0

Փնտրվում է յոթ հրաշագործ՝ ոչ ձմեռ պապ…

Ձմեռ պապի մրցանակակիրների անունները հավաքվում, միայն Սուսան Մարկոսյանին հայտնի ֆայլում պահվում են… Հրապարակելու ենք 2017-ի հունվարի 13-ին՝ մեր օրացույցով՝ հնի-նորի ճամփաբաժանի, ետծննդյան հինգշաբթի օրը: Դիմացե՛ք: Իսկ կրթահամալիրի 2017-ին կառուցվող հրաշալիքների անունները պահելու բան չեն, օր առաջ հայտնի դառնան, որ անցնենք գործի. դրանք ներդրումային ծրագրեր են՝ որպես ուսումնական նախագծեր, իսկ ներդրումն սկսվում է արվել հենց նախագծման-մշակման շրջանից…

Թատրոն-լաբորատորիա. աշխատանքային կադրեր

Մայր դպրոցի կենտրոնական մասնաշենքի հարթ ու թեք ծածկերով տանիքներն անմխիթար վիճակում են… Այս տարին էլ կհանենք, բայց էսպես մնալու բան չեն… Ահա ինչու հրաշալիքների ցանկ դրանց նորոգումը մտավ անհրաժեշտաբար-խելամտորեն. հա՛մ հուսալի կդառնա որպես տանիք, հա՛մ էլ այդ հսկա չօգտագործվող տարածքը, որ հյուսիս-հարավ առանցքով Միջին ու Ավագ դպրոցների մասնաշենքերից հարմար մուտքեր ունի, կդառնա նոր ուսումնական հարթակ: Առաջարկ է, որ պիտի քննարկվի այս ավագ շաբաթում… Յոթերորդը՝ հրաշալիքների ցանկում հնգամարտի բացօթյա լողավազանն է՝ 25 x 12 մ չափսերով, 180 սանտիմետր խորությամբ… 2016-ին նախատեսված էր դրա կառուցումն սկսել մեր ուժերով՝ Ագարակից հետո, Սեբաստիա մարզադաշտում, տեղն էլ՝ որոշված… պատմել եմ: Ագարակը մեզնից շատ ժամանակ ու դրամական միջոցներ տարավ… Սպառեց մեր կրթական համայնքի 2016-ի խնայողությունները-բյուջեն… Համ էլ համոզիչ դարձավ միտքը, որ բացօթյա լողավազանն իրեն հարմար կզգա հե՜նց Ագարակում… Ագարակը սրանով զարգացման տպավորիչ տարածք է դառնում հանրակրթական հնգամարտի ծավալման-ամբողջացման համար… Կարճ կապեմ, հատկապես որ ավազանի փոսն արդեն փորել ենք, տեսե՞լ եք… Մնում է մնացածը, իսկ դրա համար պիտի հաստատեք այս օրերի առցանց քննարկումով իմ առաջարկը՝ որպես 2017-ին կառուցվող հրաշալիք՝ «Հնգամարտի լողավազան Սեբաստացի ագարակում» նախագիծը: Ահա ձեզ 2017-ի մեր միասնության-ձեռներեցության-համերաշխության կատարողականության չափելի ցուցանիշ դարձող ներդրումային ծրագրերի լրիվ ցանկը՝ որպես կրթահամալիրի յոթ հրաշալիքներ:

«Մեր քաղաքը». ֆոտոշարքը՝  Կարեն  Բիչախչյանի

Հիշեցնեմ, որ կրթահամալիրի զարգացման ծրագրի հավելված է ինչպես կառուցվող հրաշալիքների այս ցանկը, այնպես կրթահամալիրի 7 հոմանիշների և 7 որակների ցանկը։ Հիմա սրանք նախագիծ են. բան ունեք ասելու, իսկը ժամանակն է, ասե՛ք: Կրթահամալիրի խորհրդի նիստին, գիտագործնական հավաքին պիտի հասցնենք ի մի բերել։ Նաև համաձայնության պիտի գանք, թե ովքեր կկանգնեն մեր յոթ հրաշալիքների իրագործման աշխատանքների գլուխ… Թող առաջ գան:

– Դավիթ, անակնկալ,- ասում եմ Դավթին կիրակի օրը Օղակաձև այգում մեր տղամարդկային զբոսանքի ժամանակ,- Վահանն ու Տաթև քույրիկն իրենց տատիկ-մայրիկի՝ Կարինե Ջանոյանի տանն են… Տեսնո՞ւմ ես՝ երեքը մեկում է լինում՝ մետրոյով զբոսանք, Կարինե տատիկ, քույրիկ-ապերիկ…
– Չորսը մեկում կարող է լինել, պա՛պ, Կարինե տատիկը, մեկ էլ տեսար, ինձ համար մեքենա պատրաստած լինի… Շո՜ւտ գնանք, պա՛պ, ես էդ Վահանի ականջները քաշեմ…
– Դավի՞թ…
– Փոխաբերական եմ ասում, պա՜պ…

Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Նվերը, իհարկե, պատրաստ էր։ Ու արդեն Կարինե տատիկի տանը հայտնվեցին, որտեղի՜ց որտեղ, Լիլիթ Բլեյանն ու Վահե Հովհաննիսյանը… Տո՜ն է, նախատո՞ն. Շուշոն էլ՝ ճանապարհին… Ի՜նչ լավ բան է էս կիրակին՝ համաձայնությունների, անակնկալների, սիրելիների հանդիպման կազմակերպիչ… Իսկ Դավիթն այսքա՜ն հասուն. ու դեռ հին տարի է, բա նոր տարում ի՞նչ է լինելու…

Վերադարձանք Լիլիթ Բլեյանի մեքենայով… Լիլիթը վարում է մեքենան, ոնց որ երգում է… Բա հումո՜րը. խոսես՝ կորցնում ես, աղջիկ ունեմ, որ լսի՜-լսի՝ շահում ես… Արդեն Խանջյանի վերգետնյայի աստիճաններին… Դավիթը…
– Պա՛պ, լավ կլինի, որ իմ քույրիկները հերթով գան, իրենց մեքենաներով մեզ տանեն… Էդիտը, Նազենի աստղը, Ստեփան հոպարի Անուլիկը… Քո աղջիկներից մենակ Լիլիթն է ավտո քշում, պա՛պ… Սամվելը (Տաթևի ամուսնուն նկատի ունի) թող Տաթևին մեքենա առնի…

Ագարակում: Կրթահամալիրի տնօրենի շրջայցից:

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
# 887

(168) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>