0

Միասին, Բլեենց նոր սերնդին ճանաչելով, Բլեենց սկզբունքները ձեւակերպելով-հաստատելով, իրար օգտակար լինելով, ճանապարհ է, անցնում ենք…

Ամառային ընտանեկան պատում

Էդվարդը՝ չորս տարեկան, Բլեյան Արամի տղան, նախորդ օրն իր պապ Թաթոսի հիշատակի հավաքին հասցրել էր պայմանավորվել Դավիթ Բլեյանի հետ հանդիպման մասին… Ու կիրակի առավոտով չորս տարեկան Էդվարդն իր Արամ հորը բերեց մեր տուն, կազմ ու պատրաստ, առավ-տարավ ճամփորդության՝ Հրազդանի կիրճով… Մադագասկարով… Էս Դավիթ-Էդվարդ ընկերությունը թե կայացավ, ինքնուրույնություն ձեռք բերեց, Վահանն էլ իր ատամները լրացրեց, որ Բլեյանների՝ տղայի թե աղջկա, շարունակության ապագան հուսալի ձեռքբերումն է…

Որքան էլ զբաղված հուլիսյան Բանգլադեշով՝ ես մեր իշխանական ծագման ներկայով-հեռանկարով զբաղվում եմ կոնկրետ գործողություններով ու անհատական-խմբային նախագծային լուծումներով… Խմբագրեք ավագներին՝ հայրերին, պապերին նշանավոր… այսպիսի կոչով դիմեցի ես հուլիսի 1-ի հավաքին, իմ Թաթոս Բլեյան պատվելի-անմոռաց եղբոր հիշատակին ասված խոսքում… Խոսքը քննադատելու մասին չէ, որքան էլ յուրաքանչյուրս ազատ ենք ու հարկ եղած տեղը չենք կուլ տալու սրբազան ստի հերթական բաժինը կատարյալ մեր մեծերի մասին: Բայց ապրողներով, երիտասարդներով, այդքան կենսասեր-պատասխանատու-ընդունա՞կ ենք սրբագրել-խմբագրել-շտկել մեր գնացած-ապրող հարազատների սխալները… Ազնվական-իշխանական ծագման գիտակցումը՝ «Բլեյան» ազգանվան կրումով, թե ծագման պատկանելությամբ, այսպիսի ուղի է պարտադրում: Եվ հավաքները ավանդույթի ուժով այսպիսով իմաստ-անհրաժեշտություն են ձեռք բերում:

Հուլիսի 1-ը օր եղավ Բլեյանների օրացույցում, որ երկար մեզ կհավաքի, ինչպես երեկվա մեր հավաքին ես հայտարարեցի, կդառնա ստուգատեսային… Այո, 2016-ի այս օրը մենք մեծ ցավով-վշտով հրաժեշտ տվեցինք Թաթոս Բլեյանին։ Այս հիշատակի օրերին մենք առաջ կբերենք-կբարձրացնենք մեր հաջողություն-ձեռքբերումները, այն երիտասարդ առաջնորդ Բլեյանների համար ստուգատես կդառնա… Այս անգամ հաստատ Արման Բլեյանն է՝ իր օրինավոր զինվորական ծառայությամբ, և Յուրա Բլեյանը՝ իր ընտրած ֆիզիկա գիտությանը նվիրվածությամբ… Օրը ստուգատեսային է դառնում նաև Թաթոս Բլեյանի կյանքի գլխավոր ստեղծագործության՝ իր ընդունակ, հեռանկարային ընտանիքի ձեռքբերումների ներկայացումով։ Կենտրոնում առայժմ Արամ Բլեյանն է՝ բոլոր Բլեյանների սիրելի, մեր պապի անունով, իրավունքով, մեր հարս ծոցվոր Լուսինեով։ Դե, իսկ Թաթոսի Ռուզան աղջկա ներկայացումը առջևում է։

Հավաքից հետո, Ստեփան Բլեյանի սիրալիրությամբ, մենք Շուշանին ուղեկցեցինք Հրազդանի կիրճ… Շուշանը եվրոպական բարձունքից որքա՜ն ճիշտ գնահատեց, կարևորեց մեր գեղեցիկ Զանգուն՝ նաև նազելի բնակարան լինելու իր բոլ հնարավորություններով…

Իսկ Սամվել-Տաթևենց Խարբերդում, Վահան թոռնիկի ատամնահատիկին, ՇուշանիԼիլիթիՎահե Հովհաննիսյանի հետ գործնական քննարկվում էր հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին Սամցխի-Ջավախքում իմ խոստացած հայ-վրացական ընտանեկան ճամբարային համերգը կազմակերպելու ծրագիրը, գործնական, մանրամասներով…

Լավ է, որ հուլիսի 9-ի «Լանջաղբյուր․ Բլեենց հիմնած գյուղ-ծննդավայր» ուխտագնացությանը և՛ Շուշանը կմասնակցի, և՛ Դավիթը։ Այս նախագծով էլ ես ընդամենը խորհրդատու եմ։ Նախաձեռնության հեղինակներ Մարիամ Բլեյանն ու Լիլիթ Թադևոսյանը թող դրսևորեն իրենց ողջ տաղանդը… Այսպիսի հուլիս՝ ընթերցողական-ճամփորդական-հայրենագիտական-արշավական…

