3

Նաև փորձության ժամին, փորձառության առաջ… միասին

Արմեն Խաչատրյանը, երեք ու կես տարեկան Արեգ Խաչատրյանի հայրն է. Արեգը հիմա Քյոլնի կլինիկայում է, հայրիկի ու մայրիկ Աննայի հետ, ու մեր գործուն աջակցությամբ, Քյոլնի հայտնի բժիշկ Ֆրանք Բերթոլի վարպետությամբ, ինչու-ինչպես հրաշք չգործեն… Գործեն-եղիցի…

Արմենը ճարտարապետ Համլետ Խաչատրյանի որդին է… Երեկ «Արթմեդ»-ի 10-րդ հիվանդասենյակում, ուր Համլետը գամված է մասնագիտացված մահճակալին, ապրում է ամիսներ, ես ու իմ հարյուր տարվա ընկերը ինչերից ասես չխոսեցինք… Մեկ է` ինչից կխոսի, Համլետին չլսել չի կարելի, կրթությունից, դպրոցից մեր, Արմենի ընկերներից ու ընկերությունից, որպես այդ կրթության արդյունք, Արմենից… հարսից… քաղաքաշինությունից՝ ինչպես փրկել-բացել կոմայգին, հեռանկար հաղորդել նորակառույց կրկեսին և նրան սպասող հազարավոր Արեգներին, Դավիթներին, Սոնաներին…

Այսպես, հասուն-ծաղկուն, գործերով լեցուն մի շրջանում բեկվեց իմ ընկեր Համլետի կյանքը… Հուզվեց-հուզեց իր որդի Արմենի ու հարսի պատմություններով, ինչպես ամիսներ առաջ, երբ հայտնվեց իր չարաբաստիկ խոցը, օրերի ընթացքում ծնունդից լրիվ կույր Արմենը կնոջ` Աննայի հետ լուծեց Քյոլնի մի այլ կլինիկայում հորը հասած փորձանքից փրկելու հարցերը՝ կանչ, ինքնաթիռ, հիվանդանոց, ծախսեր ու ծախսեր… Միասին լաց եղանք: Իսկ ահա, ընդամենը օրեր առաջ, Արմենն ու Աննան, հայրիկին հանձնած-թողած անզուգական տիկնոջ` Մարիի խնամքին «Արթմեդ»-ում, Արեգին հասած պատուհասից ազատելու համար անցավ-անցնում են Հիսուսի չարչարանքի ճանապարհը… Արեգով իրեն մոռացած պապիկ Համլետն իր մահճակալը-հիվանդասենյակը վերածել է գրասենյակի, Մարին քարտուղարն է, ես էլ ինձ համապատասխան գործ գտա… Արմենը-Աննան տոկուն են, իհարկե… Բայց…

Կադրեր Նունե Խաչիկօղլյանի տեսախցիկից։

Արմենին ճանաչում եմ, է՜… Կներեք, սիրելի մարդիկ, հիմա, ձեր-մեր այս վիճակում սկսեցի պատմել… Ճարտարապետ Համլետ Խաչատրյանի համար անձնական կյանքի դժվար շրջանում, երբ ինքը Բուլղարիայում էր` Սոֆիայում, ճարտարապետների միջազգային ակադեմիայում, ես՝ Արատեսով կապված Համլետի ծննդավայր Եղեգնաձորի հետ, հաճախ էի կույր Արմենին` 10-11 տարեկան, Եղեգնաձոր տանում-բերում իր քույրիկ Մարիամի հետ… Արմենը սովորում էր Երևանի կույրերի գիշերօթիկ դպրոցում…

Մի օր Մարիամն ու Արմենը, ձեռ ձեռի, իրար հետ կռվելով-բարիշելով, իջնում են Եղեգիսի բարձունքից, ես իրենց ետևից` ականջս իրենց խոսակցությանը… Հասկացա, որ Արմենին կույրերի դպրոցում թողնել չի կարելի, պիտի Արմենի կողքին կանգնել, բեկել նրա կյանքը, ու… Օրեր անց, Արմենի ձեռքից բռնած` իր մայրիկի տանից, Բաղրամյան պողոտայից Բանգլադեշ ճանապարհը անցա, մտա Մայր դպրոցի շենք, հիմա երաժշտական ուսումնական կենտրոնի լաբորատորիայում տեղավորված 8-1 դասարանը ու ներկայացրի իրենց նոր ընկերոջը… Այսպես, ամեն օր ուղեկցում էի տանից դպրոց…

«Անիմացիոն լաբորատորիա».  լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։

Արմենն իր հայացքով-մտքով, ամենակարևոր տեսածով, որ վրիպում է երկու բաց մեր աչքերից-պատուհաններից, շատ բանով ազդեց մեր ձևավորման վրա… Այս բնածին լիդերն ավարտեց փայլուն մեր ավագ դպրոց-վարժարանը, միշտ անբաժան իր ընկերներից, միշտ իրադարձությունների կենտրոնում, հետո բարձրագույն իրավաբանական կրթություն ստացավ, իր այթի-բիզնեսն ունեցավ, դարձավ գործատու, ստեղծեց իր տունը-տեղը, հանդիպեց Աննային, Սոնա-Արեգ պայծառ բալիկներն ունեցան։ Միշտ ուշադիր է, բոլորիս հասնող… Իմ ականջին Համլետի հուզված, արցունքախառն խոսքն է` պայծառ միտք… Ես փախչում էի ընկերոջս հայացքից` աչքերս լուսամուտից այն կողմ… մե՛կ Դավիթ Բլեյանի ու Արեգի խաղ-հանդիպումն էր` Արմենի ու իմ բռնկուն ծիծաղով-զուգահեռներով, մե՛կ Արմենն էր` ծաղիկներով, Լիլիթի համերգին, մե՛կ Աննան` սայլակով ընդառաջ,  Արեգով…

– Դու չընկճվես,- ասում է Համլետը,- քո դպրոցի արդյունքն է այս տոկունությունը, Արմենի համերաշխությունը Չիկոյի (մեր Նիկիտա Պողոսյանի Արմենն է), Արտակի (մեր Արտեմ Խաչատրյանի եղբայրն է) ու մյուս ընկերների հետ…
Թվարկում է ինձ սիրելի անուններ… Միացեք, Բլեյանի դպրոց, ժամն է… Փորձության ժամին, փորձառության առաջ` միասին…

Ֆոտոխմբագիր` Սուսան Ամուջանյան
#1162

(621) դիտում

3 կարծիք Նաև փորձության ժամին, փորձառության առաջ… միասին նյութին

  • Սյուզի Մարգարյան  գրում է:

    Մի ամբողջ կյանք` մեկ էջով….Բյուր շնորհների տիա’ր, այսպիսի տպավորիչ պատում-պատմություն վերջին տասը տարում չէի լսել, այսքան հույզ, այսպիսի սեր և հավատարմություն… Կյանքում սերտած դասերից ամետպավորիչն էր այս գիրը… Շնորհակալություն

  • Aramazd  գրում է:

    հուզիչ էր շատ (((

    իհարկե միանում ենք։

  • Anna  գրում է:

    Շատ հուզիչ էր ……

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>