0

Կոնկրետ, ոչ սովորական, անկեղծության աստիճանի

Կրթահամալիր մուտքի ճամբարական 6-8-րդցիների հետ իմ զրույցը երեկ, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կենտրոնական ընթերցարանում այնքան ինքն իրեն-բնական եղավ. տպավորություն է՝ իմ օրվա գրով տալու համար… Նույնքան ինքն իրեն, ինչպես իմ հանդիպումը հանրապետության վարիչների խմբի հետ, նույն ընթերցարանում, երբ ես, որպես բաց միջավայրի առավելություն, նրանց ուշադրությունը հրավիրեցի նույն ընթերցարանում միաժամանակ, առանց իրար խանգարելու-տեսնելու, հարմար ներառված, իրենց ընտրած գործունեությամբ զբաղված խմբերի վրա, այնքա՜ն անաղմուկ-ընթերցարանային-կլանող էր միջավայրը… Ապակուց այն կողմ Մարմարյա սրահի աշխույժն էր, դեպի արևմուտք՝ բաց-անվարագույր ընդարձակ պատուհաններից ներս խուժող արևի լույսը, բնությունը, որ ընթերցարանն այսքա՜ն գրավիչ-լուսավոր է դարձնում…

Իսկ նոր սեբաստացի դարձող պատանիները և մանկապարտեզների փորձառու վարիչները նույն տրամադրության մասին են պատմում ինձ՝ այնքան լավ են օրերը-ժամերը իրենց, որ չեն ուզում՝ դրանք վերջանան… Տպավորվել է իմ երեկվա օրից և Գորիսի քաղաքապետի այցը կրթահամալիր, ինչպես օրեր առաջ Ներքին Գետաշենի գյուղապետի այցը… Ամենատարբեր մակարդակով այցելուների պակաս կրթահամալիրը չի ունեցել, բայց նպատակային, մեր ստեղծած աշխարհը ներսից հասկանալուն, վերցնելով-փոխանցելուն ուղղված այսպիսի նախաձեռնություններն ուրախացնող են… Շրջայցից հետո փորձառու քաղաքապետի հումորով ասված բնորոշումը մնաց…
– Եթե առանձին մասերով տեսածս տանել չհաջողվի, ստիպված կլինենք ամբողջը տանել Գորիս… Ամբողջ կրթահամալիրը… Ես լսել էի նորարական լուծումների, մոտեցումների մասին, բայց այսպես ամբողջական, նոր հայացքով մանկավարժական գործի կազմակերպումը տեսա…

5 տարեկանների հանդիպում Հարավային դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Այո, շնորհակալ եմ, և կարևոր է, որ Հայաստանում մեր օրերում մեր ձեռքերով-մտքով՝ մեր ջանքերով, ստեղծված ամբողջական, մանկավարժական գործի նոր կազմակերպումը, որպես նոր հայացք, սկսվում է ընկալվել նոր դպրոց փնտրող պատանի սովորողի, ծնողի, դաստիարակի-վարիչի, գյուղապետի-քաղաքապետի կողմից։ Սա լավ նշան է, սեբաստացիներ, մեր շրջակա, մոտակա-հեռակա-հայ աշխարհի կողմից…

– Մամ, ես անպայման գնալու եմ վաղը Վրաստան, Ջավախք… դու էլ անպայման արի, մեզ լսի…
Այսպես խոսեց Դավիթը, ու մայրիկը, իհարկե, լսեց… Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ նախագծով՝ ընդարձակվող, Սամցխե-Ջավախքն ընդգրկող, մեր աշխատանքներում, տեսեք, ի՛նչ ստեղծական արդյունքներ է գրանցում… կոնկրետությունը… Այս մասին «Սեբաստիա» համերգասրահում մեր պատանիների հետ հանդիպմանը խոսեց հարգելի վրաց դեսպան Գիորգի Սագանելիձեն… Այո, կոնկրետ է վրաց եպիսկոպոս Նիկոլայի հրավերով խոստացված դասական համերգի կազմակերպումը Ախալքալաքի վրաց եկեղեցու ուսումնական կենտրոնում, Վիեննայի կոնսերվատորիայի՝ հանգիստը Երևանում անցկացնող վոկալիստ ուսանողների մասնակցությամբ… Համերգի ունկնդիրների մեծ մասը, իհարկե, Ախալքալաքի, Հեշտիայի, հարակից գյուղերի երաժշտասեր  մեր հայրենակիցներն են լինելու… Կոնկրետ են և Ախալքալաքի նորանորոգ Սուրբ Խաչ եկեղեցու բակում, հոգեշնորհ տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի կազմակերպական աջակցությամբ, սեբաստացի ուսուցիչների կողմից պարերգերի ուսուցումը, հոգևոր երգերի կատարումը եկեղեցում… կոնկրետ հետևողական համերգների շարքով Ախալքալաք նոր մշակույթ բերելու այսպիսի սովորույթը, հայ-վրացական հարաբերություններին նոր ունկնդրի պահանջով, նոր հայացքով նայելը, դրանք մարդկայնացնել-պարզեցնելը, որ համերգը դառնա սովորական, առօրյա…

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների 5-օրյա դասընթացի ամփոփում Մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Երեկվա սովորական-հագեցած աշխատանքային օրից մնաց ու եկավ իմ գիր նաև կրթահամալիրի խորհրդի նիստը, նիստի մասնակիցների կոնկրետ վերաբերմունքով… բացականերն էլ՝ մեկ ամսական Հայկի մայրիկ Արևիկը Ներսիսյան, ամուսնական շրջագայության մեջ գտնվող Աշխենը Թադևոսյան… Եվ խորհրդի նախագահի խաղաղ հարցադրումը, երբ հագեցած նիստի օրակարգը սպառվեց.
– Պատմեք խնդրեմ 2017-2018-ի ընդունելության անհանգստությունների մասին… Ամենուր սովորական դարձած կոնկրետ անհանգստություն կա Հայաստանից մեկնողների պատճառով…

Երեկվա-տարվա հերթական սեբաստացի հերոսն իհարկե մեր Լիլիթ Սահակյանն է՝ իր նորածին երրորդով, երկու սեբաստացի աղջիկների եղբորով… Ախր, շա՜տ է կոնկրետ-անսովոր…

#1130

(92) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>