1

Պապ ջան, կներես…

Պապ ջան, կներես…
Այսպես ես դիմեցի երեկ իմ Շամխալբեկ հորը, երբ ավարտել էի թվով 1278-րդ օրապատումն անընդհատ ու ընկղմվել գոլ ջրի բաժակով մի հեռավոր փնտրտուքի մեջ խորը-անանցի… Չփոխեցի-չավելացրի. հա՛մ գրել էի արդեն, հա՛մ էլ երբ շատ է անձնային, հարկ է, որ ճշմարիտ լինի, ազատ որևէ հավելագրումից: «Պապ ջան, կներես…» դիմեցի և  այսօր, գոլ ջրի բաժակով սկսելով իմ օրը գիշերը 2-ի 3-ի արանքում… երբ քունս առած՝ մոտեցա իմ պատում-ռիտուալի 1279-րդ արարն սկսելու… Պապ ջան, կներես… Սա՝ կյանքի կուտակիչ մաշկս, հասկացա, ժառանգություն է քեզանից… 75 տարեկանում անգամ, հաղթանդամ, մի ոտքով, մյուսը՝ դաժան մի պրոտեզ, երկու հենակներով (մենք կաստիլ* գիտեինք. դու էիր ասում՝ կաստիլներս բերեք, կանգնեմ), դու 1944-ից ստալինյան յոթ տարվա աքսորից այս գնով պրծած, գյուղում քո իմացած շինականությունը թողած՝ մեզ պահելու, մեզ բերելու համար (վեց զավակներից չորսը 1944-ից հետոյի ծնունդ ենք) դու ամեն Աստծու առավոտ, լսեք, ամեն օր՝ առանց շաբաթ-կիրակիի, արձակուրդ-հանգստի, առանց հիվանդանալու, մինչև կուրանալդ-ամոթից նեղանալ-պառկել-հեռանալդ, դու ստեղծեցիր քեզ մի գործ, մի եկամուտ, որն էր ողջ օրը մի ոտի վրա-զույգ հենակներով առևտուրը Երևանի սև շուկայում**, բազում մարդկային կապերով… մինչև Նախիջևան… Սա պատմել-շարունակ վերապատմելու եմ. զարմանքս իմ հորով ապրում է, որ ինձ հետ է, չես խլի, չի ջնջվում… Հասկանալի է, ես, մենք կանք շնորհիվ այսպիսի ստեղծումի: Քո-մեր իրիկունն է այս օրերին ինձ այցելել։

Պատրաստվում ենք աշխարհի ամենածիսական հարսանիքին:
Լուսանկարները՝ Մարալ Կարապետյանի:

Դու այդ աշխատանքից հաճախ ոտքով-հենակներով սև շուկայից (այսօրվա Գումի շուկան է, որ Սիլաչու «Տաշիր» հանրախանութի հարևանությամբ) գալիս ես, անցնում երկաթգծերը մի քանի շարքով, մարդատար-բեռնատար, Գետառի կամուրջը, մեր թաղի դիքը քաշում, հետո դուզը, վերջում՝ մեր բակի թեքությունը… Նստելդ՝ ծանրամարմին, կներես, փնչոցով… Ու այսպիսի աշխատավոր հորը՝ իմ մոր մեզ պարտադրած դիմավորումը… հորս ոտքը ջրի մեջ մաժել-տրորելը, ու մաշկի՝ հաղթանդամ մարդու շապիկի տակի մաշկի խնամքը, տրորելը, մաժելը, քորելը… Հայրս տեղը չի գտնում, մաշկի քորն իր երկհարկանի, թաղում ասելիք տնով մեկ է… Տանը հարս կար, երկար կյանք իմ ավագ եղբոր ազնվական կնոջը՝ Ռոզալիային, տանն անընդհատ ելումուտ էին անում իմ հորեղբոր հարսները տարբեր, ու հորս մերկ մարմնով ես չեմ հիշում… Բայց անհրաժեշտ էր խնամել, ուշքի բերել, բերել մի վիճակի, որ հացի նստի բոլորիս հետ (ինքը՝ իր բժիշկը իր առողջագիտությամբ, իր ժուժկալությամբ՝ էս՝ շաքարի, էս՝ երիկամների, էս ճնշման համար….), որ մինչև մահիճ մեկ-երկու-երեք ժամ բոլորինը լինի, մեծ տանը՝ իր աշխույժով, ներսուդուրսով, որպես քարվանսարա… Ես հիմա եմ… ոչ թե հասկանում, մաշկով եմ զգում, այս տարիները՝ իմ գիտակից կյանքի, 1960-ից հաշվեք մինչև հորս հրաժեշտի, երկնքի արքայության 1976-ը, տասնվեց տարի…

