0

Ամառային ճամփորդությունը՝ մեր նազելի բնակարան…

Անշտապ ճամփորդ որ ասում են, լսեցի՞ք, հիմա ես եմ, իմ մասին են ասել․․․ Քույր Էմմայենց, Գարիկ փեսա պարտիզպանի խնամված Օհանավանի տան, Երևան-Գյումրի խճուղու Արագածոտնի մարզի հատվածի այս քարե մուտք-ցուցանակի մոտով քանի՜ անգամ եմ անցել, չեմ կանգնել․ ամեն անգամ ասել եմ՝ հետո, բայց ոչ այս անգամ․․․ Երեկ, կիրակի օրով, Ստեփան եղբոր ուղեկցությամբ, մեր երկու ընտանիքներով, իհարկե, կանգնեցինք․․․
– Կայանեցինք,- նոր բառն է հետևողական յուրացնում Դավիթ Բլեյանը․․․
Ցուցանակ, հուշարձանին մոտ բլրակ կա, առաջացած քարափ, ու մենք, սկզբում՝ ես մենակ, հետո միացան ինձ հինգով, որպես ճամփորդներ անցանք քարքարուտով-դաշտով ծաղիկների մինչև բարձունքը բլրակի․․․ Արագածը քառագագաթ, Արայի լեռը, որին Դավիթը, ինչպես Հրազդանին, կապվել է․․․ ի՜նչ տեսարան է, ո՞ւր, ինչո՞ւ ես շտապում, ի՜նչ ծաղկոցներ-լուծումներ թմբային-քարոտ-քարակերտ․․․

Ժամեր հետո Տաթև աղջկաս կազմակերպական աջակցությամբ ես կժողվեմ տասնյակից ավելի սեբաստացիների Բլեյան-Թադևոսյան-Հովհաննիսյան, ու Առնոլդ-Աստղիկի շուրջ խմբված մի ջոկատով ճամփորդական կքայլենք Օհանավանով, կզննենք գյուղը, մարդկանց, ապրուստը, ջրանցքը-աղբյուրները-առուները, ճամփի կարմիր-դեղին հասած կեռասների համտեսով՝ դեպի Քասաղի կիրճ, Օհանավանք, աղոթքով, հոպար-քեռի-պապ-տնօրենի անշտապ հայրենագիտությամբ․․․ Ժամեր․․․

Մինչ այդ Վահանին տարել եմ իմ սիրած թթենին, թթենուց ներքև անցնող քչքչան առուն, Վահանի ծանրամարտիկի  հայտնի ոտքերը մինչև տուտուզ հանձնել առվին․․․ Թող առվի ջրի ընթացքին հակառակ քայլի․․․ Մի տասն ամսական տղուկ ու անընդհատ ավելացող հարազատներ՝ բոլորիս ուշքը առ Վահան, ում բոլորս կարոտում ենք, որքան էլ Տաթևը մոբիլ է, Նազենի Հովհաննիսյան-Սոֆի Մխեյան աստղային զույգով․․․ Դավիթ Բլեյան, Մարկ Սիմոնյան, մի փունջ հարսներ․․․

Օհանավանում…

Հիմա ինձ համար կարևոր էլ չէ՝ որտեղ եմ․ տան-Բանգլադեշի սովոր ճամփեքով, դեպի Սարի թաղ՝ հարսի հետևից թափորի պաշտոնական գլխի վիճակում, թե կրթամշակութային ներխուժումով Ջավախք հայ-վրացական հանրակրթական կամուրջներով, Բավրա անցակետով՝ մուտքի, Բոլնիսով՝ վերադարձի ճամփեքին․․․ անշտապ, մանրամասն, որպես 8-րդ հերթական հրաշալիք հայտնագործող, նոր մի բան գտնող-զննող-ներկայացնող․․․ Քանի՜ անգամ Հին Նորքի ճամփով, Հանրային հեռուստատեսության դիմացի փողոցով դեպի Էրեբունի-կայարան անցած կլինեմ, ու Հանդիպման (հայտնի վստրեչի) կամրջի այս դիտակետը նվաճելը-տեսնելը բաց եմ թողել․․․ Ո՛չ հիմա․ հարսանքավորի շտապելը ո՞րն է, մեր հարս Վարդիկն ու Գարիկը՝ իրենց որոշումով-բախտով-կյանքով․․․ Ի՜նչ դիտարան է, այսպիսի Արարատ որտեղի՞ց եմ տեսել, չեմ տեսել․․․ Ի՜նչ հետաքրքիր էր Տիգրան Հակոբյանի հետ բլուրը մեզանով անելը, Գևորգն էլ միացավ․․․ Սցենարը փոխվեր․ Գարիկի հարսին առած, խնամիներով, հարսանքավորով ետ գայինք, այս նվաճված բլուրի վրա մեխվեինք, հարս-փեսայի շուրջ մի պարերգ-շորոր բռնեինք, կդառնար անմոռուկ հարսանիք․․․