Հասցնեմ պատմել և մեկօրյա՝ Բլեենց Հայաստանյայց ծննդավայր գյուղի՝ Լանջաղբյուր-Գավառ-Գեղարքունիքի մեր երեկվա կիրակնօրյա ուխտի՝ Վարդան Մամիկոնյանի արձանից մինչև Սպիտակ սարի ուղղությամբ Բլեենց դոշի-աղբյուր, լանջաղբյուր դարձած կանաչաղբյուր քայլքի մասին… Էլի Դավիթ Բլեյանի ու Արմինեի հետ։ Երկու տասնյակ սիրելի Բլեյան-Թադևոսյան երիտասարդականի քայլքը չես թաքցնի-խցկի մի օրվա գրում… Շուշան Բլեյանը լավ չարեց, հիվանդացավ. արդեն երկու թափառում բաց է թողել։ Ջա՜ն, առողջացավ. պատրա՞ստ է հուլիս-օգոստոսի իմ-Դավթի հայրենագիտական նախագծերին միանալու…

Մտքերով Լանջաղբյուրում եմ, իմ հորաքույր Երանյակի թոռան՝ սիրելի Ժանետի որդի Սամվելի հետ, ով ավտովթարի հետևանքով գամվել է անկողնուն ու երկար ժամանակ ապավինում է միայն թևերի՞ն… իր դեպքում՝ մտքի թռիչքին… Ի՜նչ պայծառ միտք, զուլալ հայացք, խաղաղ խոսք պարգևեց եղբայրն իմ մեր անշտապ զրույցին, որին հերթով միանում էին Յուրա, Մարիամ, Առնոլդ Բլեյանները… Հարազատների առաջին հանդիպումն էր այսպես… Շուշանը տպավորված է երեկ Լանջաղբյուրում անցկացրածով-տեսածով… Լանջաղբյուրը իրական-կենդանի-հուզառատ դարձավ-մնաց մարդկանցով՝ իմ հորաքույր Ժանետի մեծ-լուսավոր ընտանիքով, իմ եղբայր Սամվելով, իհարկե, դպրոցի տնօրեն Սերգեյով, որ ոտքը կորցրել է… 1988-ի երկրաշարժին, երբ որպես ուսանող եղել է Գյումրիում, գյուղապետի տեղակալ Սամվելով, Սարուխանի Սաքեյան ընտանիքով՝ տան տատիկից՝ մեծ մորից սկսած 3-րդ դասարանցի Ռոմանով ավարտած, ովքեր այնքան սիրալիր մեզ օգնեցին, երբ մեր մեքենան անսարք կանգնեց փողոցի վրա՝ հենց իրենց տան դիմաց: Սա Հայաստանն է, այստեղ ես տանն եմ…

Շնորհակալ եմ Անի Սարգսյանին, որ այնքան ուշադիր եղավ Բլեենց ծննդավայրի, անցած-չգնացածի ու ներկայի նկատմամբ, ով ոգևորվեց Լանջաղբյուրի գյուղական միջավայրով, երեխաներով, պարզապես մարդկանցով… Շատ կարևոր է, որ գյուղաստեղծման մասին Լիլիթ Թադևոսյանի ու Մարիամ Բլեյանի նախաձեռնած ֆիլմը կենդանի լինի…

Լանջաղբյուր՝ իմ հայր Շամխալի ծննդավայր, Բլե իշխանի հիմնած գյուղ, ես օր առաջ պիտի վերադառնամ, իհարկե, Շուշան աղջկաս հետ… Ֆիլմը գյուղի ստեղծման մասին, որ նախաձեռնել են Լիլիթ Թադևոսյանն ու Մարիամ Բլեյանը, կուզեմ որպես երաժշտություն ունենա Շուշանի երգը Հայրավանքում ու գյուղի բարձունքի եկեղեցում … Կուզեմ, որ Սամվելը տեսնի Շուշանին, ում հաջողություններին երաժշտական, ինչպես Լիլիթ Բլեյանի, Նազենի աստղ Հովհաննիսյանի, այնքա՜ն ուշադիր հետևում է համացանցում, որ Սամվելը լսի Շուշանի երգը կենդանի… Լանջաղբյուրից մնաց իմ քույր Ժանետի, ամուսին Լավրենտի դուռը՝ բաց- հյուրնկալ, խնամված տունը. անցնեն բոլոր Բլեյան-Թադևոսյանները, կրակով, որևէ մեկի հաջողության, ուրախության նշումով… ասենք՝ Արման Բլեյանի ծառայությունը Հադրութում հաջողությամբ ավարտելու առիթով… Կզորե՞նք այնքան Բլեյան-Թադևոսյաններով, որ Բլե իշխանի որդի հզոր իշխան Պետրոսի գերեզմանաքարի շուրջ մատուռի քարերից, մատուռի երևացող հիմքի վրա, որ ճանաչում, որ այնքա՜ն խնամքով պահպանում են գյուղացիները, հուզելու աստիճանի, խոյանա-ամբողջական տեսքի գա մատուռը, որպես գյուղի ծննդյան վկայական…

Ի՞նչ ընթացք-զարգացում կունենա «Լանջաղբյուր՝ Հայրավանքով, Բլեի դոշով, Սպիտակ սար-Աժդահակ անցումով, Գեղարդով Երևան» նախագիծը… 2016-ի օգոստոսի 11-ի մեր Նավասարդը Աժդահակում, հիշեցնեմ-հիշեմ, թեթև հղումով… Իմացա, որ Ալբերտ հոպար-ընկերը ավելի մեծ շրջանով է պատրաստվում Նավասարդին… Կուզեմ՝ Բլեյան-Թադևոսյանների մի խմբով Լանջաղբյուր-Սպիտակ սարով միանամ Աժդահակի ստորոտում խնջույքի վրանային հավաքին… Կուզեմ, որ մեր Բիձա Եգորի՝ Եգոր Թադևոսի Բլեյանի ժառանգների խոստացած Բլեյան-Թադևոսյանների հավաքը օգոստոսին կայանա Սիսիանի Ծղուկում՝ Բորիսովկայում… Իմ Արամ պապի նշանավոր ավագ եղբայր Եգորի արտաքսումի-ինքնաքսորի մասին մինչպատերազմյան Լանջաղբյուրից Սիսիան՝ Բորիսովկա, պատմել եմ