Հարսանեկան ծեսի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները ագարակում: Լուսանկարները՝ Կարեն Բիչախչյանի:

Երեկ ես իմ հարազատների մի խմբի հետ էի Էմմա քրոջս մերձավորի հոգեհանգստից առաջ-հետո, Ստեփան եղբորս տանը, հետո՝ տուն։ Ու մտքերով-ապրումներով բոլոր ես հորս այս տասնվեց տարիների առեղծվածի հետ էի… Ի՛նչ էին մտածում-մեղադրում հարազատներս՝ Էդիտը, Ստեփանը, Գարիկը, Արմինեն-Դավիթը՝ կարևոր է, ու չգիտեմ… բայց լսեք-չլսեք, իմ պատմելիքն այս է… Սովորող-ուսանող եղբայր-քույր-զարմիկ՝ մեկս մյուսի վրա գցած հորս ամենօրյա այս խնամքը, իբր ամբողջ օրը, հերս կասեր՝ գութան քաշած, հույժ կարևոր գործով հենց այդ ժամերին զբաղված, իսկ իրական երկրագործը՝ մեզ կերակրողը, էն էլ ինչպես, տունը շեն պահողը, դեռ պիտի խնդրեր-պարտադրեր իր խնամքը…  Մայրս պիտի չաներ, մայրս պիտի կազմակերպեր այդ խնամքը՝ որպես ընտանեկան միջավայր… Խնամքի մանկավարժություն. ընտանիքում-դպրոցում դրա բացակայությունը չես փոխարինի…

Հորս եմ հիշում, անօգնական, երբ բոլորը փախել են, բայց իր վերականգնումը դեռ չկա… Մայրս էլ, թե՝
– Շամխա՛լ, բոլ ա…,- ու գնաց իր գործին։
Մնացել եմ ես հորս կողքին… Դավթի տարիքին… հարցեր եմ տալիս, ստիպում, որ պատասխանի, ինձ զբաղեցնի, ինձ հետ խաղա իմ պապը… Իսկ ինքը՝
– Շա՛ն տղա, սպասի, արի օգնի… Էս մեջքս, տես, էսատեղ ի՛նչ է եղել…
Ես բարձրանում եմ հորս վրա, ձեռքս մտցնում շապիկի տակ, մարմնի հոտն առա նորից, ի՜նչ պիտի տար իմ մատների ծակծկումը հսկա հորս, չգիտեմ…
– Պա՛պ, բան չկա, ըհը, արեցի։ Հիմա իմ հարցերին պատասխանի…
Ու հորս քաղցր հանդիմանությունը-համակերպումը…
– Ա՛յ շան տղա…
Պա՛պ ջան, կներես:

Առավոտը Քոլեջում: Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի:

Ողջույն մարգարեների և առաքյալների հետևորդներին… Ադամից մինչև Մոհամմադ, նրանց բոլոր հետևորդներին, ասել է թե՝ նաև ինձ ու քեզ, օրագրի հավատացյալ ընթերցող, ասել է թե՝ բոլոր քրիստոնյաներին, ողջունում է Իմամ Սաջջադն իր չորրորդ աղոթքով… Ե՛վ զարմանալի է, և՛ ճշմարիտ, այնպես, որ գիշերով սա կարդում եմ ձեզ համար:

Տեր, Քո ողջույնը մարգարեների հետևորդներին ու բոլոր հավատացյալներին: Այն ժամանակ, երբ մարգարեների թշնամիները ժխտեցին նրանց, նրանք հավատացին առանց տեսնելու և ընդունեցին ճշմարտությունը: Տարբեր ժամանակներում, Ադամից մինչև Մոհամմադ, ուղարկեցիր մարգարե և ընտրեցիր նրանց որպես ուղեցույց և առաքինի առաջնորդներ:

Ուրեմն, ողջո՜ւյն բոլորին:

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1279

* Костыль – անթացուպ, հենակ 
Աղբյուրը՝ ռուս-հայերեն բառարան

** Սև շուկա – 1. Գաղտնի առևտրի շուկա։ 2. Մասնավոր առևտրի շուկա (ՍՍՀՄ) -ում։ 
Աղբյուրը՝ bararanonline.com

(164) դիտում

Մեկ կարծիք Պապ ջան, կներես… նյութին

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>