձգտող ուժերը, թե´ ձախից, թե´ աջից, հերթական անգամ խափանեցին Հայաստանի իշխանությունների գերագույն ջանքերով ստեղծվող խաղաղ կարգավորման ընթացքը: Իսկ դեպքերի ռազմականացումից «խիստ անհանգստացած» միջազգային հանրությունն այս անգամ էլ (ո՜րերորդ անգամ) Բուշ-Ելցինի բերանով հակամարտ կողմերին հորդորեց հակամարտությունը կարգավորել քաղաքական մեթոդներով ու ԵԱԽՀ–ի շրջանակներում՝ առաջարկելով հզորների աջակցությունը: Եվ նորից Հայաստանի նախագահն առաջինն ու անմիջապես արձագանքեց Բուշ-Ելցինի միջնորդությանը՝ հակամարտության միջազգային կարգավորմանը այլընտրանք չտեսնելով: Իսկ հանրապետության խորհրդարանի նախագահն աշխարհի մեծերի ուշադրությամբ ազգի ինքնասիրությունը շոյված տեսնելով՝ շտապեց գնահատել Հայաստանի իշխանությունների «հերթական քաղաքական հաջողությունը»:

Ղարաբաղյան հարցի քաղաքական կարգավորման Հայաստանի իշխանությունների ճանապարհն այսօր կույրերին է անգամ տեսանելի՝ արդարացնել մինչ այս վարած քաղաքականությունը՝ հրապարակավ չհրաժարվելով «միացումից», շարունակելով «պայքար, պայքար մինչեւ վերջը», ոչ մի զոհողության առաջ կանգ չառնելով՝ հարցը քարշ տալ միջազգային որեւէ ատյան: Ահա այս ատյանը թող ղարաբաղցուն համոզի-պարտադրի զիջում կատարել ու ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը՝ փոխարենը Ղարաբաղին խոստանալով անվտանգության միջազգային երաշխիքներ: Իսկ Հայաստանի իշխանությունները, «ստիպված» լինելով համաձայնել Ղարաբաղի զիջումներին, արյունաքամ հանրապետության կիսակենդան ժողովրդին կներշնչեն, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար անհնար էր ավելի պակաս գին վճարել: Սա վարվող քաղաքականության առավելագույն ձեռքբերումը կարող է լինել այն դեպքում, եթե մինչեւ միջազգային ատյանի վճիռն ու դրա իրագործումը կենդանի մնանք: Կատարյալ թշվառությունից կարկամած ժողովրդին Հայաստանի նախագահը պարբերաբար հիշեցնելով ավելի մեծ աղետի՝ հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի բռնկման վտանգի մասին, շարունակում է ներկայանալ ժողովրդին, որպես այդ աղետի կանխման միակ ուժը: Սա՝ խոսքով: Գործով՝ չտիրապետելով իրավիճակին Խոջալուում, չկանխելով Շուշի-Լաչինի գրավումն ու փաստորեն ձախողելով Թեհրանի համաձայնագիրը, սանձազերծելով Զանգելանի ռազմական գործողությունները՝ Հայաստանի իշխանությունները մերթ ընդ մերթ բորբոքում-խորացնում են հայ-ադրբեջանական առճակատումը, տարածաշրջանում պատերազմի հրդեհի տարածման վտանգով համոզում միջազգային հանրությանը՝ ստանձնելու Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորման պատասխանատվությունը:

Հայաստանի իշխանությունները խոսքով ստանձնելով Անկախ Հայաստանի կերտման պատասխանատվությունն ու պատմական այս փուլում Միացյալ Հայաստանի կայացումը հայտարարելով կործանարար՝ 30 հազար քառ. կիլոմետրանոց Հայաստանի համար, գործով չեն հրաժարվում պահանջատիրությունից ու խորացնում են հակամարտությունն Ադրբեջանի հետ: Ժողովրդի զրկանքները մեկնաբանելով որպես անխուսափելի վճար անկախության համար, Հայաստանի իշխանությունները գործնականում այլասերում ու սպանում են անկախ պետություն ստեղծելու ժողովրդի բնական ձգտումը, չազատագրված՝ նորից ստրկացնում ժողովրդին, կյանքում շեղում ժողովրդին իր պետական անկախության կայացման պարտադիր պայմանից՝ հարեւան մահմեդական ժողովուրդների հետ հաշտ ապրելուց ու նրանց հետ խաղաղ գոյակցման կերպի հաստատումից:

Այդպես էլ Հայաստանի իշխանությունները հստակ չասացին, թե ինչ են հասկանում Ղարաբաղի հարցի լուծում ասելով, հասկանալի չբացատրեցին, թե ինչու այդ նույն արդյունքին չի կարելի հասնել՝ փորձելով հետեւողական քայլերով գնալ նվազագույն կորստի կամ առավելագույն ձեռքբերման ուղով՝ հայ-ադրբեջանական երկկողմ ուղղակի բանակցությունների ճանապարհով: Այսօր ուշ է: Ինչո՞ւ: 1990 թ. հունվարին ձախողելով ՀՀՇ-ի ու ԱԺՃ-ի բանակցությունները Ռիգայում, Հայաստանի իշխանությունները զբաղվել են հարցի միջազգայնացմամբ: Ինչ՞ի են հասել: Չեն բացատրի, որովհետեւ ստիպված չեն: Մեզանում չկա լուրջ ու լայնախոհ քաղաքական միտք կրող ընդդիմություն, որից իշխանությունները վախենան ու պարտադրված լինեն իրենց արածն ու չարածը ապացուցելու: Չեն անի, քանզի Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունները չեն վստահում միմյանց, չեն հարգում ինքնուրույն Ադրբեջան պետության գոյությունն ու շարունակում են Ադրբեջանին «թելադրել» իրենց կամքը մի երրորդ հզոր պետության կամ ուժի միջոցով: Որքա՜ն կարելի է: Ինչո՞ւ չփորձել մեր կողմից արդեն մի քանի անգամ առաջարկած սկզբունքների վրա Ղարաբաղի մասնակցությամբ կառուցել Ղարաբաղի հարցի քաղաքական կարգավորման բանաձեւը՝ ընդունելի-իրագործելի եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Ղարաբաղի համար: Ինչո՞ւ միջազգային հանրությանը չդիմել խաղաղ կարգավորման բանաձեւի իրագործման փուլում, որպես լրացուցիչ երաշխիք: Ոչ թե յուղ լցնել հայ-ադրբեջանական հակամարտության կրակի վրա, այլ հարեւան պետությանն ու նրա ժողովրդին վերաբերող հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված նախաձեռնություններով հետեւողականորեն փորձել մեղմել հակամարտությունը: Անաղմուկ զորացնելով ինքնապաշտպանությունը Ղարաբաղում՝ պարտադրել Ադրբեջանին վեճի խաղաղ կարգավորման ճանապարհը՝ անհոգնել առաջարկելով Ղարաբաղի հարցի լուծման Ադրբեջանին սկզբունքորեն ընդունելի տարբերակներ ու ընձեռել նրան ընտրության հնարավորություն: Սա խաղաղության մոտալուտ, ծայրահեղ պացիֆիզմի, պարտվողականության արտահայտումը չէ, այլ Հայաստանի համար Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության հաստատումը:

Այնքան, քանի դեռ մեզանում չկա ձեւավորված քաղաքացիական հասարակություն, որն իշխանություններից հաշիվ պահանջեր երեկ՝ Լաչինի, այսօր՝ Զանգելանի արկածախնդրությունների համար, որին ստիպված լինեին ճիշտ ու ամբողջական լուսաբանել երեկ Խոջալուում «մեր տղաների» անկառավարելի գործողությունների ու Թեհրանի միջնորդական առաքելության ձախողման հետեւանքները, այսօր՝ Զանգելանին հաջորդող ողբերգական դեպքերը… Որ հարյուր հազարավոր քաղաքացիներ սահմանամերձ կոչված գոտում չհայտնվեին այս պետության ուշադրության ու կարեկցանքի արտասահմանում: Որ մեր հարեւանի հետ  վեճը չվերածվեր լայնածավալ եղբայրասպան պատերազմի ու մեզ նետեր հարյուր տարի ետ՝ թշվառության, վայրենության ու կորստի շրջան:

1992 թ. դեկտեմբերի 16-ի «Հասարակական ողբերգությունից ցնցվելու համար «ծայրահեղ պացիֆիստ» կամ Թումանյան լինել պետք չէ» հոդվածում ես տվել եմ Զանգելանի ռազմական արկածախնդրության գնահատականը, լայն հասարակությունից պահանջել արձագանքել այդ դեպքերին, զգուշացրել՝ մեղավորներին պատժելու անհրաժեշտության մասին, որ հասարակությունը չկորցնի պատերազմը սանձելու հնարավորությունը: Ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլեւ հասարակությունը անհաղորդ մնացին իմ ճիչին. ո´չ մի թերթ, հասարակական, բարեգործական կամ եկեղեցական ո´չ մի կազմակերպություն եւ ո´չ մի անհատ մտավորական հրապարակավ չարձագանքեց իմ բողոքին: Մեր պաշտոնական ու ոչ պաշտոնական լրատվությունը չնկատելու տվեց իմ կոչը: Սարսափելի է: Անմեղ մարդկանց տարիների բազմապատկվող ողբերգությունն ու հասարակության խորացող թշվառությունը զրկել են մեր այսօրվա հասարակությանը, քաղաքացիությանն ու քաղաքակրթությունը բնորոշ որակներից՝ կարեկցանքից ու պատասխանատվությունից: «Երկնաշարժից» երկրաշարժային վիճակ տեսած Կապան, բնակության համար ոչ պիտանի Կրասնոսելսկ ու սարսափի մեջ ապրող Տավուշ՝ սրանից այն կողմ ի՞նչն է:

Այս ի՞նչ ենք անում: Ի՞նչ մտածի մեր մեղքով պատերազմի մեջ ապրող Բերդի, Նոյեմբերյանի, Իջեւանի, Կրասնոսելսկի ու Կապանի ժողովուրդը մեր՝ պատերազմի մասին հոխորտացող կամ պատերազմի արհավիրքներին անտարբեր հանդիսատեսների, մայրաքաղաք կոչվող չարիքի մասին: Որտեղի՞ց մեր մտավորականների մեջ այսքան դաժանություն ու անլրջություն, որ նրանցից մեկը՝ լավագույն տասնյակի միջից, Շուշիում մանկական պատկերասրահ բացելու ծրագրով որոշել է զարմացնել «Նժդեհի միշտ կենդանի հոգուն»՝ կույր ու խուլ՝ հազարավոր երեխաների մեռնող մանկության հանդեպ: Ինչպե՞ս եք մասնակցում Հայաստանի զինական հզորության աճին, ինչո՞վ եք նպաստում խաղաղության հաստատմանը: Իսկ մեր պաշտոնական ու ոչ պաշտոնական մամուլն ու հեռուստաեթերը… Այսքա՜ն այլասերված ու այսքա՜ն ծախու…

Ո՞ւր են մեր հոգեւոր հայրերը, որ մոռացել են կարծես ընդմիշտ, որ եկեղեցին է ժողովրդի համար, եւ ոչ թե ժողովուրդը՝ իրենց: Ի՞նչ է անում այսօր մեր եկեղեցին պատերազմի հրդեհը հանգցնելու համար: Այդպես էլ ո՛չ ճանաչված մտավորականի, ո՛չ լրագրողի, ո՛չ եկեղեցու սպասավորի, ո՛չ էլ բարձր իշխանավորի չհանդիպեցի սահմանային 7 շրջաններից ու 3 քաղաքներից մեկում:

Այդ ո՞նց հանկարծ այսօրվա երեւանցին, երեկվա տավուշցին ու նոյեմբերյանցին, իջեւանցու ու կարմիրեցու այսօրվա թոռներն իրենց օրվա գործը դարձնում են ոչ թե իրենց ընտրած իշանավորների հետ իրենց սանձազերծած պատերազմի մարումը, այլ պատերազմի բորբոքումն ու տարածումը՝ ականջները բթացրած՝ համագյուղացիների վշտի ու օգնության կանչերին: Ինչո՞ւ ձեր ձայնը լսելի չեք դարձնում: Սահմանային շրջանների տեղական իշխանությունների ու ձեռնարկությունների ղեկավարների դժվար աշխատանքը գնահատելով ու ընդունելով նրանց «խառը վիճակը»՝ չեմ կարող հաշտվել նրանց քաղաքական պասիվության հետ: Ժողովրդի ներկայությամբ հանրապետության իշխանությունների համարձակ քննադատությունը, Երեւանին ուղղված նրանց առատ զանգերն ու գրությունները ստեղծված կացությունը չեն փրկում: Քաղաքական քայլեր են պետք: Ոչ շատ առաջ շրջխորհուրդները որպես օրակարգի հիմնական հարց էին քննարկում Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումը, իսկ այսօր, ահա, հրաժարվում են իրենց նստաշրջանում քննարկել քաղաքական կացությունից դուրս գալու ուղիները: Վախը վերադասից ոչ մի կերպ չի հաղթահարվում:

Զանգելանի ռազմական արկածախնդրության արձագանքի առաջին ալիքը՝ դեկտեմբերի 10-ից 12-ի Կապանի ու Գորիսի ողբերգությունը (70-ից ավելի զոհեր), մեզ չսթափեցրեց: Փոխանակ կտրուկ ու հաստատ քաղաքական քայլերով, հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման նոր ու վստահելի նախաձեռնություններով մեղմելու ադրբեջանի պատասխան ռազմական հարվածները, այդպես էլ չհասկացանք, որ այդ ճանապարհով պարտավոր էինք փորձել խուսափել «արձագանքի երկրորդ ալիքից» ու Լաչինի միջանցքում արդեն ծավալվող «արձագանքի երրորդ ալիքից»: Միայն դեկտեմբերի 28-ին 29-ին ունեցանք 50-ից ավելի զոհ Կրասնոսելսկում, Բերդում, Իջեւանում ու Նոյեմբերյանում: Ճիշտ թվերը ոչ ոք չգիտի կամ չի հաղորդում: Մեծացավ պատերազմի աշխարհագրությունը: Նոյեմբերյան շրջկենտրոնում, ուր հայ-ադրբեջանական առճակատման ողջ ընթացքում անվտանգ էր եղել, մեկ օրում հեռահար գնդակոծության հետեւանքով զոհվեց 9 խաղաղ բնակիչ: Ավիաարկեր նետվեցին միշտ խաղաղ Իջեւան քաղաքի վրա, որը ճիշտ այնքան է սահմանամերձ, որքան Երեւանը: Իջեւանի Վազաշենը հրաշքով փրկվեց սարսափելիից՝ մեծ կոտորածից: Իսկապես ճիշտ են սահմանամերձ շրջանների բնակիչները, որ Հայաստանին միայն Երեւանի գնդակոծումը կփրկի, կսթափեցնի երեւանցի իշխանավորներին ու երեւանցուն, կստիպի ոչ թե բորբոքել, այլ հանգցնել պատերազմի հրդեհը: Երեւանն այսօր նույն՝ կենտրոնի «բոբոյի» խորհրդանիշն է դարձել, ինչ էր Մոսկվան 1988-89 թթ-ին:

Դեկտեմբերի 16-ի իմ կոչում եւ խորհրդարանի քննարկմանը, որպես հրատապ հարց ներկայացրած որոշման իմ հեղինակած նախագծում ես բոլոր պատգամավորներին առաջարկում էի գնալ դեպի ժողովուրդը, լսել ու լսելի դարձնել նրանց ձայնը, շիտակ ու լայնախոհ խոսակցության միջոցով հստակեցնել ու ամբողջացնել հայ-ադրբեջանական հակամարտության, Ղարաբաղի խնդրի ու Հայաստանի ներկա կացության կարգավորման պատգամավորի անհատական ծրագիրը: Ինչու՞ ենք խուսափում մեր ընտրողների հետ հանդիպելուց: Ինչու՞ չենք ուզում ժողովրդի հանճարը մասնակից դարձնել Հայաստանը ներկա կացությունից դուրս բերելու պետական ծրագրի մշակմանը:

Սահմանային շրջաններում ունեցած տասնյակ հանդիպումների ընթացքում մարդիկ ինձ պատվիրեցին հետեւյալը.

  1. «Շուտափույթ հանգցրեք ձեր՝ Երեւանում կառավարող իշխանությունների, Երեւանում պատսպարված մտավորականության ու Երեւանում ճառող քաղաքական գործիչների սանձազերծած պատերազմի հրդեհը: Մի՞թե խիղճ չունեք, աչք ու ականջ չունեք՝ այսպես էլ չենք կարող: Խաղաղություն հաստատեք մեր ավաններում, թե չեք կարող՝ էլ ինչ իշխանություն եք ու քաղաքական գործիչ, թե չեք ուզում՝ փոխենք իրար հետ բնակավայրերս: Ինչո՞վ եք զբաղված Երեւանում: Այդ ինչե՞ր եք խոսում»:
  2. «Ռադիոյով, խորհրդարանում թե թերթերում ճշմարիտն ասեք մեր վիճակի մասին: Ամոթ է: Իսկական պատերազմի մեջ ենք հայտնվել մենք՝ այս հողի խաղաղ բնակիչներս՝ անպաշտպան ու անելանելի: Որ ճշմարիտը չիմանաք ու չասեք՝ ճիշտ ելքն ինչպե՞ս եք որոշելու»:
  3. «Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու անհրաժեշտությունն ու կերպը մենք կյանքով գիտենք: Պայմաններ ստեղծեք դրկիցության արագ հաստատման համար, իսկ համագործակցության այրված կամուրջներն ինքներս կվերականգնենք: Պիտի խաղաղ կեցության լեզուն գտնենք հարեւան պետության հետ: Իսկ պատերազմ բորբոքել ցանկացողներին ու հաղթական պատերազմի միջոցով հարցը լուծել ցանկացողներին ուղարկեք մեր գյուղերը, մեզ հետ հանդիպման»:
  4. «Մենք անոտ ու անձեռ չենք, որ պետությունը մեզ պահի: Զրկել եք մեզ մեր գլխավոր աշխատանքից՝ հողագործությունից ու բահի տեղ զենք եք դեմ արել: Ինչքա՞ն ժամանակ կարող ենք դիմանալ առանց աշխատելու, չընդհատվող կրակի տակ: Մեր հիմնական զբաղմունքին դառնալու պայմաններ ստեղծեք: Իսկ այսօր ապահովեք նվազագույն զինամթերքով, անհրաժեշտ քանակի հեղուկ վառելիքով…»:

Չի կարելի թույլ տալ, որ օրը ցերեկով իշխանությունների հանցավորանպատասխանատու գործողությունների հետեւանքով զոհվեն 130-ից ավելի խաղաղ բնակիչներ ու զինվորներ, ավիրվեն հարյուրավոր տներ, բռնագաղթվեն տասնյակ հազարավոր մարդիկ, ու իշխանավորներից ոչ մեկը պատասխան չտա հասարակությանը, եզրակացություն ու խոստովանություն չանեն:  Չի կարելի հանդուրժել, որ ռազմական նախարարությունը քաղաքական վճիռներ կայացնի, ինքը մեկնաբանի իր վճիռները, միայն իր միջոցով հասարակությունը տեղեկանա վճիռների հետեւանքներին: Ու տարեմուտին հեռուստաեթերով պաշտպանության նախարարը շնորհավորի իր ժողովրդին՝ հիանալով որդեկորույս ծնողների դիմացկունությամբ՝ իրեն հաշիվ չտալով, որ ինքն այդ ծնողների ողբերգության գլխավոր մեղավորներից է: Ի՞նչ է պատահել որ, պատերազմ է: Պատերազմ ամեն գնո՞վ, պատերազմ պատերազմի համա՞ր: Թե մարդկային ու նյութական յուրաքանչյուր կորստի համար չպիտի դողանք, չպիտի անենք անհնարինը առճակատման հետեւանքները նվազագույնի հասցնելու համար, ապա ի՞նչ արժե մեր  անհանգստությունը: Այսօր իսկական ավեր է: «Մենք վայելում ենք քանդումի հեշտանքը, մեր հաջորդները թող կրեն վերաշինության տանջանքը»: Նորից Պառավաքարի մեկ, բայց տիպիկ օրինակը: Ադրբեջանի հետ 70 կմ սահման ունեցող Թովուզի, Ղազախի ու Աղստաֆայի հարեւանությամբ խաղաղ ապրող պառավաքարցին մինչ այս սոդոմ-գոմորը պետությանն էր հանձնում 4 հազար տոննա խաղող, 1000տ պտուղ, 500տ կաթ ու 200տ միս, այս ընթացքում ահա կորցրել է իր 12 լավագույն զավակներին, այս տարի չի արտադրել բացառապես ոչինչ, հասել է կատարյալ թշվառության եզրին, աչքը՝ երեւանցու մեկնած օրեկան 130, թե 200գ հացին: Երբ մի քանի օր անընդհատ ողջ Տավուշը հանձնված էր սարսափի տնօրինմանը, մե՛կ լսվում էր, որ ադրբեջանցին մտել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղը, մե՛կ պետք էր շուտափույթ էվակուացնել Մովսես գյուղը, մե´կ՝ ամեն գնով գրավել բերդի մոտակա բարձունքը, թե չէ, կորած էր ողջ շրջանը: Երբ ողջ սահմանամերձ գոտում մարդիկ ստիպված են գյուղից գյուղ, գյուղից շրջկենտրոն ճանապարհները կտրել միայն ոտքով. տասնյակ կիլոմետրեր ձյան ու բուքի տակ, գնդակոծվող ճանապարհներով՝ մեքենա չկա, վառելիք ու զինամթերք չկա, պետություն չկա… Հունվարի 4-ին Պառավաքարի գյուղխորհրդի նախագահ, ՀՀ խորհրդարանի անդամ, գյուղի պաշտպանության խորհրդի նախագահ Միրզոյանն իր տրամադրության ներքո ոչ մի գրամ վառելիք չուներ: Իսկ երեւանցուն ռադիոյով ու հեռուստացույցով մխիթարում են կառավարությունն ու պաշտպանության նախարարը.
– Արվում է ամեն ինչ:
Ո՛չ, ես մեր պահանջատեր մտավորականների, լրագրողների ու քաղաքական գործիչների նման չեմ ասում՝ ինչո՞ւ այս ու այն չկա: Չկա ու վերջ: Բայց ինչո՞ւ եք խաբում, ինչո՞ւ եք բորբոքում հարեւանի հետ մեր վեճը, ինչո՞ւ վճռական ու հետեւողական չեք հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, իսկ երեւանցի մտավորական ու քաղաքական գործիչ, բռնած թերթ ու եթեր, հիանում են սահմանամերձ գոտու ժողովրդի և ինքնապաշտպանության ուժերի հերոսությամբ ու ռազմի փողեր հնչեցնում՝ օրը ցերեկով, հայրենասեր հերոսի կեցվածքով:

Ուրեմն դեռ երկար հանրապետությունը կշարունակեն կառավարել պատերազմի իշխանությունները՝ թեժացնելով պատերազմի ընթացքը: Իրականում չհայտարարված պատերազմը չէ, որ «իմիտացիոն» է, ինչպես փորձում են ապացուցել իրենց ընդդիմություն հայտարարած քաղաքական գործիչները: Այն իրական է, իսկ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իշխանությունների ջանքերը իսկական ներկայացում են ու «իմիտացիա», որ ընթանում են ողբերգական կրկնվող գործողություններով: Այս պատերազմի շարունակումը ձեռնտու է Հայաստանի ու Ղարաբաղի իշխանություններին, ինչպես նաեւ այսօրվա իշխանությունների քաղաքական ընդդիմությանը: Երբ կյանքը խաղաղվի Հայաստանում ու Ղարաբաղում, ժողովուրդն ամբողջական տեսնելու է հայ-ադրբեջանական ռազմական առճակատման իրական արդյունքները, գնահատելու է Հայաստանին ու Ղարաբաղին  հասցված ողբերգության չափը ու չի ներելու ոչ մեկին, ովքեր հրահրել ու չեն կանխել հակամարտությունը: Խաղաղ ժամանակը ստեղծելու ու ստեղծողների պահանջ կունենա, իսկ այսօրվա իշխանավորներն ու նրանց արժանի քաղաքական ընդդիմության գործիչները կյանքի ու արարման թշնամիներ են՝ սովոր կառավարելու, քննդատելու՝ ավիրման ու թշնամության ռեժիմում: Ահա թե ինչու հասարակությունը դեռ երկար կտեղեկացվի իր անդամների կյանքի ու ապահովության մասին այնքան, որքան թելադրում է պատերազմի շահը: Ռազմական գրաքննությունը հանդուրժելու եւ ռազմական գրաքննությանը հլու գործակցելու լրագրողների համաձայնության պտուղները շատ չե՞ն թունավոր: Լրատվության աշխատողները հաշիվ տալի՞ս են իրենց այսօրվա հանցավոր հնազանդության համար… Ի՞նչ է կատարվում այսօր Լաչինում… Թե հասարակությունը «կոշտ չբռնեց» Զանգելանի պետական ռազմական արկածախնդրությունից ու նրա հետևանքներից, կորած ենք: Այդ լայնածավալ ռազմական գործողություններից ինչպիսի՞ ռազմական հաջողություն ունեցանք մենք, որով ոչ թե նվաճեցինք, այլ թեկուզ մեկ քայլով մոտեցանք խաղաղությանը: Ի՞նչ կենսական անհրաժեշտությամբ էր թելադրված Հայաստանի պաշտպանության նախարարության զորքերի կողմից 1922 թ. դեկտեմբերի 10-ի Զանգելանի ագրեսիան: ՀՀ ԳԽ-ը չուզեց հասու լինել այս ճշմարտությանը, իսկ հասարակությո՞ւնը… Հասարակության առաջ պիտի խստագույնս պատասխան տան բոլորը՝ հանրապետության նախագահից, ԳԽ նախագահից, հանրապետության վարչապետից ու պաշտպանության նախարարից սկսած՝ մինչեւ յուրաքանչյուր պատգամավոր ու լրագրող: Յուրաքանչյուրն իր չափով:

Հասարակությունը եւ՛ Հայաստանում, եւ՛ Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման մասին ներքին՝ թաքուն խոսակցությունից պիտի հրաժարվի՝ հրապարակավ պահանջելով իշխանություններից հայ-ադրբեջանական հակամարտության ու Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ծրագրի հստակ շարադրումն ու ծրագրի հետեւողական իրագործումը: Ընդունակ չե՞ն այսօրվա իշխանությունները հնգամյա մաքառումից հետո Հայաստանին ու Ղարաբաղին այնքան սպասված խաղաղությունը շուտափույթ բերելու: Պիտի հեռանան: Այսօր եւեթ:

 

Աշոտ Բլեյան

08.01.1993թ.

 

(69) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>