0

Ինչի՞ վրա է ծախսվում ազգային եռանդը

Արխիվից

Կրթության եւ գիտության նախարարությունում այս օրերին չգտնվեց մեկը, որ պատասխաներ այս եւ այլ հարցերի: Ինչպես գիտենք, այս օրերին բոլորը զբաղված են իրենց ջանքն ու եռանդն ընդունելության քննություններում ներդնելով: Ուստի այսօրվա կրթական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին մեկնաբանություն խնդրեցինք լուսավորության նախկին նախարար Աշոտ Բլեյանից:

– Պրն Բլեյան, ըստ ձեզ, ի՞նչ է պետք այսօր կրթության ոլորտին նոր թափ ու որակ հաղորդելու համար, եւ ի՞նչ է արվում առհասարակ:

– Կրթության ոլորտին նոր թափ ու որակ այսօր կհաղորդի միայն կրթության բոլոր սուբյեկտների, բոլոր մասնակիցների, բոլոր շահառուների ակտիվացումը: Պետք չէ վախենալ սովորողի եւ նրա ծնողի, ուսուցչի, դասախոսի, ղեկավարի, հասարակության անդամի ակտիվ վերաբերմունքից, ազատության իրագործումից:

– Ինչպե՞ս պետք է կարողանանք ակտիվացնել հասարակության այդ շերտերը:

– Բարդ է, չէ՞, այս վախվորած հասարակության մեջ: Եւ համապարփակ խնդիր է, որ վերաբերում է ամբողջ հասարակությանը` ինչպես անել, որ հասարակությունը այս դիտորդի կարգավիճակից դուրս գա: Ինչպե՞ս անել, որ հասարակությունը դառնա պատվիրատու` մարդը դառնա իր երեխայի կրթության պատվիրատուն, եւ ինչպես անել, որ միեւնույն ժամանակ կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասնակիցը դառնա, եւ նաեւ` որպես ներդրող հանդես գա, որովհետեւ առանց դրա, զուտ պետական ֆինանսավորմամբ, լուրջ չէ ակնկալել, որ քիչ թե շատ նկատելի փոփոխություններ կլինեն այս ոլորտում: Եվ ինչպես անել, որ յուրաքանչյուրի ներդրումը ծառայի անհատի կրթության զարգացմանը, այլ ոչ թե ուսումնական հաստատության ֆորմալ պահպանմանը:

– Պետությունն այս ոլորտի զարգացման առումով ի՞նչ է անում եւ ի՞նչ կարող էր անել, որ չի անում:

– Ցավոք, փոփոխությունները խորքային չէին, եւ բնական է, որ դրանք նպատակաուղղվեցին ոչ թե ազատ անհատի ինքնիրագործմանը (ճշմարտության հաստատմանը), այլ հնարավորություն տվեցին կոնֆորմիստներին արագ հարմարվել նոր «պայմաններին»՝ առանց էությունը փոխելու: Մի կողմից դժվար է պատկերացնել, որ այս հասարակական վախի, անշարժության, կեղծիքի, անորոշության, անհեռանկարության պայմաններում հասարակակական գործունեության մի ոլորտ` կրթությունն իրեն այլ կերպ պահի, այլ վարք դրսեւորի: Մյուս կողմից` կրթությունը որպես գործընթաց կարող է ազդել հասարակական փոփոխությունների վրա: Ստացվեց` հերթական փակ շղթան: Բոլոր դեպքերում կրթության մեջ փոփոխություններն ընթացքի մեջ են, եւ հասարակությունը կմասնակցի-չի մասնակցի` խնդիրն ավելի լուրջ է. ինչպես անել, որ ներքեւից` անհատից եւ ուսումնական հաստատությունից հրահրվեն նման պրոցեսները: Եթե սա չհաջողվի, եւ բարեփոխումը մնա ընդամենը միջոցառում «վերեւից»` լավ բան, իհարկե, չի ստացվի: Ինքը` «վերեւ» կոչվածը, իշխանությունը բոլոր մակարդակներով պետք է իր ողջ ուժով խթաներ կրթության բոլոր շահառուների ակտիվությունը եւ ապահովեր բոլորիս արդյունավետ համագործակցությունը: Հակառակ դեպքում հերթական մեղավորն ենք փնտրելու` ինչու՞ այսպես ստացվեց, չէ՞ որ այսպես չէր մտածված: Ես չեմ տեսնում, թե առանց անհատի լիարժեք ազատության ու անձնային պատասխանատվության իրագործման ի՞նչը պետք է փոխվի, ինչո՞ւ պետք է փոխվի: Որովհետեւ յուրաքանչյուրս` դուք` որպես լրագրող, ես` որպես կրթության գործի կազմակերպիչ, պիտի բարեփոխումների ընթացքում ինչ-որ ինքնահաղթահարում անցնենք, հետո պետք է համագործակցային վարք դրսեւորենք, որովհետեւ կրթությունը գործընկերության լայն հնարավորություն է տալիս բոլոր մասնակիցներին, ինչն առայժմ չի նկատվում, իսկ դա ամենավտանգավորն է:

– Մի՞թե բուհական ընդունելության քննությունների շուրջ ծավալված այս «աժիոտաժը» հենց ձեր նշած ակտիվության մասին չի խոսում:

– Իսկապես` քննությունների մասին հեռուստահաղորդումներն իրենց նշանակությամբ, պարբերականությամբ, ծավալով կարծես գերազանցում են Լիբանանում կատարվող իրադարձություններին` որ հեռուստաալիքը միացնես, որ թերթը բացես կարծես մարտի դաշտից տրված հաղորդումներ լինեն` որ առարկայից, ինչքան, ինչ ստացան, քանիսը կտրվեցին, քանիսը հիվանդության թերթիկ ներկայացրին: Յուրաքանչյուր առարկայի քննական արդյունքները մեկնաբանում են քննողը, քննվողը, ծնողը, նախարարը: Ի՞նչ է սա` հասարակական եռանդի այս մեծ վատնումը: Մոտ 13 հազար դիմորդ պետական բուհում մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի համար պայքարում իրենց ստացած գիտելիքնե՞րն են ցուցադրում: Լավ կլիներ, եթե այդպես լիներ, բայց… Ընդամենը հունիս ամսին բուհերի պետական որակավորման, այսինքն` ավարտական քննություններն էին, դիպլոմային պաշտպանություններ, եւ 4-5 տարի առաջ ընդունվածները պետական հանձնաժողովներին ապացուցում էին իրենց մասնագետ լինելը: Հասարակությունն ի՞նչ իմացավ դրա մասին, ո՞ր թերթն ու հեռուստաընկերությունն անդրադարձան դրանց, վերլուծեցի՞ն, անկախ փորձագիտական խմբեր աշխատեցի՞ն, արտասահմանից մասնագետներ եկա՞ն ստուգելու մեր շրջանավարտների, ասել է թե՝ բուհերի որակը, քանի՞ շրջանավարտ կտրվեց, ի՞նչ հետազոտական դիպլոմային աշխատանքներ ներկայացվեցին: Այս ամենի մասին ընդհանրապես չխոսվեց, չիմացվեց: Եւ այդպես ամեն տարի: Սա վկայում է, որ խոսքը մասնագիտական կրթության մասին չէ, այլ բուհում 4 կամ 5 տարով ուսանողի սոցիալական ստատուսի մասին: Հիմա այս ընդունելության քննությունները արդա՞ր կլինեն, անարդա՞ր կլինեն` կներեք, դա ոչինչ չի փոխում: Որովհետեւ հասարակությունը շարունակում է այն թյուր կարծիքին մնալ, թե ում ձեռքին դիպլոմ կա, էլ չեմ ասում` պետական բուհի դիպլոմ, համարվում է մասնագետ: Իրականում մասնագետը նա է, ով բուհում ստացած մասնագիտությամբ մասնագիտական գործունեություն է ծավալում` տեղավորվում է աշխատուժի շուկայում, իր գործունեությամբ եկամուտ է ստանում եւ կարողանում է իրեն ու իր ընտանիքը պահել եւ իր ազատությունները իրագործել: Այլապես` 4-5 տարի ընդամենը ծախսվել են ընտանիքի վերջին կոպեկները: Չէ՞ որ ընտանիքը ներդրում է արել, որ հետո հնարավոր լինի վերադարձնել: Սա է ամբողջը: Այսինքն, պետք է ԿԳՆ-ն կամ ավելի բարձր մակարդակով կառավարությունը ինչ-որ հանրագումարի բերեին, ինչ-որ գրանցամատյան ունենային, թե յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր մասնագիտության գծով, յուրաքանչյուր բուհից ովքեր ավարտեցին, որտեղ տեղավորվեցին, աշխատում են իրենց մասնագիտությամբ, գործատուները գոհ են արդյոք, ինչ թերություններ են տեսնում: Սակայն մեզանում մեծ հաշվով մասնագիտական կրթության համակարգ գոյություն չունի` ուրիշ անուն չես կարող տալ: Եթե աշխատուժի շուկան չի դառնում բարեփոխումների գլխավոր պատվիրատուն, չի դառնում որակի զտիչը, ընդհանրապես ինչի՞ համար է այս աժիոտաժը, ինչի՞ վրա է ծախսվում ազգային եռանդը:

– Դուք խոսում եք պետական բուհերի՞ մասին, թե ասվածը վերաբերում է նաեւ մասնավորին:

– Պետական բուհի որակավորումը պետությունն էն գլխից է ճանաչել, որովհետեւ ինքն է դրա հիմնադիրը: Վերջին 10-15 տարում առաջացել են նաեւ մասնավոր ուսումնական հաստատություններ, որոնց մի զգալի մասը պետական հավատարմագրում է ստացել, այսինքն` պետությունը ճանաչել է նրանց կարգավիճակը, դրանց որակը հավասարեցրել է պետական բուհերին, եւ «Բարձրագույն եւ ետբուհական կրթության մասին» օրենքով էլ հաստատել է այդ հավասարությունը: Այդ դեպքում ինչու՞ են երկու կարգի քննություններ անցկացվում` կենտրոնացված, միասնական պետական բուհերի համար եւ յուրաքանչյուր մասնավոր բուհ իր համար: Կամ` պետական բուհերի ընդունելության քննություններ, աժիոտաժ, իսկ դրան զուգահեռ` հասարակական ուշադրությունից դուրս, մասնավոր հավատարմագրված բուհի ռեկտորն ում ուզի կընդունի: Այս անհավասարությունն արդեն խոսում է այն մասին, որ իրական, ազատական արժեքները չեն այսօր կրթության մեջ տիրապետում: Այստեղից էլ այլ հարցադրում է ծագում` բա էլ ինչի՞ համար եք հավատարմագրում այդ մասնավոր բուհերը, եթե չեք ճանաչում նրանց իրավունքների հավասարությունը: Հետո` ու՞մ համար են արտադրում, օրինակ, տարեկան այսքան մանկավարժներ, երբ մի քանի տարում 20 հազար մանկավարժ է կրճատվում: Բայց պետական մանկավարժական ֆակուլտետների անվճար տեղերի քանակը չի պակասել, մնացել է նույնը: Եթե դու պետական միջոց ես ծախսում 4-5 տարի եւ այդ մարդուն մանկավարժի որակավորում ես տալիս (որակի մասին չենք խոսում), հետո ի՞նչ պետք է աշխատի նա, եւ եթե հերթական դիպլոմավոր գործազուրկն է լինելու, որը պիտի նորից մտածի, թե որտեղ տեղավորվի, վերաորակավորվի, նոր մասնագիտություն ստանա, այդ դեպքում ինչի՞ համար են այդ տարիներն ու ծախսված միջոցները: Այսինքն` նորից ստիպված ենք արձանագրել, որ մեզանում բարձրագույն մասնագիտական կրթություն չի իրականացվում: Սրա անունը ես դնում եմ ընդհանուր բարձրագույն կրթություն, որի վրա վատնվում են պետական եւ մասնավոր հսկայական միջոցներ, երիտասարդության ոսկի ժամանակը: Այսինքն, բուհ կոչվածը` պետական թե մասնավոր, սոցիալական խնդիր է միայն լուծում: Այս առումով ստեղծվել է ինքնաբավ մի համակարգ, որը մեծ խումբ դասախոսների, ռեպետիտորների եւ միջնորդների ապահովում է եկամտով: Այսպիսի բարձրագույն կրթությունը հանրակրթական դպրոցին դարձնում է ոչ թե զարգացող հասարակության, այլ` իր սպասարկուն: Իմ խորին համոզմամբ` մենք կրթության մեջ փոփոխությունները ետեւից ենք սկսել, պետք էր սկսել ոչ թե դպրոցական կրթության, այլ հենց մասնագիտական կրթության արմատական փոփոխումից: Ինչպե՞ս` սա արդեն ուրիշ խոսակցության նյութ է:

Հարցազրույցը վարեց՝ Նարինե Ավետյանը

17 օգոստոսի 2006
Աշոտ Բլեյան

(17) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>