Օրեր առաջ Շուշիի ճանապարհին, Սպանդարյան ջրամբարի մի հարմար բարձունքից-ափից զմայլվում էինք մեծ ջրավազանով, Արաքսի ձախ վտակ Որոտանի նախկին ընդարձակ հովտով, որտեղ Եգորը հիմնեց-շարունակեց Բլեյանների մի ճյուղ-քոչ, որ սեբաստացիներին այսօր ծանոթ է Աշխեն Թադևոսյանով… . Դավիթ Բլեյանն ու Աշխենը Թադևոսյանը նույն Թադևոս պապի, հզոր իշխան Պետրոսի որդու ժառանգներն են՝ Դավիթը՝ Արամ Բլեյանի ծոռը, Աշխենը՝ Արամի եղբայր Եգոր Բլեյանի ծոռը… Տեսաք՝ ոնց մոտիկացան, մի դպրոց-դասարան դարձան, նույն ծառի պտուղը… Պտուղը՝ ծառո՞վ, ծառն՝ արմատո՞վ… Մեզ համար կարևոր է դարձել մեր ազնվական (իշխանական) ծագման գրանցումը մեր, մեր երեխաների ինքնագիտակցության մեջ, դրա նյութականացումը… Օրակարգում Բլեենց ավերված մատուռի վերաշինումն է տեղում՝ գյուղի կենտրոնում, գյուղացիների տնամերձների պահպանվող տարածքում…

Ովքե՞ր են Բլեյան-Թադևոսյաններն այսօր, ի՞նչ ուժ կարող են ստանալ նրանք իրենց պապական ժառանգության ազնվականությունից… Իմ ջանքերում-մտահոգություններում-լուծումներում նախագծի այսպիսի զարգացումներն են… Պետրոս Բլեյանն իր Յուրա-Էդվարդ որդիների հետ սկսել է Եղվարդի հայրական տան արդիականացումը… Որոշումը, որ մեր ավագ եղբոր ամառանոցը օր առաջ բացի իր դռները, դառնա սիրելի հավաքատեղի, ուժ-աջակցություն, մտքի-ճաշակի սնուցում ստանո՞ւմ է Լանջաղբյուրի Բլեենց մատուռի վերականգնման նախագծից… Ես այսպես եմ մտածում, գրում:

Հուլիսը սիրելի ծնունդների ամիս է, որ սկսում են Աննա Բլեյանը, Պետրոս Բլեյանը, Գևորգ Հակոբյանը, հետո՝ Շուշան Բլեյան, Նազենի աստղ Հովհաննիսյան, Սոնա թոռնուհի Հովհաննիսյան, Սեյրան Ավագյան… Կարինե Ջանոյան, Ռոզալիա Բլեյան ու Թաթոս… Ոչ լրիվ շարքը. այնքան ու այնպե՞ս, որ գլուխս կորցնեմ, Վարդավառով Աբուլի գրո՞հն էլ մոռանամ… Արձակուրդի ամիս է, ասա, վերցրու ոտքերդ, ճամփորդական ցուպդ ու գնա…

Օրը, չշփոթեք, Շուշոյինն է։ Այս ե՞րբ 13-15 տարեկանն անցավ, Շուշկին ամուսնացնելու աղջիկ դարձավ։ Ա՜, վաղուց նոր աղջիկ ունենալու ժամանակն է… ԱմենաՇուշոն իմ կերգի՞ այսօր, որտե՞ղ… Սիրում եմ ծննդյան օրվա առիթով համերգները, քայլքերը, վերելքները, ուխտագնացությունները, թափառումները… երբ միասին են, առիթ է, հարազատներով… Եվ պիտի հարազատներով ուժեղ լինել կոտրելու համար ավանդույթի պարտադրած ուտուշ-խմուշի աղմուկը-կենցաղը, որ հավերժության վրայով ազատ-ուրախ ճախրեն… Ախր, այնքա՜ն հեշտ է դա անել հենց ծննդյան օրվա առիթով՝ քո, ընկերոջ, հարազատի… որքա՜ն հանրային զորություն կա թաքնված ծննդյան օրերի մեջ, որ մսխվում է, այլ ուղղությամբ գործադրվում… ո՛չ ուրախ-ճախրանքի…

Սոնա թոռնուհին ու իր քեռի Դավիթը, Օհանավանի՝ Շուշոյի նախաձեռնած-կազմակերպած հավաքից գոհացած, ինչպես բոլոր Բլեյան-Հովհաննիսյան մասնակիցները, գտել էին իրար հետ լինելու մեզ չխանգարելու եղանակը… Հավես ավարտ Օհանավանի փոթորկուն-կարկտաբեր, բառիս բուն իմաստով, խնդուն-լեցուն Շուշոյի օրվա: Շուշոյի ծնունդ նախագիծը ստացվեց. Շուշոն գոհ էր։

