0

Առաջ ընկած, արագ-արագ, ո՛չ վախ, ո՛չ հոգնել

Տաթև Բլեյանին զանգում ես, խոսում, մեկ տարեկան դարձող Վահան Սերոբյանի ձայները-կանչերը չեն թողնում․․․ Այս ե՞րբ մեծացավ, Տաթևը ամենալավը գիտի, բարեխիղճ-անդադրում-հավեսով ջանքի մեկ տարի, ու տեսեք-տեսե՜ք, լսեք-լսե՜ք, աչքդ չես կտրի, որ կտրես-հեռանաս էլ, Վահանն է իր ողջ սքանչելի ներկայությամբ․․․ մկրտության պատրաստ․․․ Ծննդյան-կնունքի կենցաղ-հոգսեր բոլորիդ․․․

Աշխեն Թադևոսյան-Բլեյան ջան, կեցցե՛ս, վերջապես խիզախեցիր քո ամուսնական միությամբ այս ուսումնական շրջանում քեզ սազող, գործնական եռօրյայով, թե շաբաթով, մինչև օգոստոսի 28-ը քեզ փեշքեշ, ու բաց է քո մայրության, Մեղեդի ծննդյանի ճանապարհը… վստահ-վաստակով անցնելու համար… Այսպես հետաքրքիր է, ուրիշ է, քո հեղինակած 2017-2018 ուսումնական տարին՝ քո հիմնած ընտանիքով ու քո ստեղծած առաջին դասարանով… Արևմուտքում ծագի արևը…

Խոսքերը մե՞կ են արել Ալբերտ Տոնեյանը, տիար Գևորգը՝ չգիտեմ քանի՜ անգամ, Տաթևը Համբարյան՝ ութերորդ, Սոնան Փափազյան՝ երկրորդ… Դավիթ Բլեյանը, որ լողալիս խոսում է.
– Պապ, ուզում եմ՝ մի անգամ էլ Արագած բարձրանամ… որ իջնեմ ինքնուրույն…
– Վա՞ր, դեպի լի՞ճ Քարե, թե՞ Խառնարան…
Ծիծաղում ենք:
– Պապ, տեսա՞ր՝ ոնց էի առաջ ընկած, արագ-արագ իջնում, չէի հոգնում, չէի վախում, ուզում էի մենակ լինեմ, առջևից գնամ…

Նորեկ սեբաստացիները կրթահամալիրում՝ ինչպես ձուկը ջրում…
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Ձեր ետևից հասնե՞լ կլինի. հրեն Նառան, Մարալը, Ջուլին, Սոնան, Մերին, Մանուշը, Քրիստինեն, Սաթենը, Լուսինե Նազարյանը... առաջ ընկած, ամեն մեկը՝ սովորողների տարատարիք մի ջոկատ-ճամբար-ակումբ ետևից արած, արագ-առանց հոգնել իջնում է-բարձրանում՝ առաջնորդում է… Բազմամուտք-բազմաելք, կրթահամալիրի Բանգլադեշի խաչմերուկներում, հարթակներում մեկ է, հանդիպում ենք, մեկ է, միասնական ենք-աջակից-համերաշխ այս քայլքում-վերելքում, իհարկե, օգոստոսի 30-ի բարձունքին։ 2017-2018-ի մեր սեբաստացիական մուտքը ինձ հիացնում է… Ինչպես և սեպտեմբերի 4-ից սկսվող նախագծային ուսուցման շաբաթը, ողջ ուսումնական տարվա վրա մի յուրայինի հայացք գցելու, անցնելիք ճանապարհը, որպես հաջող մեկնարկ, անհատական մի հետագծի բերելու… որ յուրաքանչյուրը առջևից գնա, մի նախագծով ուսումնական մի խմբի առաջնորդի…

Արագածի մեր վերելքի կնքահայր Ալբերտին ու ինձ նույն միտքն էր զբաղեցնում կողք կողքի բարձրանալիս։ Հանդիպեցինք, քայլեցինք. Զոլաքարի Տոնեյան հայրենագետ-աշխարհագրագետներին մեր նախագծերում ընդգրկելու մտքով Ալբերտն ի՜նչ ոգևորված է…
– Բա ամեն ջրվեժ մեր երկրում իր անունը չունենա՞, նկարված-նկարագրված չլինի՞…
– Բա ամեն մի չռիկում կամ նրա ստեղծած զուլալ գյոլում լողացած չլինե՞մ, չիմանանք, ետևից չգնա՞նք, թե էս ջուրը ջրվեժի ո՛ր առուն-ո՛ր գետն է գնում…
Շարունակում ենք իրար…

Արագածում պատկերները՝ Սիրանուշ Ասատրյանի:

Գրում եմ, պատմում եմ, ու հենց հիմա իմ առաջ Արագածի խառնարանից սկիզբ առնող Գեղարոտ գետի երկար-մոլոր-շշմելու ընթացքի ջրվեժն է… Ես ինչի՞ց, ինչո՞ւ զայրույթից-բռնկումից բաց թողեցի, չմտա ջուրը… Կանչը լսեցի՞ք, քանի՜ ջրվեժի… Հայաստանով մեկ… Որքան էլ ծովից ծով, պատմական, որքան էլ 1988-ի Շարժումը ծովի շունչ բերեց… ծովի չհասանք. մեր բնակավայրերը եղել և մնում են գետի եզերքով՝ գետի աջ ու ձախ ափերին… Պիտի սովորենք գետի ափին մարդավայել ապրել, գետի ջուրը տեսնել-մաքրել-խնամել-տեղավորվել գեղեցիկ, կամրջակներ գցել ընթացքով մեկ,  մաքրելով հասնել ջրվեժների-ակունքների-լճակների… Այնտեղից սարի-լեռան գագաթը մոտ է, երևում է… Սարով անցնող ճամփաների հովիտներում տեղավորված շեների ու… անանուն ջրվեժների երկիր է Արմենիա-Հայաստանը… Ու ամեն մինը իր կնունքին-ծնունդին, իրենով սիրահարվածին-հայրենատեր գործող անհատին, ճամբարին սպասող…

Դասավանդողների օգոստոսյան ճամբարի մեկնարկը ընդհանուր պարապմունքով:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Ահա սա եմ անվանում ճամփորդությամբ ուսուցում… դեպի կոնկրետ-նյութական-իրական հայրենի քնապարկով, վրանով… սարի ճամփով… Մնացածը փախուստ է Արմենիա-Հայաստանից… կրթահամալիրի Բանգլադեշից…

#1127

(114) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>