0

Փոփոխություններ դպրոցական համակարգում

Օպտիմալացում. կրթության որակի բարելավում

Նախորդ ամսվա սկզբին պարզ դարձավ, որ հանրակրթական դպրոցներում լուրջ փոփոխություններ են սպասվում: Կրթության և գիտության նախարարությունում վարչապետին զեկուցեցին, որ արդեն պատրաստ է 20 դպրոցների օպտիմալացման ծրագիրը։ Նշվեց նաև, որ առաջիկայում կփակվեն կամ կմիավորվեն գործող մինչև 300 աշակերտ ունեցող, հետագայում՝ նաև մինչև 450 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցները։ «Անհրաժեշտ է իրականացնել օպտիմալացում և տնտեսված միջոցները որպես բոնուս ուղղել ուսուցիչների աշխատավարձերի, սահմանամերձ գոտիներում աշխատավարձի գործակիցների բարձրացմանը, տարբեր խնդիրների լուծմանը»,- նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը և հանձնարարեց վերանայել հաշվարկներն ու ծրագիրը: Այս համատեքստում նաև ընդգծվեց, որ դպրոցներում ունենք համահարթեցման, բեռնվածությունը բաշխելու և չօգտագործվող տարածքներն օպտիմալ կառավարելու խնդիր: Օպտիմալացումը պետք է արվի անհրաժեշտաբար, քանի որ անցած 25 տարիներին աշակերտների թիվը 300 հազարով նվազել է, իսկ դպրոցների թիվը մնացել է նույնը։ ԿԳ նախարարի հավաստմամբ՝ պետք է լուծվի հիմնախնդիրը՝ վերաբաշխվեն 30 տոկոս գերբեռնված և այդքան էլ թերբեռնված դպրոցները: Դպրոցները պետք է աշխատեն մինչև ժամը 15-16-ը: Առայժմ այս ամենը քննարկումների, հաշվարկների փուլում է:

Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը համոզված է, որ եկել է իրական փոփոխություններ կատարելու ժամանակը։ Մինչև հիմա փոփոխությունները եղել են հավելումային և անընդհատ նոր բեռ են ավելացրել դպրոցների վրա՝ նոր առարկաների ուսուցում, բազմաթիվ մատյանների ու հաշվետվությունների լրացում, ուսման տևողության երկարացում և այլն։ Այդ նորամուծութունները չեն բերել լուրջ փոխակերպումների։

«Հայաստանի դպրոցների օպտիմալացումը հասունացած հարց է։ Բայց շատ կարևոր է, թե ի՞նչ նպատակով և ինչպե՞ս կարվի այն,- ասում է փորձագետը:- Եթե օպտիմալացման նպատակը պարզապես դպրոցներ փակելով կամ միավորելով ֆինանսական միջոցների խնայումն ու աշխատավարձերի չնչին բարձրացումն է, ապա դա լավագույն տարբերակը չէ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ, եթե կրթության որակը չես բարձրացնում, էական չէ, թե աշակերտը քանի հոգանոց դպրոցում կսովորի։ Կարևոր է դպրոցական միջավայրի և ուսուցիչների որակը»։

Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ կարելի է լավ որակի հասնել ավելի քիչ, սակայն լավ ուսուցիչներով, բարվոք շենքային պայմաններում և լավ տեխնոլոգիաներով, քան ցածր աշխատավարձով ու անորակ ուսուցիչներով: Սակայն փորձագետը մտահոգ է բացասական հետևանքների առումով: Նա նշում է, որ կարծես կառավարության որոշումն ընդունվել է «ոտքի վրա». օրինակ՝ աշակերտների թվի հետ կապված ուսումնասիրություններ չեն արվել: Ինչո՞ւ է մի դպրոցում թիվը շատ. գուցե մի բան առավե՞լ է մյուս դպրոցներից, գուցե ծնողը չհամաձայնի՞, որ երեխան այլ դպրոցում սովորի:

Նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հորդորում է իրենց գործողությունները համարել ոչ թե օպտիմալացում, այլ՝ անհրաժեշտ քայլ՝ միտված կրթության որակի բարելավմանը: «Այս պահին ծրագիրը կազմելիս մի քանի բաղադրիչներ են հաշվի առնվում. դպրոցների բեռնվածության աստիճանը, դրանց միջև եղած հեռավորությունը: Նաև քաղաքային դպրոցներում վերահաշվարկվում են նախկին նախագծային հզորությունները, սեյսմիկ գործակիցն ենք հաշվի առնում: Ասիական զարգացման բանկի՝ սեյսմակայունության հաշվարկների չափորոշիչներով մեկ աշակերտին հատկացվող  9-12 քմ տարածքից մենք ելակետային ենք վերցրել 9 քմ-ը,- ասում է Աշոտ Արշակյանը:- Տեղական նշանակության խնդիրները տեղերում պետք է ուսումնասիրենք, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ պետք է քննարկենք հնարավոր բոլոր տարբերակները: Յուրաքանչյուր դեպքի համար առանձին մոտեցում կլինի»:

Ի դեպ, կրթության և գիտության նախարարությունն առաջիկայում նախատեսում է նաև նոր կրթակարգի ձևավորում. առարկայական ծրագրերի, չափորոշիչների փոփոխություն:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի համոզմամբ՝ օպտիմալացումը պետք է ապահովի առավել նպաստավոր պայմաններ, որը ենթադրում է նոր գործիքներ, նոր լուծումներ: «ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հարցադրումների կարևոր մասն ինձ համար ընդունելի են: Բայց դրանք դեռևս հարցադրումներ են»,- ասում է կրթահամալիրի տնօրենը:

Աշոտ Բլեյանը հրավիրում է բոլոր ցանկացողներին՝ տեսնելու, գնահատելու իրենց կրթօջախում գործող հանրային կրթության մոդելը: Նա պատրաստ է հասարակական հիմունքներով կիսել իր 40 տարվա աշխատանքի արդյունքերը՝ նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, արհեստագործական, լրացուցիչ կրթության, այդ թվում՝ արտադպրոցական կայացած հաստատությունների, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակներում կենսագործունեության կազմակերպման և ուսուցման ոլորտում: «Արդեն 2 տարի է՝ մենք ներկայացրել ենք «կրթական պարտեզ» ծրագիրը՝ բնակելի արվարձանում. ցույց ենք տվել միջավայրում կայացած կրթական պարտեզի մոդել Հարավարևմտյան վարչական շրջանի Բ1 թաղամասում: Այդ պարտեզն, ըստ Լևոն Մկրտչյանի, լավագույն միջավայրն է Հայաստանում, և նա ասել է, որ պետք է տեսնեն, թե ինչպես կարելի է դա տարածել: Արդեն իսկ գործում են մանկապարտեզ-կրտսեր դպրոց ցանցի մեկնարկային ծրագրերը, և կրթության և  գիտության հարգելի նախարարը խոստացել է, որ հունիսի մեջ մեծ կազմով կայցելեն՝ տեսնելու մեր լուծումները»:

Աշոտ Բլեյանի համոզմամբ՝ երևանցին նախադպրոցարանի խնդիր պիտի չունենա: Մանկապարտեզները պիտի լինեն մատչելի, ներառական, զարգացնող, և ընդունելության հերթեր չլինեն: «Մխիթար Սեբաստացին» այդպիսի լուծումներ տվել է և պատրաստ է ընդարձակել այդ ցանցը՝ առանց վարչական եղանակով իրեն պատկանելու:

Առայժմ իրարամերժ են հնչեցված տեսակետները: Կրթության նախարար Լևոն Մկրտչյանը  լրագրողներին հայտնել է, որ գյուղական համայնքների միակ դպրոցները չեն փակվելու, առայժմ խոսքը քաղաքային դպրոցների վերաբեռնավորման մասին է: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն, հակառակը, հայտարարել է, որ նախարարության նախաձեռնությամբ մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրն ընդգրկվել է կառավարության այս տարվա գերակա խնդիրների ցանկում, և այդ շրջանակում Կոտայքի մարզի 6 դպրոց կմիավորվի: Այդ ցանկում են նաև մի քանի գյուղական համայնքների դպրոցներ: Ըստ Դավիթ Լոքյանի՝ կրճատվելու է դպրոցների քանակը, բայց ոչ ուսուցիչների:

Մինչդեռ կրթության և գիտության նախարարն արդեն հայտնել է, որ դպրոցների օպտիմալացման ժամանակ կկրճատվեն (աշխատանքից կազատվեն) ոչ թե 7000-8000, այլ ընդամենը մի քանի հարյուր ուսուցիչներ: Լևոն Մկրտչյանը վստահեցրել է, որ աշխատանքը կորցրած ուսուցիչներին աշխատանք կառաջարկվի: Նա նաև նշել է, որ 300 աշակերտը նվազագույն թիվն է, որի դեպքում դպրոցը կարող է լիարժեք աշխատել: «Իսկ դրան հասնելու համար յուրաքանչյուր դպրոց պետք է իր հզորություններն ուժեղացնի, տարիների ընթացքում իր զարգացման ծրագրով հասնի դրան. այն դպրոցները, որոնք գերբեռնված են, այսինքն՝ երկրորդ հերթով են աշխատում, նույնպես որակի անկում ունեն: Այն դպրոցը, որն անուն ունի, և ծնողը երեխային հաճույքով ա՛յդ դպրոց է ուղարկում, այդ դեպքում լրացուցիչ կորպուսներ կտրվեն»,- ասել է նախարարը: Իսկ ավագ դպրոցներում, ըստ նրա, կպահանջվի նվազագույնը 150 աշակերտ:

911tert.am

(10) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>