Ուխտասար, այո, ուխտի, Բլեենք բարձրանում են Ծղուկով Սիսիանի, իմ՝ 1936-ի ստալինյան աքսորից չվերադարձած Արամ պապի նշանավոր եղբոր՝ Բլեյան Եգորի ինքնաքսորի գյուղով… Մեր բիձա Գեորգին՝ իմ մանկության լեգենդար Բլեյանը, Ծղուկում խորը արմատներ ունի… Ես, մենք պարտքեր ունենք Ծղուկին, նախկին Բորիսովկային, որ մնացել է իմ 5-7 տարեկանի հիշողություններով, Սպանդարյան ջրամբարի տակ…
Դավիթ Բլեյանը գալիս է իր եղբայր Յուրչոյի, Գեորգի պապի թոռներ Գայանեի-Գեորգիի, ու այսպես, մի խումբ ջահել Բլեյան-Թադևոսյանների հետ հարգանքի տուրքի, խոնարհումի, ճանաչումի, հայրենագիտության՝ Ուխտի։ Ծղուկը նաև Ուխտասարի գագաթի անունն է, ընդարձակ պատմության ստուգաբանությամբ կարդացե՛ք… Իսկ Արամազդ կրթահամալիրի խորհրդի նախագահը, ոտքի վրա, հենց իմացավ մեր ուխտի ու սարի մասին, այսպիսի, գնահատե՛ք, աջակցություն ցուցաբերեց… Ծղուկը ծուղակի հետ ոչ մի կապ չունի…

Այս անգամ՝ Որոտանի, նրա եզերքին փռված Սյունյաց աշխարհի, որպես Աշխարհացույցի մաս…

Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
Լույսի խտուտից զարթնած սարերը,
Իրար շալակած սարը բարձրացան
Իրար պաղ ու շոգ շնչառությունից
Քրտնած սարերը:
Համո Սահյան

Հալալի-գոհունակության երրորդություն ապրեցի ես այդ ընթացքում, մեկ՝ Ուխտասարի Ծղուկ գագաթին, հարազատացած մարդկանց հետ․ ախր, ճանապարհը մինչև այս, շոգին-կրակին, փոշու մեջ, երկար ցնցող ամենագնացում, հետո, Ուխտասարի լճի ու ստորոտի միջև փռված սալարկով, հետո թեք սարով, մինչև գագաթ, Դավիթ Բլեյանի, Արմինեի ու վճռական-հարազատությունը վերելքով հաստատած Բլեյան-Թադևոսյան-Բալոյանների հետ… Ծղուկից այս աշխարհը՝ չորս կողմ բացվող, ափիդ մեջ, օտարերկրացիների տարբեր խմբեր, լիճն ու ավազանը իրենցով արած, տեսարան, որ կմնա-չի ջնջվի՝ ինչպես նախորդ անգամ Աբուլի գագաթից… Ուրիշ ինչպե՞ս դու կունենաս այս զգացումը-ապրումը-հիացումը, ուրիշ ինչպե՞ս կհայտնաբերես քեզ մինչ այս անհայտ աշխարհն այս, որ մի բառով չես կոչի, երկուսով՝ Ծղուկ-Ուխտասար…

Հալալի-գոհունակության երկրորդ զգացումը՝ ժամեր հետո, լճի պաղ-զուլալ ջրում, նորից Դավթի և ուխտավորների խմբով… Օխա՜շ. ի՜նչ վրանի տեղ է, ըստ վարորդ-ուղեկից Վալերի, անգլիացիների մեծ խումբը, որ 7-րդ օրն է գիշերում, գործից հասկանում է… Աշխույժ է շուրջբոլորը, լողացողները քիչ են, Երևանից եկած հայերը մտմտում են, ինչի՞ մասին՝ չի իմացվի, Առաջին հանրայինը նկարահանումներ է անցկացնում, մնացածը ֆոտոպատումի ենթակա է մեր աչքերով, որ հուսամ՝ ձեզ ջիջիլի նման կփոխանցվի…

Հալալի-գոհության երրորդ զգացումը Ծղուկի նշանավոր հողագործ-երկրագործ Վաղարշ Բլեյանի՝ Գեորգի Բլեյանի Սիսիան աշխարհում հայտնի թոռան հյուրասեր տան առատ սեղանի շուրջ կշեշտի բիձա Գեորգիի երևանաբնակ որդին՝ վաստակով ուսուցիչ ֆիզիկայի, մանկավարժ-կազմակերպիչ Յուրիկը, ուխտը ինքը, որպես եղելություն, կայացած ի տես բոլորիս ու բոլորիս մասնակցությամբ… Ես գիտեմ, իհարկե, որ այն չէր լինի առանց ինձ, ու դրանից հալալ երրորդությունը ճաշակում եմ լիուլի…

Դավիթ Բլեյանն այս ընթացքում երկար լեփ-լեցուն սեղանի տակ է, իրեն ուղղված ծափերով… Վաստակել է մարդը։ Ճամփա անցավ՝ լճով-գագաթով…

Մի քանի պատկեր, որ պատմելիս-գրելիս, ահա, կենդանացան, առաջ եկան… Որոտանի կիրճով պտույտը, որ տեղի տալով Սիսիանի հիմնական դպրոցի տնօրեն, հին-լավ բարեկամ Հովհաննես Ալեքսանյանի ու իր անբաժան երկրագործ Ֆեդյա ընկերոջ, Բլեյանների թևով անցկացրինք Սպանդարյան գյուղում, գիշերեցինք սահյանական հովվերգությամբ լեցուն գյուղական տանը՝ Արմինեի, Շուշանի, Արևիկի, Դավթի, Արամի ու Յուրչոյի հետ…

Շուշոն Բլեյան, Սպանդարյան լճի ափից առանձնացած, մինչ մենք լողում ենք, լճի մեջ ցցված մի քարի վրա է… Տեսեք՝ Վիեննայից ուր է հասել, ինչեր է տեսնում, ինչեր կպատկերի դեռ…