Իսկ Գարիկ Հակոբյանը կեցցե․ Սեդրակ Հակոբյանի-Անահիտ մայրիկի հիմնած նշանավոր այս բակը (հայաթը իմ սիրած, որտեղ անցել է իմ կյանքը սկսած 1972-ից, պատմել եմ), Գևորգ Հակոբյանի, Ազգուշի, նրանց սեբաստացի ժառանգների սեբաստացիական մի բնակավայր, ծերացել է, ավա՜ղ․․․ 21-րդ դարում ծնված երեխաները այս բակի հիմա ԱՄՆ, ՌԴ բնակիչներ են․․․ Եվ որքա՜ն հասուն Հակոբյաններ մի բակում․ Հակոբ-Աղունի երեսունն անցած Սեդրակն ու Արմենը, Գևորգ-Մարինեի 30-ին ընդհուպ մոտեցող Տիգրանն ու Անահիտը, սիրելի ծույլեր, ու Գարիկը՝ իր ելքով․․․ Վարդիկի հետ, թող որ վարձով, բայց իրենց ինքնուրույն կյանքով․․․ մի ճամփորդություն է՝ որոնումներով-գյուտերով. ճամփա են բացում, որ բակում իրարանցում լինի-սկսվի, դուրսուներս-երթևեկ լինի՝ ծնունդներով-նոր ելքերով։ Կեցցե՜ս, Գարիկ։

Դավիթ Բլեյանի հետ ցանկացած ճամփա կարող ես գնալ՝ հարսանիքի, մեկօրյա, բազմօրյա․․․ դիմացներս քանի՜ գետ-լիճ-բարձունք-գագաթ ու մարդու հայտնագործություն․․․ Ամառը սրա համար չի՞ ստեղծված. Երևանում, երևանամերձ, Հայաստանում ու նրանից դուրս, բոլոր ուղղություններով ծավալվող ճամփորդումի շրջանն այս լիուլի օգտագործեք, բաց մի՛ թողեք ձեր օրը, փոխեք այն։ Մեթո՞դը. ես ասացի՝ մի՛ շտապեք, հետոյի մի թողեք, նվաճեք-զննեք հիմա․․․

Սելֆիաշար Արևիկ Տատինցյանի հետ…

Չլողացած ջուր՝ գետի, առվի, չռիկի, ավազանի, լճի, ծովի, օվկիանոսի․․․ աղբյուրի, չնվաճած գագաթ՝ բլրակի, բլրի, քարափի, սարի, չթողնելու, բնակավայր բաց չթողնելու մեր խոստումն ընթացքի մեջ է։ Եվ հասկանալի է, թե ինչ կարևորությամբ ենք պատրաստվում Մարիամ Բլեյանի-Լիլիթ Թադևոսյանի նախաձեռնած ուխտագնացությանը․․․ Մինչ այդ, իհարկե, փնջային հավաքներ կլինեն, և առաջինը՝ Եղվարդում, որ վստահ եմ՝ կնախաձեռնի ֆիզիկոս-հետազոտողի ճամփով ինքնուրույն-վստահորեն անցնող Յուրա Բլեյանը, որ հիմա Սլավոնականի մագիստրատուրայում է, իր «Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» մասնագիտությամբ․․․ Մեր հայրական ամառանոցը ինչո՞ւ չի կարող դառնալ գիտահետազոտական-ուսումնական հավաքների կենտրոն, նաև ուսանողական․․․ Ինչո՞ւ Յուրայի շուրջ չսկսեն հավաքվել ուսումնատենչ Բլեյանները․․․

Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1074 

(214) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>