0

Ողջո՜ւյն մարդուն, կրկին ողջույն․․․

Ապրում է մեզ հետ, հանդիպում իմ հեծանվային դրախտի ճամփին հաճախ…
– Ողջո՜ւյն, վարպե՛տ Դերենիկ,- սլացքի հետ հասցնում-կանչում եմ, մնում է իր ժպիտը իմ ետևից, ինձնից առաջ, միշտ ինձ հետ։ Վարպետ Դերենիկը պարբերաբար այցելում է մեզ, կրթահամալիրի սարալանջերի կանաչի մեջ կորած Բանգլադեշով մեր ուրախանում, մեկ-մեկ կարևոր ցուցում տալիս, անպայման ոգևորում․․․
Հիսուն տարի Երևանի հարավ-արևմուտքի, Շահումյանի թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բարեկարգման-կանաչապատման աշխատանքների գյուղատնտես Դերենիկն իր գործին է՝ օրն ի բուն, շոգին-կրակին, շուրջ տարի․․․ Երևանցին՝ անցորդը, չի՞ տեսնում նրան, չի՞ ճանաչում այս մարդամոտ, տրամադրությունդ իր կյանքի-աշխատանքի հավեսով հեշտ բարձրացնող մարդուն․․․ Ես իմացա հաճույքով, որ մեր Սուսան Ամուջանյանը, Գոհար Բալջյանը, իրենց խմբերով, ուսումնական նախագծով որոշել են անդրադառնալ, իր նվաճած կանաչ տարածքում-հարթակում ամբողջական-արժանի ներկայացնել մեր բոլորիս վարպետ-գյուղատնտես Դերենիկին․․․

Ուսումնական տարվա մեկնարկ-մարզատոն կրթահամալիրի արևելքում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Սուսան Մարկոսյանի հետ, աչքս-միտքս նրա ամենատեղյակ համակարգչի էկրանին է, մշակման-ընթերցման-ընդունման երրորդ վերջին փուլում գտնվող մեր հեղինակած կրթական ծրագրերի ուսումնական պլանների հետ է, մի ականջիս, պարապ հո չի՞ մնալու, Գևորգ Հակոբյանի հեռախոսազանգերն են այսօր Արագած նվաճող սեբաստացի նորեկ պատանիներին՝ միջին-ավագ դպրոցների 8-12-րդ դասարանցիներին, կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետներին․․․ Հատ-հատ, չորս տասնյակի չափ զանգ-անհատական ճշտում-հրահանգավորում վերելքից առաջ․․․ Ինչպիսի՜ բարեխղճություն, Արագածի վերելքի կարևորում սեբաստացի մարդու համար․․․ Արագածով մկրտության կնքահայրը պաշտոն չէ, այսպիսի մի կարգավիճակ է, որ շարունակ, տարին քանի՜ անգամ, պիտի հրապարակային պաշտպանվի․․․ Հալալ է և հայտնի ֆիզիկոս եռյակին՝ քավոր-ընկեր Հրաչին Մակարյան, Ալբերտին Տոնեյան, Գևորգին Հակոբյան, նրանց ամեն անգամ այս ծավալուն-կոնկրետ-հեղինակային աշխատանքում օգնող սեբաստացի արագածասերներին, այս անգամ Մարիետ Սիմոնյանին, Վարդին Հայրյան, Սիրանույշ Ասատրյան սովորողին․․․ Հո մենակ չե՞ն թողնելու, առիթը բաց չե՞ն թողնելու քառագագաթին ու իր ստեղծած խառնարանին կրկին առերեսվելու համար․․․ Կարոտը զորեղ բան է, ձգուկ․․․ կասեր Արագածի փեշերից սերած մեր Մուշեղ Գալշոյանի հայտնի հերոսը․․. Սրանով տիար Գևորգը մեզ նաև կաշառում է՝ փոքր խմբով-վրանով մի քանի օրով Արագածներում կորչելու համար․․․

– Без паники…- միջամտում է մեր խոսակցությանը Դավիթ Բլեյանը։ Առտու հինգն է արդեն, մեր լուսնոտը ննջարան փոխելու ճանապարհին է՝
– Ջո՜ւր…- կանչում է…
Քնեց։

Ուսումնական տարվա մեկնարկ-մարզատոնը կրթահամալիրի հարավում:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Ուսումնական օրացույցը սեպտեմբերի մեր մանկավարժության պատվիրատու-կազմակերպիչներից է, ու չենք կարող հարգանքով չմոտենալ. նոր ուսումնական տարվա առաջին լիարժեք շաբաթը ամբողջությամբ ստեղծագործական հավաք է մի՝ իր նախագծային ուսումնական շաբաթով: Ա՜յ քեզ հարցադրում. վիճեք, դիմադրեք-մերժեք կամ հաստատեք անհատական մակարդակում, բայց հերթապահ իներցիոն կյանքով չեք կարող ապրել… Եվ ես Տիարի` հիմնադիր տնօրենի, հեղինակային մանկավարժության ստեղծագործական խմբի ղեկավարի իրավունքով-պատասխանատվությամբ չեմ կարող սրան չանդրադառնալ իմ գրում-բլոգում… Պարտադիր անգլերենի (միջնակարգ կրթության ծրագրով) և ռուսերենի (հիմնական կրթության ծրագրով), սովորողի (ընտանիքի) ընտրությամբ վրացերենի, թուրքերենի, պարսկերենի, գերմաներենի, իսպաներենի, ֆրանսերենի կրթահամալիրի մասնագետներն ինչպիսի՞ նախագծերով են ներկայանում ստեղծագործական հավաքին, ինչպե՞ս են ներառական դարձնելու առաջարկվող օտար լեզուն 5-12-րդ դասարանցու համար, բերելու նրանց կյանք, ինչպե՞ս են օտար լեզվին տիրապետելու ջանքերը կապելու սովորողի (կրթահամալիրի ուսուցչի) իրական կյանքին, օգտագործելու մարդու, նրա կյանքի մեջ եղած խթանները, ինչպե՞ս են առաջարկվող լեզուն իմացածի չափ իրենց կյանքում օգտագործելու… Իսկ առանց այսպիսի կյանքային հարազատության ի՞նչ ներառականություն ու ի՞նչ հանրակրթություն… Եղել է ու կմնա օտա՛ր լեզու սովորողի համար։ Այսպիսով, ոչ միայն ժամերից է խնդիրը, այլ կազմակերպման, բովանդակության։ Նոր գինին՝ նոր տիկերի մեջ։

Բնապատկերները՝ Անի Սարգսյանի:

Մեր Դավիթ Բլեյանը պնդում է, որ ինքը ռուսերեն ու անգլերեն գիտի, վրացերենն էլ՝ հեսա-հեսա… Ռուսերեն հաստատ գիտի, ընկալում-կռահում է խոսքի իմաստը, ռուսերեն այնպիսի լեզվական ձևեր է գործածում… Շնորհակալություն թող հայտնի իր ուսուցչին՝ ինտերնետին, ռուսերենն իր աշխարհի-կյանքի մաս դարձնող անիմացիային՝ ուսումնական ֆիլմերին-մուլտերին-խաղերին… Նա առանց հաղորդակցվելու-ներառման ոչինչ չի անում. անգամ Շուշան քույրիկի համերգի ունկնդրումը նախ և առաջ ներառման կապի հաստատումն է:

#1135

(114) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>