Շուշանի-Արևիկի ներկայությունը… Ինչպես Տաթևն ասաց, երբ Ծղուկի գագաթից փոխանցեցի գավաթի նվաճման փաստը. «Լավ կլինի՝ Վահանը հետևի իր Դավիթ քեռուն, իսկ Արևիկն ու իր մորաքույր Շուշանը արդեն հարազատ են, իրար գտած… »։

Երևան վերադարձին, Գորայք գյուղ չհասած, դեպի ջրամբար-լիճ շտապող Որոտանի ոլորանը… Ինձ կանչում է ու կկանչի այնքան, քանի ես կանչին-ձայնին, Որոտանի կիրճ պատկերի հետ, սեբաստացիների, թե Բլեյանների մի խմբով չեմ բարձրացել, ասում են՝ 10-15 կմ-ն այս, մինչ նոր զգացումի վայելքը, դեպի… Որոտանի ողջ երկարությամբ, աղբյուրներից իր ակունքի, Խալխա լճակից, Ծղուկի ջրամբարով, Սիսիանով, Գորիս-Կապանով մինչև Մեղրի, մինչ Արաքս գետաբերանը…

Լճափին քնել, քնով եմ անցել…
Մնացածն ասի թող Որոտանը։
Համո Սահյան

Սա էլ մի աշխարհ է Հայաստանում, որ արժե գրանցել որպես ուխտի ճամփա, ինչպես Սևանից սկիզբ առնող Հրազդանով, մինչ գետաբերանը Արաքսի… Ես գնացել էի Ծղուկի Բլեյանների ուխտով, բայց նաև Որոտանի հետևից, ու մոռացումից ուզում եմ գետը դուրս բերեմ… Ինչպես Իսահակյանի գովերգած Ախուրյանն է մեզ համար Շիրակ աշխարհ ստեղծել-պահում, այնպես և Սահյանի երգած Որոտանն է Սյունիք-Զանգեզուր աշխարհը ստեղծել. մարդիկ սա չե՞ն տեսնում։ Սպանդարյանցիներին ես Որոտանն էի ցույց տալիս… Էս ո՞նց են վարվում մայրական ստինքների հետ…

Սիսիանցի Հովիկ ու Ֆեդյա ընկերներին հավեսը ուրիշ հմայք է հաղորդում, գումարում-բազմապատկում… Հովհաննես Ալեքսանյանը նոր է ազատվել Սյունիքի մարզի կրթության վարչության պետի պաշտոնից, վերադարձել իր Սիսիան, իր դպրոցն ու Սպանդարյան գյուղի տնով-այգով-տնամերձով, տեսեք, ինչ հավեսով է շարունակում զբաղվել… Ի՜նչ հավեսով պատմում է, որքա՜ն հետաքրքիր, թարմ է իր դիտարկումներում, որքա՜ն գրավիչ անմիջական շփման մեջ… իր քնքուշ կնոջ՝ մայրենիի ուսուցիչ Գոհարի հետ ներդաշնակ. որքա՜ն սահյանական հովվերգություն պարգևեցին երկու ընկեր, իրենց զույգերով, մի իրիկվա մեջ… Իսկ մեր արշավը Ուխտասար դժվար թե կայանար առանց նրանց կոնկրետ-հավեսով աջակցության… Ես խոստացա ու անպայման սիրով առաջիկայում, որևէ կազմով, կքայլեմ Հովհաննեսի հետ Որոտանի եզերքով. ես քեզ, վստահ եմ, հավեսի մանկավարժության իմ ընկեր, հեշտ բաց թողնողը չեմ։ Հին Ծղուկը՝ Բորիսովկան, որ հարևան Բազարչայի՝ այսօրվա Գորայքի հետ հավե՞րժ ննջում է Սպանդարյանի ջրամբարի տակ անցած Որոտանի եզերքին, իմ Որոտանի, իմ մանկության զիլ ձայների ու գույների աշխարհ-եզերքում, իբրև Բլեյան Գեորգիի գյուղում մնացած ժառանգներին՝ Վաղարշ, Արամ, Մհեր Բլեյանների ընտանիքները հանած, կապի-հավեսի ուրիշ տեղ չի տալիս… Գերեզման, ուր հանգչում են իմ ավագ եղբոր բիձա Եգոր Բլեյանը (նրան ես չեմ տեսել), Եգորի լեգենդար որդի իմ բիձա Գեորգին, որ 1930-ականներին Լանջաղբյուրից փախավ-փրկվեց ու Որոտանի եզերքին ինչպիսի՜ շիվեր դրեց՝ վեց որդի ու մի աղջիկ…

Երեք աքսորական-փախստական Բլեյանների ժառանգների ներկայացուցչական հավաք-ուխտի մասին է իմ պատումը՝ բիձա Գեորգիի, ստալինյան աքսորից-ճամբարից հրաշքով կենդանի մնացած, իր մի ոտքով իր կյանքը փրկած-մեզ կյանք տված, Լանջաղբյուրից Երևան գաղթած Բլեյան Շամխալի ու իր հայր Արամի մնացած քոչի, 30-ական թվականներին Լանջաղբյուրից ո՞ր ճանապարհով Նախիջևան հասած Մուշեղի… . Մուշեղի ժառանգները պաշտպանվել-դարձել-գրվում են Բալոյաններ, ու մեր ուխտին ներկայացել են Ամալյա-Մուշեղ հավեսով քույր-եղբայրով: Այսպիսի հավաքները ցեղասպանություն-գաղթ-աքսոր-տեղահանություն վերապրածների՝ իրար գտնելու, նոր ուխտով իրար կապվելու հավես է, ու գլխավորը, լսեք՝ մեկ՝ Բլեյան ազգանունով-ուժով նորից ներկայանալու երիտասարդական հարթակ… Ահա ինչու, ինձ համար այնքա՜ն կարևոր էր, որ Ծղուկից մինչև Ուխտասար դժվարին ճանապարհից չհրաժարվեցին Բլեյան-Բալոյան-Թադևոսյանները… Ուխտն ի կատար եղավ, կիսեցինք Վաղարշի հացը, բիձա Գեորգիի Ծղուկի ժառանգների ջերմ ընդունելությունը, բայց ուտուշ-խմուշի չտրվեցինք…

