0

Սա է ամենը։ Ամբողջ իմաստը հենց սա է…

Ախալքալաքը թողնելուց առաջ՝ հունիսի 24-ին, ցերեկվա ժամը 4-ն անց, մենք «Կայծեր»-ով, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբով, կրթամշակութային արշավի ողջ կազմով մտանք քաղաքի բերդի տարածք․․․

Ամենուր 1982թ․ հուլիսյան արշավախմբի ակտիվացնող տպավորություններն են․ իսկական արշավախումբ՝ վրաններով, ուսապարկերով, քսանի չափ պատանիներ են, ուսուցիչներ՝ հայագիտական խորացված ուսուցմամբ դասարանի, իմ հավաքած-պահած-շահած, պատմել եմ․․․ քայլքով, անցումներով, հայտնագործումներով Ջավախք աշխարհի, վրանային գիշերումով, առավոտ բարիով, երբ վրանից քայլ-մարմինդ ես հանում, ու իսկական աշխարհ է քեզ հետ-քո առաջ՝ Փարվանան Աբուլով… Լեգենդ․․․

Ախալքալաքի բերդ: Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:

Հետո արցախյան շփոթ օրերին՝ 1990-ին, 1991-ին, ՀՀՇ վարչության ընկերների հետ, տարբեր խմբերով-առաջադրանքներով, 1995-ին՝ որպես Հայաստանի կրթության նախարար․․․ 2011-ին՝ կրթահամալիրի ուսուցիչների հետ, գիշերումով Գանձայի բնակիչների տանը, երբ համառորեն կամուրջներ էինք փորձում հաստատել մի խմբով Գանձայում, Ծալկայում, մյուս խմբով՝ 2012-ին Սյուզին-Քնարիկը հասան Ախալքալաքով մինչև Կարծախի-Խոզապինի լիճը, ուր այս անգամ մենք չհասանք․․․ Ժամանակը, խիտ երեք օրը` երկու գիշերով, երկարող ճանապարհը վատ ծածկով, հատկապես Բավրա անցակետից հետո մինչև Ախալքալաք․․․

Ախալքալաքի  բերդ մտանք, նստեցինք բոլորով՝ 44 սեբաստացի սովորող պատանի-ուսուցիչ, ծաղկաշատ լանջով վար՝ հայացքով դեպի բարձր ծառերի լույսի մեջ խաղացող գետի ոլորանը, ու նոր հասկացանք, ինչպես Հրազդանով Երևանի հայտնագործումով 2017-ի, «Գետը քաղաքում» նախագծով։ Ու հիմա մենք տեսանք նոր քաղաք իսկական՝ իր անվանը սազական, գետերի կիրճերով օղակված միջնաբերդ որպես, ոլորանի հակառակ կողմում փռված բերդ պահող բնակավայրերով․․․ Սա ուրիշ թեմա է, սա մի նոր, արշավախմբային իհարկե, նախագծի մեկնարկ է։

Այդպես և Գանձայից հետո՝ վրացական երկու մենաստանների միջով, Փոկա գյուղանցումով, Փարվանայի ափին, երբ ընդամենը մեկ ժամ էլ չունենք, մեր շնչին մեր ավտոբուսներն են, կացարանը Վլադիկայի՝ վրաց սրբազան Նիկոլոսի (իսկական իշխանի կենցաղ բերդաքաղաքում), համերգը նշանակված, որպես մեր գեղարվեստի պրեզենտացիա․․․ խիտ ու խիտ՝ թափառում չհանդուրժող մեր օրերի ծրագրի․․․ Կվերադառնանք…

Փարվանայի ջրի միջի քարի վրա այսպիսի խանդավառ, քայլքի-գրոհի-արկածասեր լսարանի առաջ ես պատմում եմ ընդամենը հիշողություննե՞ր․․․ Առա՞ջ է սա, թե՞ նահանջ․․․ Ո՛չ դու, ո՛չ Դավիթ Բլեյանը ջուրը չմտաք, տիար, ասում եմ ես, դու ընդամենը երկար տաբատով ջրի ափին, քարի վրա էիր, լուսանկարվելու-տարածվելու համար. Դավիթն էլ յոթ տարեկան, երրորդ սերունդ սեբաստացի Անիի գտած քարերն էր շպրտում լիճը․․․

Սեբաստացիաշատ Փարվանա լիճը:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի, Գոհար Եղոյանի, Սոնա Փափազյանի:

Մնաց խոստո՞ւմը Հայր Սուրբ Բաբկենին տված, որ հուլիս-օգոստոսին կվերադառնանք արշավախմբով՝ և՛ բերդաքաղաքը վերջապես նվաճելու, և՛ իսկապես նոր քաղաք դարձած Ախալքալաքի մարդկանց նոր կենցաղին-ծրագրերին ծանոթանալու, և՛ Աբուլը նվաճելու, Աբուլի մասին իրական լեգենդի ստեղծման-տարածման համար․․․ Մենք կգանք՝ շրջանցելով Գանձան՝ Տերյանի տունը-ծննդավայրը․․․ Սա այսօր իմ ուժերին չտրվող անառիկ է, պիտի սպասի․․․

Իսկ բերդաքաղաքը, նոր քաղաքը մեզ երևաց Վարձիայից։ Պետք էր իջնել կիրճով-ավտոբուսով, հեռանալ (իբր ունես քաղաք, հիմա գնում ես նոր մի բան, աշխարհին հայտնի տարածք Վարձիան նվաճելու), բայց ի պատիվ մեզ, բոլորիս, չտես չենք, զբոսաշրջիկ չենք Ջավախք աշխարհում։ Արագ շուռ եկանք… Ետդարձի ճանապարհին թանգարան-բերդից լսեցինք sos-ը՝ ո՞ւմ եք թողել քաղաք-միջնաբերդը․․․ Վերադարձանք փութով․․․ գրավեցինք միջնաբերդը․․․ Այդ հայացքը մնաց ու ինձ կկանչի, հանգիստ չի տա։

Վարձիա քարանձավային-վանքային համալիր: Խերթվիսի ամրոց:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Մինչ այդ մենք շրջեցինք մեզ հարազատ դարձած քաղաքի նոր մարդկանց աշխարհով, թիվ 3 վրացական դպրոցով քաղաքի, «Ապագայի տնով»՝ Խաս այգու դիմաց, Մաշտոց-Չարենց փողոցների անկյունում, պարատուն դարձած Վաչիան գյուղի մեծի-պստիկի խանդավառությանը տրվեցինք․․․ Այսպես մենք մոտենում էինք բերդաքաղաքի մատույցներին․․․

Ջավախք աշխարհում. դեմքեր: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Միջնաբերդը այսպես հեշտ չի տրվում․․․ Ես գիտակցեցի դա վերադարձի ճանապարհին։ Երբ թողինք միջնաբերդը քաղաքի ու մոտեցանք ավտոբուսներին, ես փոխեցի ուսուցչականը պատանեկանով. ես ասելու կարևոր բաներ ունեի «Կայծեր»-ին, ու մեր զրույցը, որ շարունակվեց Բավրայով, Բավրայից հետո, հայաստանյան մշտական ունկնդիր ունեցավ Արտենի լեռով, հիշեցրեց թարմ մի խոստում․․․

Ես գիտեմ, որ Աբուլի նվաճման ճանապարհին Արտենիի գագաթն է։ Շնորհակալ եմ, սար, դու տպավորեցիր ինձ, խոցեցիր քո այսպիսի սիրով։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1079

(126) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>