0

ՆՈՐ ԽՈՍՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

 

 

Հարցազրույց Աշոտ Բլեյանի հետ
 
Պարոն Բլեյան, այս ի՞նչ փուլ է մեր պատմության մեջԿարծես թե բնորոշում են որպես մտքերի ակտիվ փոխանակման շրջան, մտքերի ծնունդի շրջան:
 
– Իմ բարեկամ Կտրիճ Սարդարյանը սա կանվաներ հերթական քաղաքական տեղապտույտը հայոց մեջ: Գրիգոր Խաչատրյանի մրցանակակրի իրավունքով մեջբերեմ Լեոյի «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանության» երկհատորյակի իմ առաջաբանից. «Ով քիչ թե շատ ծանոթ է դարասկզբի մեր պատմությանը, ասում է` այս ամենը եղել է: Այս ամենը կշարունակվի, քանզի անգամ ոչ հեռավոր անցյալը միայն հատվածաբար կա մեր հիշողության մեջ: Մեր քաղաքական միտքը չի զարգանում` դրսևորելով իր սնանկությունը նոր իրականության, նոր արժեքների պայմաններում: Ստեղծագործ Խոսքի, կենդանի գործողության նկատմամբ» («Շաղիկ» հրատարակչություն,1994թ.):

Ասում եք` մտքերի ակտիվ փոխանակման շրջան, մտքերի ծնունդի շրջան… Եթե մեր նորագույն պատմության հաշվարկի սկիզբ վերցնենք 1990 թ. հունիս-օգոստոսը (խաղաղ հեղափոխությունը, երբ օրինական ընտրությունների միջոցով  իշխանության եկավ Հայոց Համազգային Շարժումը` որպես քաղաքական ուժ) կամ 1991 թ. սեպտեմբերը (հանրաքվեով անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումը), ինձ համար Նոր խոսքը ձևակերպում եմ` 1) հաշտ կյանք (բնականոն համակեցություն բոլոր հարևան պետությունների հետ), 2) հայաստանցու իրավունքի գերակայություն պատմական կոչվող արդարության նկատմամբ, 3) գիտակցումը, որ Նոր ժամանակում սրանք անանջատ են:

Ահա նոր խոսքի սուրբ երրորդություն-բանաձևը, որը ես անվանել եմ Նոր ուղի, որը փորձել եմ վերածել Կենդանի Գործողության, քաղաքական, հասարակական, մասնավորապես կրթական կյանքի մեջ: Ի՞նչ ուրիշ միտք է ծնվել կամ կարող էր ծնվել մեր Նոր ժամանակում: Այն, ինչ որ ԶԼՄ-ներով շրջանառվում է, մեր ոչ պետական կյանքի արդյունք կամ պատճառ դարձած, հայ գրագետի կողմից ազգին պարտադրված սևեռումներն են, որ էլի բանաձևի բերեմ մռայլ երրորդության տեսքով` 1) հարատև կռիվ հարևան ժողովուրդների հետ` թուրքեր, Կովկասի թաթարներ (ադրբեջանցիներ), վրացիներ, անհաշտություն, 2) տերիտորիայի (ծովից ծով Հայաստանի տարածք) պատմական իրավունքի գերակայություն իրական հայ մարդու նկատմամբ, 3) գիտակցության բացակայություն, որ սրա հետևանքը գաղթն է ու կոտորածը: Նորից եմ կրկնում` այն, ինչ շրջանառվում է, ահա այս հայտնի մտքերի ժամանակակից փաթեթավորումն է: Այդպես էլ պիտի լիներ, ավա՛ղ, չէր կարող այլ կերպ լինել, քանզի Նոր միտքը ձևավորվում է մեկնաբանության ու յուրացման անընդհատ փոխանցման մեջ: Գիտակից մի փոխանցում (կանոնավոր աշխատանք), երբ քննական վերլուծությունը և հետազոտությունը դառնում են պարտադիր, կենսական տարր: Քանի՛ տարի անց, մեծ ցավով արձանագրում եմ` մեզանում այս կենսական տարրը շարունակում է բացակայել:
Ուզում եք ասել` խոսողներն են շատ, գործ անողները` քի՞չ:
– Ուղղակի մեր իրականությունը չէր կարող այսպիսին լինել, եթե շատ լինեին Կենդանի Գործողություն անողները: Այսօր անբան  իրականություն է: Տեսե՛ք, մռայլ երրորդություն բանաձևը հայտնի ձևակերպումով հայտնվեց սկզբում Անկախության հռչակագրի մեջ, հետո դարձավ 1991-1992 թթ. մեր քաղաքական իշխանության անգործությունը, իսկ 1995-ին թաքցվեց նորաստեղծ  Սահմանադրության առաջաբանում, որը 2010 թ. «հերոսական» աշխատանքով բացահայտեց Սահմանադրական դատարանը (հայ-թուրքական արձանագրությունների մասին հայտնի որոշումը). մինչդեռ կենդանի գործողությունը ենթադրում էր 1990-1992 թթ. քաղաքական անկախության ողջ ներուժը և միջազգային ճանաչման ողջ նպաստն ուղղել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական միջպետական հարաբերությունների հաստատմանը: Հայաստանը 1991-1992-ին պիտի ունենար դիվանագիտական հարաբերություններ և բաց ճանապարհներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Սրանց պիտի ուղղված լինեին մեր նոր հանրապետության կառավարության առաջին դեկրետները: Կենդանի գործողություն կլիներ շիտակ պատասխանելը շիրազյան «Ո՞րն է, բաբո՛, մեր հայրենիք» պատմական հարցին և նորաստեղծ Սահմանադրության մեջ ամրագրել հռչակված, իրական, միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքի նկարագրությունը:

Հիմա հայթուրքական գործընթացը մտել է փակուղի

– Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների բնականոնեցման Կենդանի գործը հերթական անգամ փոխարինվում է պատմական արդարության հաստատման ջանքերով` Չարենցը կասեր` ազգային եռանդի մսխումով: Տեսեք` ինչ ունենք. ցեղասպանության արդարացի պահանջ (հենց հիմա) Թուրքիայից, Ամերիկայից, աշխարհից, Արցախի ու Լաչինի, Քելբաջարի, Աղդամի (պատմական հայրենիք) անհապաղ վերադարձի պահանջ, ժողովրդական մուռ Վրաստանի նկատմամբ (Ջավախքի նկատմամբ իրավունքի պահանջ) ու այս պահանջատիրությանը ստորադասված հայաստանցու կյանքի´ իրավունք. փոխադարձ դավադիր մարտական գնդակից սահմանի վրա շարունակ զոհվում են հայ և ադրբեջանցի զինվորներ: Այսպես արդեն տասնութ տարի: Արտահայտվելո´ւ իրավունք. բանտում է Նիկոլը, բանտում է Արցախի ազատամարտի հերոսը, բանտում են Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հռչակած մեր տասնյակի չափ հայրենակիցները: Այս պարագայում հարամ է այն հացը, որ ուտում ենք մենք:

– 17 տարի հետո նորից նույն կետի՞ն ենք վերադառնում:

– Վտանգավոր բան եք արձանագրում: 1992 թ. փակուղուց ելքը 1992 թ. դեկտեմբերին Զանգելանի գրավումով (սա ժամանակին անվանել եմ «Զանգելանի ավանտյուրա») սկսված չհայտարարված, բայց իսկական պատերազմն էր, նրա բերած Սոդոմ-Գոմորը, որից հրաշքով պրծանք: Հիմա նույն ելքի՞ն ենք գնում 1994 թ. մայիսին Հայաստանին, Ադրբեջանին, Արցախին պարտադրված հրադադարով սկսված փակուղուց:

Արցախը փորձաքար է: Այսինքն` մենք իրո՞ք անկախ ենք, մենք իրո՞ք մեր այսօրվա կյանքի ու հայրենքի տերն ենք, իրո՞ք արդիական ենք. եթե այո, ուրեմն Նոր ուղի ենք։ Արցախը ոչ թե խանգարում է, այլ հնարավորություն է տալիս դրսևորվելու, բացահայտում է մեր իրական ընտրությունը, մեր հավատարմությունը այդ ընտրությանը` սո՞ւրբ, թե մռայլ երրորդություն: Մնացած ամեն ինչ այդ ընտրությամբ թելադրված գործողություն է։ Կոմիտաս վարդապետը սիրում էր կրկնել` «բերնեն ականջ շատ է կարճ, խոսքեն գործ շատ է երկար»։ 17 տարի ձգվում է հայ-ադրբեջանական թնջուկը, և հանկարծ սկսվում հայ-թուրքական հաշտեցման նախաձեռնությունը: Պարզունակությունը քաղաքականության մեջ ամենավտանգավորն է իր հետևանքներով։ Ի՞նչ ծրագիր էր հրամցվում` հայ-ադրբեջանական հակամարտություն, դու հանգիստ մնա, մի՛ խանգարի, մենք մեզնով անենք թուրքերին, հետո… Բռնցքամարտի լեզվով ասած, եթե Արդբեջանը` որպես պետություն, իր ժողովրդով, իր տնտեսակարգով, հասարակարգով Հայաստանի հետ նույն քաշային կարգում է (70 տարվա Խորհրդային Միության  նույն ավանդույթի կրողն են, 70 տարի եղբայր ենք աշխատել), ապա Թուրքիան ծանր քաշային է: Նա կարողացել է ցույց տալ, որ իր թող որ սուլթանական, բայց 600-ամյա գերտերության հզորության կրողն է, որ բարդ վիճակում կարողացավ ոչ միայն Աթաթուրք ծնել ու նրա միջոցով փոխակերպվել աշխարհիկ Թուրքիայի Հանրապետության, այլև արդեն 85 տարուց ավելի շարունակ թրծվում, նորացվում, եվրոպականացվում է, աշխարհի ուժեղ տերությունների հետ նստում-վեր կենում։ Ուրեմն գնում ենք այդ ուժի հետ առերեսմա՞ն: Կարծում եմ` այսօր կա հայ-ադրբեջանական լուրջ երկխոսության անհրաժեշտություն, որի գիտակցումը չի երևում:

Մի շանս կա… Հայաստանի նախագահը, նրա ղեկավարած քաղաքական ուժը կարողանան այնպիսի ձևաչափով դիալոգ ընդունել տալ Ադրբեջանին, որ Թուրքիան այդ կարգավորման մեջ իր կենսական շահից բխող նպաստավոր մասնակցություն ունենա։ Այլապես… Հայաստանի Հանրապետությունը մենք ստեղծել ենք, որ խնայի մեր կյանքը, որ հուսալի ապահովի մեր անվտանգությունն ու խաղաղ, ստեղծագործ աշխատանքը։ Պատերազմը ոչ պետական կյանքի իրողություն է։ Այսօրվա իշխանությունը պետության բնական կենսագործունեությունն ապահովելիս պատերազմելու հասարակական լիազորություն չունի։ Իշխանությունը ներկայացնողների կողմից պատերազմի թեման որևէ ձևով արծարծելը ոչ միայն անբարոյական է, այլ նաև անօրինական։

– Ո՞րն է պետության Ձեր մոդելը։

– Իմ պետությունը մի ամբողջական պարտեզ է կամ արվեստանոց, լաբորատորիա և կամ բազում պարտեզների, արվեստանոց-լաբորատորիաների ամբողջություն, որի տերն ու պատասխանատուն պարտիզպանն է` ստեղծագործ անհատը, այդպիսիների ազատ հավաքանին։ Իմ պետության մեջ կա մի պաշտամունք` արարչագործությունը` համերաշխ ստեղծական աշխատանքը։ Այս սկզբունքներով մենք փորձում ենք կերտել մեր կրթական աշխարհը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, և ուզում ենք, որ նա ոչ թե լինի օազիս, այլ լինի բազում պարտեզներից մեկը։

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

(45) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>