Շարունակեմ պատկերներ-ձայներ-գույներ-տպավորություններ՝ Որոտան-Ծղուկի շարքը… Մենք քայլեցինք գյուղով դեպի 1980-ի «ջրհեղեղից» փրկված բարձունք, հին ու նոր Ծղուկի գերեզմանոց, երկու նշանավոր բիձեքի՝ Եգորի ու Գեորգիի, նրանց հանգուցյալ ժառագների շիրիմների մոտ նստոտեցինք զրույցի…

Ամեն առավոտ հուշերս նորից
Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն,
Ուր իմ մանկության ոտնատեղերից
Անձրևաջուր է խմում եղջերուն։
Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։
Հ. Սահյան

Ու բիձա Գեորգիի արժանի զավակ Յուրիկը պատմեց իր լեգենդը հոր մասին… ոչինչ էական բաց չթողեց՝ ցույց տալով բիձու և արջի հանդիպման վայրը. հսկա արջի հետ նրա հանդիպումը իրական է, անկասկած, Գեորգիին ճանաչող յուրաքանչյուրի համար… Ինձ համար… նա մանկության, Որոտան-Բազարչայի եզերքին փռված Բորիսովկայի գունեղ-ձայեղ աշխարհի հսկան է, իմ տեսած ամենազարմանալի կենդանի արարածը՝ Մարդ Աստծոն… որ գրկեց ինձ, երբ ես 6-7 տարեկան էի, մեր Դավթի չափ, Որոտան-Բազարչայի ափին, բարձրացրեց-բարձրացրեց, վե՜ր-շա՜տ վեր… Ու նրա աչքերի անհուն բարությունն եմ հիշում, նրա բամբ ձայնը.
– Իմ Շամխալի փոքր տղա…
Առանց այդ ուժի ես իմ վախը հաղթահարողը չէի…

Այդպիսի մի հանդիպում էլ ունեցել եմ Նախիջևանում, երբ «Պոբեդա» մեքենայից իջնելիս ինձ գրկել է Բլեյան Մուշեղը, այսօրվա Բալոյանների նշանավոր նախաստեղծը, ու իր ճամփին հանդիպող բոլորին՝ հայ թե ադրբեջանցի, հպարտ-զարմացած-հիացած ցույց էր տալիս իր Շամխալ եղբոր փոքր տղային… Իմ գրպանները խցկած նողուլ-կոնֆետ-մրգերն եմ հիշում, ինձ ձեռքից ձեռք փոխանցողների ուրախությունն ու արևախանձ դեմքերը… Արաքսի ափին՝ Նախիջևանում…

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ իր հարթակով, իմ նախապատվություններից է… Ափսո՜ս, որ Երեւան-Սիսիան-Գորիս ճանապարհին քչերն են դադար առնում. ճամփի վերջին կտորն է վատ, աղբյուր չկա, աղբաման, զուգարան… Այսպիսի՞ վերաբերմունք Արենիի նման գյուղում, Մոմիկի հայտնի, եզակի, «կռասավեց» եկեղեցու նկատմամբ… Ինչո՞ւ, հարցնում եմ… Մենք, Ծղուկ-Ուխտասարի ճամփին հանդիսավոր դադար ենք առնում. Շուշոն երգում է, մենք աղոթում ենք միասին … Բլեենք հայ առաքելական եկեղեցու հետեւորդ են եղել-կան… Մոլեռանդությունը-ձևականությունը խորթ է Բլեենց․ ինչպես իմ հայրն էր ասում.
– Շա՜ն տղա, իմ հոր հավատքն է, չկպնես…
Լեզուն, եկեղեցին, ավանդույթը, պատմությունը… ազգականը, միով բանիվ՝ հայրենին-մայրենին, փոխանցում են, ժառանգվում … Մնացածը անհատականացումը չէ՞…

Այս մասին ենք մենք զրուցում, հաստատում Արենիի եկեղեցում, բարձունք-հուշարձանին, որտեղից ափի մեջ Արփայի կանչող հովիտն է, դեպի Արաքս գնացող մարդամոտ Արփայով… Ափսո՜ս, որ կիրճով մեկ ամենատարբեր անուններով ուտուշ-խմուշի օբյեկտները պատնեշ են դառնում գետի ու անցվոր մարդու միջեւ… Մեր գետերը մեր օրորն են, օրորոցը մեր, եզերքը բնական հիացումի-մտահոգության, աշխատանքի մշտական ​​վայրը ու իմ գրի-պատումի անբաժան ընկերը…

