0

Հաղթանակի կամարը Եռաբլուր է տանում

Խորհրդային լճացման շրջանի հայտնի անեկդոտ կա` Բրեժնեւին լրագրողը հարցնում է. «Լեոնիդ Իլյիչ, պատերազմ կլինի՞», «Պատերազմ չի լինի,- պատասխանում է Բրեժնեւը,- բայց խաղաղության համար այնպիսի պայքար կլինի, որ քարը քարի վրա չի մնա»:

Այսպիսով` 18 տարի առաջ` 1988 թվականի փետրվարին ծագած «Լեռնային Ղարաբաղի հարց» կոչվող հակամարտությունը ոչ միայն չի լուծվել, այլեւ դուրս է մնացել Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ժողովուրդների իրավասությունից, միջազգայնացվել եւ այսօր վերածվել խաղաղության (հրադադարի պահպանման) համար պայքարի: «Պատերազմը կվերսկսվի՞ տարածաշրջանում» հարցը լրագրողներն աջ ու ձախ տալիս են բոլոր կարգի գործիչներին, եւ սրանք էլ, հարցի լուծման իբր սուբյեկտներ, լուրջ-լուրջ ամեն կարգի պատասխաններ են տալիս: Հարեւան ժողովուրդների հետ հաշտ ապրելը, որպես ժամանակակից աշխարհում արժանապատիվ ապրելու գրավական, տղայական կռվի նման հանաք բան չի, որ որպես հրձիգ հարեւանիդ տունը կրակի տաս, կրակը դուրս գա քո հսկողությունից, տարածվի ու լափի տասնամյակների խաղաղ, ստեղծագործ աշխատանքի արդյունքը: Հայերն ու ադրբեջանցիները որպես Խորհրդային Միության կազմում 482 մղոնանոց միջպետական սահմանի ողջ երկայնքով իրար մեջ ապրող, իրար հասնող, իրար հաց տվող, անգամ առեւտրի մեջ իրար վստահող ժողովուրդներ խաղաղ գոյակցում էին: Թշնամության կայծից հանկարծ բռնկված վայրենության հրդեհը այրեց համատեղ կյանքի բոլոր կամուրջները: Կամրջաշինությունը, հայտնի բան է, անգամ շինարարության մեջ ամենաբարդ, ստեղծագործ աշխատանքն է՝ ասֆալտ փռել չի, պարիսպ շարել չի: «Խաղաղությունը այն պատերազմն է, որն իր զարգացման ընթացքում ենթադրում է սիրո եւ արարման դրսեւորումներ, ուրեմն` առավել բարդ եւ մութ է, քան այսպես կոչված պատերազմը, ինչպես կյանքն է մահից առավել մութ ու խորունկ»,- ասել է Պոլ Վալերին:

Ովքե՞ր են հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ մերօրյա կամրջաշինարարները, կամենու՞մ են եւ կարո՞ղ են վերականգնել խաղաղության կամուրջները: Հայաստանի եւ Արցախի քաղաքական ու տնտեսական վերնախավում այսօր մարդիկ են, ովքեր իրենց հերոս են զգում` հաղթել են հայ-ադրբեջանական (հասկացիր՝ հայ-թուրքական) պատերազմում, ինչպես իրենք են ասում՝ վերջին 600 տարում առաջին անգամ հող են նվաճել եւ հասկանալի է` այսօր արժանիորեն օգտվում են աշխարհիկ բարիքներից: Սրանց կողմից իշխանությունից 1998-ին զրկվածները (ՀՀՇ-ականներ ու նրանց մերձավոր շրջանակները) նույնպես պատերազմի հերոսի գիտակցումն ունեն, ովքեր այսօր, իրենց կարծիքով, անարդարացի զրկված են նյութական բարիքներից: Պատերազմ չտեսած, «հաղթանակ» չկոփած քաղաքական ու տնտեսական գործիչները լսելի չեն հասարակության մեջ, եւ «հաղթողները» սրանց լուրջ չեն վերաբերվում: Իսկ հասարակ ժողովուրդը (Հայաստանի եւ Արցախի հասարակությունը) այսօր քաղաքական գործոն չէ: Հայաստանի ժողովուրդը 1980-ականներին նյութական բարեկեցության եւ կրթական բարձր ցենզի շնորհիվ ոգեղենության եւ ապահովության՝ անվտանգության նկատելի պաշար էր կուտակել, որն իր ուժից վեր անիրականանալի ազգային ձգտումների, հասարակարգից-հասարակարգ անցման շփոթի, հայ-ադրբեջանական պատերազմի 92-94 թվականներին սոցիալական աննախադեպ կարիքի մեջ արագ մսխեց: Այսօր նա իր ճակատագրի դիտորդն է` նախկին իշխանավորների (լիբերալ բարեփոխիչների) դեմ չարացած, նորերի առաջ ուժասպառ ու ստրկացած: Խաղաղության հաստատման ստեղծագործ լիցք չի կրում` չի խանգարի, չի պարտադրի, չի նախաձեռնի, չի խրախուսի: Մտավորականի մասին չենք խոսում, որովհետեւ 18 տարի մտավոր աշխատանք չկատարած գրագետը համալրեց համեստ հացակերների բանակը: Իսկ մեզանում ծնված ու 18 տարում առնականացած նոր սերունդը նույնքան արագ, մեր թեթեւ ձեռքով, լյումպենացավ: Նա ոչ մեր նորագույն պատմությանն է ծանոթ, ոչ հայրերի սխալներին ու հերոսություններին, ոչ խնդրի էությանը, ոչ ուզում է պատասխանատվություն ստանձնել, ոչ զրկանք կրել, ոչ առավել եւս` պատերազմել: Ժամանակն է խոստովանելու, որ Արցախյան շարժումը մեր մեծ շփոթի, նոր ավանդական՝ ժամանակավրեպ մտածողությունը չհաղթած ժամանակներում անկախ պետական կյանքով եւ անհատի նոր իրավունքներով ապրելուն անպատրաստ լինելու հետեւանք էր: 1988-ի Արցախի շարժումը շարունակելով ներկայացնել որպես ազգային զարթոնքի եւ ազատատենչ հայի Ոգու պոռթկում` մենք թողեցինք մեր սերնդին ժամանակից եւ իրականությունից դուրս` 100 տարի ետ մղեցինք: Պատվիրատու դարձանք կեղծիքի, եւ կեղծիքը բոլոր միջոցներով (զանգվածային լրատվամիջոցներով, կրթական ծրագրերով) տարածվում, բազմապատկվում, հարատեւում է:

Մենք դեմ չենք, մենք ուզում ենք, բայց… անկարող ենք: Ժողովուրդը չի խանգարի, եւ Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունը, եթե ուզում են օրինականանան, կարող են խիզախել ու միջազգային աջակցությամբ Ադրբեջանին ընդունելի հաշտության համաձայնագիրն իրողություն դարձնել: Հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությունում հաղթող չկա եւ չէր կարող լինել. ուրիշ բան, որ նյութական եւ մարդկային կորուստների չափը կարող էր ավելի մեծ լինել: Իրականում այն, ինչը կոչում ենք հաղթանակ, հայ-ադրբեջանական նորագույն շրջանի հակամարտության (հումանիտար աղետ) պատճառած ու շարունակվող նյութական ու մարդկային կորուստների նվազեցումն էր: Հումանիտար աղետ, երբ, որպես մշակութային ֆենոմեն եւ Հայաստանի անվտանգության քաղաքական գործոն, կորցրինք Բաքվում ապրող 250 հազար հայերին, Դաշտային Արցախի հարյուրավոր բնիկների, Նախիջեւանի վերջին հայկական գյուղերը: Անպաշտպան թողեցինք մշակութային մի մեծ ժառանգություն, որի ավերման ալիքը մինչ այսօր չի մարում (Հին Ջուղայի գերեզմանոցի ավերումը՝ վկա): Կորցրինք ետխորհրդային ազատականացվող Անդրկովկասում մասնավոր գույք ունենալու եւ բիզնես ծավալելու, Նախիջեւանը, հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտին տնտեսապես Հայաստանին ինտեգրելու, մեր շուկան դարձնելու, հայ-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը հայաստանցիների բարեկեցությանը ծառայեցնելու, հայ-ադրբեջանական նոր համակեցությամբ տարածաշրջանը խաղաղության գոտի դարձնելու հնարավորությունը: Լավ է, որ կարողացանք, ես ասում եմ` հրաշքով, պահպանել Լեռնային Արցախը, արցախցիների ապրելու իրավունքը: Սրա՞ն եք շարունակում անվանել հաղթանակ, որին «հաղթանակի» գերագույն հրամանատարը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ճշգրիտ անուն տվեց՝ «շահած ճակատամարտ»: Այսպիսի հոգեբանությամբ հնարավո՞ր է Ղարաբաղի հակամարտության կարգավորումը (հայ-ադրբեջանական հաշտության համաձայնագրի հաստատումը) սպասել ներսից` մեզնից: Այսպիսով հաղթել չէինք կարող եւ չենք հաղթել: Հաղթանակն առջեւում է՝ որպես երկու ժողովուրդների հաշտություն եւ ստեղծագործ աշխատանքի վերականգնում: Հաղթանակը մեր մերձավոր հարեւանի` ռազմավարական ներուժով գործընկերների հետ հաշտության հաստատման միջոցով բոլոր հարեւանների հետ լիարժեք հարաբերության` բարի դրացիության հաստատումը, հակամարտության վիրուսի վնասազերծումը, արցախցիների լիարժեք ապրելու հեռանկարի հաստատումը, հայաստանցիներին զարգացման միջավայր ապահովելն է:

«Ժաանանակ» օրաթերթ
2006թ. ապրիլ

(74) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>