1

«Ունենալու ենք ապուշ հասարակություն, եթե վերջին կոպեկը շարունակենք տալ զուբրիտին»

«Մի կողմից հանրակրթության մասին օրենքով մենք հայտարարում ենք ստեղծականությունը, կարողությունների լիարժեք դրսևորումը, դրանց ինքնիրացումը որպես պետական քաղաքականության նպատակ, մյուս կողմից էլ՝ պետության կողմից կազմակերպվող այդ միասնական կոչվող քննություններով, որովհետև ԳԹԿ-ն կառավարությանը պատկանող ստորաբաժանում է, պարտադրում են ծնողներին ռեպետիտորության և դպրոցական տարիների զուբրիտի համար վերջին կոպեկը տալ, որ իրենց երեխան ընդունվի բուհ։

Այսօրվա քննությունների թեստերը, բոլոր առարկաների թեստերի մասին է խոսքը՝ առանց բացառության, թե՛ դպրոցական, թե՛ բուհի միասնական, դրանք բոլորը զուբրիտի վրա հիմնված բաներ են, և հեռավոր առնչություն ունեն աշակերտի մտածողության, ստեղծական կարողությունների հետ։ Այդ շտեմարաններից եկող թեստային առաջադրանքները ոչ միայն վտանգավոր, այլև վաղուց ավելորդ բաներ են, հասկանալի չէ , թե դրանք ում համար են, ինչի համար են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ խոսելով արդեն իսկ մեկնարկած միասնական քննությունների ու դիմորդների՝ դրանց պատրաստված լինելու մասին։

Այս համատեքստում վերջինս նկատում է, որ երկու կարևոր քայլ պետք է պետական մակարդակով կատարվի, որոնք, սակայն, համառորեն չեն անում՝ հանել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հնարավորությունը, ինչպես նաև Աշոտ Բլեյանի խոսքերով՝ «վտանգավոր դարձած միասնական քննությունները», որպեսզի յուրաքանչյուր ցանկացող կարողանա բուհ ընդունվել, իսկ արդեն առաջին կիսամյակում ցուցաբերած առաջադիմությամբ կարգավորել տվյալ ուսանողի հետագա ուսումնառության հարցը։

«Տղաների պարագայում պետք է հանել տարկետման իրավունքը։ Այդ 20 բալերը, որ ստանում են, ես վստահ եմ, որ դրանց կեսից ավելին պատահական մարդիկ չեն, այսինքն՝ էն գլխից էլ պարզ էր, որ նրանք պետք է տարկետում ունենան՝ բանակում չծառայելու համար։ Այդ «օրինական խողովակը» ստեղծվել է, որպեսզի նախօրոք հայտնի դիմորդների մի խումբ կարողանան տարկետում վերցնել բակալավրիատից, հետո մագիստրատուրայից, հետո ասպիրանտուրայից, ընդ որում, անվճար են չէ՞ սովորում, ու ապահովված ընտանիքների տղաներ են, ուրեմն համ բանակում չեն ծառայում, համ էլ ուսման վարձ չեն վճարում։ Հետո էլ ԶԼՄ-ները գրում են, որ այս կամ այն մարդը դարձավ քաղաքապետ, պատգամավոր կամ նախարար, բայց նա բանակում չի ծառայել, է հա, որովհետև օրենքով դրված է ու ինքն այդ օրենքով չի ծառայել։ Դրա համար սկզբից հենց սա է պետք վերացնել։ Ասում ենք չէ, հիմա այսքան մարդ 20 բալ է ստացել, բայց հարց է ծագում՝ իսկ ովքե՞ր են այդ 20 ստացողները, իսկ ինչպե՞ս են նրանք այդ 20-ը ստացել, չէ որ նրանց պարագայում այդ 20 ստանալը գիտելիքի հետ հեչ կապ չունի։

Այս տեսքով քննություններն անիմաստ են ու վտանգավոր։ Ոչ մի համալսարանում այսօր մրցույթ չկա, բոլոր մասնագիտությունների համար բավականին թափուր տեղեր կան, իսկ այդ պարագայում ո՞ւմ է պետք այդ քննությունը։ Մարդն ուզում է վճարել և գնալ սովորել, ուրեմն թող գա սովորի, բուհն էլ թող գնահատի նրա կարողությունները, սովորելու ձգտումը, մի կիսամյակում այդ ամենը կերևա չէ՞: Այսինքն՝ բուհում այդ մասնագիտական ուսուցմանը պետք է խիստ ուշադրություն դարձնել, դա թողած՝ ընկել են բալերի ու չգիտեմ ինչ քննությունների հետևից»,-ասաց նա։
Հարկ ենք համարում նշել, որ ըստ հրապարակված տվյալների՝ օրինակ, մաթեմատիկա առարկայի միասնական քննությունների արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չեն։ Մասնավորապես՝ միջին միավորը կազմել է 11.5, անբավարար գնահատական է ստացել դիմորդների 11.8 տոկոսը, առավելագույն 20 միավոր վաստակել է 40 հոգի: Այս առարկայից քննություն հանձնելու համար դիմում-հայտ է ներկայացրել 4 հազար 408 դիմորդ:
Այս համատեքստում կրթահամալիրի տնօրենը շեշտեց․
«Այդ քննություններն իրական գիտելիքի, ասել է թե կարողության, ստեղծականության հետ կապ չունեն, դա ապուշացնելու հետ կապ ունի, որովհետև միայն դրան է նպաստում, ուրիշ ոչինչ։ Ծնողները վերջին կոպեկը տալիս են, որ անգիր անեն թեստերը, որ հետո էլ ձյունը մաքրող աղի պես շպրտվի դուրս, ոտքի կոխան լինի։ Զուբրիտի վրա ծախսված գումարն անիմաստ է, դա ժամանակ է մսխում, էներգիա ու փող է տանում, պետությանը ի՞նչ օգուտ դրանից: Որ ոլորտում է կարողանալու դպրոցի, բուհի շրջանավարտն աշխատանք գտնել կամ երկիր զարգացնել, առողջ հասարակություն ձևավորել, չէ որ իրենց այդ զուբրիտ արածն էլ կարճաժամկետ է, մի քանի ամիս հետո դա էլ են մոռանում։ Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այս քննությունները գոնե առաջիկա տասը տարիների համար ավելորդ են»։