Ես հովվերգության երգիչ չեմ, ոչ էլ դրա ընթերցողը… Չեմ կարող տրվել դրան… Տիգրան Ջերջյանը Մոնակոյից, 1999-2001թթ. իմ բանտարկումի շրջանի-ազատաբերության տոկուն բարեկամը, ոգեւորված է Բլեենց նոր սերնդի հավաքականությունից…
– Ի՜նչ լավ ես որպես նոր առաջնորդ ընկել ու տանում առջեւից…
Ես գործից-հանգամանքներից փախչողը չեմ, սոսկ միջոցառումների, դրանց ուղեկից գովքի տրվող չեմ… Միասին, Բլեենց նոր սերնդին ճանաչելով, Բլեենց սկզբունքները ձեւակերպելով-հաստատելով, իրար օգտակար լինելով, ճանապարհ է, անցնում ենք։

Լուծելի են եւ օրակարգում Բլեենց ծննդավայր Լանջաղբյուրում մատուռի վերականգնման, գյուղում ստալինյան զոհերի հիշատակի հավերժացման, Բլեենց ծագման մասին տեսաֆիլմի, բլոգի ստեղծման… հարցերը, ամենամյա ուխտագնացություն-ճամփորդությունները… Ու սկսել եմ ավելի կոնկրետ զբաղվել դեպի հին Բայազետ մերոնց առաջիկա ուղևորությամբ։

Կա հարց, որ ավա՜ղ, միայն Լանջաղբյուր-Ծղուկինը չէ՝ հայոց գյուղի-շենի, նրանով անցնող գետի, գետի ու նրա եզերքի, բնակավայրի այսօրվա վիճակի, նրա ապագայի… Եվ այստեղ գտնվող հարազատներդ, որ հենց իրենց շենում չեն տեսնում իրենց ապագան … Ու ազգիդ վիճակը, Ամուլսարի ճակատագրի նման, ծանրանում է սրտիդ …

Աշոտ Տիգրանյանի հրամցմամբ ստալինյան բռնարարքների յոթ փաստերը ամբողջական են դարձնում 1937-ի արարքը՝ մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություններից մեկը։ Դրան անմիջապես նախորդող-հաջորդող տարիների պատմությունը՝ մի ընտանիք-գերդաստանի պատմության օրինակով, սովետական աշխարհի կորած-մոլորած անկյուններից մեկում՝ Լանջաղբյուրում, եզով-սայլով-գութանով, հողագործությամբ, անասնապահությամբ ու … մանկավարժությամբ ապրող-աճող Բլեենց։ Արամ-Եգոր Բլեյան եղբայրների ու իրենց տղաների ճակատագիրը, նրանց տղաների՝ ինքնապահպանությանը-ապրելուն ուղղված գործողությունները…

Արամին (1873 թ․ ծնված) ու իր ավագ որդի Շամխալբեկին (ծնված 1900 թ․) աքսորեցին Սիբիր։ Արամին, ճանապարհին գնդակահարել են… Հրազդանի շրջանում ուսուցիչ աշխատող Զալիբեկ և Լանջաղբյուրի ռանչպար Սարիբեկ եղբայրները՝ իմ հորեղբայրները, 1941թ․ զորակոչվեցին խորհրդային բանակ ու չվերադարձան… համալրեցին 2-րդ համաշխարհային պատերազմի անհայտ հարյուր հազար զոհերի շարքերը… Բալաբեկ հորեղբայրս (ծնված 1920թ․) իր ուսուցչությամբ մեծ չափով փրկեց իր եղբայրների կանանց, երեխաների կյանքը, մինչև պատերազմի ավարտը, մինչև Շամխալի վերադարձը… ուշքի գալը… Պատկերացնո՞ւմ եք իմ մորը՝ Արտաշամին, Արաքսյա, Բաբկեն հարսներին՝ յուրաքանչյուրը երկուական մանուկներով… Բիձա Գեորգիի (ծնված 1898թ․)՝ Եգորի ավագ որդու, Լանջաղբյուրից Սիսիանի Ծղուկ գյուղ ներքին գաղթի-ինքնաքսորի մասին պատմել եմ, աչքի անցկացրեք իմ 114115-րդ գրերը։ Այս ամենը ես չէի պարտադրի ընթերցողին, չէի բերի իմ գիր, բայց դրանք հայրենապատում են, մեր նորագույն շրջանի պատմության անմիջական արձագանքներ-վավերագրեր…

Թադևոսը մեր «հզոր իշխան Պետրոսի» որդին է, իմ Արամ պապի ու Բլեյան Եգորի հայրը… Եվ բնական է, պատահում է այսպես, և ոչ միայն Բլեենց մոտ… Թադևոսյան ազգանունով են հանդես եկել-գալիս իմ հորեղբայր Զալիբեկի տղաները, տղաների տղաները… Թադևոսյան են իմ հոր հորեղբայր Եգորի որդի Սարգիսը՝ բիձա Գեորգիի եղբայրը, սեբաստացի շա՜տ Թադևոսյաններ, այդ թվում՝ 2017-2018 ուստարում Արևմուտքի դպրոցի 6 տարեկանների «Իմացումի հրճվանք» ծրագիրը ղեկավարող Աշխենը, որ մեր հավաք-ուխտագնացություններում ամենաբլեյանն է…

Եգոր Բլեյանի Սարգիս որդին (1914թ․) 7 ամյա կրթությամբ, ամուսնանում է հարևան Սարուխան գյուղից Աշխենի հետ 1940թ․, ու ուրիշ ի՞նչ աներ, հայտնվում են Երևանում՝ առանց կապերի, գործի, կալանավորման-աքսորի մշտական վտանգի ուղեկցությամբ։ Մենակ Երևանում, առանց մասնագիտության, ունեցվածքի, միշտ արժանապատիվ-անձայն-կիրթ, միշտ կոկիկ, միշտ ուշադիր, Շամխալ, Բալաբեկ, Գեորգի Բլեյանների կողքին, խոնարհ, ու այս նկարագրով՝ ազդեցիկ… Եվ խիզախումը տեսեք. ունեցած ավագ որդուն աքսորից հետո իր ընդմիշտ անբաժան Աշխենի հետ լրացնում են երեք որդով ու աղջկանով։