Ստեղծված իրավիճակում Աշոտ Բլեյանը գերխնդիր է համարում սովորողի ուսուցման համար հնարավոր բարենպաստ պայմանների ստեղծումը, առավել նպաստավոր միջավայրի ապահովումը, ոչ թե քննության կազմակերպումը։

«Մինչև սա Հայաստանում չլինի, կրթական համակարգի բարելավում մի սպասեք։ Պետությունը պարտավոր է դա ապահովել, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի խնայի մարդու ջանքերը, միջոցները, խելքը, որոնք մարդուն, սովորողին պատկանող կապիտալն են: Այսպիսով, իր ունեցածով ներդրում կատարի իր կրթության մեջ: Այս միասնական քննությունների սթրեսով հո չի, որն այսօրվա տեսքով ոտնձգություն է մարդու արժանապատվության և առողջության դեմ»,-եզրափակեց նա։

Աղբյուրը՝ 1in.am

(19) դիտում

Մեկ կարծիք «Ունենալու ենք ապուշ հասարակություն, եթե վերջին կոպեկը շարունակենք տալ զուբրիտին» նյութին

  • Գևորգ Հակոբյան  գրում է:

    Մտածողության օրգանը խեղելը շատ ավելի հեշտ է, քան մարդու ցանկացած այլ օրգան, իսկ բուժելը շատ դժվար է: Իսկ ավելի ուշ՝ ընդհանրապես անհնար է: Խեղելը հեշտ է «անբնական» «վարժությունների» համակարգով: Եվ ուղեղն ու միտքը այդպես փչացնելու «ամենավստահելի» միջոցներից մեկը գիտելիքի ձևական սերտումն է: Հենց այսպես են արտադրվում «հիմար» մարդիկ, այսինքն՝ դատելու բթացած կարողություններով մարդիկ: Մարդիկ, որ չեն կարողանում իրենց սովորած ընդհանուր գիտելիքները գրագետ կերպով հարադրել իրականության հետ և այդ պատճառով էլ հայտնվում են անհարմար վիճակներում:
    «Սերտելը», որ ամրացվում է անվերջանալի «կրկնություններով» (դա պետք էր անվանել ոչ թե ուսման մայրը, այլ խորթ մայրը), ուղեղը և միտքը խեղում է այնքան ավելի հաստատ, որքան, չնայած զարմանալի է, այդ ընթացքում յուրացվող ճշմարտությունները ինքնին ավելի արդարացի և «խելացի» են: Հարցն այն է, որ հիմար և անմիտ գաղափարը երեխայի գլխից կմաքրի նրա սեփական փորձը. նման գաղափարի բախումը փաստերին կստիպի կասկածել, համադրել, հարցնել «ինչո՞ւ» և ընդհանրապես «ուղեղը շարժել»: «Բացարձակ» ճշմարտությունը երբեք նման հնարավորություն չի ստեղծի: Բոլոր տեսակի բացարձակություններին հակացուցված է որևէ «շարժում». դրանք անշարժ են և ծարավի միայն իրենց «անսխալականության» նորանոր «հաստատումների»: Այդ պատճառով էլ առանց հասկանալու անգիր արված «բացարձակ ճշմարտությունը» ուղեղի համար դառնում է նույնը, ինչ ռելսը գնացքի համար, կամ աչքակալը (դրվում է ձիու աչքերի կողքերին, որ ձին այս ու այն կողմ չնայի) աշխատող ձիու համար: Ուղեղը վարժվում է միայն տրորված (ուրիշ ուղեղների կողմից) ճանապարհներով գնալու: Իրենցից աջ կամ ձախ գտնվող ոչինչ նրանց այլևս չի հետաքրքրում: Մնացածին նա ուղղակի ուշադրություն չի դարձնում՝ համարելով «ոչ էական» և «անհետաքրքիր»: Հենց սա նկատի ուներ գերմանացի մեծ գրող Բ. Բրեխտը՝ ասելով, որ «մարդը, ում համար ինքնին հասկանալի է, որ երկու անգամ երկուսը չորս է, երբեք մեծ մաթեմատիկոս չի դառնա»…

    Հատված Է. Իլյենկովի «Դպրոցը պետք է մտածել սովորեցնի» հոդվածից:

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>