Ես, Բլեյանների մեր սերունդը կրել ենք Սարգիս Բլեյանի՝ անպայման դրական ներկայության ազդեցությունը ու շնորհակալ ենք միշտ… Մեր Աշխեն Թադևոսյանը երեկ ուրախությամբ պատմում էր, որ իր ձեռքին են Սարգիս պապի՝ իր պատմության ձեռագիր տետրերը… Ես շինարարների հետ էի, ու աչքերս լցվեցին, կոկորդումս ձայնը լռվեց, զարմանալի բան է հոր ու որդու կապը, երբ Աշխենը հեռախոսով կարդաց, թե ինչպես են Երևանի երկաթուղային կայարանում 1953-ին ողջագուրվել սիբիրյան աքսորից վերադարձած Սարգիսն ու Շամխալբեկը… Պատկերացնո՞ւմ եք, Արթիկում հայտնված, ժողկրթությամբ զբաղված Սարգսին, 1941-ին զորակոչում են բանակ, իսկ պատերազմից հետո՝ Սիբիր… ողջ մնալու համա՞ր…

Ամոթ է, չթույլատրված անփութություն մեր ընտանեկան կյանքի անվավեր վիճակը։ Ու մենք մեր ձեռքի տակ եղած գրավոր-թղթային-լուսանկարային պատառիկներից, գումարած մեր հիշողությունները, Բլեենց բլոգում կհավաքենք, փաստ, վավերագրություն կդարձնենք մեր՝ Բլեենց միասնական ընտանիքի պատմությունը՝ հայ ժողովրդի նորագույն պատմությունը մի ընտանիքի օրինակով սկսած, 1828-1830-ից՝ Հին Բայազետի գաղթից… Նոր Բայազետի հիմնումով, առաջին համաշխարհայինով, սովետով, կուլակաթափության-սովի-աքսորի-ստալինյան բռնարարքների, երկրորդ համաշխարհային պատերազմի, էլի աքսորի ու մաքառումի շրջաններով…

Իմ հայրը՝ Բլեյան Շամխալբեկը, երբեք ազգակցական կապը չէր ճշտում, որքան էլ Ստեփան եղբայրս, ես, հետևողական էինք լինում․
– Մեր էսինչն է, կամ՝ մեր էսինչի տղան…
– Թող էլի մերը լինի, շա՜տ մերը, բայց չիմանա՞նք, թե մեզ ի՛նչ է գալիս,- համառում էր Ստեփանը։
– Շա՛ն տղա, ուրիշ գործ չունե՞ս…

Տաթև ու Գայանե Բլեյանները մեր ավագ եղբայր Լյովա Թադևոսյանից հետո նորից, այդ հիմքի վրա, այս անգամ Բլեենց միասնական՝ բոլոր Բլեյանների տոհմածառն են գրանցում` ծննդյան թվերով, մշտական բնակության վայրերով, հաղորդակցությամբ… Իսկական տեղեկատու նաև… Իմ ուրախությունը մեծ էր. մեր ուխտին Ուխտասարի այնքա՜ն վստահ ներկայացան Թադևոսյանների, Եգորյանների, Բալոյանների նոր խմբեր։

«Հայրիկստան է տունը մեր».- արձագանքում է, այսպես բնորոշում վիճակը Դավիթը Բլեյան, երբ երեկ հանկարծ հայտնի է դառնում, որ օրվա վերջին՝ 6-7-ի արանքում, մեզ են այցելելու Տաթոն՝ Վահանով-Արևիկով, Լիլիթը՝ Սոնայով, Շուշանն իհարկե, Սուսան Հովհաննիսյանը՝ Նազենի կրտսերով… Դավթից ուրախն էլ կա, Արմինեն՝ հայրիկստանի տանտիրուհի-մայրիկը, «տատիկը», քույրիկը… նոր ուսումնական տարում Սոնայի մայրենիի ուսուցիչը… Ես՝ շանթահար, օրվա մեջ լիցք կա՞ր էլեկտրական, որ պարպվել էր իմ մեջ, և 8-ին արդեն անկողինը իմ հանգրվանը եղավ… Փրկությո՜ւն… Չորսն է առտու՝ ես կա՛մ, իմ բանին-գործին, օրվա հետ, իմ գրով…

Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է մեկ տարեկան դարձող Վահանը չոչ անում, իսկական քոթոթ արջի պես, արջուկի պես չանչով-թաթով խաղողի գիլան պոկում-ուտում-թափում-ճմլում, ինչպես է իր բաժակով ջուր խմում, իրեն ջուր անում-թրջում, ինչպես է տկլորանում, ճերմակ-փափուկ, արջի պես գռմռում-վախեցնում, Տաթևի հրահանգները կատարում… բոլորը։ Պարզ է, հայրիկստանում-այլուր, որտեղ արջ մայրիկն իր քոթոթի հետ հայտնվում է, նրա շուրջն են…

Բոլորի ուրախությունն է մեկ տարեկան դարձող արջուկը, ում պատրաստվում է Սամվել հայրիկը կարգով կնքել նաև… Իհարկե՛։ Տեսնես ոգևորված հայրիկը կգա՞, իր ավագին՝ Աշոտ պապիկին կհարցնի՞, թե ոնց, երբ անենք, որտեղ անենք, որ նշանավոր պապի (էս մեկն ունի) ճաշակով լինի…

 

(12) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>